ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «29» մարտի 1994թ. Հ.Ն-1027-I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությանը, հասարակայնությանը մատուցած ակնառու և բացառիկ ծառայությունները նշելու համար հիմնվում են պետական պարգևներ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, Հայաստանի Հանրապետության շքանշաններ և մեդալներ:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները հիմնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհում, Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության նախագահը` դրանց վերաբերյալ հրապարակելով հրամանագրեր:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման, շքանշանների և մեդալների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է օրենքներ, որոնք սահմանում են պարգևատրման կարգը, պետական պարգևները կրելու կանոնները:
Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների նկարագրությունները և նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ըստ իր կողմից անցկացված մրցույթի արդյունքների:
Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, ստեղծագործական միությունների, գիտական ընկերությունների հասարակական կազմակերպությունների և այլ հաստատությունների հիմնած շքանշանների և մեդալների նմուշները չպետք է արտաքին նմանություն ունենան Հայաստանի Հանրապետության պետական պարգևների հետ:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
(5-րդ հոդվածը փոփ. 20.05.02 ՀՕ-353-Ն, խմբ. 22.10.03 ՀՕ-20-Ն)
Հոդված 6
. Հայաստանի Հանրապետության Նախագահը չի կարող պարգևատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:(6-րդ հոդվածը խմբ. 06.07.00 ՀՕ-75)
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության պետական պարգևի տեսակը որոշվում է պարգևատրվողի անձի ծառայությունների բնույթին ու կարևորությանը համապատասխան:
Պարգևատրված անձանց նոր ծառայությունները կարող են կրկին նշվել պետական պարգևով: Նույնանուն պետական պարգևով մեկից ավելի պարգևատրում չի կատարվում, բացառությամբ այն շքանշանների, որոնք ունեն աստիճաններ:
Շքանշանի նույն աստիճանը մեկից ավելի անգամ չի տրվում:
Հոդված 8. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրումը կատարվում է նաև հետմահու:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգային հերոս» կոչումն է:
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության շքանշաններն են`
Հայրենիքի շքանշանը (հանձնվում է միայն «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց),
Մարտական խաչ շքանշանը` 1-ին աստիճանի և 2-րդ աստիճանի,
Պատվո շքանշանը,
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը
«Տիգրան Մեծ» շքանշանը,
«Վարդան Մամիկոնյան» շքանշանը:
(10-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-75, 20.05.02 ՀՕ-353-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ
Հոդված 11. Հայաստանի Հանրապետության մեդալներն են`
Արիության մեդալը,
Մարտական ծառայության մեդալը,
Մխիթար Գոշի մեդալը,
Մխիթար Հերացու մեդալը,
Անանիա Շիրակացու մեդալը,
Մովսես Խորենացու մեդալը:
Գ Լ ՈՒ Խ 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից:
Նշված մարմիններում միջնորդություն հարուցելու մասին ստացված առաջարկությունների քննարկման և ամփոփման կարգը սահմանում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները հանձնում են Հայաստանի Հանրապետության նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության փոխնախագահը, վարչապետը, նախարարները և գերատեսչությունների ղեկավարները:
Զինծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական պարգևները, որպես կանոն, հանձնվում են զորամասերում:
Հոդված 14. Պարգևատրված անձին Հայաստանի Հանրապետության պետական պարգևի հետ միասին հանձնվում է համապատասխան վկայական: Պետական պարգևների վկայականների նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 15. Հետմահու պարգևատրման դեպքում պետական պարգևը վկայականի հետ միասին հանձնվում է պարգևատրվածի ընտանիքին:
Գ Լ ՈՒ Խ 7
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների արժանացած անձինք ունեն դրանք մշտապես կրելու իրավունք և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են արտոնություններից:
Պարգևատրված անձինք պարտավոր են խնամքով պահպանել Հայաստանի Հանրապետության պետական պարգևները:
Հոդված 17. Պարգևատրված անձի մահվան դեպքում պետական պարգևները և դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ` հանձնվել թանգարաններին: Պետական պարգևները թանգարաններին են հանձնվում Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գիտությամբ:
Եթե պարգևատրված անձը չունի ժառանգներ, նրա մահվանից հետո պետական պարգևները և դրանց վկայականները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ:
Հոդված 18. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները, դրանց վկայականները կորցնելու դեպքում պարգևատրված անձինք պահպանում են իրենց իրավունքները:
Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների կորստի դեպքում, որպես կանոն, կրկնօրինակներ չեն տրվում:
Հայաստանի Հանրապետության շքանշանների և մեդալների կրկնօրինակները տրվում են այն դեպքում, եթե դրանք կորցվել են մարտական պայմաններում, տարերային աղետի հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ պետական պարգևները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:
Պետական պարգևների կրկնօրինակներ տալու միջնորդությունը հարուցվում է պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից, որոնք ուսումնասիրություններից հետո իրենց միջնորդությունը պարգևատրված անձի դիմումի, պետական պարգևների կորստի մասին համապատասխան տեղեկանքի հետ միասին ներկայացնում են Հայաստանի Հանրապետության նախագահին:
Կորցրած պետական պարգևների և դրանց վկայականների կրկնօրինակները պարգևատրված անձանց հանձնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Գ Լ ՈՒ Խ 8
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 19. Արգելվում է այնպիսի նշանների, հուշադրամների և կրծքանշանների պատրաստումը, որոնք ունեն արտաքին նմանություններ Հայաստանի Հանրապետության շքանշանների ու մեդալների հետ:
Հոդված 20. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների նկատմամբ ապօրինի գործողությունները առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
22 ապրիլի 1994 թ. ՀՕ-95 |