Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.03.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
24.03.2023
Дата вступления в силу
24.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0121/04/17

2023 թ.

Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0121/04/17

Նախագահող դատավոր

 Հ. Ենոքյան

Դատավորներ

 Ն. Մարգարյան

 Կ. Համբարձումյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Գ. Հակոբյան

 

զեկուցող

Տ. Պետրոսյան

   

Ա. Բարսեղյան

   

Ս. Միքայելյան

   

Է.  Սեդրակյան

 

2023 թվականի մարտի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի Գոհար Գևորգյանի՝ «Գլորիա-31» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն)՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2021 թվականի որոշման դեմ Գոհար Գևորգյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Գոհար Գևորգյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) 04.12.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 18.02.2021 թվականի որոշմամբ «Արման և Սուրեն» ՍՊԸ-ի դիմումը՝ Գոհար Գևորգյանի գրավի իրավունքը դադարեցնելու (դադարած ճանաչելու) և «Արման և Սուրեն» ՍՊԸ-ին պահանջատեր գրանցելու վերաբերյալ, բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.05.2021 թվականի որոշմամբ Գոհար Գևորգյանի, Արամ Բաղդասարյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանի և Ընկերության սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 18.02.2021 թվականի «Գոհար Ներսեսի Գևորգյանի գրավի իրավունքը դադարեցնելու (դադարած ճանաչելու) և «Արման և Սուրեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պահանջատեր գրանցելու վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոհար Գևորգյանը (ներկայացուցիչ Էդիկ Ոսկանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել «Արման և Սուրեն» ՍՊԸ-ն։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 152-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասը, Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10.4-րդ և 11-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պահանջի կամ պահանջի փոփոխության դեպքում դատարանը պետք է կառավարչին, պարտատիրոջը կամ պարտապանին հնարավորություն տա օրենքով սահմանված ժամկետում և կարգով ծանոթանալու փոփոխությանը և հայտնելու դրա վերաբերյալ իր դիրքորոշումը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Արման և Սուրեն» ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումը, որը չի ուղարկվել սնանկության վարույթի մասնակիցներին, Դատարանը քննել և կայացրել է որոշում առանց սահմանված ընթացակարգի պահպանման, զրկելով վերը նշված անձանց (պահանջատերեր, կառավարիչ), դիմումին ծանոթանալու և դրա դեմ առարկություն ներկայացնելու հնարավորությունից, այսինքն՝ անձի իրավունքների վերաբերյալ կայացվել է որոշում, սակայն անձը նույնիսկ կարծիք հայտնելու հնարավորություն չի ունեցել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում Դատարանի որոշմամբ Գոհար Գևորգյանի գրավի իրավունքը դադարեցվել է (դադարած է ճանաչվել), այսինքն՝ Գոհար Գևորգյանը սույն սնանկության գործի շրջանակներում կորցրել է իր կարգավիճակը, բայց որևէ կերպ չի կարողացել առարկություն և/կամ դիրքորոշում հայտնել այդ մասին:

Միաժամանակ, ելնելով այն հանգամանքից, որ սնանկության գործի շրջանակներում պարտատիրոջ փոփոխության պարագայում «Սնանկության մասին» ՀՀ օրենքը կառավարչին, պարտատիրոջը կամ պարտապանին հնարավորություն չի տալիս օրենքով սահմանված ժամկետում և կարգով ծանոթանալու փոփոխությանը և հայտնելու դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը և/կամ առարկությունը, անհրաժեշտ է կիրառել նույն օրենքի 1-ին հոդվածի դրույթները, այսինքն՝ սույն դեպքում պետք է առաջնորդվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ իրականում «Արման և Սուրեն» ՍՊԸ-ի կողմից ըստ էության միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ կոնկրետ պահանջով, հետևաբար գործի քննության հետ կապված տվյալ հարցով գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը պարտադիր պետք է լսվեր:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ եթե անգամ տվյալ դեպքում կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի դրույթները, ապա պետք է կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի անալոգիա («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասով) և պարտատիրոջ փոփոխության դեպքում էլ կիրառել նույն ընթացակարգը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում չեն կարող կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի դրույթները, քանի որ համապատասխան առանձնահատկությունները և դրույթներն արդեն իսկ սահմանված են «Սնանկության մասին» ՀՀ օրենքում, հետևաբար կիրառելի են հենց այդ դրույթներն ու առանձնահատկությունները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ պարտապանի նկատմամբ ունեցած երաշխավորի պահանջը հնարավոր է  բավարարել միայն որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետի հերթի պահանջ, այսինքն՝ երաշխավորի համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է պահանջի բավարարման հստակ հերթ, առանց այն շրջանցելու հնարավորության:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գրավը չէր կարող դադարած համարվել, քանի որ պահանջատեր-պարտապանը նույնանում են, պարտապան շարունակում է մնալ Ընկերությունը, ավելին՝ գրավատու «Արման և Սուրեն» ՍՊԸ-ն իրացրել է իր՝ որպես գրավատուի իրավունքը, հետևաբար նաև «Արման և Սուրեն» ՍՊԸ չի կարող հանդիսանալ պահանջատեր սույն սնանկության գործի շրջանակներում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ երաշխավոր հանդիսացող ընկերությունը կրում է համապարտ պատասխանատվություն, ինչը երևում է երաշխավորության պայմանագրից, և «Արման և Սուրեն» ՍՊԸ-ի կողմից պարտավորության կատարումը չի կարող հանգեցնել սնանկ ճանաչված ընկերության նկատմամբ «Արման և Սուրեն» ՍՊԸ-ի կատարած ամբողջ ծավալով պարտավորության որպես պահանջի գրանցման, քանի որ «Արման և Սուրեն» ՍՊԸ-ի հետադարձ պահանջի իրավունքը ենթակա է գրանցման ամբողջ ծավալով կատարված պարտավորության և «Արման և Սուրեն» ՍՊԸ-ի համապարտ պարտավորության տարբերության մասով։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 13.05.2021 թվականի որոշումը ու «Արման և Սուրեն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Տվյալ դեպքում պարտատերերի վերջնական ցուցակում գրանցված և Դատարանի կողմից Գոհար Գևորգյանի հաստատված պահանջի ծավալով Գոհար Գևորգյանի փոխարեն ներառվել է «Արման և Սուրեն» ՍՊԸ-ն, որը չի կարող դիտարկվել որպես նոր պահանջի ներկայացում կամ պահանջի փոփոխություն, քանի որ պահանջի ծավալում փոփոխություն չի եղել, գոյություն ունեցող պարտավորությունը չի դադարել, չի փոխվել, դրա մեջ նոր պայմաններ չեն ներառվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը սույն հարաբերություններում կիրառելի չէ, քանի որ այդ մասով կարգավորումներ կան նախատեսված «Սնանկության մասին» ՀՀ օրենքում:

Արդեն իսկ գրանցված պահանջի պահանջատիրոջ փոփոխությունը որևէ կերպ չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, քանի որ ներկայացված պահանջի մասով վերջիններս արդեն իսկ հայտնել են իրենց դիրքորոշումը, ուստի Դատարանը իրավաչափորեն դիմումը չի ուղարկել գործի մասնակիցներին, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ է:

Տվյալ դեպքում «Արման և Սուրեն» ՍՊԸ-ն կատարել է գլխավոր վարկային պայմանագրով, ենթավարկային պայմանագրերով և 09.10.2017 թվականի «Պահանջի իրավունքի զիջման» պայմանագրով Ընկերության պարտավորությունները` գումարը փոխանցելով նոտարի դեպոզիտ հաշվին, երաշխավորն իրավացիորեն առաջնորդվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի իրավակարգավորումներով` որպես երաշխավոր գումարը փոխանցելով նոտարի դեպոզիտ, ձեռք բերելով Գոհար Գևորգյանի իրավունքները նույն ծավալով և առաջնահերթությամբ, իսկ Դատարանն իրավաչափ կերպով կիրառելի չի համարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ կետերը:

Գոհար Գևորգյանի ներկայացրած պահանջն ապահովված է եղել անշարժ գույքերի գրավներով, երաշխավորն ունեցել է իրավաչափ ակնկալիք այն մասին, որ իր կողմից ձեռք բերվող պահանջն ապահովված է գրավով, երաշխավորը, կատարելով պարտատիրոջ պահանջը, ունեցել է լեգիտիմ ակնկալիք, որ ձեռք է բերելու ապահովված պահանջ:

«Արման և Սուրեն» ՍՊԸ-ի կողմից կատարված պարտավորությունը ենթադրել է վճարողի` որպես երաշխավորի կողմից պարտավորության կատարումը:

«Արման և Սուրեն» ՍՊԸ-ն բազմիցս փորձել է կապ հաստատել Ընկերության սնանկության կառավարչի հետ և կատարել վճարումը սնանկության հատուկ հաշվին, սակայն  վերջինս, ինչպես նաև պարտատերը, չեն պատասխանել դիմումներին:

Բացի այդ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքը դատավարական նորմեր սահմանող իրավական ակտ է և չի կարող նախատեսել գրավի իրավունքի դադարեցման հիմքեր:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք սնանկության գործի շրջանակներում դատարանը կարող է քննարկել գրավի իրավունքը դադարեցնելու (դադարած ճանաչելու) և սահմանափակումները վերացնելու վերաբերյալ դիմումն այն պարագայում, երբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ այն քննարկելու կարգ և դեպք:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

 «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ մինչև 15.04.2020 թվականը գործող իրավակարգավորման համաձայն՝ դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն՝ այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը (տե՛ս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը որևէ դրույթ չի սահմանում սնանկության գործի շրջանակներում գույքի նկատմամբ գրավի իրավունքը դադարեցնելու (դադարած ճանաչելու) և սահմանափակումները վերացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու, դատարանի կողմից այն լուծելու վերաբերյալ, ուստի նման պայմաններում ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ներքոնշյալ նորմերը:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի, որը ներառված է «Դատական նիստի ընդհանուր կանոնները» վերնագիրը կրող 15-րդ գլխում, 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունն ստորագրում է այն ներկայացնող գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած միջնորդությանը կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե այն գործում բացակայում է:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդրի կողմից սահմանված դատական նիստի ընդհանուր կանոնի համաձայն՝ դատարանը, որպես կանոն,  պարտավոր է գործին մասնակցող բոլոր անձանց հնարավորություն տալ դիրքորոշում հայտնելու գործի քննության հետ կապված բոլոր հարցերով գործին մասնակցող անձանց հարուցած միջնորդությունների վերաբերյալ։ Ավելին՝ օրենսդիրն այդ միջնորդությունների ներկայացման և լուծման առանձին կարգ է սահմանել ինչպես դատական նիստում, այնպես էլ՝ դատական նիստից դուրս ներկայացվածների համար։ Մասնավորապես՝ դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունների քննարկման համար սահմանված կարգի համաձայն՝ այն պետք է ստորագրված լինի ներկայացրած գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից, իսկ միջնորդությանը պետք է կցվեն այդ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացվեն այդ փաստաթղթերը գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա: Ընդ որում, այդ պահանջները չպահպանելու դեպքում օրենսդիրը դատարանին իրավունք է վերապահել չքննարկելու ներկայացված միջնորդությունը: Միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

 Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, սահմանելով պարտականություն միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կցելու միջնորդություն ներկայացնող անձի պարտականությունը, հետապնդել է մեկ հիմնական նպատակ՝ ապահովելու գործին մասնակցող անձանց մրցակցության սկզբունքի իրականացումը և երաշխավորելու միջնորդությունը՝ գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու և դրա բովանդակությանը ծանոթանալու դատավարական իրավունքի լիարժեք իրականացումը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ «Արման և Սուրեն» ՍՊԸ, նպատակ ունենալով անշարժ գույքի նկատմամբ դադարած ճանաչելու Գոհար Գևորգյանի գրավի իրավունքը, դատական նիստից դուրս դիմում է ներկայացրել Դատարան՝ պահանջելով դադարեցնել (դադարած ճանաչել) ՀՀ, քաղաք Երևան, Բագրատունյաց 19 շենքի թիվ 55 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Գոհար Գևորգյանի գրավի իրավունքը և դադարեցնել (դադարած ճանաչել) ՀՀ, քաղաք Երևան, Բագրատունյաց 19 շենքի թիվ 55 հասցեի անշարժ գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ կիրառված արգելանքները և/կամ այլ սահմանափակումները (հավելված, հատոր 1-ին, գ. թ. 176-177)։

«Արման և Սուրեն» ՍՊԸ-ի կողմից վերը նշված դիմումին չեն կցվել այն գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ, ինչպես նաև միջնորդության մեջ ներկայացված չեն այդ փաստաթղթերը գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ:

Դատարանը 18.02.2021 թվականի «Գոհար Ներսեսի Գևորգյանի գրավի իրավունքը դադարեցնելու (դադարած ճանաչելու) և «Արման և Սուրեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պահանջատեր գրանցելու վերաբերյալ»» որոշմամբ «Արման և Սուրեն» ՍՊԸ-ի դիմումը՝ Գոհար Գևորգյանի գրավի իրավունքը դադարեցնելու (դադարած ճանաչելու) և «Արման և Սուրեն» ՍՊԸ-ին պահանջատեր գրանցելու վերաբերյալ, բավարարել է (հավելված, հատոր 1-ին, գ. թ. 187-194)։

Նշված որոշման դեմ, ի թիվս այլ անձանց, վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև Գոհար Գևորգյանը (հավելված, հատոր 2-րդ, գ. թ. 20-25)։

Վերաքննիչ դատարանի 13.05.2021 թվականի որոշմամբ, ի թիվս այլ անձանց, մերժվել է նաև Գոհար Գևորգյանի վերաքննիչ բողոքը, և Դատարանի 18.02.2021 թվականի «Գոհար Ներսեսի Գևորգյանի գրավի իրավունքը դադարեցնելու (դադարած ճանաչելու) և «Արման և Սուրեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պահանջատեր գրանցելու վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ` ի թիվս այլնի պատճառաբանելով նաև, որ ոչ թե ներկայացվել է նոր պահանջ գրանցելու կամ արդեն առկա պահանջը փոփոխելու դիմում, այլ ընդամենը պահանջատիրոջ փոփոխություն է տեղի ունեցել՝ հիմքում դնելով «Պահանջի իրավունքի զիջման մասին» պայմանագիրը, համաձայն որի՝ «Արման և Սուրեն» ՍՊԸ-ն, կատարելով Գոհար Գևորգյանի դիմաց Ընկերության ունեցած պարտավորությունները, վերջինիս փոխարեն դարձել է պահանջատեր։ Հետևաբար  «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասի կարգավորումները տվյալ դեպքում առկա չեն, համապատասխանաբար՝ կառավարիչը դիմումը պարտապանին կամ պարտատիրոջն ուղարկելու պարտականություն չի ունեցել։ Ավելին՝ պահանջը որևէ փոփոխության չի ենթարկվել, այն պահպանվել է նույն չափով, նույն ծավալով, ուստի այն նոր պահանջ չի կարող դիտվել և չի կարող համարվել արդեն իսկ գրանցված պահանջի փոփոխություն։

Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ «Արման և Սուրեն» ՍՊԸ-ի կողմից Դատարան ներկայացված գույքի նկատմամբ գրավի իրավունքը դադարեցնելու (դադարած ճանաչելու) և սահմանափակումները վերացնելու վերաբերյալ դիմումին:

ՀՀ սահմանադրական դատարանը 06.09.2016 թվականի թիվ ՍԴՈ-1296 գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը` դատարանը հանդես է գալիս որպես արդարադատություն իրականացնող մարմին և կաշկանդված է որոշակի դատավարական գործողություններ սեփական հայեցողությամբ իրականացնելու արգելքով, հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դատարանի կողմից դատավարական գործողության կատարման, այն է` բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու համար անհրաժեշտ է, որպեսզի բողոք բերած անձը գրավոր միջնորդի համապատասխան գործողության կատարումը: Հետևաբար, համապատասխան միջնորդության առկայությունն այն անհրաժեշտ նախապայմանն է, որը վկայում է բողոք բերած անձի կողմից ակնկալվող գործողությունը հայցելու մասին, ինչն էլ բավարար հիմքերի առկայության դեպքում դատարանի համար առաջացնում է բաց թողնված դատավարական ժամկետն իրավունքի ուժով վերականգնելու պարտականություն: Վերոնշյալ իրավական դիքորոշման լույսի ներքո ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքերում էական է ոչ թե հայցվող դատավարական գործողության վերնագիրը, այլ այն, թե շարադրանքի բովանդակությունը որքանով է հնարավորություն ընձեռում այն դատարանի կողմից որպես միջնորդություն ընկալվելու համար: Իսկ այդպիսին ընկալվելու համար նախ և առաջ անհրաժեշտ է, որպեսզի բողոք բերած անձը հստակորեն ներկայացնի իր միջնորդությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև «Արման և Սուրեն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ, քաղաք Երևան, Բագրատունյաց 19 շենքի թիվ 55 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Գոհար Գևորգյանի գրավի իրավունքը դադարեցնելու (դադարած ճանաչելու) և սահմանափակումները վերացնելու վերաբերյալ պահանջը վերնագրվել է որպես «դիմում», սակայն այն իր շարադրանքի բովանդակությամբ ընկալվում է որպես միջնորդություն: 

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

«Արման և Սուրեն» ՍՊԸ-ի կողմից սնանկության գործի շրջանակներում ներկայացվել է Գոհար Գևորգյանի գրավի իրավունքը դադարեցնելու (դադարած ճանաչելու) և սահմանափակումները վերացնելու վերաբերյալ դիմում, որը հարուցելու, ինչպես նաև դատարանի կողմից այն լուծելու վերաբերյալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը որևէ դրույթ չի սահմանում: Այսինքն՝ տվյալ դեպքում վերը նշված դիմումի քննարկումը Դատարանը պարտավոր էր իրականացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումներով:

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական դատավարության սկզբունքներից է քաղաքացիական գործերով դատավարությունն օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա իրականացնելը։ Այդ նպատակով օրենսդիրը դատարանի վրա պարտականություն է դրել ապահովելու, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն: Վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մեկ այլ՝ մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի` իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե՛ս, Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական նիստից դուրս ներկայացված գույքի նկատմամբ գրավի իրավունքը դադարեցնելու (դադարած ճանաչելու) և սահմանափակումները վերացնելու վերաբերյալ դիմումին չեն կցվել դիմումը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ, ինչպես նաև նշված դիմումում չեն ներկայացվել այդ փաստաթղթերը գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, որպիսի պայմաններում Դատարանը քննարկել է ներկայացված դիմումը և դրա արդյունքում կայացրել է որոշում` անտեսելով, որ գույքի նկատմամբ գրավի իրավունքը դադարեցնելու (դադարած ճանաչելու) և սահմանափակումները վերացնելու վերաբերյալ դիմումը վերաբերել է Գոհար Գևորգյանի իրավունքներին, և վերջինս զրկված է եղել դրա բովանդակությանը ծանոթանալու դատավարական իր իրավունքից, արդյունքում Դատարանը թույլ է տվել մրցակցության և դատավարության մասնակիցների հավասարության սկզբունքների խախտում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար ստորադաս դատարանները թույլ են տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ բողոք բերած անձը զրկվել է ներկայացված դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու իրավական հնարավորությունից, ինչը հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ մրցակցության սկզբունքի սահմանափակման:

Ինչ վերաբերում է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում, հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից նշված դատավարական իրավունքի նորմի խախտման պարագայում հնարավոր չէ քննարկման առարկա դարձնել նյութական և դատավարական իրավունքի այլ նորմերի խախտման վերաբերյալ բողոքաբերի փաստարկները։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար և գործը ՀՀ սնանկության դատարան նոր քննության ուղարկելու համար։

 

Նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է նոր քննության, դատական ծախսերի հարցին անհրաժեշտ է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2.  Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3․  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող 

Տ. Պետրոսյան

 

Ա. Բարսեղյան

 

Ս. Միքայելյան

 

Է.  Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵՇԴ/0121/04/17 սնանկության գործով 24032023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ 

 

24032023 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի մարտի 24-ին գրավոր ընթացակարգով քննելով Գոհար Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Գոհար Գևորգյանի՝ «Գլորիա-31» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և  10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

Տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի 07
072021 թվականի որոշմամբ Գոհար Գևորգյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է բացառապես այն հիմքով, որ «բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, սակայն որևէ հիմնավորում չի ներկայացրել այն մասին, թե դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ ո՞ր նորմի կապակցությամբ է առկա իրավունքի զարգացման խնդիր»: Միաժամանակ սահմանվել է հնգօրյա ժամկետ` վերը նշված թերությունը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար։

Դրանից հետո Գոհար Գևորգյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ չվերացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.07.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված վերը նշված թերությունը, որի պայմաններում վճռաբեկ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն, ենթակա էր առանց քննության թողնման, սակայն Վճռաբեկ դատարանը նման որոշում չի կայացրել, և դրա փոխարեն որոշում է կայացրել կրկին անգամ ներկայացված բողոքը վարույթ ընդունելու մասին։

Ավելին՝ ներկայումս Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով` նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Հիմք ընդունելով վերոգրյալը կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը տվյալ դեպքում ինչպես չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, այնպես էլ՝ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար համարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։

 

Դատավոր`

Գ. Հակոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: