ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0105/02/23 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0105/02/23 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի սեպտեմբերի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար Վազգեն Մնացականյանի (այսուհետ՝ Հաշտարար) և Լուսինե Հակոբյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.01.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) դիմումի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 29.03.2023 թվականի թիվ 15-1586/23 որոշումը։
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 06.07.2023 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.01.2024 թվականի որոշմամբ Հաշտարարի և Լուսինե Հակոբյանի բերած վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 06.07.2023 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Հաշտարարը և Լուսինե Հակոբյանը (ներկայացուցիչ Լիանա Բրսոյան)։
Վճռաբեկ բողոքների պատասխան է ներկայացրել Բանկը։
2. Հաշտարարի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 2-րդ մասը, 11-րդ ու 13-րդ հոդվածները, 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, 379-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը, սխալ է մեկնաբանել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի 31.08.2020 թվականի թիվ 11/20 որոշմամբ հաստատված՝ «Պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոնների» 107-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը դատական ակտի հրապարակման օրվա մասին իր ծանուցված չլինելը համարել է գործի ելքի վրա ազդեցություն չունեցող դատական սխալ, մինչդեռ անտեսել է, որ պատշաճ ծանուցված չլինելու մասին խախտումը դատական ակտի պարտադիր բեկանման հիմք է, որը բացառում է այդ խախտումը ձևական դիտարկելու հնարավորությունը։
Սույն գործով վիճարկվել է Հաշտարարի 29.03.2023 թվականի թիվ 15-1586/23 որոշումը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի սահմաններից, իրավական գնահատական է տվել 15․02․2022 թվականի թիվ 15-691/22 որոշմանը՝ անտեսելով, որ թիվ ԱՎԴ2/1028/02/22 քաղաքացիական գործով նշված որոշումը չեղյալ ճանաչելու դիմողի պահանջն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով մերժվել է, ուստի որոշումը մնացել է պարտադիր։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ 13-032/02/15 գործով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015 թվականի վճռով սահմանված պարտավորությունն օրենքի ուժով դադարած համարվելու պայմաններում Բանկի կողմից այն կատարելու պահանջից զրկված լինելու փաստն անվիճելի է, քանի որ 15․02․2022 թվականի թիվ 15-691/22 որոշմամբ ինքը նշել է, որ հաճախորդի պարտավորությունները Բանկի նկատմամբ դադարել են, քանի որ Բանկը Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015 թվականի վճիռն օրենքով սահմանված ժամկետում կատարման չի ներկայացրել՝ զրկվելով դրանով սահմանված պարտավորության կատարումը հաճախորդից պահանջելու հնարավորությունից։ Արդյունքում խախտվել են դատական ակտի վերջնական և պարտադիր լինելու պահանջները։
Վերաքննիչ դատարանը գնահատման է արժանացրել այն հարցը, թե արդյո՞ք կարող է պարտավորությունը դադարած համարվել այն դեպքում, երբ պահանջատերը բաց է թողել այն հարկադիր կատարման ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետը, մինչդեռ դուրս է եկել վերաքննության սահմաններից, քանի որ այդպիսի փաստական կամ իրավական հիմք բողոքներում առկա չի եղել։
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքի բոլոր հիմքերին, մասնավորապես՝ տնօրինչականության սկզբունքի խախտմանը, ինչպես նաև գործի վարույթը կասեցնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքի առկայության պայմաններում այն չկասեցնելու կապակցությամբ Դատարանին վերագրված խախտումներին։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով վիճարկվող որոշմամբ ինքը ոչ թե հղում է կատարել բողոքարկվող դատական ակտի բովանդակությանը, այլ վկայակոչել է իր կողմից նախկինում կայացրած թիվ 15-691/22 որոշումը։ Թեև սույն գործով վիճարկվող որոշումը կայացնելիս դատական կարգով վիճարկվել է թիվ 15-691/22 որոշումը, այդուհանդերձ ինքը կարող էր հղում կատարել այդ որոշմանը, քանի որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դառնում հաճախորդի կողմից այդ որոշմանը համաձայնելու պահից, և քանի դեռ առկա չէ որոշումը չեղյալ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, առկա չէ նաև պարտադիր դարձած որոշումը հիմք չընդունելու որևէ իրավական արգելք։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.01.2024 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ դիմումը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Լուսինե Հակոբյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 63-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը և 13-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետն ու 423-րդ հոդվածի 1-ին կետը, մինչև 01.04.2018 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և 379-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԱՎԴ2/1028/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում հաստատվել է Բանկի հանդեպ ունեցած պարտավորության բացակայության փաստը, ինչն իրավաչափորեն արձանագրվել է նաև Հաշտարարի թիվ 15-691/22 որոշմամբ։ Այսինքն՝ թիվ ԱՎԴ2/1028/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում նախադատելի է այն փաստը, որ թիվ 13-032/02/15 գործով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի վճռից բխող պարտավորությունները Բանկի և իր միջև դադարել են՝ Բանկի կողմից անգործություն ցուցաբերված լինելու պատճառաբանությամբ, ուստի Բանկն իրավասու չէր իր հաշվից գումար ելքագրել։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկն իրավասու չէր Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015 թվականի վճռի հիման վրա 12.01.2023 թվականին սեփական նախաձեռնությամբ իր հաշվից գումար ելքագրել, քանի որ տվյալ վճռից բխող պարտավորությունները դադարել են գոյություն ունենալ Բանկի կողմից վճռի հարկադիր կատարման՝ օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետը բաց թողնելու պատճառաբանությամբ:
Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով 22.07.2016 թվականին, թիվ ԼԴ/1160/02/17 քաղաքացիական գործով 07.08.2020 թվականին և թիվ ԵԴ/27154/02/18 քաղաքացիական գործով 30.12.2021 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով արձանագրված իրավական մեկնաբանություններից շեղվելը։
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքում նշված իր այն հիմնավորմանը, որ Դատարանում առկա է եղել սույն գործի վարույթը կասեցնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.01.2024 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ դիմումը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2․2 Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքներն անհիմն են և ենթակա են մերժման հետևյալ պատճառաբանությամբ։
Հաշտարարը թիվ 15-1586/23 որոշման հիմքում դրել է թիվ 15-691/22 որոշմամբ հաստատված փաստեր, որոնք դեռևս չունեն իրավական և ապացուցողական ուժ, քանի որ այդ որոշումն իր կողմից թիվ ԱՎԴ2/1028/02/22 քաղաքացիական գործով դատական կարգով վիճարկվում է, հետևաբար դեռևս անվիճելի չէ այն փաստը, որ Լուսինե Հակոբյանի պարտավորություններն իր նկատմամբ դադարել են։
Անձի լսված լինելու իրավունքը չի կարող նույնացվել Հաշտարարի որոշումը վիճարկող դատական վարույթում վերջինիս կողմից իր որոշման իրավաչափության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորության հետ, հակառակ դեպքում ստեղծվում է Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջների շրջանակում վիճարկվող որոշման հիմքերը և պատճառաբանությունները լրացուցիչ մեկնաբանելու անհրաժեշտություն, ինչն իմաստազրկում է Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ որպես վեճի արտադատական, այլընտրանքային լուծման մեխանիզմի նշանակությունը, իսկ հատուկ վարույթը կրում է ձևական բնույթ։
Բացի այդ, չի խախտվել Հաշտարարի լսված լինելու իրավունքը, քանի որ վերջինս թեև հավասարեցվում է դիմումի քննության ելքով շահագրգռված անձի կարգավիճակ ունեցող անձի հետ, այնուամենայնիվ իր դատավարական իրավունքներն իրացրել է դատական ակտը բողոքարկելու միջոցով։ Ընդ որում, Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վարույթում օրենսդիրը չի նախատեսել կողմերից որևէ մեկի մասնակցությամբ վեճի քննություն, բացառությամբ այն դեպքերի, երբ առաջանում է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն։
Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշման շրջանակներում քննության առարկա է դարձրել Դատարանի պատճառաբանությունների իրավաչափությունը, հիմնվել է ստորադաս դատարանում ներկայացված ապացույցների վրա և միմյանց հետ համադրելով վերաքննիչ բողոքների հիմքերն ու հիմնավորումները՝ կայացրել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ։
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) թիվ 13-032/02/15 գործով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանը 19.03.2015 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով Լուսինե Հակոբյանից հօգուտ Բանկի բռնագանձել է 553.590,1 ՀՀ դրամ, ինչպես նաև 537.251,80 ՀՀ դրամ վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել է տոկոսներ՝ սկսած 02.02.2015 թվականից մինչև պարտավորության կատարման օրը՝ պայմանագրի 6.2. կետով նախատեսված տարեկան 30 տոկոսի չափով (հիմք՝ թիվ ԱՎԴ2/1028/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2023 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշում, դատական իշխանության պաշտոնական կայք).
2) Հաշտարարը 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշմամբ Բանկին պարտավորեցրել է Լուսինե Հակոբյանի հետ 21.06.2013 թվականին կնքված վարկային պայմանագրից բխող և թիվ 13-032/02/15 գործով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015 թվականի վճռով սահմանված պարտքի գումարը չպահանջել հաճախորդից, ինչպես նաև դիմել «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանն ու Կենտրոնական բանկի վարկային ռեգիստր՝ Լուսինե Հակոբյանի վարկային տեղեկատվության մեջ «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված վարկային զեկույցում նշված՝ Բանկի հետ 21.06.2013 թվականին կնքված վարկային պայմանագրով (վարկի գումարը՝ 1.262.000 ՀՀ դրամ) վարկի վերաբերյալ տվյալները վարկային զեկույցից հեռացնելու համար (հիմք՝ թիվ ԱՎԴ2/1028/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2023 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշում, դատական իշխանության պաշտոնական կայք).
3) Լուսինե Հակոբյանը 28.09.2023 թվականին Վերաքննիչ դատարան ներկայացրած դիմումին կցել է թիվ ԱՎԴ2/1028/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 06.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, համաձայն որի՝
«դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշումը»,
«Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2022 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է»,
«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2023 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.11.2022 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 06.09.2023 թվականի որոշմամբ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 30-32, 40-43).
4) 29.03.2023 թվականի թիվ 15-1586/23 որոշմամբ Հաշտարարը նշել է, որ «(…) 12.01.2023թ. թիվ 2474502696800000 հաշվից ելքագրվել են դրամական միջոցներ ընդհանուր առմամբ 114.267,10 ՀՀ դրամի չափով, իսկ որպես գործարքի նպատակ՝ նշվել է մասնակի մարում։ Հաճախորդը Հաշտարարին ներկայացված դիմումով, ինչպես նաև Բանկը Հաշտարարին ներկայացված թիվ 610-1492 գրությամբ ընդունել են այն հանգամանքը, որ Հաճախորդի քարտային հաշվին առկա 100,267.10 ՀՀ դրամ գումարը և խնայողական հաշվին առկա 14,000 ՀՀ դրամ գումարը 12.01.2023թ.-ին ուղղվել են վարկի մարմանը»։
Որոշմամբ արձանագրվել է նաև, որ «15.02.2022թ.-ին կայացված թիվ 15-691/22 որոշմամբ Հաշտարարն արդեն իսկ հաստատել է, որ հաճախորդի պարտավորությունները բանկի նկատմամբ համարվել են դադարած։ (…) Բանկը չի ներկայացրել ապացույցներ Հաճախորդի՝ Բանկի հանդեպ ունեցած այլ դրամային պարտավորությունների առկայության վերաբերյալ։ Ստացվում է, որ Հաճախորդը փաստացի պարտավորություն չունի Բանկի նկատմամբ, ուստի Բանկի մոտ բացակայում է Կանոններով և Պայմաններով սահմանված Հաճախորդի հաշիվներից անակցեպտ գանձումներ իրականացնելու հիմքը, մասնավորապես՝ Բանկի հանդեպ Հաճախորդի ժամկետանց պարտավորության առկայությունը»։
Արդյունքում՝ Հաշտարարը որոշել է Լուսինե Հակոբյանի՝ Բանկի դեմ ուղղված 13.01.2023 թվականի թիվ 7-15/23 պահանջը բավարարել 114.267,1 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 23-28).
5) Լուսինե Հակոբյանի՝ որպես պատվիրատուի, և անհատ ձեռնարկատեր Լիանա Բրսոյանի՝ որպես կատարողի, միջև 17.08.2023 թվականին կնքված «Իրավաբանական-փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ» թիվ ԼԲ-1771-ԼՀ/23 պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1․1 կետի համաձայն՝ կատարողը պարտավորվել է թիվ ԱՎԴ2/0105/02/23 քաղաքացիական գործով (այսուհետ՝ «Դատական գործ») պատվիրատուին մատուցել նույն պայմանագրի 1․2 կետում նշված ծառայությունները (այսուհետ՝ «Ծառայություններ»), իսկ պատվիրատուն պարտավորվել է պայմանագրով նախատեսված ժամկետներում և կարգով վճարել այդ ծառայությունների համար։
Նույն պայմանագրի 1.2. կետի «գ» ենթակետի համաձայն՝ ծառայություններն իրենց մեջ ներառում են Դատական գործի վարման համար անհրաժեշտ դատավարական փաստաթղթեր կազմելը։
Նույն պայմանագրի 3.1. կետի համաձայն՝ պայմանագրի գինը ձևավորվում է հետևյալ կերպ.
- ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում Ծառայությունների մատուցման դիմաց պատվիրատուն պարտավորվում է վճարել 300.000 ՀՀ դրամ (…),
- ՀՀ վճռաբեկ դատարանում Ծառայությունների մատուցման դիմաց պատվիրատուն պարտավորվում է վճարել 200.000 ՀՀ դրամ (…) (հատոր 2-րդ, գ.թ. 37-39):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 63-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում անդրադառնալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությանը` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…):
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի վճռով վերահաստատել է իր այն դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվող՝ դատարանի առջև արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որով, ի թիվս այլնի, ամրագրված է, որ իրավունքի գերակայությունը պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մի մասն է: Իրավունքի գերակայության հիմնարար կողմերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որով պահանջվում է, inter alia, որ երբ դատարանները որևէ հարցի վերաբերյալ կայացնում են վերջնական որոշում, այդ որոշումը չպետք է կասկածի տակ դրվի: Իրավական որոշակիությունը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է՝ վճիռները վերջնական լինելու սկզբունքի պահպանում (ի թիվս այլնի, տե՛ս Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով (թիվ 22343/08 գանգատ) Եվրոպական դատարանի 03.03.2016 թվականի վճիռը, կետ 33, Իրինա Ֆեդոտովան ընդդեմ Ռուսաստանի գործով (թիվ 1752/02 գանգատ) Եվրոպական դատարանի 19.01.2007 թվականի վճիռը, կետ 21, Նեդջեթ Շահինը և Պերիհան Շահինն ընդդեմ Թուրքիայի գործով (թիվ 13279/05 գանգատ) Եվրոպական դատարանի 20.10.2011 թվականի վճիռը, կետ 57, Fundatia Bucovina Mission inc.-ն ու Fundatia Bucovina Bucuresti-ն ընդդեմ Ռումինիայի գործով (թիվ 1231/04 գանգատ) Եվրոպական դատարանի 25.09.2012 թվականի վճիռը, կետ 11)։
Եվրոպական դատարանն իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում նշել է, որ մրցակցող դատական որոշումների առկայությունը կարող է առաջացնել իրավական անորոշության վիճակ, որը կարող է նվազեցնել հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ, մինչդեռ այդ վստահությունը, միանշանակորեն, իրավունքի գերակայության վրա հիմնված պետության էական տարրերից մեկն է (տե՛ս, օրինակ, Sine Tsaggarakis A.E.E.-ն ընդդեմ Հունաստանի գործով (թիվ 17257/13 գանգատ) Եվրոպական դատարանի 23.05.2019 թվականի վճիռը, կետ 48)։ Իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է, որ կողմը, հիմնվելով դատարանի կողմից նախորդ գործով բարձրացված հարցով արված գնահատականի վրա, որը բարձրացվում է նաև տվյալ գործով, կարող է օրինական սպասում ունենալ առ այն, որ դատարանը կհետևի իր նախորդ կարգավորմանը, եթե միայն չկան հիմնավոր հանգամանքներ այդ կարգավորումից շեղվելու համար (տե՛ս Siegle-ն ընդդեմ Ռումինիայի գործով (թիվ 23456/04 գանգատ) Եվրոպական դատարանի 16.07.2013 թվականի վճիռը, կետ 38, Rozalia Avram-ն ընդդեմ Ռումինիայի գործով (թիվ 19037/07 գանգատ) Եվրոպական դատարանի 16.12.2014 թվականի վճիռը, կետ 42)։
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) 18.03.2016 թվականին ընդունած «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ»-ում(1)1 Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում որպես իրավունքի գերակայության գնահատման չափանիշ դիտարկվում է նաև իրավական որոշակիությունը, որի դրսևորումներից է res judicata սկզբունքը: Այս սկզբունքը ենթադրում է, որ պետք է հարգել վերջնական դատողությունները, եթե առկա չեն դրանք վերանայելու հիմնավոր պատճառներ (կետ 63):
Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» (ընդունված՝ 2011 թվականի մարտի 25-26-ին)(2)2 46-րդ կետը սահմանում է, որ իրավական որոշակիությունը պահանջում է հարգել res judicata սկզբունքը, համաձայն որի՝ ներպետական դատարանների վերջնական դատական ակտերը չպետք է կասկածի տակ դրվեն:
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ իրավական որոշակիությունն իրավական անվտանգության կարևոր բաղադրիչ է, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նաև վստահությունը հանրային իշխանության և նրա հաստատությունների նկատմամբ (տե՛ս Սահմանադրական դատարանի 26.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1586 որոշումը)։ Միջազգային իրավունքում հայտնի սկզբունքը՝ «Դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» (res jսdicata), ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը որպես իրավական որոշակիության արդյունք ենթակա է հարգանքի (տե՛ս Սահմանադրական դատարանի 27.05.2008 թվականի թիվ ՍԴՈ-754 որոշումը)։
Սահմանադրական դատարանը միաժամանակ հավելել է, որ իրավական պետության սահմանադրաիրավական հայեցակարգից և դրանից ածանցվող իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքից ուղղակիորեն բխում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի նկատմամբ վստահելիության կամ այլ կերպ ասած` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ճշմարտացիության կանխավարկածը (տե՛ս Սահմանադրական դատարանի 04.07.2023 թվականի թիվ ՍԴՈ-1693 որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է նաև, որ իրավական որոշակիության սկզբունքն ըստ էության երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելիություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշը ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք ու քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս Անժելա և Նունե Հարությունյաններն ընդդեմ Բեգլար Մկրտումյանի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանը վերահաստատում է, որ իրավական որոշակիության սկզբունքի առանցքային տարրերից մեկը դատական ակտերի կայունության կամ res judicata սկզբունքն է, որի ցանկացած խախտում հանգեցնում է իրավական որոշակիության խաթարման և ազդում իրավունքի գերակայության սկզբունքի վրա։ Res judicata սկզբունքի հիմքում ընկած է իրավական կարգադրագրերի կայունության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի անփոփոխելիության և համընդհանուր պարտադիրության գաղափարը, որով, ի թիվս այլնի, ապահովվում է դատարանների հեղինակությունն ու վստահությունը դատական իշխանության նկատմամբ։ Իրավական պետության հայեցակարգից և դրանից ածանցվող իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքից բխում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի նկատմամբ վստահության, այլ կերպ ասած` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ճշմարտացիության կանխավարկածը, ինչից էլ բխում է ներպետական դատարանների վերջնական դատողությունները հարգելու ու դրանք կասկածի տակ չդնելու կանոնը։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը ենթադրում է հարգանք դատական իշխանության հեղինակության նկատմամբ, ինչպես նաև դրանով հաստատված հանգամանքների անհերքելիություն, երբ բացառվում է նույն փաստերի հակասական գնահատումը, որը կարող է անորոշություն առաջացնել և դիտարկվել որպես իրավական որոշակիության ու իրավունքի գերակայության սկզբունքների խախտում։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Հաշտարարը 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշմամբ Բանկին նաև պարտավորեցրել է Լուսինե Հակոբյանի հետ 21.06.2013 թվականին կնքված վարկային պայմանագրից բխող և թիվ 13-032/02/15 գործով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015 թվականի վճռով սահմանված պարտքի գումարը չպահանջել հաճախորդից:
Թիվ ԱՎԴ2/1028/02/22 քաղաքացիական գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2022 թվականի որոշմամբ Բանկի դիմումը՝ Հաշտարարի 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2023 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2022 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 06.09.2023 թվականի որոշմամբ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Տվյալ դեպքում Հաշտարարի 29.03.2023 թվականի թիվ 15-1586/23 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին Բանկի դիմումը Դատարանը 06.07.2023 թվականի որոշմամբ բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «Հաշտարարի կողմից 29.03.2023 թվականին կայացրած թիվ 15-1586/23 որոշման հիմքում, մասնավորապես՝ պարտավորության բացակայությունը հիմնավորել է իր կողմից նույն անձանց միջև նախկինում կայացրած և կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-691/22 որոշմամբ, որը բանկի կողմից դատական կարգով դեռևս վիճարկման փուլում էր, հետևաբար այդ որոշումը որևէ իրավական ուժ չէր կարող ունենալ, իսկ որոշմամբ հաստատված փաստերը՝ ապացուցողական ուժ»։
Նշված որոշման դեմ Լուսինե Հակոբյանի բերած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը 12.01.2024 թվականի որոշմամբ մերժել է՝ պատճառաբանելով, որ «հաշտարարը պարտավորեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին հաճախորդից չպահանջել ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015թ. վճռով բռնագանձված գումարը։ Ի հիմնավորումն այդ եզրահանգման՝ հաշտարարը նշել է, որ բանկն օրենքով սահմանված ժամկետում կատարման չներկայացնելով ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015թ. վճիռը, ինքն իրեն զրկել է դրանով սահմանված պարտավորության կատարումը հաճախորդից պահանջելու իրավական հնարավորությունից։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ գլուխը նվիրված է արբիտրաժի վճիռների հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթին։ Այսինքն՝ արբիտրաժի վճռի հիման վրա ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրվում է կատարողական թերթ, և վճիռն ի կատար է ածվում այդ ձևով։ Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետների և կարգի հարցերը սահմանված են օրենքով։ Սահմանված է նաև կատարողական թերթ ստանալու բաց թողնված ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն։ Հետևաբար, սոսկ այն փաստը, որ պահանջատերն օրենքով սահմանված ժամկետում վճիռը կամ դրա հիման վրա կատարողական թերթը չի ներկայացրել հարկադիր կատարման՝ դրանով իսկ զրկվելով այդ գումարը հարկադիր կարգով պահանջելու իրավունքից, և այդ հիմքով վճռով սահմանված պարտավորությունը դադարած համարելը չի կարող իրավաչափ համարվել, քանի որ նախ, օրինական ուժի մեջ մտած վճիռը պարտադիր է դրա հասցեատերերի համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն: Բացի այդ, վճռով սահմանված պարտավորությունը դադարած ճանաչելը նշանակում է վճռի վերանայում։ Մինչդեռ, վճռի և դրա հիման վրա տրված կատարողական թերթի կատարման կարգը, ժամկետները, պայմանները և կատարելիության հատկանիշները, ինչպես նաև չկատարման պայմանները սահմանված են օրենքով։ Ասվածը չի նշանակում, որ վճիռը պարտադիր պետք է կատարվի, սակայն այն կարող է կատարման չներկայացվել բացառապես օրենքով սահմանված հիմքերով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով։ Տվյալ դեպքում պարտավորության բացակայության մասին հաշտարարի որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով, և հաշտարարի կողմից քննարկման առարկա որոշումը կայացնելու պահին այն դեռևս գտնվում էր վիճարկման փուլում, ուստի հաշտարարն առհասարակ չէր կարող հաճախորդի հաշվից բանկի գանձած գումարը հետ պահանջել՝ հղում կատարելով բողոքարկվող դատական ակտի բովանդակությանը, քանի որ դա իրավաչափ չէ»։
Հաշտարարի վերաքննիչ բողոքի կապակցությամբ արձանագրելով, որ «հաշտարարը զրկված է եղել իր դիրքորոշումը Դատարանին ներկայացնելու իրական հնարավորությունից»՝ Վերաքննիչ դատարանն այդուհանդերձ նշել է, որ «Լուսինե Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում արդեն իսկ անդրադարձ է կատարվել բողոքարկված դատական ակտի հիմքում Դատարանի դրած պատճառաբանությունների իրավաչափությանը և արդյունքում հետևություն է կատարվել, որ որոշումը հիմնավոր է», իսկ «հաշտարարն ըստ էության նույնանման խախտումներ է վերագրել Դատարանին, ինչի կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արդեն իսկ հայտնել է իր դիքրորոշումը՝ դրանք գտնելով անհիմն, բողոք բերող հաշտարարը գործի ելքի վրա ազդեցություն ունեցող հիմնավոր պնդումներ իր բողոքում չի նշել, ուստի դատական ակտի բեկանումը տվյալ դեպքում կկրի ձևական բնույթ և կհանգեցնի ավելորդ ռեսուրսների վատնման, քանի որ բողոքում նշված փաստարկներին անդրադառնալու և դրանք անհիմն գտնելու պայմաններում ապահովվել է նաև հաշտարարի լսված լինելու իրավունքը»։
Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերից բխում է, որ վիճարկվող՝ Հաշտարարի 29.03.2023 թվականի թիվ 15-1586/23 որոշման կայացման հիմքում դրվել են Հաշտարարի կայացրած մեկ այլ՝ 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշմամբ հաստատված հանգամանքները և դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումները։ Ընդ որում, Հաշտարարի 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշման իրավաչափությունը հաստատվել է դատական կարգով՝ թիվ ԱՎԴ2/1028/02/22 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործով որոշում կայացնելու օրվա՝ 12.01.2024 թվականի դրությամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ԱՎԴ2/1028/02/22 քաղաքացիական գործով ոչ միայն կայացրել է որոշում՝ 16.05.2023 թվականին, այլ նաև այդ որոշումը մտել էր օրինական ուժի մեջ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից 06.09.2023 թվականին դրա դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելու հիմքով, որի օրինակը, ընդ որում, Լուսինե Հակոբյանի կողմից 28.09.2023 թվականին ներկայացվել է Վերաքննիչ դատարան։
Վերոգրյալի համատեքստում արձանագրելով, որ Հաշտարարի 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշման, այդ թվում նաև՝ Բանկի համար սահմանված պահանջների իրավաչափությունը հաստատվել է դատական կարգով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված որոշմամբ Հաշտարարը Բանկին պարտավորեցրել է Լուսինե Հակոբյանից չպահանջել 21.06.2013 թվականին կնքված վարկային պայմանագրից բխող և թիվ 13-032/02/15 գործով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015 թվականի վճռով սահմանված պարտքի գումարը, ինչպես նաև նույն պայմանագրից բխող վարկի (վարկի գումարը՝ 1.262.000 ՀՀ դրամ) վերաբերյալ տվյալները վարկային զեկույցից հեռացնելու համար դիմել «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանն ու Կենտրոնական բանկի վարկային ռեգիստր)։
Մինչդեռ Բանկը, խախտելով Հաշտարարի որոշմամբ սահմանված վերոշարադրյալ պահանջները, մասնավորապես՝ պարտքի գումարը հաճախորդից պահանջելու արգելքը, Լուսինե Հակոբյանի հաշվից ելքագրել է ընդհանուր առմամբ 114.267,1 ՀՀ դրամի չափով դրամական միջոցներ՝ դրանք ուղղելով վարկի մարմանը։
Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշումը չեղյալ ճանաչելու հարցը դրա հիմքում դրված՝ 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշման՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով իրավաչափ ճանաչված պահանջների կատարման համատեքստում գնահատելու փոխարեն անդրադարձել է Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի 19.03.2015 թվականի վճռով հաստատված վճարային պարտավորությունը դադարած համարելու հարցին՝ արձանագրելով Հաշտարարի եզրակացության ոչ իրավաչափ լինելը, մինչդեռ անտեսել է, որ նշված հանգամանքը դուրս է սույն գործի քննության շրջանակներից, քանի որ վերաբերում է ոչ թե վիճարկվող, այլ՝ Հաշտարարի մեկ այլ՝ 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշմանը, որի իրավաչափությունը թիվ ԱՎԴ2/1028/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, ուստի իրավունքի գերակայության ու իրավական որոշակիության սկզբունքներից ելնելով՝ վերստին քննության առարկա դառնալ չի կարող։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարկի մարման նպատակով Լուսինե Հակոբյանի հաշվից դրամական միջոցներ ելքագրելու Բանկի գործողությունն իրավաչափ չի կարող համարվել Հաշտարարի 15.02.2022 թվականի թիվ 15-691/22 որոշմամբ վերջինիս համար պարտքի գումարը Լուսինե Հակոբյանից չպահանջելու, ինչպես նաև վարկի վերաբերյալ տվյալները վարկային զեկույցից հեռացնելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու պահանջներ նախատեսված լինելու պայմաններում, և այս կապակցությամբ հիմնավորված են վճռաբեկ բողոքներում նշված փաստարկները։
Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հաշտարարի 29.03.2023 թվականի թիվ 15-1586/23 որոշման հիմքում դրված պատճառաբանությունները հիմնավորված են, և առկա չեն այն չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերը։
Վճռաբեկ բողոքների պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և 364-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 12.01.2024 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստաբանի ծախսը վճարում է նրան ներգրաված գործին մասնակցող անձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոնների համաձայն:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի բովանդակությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «զ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ բողոքներով բազային տուրքի 15-ապատիկի չափով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «զ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ բողոքներով բազային տուրքի 20-ապատիկի չափով։
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքները բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 12.01.2024 թվականի որոշումը բեկանվում և փոփոխվում է՝ դիմումը մերժվում է՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև ենթակա են բաշխման հետևյալ կերպ՝
դիմումի համար Ընկերության կողմից նախապես 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարված լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։
Հաշտարարը և Լուսինե Հակոբյանը ներկայացրել են վերաքննիչ բողոքներ Դատարանի 06.07.2023 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու մասին» որոշման դեմ, յուրաքանչյուրը վճարել է 15.000-ական ՀՀ դրամի չափով պետական տուրք, որպիսիք ենթակա են բռնագանձման Բանկից հօգուտ Հաշտարարի ու Լուսինե Հակոբյանի։
Վճռաբեկ բողոքներից յուրաքանչյուրի համար Հաշտարարը և Լուսինե Հակոբյանը նախապես վճարել են 20.000-ական ՀՀ դրամի չափով պետական տուրք, որպիսիք ենթակա են բռնագանձման Բանկից հօգուտ Հաշտարարի ու Լուսինե Հակոբյանի։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում առկա է նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բաշխման հարց։
Հիմք ընդունելով Լուսինե Հակոբյանի և անհատ ձեռնարկատեր Լիանա Բրսոյանի միջև կնքված պայմանագիրն ու պահանջվող փաստաբանական վճարի չափերը, առաջնորդվելով փաստաբանի վարձատրության գումարի փոխհատուցման չափը որոշելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմաններով՝ Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ Լիանա Բրսոյանը սույն գործի քննությանը ներգրավվել է Վերաքննիչ դատարանում, կազմել է վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, որպիսիք քննվել են գրավոր ընթացակարգով, ինչպես նաև վիճարկվող որոշումը վերաբերում է 114.267,1 ՀՀ դրամի չափով պահանջին, գտնում է, որ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների համար Լիանա Բրսոյանի խելամիտ վարձատրության գումարը կազմում է 50.000 ՀՀ դրամ, որը ենթակա է Բանկից բռնագանձման հօգուտ Լուսինե Հակոբյանի։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.01.2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության դիմումը՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, մերժել։
2. «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Ֆինանսական համակարգի հաշտարարի բռնագանձել 35.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված ու նախապես վճարված պետական տուրքի գումարներ:
3. «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Լուսինե Հակոբյանի բռնագանձել 35.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված ու նախապես վճարված պետական տուրքի գումարներ, և 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________
1 Հղումը՝ https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2016)007-e։
2 Հղումը՝ https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2011)003rev-e։
Նախագահող Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2024 թվական: