Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.05.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
26.05.2023
Дата вступления в силу
26.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ռ․ Բարսեղյան

ԵՇԴ/0088/01/17

Դատավորներ՝ 

 Տ․ Սահակյան

 Ս․ Մարաբյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

26 մայիսի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալներ Ալիկ Լյովայի Բանդուրյանի, Պետրոս Գոռի Իսրայելյանի, Արմեն Լյովայի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11828616 քրեական գործը։ Թիվ 11828616 քրեական գործը 2016 թվականի նոյեմբերի 14-ին վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում։

2016 թվականի նոյեմբերի 15-ին Պետրոս Գոռի Իսրայելյանը ձերբակալվել է։

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ ՊԻսրայելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ մեղադրյալ Պ.Իսրայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։

2016 թվականի նոյեմբերի 18-ին Արմեն Լյովայի Գասպարյանը և Ալիկ Լյովայի Բանդուրյանը ձերբակալվել են։

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ ԱԳասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով։

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 1 (մեկ) ամիս ժամկետով։

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ ԱԲանդուրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և 2016 թվականի նոյեմբերի 21-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Բանդուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գասպարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով։ Միաժամանակ, թույլատրելի է ճանաչվել կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը՝ գրավի գումարի չափ սահմանելով 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ։

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի մայիսի 4-ի որոշմամբ մեղադրյալ Պ.Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի մայիսի 5-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի մայիսի 11-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունիսի 12-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունիսի 12-ի որոշմամբ մեղադրյալ Պ.Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և 2017 թվականի հունիսի 13-ի նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունիսի 16-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունիսի 21-ի որոշմամբ թիվ 11828616 քրեական գործից անջատվել և առանձին վարույթում առանձնացվել է Պետրոս Իսրայելյանի և Գևորգ Ավետիսյանի հետ խմբի կազմում Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարած անձանց վերաբերյալ քրեական գործի մասը, որին շնորհվել է 59101517 համարը։ Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ, թիվ 11828616 քրեական գործի նյութերով հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտները Մուշեղ Մուշեղյանին ապօրինի իրացնելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որին շնորհվել է 59101617 համարը։

2017 թվականի հունիսի 30-ին թիվ 11828616 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Ա.Բանդուրյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և նա այդ մեղադրանքով արդարացվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Ամբաստանյալ Ա.Բանդուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է և նա ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճում։

Նույն դատավճռով ամբաստանյալ Պ.Իսրայելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը և ամբաստանյալ ՊԻսրայելյանն ազատվել է պատիժը կրելուց։ Ամբաստանյալ ՊԻսրայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է և նա ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճում։

Նույն դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ ԱԳասպարյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և նա այդ մեղադրանքով արդարացվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Ամբաստանյալ ԱԳասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը վերացվել է։

3 Դատախազ ԳԲաղդասարյանի և ամբաստանյալ ՊԻսրայելյանի պաշտպան ՄՊողոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ պաշտպան ՄՊողոսյանի բողոքը մերժել է, դատախազ Գ.Բաղդասարյանի բողոքը բավարարել է մասնակիորեն: Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճիռը` ամբաստանյալ ԱԲանդուրյանի մասով, բեկանվել է և փոփոխվել: Ամբաստանյալ ԱԲանդուրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով: Ամբաստանյալ ԱԲանդուրյանի նկատմամբ նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով հաշվակցվել է 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով: Ամբաստանյալ ԱԲանդուրյանի նկատմամբ կիրառվել է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը և նա ազատվել է նշանակված պատժից:

Դատավճիռը մնացած մասերով թողնվել է անփոփոխ:

4 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, ամբաստանյալ Ա.Բանդուրյանի պաշտպան Ե.Սարգսյանը և ամբաստանյալ Պ.Իսրայելյանի պաշտպան Մ.Պողոսյանը։ Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 21-ի որոշումներով ամբաստանյալ Ա.Բանդուրյանի պաշտպան Ե.Սարգսյանի և ամբաստանյալ Պ.Իսրայելյանի պաշտպան Մ.Պողոսյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ(1)1։ Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 9-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոք բերած անձը գտել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։

Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ ամբողջությամբ, ինչպես նաև Ա.Բանդուրյանի արարքը վերաորակելու և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացած մասով անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը օրինական և հիմնավորված չեն:

 

Ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի մեղադրանքի մասով.

6. Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Պ.Իսրայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակելով, իսկ Վերաքննիչ դատարանն էլ այդ մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է քրեական գործի ելքի վրա:

Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, մի դեպքում հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները համարել է թույլատրելի և ըստ էության փաստել, որ դրանք որպես ապացույց ունեն վճռորոշ բնույթ և մի շարք դատողություններ կատարել է հենց այդ ապացույցների հիման վրա, այդ թվում՝ Պ.Իսրայելյանի և Ա.Բանդուրյանի մեղավորության վերաբերյալ, սակայն անհասկանալիորեն այդ նույն ապացույցների՝ գործում առկա մյուս ապացույցների համեմատ ավելի ծանրակշիռ, վճռորոշ և օբյեկտիվ լինելու պայմաններում, դրանք կասկածի տակ առնելով, հիմք է ընդունել որևէ օբյեկտիվ ապացույցով չհիմնավորված մի խումբ անձանց կողմից տրված՝ սուբյեկտիվ և ի պաշտպանություն ամբաստանյալների տրված ցուցմունքները՝ փաստելով, որ Պ.Իսրայելյանի արարքը համապատասխանում է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին, այլ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին:

Ըստ բողոքաբերի՝ դեպքից հետո Ա.Բանդուրյանի և Պ.Իսրայելյանի խոսակցությունն ամբողջությամբ բացահայտում է դեպքը և թույլ է տալիս արձանագրել, որ Անդրանիկ Սողոյանի և Ալիկ Բանդուրյանի պահանջով Վիրաբ Գասպարյանի՝ դեպքի վայրից հեռանալուց հետո, Պետրոս Իսրայելյանը հարվածել է Մուշեղ Մուշեղյանին, որից հետո նրան միացել են նաև գործով չպարզված անձինք:

Բողոքաբերը փաստել է, որ դեպքի մանրամասները լսելուց հետո Ա.Բանդուրյանը ՊԻսրայելյանին հասկացրել է, որ պետք չէ այդպես ներկայացնել դեպքը, ու հրահանգել բոլորին ասել, որ պետք է ներկայացնել այնպես, որ իրենք հարվածել են միայն ՄՄուշեղյանի կողմից կրակելուց հետո: Ավելին՝ ԱԲանդուրյանը ՊԻսրայելյանին հայտնել է, որ «չգրված օրենքներով» մահացած անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալն արգելված չէ:

Բողոք բերած անձը նշել է, որ ՊԻսրայելյանը ՄՄուշեղյանին հարվածներ է հասցրել, որից հետո հարվածներ են հասցրել նաև այլ անձինք, որից հետո վերջինս փորձել է դիմել փախուստի, սակայն ՊԻսրայելյանը, ԳԱվետիսյանը և քննությամբ չպարզված անձինք շարունակել են ՄՄուշեղյանին ծեծի ենթարկել և նրա նկատմամբ սուր կտրող գործիքներով, մահակներով, բահերի կոթերով և այլ առարկաներով բռնություն գործադրել, որից որոշ ժամանակ հետո միայն վերջինս ատրճանակով կրակոց է արձակել: ՄՄուշեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու՝ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու նախնական համաձայնությունն իրագործելու ընթացքում ՊԻսրայելյանը, ԳԱվետիսյանը և քննությամբ չպարզված անձինք, հանդիպել են տուժող ՄՄուշեղյանի դիմադրությանը՝ վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն և հանցավոր խմբի մոտ ձևավորվել է նոր դիտավորության ուղղվածություն, այն է՝ ՄՄուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու նպատակով ապօրինաբար նրան կյանքից զրկելը:

6.1. Բողոքաբերը, անդրադառնալով ստորադաս դատարանների՝ Պ.Իսրայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով առաջադրված մեղադրանքը բավարար չափով հստակ չլինելու վերաբերյալ փաստարկներին առ այն, որ մեղադրանքի ձևակերպումից պարզ չէ, թե ո՞վ, այդ թվում՝ ՊԻսրայելյանը, ի՞նչ գործողություններ է կատարել, նշել է, որ մեղադրանքի ձևակերպումն անհասկանալի չէ։ Ըստ մեղադրանքի՝ հանցակիցները փոխադարձաբար գիտակցել են, որ բռնություն են գործադրում տուժողի նկատմամբ և որ յուրաքանչյուրի գործողությունները լրացնում են միմյանց, պայմաններ ստեղծում մյուսի գործողությունների համար ու այդ գիտակցմամբ հարվածներ են հասցրել նրան: Իսկ եթե ստորադաս դատարանները նկատի են ունեցել, որ մեղադրանքի արդարացիությունը ենթադրում է դրանում նկարագրել, թե ով, օրվա որ ժամին և րոպեին, ում մարմնի որ հատվածին է հարվածել, ապա այդ պահանջը, ըստ բողոքաբերի, ողջամիտ չէ:

Բողոքաբերն ուշագրավ է համարել այն, որ ստորադաս դատարանները, արձանագրելով, որ գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված չէ, թե ՊԻսրայելյանն ու մյուսները ՄՄուշեղյանին դիտավորությամբ կյանքից զրկելուն ուղղված կոնկրետ ի՞նչ գործողություններ են կատարել, և նրանց գործողությունները հստակ տարանջատված չեն, հաստատված են համարել ՊԻսրայելյանի կողմից խմբի կազմում դիտավորությամբ ՄՄուշեղյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:

6.2. Ըստ բողոքաբերի՝ անհիմն է նաև ստորադաս դատարանների այն պնդումը, որ գործով ձեռք չեն բերվել փաստական տվյալներ՝ ՄՄուշեղյանին մահակներով ու բահերի կոթերով կամ կտրող-ծակող գործիքներով հարվածելու մասին: Վերաքննիչ դատարանը, թույլատրելի ճանաչելով հեռախոսային խոսակցությունների վերահսկման արդյունքները, անտեսել է այն փաստը, որ դրանցում ուղղակիորեն նշված են այդպիսի առարկաների գործադրմամբ հարվածներ հասցնելու մասին տվյալներ։ Բացի այդ, ՄՄուշեղյանի մարմնի վրա հայտնաբերված վնասվածքների մեծամասնությունը պատճառվել է բութ, կոշտ առարկաների գործադրմամբ:

Բողոքաբերը փաստարկել է նաև, որ հանցագործության գործիքը նախաքննությամբ չհայտնաբերելը դեռևս չի բացառում այլ ապացույցների հիման վրա դրա առկայության և գործադրման հաստատումը:

6.3. Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանները, պատշաճ կերպով չուսումնասիրելով ՊԻսրայելյանին առաջադրված մեղադրանքը, անհիմն հակասություն են գտել այն առումով, որ ՄՄուշեղյանի միակ ծակած-կտրած վնասվածքը մեղադրանքի մեջ նշվել է երկու անգամ։ Մինչդեռ, մեղադրանքի ձևակերպումից հետևում է, որ ՄՄուշեղյանը նախքան կրակոց արձակելը կտրող-ծակող գործիքով ստացել է հարված, այլ ոչ թե վնասվածք:

6.4. Բողոքաբերն իր անհամաձայնությունն է հայտնել նաև ստորադաս դատարանների այն հիմնավորումների հետ, որ գործով ձեռք բերված փաստական տվյալները չեն հաստատում, որ ՄՄուշեղյանի կողմից հրազեն գործադրելուց հետո ՊԻսրայելյանի և նրա հանցակիցների մոտ առաջացել է նրան սպանելու դիտավորություն: Քրեական գործի նյութերով հաստատված է, որ ՊԻսրայելյանի կողմից առաջին հարվածը հասցնելուց հետո, գործով չպարզված մեծ թվով անձինք հարձակվել ու կտրող-ծակող, բութ գործիքներով հարվածներ են հասցրել ՄՄուշեղյանին, ով փորձել է դիմել փախուստի, այնուհետև հանել հրազենը և կրակել ԳԱվետիսյանի վրա: Դրանից հետո, ՊԻսրայելյանը և նրա հանցակիցները կրկին, արդեն նաև վերջինիս կողմից հրազենի գործադրումը չեզոքացնելու նպատակով, սկսել են հարվածներ հասցնել ՄՄուշեղյանին, այդ թվում՝ կտրող-ծակող գործիքով, ապօրինաբար նրան ուղղակի դիտավորությամբ զրկել են կյանքից։

 

Ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքի մասով.

7. Թեև Վերաքննիչ դատարանն Ա.Բանդուրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, սակայն արարքի վերաորակման մասով Վերաքննիչ դատարանի հետևություններն անհիմն են։

 

Ա.Բանդուրյանի կողմից Պ.Իսրայելյանին հանցանք կատարելուն դրդելու մասով.

7.1. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանի հետևությունները՝ ԱԲանդուրյանի կողմից ՊԻսրայելյանին հանցանք կատարելուն չդրդելու մասով, հիմնավոր չեն:

Բողոքաբերը նշել է, որ ԱԲանդուրյանի և ՊԻսրայելյանի խոսակցությունից ակնհայտ է, որ ՊԻսրայելյանը չի ունեցել ՄՄուշեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերջնական վճռականություն և դրա անհրաժեշտության մասին հարցրել է ԱԲանդուրյանին։ ԱԲանդուրյանն առնվազն հորդորել է այնպիսի բռնություն գործադրել և այնպիսի գործիքներով, որ ՄՄուշեղյանը հիվանդանոց ընկնի, նշելով որ պետք է վերջինիս սատկացնել: ԱԲանդուրյանն ակնհայտորեն հորդորել է կիսատ-պռատ չծեծել և նրա հորդորները վերաբերել են ՄՄուշեղյանի առողջությանը հնարավորինս ծանր վնաս պատճառելուն:

 

Ա.Բանդուրյանին մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 38-113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վերաորակելու մասով.

7.2. Վերաքննիչ դատարանը, Ա.Բանդուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակելով և 38-113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղավոր ճանաչելով, թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է քրեական գործի ելքի վրա:

Ըստ բողոքաբերի՝ ԱԲանդուրյանը, նախքան դեպքը ունեցած խոսակցության ընթացքում, համոզելու և շահագրգռելու եղանակով դրդել է ՊԻսրայելյանին մարմնական վնասվածքներ պատճառել ՄՄուշեղյանին: Թեև, ԱԲանդուրյանը չի հստակեցրել, թե ըստ բժշկական չափանիշների ինչ տեսակի մարմնական վնասվածք է պետք պատճառել, այնուամենայնիվ, գործով ձեռք բերված ապացույցներից ակնհայտ է, որ վերջինիս դիտավորության մեջ ընդգրկվել է ՄՄուշեղյանին հնարավորինս ծանր մարմնական վնասվածք պատճառելը:

Անդրադառնալով այս կապակցությամբ ստորադաս դատարանների փաստարկներին՝ բողոքաբերը նշել է, որ դրդչությունը չի ենթադրում դրդիչի համար ցանկալի կամ նրա դիտավորության մեջ ընդգրկվող արարքի կատարման բոլոր հանգամանքների դետալացում: Հակառակ ստորադաս դատարանների համոզմունքի՝ ողջամիտ չէ, որ եթե ցանկացած անձ դրդի որևէ մեկի ծանր վնաս պատճառել երրորդ անձի առողջությանը, ապա, առնվազն պետք է կոնկրետ նշի, թե ինչ առարկայով և կենսական կարևոր որ օրգանին (կամ օրգաններին) է անհրաժեշտ հարվածներ հասցնել:

Ըստ բողոքաբերի՝ Վիրաբ Գասպարյանի՝ դեպքի վայրից հեռանալուց հետո, ՊԻսրայելյանը հարվածել է ՄՄուշեղյանին, որից հետո վերջինիս սկսել են հարվածել մեծ թվով անձինք: Այդ հարձակումից պաշտպանվելու նպատակով՝ ՄՄուշեղյանը փորձել է դիմել փախուստի, սակայն չի կարողացել, որից հետո հանելով հրազենը, կրակել է իր նկատմամբ բռնություն գործադրող ԳԱվետիսյանի վրա: Դրանից հետո ՊԻսրայելյանն ու նրա հանցակիցները՝ արդեն նաև ՄՄուշեղյանի դիմադրությունը կոտրելու նպատակով, նոր ծագած դիտավորությամբ ապօրինաբար ՄՄուշեղյանին զրկել են կյանքից:

Ամփոփելով՝ բողոքաբերը գտել է, որ ԱԲանդուրյանը կատարել է արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

 

Ամբաստանյալ Արմեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքի մասով.

8. Հաշվի առնելով բողոքում բերված հիմնավորումներն այն մասին, որ Ա.Բանդուրյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին, բողոքաբերը գտել է, որ նման պայմաններում Արմեն Գասպարյանը նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին, այսինքն՝ կատարել է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը հաստատվում է գործում առկա փաստական տվյալներով։

Հատկանշական է, որ բազմաթիվ դատավարական փաստաթղթերում ամբաստանյալ Ա.Գասպարյանը ստորագրության փոխարեն կատարել է «Բդո» գրառումը։

 

Վճռաբեկ բողոքի մյուս փաստարկները

9. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների փաստմամբ՝ տուժող ՄՄուշեղյանն անհրաժեշտ պաշտպանության վիճակում չի գտնվել: Ավելին, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ԳԱվետիսյանն է անհրաժեշտ պաշտպանության վիճակում գտնվել:

Ըստ բողոքաբերի՝ նախ անհասկանալի է, թե ստորադաս դատարաններն ինչից ելնելով են հաստատված համարել, որ կռվի նախաձեռնողը հանդիսացել է Մ.Մուշեղյանը, այն դեպքում, երբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքներից բխում է, որ Մ.Մուշեղյանն ամեն կերպ փորձել է խուսափել Պ.Իսրայելյանի հետ հանդիպումից, սակայն Պ.Իսրայելյանի և Ա.Բանդուրյանի ջանքերի շնորհիվ Մ.Մուշեղյանը ստիպված ժամանել է դեպքի վայր, որտեղ էլ կռվի նախաձեռնողը և առաջին հարված հասցնողը, ըստ Պ.Իսրայելյանի, հանդիսացել է հենց ինքը:

Բողոքի հեղինակը նշել է, որ ՊԻսրայելյանը, ԳԱվետիսյանը և քննությամբ չպարզված անձինք, իրենց ակտիվ վարքագծով տուժող Մ.Մուշեղյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությունն իրագործելիս, պահպանել են վերահսկողությունն արարքի և հետևանքի միջև պատճառական կապի զարգացման ողջ ընթացքի նկատմամբ` հնարավորություն ունենալով ցանկացած պահի միջամտելու ու կանխելու մահվան վրա հասնելը: Ավելին՝ ՊԻսրայելյանի, ԳԱվետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից կիրառված բռնությունից խուսափելու նպատակով, տուժող Մ.Մուշեղյանը փորձել է դիմել փախուստի, սակայն վերջինիս փախուստը հանցավոր խմբի անդամների կողմից կանխվել է և շարունակվել է տուժողի նկատմամբ ոտնձգությունը, ինչի պատճառով տուժող Մ.Մուշեղյանն անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակից կրակոցներ է արձակել, որի հետևանքով դեպքի վայրում գտնվող անձանց առողջությանը պատճառվել է վնաս, իսկ Գ.Ավետիսյանին՝ մահ:

Ինչ վերաբերում է տուժող ՄՄուշեղյանի կողմից ԳԱվետիսյանի կյանքի և դեպքին մասնակից մյուս անձանց առողջության նկատմամբ ոտնձգություն կատարելուն, ապա ըստ բողոքաբերի՝ ակնհայտ է, որ տուժողը տվյալ դեպքում գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում։

Ըստ բողոքաբերի՝ հիմնավորվել է, որ խմբի անդամները բռնություն են գործադրել տուժող ՄՄուշեղյանի նկատմամբ, ով փորձել է դիմել փախուստի, ինչը հանցավոր խմբի անդամները կանխել են, որից հետո Մ.Մուշեղյանն ատրճանակից կրակոցներ է արձակել, հետևաբար Մ.Մուշեղյանի կողմից ատրճանակից կրակոցներ արձակելու ժամանակ անհրաժեշտ պաշտպանության վիճակում չգտնվելու վերաբերյալ ստորադաս դատարանների պնդումներն ընդունելի չեն:

Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն հիմնավորմանը, որ անհրաժեշտ պաշտպանության վիճակում գտնվել է ԳԱվետիսյանը, բողոքի հեղինակը նշել է, որ այն հիմնավոր չէ: Այդ կապակցությամբ Առաջին ատյանի դատարանի այն փաստարկը, որ ՄՄուշեղյանն օգտագործել է ակնհայտորեն անհամաչափ միջոց՝ հրազեն, տեղին չէ, քանի որ անձանց խմբի նման ինտենսիվությամբ հարձակումից ու բռնությունից պաշտպանվելիս, հրազենի գործադրումը չի կարող դիտվել որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: Համապատասխանաբար, ի տարբերություն ՄՄուշեղյանի, ԳԱվետիսյանը, հանդիսանալով ՄՄուշեղյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանցից մեկը, իր ու խմբի գործողություններից պաշտպանվելու նպատակով զենք գործադրող անձից պաշտպանվելու իրավունք չէր կարող ձեռք բերել։

Բացի այդ, բողոքի հեղինակն արձանագրել է, որ ԳԱվետիսյանի գործողություններն անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված լինելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը հակասում է նույն դատավճռում առկա այլ հետևություններին: Բանն այն է, որ եթե ԳԱվետիսյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում և ՄՄուշեղյանի նկատմամբ բռնություն է գործադրել իրավաչափորեն՝ իրեն հրազենային վնասվածք պատճառելուց հետո, ապա նույն տրամաբանությամբ՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակում է գտնվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղավոր ճանաչված ՊԻսրայելյանը, ով ըստ ստորադաս դատարանների՝ նույն պահին՝ ԳԱվետիսյանի վրա կրակելուց հետո, խմբի կազմում բռնություն է գործադրել ՄՄուշեղյանի նկատմամբ:

10. Ինչ վերաբերում է հանցակցի սահմանազանցման վերաբերյալ մեղադրանքի ձևակերպումների կապակցությամբ Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա հիմնավորումներին, ապա դրանք բողոքաբերի համար ևս ընդունելի չեն: Հակառակ ստորադաս դատարանի պնդումների՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներից ակնհայտ է, որ ԱԲանդուրյանի դիտավորության մեջ ընդգրկվել է ՄՄուշեղյանի առողջությանը հնարավորինս ծանր վնաս պատճառելը և այդ ուղղությամբ հանցակիցների գործողությունները գտնվել են օբյեկտիվ կապի մեջ Ա.Բանդուրյանի գործողությունների հետ: Իսկ բռնություն գործադրելու ընթացքում ՄՄուշեղյանին կյանքից զրկելն ԱԲանդուրյանի դիտավորության մեջ չի ընդգրկվել և կատարողների սահմանազանցման արդյունքում ՄՄուշեղյանը սպանվել է:

11. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբաստանյալ Պ.Իսրայելյանի արարքը վերաորակելու, Ա.Գասպարյանին արդարացնելու մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու և Ա.Բանդուրյանի արարքը վերաորակելու մասերով, բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

12. Ամբաստանյալ ԱԲանդուրյանի պաշտպան ԵՍարգսյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ մեղադրանքի կողմը սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, քանի որ ԱԲանդուրյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպումը, դրանում նրան վերագրվող արարքի փաստական նկարագրությունը և դրանց տրված իրավաբանական որակումն ակնհայտորեն չեն համապատասխանում միմյանց։

Ըստ պաշտպանի՝ ԱԲանդուրյանին առաջադրված մեղադրանքը խիստ ընդհանրական է ձևակերպվել, այն բավարար չափով հստակ և պարզ չէ։

Պաշտպան ԵՍարգսյանը գտել է նաև, որ մինչ ԱԲանդուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարքը վերագրելը, մեղադրանքի կողմը պետք է կարողանար բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորել, որ ԱԲանդուրյանը ՊԻսրայելյանին դրդել է ՄՄուշեղյանի առողջությանը հատկապես ծանր մարմնական վնասվածքներ պատճառել և դրա արդյունքում ՄՄուշեղյանի առողջությանը ծանր վնասը պատճառվել է։

13. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան ԵՍարգսյանը խնդրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱՀարությունյանի վճռաբեկ բողոքը մերժել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

14. Ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ (…) նա 2016 թվականի նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:

Այսպես.

Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև առկա լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությամբ և օգտվելով ստեղծված իրավիճակից, իր՝ որպես հանցավոր հեղինակություն վայելող անձի ցանկությունն իրագործելու կարևորությունն ընդգծելու եղանակով Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել, որը դրսևորվել է մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով այն իրագործելու հորդորներով, ինչով Պետրոս Իսրայելյանի մոտ հիշյալ հանցագործությունը կատարելու վճռականություն է հարուցել, որից հետո՝ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 13-րդ շենքում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ միաժամանակ ապահովելով Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը՝ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու նպատակով, այնուհետև Պետրոս Իսրայելյանի խնդրանքով Ալիկ Բանդուրյանն օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ Մուշեղյանի հետ դեպքի վայրում գտնվող քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանից պահանջելով հեռանալ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 13-րդ շենքում գործող գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելու, Մ.Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպատակով, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով, ինչի արդյունքում Վիրաբ Գասպարյանը և իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից: Դրանից հետո Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ դեռևս չպարզված անձինք, նախապես պայմանավորվելով Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելը համատեղ կատարելու մասին, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով, սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն, հանդիպելով տուժող Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու ու այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար նրան ուղղակի դիտավորությամբ զրկել են կյանքից՝ հասցնելով որովայնի աջ կեսի կողմնային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածքի, ձախից զստոսկրի թևի կոտրվածքի, ձախ դաստակի առաջնային մատի ֆալանգի տրավմատիկ ամպուտացիայի, գլխի կողմնային շրջանի սալջարդ վերքերի, ձախ ճակատային շրջանի, ձախ նախաբազկի մակերեսի, աջ ուսահոդի հետին մակերեսի, ձախ ճակատակողմնաքունքային աջ ծոծրակային շրջանների, ձախ քունքամկանի արյունազեղումների, աջից ստորին ծնոտի շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի քերծվածքների ձևերով մարմնական վնասվածքներ, որոնք թեպետ մյուս հանցակցի՝ Ալիկ Բանդուրյանի գործողությունների հետ գտնվել են օբյեկտիվ պատճառական կապի մեջ, բայց ամբողջությամբ չեն ներառվել նրա դիտավորության մեջ, այսինքն՝ տեղի է ունեցել հանցակիցների՝ կատարողների սահմանազանցում (էքսցես) (…)(2)2:

14.1. Ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ (…) նա Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել, որից հետո նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն, հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու ու այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:

Այսպես.

Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև առկա լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությամբ և օգտվելով ստեղծված իրավիճակից, իր՝ որպես հանցավոր հեղինակություն վայելող անձի ցանկությունն իրագործելու կարևորությունն ընդգծելու եղանակով Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել, որը դրսևորվել է մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով այն իրագործելու հորդորներով, ինչով Պետրոս Իսրայելյանի մոտ հիշյալ հանցագործությունը կատարելու վճռականություն է հարուցել, որից հետո՝ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 13-րդ շենքում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ միաժամանակ ապահովելով Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը՝ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու նպատակով, այնուհետև Պետրոս Իսրայելյանի խնդրանքով Ալիկ Բանդուրյանը օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ Մուշեղյանի հետ դեպքի վայրում գտնվող քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանից պահանջելով հեռանալ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 13-րդ շենքում գործող գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելու, Մ.Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպատակով, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով, ինչի արդյունքում Վիրաբ Գասպարյանը և իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից: Դրանից հետո Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ դեռևս չպարզված անձինք, նախապես պայմանավորվելով Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելը համատեղ կատարելու մասին, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով, սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն, հանդիպելով տուժող Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու ու այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար նրան ուղղակի դիտավորությամբ զրկել են կյանքից՝ հասցնելով որովայնի աջ կեսի կողմնային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածքի, ձախից զստոսկրի թևի կոտրվածքի, ձախ դաստակի առաջնային մատի ֆալանգի տրավմատիկ ամպուտացիայի, գլխի կողմնային շրջանի սալջարդ վերքերի, ձախ ճակատային շրջանի, ձախ նախաբազկի մակերեսի, աջ ուսահոդի հետին մակերեսի, ձախ ճակատակողմնաքունքային աջ ծոծրակային շրջանների, ձախ քունքամկանի արյունազեղումների, աջից ստորին ծնոտի շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի քերծվածքների ձևերով մարմնական վնասվածքներ, որոնք թեպետ մյուս հանցակցի՝ Ալիկ Բանդուրյանի գործողությունների հետ գտնվել են օբյեկտիվ պատճառական կապի մեջ, բայց ամբողջությամբ չեն ներառվել նրա դիտավորության մեջ, այսինքն՝ տեղի է ունեցել հանցակիցների՝ կատարողների սահմանազանցում (էքսցես) (…)(3)3:

14.2. Ամբաստանյալ Արմեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ (…) նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Այսպես.

Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև առկա լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությամբ և օգտվելով ստեղծված իրավիճակից, իր՝ որպես հանցավոր հեղինակություն վայելող անձի ցանկությունն իրագործելու կարևորությունն ընդգծելու եղանակով Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել, որը դրսևորվել է մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով այն իրագործելու հորդորներով, ինչով Պետրոս Իսրայելյանի մոտ հիշյալ հանցագործությունը կատարելու վճռականություն է հարուցել, որից հետո՝ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 13-րդ շենքում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ միաժամանակ ապահովելով Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը՝ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու նպատակով, այնուհետև Պետրոս Իսրայելյանի խնդրանքով Ալիկ Բանդուրյանը օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ Մուշեղյանի հետ դեպքի վայրում գտնվող քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանից պահանջելով հեռանալ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 13-րդ շենքում գործող գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելու, Մ.Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպատակով, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով, ինչի արդյունքում Վիրաբ Գասպարյանը և իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից:

Այդ ընթացքում Արմեն Գասպարյանը, գտնվելով Ալիկ Բանդուրյանի հետ, տեղեկացել է վերջինիս, Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու նախապատրաստության մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Բացի այդ, Ալիկ Բանդուրյանի կողմից Պետրոս Իսրայելյանին Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելուն դրդելուն և օժանդակելուն ուղղված գործողությունները կատարվել են Արմեն Գասպարյանի կողմից փաստացի օգտագործվող հեռախոսահամարներից կատարված ելքային և ստացված մուտքային հեռախոսազանգերի միջոցով: Ընդ որում՝ նույն հեռախոսահամարների հեռախոսազանգերի միջոցով Արմեն Գասպարյանը ևս տեղեկացել է նախապատրաստվող ծանր հանցագործության մասին:

Արդյունքում, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ դեռևս չպարզված անձինք, նախապես պայմանավորվելով Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելը համատեղ կատարելու մասին, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով, սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն, հանդիպելով տուժող Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու ու այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար նրան ուղղակի դիտավորությամբ զրկել են կյանքից՝ հասցնելով որովայնի աջ կեսի կողմնային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածքի, ձախից զստոսկրի թևի կոտրվածքի, ձախ դաստակի առաջնային մատի ֆալանգի տրավմատիկ ամպուտացիայի, գլխի կողմնային շրջանի սալջարդ վերքերի, ձախ ճակատային շրջանի, ձախ նախաբազկի մակերեսի, աջ ուսահոդի հետին մակերեսի, ձախ ճակատակողմնաքունքային աջ ծոծրակային շրջանների, ձախ քունքամկանի արյունազեղումների, աջից ստորին ծնոտի շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի քերծվածքների ձևերով մարմնական վնասվածքներ, որոնք թեպետ մյուս հանցակցի՝ Ալիկ Բանդուրյանի գործողությունների հետ գտնվել են օբյեկտիվ պատճառական կապի մեջ, բայց ամբողջությամբ չեն ներառվել նրա դիտավորության մեջ, այսինքն՝ տեղի է ունեցել հանցակիցների՝ կատարողների սահմանազանցում (էքսցես) (…)(4)4:

15. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետևյալը. «(...) Արամ Պետրոսյանն իր առաջին հարցաքննությամբ մասնավորապես հայտնել է, որ մտնելով Պետրոս Իսրայելյանին պատկանող նկուղային հարկի սենյակ տեսել է 15-20 այլ անձանց, որոնցից ճանաչել է Գևորգ Ավետիսյանին, Պետրոս Իսրայելյանին։ Պետրոս Իսրայելյանը նստած է եղել բազմոցին և զրուցել է անծանոթ մի անձնավորության հետ, որը հետագայում հիվանդանոցում տեղեկացել է, որ հանդիսանում է Մուշեղ Մուշեղյանը։ Ինքը կանգնած զրուցելիս է եղել ոմն Արտոյի հետ, երբ նկատել է, որ Մուշեղ Մուշեղյանը բարձր հայհոյելով փորձել է շքամուտքի հատվածի դուռը բացել և փախնել, սակայն Գևորգ Ավետիսյանը և անծանոթ այլ անձինք հարձակվել են նրա վրա և սկսել ծեծել, որից հետո լսել է կրակոցի ձայն և ցավ զգալով որովայնի հատվածում ուշագնաց է եղել ու ընկել գետնին։

(...)

2016 թվականի նոյեմբերի 16-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունից ստացված «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված հեռախոսային խոսակցությունների ամփոփագրերի զննության արձանագրությամբ այն մասին, որ մեղադրյալներ Պետրոս Իսրայելյանը, Ալիկ Բանդուրյանը և քննությամբ չպարզված անձինք դեպքին նախորդող ժամանակահատվածում համապատասխան միջոցներ են ձեռնարկել՝ տուժող Մուշեղ Մուշեղյանի գտնվելու վայրը պարզելու և նրան հանդիպման հրավիրելու ուղղությամբ։ Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը և քննությամբ չպարզված անձինք տուժող Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար ձեռք են բերել սուր կտրող գործիք, մահակներ, բահերի կոթեր։ Մեղադրյալ Պ.Իսրայելյանը միջոցներ է ձեռնարկել իրեն պատկանող Երևան քաղաքի Շիրակի փողոցի 13-րդ շենքում գործող գեղեցկության սրահի նկուղային հարկում նրա կողմից կազմակերպված հանդիպմանը Մուշեղ Մուշեղյանի ներկայությունն ապահովելու ուղղությամբ, այնուհետև կազմակերպված հանդիպման ժամանակ Պետրոս Իսրայելյանը Մուշեղ Մուշեղյանին հարվածներ է հասցրել, որից հետո վերջինս փորձել է դիմել փախուստի, սակայն Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը և քննությամբ չպարզված անձինք շարունակել են Մուշեղ Մուշեղյանին ծեծի ենթարկելը և նրա նկատմամբ սուր կտրող գործիքներով, մահակներով, բահերի կոթերով բռնություն գործադրել, որից որոշ ժամանակ հետո միայն վերջինս ատրճանակով կրակոց է արձակել։

«Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների՝ դեպքին նախորդող և հաջորդող ժամերին մեղադրյալներ Պետրոս Իսրայելյանի և Ալիկ Բանդուրյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների զննությամբ ակնհայտ է, որ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու՝ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու նախնական համաձայնությունն իրագործելու ընթացքում, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը և քննությամբ չպարզված անձինք, հանդիպելով տուժող Մուշեղ Մուշեղյանի դիմադրությանը՝ վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, հանցավոր խմբի մոտ ձևավորվել է նոր դիտավորության ուղղվածություն, այն է՝ Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու նպատակով ապօրինաբար նրան ուղղակի դիտավորությամբ կյանքից զրկելը։

Բացի այդ, «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալների զննությամբ պարզվել է, որ դեպքի օրը Երևան քաղաքի Շիրակի փողոցի 13-րդ շենքում գործող գեղեցկության սրահի նկուղային հարկում տուժող Մուշեղ Մուշեղյանի հետ գտնվել է նաև քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանը, ում ներկայությունը խոչընդոտ է հանդիսացել ինչպես մեղադրյալ Պետրոս Իսրայելյանի, այնպես էլ հանցավոր խմբի մյուս անդամների համար՝ իրենց դիտավորությունն իրագործելու, մասնավորապես Մուշեղ Մուշեղյանին ծեծի ենթարկելու և նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու առումով, ուստի մեղադրյալ Պետրոս Իսրայելյանի խնդրանքով մեղադրյալ Ալիկ Բանդուրյանը քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով Վիրաբ Գասպարյանից պահանջել է հեռանալ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 13-րդ շենքում գործող գեղեցկության սրահի նկուղային հարկից, ինչի արդյունքում Վիրաբ Գասպարյանը և իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից։

«Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալների զննությամբ այն մասին, որ մեղադրյալ Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին տեղյակ է եղել նաև մեղադրյալ Արմեն Գասպարյանը, ով Ալիկ Բանդուրյանի կողմից հեռախոսազանգերի միջոցով քննարկվող հանցագործությանը օժանդակելու և հանցավոր խմբի անդամների մոտ այն կատարելու վճռականություն հարուցելու ժամանակ գտնվել է Ալիկ Բանդուրյանի հետ։

(...)

Դատաձայնագրային փորձաքննության թիվ 16-3624 եզրակացությամբ, այն մասին, որ. «ՀԽՎ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ձայնագրված հեռախոսային խոսակցությունները Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից ստացված ձայնագրությունները, Ալիկ Բանդուրյանի և Արմեն Գասպարյանի նկատմամբ իրականացված «Ներքին Դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված խոսակցությունները պիտանի են համեմատական հետազոտության համար, որոշ վերապահումներով, որոնց վերաբերյալ մանրամասն ներկայացվել է հետազոտական մասում։

«ՀԽՎ» օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձայնագրված հեռախոսային խոսակցություններում հնչում են Պետրոս Իսրայելյանի և Ալիկ Բանդուրյանի ձայները»։

(...)

Վարույթն իրականացնող մարմինը փորձելով հիմնավորել Ա.Բանդուրյանի արարքում այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու նպատակով Պետրոս Իսրայելյանին դրդելու հանգամանքը, մեղադրանքի ձևակերպման մեջ ընդամենը մեջբերել է նախքան դեպքը ամբաստանյալներ Պ.Իսրայելյանի և Ա.Բանդուրյանի միջև ենթադրաբար տեղի ունեցած խոսակցության ժամանակ վերջինիս կողմից թույլ տրված որոշակի արտահայտությունները, մասնավորապես «… որը դրսևորվել է մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով այն իրագործելու հորդորներով…»։

Նախ հարկ է արձանագրել, որ մեղադրանքի ձևակերպման մեջ ընտրովի ներառած է հիշյալ խոսակցության ընդամենը մի հատվածը, որը բացարձակապես չի արտահայտում և չի արտացոլում ողջ, բավականին տևական խոսակցության բովանդակությունն ու բուն իմաստը։

Այսպես, նշված հեռախոսախոսակցության ժամանակ Պետրոս Իսրայելյանն ի սկզբանե նշում է, որ «… մենք լխկելու ենք դրան, ընկեր, պա լյուբոյ, տփելու ենք ընկեր…», ինչին Ա.Բանդուրյանն արձագանքում է. «Հա։ ... Դրան պիտի բիտեքով ծեծեք, որպես թշնամու…»։

Հետագա խոսակցության ընթացքում ամբաստանյալ Ա.Բանդուրյանը բազմիցս թույլ է տալիս ծեծել արտահայտությունը՝ նշելով, որ «կիսատ-պռատ չծեծեն, պա բրատսկի մորթեն, ընենց ծեծեն, սաղ ջարդեն, բիտեքով ոտքերը ջարդեն»։

Դատարանը գտնում է, որ նշված հեռախոսային խոսակցության ընթացքում ենթադրաբար Ալիկ Բանդուրյանի կողմից թույլ տրված հիշատակված արտահայտությունները, ընդհանրապես խոսակցության ողջ բովանդակությունը (այլ ոչ թե կոնտեքստից հանված առանձին բառակապակցությունները) ինքնին վկայում են այն մասին, որ վերջինս ենթադրաբար հորդորել է ընդամենը ծեծի ենթարկել Մուշեղ Մուշեղյանին, այլ ոչ թե, ինչպես նշված է որպես մեղադրյալ ներգրավման որոշման մեջ, դրդել ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել։

Ողջամիտ է, որ եթե ցանկացած անձ դրդի որևէ մեկի ծանր վնաս պատճառել երրորդ անձի առողջությանը, ապա, առնվազն, գոնե պետք է կոնկրետ նշի, թե ինչ առարկայով և կենսական կարևոր որ օրգանին (կամ օրգաններին) անհրաժեշտ է հարվածներ հասցնել, մինչդեռ քննարկվող դեպքում ենթադրյալ զրուցակիցը (Ալիկ Բանդուրյանը) որևէ նշում չի արել, չի հորդորել Պետրոս Իսրայելյանին Մուշեղ Մուշեղյանի որևէ կենսական կարևոր օրգանին հարված հասցնել, վնասել այն, ընդհակառակը՝ պարբերաբար նշել է վերջինիս ծեծելու մասին։

Ինչ վերաբերում է մեղադրանքում ներառած «մահակներով ոտքերը ջարդելու» ձևակերպմանը, ապա այն ինքնին վկայում է այն մասին, որ դրդիչը, հորդորելով հարվածել ոչ թե գլխին կամ կենսական կարևոր օրգանի շրջանում, այլ՝ ոտքերին, նպատակ և դիտավորություն չի ունեցել տուժողի առողջությանը պատճառել ծանր վնաս։ Ավելին, մարդու ոտքերը ջարդելիս ավելի շուտ կարելի է ակնկալել ոչ թե առողջության ծանր, այլ ավելի թեթև աստիճանի վնաս և, հետևաբար, ենթադրվող վնասը մեղսագրել երրորդ անձին՝ առնվազն անթույլատրելի է և չի բխում արդարադատության շահերից։

Բացի այդ, ինչպես պարզվեց դատարանում հետազոտված նշված հեռախոսային խոսակցությունից, ամբաստանյալ Ա.Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին չի հորդորել Մուշեղ Մուշեղյանին ծեծելու ընթացքում կիրառել այնպիսի առարկաներ (զենք, դանակ և այլն), որոնք, հաշվի առնելով իրենց անհատական առանձնահատկությունները, կարող են, սովորաբար, մարդու առողջությանը պատճառել ծանր մարմնական վնասվածք՝ ընդհուպ մահ։ Ավելին, նշված խոսակցության ընթացքում անգամ որևէ ակնարկ չկա, որ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ բռնություն կատարելիս պետք է գործադրվի հրազեն կամ դանակ, իսկ ինչպես հայտնի է, հենց նշված առարկաների հետևանքով է Մ.Մուշեղյանի առողջությանը պատճառվել ծանր վնաս։ Հետևաբար, ամբաստանյալ Ա.Բանդուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ նաև մեղադրանքի կողմի, ըստ էության միակ ապացույցով, որպիսին հանդիսանում է նրա և Պետրոս Իսրայելյանի միջև տեղի ունեցած ենթադրյալ խոսակցությունները։ Նույնիսկ թույլատրելի լինելու դեպքում, նշված ապացույցը չի բացահայտում Ա.Բանդուրյանի մոտ իրեն մեղսագրված հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշների առկայությունը (մասնավորապես կապված Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու՝ Ալիկ Բանդուրյանի կողմից Պետրոս Իսրայելյանին հորդորելու հետ)։

Անդրադառնալով մեղադրանքում նշված «մորթելու, սատկացնելու» եղանակով ենթադրյալ ոտնձգությունն իրագործելու հորդորներին, ապա ավելի քան ակնհայտ է, որ նշված արտահայտությունները, հատկապես վերը նշված ենթատեքստում, որևէ կերպ չեն վկայում մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորության մասին, այդպիսիք ընդամենը տարածված ժարգոնային արտահայտություններ են՝ հաճախակի գործածվող անձի նկատմամբ բռնություն, այդ թվում ծեծ կիրառելու ժամանակ։

Բացի այդ, մեղադրանքի ձևակերպման մեջ նշված է, որ Ա.Բանդուրյանը Պ.Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել նաև «շահագրգռելու եղանակով»։

Դատարանը փաստում է, որ որևէ հանգամանք, փաստական տվյալ, վկայող այն մասին, որ ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը քննարկվող խոսակցության ընթացքում շահագրգռել է Պետրոս Իսրայելյանին՝ ի սպառ բացակայում են. դա ընդամենը վարույթն իրականացնող մարմնի հիմնազուրկ ենթադրությունն է։ Հակառակը, քննարկվող խոսակցության ընթացքում ամբաստանյալներից թե Ա.Բանդուրյանը և թե Պ.Իսրայելյանը բազմիցս շեշտում են, որ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ կատարվելիք ոտնձգությունն արվելու է «...պա բրատսկի…»։

Նման պարագայում ի՞նչ շահագրգռելու եղանակի մասին է նշված մեղադրանքի ձևակերպման մեջ՝ պարզ չէ։

Ինչ վերաբերում է մեղադրանքում նշված՝ Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կատարելու «վճռականություն հարուցելուն», ապա, ինչպես ակնհայտորեն երևում է մեղադրանքի կողմից որպես ապացույց ներկայացրած և դատարանում հետազոտված տվյալ հեռախոսախոսակցությունից, ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի մոտ նման վճռականություն արդեն իսկ եղել է ձևավորված մինչև ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի ենթադրյալ հորդորները։ Մասնավորապես, խոսակցության հենց սկզբնամասում Պետրոս Իսրայելյանը թույլ է տվել հետևյալ արտահայտությունը. «… ֆսյո, ցավդ տանեմ, ֆսյո, մենք լխկելու ենք դրան ընկեր, պա լյուբոյ տփելու ենք, ընկեր…»։ Միայն դրանից հետո է Ա.Բանդուրյանն որոշակի հորդորներ տվել Պ.Իսրայելյանին՝ Մ.Մուշեղյանին ծեծելու կապակցությամբ։

Անդրադառնալով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի կողմից ենթադրյալ հանցանքը կատարելուն օժանդակությանը, ապա համաձայն առաջադրված մեղադրանքի այն դրսևորվել է հետևյալում. «…Պետրոս Իսրայելյանի խնդրանքով Ալիկ Բանդուրյանը օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ Մուշեղյանի հետ դեպքի վայրում գտնվող քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանից պահանջելով հեռանալ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 13-րդ շենքում գործող գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելու, Մ.Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպատակով, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով, ինչի արդյունքում Վիրաբ Գասպարյանը և իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից»։

Դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի ձևակերպման մեջ որոշակի խոչընդոտներ վերացնելու առումով ամբաստանյալ Ա.Բանդուրյանի կողմից օժանդակելու վերաբերյալ ներառած տվյալները որևէ փաստական հանգամանքներով, դատարանում հետազոտված ապացույցների համակցությամբ հիմնավորված չեն, այդպիսիք ընդամենը չփարատված կասկածներ են, որոնք ենթակա են մեկնաբանման ի օգուտ ամբաստանյալների։

(…)

Այսպիսով, ամփոփելով վերը նշված եզրահանգումները, դատարանը փաստում է, որ Ա.Բանդուրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է. դրանում արված ձևակերպումները, մեղսագրված հանցավոր արարքի փաստական նկարագրությունը և կատարած գործողություններին տրված քրեաիրավական գնահատականը չեն համապատասխանում միմյանց, ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով արարքը որակված է սխալ, նշված հոդվածով առաջադրված մեղադրանքի ձևակերպումները վերացական են, հստակ չեն, այդպիսիք չեն բավարարում ներկայացվող պահանջներին, ինչը հանգեցրել է ամբաստանյալի պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի խախտմանը։ Ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված որոշ փաստական տվյալներ ապացուցված չեն, ընդամենը ենթադրություններ են և չեն հիմնավորված գործով ձեռք բերված և դատարանում պատշաճ ընթացակարգով հետազոտված թույլատրելի և բավարար ապացույցների համակցությամբ։ Բացի այդ, ինչպես վերը նշվել է, մեղադրանքի հիմքում բացառապես դրված են ամբաստանյալներ Ա.Բանդուրյանի և Պ.Իսրայելյանի միջև ենթադրաբար տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ժամանակ թույլ տրված արտահայտությունները՝ թեև դատարանն արդեն հանգամանորեն վերլուծեց այդպիսիք, որի արդյունքում հանգեց հիմնավոր հետևության, որ անգամ բերված փաստարկները չեն կարող ծառայել որպես բավարար ապացույցների համակցություն Ա.Բանդուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրանք առաջադրելու համար։

(…)

Վերլուծելով Պ.Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը, դրանում առկա ձևակերպումները, դատարանը հանգում է համոզման, որ այն անհիմն է, անորոշ, խիստ հակասական, իրարամերժ, չի բխում գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցների համակցությունից, արված մի շարք եզրահանգումներ հիմնված են ընդամենը ենթադրությունների վրա։

Ավելին, առաջադրած մեղադրանքի ձևակերպումը չի համապատասխանում և չի ապահովում արդար դատաքննության իրավունքը, արված ձևակերպումներից ընդհանրապես պարզ չէ, թե կոնկրետ ով (այդ թվում՝ Պետրոս Իսրայելյանը) ինչ գործողություններ է կատարել։

Այսպես, նախ մեղադրանքի սկզբում նշված է, որ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն Պ.Իսրայելյանի մոտ առաջացրել է Ա.Բանդուրյանը՝ տված հորդորների հետևանքով։ Ինչպես դատարանն արդեն վերլուծեց ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը քննարկելիս, տուժողին ծեծելու վճռականություն Պետրոս Իսրայելյանն ունեցել է ի սկզբանե՝ առանց որևէ արտաքին միջամտության. այդ մասին է վկայում հենց վարույթն իրականացնող մարմնի կողմից նման մեղադրանք առաջադրելու հիմքում դրված միակ ապացույցը (դատարանը կրկին նշում է, որ դրա թույլատրելիության հարցը կքննարկվի սույն դատավճռում), որպիսին հանդիսանում է ամբաստանյալներ Ա.Բանդուրյանի և Պ.Իսրայելյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը, որի ժամանակ՝ հենց սկզբից, նախքան Ա.Բանդուրյանի կողմից Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ որևէ բռնի գործողություն կատարելուն ենթադրաբար հորդորելը, Պետրոս Իսրայելյանը բառացիորեն ասել է. « ֆսյո, ցավդ տանեմ, ֆսյո, մենք լխկելու ենք դրան ընկեր, պա լյուբոյ տփելու ենք, ընկեր…»։

Նման արտահայտությունից հետո փաստել, թե իբր Մուշեղ Մուշեղյանի առողջությանն որևէ վնաս պատճառելու վճռականություն ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի մոտ առաջացրել է Ա.Բանդուրյանը՝ առնվազն անտրամաբանական է և ոչ արդարացի։

Այնուհետև, մեղադրանքի ձևակերպման մեջ նշված է, որ «Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ դեռևս չպարզված անձինք, նախապես պայմանավորվելով Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելը համատեղ կատարելու մասին, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով, սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել…»։

Առնվազն անհասկանալի է, թե ինչ է նկատի ունեցել վարույթն իրականացնող մարմինը նշելով «մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով»՝ դա էլ այն պարագայում, որ մեղադրանքի ձևակերպման մեջ չկա որևէ տարանջատում, թե կոնկրետ ո՞վ և ի՞նչ գործողություններ է կատարել։ Ավելին, ձևակերպումների մեջ նշված է, որ Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, այդ թվում՝ սուր կտրող-ծակող գործիքների գործադրմամբ, մինչդեռ ինչպես հայտնի է (տես՝ դատաբժշկական փորձագետի թիվ 1340 եզրակացությունը) Մուշեղ Մուշեղյանի մարմնին առկա է ընդամենը մեկ ծակող-կտրող գործիքի (դանակի) վնասվածքի ներգործություն։

Ինչ վերաբերում է մյուս վնասվածքները, ըստ մեղադրանքի ձևակերպման՝ մահակների և բահերի կոթերով պատճառված լինելուն, ապա դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ գործով ձեռք չի բերվել և ոչ մի հավաստի և թույլատրելի ապացույց՝ վկայող այն մասին, որ Մուշեղ Մուշեղյանի ծեծի ընթացքում գործադրվել են նման առարկաներ. մահակներ և բահերի կոթեր չեն հայտնաբերվել նաև կատարված դեպքի վայրի զննությամբ և խուզարկություններով։

Նման պայմաններում առնվազն անհասկանալի է, թե ինչի հիման վրա մեղադրանքի ձևակերպման մեջ որպես Մուշեղ Մուշեղյանին վնասվածքներ պատճառած առարկաներ նշված են ինչ-որ մահակներ և բահերի կոթեր։

Շարունակելով Պետրոս Իսրայելյանի մեղադրանքի ձևակերպումը, վարույթն իրականացնող մարմինը նշել է, որ Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ, այդ թվում՝ սուր կտրող-ծակող գործիքներով հասցնելուց հետո, վերջինս զինված դիմադրություն է ցուցաբերել՝ մոտը եղած ատրճանակով կրակոցներ է արձակել և վերջինիս նշված դիմադրությունը հաղթահարելու նպատակով, այդ ժամանակ Պետրոս Իսրայելյանի և մյուսների մոտ ծագել է Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորություն և այն «…ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար նրան ուղղակի դիտավորությամբ զրկել են կյանքից՝ հասցնելով որովայնի աջ կեսի կողմնային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածքի, ձախից զստոսկրի թևի կոտրվածքի, ձախ դաստակի առաջնային մատի ֆալանգի տրավմատիկ ամպուտացիայի, գլխի կողմնային շրջանի սալջարդ վերքերի, ձախ ճակատային շրջանի, ձախ նախաբազկի մակերեսի, աջ ուսահոդի հետին մակերեսի, ձախ ճակատակողմնաքունքային աջ ծոծրակային շրջանների, ձախ քունքամկանի արյունազեղումների, աջից ստորին ծնոտի շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի քերծվածքների ձևերով մարմնական վնասվածքներ, որոնք թեպետ մյուս հանցակցի՝ Ալիկ Բանդուրյանի գործողությունների հետ գտնվել են օբյեկտիվ պատճառական կապի մեջ, բայց ամբողջությամբ չեն ներառվել նրա դիտավորության մեջ, այսինքն՝ տեղի է ունեցել հանցակիցների՝ կատարողների սահմանազանցում (էքսցես)»։

Դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ մեղադրանքն այս մասով խիստ հակասական է և անտրամաբանական։

Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանքի ձևակերպման մեջ, ինչպես արդեն նշվեց, ընդունել է, որ նախքան Մուշեղ Մուշեղյանի կողմից կրակոցներ արձակելը, վերջինիս նկատմամբ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի և մյուսների կողմից արդեն իսկ կիրառվել է բռնություն, ընդ որում Մ.Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցվել՝ այդ թվում սուր կտրող-ծակող գործիքների գործադրմամբ։

Եթե մեղադրանքի նշված ձևակերպումն ընդունվի հիմք, ապա ակնհայտ է դառնում, որ նախքան Մուշեղ Մուշեղյանի կողմից, ինչպես մեղադրանքի կողմն է պնդում, անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելը, Մ.Մուշեղյանն արդեն իսկ ստացած է եղել իր որովայնի աջ կեսի կողմնային պատի ծակած-կտրած թափանցող վիրավորումը, որն ի դեպ, համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 1340 եզրակացության, ծակող-կտրող գործիքով պատճառված միակ վնասվածքն է։

Մինչդեռ, մեղադրանքի ձևակերպման մեջ նշված է նաև, որ կրակոցներն արձակելուց հետո Մ.Մուշեղյանին կյանքից ապօրինի զրկելու նպատակով է վերջինիս պատճառվել այլ վնասվածքների հետ մեկտեղ նաև հիշատակված ծակած-կտրած թափանցող վնասվածքը։

Մեղադրանքի ձևակերպման մեջ առկա այդ էական հակասությունն որևէ քննադատության չի դիմանում, այն վկայում է առաջադրված մեղադրանքի չկայացած և անհիմն լինելու մասին, խաթարում է արդարադատության բուն էությունը։

Ինչպե՞ս կարող է միևնույն մեղադրանքում ներառված ծակած-կտրած թափանցող միակ վնասվածքի առաջացման մեխանիզմը ներկայացվել կատարված ենթադրյալ հանցագործության երկու տարբեր փուլերում՝ մեկը մինչև կրակոցներ արձակելը, մյուսը՝ դրանից հետո։

Բացի այդ, անհասկանալի է, ինչպես պնդում է մեղադրանքի կողմը, եթե բոլոր նկարագրված վնասվածքները պատճառվել են Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությունը հաղթահարելու և նրան սպանելու նպատակով կրակոցներ արձակելուց հետո, ապա նախքան այդ «կտրող-ծակող գործիքների, բահերի կոթերի և այլ առարկաների» գործադրման արդյունքում ի՞նչ մարմնական վնասվածքներ է ստացել Մ.Մուշեղյանը, միթե՞ այդպիսիք չեն առաջացել։

Այս մասին մեղադրանքի ձևակերպման մեջ որևէ նշում և պարզաբանում չկա։

Սա ևս վկայում է առաջադրված մեղադրանքի անորոշ և չհիմնավորված լինելու մասին։

Ավելին, ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի մեղադրանքի ձևակերպման մեջ անհաջող փորձ է կատարվել ներկայացնել անհրաժեշտ պաշտպանության վիճակ, որում իբր հայտնվելով Մ.Մուշեղյանը ատրճանակով կրակոցներ է արձակել (երկու անձի պատճառելով հրազենային վնասվածքներ, իսկ մեկ անձի՝ մահ)։

(…)

[Ե]թե անգամ պայմանականորեն հիմք ընդունենք մեղադրանքում ներառված այն հակասական ձևակերպումները, որ Մուշեղ Մուշեղյանին ծակող-կտրող և մյուս առարկաներով վնասվածքները պատճառվել են նրա կողմից հրազենով կրակոցներ արձակելուց հետո միայն՝ զինված դիմադրությունը հաղթահարելու և սպանելու նպատակով, ապա նույնիսկ այդ դեպքում էլ ակնհայտ է, որ Մուշեղ Մուշեղյանն անհրաժեշտ պաշտպանության վիճակում չի գտնվել, քանի որ իր կողմից կատարված ատրճանակի գործադրմամբ գործողություններն առնվազն ակնհայտորեն չեն համապատասխանել իր նկատմամբ դրսևորվող ոտնձգության բնույթին և վտանգավորությանը, նրա կյանքի և առողջությանը այնպիսի վտանգ չի սպառնացել, ինչի կապակցությամբ նա ստիպված բազմաթիվ կրակոցներ է արձակել՝ ընդ որում խիստ նշանառությամբ (Գ.Ավետիսյանը գլխի և կրծքավանդակի շրջաններում թվով չորս, իսկ Ա.Նազարյանի և Ա.Պետրոսյանի որովայնի շրջաններում՝ մեկական)։

(…) [Դ]ատարանը փաստում է, որ Մուշեղ Մուշեղյանի կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում որոշակի գործողություններ կատարելու վերաբերյալ վկայող բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, ընդհակառակը, անհրաժեշտ պաշտպանության մասին են վկայում Գևորգ Ավետիսյանի՝ Մուշեղ Մուշեղյանին դանակի գործադրմամբ վնաս պատճառելու միջոցով կատարած գործողությունները, որոնք միտված են եղել պաշտպանել իր և ներկա գտնվող մյուս անձանց կյանքը և առողջությունը վտանգավոր ոտնձգությունից։

Բացի այդ, մեղադրանքի ձևակերպման մեջ նշված է, որ Պետրոս Իսրայելյանի և մյուսների մոտ Մուշեղ Մուշեղյանի կողմից զինված դիմադրություն ցուցաբերելուց հետո նրան սպանելու դիտավորություն է ծագել և նկարագրված են նշված գործողությունների արդյունքում պատճառված վնասվածքները։

Նախ, անհրաժեշտ է փաստել, որ թվարկված վնասվածքներից միայն մեկն է՝ որովայնի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վիրավորումը /չհաշված ինքն իրեն պատճառած հրազենային ևս մեկ վիրավորումը/ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը պատճառել ծանր վնաս և գտնվել ուղղակի պատճառական կապի մեջ նրա մահվան անմիջական պատճառի հետ, իսկ մյուս վնասվածքները, դատաբժշկական փորձաքննության թիվ 1340 եզրակացության հետևության համաձայն՝ ձախ դաստակի առաջին մատի եղնգային ֆալանգի տրավմատիկ ամպուտացիա, սալջարդ վերքեր գլխի կողմնային շրջանում, միջին գծով, արյունազեղումներ ձախ ճակատային թմբկության շրջանում, ձախ նախաբազկի միջին երրորդականի առաջաներսային մակերեսին, աջ ուսահոդի շրջանի հետին մակերեսին, արյունազեղումներ գլխի մաշկի տակ ձախ ճակատակողմնաքունքային աջ ծոծրակային շրջաններում, ձախ քունքամկանի արյունազեղում, քերծվածքներ աջից ստորին ծնոտի անկյան շրջանում կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին, միջին անրակային գծով 4-րդ կողոսկրի պրոյեկցիայով, որոնք հետևանք են բութ կոշտ առարկաների ներգործության, չեն գտնվում պատճառական կապի մեջ մահվան անմիջական պատճառի հետ և նման վնասվածքները առանձին առանձին պատճառել են՝ ձախ դաստակի առաջին մատի եղնգային ֆալանգի սալջարդ վերքը և ոսկրի կոտրվածքը՝ ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների, որը հետագայում ամպուտացվել է տեղում ձևավորվելով ծայրատ, առանձին վերցրած կենդանի անձանց մոտ պատճառել է առողջությանը միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով, գլխի կողմնային շրջանի սալջարդ վերքերը ինչպես միասին, այնպես էլ առանձին վերցրած' կենդանի անձանց մոտ, պատճառել են առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, մնացած վնասվածքները առանձին վերցրած կենդանի անձանց մոտ, առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում։

Հարկ է նշել, որ նույն եզրակացության համաձայն, Մուշեղ Մուշեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է նաև որովայնի խոռոչի հրազենային գնդակային կույր վիրավորում, հրազենային գնդակային մուտքի անցք որովայնի առաջային պատին, լյարդի ձախ բլթի ջնջխում, ստամոքսի 12-մատնյա աղու կապանի վնասում, բարակ աղու միջընդերքի վնասում և արյունազեղում, բարակ աղեգալարների վնասում, ձախից գոտկային մեծ մկանի վնասում, ձախից զստոսկրի թևի կոտրվածք, որոնք պատճառվել են գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի ներգործությունից։ (…)

Կատարված նախաքննությամբ, ինչպես նաև դատարանում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է, որ նշված հրազենային վնասվածքը Մուշեղ Մուշեղյանը ինքն իրեն է պատճառել՝ մոտը եղած «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված կրակոցի հետևանքով։

Ընդ որում, ուշագրավ է, որ հիշատակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Մուշեղ Մուշեղյանի հրազենային վնասվածքը և որովայնի խոռոչ թափանցող վիրավորումը առանձնացնել հնարավոր չէ, քանի որ ինչպես միասին, այնպես էլ առանձին առանձին կարող էին բերել տրավմատիկ հեմոռագիկ շոկի և նման վնասվածքները կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի հատկանիշներ, որոնք էլ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ մահվան անմիջական պատճառի հետ։

Ի դեպ, Մուշեղ Մուշեղյանի մահը վրա է հասել միայն հաջորդ օրը՝ 14.11.2016թ. ժամը 23.55-ին, իսկ Գևորգ Ավետիսյանը մահացել է տեղում։

Նշված փաստական հանգամանքների վերլուծությունը, դրանց համադրումը գործով ձեռք բերված ապացույցների հետ, միջադեպին մասնակից անձանց վարքագիծը ինչպես դեպքի, այնպես էլ դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում, ընտրված հանդիպման վայրը, կոնկրետ անձանց կողմից կիրառված առարկաները, պատճառված վնասվածքների տեղակայումը, դրանց ինտենսիվությունը որևէ կերպ չեն վկայում այն մասին, որ ինչ-որ մեկի մոտ, թեկուզ և ընթացքում, ծագած լինի Մուշեղ Մուշեղյանին կյանքից զրկելու դիտավորություն։

Ընդհակառակը, դատաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ դեպքի մասնակիցներից հրազեն եղել և կիրառվել է միայն Մուշեղ Մուշեղյանի կողմից, ով, փաստորեն այն նախապես իր հետ բերել էր «Լիա» գեղեցկության սրահ։

Ակնհայտ է, որ ցանկության դեպքում ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանն իր հանցակիցների հետ առանց որևէ խոչընդոտի, անգամ Մուշեղ Մուշեղյանի կողմից կրակոցներն արձակելուց հետո, հնարավորություն ունեին և կարող էին թե՛ դանակով, թե՛ այլ առարկաներով վերջինիս կենսական կարևոր օրգանների շրջանում հասցնել մահացու մարմնական վնասվածքներ և թույլ չտալ նրան հեռանալ այնտեղից։

Սակայն, ինչպես վերը նշվեց, ծանր մարմնական վնասվածքներն եղել են ընդամենը երկուսը, որոնցից մեկը Մ.Մուշեղյանն ինքն իրեն է պատճառել, իսկ մյուս վնասվածքներն առողջությանը պատճառել են միջին և թեթև աստիճանի վնասվածքներ։

Դատարանն անհրաժեշտ է համարում միաժամանակ արձանագրել, որ հիշատակված ծակած-կտրած որովայնի խոռոչ թափանցող վիրավորումը Մուշեղ Մուշեղյանին պատճառել է դեպքին մասնակից, հանգուցյալ Գևորգ Ավետիսյանը, ընդ որում, վերջինս վիրավորումը դանակով հասցրել է Մ.Մուշեղյանի որովայնի աջ կեսի շրջանում, այլ ոչ թե, օրինակ, ձախ կեսի կամ մասնավորապես սրտի շրջանում, ինչը օբյեկտիվորեն կվկայեր Մ.Մուշեղյանին սպանելու դիտավորության մասին։

Դատաքննությամբ հետազոտված ապացույցները, այդ թվում ականատեսների ցուցմունքները, դեպքի փաստական հանգամանքներն անհերքելիորեն վկայում են այն մասին, որ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ որոշակի բռնի գործողությունները հետևել են՝ հրազենի գործադրմամբ վտանգավոր հանցավոր գործողությունները կանխելու նպատակով, Մ.Մուշեղյանի կողմից ատրճանակը գործադրելուց, համենայն դեպս այն առնվազն ցուցադրելուց հետո՝ այլ ոչ թե առաջ, հետևաբար, դատարանի համոզմամբ, Մուշեղ Մուշեղյանի մոտ անհրաժեշտ պաշտպանության վիճակի առաջացման մասին խոսք լինել չի կարող։

Դատարանն անհրաժեշտ է համարում առանձին անդրադառնալ նաև հանգուցյալ Գևորգ Ավետիսյանի գործողություններին, քանզի այդպիսիք ուղղակիորեն առնչություն ունեն և խիստ կարևոր են ամբաստանյալներին մեղսագրված արարքները ճիշտ քրեաիրավական գնահատականի արժանացնելու համար։

Դատաքննությամբ հիմնավորվել է, որ Մուշեղ Մուշեղյանին դանակով միակ հարվածը հասցրել է հենց Գևորգ Ավետիսյանը, ինչպիսի հանգամանքը չի վիճարկում նաև մեղադրանքի կողմը։

Ողջ խնդիրը կայանում նրանում, թե կոնկրետ երբ, ինչ նպատակով և ինչ հանգամանքներում է պատճառվել այն։

Ինչպես վերը նշվել է, մեղադրանքի ձևակերպման մեջ այդ կապակցությամբ առկա են հակասական, իրարամերժ տվյալներ. նշված է, որ սուր կտրող-ծակող գործիքի /գործիքների/ և այլ առարկաների գործադրմամբ Մ.Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցվել նախքան վերջինիս կողմից ատրճանակով կրակոցներ արձակելը, բացի այդ, միաժամանակ նշված է, որ արդեն զինված դիմադրությունը հաղթահարելու և Մ.Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով, փաստորեն դարձյալ կտրող-ծակող գործիքով, վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ դա այն պարագայում, երբ Մ.Մուշեղյանի մոտ հայտնաբերվել է ընդամենը մեկ սուր ծակող-կտրող գործիքով պատճառված վնասվածք (այդ կապակցությամբ մանրամասն վերլուծությունները վերը բերված են)։

Նման պայմաններում, երբ վարույթն իրականացնող մարմինը չի կարողացել հստակեցնել Մուշեղ Մուշեղյանի դանակի գործադրմամբ Գևորգ Ավետիսյանի կողմից ծանր վնաս պատճառելու փաստական հանգամանքները, մասնավորապես դանակը գործադրելու կոնկրետ պահը. Մուշեղ Մուշեղյանի կողմից կրակոցներ արձակելուց առաջ, թե՝ հետո, առնվազն անհասկանալի է, թե ի՞նչ հիմնավորումներով է ամբաստանյալների մեղադրանքներում հանգել հետևության, որ Մուշեղ Մուշեղյանը կրակոցներն արձակել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում։

Նման մոտեցումն անթույլատրելի է և չի կարող ապահովել արդար դատաքննության իրավունքը։

Դատարանը կրկին արձանագրում է, որ քրեական գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցներն վկայում են այն մասին, որ Գևորգ Ավետիսյանը դանակը գործադրել է միայն այն բանից հետո, երբ Մուշեղ Մուշեղյանը վերջինիս ուղղությամբ արձակել է կրակոց։

Դատարանն (...) գտնում է, որ ստեղծված իրավիճակում Գևորգ Ավետիսյանի գործողությունները բացառապես պայմանավորված են եղել Մուշեղ Մուշեղյանի կողմից հրազենի գործադրմամբ դրսևորվող հանցավոր վարքագիծը կանխելու միտումով, և բնականաբար, չէին կարող նախապես համաձայնեցված լինել ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի և քննությամբ չպարզված ինչ-ինչ անձանց հետ՝ հենց միայն այն պարզ պատճառով, որ ներկա գտնվողներից և ոչ մեկը չէր կարող գուշակել, օբյեկտիվորեն կանխատեսել, որ Մ.Մուշեղյանը հանդիպման է գալու ատրճանակով զինված և պահի տակ կիրառելու այն, իսկ Գևորգ Ավետիսյանը, հանկարծակի ծագած այդ իրավիճակում, ի պատասխան Մուշեղ Մուշեղյանի կողմից հրազենի գործադրմանը՝ պետք է գործադրեր դանակ և Մ.Մուշեղյանի առողջությանը պատճառեր ծանր վնաս։

Այս փաստերը վկայում են այն մասին, որ Գևորգ Ավետիսյանը գործել է առնվազն անհրաժեշտ պաշտպանության վիճակում՝ իր և մյուսների կյանքին ու առողջությանը սպառնացող իրական վտանգը կանխելու համար և, ըստ էության, կատարել է էքսցես (հանցակցի սահմանազանցում)՝ Մ.Մուշեղյանի առողջությանը պատճառելով ծանր վնաս, ինչը ընդգրկված չի եղել ոչ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի և ոչ էլ մյուս հանցակիցների իրավագիտակցությամբ։

Ստեղծված իրավիճակում Գևորգ Ավետիսյանի կատարած գործողությունները՝ մասնավորապես դանակի գործադրմամբ Մուշեղ Մուշեղյանին վնասվածք պատճառելը, դատարանի համոզմամբ, եղել են իրավաչափ, ինչպես արդեն իսկ նշվել է՝ նրա գործողությունները միտված են եղել պաշտպանել իր և ներկա գտնվող մյուս անձանց կյանքը և առողջությունը Մ.Մուշեղյանի վտանգավոր ոտնձգությունից։

Այս համատեքստում վարույթն իրականացնող մարմնի կողմից Պ.Իսրայելյանի և մյուսների մեղադրանքի ձևակերպման մեջ արված այն նշումը, որ Մ.Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորություն է ծագել՝ լրիվ հիմնազուրկ է և չի բխում գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված որևէ ապացույցից։

(…)

Որևէ քննադատության չի դիմանում նաև Պետրոս Իսրայելյանի (ինչպես նաև մյուս երկու ամբաստանյալների) մեղադրանքի ձևակերպման մեջ ներառած այն պնդումը, թե հիշատակված մարմնական վնասվածքները «թեպետ մյուս հանցակցի՝ Ալիկ Բանդուրյանի գործողությունների հետ գտնվել են օբյեկտիվ պատճառական կապի մեջ, բայց ամբողջությամբ չեն ներառվել նրա դիտավորության մեջ, այսինքն՝ տեղի է ունեցել հանցակիցների՝ կատարողների սահմանազանցում (էքսցես)»։

Նախ, հասկանալի չէ, թե ինչ օբյեկտիվ պատճառական կապի մեջ կարող են գտնվել Մուշեղ Մուշեղյանի ստացած մարմնական վնասվածքները Ալիկ Բանդուրյանի գործողությունների հետ, ավելին, պարզ չէ, թե վերջինիս հատկապես ո՞ր գործողություններն է նկատի ունեցել վարույթն իրականացնող մարմինը՝ նման հստակեցում մեղադրանքի ձևակերպման մեջ գոյություն չունի։ Իսկ եթե, վարույթն իրականացնող մարմինը նկատի է ունեցել ամբաստանյալներ Ա.Բանդուրյանի և Պ.Իսրայելյանի միջև նախքան դեպքը տեղի ունեցած ենթադրյալ հեռախոսազրույցը, ապա մեծագույն ցանկության դեպքում էլ հնարավոր չէ հաստատել ամբաստանյալ Ա.Բանդուրյանի արված ենթադրյալ արտահայտությունների և Մ.Մուշեղյանի ստացած վնասվածքների միջև օբյեկտիվ պատճառական կապի առկայությունը։ Ավելին, վարույթն իրականացնող մարմինը, մասամբ հաշվի նստելով այդ իրողության հետ, նշել է, որ պատճառված մարմնական վնասվածքները «… ամբողջությամբ չեն ներառվել նրա դիտավորության մեջ, այսինքն՝ տեղի է ունեցել հանցակիցների՝ կատարողների սահմանազանցում (էքսցես)»։

Այն հանգամանքը, որ մեղադրանքի ձևակերպման մեջ կրկին հստակեցված չէ, թե կոնկրետ հանցակիցների ո՞ր գործողությունները չեն ներառվել Ա.Բանդուրյանի դիտավորության մեջ, ինչու՞մ է կայացել հանցակիցների սահմանազանցումը, հանցակիցներից կոնկրետ ո՞վ է կատարել սահմանազանցում, ևս վկայում է առաջադրված մեղադրանքների անորոշության, վերացական լինելու և պահանջվող քրեադատավարական չափանիշներին չհամապատասխանելու մասին։

Այսպիսով, դատարանը ևս փաստում է, որ Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, մեղադրանքի ծավալում ներառած մի շարք փաստական հանգամանքներ ապացուցված չեն և չեն կարող դրվել ամբաստանյալ Պ.Իսրայելյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով առաջադրված մեղադրանքի հիմքում, վերջինիս արարքին տրված քրեաիրավական գնահատականը սխալ է։

(…)

Նկատի ունենալով, որ Արմեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքը բացառապես պայմանավորված է գործով մյուս ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքով, իսկ դատարանը գտնում է, որ վերջինիս մեղսագրված արարքն ապացուցված չէ, հետևաբար, դատարանն իմաստազուրկ է համարում հանգամանորեն քննարկել Ա.Գասպարյանի մեղադրանքի ձևակերպումները, այլ ընդամենը փաստում է, որ այն նույնպես անհիմն է (…)։

(…)

[Դ]ատարանն արձանագրում է, որ Արմեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքում ներառած հանգամանքները նույնպես հիմնավորված չեն, պատշաճ ընթացակարգով ձեռք բերված և բավարար ապացույցների համակցությամբ, այդպիսիք իրենց բնույթով ընդամենը ենթադրություններ են, չփարատված կասկածներ, որոնք ի վնաս ամբաստանյալի չեն կարող մեկնաբանվել։

Չնայած ամբաստանյալներ Ալիկ Բանդուրյանի, Պետրոս Իսրայելյանի և Արմեն Գասպարյանի մեղադրանքները ձևակերպելիս չեն պահպանվել քրեադատավարական օրենքի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումների պահանջները, ինչն ամբաստանյալներին զրկել է պատշաճ կերպով իրականացնելու իրենց պաշտպանության իրավունքը, հնարավորություն չի ապահովվել կողմերի դատավարական իրավահավասարությունը՝ սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար, և արդյունքում հանգեցրել արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման, դատարանն այնումենայնիվ գտնում է, որ անհրաժեշտ է առանձին-առանձին վերլուծել մեղադրանքի հիմքում դրված յուրաքանչյուր ապացույց, ինչն անաչառ դիտորդի մոտ ողջամիտ համոզմունք կառաջացնի ամբաստանյալներից ցանկացածին առաջադրված մեղադրանքի ապացուցված կամ չապացուցված լինելու մեջ։

(…)

Ինչ վերաբերում է վարույթն իրականացնող մարմնի կողմից վկայակոչված՝ Արամ Պետրոսյանի սկզբնական ցուցմունքին, ապա նկարագրված դրվագը՝ կապված Մուշեղ Մուշեղյանի կողմից շքամուտքի դուռը բացելու և փախուստի փորձ կատարելու հետ, որից հետո Գևորգ Ավետիսյանը և մի շարք անձինք հարձակվել և սկսել են ծեծի ենթարկել նրան, որևէ էական նշանակություն չունի և չի էլ կարող ունենալ սույն գործով ամբաստանյալին մեղսագրված արարքները հիմնավորելու համար։

(…)

Այսպիսով, մեղադրանքի կողմի ներկայացված ապացույցների (ցուցմունքների) ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համակարգային վերլուծությունն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ամբաստանյալներ Ալիկ Բանդուրյանին, Պետրոս Իսրայելյանին և Արմեն Գասպարյանին մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքները հիմնավորող ոչ մի ապացուցողական նշանակություն ունեցող ցուցմունքներ չկան. Բոլոր ցուցմունքներն ուղիղ կամ անուղղակիորեն ընդամենը վկայում են 2016թ. նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 13 շենքում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում տեղի ունեցած հանցագործության դեպքի մասին, ավելին, վկայում են այն մասին, որ գումարային հարցերի պարզաբանման կապակցությամբ հանդիպման եկած Մուշեղ Մուշեղյանը, հանդիսանալով վեճի, կռվի նախաձեռնող, մոտը եղած «Մակարով» տեսակի ատրճանակից բազմաթիվ կրակոցներ է արձակել նշված վայրում գտնվող Գևորգ Ավետիսյանի և մյուսների ուղղությամբ, որի արդյունքում Գ.Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ Արամ Պետրոսյանն ու Արտակ Նազարյանը որովայնի շրջանում ստացել են հրազենային վնասվածքներ։

(...) [Հ]իմնավորված է նաև, որ Գևորգ Ավետիսյանի՝ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ կատարած բռնի գործողությունները, բացառապես պայմանավորված են եղել վերջինիս վտանգավոր հանցավոր գործողությունները կանխելու միտումով։

(…)

Դատաբժշկական փորձաքննության թիվ 1340 եզրակացությանը դատարանն արդեն իսկ անդրադարձել է, սակայն անհրաժեշտ է համարում կրկին փաստել, որ տվյալ փորձաքննության հետևությամբ հիմնավորված է Մուշեղ Մուշեղյանի կողմից «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած միջադեպի ընթացքում նրան պատճառած մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, ծանրության աստիճանը, պատճառման մեխանիզմը, մահվան պատճառը և դրան առնչվող այլ հարցեր։

Հետևություններով հիմնավորված է նաև, որ Մուշեղ Մուշեղյանի մարմնի վրա հայտնաբերվել է ընդամենը 1 (մեկ) ծակած-կտրած որովայնի խոռոչ թափանցող վիրավորում, որը հետևանք է ծակող-կտրող գործիքի ներգործության, և որովայնի խոռոչի 1 (մեկ) հրազենային գնդակային կույր վիրավորում, որը պատճառվել է գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի ներգործությունից։ Նշված երկու վնասվածքները առանձնացնել հնարավոր չէ, քանի որ ինչպես միասին, այնպես էլ առանձին առանձին կարող էին բերել տրավմատիկ հեմոռագիկ շոկի և նման վնասվածքները կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի հատկանիշներ, որոնք էլ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ մահվան անմիջական պատճառի հետ։

Փաստորեն, տվյալ փորձաքննությամբ հնարավոր չի եղել տարանջատել և կատեգորիկ հետևություն անել, թե ի վերջո նշված երկու վնասվածքներից կոնկրետ որն է բերել տրավմատիկ հեմոռագիգ շոկի և հանգեցրել Մուշեղ Մուշեղյանի մահվանը՝ Գևորգ Ավետիսյանի կողմից գործադրված դանակով հասցված ծակած-կտրած թափանցող վիրավորումը, թե՞ Մուշեղ Մուշեղյանի կողմից անզգուշությամբ ատրճանակից կրակոց արձակելու հետևանքով ինքն իրեն որովայնի խոռոչի շրջանում հասցված հրազենային վիրավորումը։

Փորձաքննությամբ նաև հիմնավորվել է, որ Մուշեղ Մուշեղյանի ստացած մյուս բոլոր վնասվածքները նրա առողջությանը պատճառել են միջին, թեթև, ինչպես նաև թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս, հետևանք են բութ, կոշտ առարկաների ներգործության և նրա մահվան անմիջական պատճառի հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում։

Հատկանշական է, որ համաձայն սույն փորձաքննության հետևության, Մուշեղ Մուշեղյանի մահը վրա է հասել դեպքի հաջորդ օրը՝ 14.11.2016թ. ժամը 23.55-ին։

(…) [Դ]ատաբժշկական փորձաքննության թիվ 1340 եզրակացության համաձայն Մուշեղ Մուշեղյանի առողջությանը պատճառվել է թեթև, միջին, ինչպես նաև ծանր վնաս՝ ծակած-կտրած որովայնի խոռոչ թափանցող և որովայնի խոռոչի հրազենային գնդակային կույր վիրավորումների տեսքով, որոնք էլ հանգեցրել են մահվան, սակայն նման հետևությունը չի նշանակում, որ նշված մարմնական վնասվածքները պատճառողին (կամ պատճառողներին) բացառապես պետք է մեղսագրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված հանցավոր վտանգավոր արարքը։

(...)

Ավելին, փորձագետի թիվ 1340 եզրակացության մի շարք հետևությունները, մասնավորապես Մուշեղ Մուշեղյանին տրավմատիկ հեմոռագիգ շոկի և արդյունքում նրա մահվանը հանգեցրած երկու վնասվածքների տարանջատման անհնարինությունը, վերջինիս մահը միայն դեպքի հաջորդ օրը՝ ժամը 23.55-ին վրա հասնելը, պատճառված վնասվածքների տեղակայումը, ծանրության աստիճանը (բացառությամբ դանակի գործադրմամբ հասցված վնասվածքի) և մահվան բուն պատճառը օբյեկտիվորեն չեն վկայում Մուշեղ Մուշեղյանին սպանելու դիտավորության մասին։

(…)

Ուշագրավ է, որ չնայած սույն գործով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ նշված է, որ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը հանցակիցների կողմից վնասվածքներ են պատճառվել նաև մահակների և բահերի կոթերի գործադրմամբ, սակայն կատարված դեպքի վայրի զննությամբ նման առարկաներ չեն հայտնաբերվել, ինչի մասին է վկայում կազմված արձանագրությունը։

(…) [Դ]ատարանը գտնում է, որ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված և որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված ամփոփագրերը, դրանց զննության մասին կազմված արձանագրությունը, «Ներքին դիտում» ՕՀՄ արդյունքում ձեռք բերված ձայնագրությունը, ամբաստանյալ Ա.Բանդուրյանի ձայնի նմուշի և դրա վերաբերյալ դատաձայնագրային փորձաքննության թիվ 16-3624 եզրակացությունը որպես ապացույց օգտագործելն անթույլատրելի է և այդպիսիք պետք է հանվեն ապացուցողական զամբյուղից։ (…)

Այսպիսով, համակարգային վերլուծության ենթարկելով (…) վկաների ցուցմունքները (այդ թվում դատարանում հրապարակված վկաներ Դ.Հախանումյանի, Ա.Վարդանյանի և Վ.Գասպարյանի նախաքննական ցուցմունքները), այդպիսիք համադրելով նրանց նախաքննական ցուցմունքների, ինչպես նաև գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված թույլատրելի ապացույցների համակցության հետ, դատարանը հանգում է հիմնավոր հետևության, որ այդպիսիք ուղիղ կամ անուղղակիորեն վկայում են 2016թ. նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 13 շենքում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային սենյակում տեղի ունեցած հանցագործության դեպքի մասին, մասնավորապես, որ գումարային հարցերի պարզաբանման նպատակով հանդիպման եկած Մուշեղ Մուշեղյանը, վեճի է բռնվել ներկաների հետ և, հանդիսանալով կռվի նախաձեռնող, մոտը եղած «Մակարով» տեսակի ատրճանակից բազմաթիվ կրակոցներ է արձակել Գևորգ Ավետիսյանի և մյուսների ուղղությամբ, որի արդյունքում Գ.Ավետիսյանը ստացել է 4 /չորս/ հրազենային վնասվածքներ և տեղում մահացել, իսկ Արամ Պետրոսյանն ու Արտակ Նազարյանը հրազենային վնասվածքներ ստացել են որովայնի շրջանում և տեղափոխվել հիվանդանոց։

Դատարանում տված, ինչպես նաև հրապարակված ցուցմունքներով հիմնավորվել է նաև, որ ատրճանակ եղել և առաջինը կիրառվել է Մուշեղ Մուշեղյանի կողմից, որից հետո միայն Գևորգ Ավետիսյանը գործադրել է մոտը եղած դանակը և Մ.Մուշեղյանի որովայնի աջ կեսի հատվածում պատճառել մարմնական վնասվածք, հիմնավորվել է, որ բացի Գևորգ Ավետիսյանից, տվյալ սենյակում գտնվել է նաև ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը, ով մյուս, քննությամբ դեռևս չպարզված այլ հանցակիցների հետ, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը բութ կոշտ առարկաների ներգործությամբ պատճառել է միջին ծանրության, առողջության տևական քայքայումով, թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով և թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ (...), որոնք չեն գտնվում պատճառական կապի մեջ Մ.Մուշեղյանի մահվան անմիջական պատճառի հետ։

(…) [Ա]պացույցներով հաստատված է նաև, որ Գևորգ Ավետիսյանի կողմից Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ դրսևորած բռնի գործողությունները բացառապես պայմանավորված են եղել վերջինիս վտանգավոր հանցավոր գործողությունները կանխելու միտումով։

Այսպիսով, բերված եզրահանգումների հիման վրա դատարանը հիմնավորված է համարում հետևյալ էական փաստական հանգամանքները.

(…)

- (…) ատրճանակն եղել և կիրառվել է Մուշեղ Մուշեղյանի կողմից (ուրիշ որևէ մեկի մոտ հրազենի առկայության մասին փաստական տվյալներ ձեռք չեն բերվել),

- դանակ եղել և գործադրվել է Գևորգ Ավետիսյանի կողմից,

- Գևորգ Ավետիսյանի դանակի գործադրմամբ կատարած գործողությունները ներառված չեն եղել Պետրոս Իսրայելյանի, Ալիկ Բանդուրյանի և մյուսների դիտավորության մեջ,

- Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառվել է դանակի մեկ հարվածի հետևանքով առաջացած ծակած-կտրած որովայնի խոռոչի աջ հատվածը թափանցող վիրավորման և «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված մեկ կրակոցի հետևանքով առաջացած որովայնի խոռոչի հրազենային գնդակային կույր վիրավորման տեսքով, որոնք հանգեցրել են տրավմատիկ հեմոռագիկ շոկի և գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ նրա մահվան անմիջական պատճառի հետ,

- դատաբժշկական փորձաքննությամբ հնարավոր չի եղել տարանջատել և կատեգորիկ հետևություն անել, թե նշված երկու վնասվածքներից կոնկրետ որն է բերել տրավմատիկ հեմոռագիկ շոկի և հանգեցրել Մուշեղ Մուշեղյանի մահվանը,

- Մուշեղ Մուշեղյանին դանակով վիրավորումը հասցրել է Գևորգ Ավետիսյանը,

- Մուշեղ Մուշեղյանը հրազենային գնդակային կույր վիրավորումը ինքն իրեն է պատճառել,

- Մուշեղ Մուշեղյանի մոտ հայտնաբերվել են նաև բութ կոշտ առարկաների ներգործությամբ պատճառված վնասվածքներ՝ միջին ծանրության, առողջության տևական քայքայումով, թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով և թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ (...)։ Այդպիսիք Մուշեղ Մուշեղյանի առողջությանը պատճառել է ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը քննությամբ չպարզված հանցակիցների հետ և դրանք չեն գտնվում պատճառական կապի մեջ Մ.Մուշեղյանի մահվան անմիջական պատճառի հետ,

(…)

- առաջինը հրազեն գործադրվել է Մուշեղ Մուշեղյանի կողմից,

- հանգուցյալ Գևորգ Ավետիսյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, նրա գործողությունները եղել են իրավաչափ,

(…)

- Պետրոս Իսրայելյանի և մյուսների մոտ Մուշեղ Մուշեղյանին սպանելու դիտավորություն չի եղել։

Վերը նշված փաստական հանգամանքներն անհերքելիորեն վկայում են այն մասին, որ Ա.Բանդուրյանին, Պ.Իսրայելյանին և Ա.Գասպարյանին մեղսագրված արարքները հիմնավորված չեն, նրանց գործողություններում բացակայում են մեղսագրված հոդվածների հանցակազմերի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի հատկանիշները, կատարած արարքներին տրված քրեաիրավական գնահատականները սխալ են։

(…) [Հ]արկ է փաստել, որ հիշյալ խոսակցությունների ժամանակ ենթադրաբար Պետրոս Իսրայելյանի կողմից հայտնած էական մի շարք տեղեկություններ ընդհանրապես չեն համապատասխանում դեպքի փաստական հանգամանքներին, այդպիսիք հերքված են նախաքննությամբ ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցներով (այդ թվում փորձագետի մի շարք եզրակացություններով)։

Մասնավորապես, հեռախոսազրույցի ընթացքում Պետրոս Իսրայելյանը հայտնել է, որ Մուշեղ Մուշեղյանը դանակի մի քանի հարված է ստացել, սակայն, ինչպես բազմիցս վերը նշվել է, Մ.Մուշեղյանի մարմնի վրա հայտնաբերվել է դանակի գործադրմամբ հասցված ընդամենը մեկ վիրավորում։

Պետրոս Իսրայելյանը հայտնել է նաև, թե իբր մահակներով և բահերի կոթերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Մուշեղ Մուշեղյանին, սակայն կատարված դեպքի վայրի զննությամբ և բնակարանային խուզարկություններով նման առարկաներ չեն հայտնաբերվել։ (…)

Ավելին, խոսակցություններից մեկի ժամանակ Պետրոս Իսրայելյան համարվող անձը նշում է, որ այնպես են ջարդել Մուշեղ Մուշեղյանի ոտքերը, որ անգամ քայլել չի կարող, սակայն նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետևությունների համաձայն, Մուշեղ Մուշեղյանի մոտ ոտքերի որևէ կոտրվածք չի հայտնաբերվել…

Բերված փաստարկներն ավելի քան բավարար են վկայելու, որ դատարանի կողմից անթույլատրելի ճանաչված «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված և որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված ամփոփագրերը և դրան առնչվող մյուս նյութերը, նույնիսկ թույլատրելի ճանաչելու պարագայում, չէին կարող դրվել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի հիմքում որպես միակ և, ըստ էության, վճռորոշ ապացույց, քանի որ դրանցում նշված փաստական տվյալները օբյեկտիվ իրականությանը չեն համապատասխանել, հերքված են վերը նշված, ինչպես նաև գործով ձեռք բերված թույլատրելի և փոխկապակցված ապացույցների համակցությամբ։ (…)

[Դ]ատարանը գտնում է, որ Ալիկ Բանդուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ 2-րդ մասի 6-րդ կետով, իսկ Արմեն Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքները հիմնավորող բավարար ապացույցներ առկա չեն, այդ հոդվածներով նախատեսված հանցագործություններին ամբաստանյալների մասնակցությունն ապացուցված չէ, ինչի կապակցությամբ պետք է ճանաչել և հռչակել վերջիններիս անմեղությունը մեղսագրված հանցանքների կատարման մեջ՝ հանցակազմի բացակայության հիմքով և կայացնել արդարացման դատավճիռ։

(…) [Դ]ատարանը գտնում է, որ Պետրոս Իսրայելյանի կողմից մի խումբ անձանց հետ միասին Մուշեղ Մուշեղյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելը՝ սպանությունը, ապացուցված չէ, նրան մեղսագրվող արարքը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված արարքին և գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա այն ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (…)»(5)5։

16. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «Դատավճռի վերլուծությունից հետևում է, որ դատարանը հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասում և 121-րդ հոդվածում, որպես ապացույցներ թվարկված են քննչական և դատական գործողությունների արձանագրությունները, իսկ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված և որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված ամփոփագրերը, դրանց զննության մասին կազմված արձանագրությունը, «Ներքին դիտում» ՕՀՄ արդյունքում ձեռք բերված ձայնագրությունը, որպես ապացույցի առանձին տեսակ նախատեսված չեն, հետևաբար քրեական դատավարությունում որպես ապացույց անթույլատրելի են: Դրա հիման վրա՝ Առաջին ատյանի դատարանը նաև անթույլատրելի է ճանաչել ամբաստանյալ Ա.Բանդուրյանի ձայնի նմուշի և դրա վերաբերյալ դատաձայնագրային փորձաքննության թիվ 16-3624 եզրակացությունը՝ հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՔՐԴ/0295/01/08 որոշմամբ ձևավորած «թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» հայեցակարգը:

Դատարանը ամբաստանյալ Ա.Բանդուրյանի ձայնի նմուշի և դրա վերաբերյալ դատաձայնագրային փորձաքննության թիվ 16-3624 եզրակացությունն անթույլատրելի է ճանաչել նաև այն պատճառաբանությամբ, որ «Ներքին դիտում» ՕՀՄ-ն Ա.Բանդուրյանի նկատմամբ կատարվել է վերջինի ձայնի նմուշները ստանալու նպատակով, մինչդեռ, ըստ դատարանի, այն նման նպատակ չի հետապնդում, ուստի անթույլատրելի է նաև այս առումով: Առաջին ատյանի դատարանը նաև գտել է, որ «Ներքին դիտում» ՕՀՄ-ի արդյունքում ստացված տեղեկությունները կարող էին ձեռք բերվել նաև օրենքով սահմանված այլ եղանակներով, մասնավորապես «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» կամ «համեմատական հետազոտումների նմուշների հավաքում» ՕՀՄ-ների միջոցով` պահպանելով դրանց իրականացման համար «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգը, հետևաբար այս առումով ևս դրանք անթույլատրելի են:

Չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ պատճառաբանություններին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դատարանի ենթադրությունն է այն, որ «Ներքին դիտում» ՕՀՄ-ն Ա.Բանդուրյանի նկատմամբ իրականացվել է ոչ այն նպատակով, ինչի համար նախատեսված է օրենքով, քանի որ դատարանն այդ հետևությունը հիմնավորելու համար որևէ փաստական հիմք չի նշել, իսկ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ այն համապատասխանում է օրենքով հետապնդվող նպատակին: Հետևաբար այս առումով Վերաքննիչ դատարանը միանշանակ համամիտ է դատախազի կողմից բողոքում բերված պատճառաբանություններին և դրանք հիմք է ընդունում (տե՛ս դատախազի բողոքի համապատասխան մասը):

Վերաքննիչ դատարանը համամիտ չէ նաև Առաջին ատյանի դատարանի այն պնդմանը, որ «Ներքին դիտում» ՕՀՄ-ի արդյունքում ստացված տեղեկությունները կարող էին ձեռք բերվել նաև օրենքով սահմանված այլ եղանակներով, մասնավորապես «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» կամ «համեմատական հետազոտումների նմուշների հավաքում» ՕՀՄ-ների միջոցով, քանի որ այդ միջոցառումների կարգը սահմանող նորմերի վերլուծությունից հետևում է, որ դրանք հետապնդում են այլ նպատակներ, հետևաբար չէին կարող փոխարինել «Ներքին դիտում» ՕՀՄ-ին:

(…) [Ս]ույն դեպքում Ա.Բանդուրյանի նկատմամբ իրականացված «Ներքին դիտում» ՕՀՄ-ի արդյունքում ստացված և որպես ապացույց օգտագործվող տեղեկություններն այնպիսին են, որոնք չէին կարող ձեռք բերվել ինչպես «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը», այնպես էլ «Համեմատական հետազոտությունների համար նմուշների հավաքումը» միջոցառումների արդյունքում:

Ա.Բանդուրյանի նկատմամբ իրականացված «Ներքին դիտում» ՕՀՄ-ի արդյունքում ստացված և որպես ապացույց օգտագործվող տեղեկությունները համադրելով ՕՀԳ մասին օրենքի 22-րդ հոդվածում սահմանված «Ներքին դիտում» միջոցառման օրենսդրական կարգավորմանը՝ պարզ է դառնում, որ սույն դեպքում այն համապատասխանել է ինչպես այդ միջոցառման իրականացման նպատակի, այնպես էլ դրա արդյունքում ակնկալվող ստացվելիք տվյալի, դրա արձանագրման եղանակի և իրականացման կարգի չափանիշներին:

Վերոգրյալի պայմաններում՝ խոսք լինել չի կարող ամբաստանյալ Ա.Բանդուրյանի ձայնի նմուշի և դրա վերաբերյալ դատաձայնագրային փորձաքննության թիվ 16-3624 եզրակացությունը «թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» հայեցակարգի հիմքով անթույլատրելի ճանաչելու մասին, ուստի Վերաքննիչ դատարանը դրանք գնահատում է որպես թույլատրելի ապացույցներ:

Անդրադառնալով դատարանի այն պատճառաբանություններին, որ «Նախ, հարկ է փաստել, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի, քրեական դատավարությունում որպես ապացույցներ թույլատրվում են քննչական և դատական գործողությունների արձանագրությունները, իսկ ինչ վերաբերում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներին, ապա այդպիսիք հիշատակված հոդվածում որպես թույլատրելի ապացույց նշված չեն: (...) [Ք]րեական դատավարությունում որպես ապացույց կարող են օգտագործվել բացառապես որպես քննչական գործողություն կատարված հեռախոսային խոսակցությունների լսման արդյունքները, իսկ որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկման արդյունքները որպես ապացույցի առանձին տեսակ նախատեսված չեն, հետևաբար սույն գործով ամբաստանյալ Ա.Գասպարյանի հեռախոսահամարների նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» ՕՀՄ իրականացման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները (ամփոփագրերը), ըստ էության, քրեական դատավարությունում որպես ապացույց անթույլատրելի են»` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, նման պատճառաբանություններով անթույլատրելի ճանաչելով ՕՀՄ արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները, թույլ է տվել դատական սխալ և ակնհայտ անհիմն կերպով քրեական գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույցները ճանաչել է անթույլատրելի և հանել է ապացուցողական զանգվածից:

Վերաքննիչ դատարանը համաձայն է Առաջին ատյանի դատարանի այն դիտարկմանը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասում և «Ապացույցների տեսակները» վերտառությամբ 15-րդ գլխում զետեղված նորմերում նախատեսված չեն «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» կամ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները վերտառությամբ ապացույցի ինքնուրույն տեսակ, սակայն դա չի նշանակում, որ այդ պատճառաբանությամբ քննարկվող ՕՀՄ արդյունքները դառնում են անթույլատրելի, հատկապես, որ սույն գործով նախաքննության մարմինը վերոնշյալ ՕՀՄ արդյունքները ճանաչել է որպես «այլ փաստաթուղթ» և ըստ այդմ օգտագործել որպես ապացույց:

Սակայն այստեղ խնդիրն այն է, որ Առաջին ատյանի դատարանն առհասարակ բացառել է ՕՀՄ արդյունքները քրեական դատավարությունում որպես ապացույց օգտագործելու հնարավորությունը, ինչն իրավաչափ չէ (…):

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՕՀՄ արդյունքները քրեական դատավարությունում որպես ապացույց օգտագործելու համար առկա են բավարար իրավական հիմքեր, որոնք դատարանի կողմից հաշվի չեն առնվել և արդյունքում թույլ է տրվել դատական սխալ:

(…)

ՕՀԳ մասին օրենքը, որը հանդիսանում է քրեական գործերով վարույթի կարգը սահմանող ինքնուրույն իրավական ակտ և, որն ընդունվել է քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա, հստակ և աներկբայորեն սահմանում է, որ այդ օրենքով նախատեսված միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալները հանդիսանում են քրեադատավարական ապացույցներ, եթե, իհարկե, համապատասխանում են օրենքով նախատեսված չափանիշներին: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ապացույցի ինչ տեսակի մասին է խոսքը, ապա Վերաքննիչ դատարանի գնահատմամբ այդ հարցի լուծումը կախված է կոնկրետ ՕՀՄ արդյունքներից և լուծվում են կոնկրետ գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից, դրանք կարող են լինել իրեղեն ապացույցի տեսքով կամ այլ փաստաթղթի: (…)

Վերաքննիչ դատարանի հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ՕՀՄ արդյունքները, չլինելով նախատեսված հենց քրեական դատավարության օրենսգրքում, այդուհանդերձ նախատեսված են դրան համապատասխան ընդունված և քրեական գործերով վարույթի կարգը սահմանող օրենքով, որը համապատասխանում է իրավական որոշակիության, հստակության, մատչելիության և կանխատեսելիության սկզբունքներին և դրանով իսկ չեն հանգեցնում անձի իրավունքների և օրինական շահերի խախտման, կամ անձին ՀՀ Սահմանադրությամբ և ՄԻԵԿ-ով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խաթարմանը: (…)

Այլ կերպ ասած՝ քանի որ ՕՀԳ մասին օրենքը համապատասխանում է իրավական որոշակիության, հստակության, մատչելիության և կանխատեսելիության սկզբունքներին, որը ևս սահմանում է քրեական վարույթի կարգը (այսինքն՝ հանդիսանում է քրեական դատավարության նորմատիվ հիմքերից մեկը), ուստի անձը կարող էր ողջամտորեն կանխատեսել, որ հնարավոր է իր նկատմամբ իրականացվի ՕՀՄ և դրա արդյունքները, որպես ապացույց օգտագործվեն իր դեմ, հետևաբար, անկախ նրանից, թե ֆիզիկական առումով ՕՀՄ արդյունքները որպես ապացույց օգտագործելու մասին նորմատիվ պատվիրանը գտնվում է քրեական դատավարության օրենսգրքում, թե ՕՀԳ մասին օրենքում, այն չի խախտում անձի հիմնական իրավունքները, չի խաթարում նրա արդար դատաքննության իրավունքը, ուստի դրա ուժով կարող է օգտագործվել որպես ապացույց, եթե կհիմնավորվի, որ ձեռք է բերվել ՕՀԳ մասին օրենքով սահմանված կարգին համապատասխան:

Անդրադառնալով սույն գործին և վերոգրյալ իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով դատարանի կողմից անթույլատրելի ճանաչված՝ Ա.Գասպարյանի կողմից օգտագործվող 099-47-02-09 և 098-47-02-09 բջջային հեռախոսահամարների նկատմամբ իրականացված «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» ՕՀՄ արդյունքները Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածին և ՕՀԳ մասին օրենքի 1-ին, 2-րդ և 40-րդ հոդվածների պահանջներին, ինչը նշանակում է, որ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

Գործի նյութերից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը բավարարվել և թույլատրվել է երկու ամիս ժամանակով «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» ՕՀՄ իրականացնել Ա.Գասպարյանի կողմից օգտագործվող 099-47-02-09 և 098-47-02-09 բջջային հեռախոսահամարների նկատմամբ: 2016 թվականի նոյեմբերի 16-ին կազմվել է «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» ՕՀՄ արդյունքում ձեռք բերված հեռախոսային խոսակցությունների ամփոփագրերի զննության արձանագրություն, իսկ վարույթն իրականացնող մարմնի 2017 թվականի մարտի 07-ի որոշմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» ՕՀՄ արդյունքում ձեռք բերված ամփոփագրերը և հեռախոսային խոսակցությունների լազերային սկավառակը ճանաչվել են այլ փաստաթուղթ և կցվել քրեական գործի նյութերին:

Այսինքն՝ հիշյալ ապացույցը ձեռք բերելիս պահպանվել են ՕՀԳ մասին օրենքի 26-րդ, 31-րդ, 32-րդ, 34-րդ և այլ նորմերի պահանջները, որոնց համապատասխան պետք է իրականացվեր կոնկրետ օպերատիվ-հետախուզական միջոցառում «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» ՕՀՄ-ն, իսկ 40-րդ հոդվածի համապատասխան իրականացվել է դրա արդյունքների ամրագրումը, հետևաբար ակնհայտ է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից ակնհայտ անհիմն կերպով վերոնշյալ ապացույցը ճանաչվել է անթույլատրելի և հանվել է ապացույցների զանգվածից:

Անդրադառնալով «Ներքին դիտում» ՕՀՄ արդյունքների որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիության հարցին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոնշյալ պատճառաբանությունների համատեքստում վերջինները նույնպես թույլատրելի են:

Իսկ ինչ վերաբերում է դատաձայնագրային փորձաքննության թիվ 16-3624 եզրակացությունն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից փորձագիտական հիմնարկին որպես ազատ նմուշներ (ոչ թե փորձարարական) տրամադրվել են ինչպես «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձայնագրությունները, այնպես էլ ամբաստանյալների մասնակցությամբ տեղի ունեցած քննչական և դատական գործողությունների ընթացքում կատարված ձայնագրությունները: Ընդ որում, ամբաստանյալ Պ.Իսրայելյանի ձայնի նույնականացման համար հիմք է ծառայել վերջինի մասնակցությամբ կատարված դատական նիստերի ձայնագրումները, իսկ քրեադատավարական օրենսդրությունն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները որպես ձայնի ազատ նմուշ օգտագործելու և փորձագետին տրամադրելու որևէ օրենսդրական սահմանափակում չի նախատեսում, ուստի այս մասով Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները ևս անհիմն են և առարկայազուրկ:

(…) Վերաքննիչ դատարանը վերահաստատում է Առաջին ատյանի դատարանի իրավական դիրքորոշումն առ այն, որ Պ.Իսրայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով առաջադրված մեղադրանքը բավարար չափով հստակ չէ:

Մասնավորապես Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործով ձեռք բերված հավաստի, վերաբերելի և թույլատրելի ապացույցների բավարար համակցությունը թույլ է տալիս հիմնավորված եզրակացության հանգելու առ այն, որ`

- (…) Դեպքի վայրում եղել են Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, Արամ Պետրոսյանը, Արտակ Նազարյանը, Գոռ Իսրայելյանը, Արսեն Սիմոնյանը, Արման Հարությունյանը և Մուշեղ Մուշեղյանը, իսկ մյուս անձանց ինքնությունները հնարավոր չի եղել պարզել: Ամբաստանյալ Պ.Իսրայելյանի և տուժող Մ.Մուշեղյանի միջև եղել են լարված հարաբերություններ և ըստ էության հանդիպման հիմնական նպատակը եղել է «ինքնասիրության հարցի» վերաճած վեճի լուծումը:

- Ամբաստանյալ Պ.Իսրայելյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ նշված է, որ «..Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ դեռևս չպարզված անձինք, նախապես պայմանավորվելով Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելը համատեղ կատարելու մասին, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով, սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել…»: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանի համար ընդունելի են Առաջին ատյանի դատարանի հիմնավորումներն այն մասին, որ մեղադրանքի ձևակերպման մեջ հստակեցված չէ, թե դեպքի հնարավոր մասնակիցներից ով ինչ գործողություններ է կատարել, ինչում են դրանք դրսևորվել: Բացի այդ, սույն քրեական գործի շրջանակներում ձեռք չի բերվել որևէ փաստական տվյալ (այդ թվում կատարված դեպքի վայրի զննությամբ և խուզարկություններով) այն մասին, որ տուժող Մ.Մուշեղյանին ծեծի ենթարկելու ընթացքում գործադրվել են մեղադրանքի ձևակերպման մեջ նշված բահերի կոթեր կամ մահակներ:

- Ինչ վերաբերում է սուր կտրող-ծակող գործիքով տուժողին վնաս պատճառելու հանգամանքին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի ձևակերպման մեջ նաև նշվել է, որ «...Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ, այդ թվում՝ սուր կտրող-ծակող գործիքներով հասցնելուց հետո, վերջինը զինված դիմադրություն է ցուցաբերել՝ մոտը եղած ատրճանակով կրակոցներ է արձակել և վերջինի նշված դիմադրությունը հաղթահարելու նպատակով, այդ ժամանակ Պետրոս Իսրայելյանի և մյուսների մոտ ծագել է Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորություն և այն «…ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար նրան ուղղակի դիտավորությամբ զրկել են կյանքից՝ հասցնելով որովայնի աջ կեսի կողմնային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածք...»:

Մեղադրանքի հիշյալ ձևակերպումից պարզ է դառնում, որ Մուշեղ Մուշեղյանին սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ են պատճառվել ինչպես մինչև վերջինի կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ արձակելը, այնպես էլ կրակոցներ արձակելուց հետո (երբ, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանի և մյուսների մոտ ծագել է Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորություն): Սակայն Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ դատաբժշկական փորձաքննության թիվ 1340 եզրակացության համաձայն` Մուշեղ Մուշեղյանը ստացել է կտրող-ծակող գործիքով պատճառված միայն մեկ վնասվածք` որովայնի աջ կեսի կողմնային պատի ծակած-կտրած թափանցող վիրավորում, որպիսին ըստ մեղադրանքի, այլ վնասվածքների հետ մեկտեղ պատճառվել է Մ.Մուշեղյանին կյանքից զրկելու նպատակով: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման հակասությունների առկայության պարագայում նշված մասով մեղադրանքը հիմնավորված չի կարող համարվել: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն նշել է, որ մեղադրանքի ձևակերպումից հասկանալի չէ, թե «կտրող-ծակող գործիքների, բահերի կոթերի և այլ առարկաների» գործադրման արդյունքում ի՞նչ մարմնական վնասվածքներ է ստացել Մ.Մուշեղյանը, արդյոք այդպիսիք ընդհանրապես առաջացել են, եթե ըստ մեղադրանքի թիվ 1340 դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրված բոլոր մարմնական վնասվածքները պատճառվել են տուժողին սպանելու նպատակով:

- Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ըստ ամբաստանյալ Պ.Իսրայելյանին առաջադրված մեղադրանքի` վերջինի և մյուսների մոտ Մ.Մուշեղյանին սպանելու դիտավորություն առաջացել է Մուշեղ Մուշեղյանի կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում զինված դիմադրություն ցուցաբերելուց հետո: (…)

Մինչդեռ տվյալ դեպքում դեպքին ականատես վկաների ցուցմունքների համալիր վերլուծությունը հնարավորություն է տալիս հիմնավորված հետևության հանգելու առ այն, որ Մուշեղ Մուշեղյանն է եղել կռվի նախաձեռնողը: Մասնավորապես` Մուշեղ Մուշեղյանի և Գ.Ավետիսյանի միջև առաջացել է վեճ` կապված Գ.Ավետիսյանի կողմից տուժողին իրեն կարգի հրավիրելու նկատողություն անելու հետ, որից հետո Մ.Մուշեղյանն իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակից (հանդիպման հնարավոր մասնակիցներից որևէ մեկի մոտ հրազենի առկայության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել) կրակոցներ է արձակել Գևորգ Ավետիսյանի և մյուսների ուղղությամբ (Գ.Ավետիսյանը ստացել է չորս հրազենային վնասվածք, իսկ Ա.Պետրոսյանը և Ա.Նազարյանը ևս ստացել են հրազենային վնասվածքներ որովայնի շրջանում): Իր ուղղությամբ կրակոցներ արձակելուց հետո է միայն Գ.Ավետիսյանն ի պատասխան Մ.Մուշեղյանի գործողությունների գործադրել իր մոտ պահվող դանակը և տուժող Մ.Մուշեղյանին պատճառել որովայնի աջ կեսի կողմնային պատի ծակած-կտրած թափանցող վիրավորում: Այսինքն` քննարկվող դեպքում անհրաժեշտ պաշտպանության վիճակ ըստ էության առկա չի եղել, քանի որ ինքնին բացակայել է հանրության համար վտանգավոր ոտնձգությունը, առկա չի եղել տուժողի կյանքին կամ առողջությանը սպառնացող այնպիսի վտանգ, ինչի կապակցությամբ Մ.Մուշեղյանը բազմաթիվ կրակոցներ է արձակել: Առկա պայմաններում Վերաքննիչ դատարանի համար ընդունելի են Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ Մ.Մուշեղյանն ըստ էության անհրաժեշտ պաշտպանության վիճակում չի գտնվել, և մեղադրանքն այդ մասով ևս անհիմն է:

(...)

Դատաբժշկական փորձաքննության թիվ 1340 եզրակացության արդյունքները գնահատելով վերը նշված պատճառաբանությունների լույսի ներքո` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Մ.Մուշեղյանի նկատմամբ որոշակի բռնի գործողություններ, որոնց արդյունքում վերջինի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս, կատարվել են Մ.Մուշեղյանի կողմից կրակոցներ արձակելու, ատրճանակը գործադրելուց հետո միայն: Այս առումով Վերաքննիչ դատարանի համար ընդունելի են Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ Մ.Մուշեղյանի առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառել Պ.Իսրայելյանը` քննությամբ դեռևս չպարզված այլ հանցակիցների հետ, ինչը հաստատվում է ինչպես գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցներով, այնպես էլ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» ՕՀՄ արդյունքներով: Ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնավոր են Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները` Պ.Իսրայելյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության մասին (…):

(…)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով, առավելապես հեռախոսային խոսակցությունների վերահսկում ՕՀՄ միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներով, հիմնավորվում է, որ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի մոտ արդեն իսկ ձևավորված է եղել վճռականություն տուժող Մուշեղ Մուշեղյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ, որն ինքնին բացառում է ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի կողմից Պետրոս Իսրայելյանին հանցանք կատարելուն դրդելը: Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով`

- գործով ձեռք բերված ապացույցների և ամբաստանյալներ Ա.Բանդուրյանի և Պ.Իսրայելյանի միջև կատարված հեռախոսային խոսակցությունների ընդհանուր բովանդակությունից բխում է, որ ամբաստանյալ Պ.Իսրայելյանի և տուժող Մ.Մուշեղյանի միջև եղել են լարված հարաբերություններ` կապված Ա.Վարդանյանի և Վ.Մինասյանի միջև առկա գումարային հարցի հետ, որը վերաճել էր «ինքնասիրության հարցի»: Մասնավորապես Պ.Իսրայելյանը նշել է, որ «… էն մեր Արամիկին ասի հելի գնա տղերքի հետ առանձին զանգի էդ Մուշոյին, ասա` արա, ուզեցել ես Գեղամին տենաս, շեշտել ես` ինքնասիրության հարցա, հենց հմի քեզ ենք սպասում, արի կամ տեղդ ասա գալիս ենք, էս Մուշոն բա` հեսա զանգեմ, հեսա զանգեմ...»: Այսինքն` Պ.Իսրայելյանը փորձել է հանդիպել Մ.Մուշեղյանի հետ, սակայն վերջինը խուսափել է հանդիպելուց, որի մասին էլ ամբաստանյալ Պ.Իսրայելյանը տեղեկացրել է Ա.Բանդուրյանին: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում մեղադրողի վերաքննիչ բողոքի պատճառաբանություններն այն մասին, որ Ա.Բանդուրյանը Պ.Իսրայելյանի հետ տուժող Մ.Մուշեղյանին հանդիպելու պայմանավորվածություն է ունեցել, քանի որ հեռախոսային խոսակցության ընդհանուր բովանդակությունը ցույց է տալիս, որ Ա.Բանդուրյանը Մ.Մուշեղյանի հետ հնարավոր հանդիպման մանրամասների մասին տեղեկանում է հենց ամբաստանյալ Պ.Իսրայելյանից:

Հեռախոսային խոսակցության ընթացքում Պ.Իսրայելյանը նշել է, որ «… հիմի սրան [Մուշեղ Մուշեղյանին] որտեղ էլ տենամ, ախպեր ջան, լխկելու եմ, ախպեր, համ քու տեղը, համ իմ տեղը, համ սաղի տեղը, ախպեր...», «… պա լյուբոմու տփելու ենք...»: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, խոսակցության սկզբում Պետրոս Իսրայելյանի կողմից արված արտահայտությունները` Մուշեղ Մուշեղյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ, արդեն իսկ հիմք են տալիս ողջամտորեն ենթադրելու, որ Պետրոս Իսրայելյանի մոտ արդեն իսկ ձևավորված է եղել տուժողին ծեծի ենթարկելու դիտավորություն:

- Ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը միայն Պետրոս Իսրայելյանի նշածներին ի պատասխան է հայտնում, որ Մ.Մուշեղյանին «պետք է բիտեքով ծեծել, որպես թշնամու»: Ինչ վերաբերում է մեղադրողի վերաքննիչ բողոքի հիմնավորումներին առ այն, որ ամբաստանյալների միջև տեղի ունեցող խոսակցության վերլուծությունից ակնհայտ է, որ Ա.Բանդուրյանը Պ.Իսրայելյանին համոզում է ոչ այնքան Մ.Մուշեղյանին ընդհանրապես հարվածել-չհարվածելը, որքան նրա նկատմամբ բռնություն գործադրելու ձևը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրդչության` որպես հանցակցության տեսակի «նպատակը» հանցավորի մոտ որոշակի հանցագործություն կատարելու դիտավորություն առաջացնելն է, որպիսին քննարկվող դեպքում բացակայում է: Այլ կերպ` ամբաստանյալներ Ա.Բանդուրյանի և Պ.Իսրայելյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ընդհանուր վերլուծությունից ակնհայտ է, որ դրա ամբողջ ընթացքում Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանի մոտ ոչ թե առաջացրել է հանցանքը կատարելու դիտավորություն ու վճռականություն և վերջինի` «մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու» հորդորներն ըստ էության ուղղված են եղել ոչ թե ամբաստանյալ Պ.Իսրայելյանի կամքի և գիտակցության վրա ազդելուն, այլ հանդես են եկել որպես Պ.Իսրայելյանի մատնանշած հանգամանքների պատասխաններ` տուժողին ծեծի ենթարկելու վերաբերյալ: Իսկ բռնության գործադրման ձևը «համոզելը», Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, Ա.Բանդուրյանի գործողություններում դրդչության հատկանիշների առկայությունը հիմնավորելու համար էական նշանակություն չի կարող ունենալ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը վերահաստատում է Առաջին ատյանի դատարանի իրավական դիրքորոշումն այն մասին, որ Ա.Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը` Պ.Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը վնաս պատճառելուն դրդելու մասով, անհիմն է, իսկ մեղադրողի վերաքննիչ բողոքի պատճառաբանությունները հերքվում են առկա փաստական տվյալների բավարար համակցությամբ:

Դրա հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Ա.Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «...Պետրոս Իսրայելյանի խնդրանքով նա օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ Մուշեղյանի հետ դեպքի վայրում գտնվող քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանից պահանջելով հեռանալ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 13-րդ շենքում գործող գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելու, Մ.Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպատակով, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով, ինչի արդյունքում Վիրաբ Գասպարյանը և իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից...»:

(…)

Առաջին ատյանի դատարանը գտել է, որ նշված մասով ամբաստանյալ Ա.Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ: Սակայն մեղադրանքի նշված մասի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը փաստում է հետևյալը.

- նույն «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» ՕՀՄ արդյունքների համաձայն` ամբաստանյալներ Ա.Բանդուրյանի և Պ.Իսրայելյանի միջև տեղի ունեցող խոսակցությունները վերաբերում են նաև տուժող Մուշեղ Մուշեղյանի կողմից հանդես եկող Վիրաբ Գասպարյանին դեպքի վայրից հեռացնելուն: Մասնավորապես ամբաստանյալ Պ.Իսրայելյանը նշում է` «Հլը մի հատ Վիրաբիկին խաբար արեք, ախպեր ջան, ասեք «հելի մեջից», կամ էլ ես պրյամոյ հեսա կասեմ «մեջից հելի, ախպեր», ինչին ի պատասխան Ա.Բանդուրյանը նշում է, որ զանգահարում է «Զապին»` Անդրանիկ Սողոյանին, Վիրաբ Գասպարյանին հանդիպման վայրից հեռացնելու համար:

Ընդ որում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ խոսակցության ընդհանուր բովանդակությունից բխում է, որ Վիրաբ Գասպարյանին հանդիպման վայրից հեռացնելն ամբաստանյալների կողմից դիտվում է որպես բարենպաստ պայման հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար: Իսկ Ա.Բանդուրյանի` խոչընդոտները վերացնելու` Վիրաբ Գասպարյանին հանդիպման վայրից հեռացնելու եղանակով Պ.Իսրայելյանի կողմից կատարվող ենթադրյալ հանցավոր արարքին մասնակցելու դիտավորության մասին վկայում են Ա.Բանդուրյանի գործողությունները` Անդրանիկ Սողոյանին զանգահարելը, մասնավորապես` խոսակցության ընթացքում Պ.Իսրայելյանը միայն նշում է Վ.Գասպարյանին հանդիպման վայրից հեռացնելու անհրաժեշտության մասին, և Ա.Բանդուրյանն էլ հիշյալ խնդրանքին ի պատասխան իր իսկ նախաձեռնությամբ զանգահարում է Ա.Սողոյանին («Զապին»): Ուստի Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում, որ Ա.Բանդուրյանն օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ Մուշեղյանի հետ դեպքի վայրում գտնվող քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանից պահանջելով հեռանալ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 13-րդ շենքում գործող գեղեցկության սրահի նկուղային հարկից, ինչի արդյունքում Վիրաբ Գասպարյանը և իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից:

Վերը նշված պատճառաբանությունների համատեքստում և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պ.Իսրայելյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի արարքը ենթակա է վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 38-113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (չկոնկրետացված դիտավորության կանոններով՝ ըստ փաստացի վրա հասած հետևանքի)` հաշվի առնելով վերը նշված պատճառաբանությունները:

(…) [Ս]ույն դեպքում ամբաստանյալ Ա.Գասպարյանին առաջադրված մեղադրանքը պայմանավորված է գործով մյուս ամբաստանյալ Ա.Բանդուրյանին առաջադրված մեղադրանքով, իսկ Ա.Բանդուրյանը ենթակա է քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 38-113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (միջին ծանրության հանցագործություն), Վերաքննիչ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ Ա.Գասպարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ մեղադրողի վերաքննիչ բողոքում առկա փաստարկներին և գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններն այս մասով բավարար չափով հիմնավորված են և փաստարկված (…)»(6)6։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալներ Պ.Իսրայելյանին և Ա.Բանդուրյանին մեղսագրված արարքները վերաորակելու, իսկ ամբաստանյալ Ա.Գասպարյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու առնչությամբ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

18. ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:

2. Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ (…):

(…)

4. Դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշ անձի դրդել է հանցանք կատարելու՝ համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով:

5. Օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները»:

18.1. Վճռաբեկ դատարանը Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները«(…) ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ հանցակցությանը բնորոշ են 3 հատկանիշ

1. հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից

2. գործողությունների համատեղությունը

3. հանցակցության դիտավորյալ բնույթը

Հանցակցության առաջին օբյեկտիվ հատկանիշը՝ հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից, արտահայտվում է այն բանում, որ հանցագործությունը պետք է կատարեն հանցագործության սուբյեկտ հանդիսացող երկու կամ մի քանի անձ։ Հանցակիցներ կարող են լինել քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հասած մեղսունակ ֆիզիկական անձինք։ Հանցակցության համար անհրաժեշտ է հանցագործության սուբյեկտի բոլոր հատկանիշներով օժտված ոչ պակաս երկու անձի առկայությունը։

Հանցակցության մյուս օբյեկտիվ հատկանիշը՝ հանցակիցների գործունեության համատեղությունը, նշանակում է, որ հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրի գործողությունները փոխադարձ լրացնում են միմյանց և ուղղված են կոնկրետ հանցանքի կատարմանը։ Հանցակիցները, միացնելով իրենց համատեղ ջանքերը, ձգտում են միասնական արդյունքի, և դրա համար յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում ընդհանուր գործում։

Հանցակցության վերջին հատկանիշը գործունեության դիտավորյալ բնույթն է։ ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածը, որը տալիս է հանցակցության հասկացությունը, կոնկրետ մատնանշում է անձանց դիտավորյալ մասնակցությունը դիտավորյալ հանցագործության կատարմանը։ Հանցակցության նման բնորոշումը հստակ ընդգծում է, որ անձինք գործում են միայն դիտավորյալ մեղքով և միայն դիտավորյալ հանցագործություններում։

(…) Եթե կատարողները երկու կամ ավելի անձիք են, ապա այդպիսի հանցակցությունը կոչվում է համակատարում, որի դեպքում հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է կատարի հանցագործության օբյեկտիվ կողմը։ Համակատարում նշանակում է, որ երկու կամ ավելի անձինք անմիջականորեն կատարում են հանցագործության օբյեկտիվ կողմը։

Համակատարում չէ հանցագործությանը այնպիսի մասնակցությունը, երբ անձանցից մեկը տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը հանդիսացող ոչ մի գործողություն չի կատարել, այլ միայն օժանդակել է հանցագործությանը։

(…) Ընդ որում, սուբյեկտիվ կողմից օժանդակությունը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ. հանցավորը գիտակցում է, որ ինքը մասնակցում է կատարողի կողմից իրականացվող հանցագործությանը և ցանկանում է մասնակցել։

Օժանդակողը կատարողից տարբերվում է այն բանով, որ նա հանցագործության օբյեկտիվ կողմն անմիջականորեն չի կատարում, այլ կամ հանցագործությունը նախապատրաստելու պրոցեսում, կամ դրա ավարտման փուլում կատարողին օգնություն է ցույց տալիս հանցագործության ավարտման ռեալ (իրական) հնարավորություններ ստեղծելու միջոցով։

Օժանդակողը հանցագործության անմիջական կատարմանը չի մասնակցում, այլ տրամադրելով հանցագործության կատարման համար անհրաժեշտ միջոցներ կամ գործիքներ, վերացնելով խոչընդոտները և այլն, օգնում է կատարողին իրականացնել հանցակիցների դիտավորությունը (…)» (7)7։

19. ՀՀ քրեական օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝  «1. Հանցակցի սահմանազանցում է համարվում անձի կողմից այնպիսի հանցանք կատարելը, որը չի ընդգրկվում մյուս հանցակիցների դիտավորությամբ:

2. Հանցակցի սահմանազանցման համար մյուս հանցակիցները պատասխանատվություն չեն կրում»:

19.1. Վճռաբեկ դատարանը Արամ Միքայելյանի և Արայիկ Վաղարշակյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները․ «(…) [Հ]անցակցի քրեական պատասխանատվության հիմքում ընկած է ոչ միայն նրա և կատարողի արարքի միջև պատճառական կապի առկայությունը, այլ նաև նրա կողմից կատարողի արարքի և դրա հետևանքների նկատմամբ որոշակի գիտակցական-կամային վերաբերմունք դրսևորելը։

Այսպես` հանցակցության սուբյեկտիվ կողմը նախատեսում է մեղքի բացառապես դիտավորյալ ձև, ընդ որում, որոշակի հանցանքի կատարմանն այլ անձանց հետ համատեղ մասնակցելու դիտավորությունն արտահայտվում է միայն ուղղակի ձևով, իսկ հանցագործության վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորվող դիտավորյալ մեղքի տեսակը կարող է լինել և՛ ուղղակի, և՛ անուղղակի։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցակցության սուբյեկտիվ կողմին բնորոշ է այն, որ յուրաքանչյուր հանցակից պետք է`

1) գիտակցի, որ համատեղ գործում է կատարողի կամ այլ հանցակցի հետ.

2) գիտակցի, որ իր արարքն անհրաժեշտ պայման է մյուս հանցակցի կողմից արարք կատարելու համար և ցանկանա համատեղ մասնակցել հանցագործությանը.

3) նյութական հանցակազմի դեպքում նախատեսի հանրորեն վտանգավոր հետևանքը և ցանկանա կամ գիտակցաբար թույլ տա դրա առաջացումը։

ՀՀ քրեական օրենսգրքի 40-րդ հոդվածն ամրագրում է հանցակցի սահմանազանցում (էքսցես) հասկացության քրեաիրավական բնութագիրը, ինչպես նաև սահմանազանցման դեպքում մյուս հանցակիցների պատասխանատվության կարգը։ Հիշատակված իրավանորմի վերլուծությունից բխում է, որ հանցակցի սահմանազանցում ասելով պետք է հասկանալ մի հանցակցի կողմից այնպիսի արարքի կատարում, որը թեպետ մյուս հանցակիցների գործողությունների հետ գտնվում է օբյեկտիվ պատճառական կապի մեջ, բայց չի ներառվել նրանց ընդհանուր դիտավորության մեջ, բնութագրվում է առավել բարձր կամ ցածր հանրային վտանգավորությամբ, քան այն արարքը, որը նախապես որոշվել էր, և ենթակա է մեղսագրման միայն դա կատարողին։

Հանցակցի սահմանազանցումը լինում է երկու տեսակ` քանակական և որակական։ Քանակական սահմանազանցման դեպքում կատարողը վնաս է հասցնում այն օբյեկտին, որը մյուս հանցակիցների հետ պայմանավորվածության համաձայն ընդգրկված էր նրանց դիտավորության մեջ, սակայն հասցված վնասն այլ է լինում, քան պայմանավորված էր։ Որակական սահմանազանցումը բնութագրվում է նրանով, որ կատարողն իրականացնում է կանխորոշվածից բացի մեկ այլ հանցագործություն կամ իր բնույթով բոլորովին այլ հանցանք։ Սահմանազանցման դեպքում մյուս հանցակիցները պատասխանատվություն են կրում միայն այն հանցագործությանը հանցակցելու համար, որն ընդգրկված է եղել նրանց դիտավորությամբ։ Իսկ եթե հանցակիցների դիտավորությամբ ընդգրկված հանցանքը չի կատարվել` տեղի է ունեցել որակական սահմանազանցում, ապա հանցակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն պլանավորված հանցագործության նախապատրաստության համար։

(…) [Թ]եև հանցագործությանը երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցության դեպքում հանցակիցներից յուրաքանչյուրը պետք է գիտակցի ոչ միայն իր, այլ նաև մյուս հանցակիցների վարքագծին վերաբերող հանգամանքները, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ հանցակիցը քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի դիսպոզիցիայի հատկանիշների ճշտությամբ պետք է բնութագրի այն հանցագործությունը, որի կատարմանը նա մասնակցում է։ (…)

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցակցի սահմանազանցման հարցը քննարկելիս իրավակիրառողը հանցակցության օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները պետք է գնահատի ոչ միայն առանձին-առանձին` երկու և ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու փաստը հաստատելու համար, այլև իրենց օրգանական ամբողջության մեջ, որպեսզի լիարժեք լուծի նշված անձանց պատասխանատվության և պատժի հարցը։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցակցի սահմանազանցում առկա չէ այն դեպքում, երբ հանցակցության օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշներն օրգանական ամբողջության մեջ գնահատելու արդյունքում կպարզվի, որ՝

ա) միևնույն հանցանքը կատարող երկու կամ ավելի անձինք փոխադարձաբար տեղյակ են եղել, որ իրենց արարքները գտնվում են պատճառական կապի մեջ (համատեղ են) և ուղղված են միևնույն հանցագործության կատարմանը,

բ) յուրաքանչյուր հանցակից նախատեսել է հանցագործության՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը և ցանկացել կամ գիտակցաբար թույլ է տվել դրանց առաջացումը (…)» (8)8։

20. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծանրացնող հանգամանքներում՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարած սպանության համար:

20.1. Վճռաբեկ դատարանը Վալերի Բաբայանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի] վերլուծությունից երևում է, որ սպանությունը համարվում է մի խումբ անձանց կողմից կատարված, երբ երկու և ավելի անձինք, գործելով սպանություն կատարելուն ուղղված համատեղ դիտավորությամբ, անմիջականորեն մասնակցել են տուժողին կյանքից զրկելու պրոցեսին՝ նրա նկատմամբ բռնություն կիրառելով, ընդ որում, պարտադիր չէ, որ մահ առաջացնող վնասվածքները պատճառված լինեն նրանցից յուրաքանչյուրի կողմից (օրինակ՝ մեկը հաղթահարում է տուժողի դիմադրությունը՝ զրկելով նրան պաշտպանվելու հնարավորությունից, իսկ մյուսը պատճառում է մահացու վնասվածքներ):

Սպանությունը համարվում է մի խումբ անձանց կողմից կատարված նաև այն դեպքում, երբ մի անձի կողմից դիտավորյալ մահ պատճառելուն ուղղված գործողություններ կատարելու պրոցեսում նույն նպատակով նրան է միանում այլ անձ (անձինք):

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն համարելով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետն ըստ էության տարբերություն չի դնում, թե խումբը սպանությունը կատարել է նախնական համաձայնությամբ, թե առանց նախնական համաձայնության:

Ինչպես առանց նախնական համաձայնության, այնպես էլ նախնական համաձայնությամբ խմբի կողմից սպանություն կատարելու դեպքում պարտադիր պայման է երկու կամ ավելի կատարողների՝ համակատարողների առկայությունը, որոնցից յուրաքանչյուրը պետք է անմիջականորեն լրիվ կամ մասամբ կատարի հանցագործության օբյեկտիվ կողմին բնորոշ գործողություններ:

Սպանության համակատարողներ են այն անձինք, ովքեր սպանության պրոցեսում գործել են համաձայնեցված, նրանց գործողությունները միավորված են միասնական դիտավորությամբ, իսկ հանցագործության օբյեկտիվ կողմը՝ ներառյալ տուժողի նկատմամբ ֆիզիկական բռնությունը, կատարվել է հանցակիցներից յուրաքանչյուրի կողմից:

Փաստորեն, սպանության համատեղ կատարման տակ պետք է հասկանալ հանցակիցների փոխադարձ համաձայնությամբ հանցագործության օբյեկտիվ կողմի կատարումը: Ընդ որում, համատեղ կատարած սպանության դեպքում պարտադիր չէ, որ համակատարողները կատարեն միևնույն գործողությունները, նրանց գործողությունները կարող են տարբեր լինել:

Խմբի կողմից սպանություն կատարելիս օբյեկտի նկատմամբ ոտնձգությունը կատարվում է հանցակիցների համատեղ գործողություններով:

Ելնելով հանցանքը համատեղ կատարելու մասին ունեցած պայմանավորվածությունից՝ հանցակիցների միջև կարող է կատարվել դերաբաշխում: Այս դեպքում հանցակցի կողմից կատարվող գործողությունների ծավալը կարող է էապես տարբերվել հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող մյուս հանցակցի գործողություններից, սակայն համակատարողների ունեցած մասնակցության աստիճանն արարքի որակման համար նշանակություն չունի: Եթե խմբակային սպանության օբյեկտիվ կողմի կատարման դեպքում համակատարողների միջև կարող է դերաբաշխում կատարվել, ապա այդ հանցակազմի սուբյեկտիվ կողմի հետ կապված նույնը լինել չի կարող, քանի որ հանցակիցներից յուրաքանչյուրը գիտակցում և խմբի այլ անդամի կամ անդամների հետ համատեղ իրականացնում է հանրորեն վտանգավոր արարքը: Ընդ որում, եթե մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության ապանությունը կարող է կատարվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ, ապա նախնական համաձայնությամբ սպանությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորությամբ:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցակազմի համար պարտադիր է ինչպես հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշների առկայությունը՝ երկու կամ ավելի անձանց կողմից համատեղ տուժողին կյանքից զրկելու անմիջական գործողությունների կատարումը, այնպես էլ հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշի առկայությունը՝ սպանությունը միասին կատարելու հանցակիցների գիտակցումը: (…)

Նկատի ունենալով, որ սպանության դեպքում համակատարողներ են այն անձինք, ովքեր անմիջականորեն մասնակցել են տուժողին մահ պատճառելուն կամ էլ անմիջական ֆիզիկական ներգործություն են ունեցել տուժողի վրա՝ դրանով իսկ ապահովելով այլ անձի կողմից նրան մահ պատճառելը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրանց արարքները ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, այսինքն՝ խմբի կողմից կատարված սպանություն (…)»(9)9:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- նախաքննության մարմինը ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, ամբաստանյալ Արմեն Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով(10)10,

- Առաջին ատյանի դատարանը ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Ա.Բանդուրյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, ամբաստանյալ ԱԳասպարյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ամբաստանյալ Պ.Իսրայելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով(11)11,

- Վերաքննիչ դատարանի որոշմամբ ամբաստանյալ ԱԲանդուրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացած մասերով թողնվել է անփոփոխ(12)12:

22. Նախ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն հետևություններին, որ Առաջին ատյանի դատարանն անհիմն կերպով է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված և դրանց հետ փոխկապակցված փաստական տվյալները ճանաչել անթույլատրելի ու հանել ապացույցների զանգվածից։ Վճռաբեկ դատարանի համար լիովին ընդունելի են նշված ապացույցները թույլատրելի համարելու և օգտագործելու առնչությամբ Վերաքննիչ դատարանի դատական ակտում առկա պատճառաբանություններն ու հիմնավորումները։

Նման պայմաններում, նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 18-20.1-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Ա.Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելով, ինչպես նաև համաձայնելով Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Պ.Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելու, ամբաստանյալ Ա.Գասպարյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու հետ, պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա փաստական տվյալները։

23. Մասնավորապես, ստորադաս դատարանը, թեև իրավացիորեն արձանագրել է ամբաստանյալ ԱԲանդուրյանի արարքում օժանդակության հատկանիշների առկայությունը, սակայն նրան առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հարցը քննարկելիս պատշաճ գնահատման չի ենթարկել վերջինիս և ամբաստանյալ ՊԻսրայելյանի (նույն ինքը՝ Գեղամ) միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը։ Այսպես, «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված գաղտնալսումների ամփոփագրերի զննության արձանագրության համաձայն. (…) Ալիկ անունով ներկայացող անձը զանգահարել է (…) Գեղամին։

(…)

Ա- Հա, դրան բիտեքով պիտի կոխցվի [հայհոյանք], դրան որպես [հայհոյանք] պիտի ծեծցվի Գեղամ ջան,

Գ- 100 տոկոս,

Ա- Թշնամու, որպես [հայհոյանք]

Գ- 100 տոկոս, ցավդ տանեմ, 100 տոկոս այ էդ ձև էլ տփելու ենք, Ալ ջան,

(…)

Գ- Տիզի պես կպել ենք, ընկեր, էլ դրան պոկվել չկա, ցավդ տանեմ, նրան լխկելու ենք։

Ա- Դրան տան տակ մարդ ասա, թող նստի, Գոլֆ 3 ա մի հատ հելնելու, թող հենց քուչի մեջ էլ մորթեն, (…)

Ա- Բռատ, առանց խոսալու դրան սատկացրեք, լսում ես։

Գ- Մուշոյին,

Ա- Լա, հա, հա։ Վիրաբիկին ասա Դու գիտես ում համար ես էկել, որ ասի ում համար, ասա էսի [հայհոյանք] ա, ախպեր։ Ծեծեք, առանձնացրա, ասա ախպեր, էսի [հայհոյանք] ա, ախպեր, մարդիկ կանկրետնի գոռում են, չեն ասում։

(…)

Ա- Գալիս են, առանց խոսալ, Վիրաբիկին ասում ես արի, բան եմ ասում, տղեքին սովորեցնում ես, պրինցիպի Վիրաբին էլ են [հայհոյանք] ասում, նենց չի, որ Վիրաբի ռամսը նորմալ ա։ Եթե հանկարծ Վիրաբիկը խաղ տվեց, Վիրաբիկին ասում ես Արի բան եմ ասում, տղերքը Մուշոյին [հայհոյանք] են, սպանում են։ Բայց Գեղամ, կիսատ-պռատ չծեծեն էլի բռատ։

Գ - Չէ, չէ, ախպեր։

Ա - Իմ խաթր նենց ես ծեծում, որ հիվանդանոց էթա էլի ըտից, այ ըտենց։ (…)

Գ - (…) դու պռոստը կուրսի էլի, հեսա սրանց մորը [հայհոյանք] ենք, էդքան բան, ընկեր ջան։

Ա - Ընկեր պա բռատսկի մոռթեք ախպերս։

Գ - Պա բռատսկի էլ տրվում ա, մեռնեմ ջանիդ, հանգիստ էլի։

(…)

Ա - (…) Գեղամ, բայց ծեծելուց ասում ես նենց ծեծեն, սաղ ջարդի էլի էդ [հայհոյանք]։

Գ - 100 տոկոս, 100 տոկոս։ / Խոսում է կողքինի հետ՝ «Լսում ես, ես Վիրաբիկի թևը մտնում եմ, հանում եմ դուրս, դուք սաղդ մեջը սպանում եք, ախպեր, էղավ»։

Ա – Բայց ասա բիտեքով, ախպեր, ասա իմ լիչնի ախպերավարի պռոսբեն ա, բիտեքով ասա ոտերը ջարդեք, ասա, որ ոտերից չկայնի (…)(13)13։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ ԱԲանդուրյանի արարքում դրդչության հատկանիշների առկայության առնչությամբ հետևության հանգելիս, իր դատական ակտում մեջբերված փաստական տվյալների հետ համակցության մեջ, պատշաճ հաշվի չի առել և չի գնահատել վերը մեջբերված փաստական տվյալները։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, վերը մեջբերված փաստական տվյալները, իր դատական ակտում մեջբերված փաստական տվյալների հետ համակցության մեջ, պատշաճ գնահատման չի ենթարկել՝ պարզելու համար նաև, թե արդյո՞ք ամբաստանյալ ԱԲանդուրյանը ունեցել է չկոնկրետացված դիտավորություն, թե՞ վերջինիս դիտավորությունն ուղղված է եղել ՄՄուշեղյանի առողջությանը հնարավորինս ծանր վնաս պատճառելուն։

Մինչդեռ, վերը մեջբերված փաստական տվյալներն ունեն էական նշանակություն՝ ամբաստանյալ ԱԲանդուրյանի դիտավորության ուղղվածությունը պարզելու և վերջինիս արարքում դրդչության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը որոշելու գործում։

24. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ Վերաքննիչ դատարանը, հաստատված չհամարելով խմբի կազմում ՄՄուշեղյանի սպանությունը կատարելու համար ամբաստանյալ ՊԻսրայելյանին առաջադրված մեղադրանքը, պատշաճ գնահատման չի ենթարկել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված գաղտնալսումների ամփոփագրերի զննության արձանագրությունում առկա հետևյալ փաստական տվյալները

(…) Բդոն (…) զանգահարել է (…) և խոսել է Գեղամի հետ

(…)

Գ- Բդո ջան, մոռթինք, մոր [հայհոյանք], 3 հոգի մեր կոմից խփնվել են։

Բ- Բա էդի՞։ Ընկեր, բա էդի՞։

Գ- Էդի մեռածի նման մարդ ա, ախպեր, թև-ոտը ջարդել ենք։ Հենց էդ [հայհոյանք] ա ընկած տեղը խփել։

Բ- Խփել ա հա։

Գ- Ընկած տեղը էլի, հա, ընկած տեղը զենքով ա խփել։

(…) Գեղամը (…) զանգահարել է (…) Բդոյին /ըստ ձայնի/։

(…)

Բդոն հեռախոսը փոխանցում է Ալիկին /ըստ ձայնի/։

(…)

Ա- Էդ [հայհոյանք] տղուն որ բան ա, ծեծվել ա, ըտուն թողել են ըտեղ, թե ըտուն տանող ա եղել։

Գ- Ումը։

Ա – [հայհոյանք], ուրիշ ով, [հայհոյանք]։

Գ – Արա, էնի մեռածի նման բան ա, ցավդ տանեմ։

Ա – Հա, բայց դրան տարել են, թե թողել եք, գնացել եք։

Գ – Չէ, ախպեր, տարել են, ախպեր, ոնց։

Ա – Քանի՞ հոգով էին խի դրանք եկել։

Գ – Մի ֆուռով։

Ա – Մի 10-15 հոգի՞։

Գ – Լա, մի քիչ ավելի շատ մի 25 հոգի։

Ա – Մի 25 հոգով հելած էին, եկած էին [հայհոյանք]։

Գ – Հա, չէ, եկել դուրսն էին, ախպեր, դուրսը, սաղին հանել էինք դուրս, էս Վիրաբը որ հելավ, սաղ հելան, էդ բանը մնաց էդ [հայհոյանք]։ Դե դրան ես տվի ու տվին, ախպեր, տվին էդ [հայհոյանք] փախավ դռան յան ու վրից հանեց, տենց էդ մեր ջահելը, որ վարի գնաց ախպեր։ Թռավ վրեն ախպեր, թռավ ու սպանինք, ախպերս

Ա – Խփելուց հետո եք ծեծել

Գ – Չէ, դեմից ենք խփել, ես եմ խփել։

Ա – Ընկեր, դու խփելուց հետո ես ծեծել, հասկցա՞ր։

Գ – Հա ես տվի ու գնաց կաշը

Ա – Շնական տասովկայա լինելու, սաղին հասկացրա, որ դուք իրան չեք ծեծել դեմից։

Գ – Ու՞մ։

Ա – Մուշոյին, ախպեր։

Գ – Բա դրանք ենք ծեծել, ուրիշ էլ ոչ մեկի չենք ծեծել։

Ա – Շներին պիտի չասվի դեմից ծեծել եք, ընկեր, ձեր վրեն որ չմնա թեման։

Գ – Էդի ոնց որ չկա, Ալ։

Ա – Մեռածա,

Գ – Ոնց որ։

Ա – Էդի ուրեմն դուխով կարան վրեն գրեն, աջ ու ձախ

Գ – Չեմ կարա ասեմ։

Ա – Եթե մեռած լինի, հա, կարան։

Գ – Բայց խոսում էր, խոսալով են տարել, դրա համար երկու հոգի մտան պաստուպիտ էին անում։

(…)

Ա – (…) Ի վիճակի էր խոսար էդի, որ առանձին հետը խոսում էիր ծեծելուց հետռ, թե չէ, ի՞նչ էր խոսում։

Գ – Ախպեր, ասում էր՝ Գեղամ ջան, չեմ լսել էդ քո ասածը, ասի՝ ականջներդ բուժի, այ տղա, Գոռոն ձենը բարձրացրեց վրեն, Վիրաբիկը՝ բա, ախպեր, Գեղամ ջան, եկել եմ ստեղ, ասի՝ լավ, ախպեր, հմի հանգստացի խոսում ենք, ախպեր, բա՝ ախպեր, պրոստը չարժի էլի տենց բան ա, եթե տենց ա էթամ, ախպեր, բան, ասի՝ նստի, նստի, Գոռոյին ասի՝ գնա, հենա, մի բան արա։

Ա- Չէ, հետո որ ասում ես՝ ցածրը հետը խոսում էի, մտան զենքերը քաշին վրեդ, ասի՝ վեկալեք, [հայհոյանք] եղեք։

Գ – Էդի վերջն էր արդեն, ընկեր, էդի վերջն էր արդեն։

Ա – Էդ ուժե ծեծված էր եղել էդ վախտ։

Գ – Հա, բա ինչ էր, ախպեր։

Ա – Նորմալ քայլում էր ինքը իրան։

Գ – Արա չէ ախպերս ինչ քայլելուց ես խոսում, այ ցավդ տանեմ, ոտերը ջարդել եմ ախպեր, ինչ քայլի

Ա – Բայց դանակով խփված էլ ա

Գ – Հա

Ա – Էդի միլիարդ տոկոս։

Գ – Հա, ախպե։

Ա – Մի քանի հատ դաժը։

Գ – Հա մի քանի հատ

Ա – Քո ջոկելով շանս չունի էլի էդ [հայհոյանք]։

Գ – Չէ, կարող ա հասցնի փրկվի (…)(14)14:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանը, վերը մեջբերված փաստական տվյալներն, իր դատական ակտում մեջբերված փաստական տվյալների հետ համակցության մեջ, պատշաճ գնահատման չի ենթարկել՝ պարզելու համար, թե արդյո՞ք ամբաստանյալ ՊԻսրայելյանը խմբի կազմում, սպանություն կատարելուն ուղղված համատեղ դիտավորությամբ գործելով, անմիջականորեն մասնակցել է տուժողին կյանքից զրկելու գործընթացին՝ նրա նկատմամբ բռնություն կիրառելով։ Հատկանշական է, որ ամբաստանյալ ՊԻսրայելյանը նշել է ինչպես մինչև ԳԱվետիսյանի կողմից տուժող ՄՄուշեղյանին հարվածելը, այնպես էլ դրանից հետո իր կողմից ՄՄուշեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու մասին։

25. Անդրադառնալով տուժող ՄՄուշեղյանի՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակում չգտնվելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով գործում առկա ապացույցները, այդ թվում նաև՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված գաղտնալսումների ամփոփագրերի զննության արձանագրությունը(15)15, ընդունելի է համարում բողոքաբերի սույն որոշման 9-րդ կետում մեջբերված փաստարկները և հանգում հետևության, որ անհրաժեշտ պաշտպանության վիճակում գտնվել է տուժող ՄՄուշեղյանը, այլ ոչ թե ԳԱվետիսյանը։

Մասնավորապես՝ վերը նշված փաստական տվյալներով հաստատվում է, որ Մ.Մուշեղյանը, թեև փորձել է խուսափել հանդիպումից, սակայն Պ.Իսրայելյանի և Ա.Բանդուրյանի ջանքերի շնորհիվ, ի վերջո ժամանել է Պ.Իսրայելյանին պատկանող գեղեցկության սրահի նկուղային հարկ: Դարձյալ Պ.Իսրայելյանի և Ա.Բանդուրյանի ջանքերի շնորհիվ, այլ անձի միջամտությամբ, դեպքի վայրից հեռացվել են Մ.Մուշեղյանի հետ եկած Վ.Գասպարյանը և վերջինիս մտերիմները՝ միայնակ թողնելով Մ.Մուշեղյանին, իսկ Պ.Իսրայելյանի շրջապատից դեպքի վայրում է գտնվել առնվազն ևս վեց անձ։ Պ.Իսրայելյանն է նախաձեռնել վեճը և առաջինն է հարվածել Մ.Մուշեղյանին։ Դրանից հետո ՊԻսրայելյանի և մյուսների կողմից Մ.Մուշեղյանի նկատմամբ կիրառվել է բռնություն, որից խուսափելու նպատակով վերջինը փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է, և տուժողի նկատմամբ ոտնձգությունը շարունակվել է։ Միայն դրանից հետո է Մ.Մուշեղյանի կողմից գործադրվել ատրճանակ։

Դեպքին նախորդող հանգամանքների, այդ թվում՝ Ա.Բանդուրյանի և Պ.Իսրայելյանի դրսևորած նախաձեռնության, նրանց նպատակների, դրանք իրագործելուն ուղղված ջանքերի, ընտրված հանդիպման վայրի, միջադեպին մասնակից անձանց քանակի, նրանց վարքագծի, Մ.Մուշեղյանի նկատմամբ գործադրված բռնության ինտենսիվության, պատճառված մարմնական վնասվածքների քանակի և տեղակայման համակցությունը հիմք է տալիս հաստատված համարելու բողոքաբերի այն պնդումը, որ տուժող ՄՄուշեղյանը տվյալ դեպքում գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում։ Հետևաբար, Մ.Մուշեղյանի կողմից ատրճանակից կրակոցներ արձակելու ժամանակ անհրաժեշտ պաշտպանության վիճակում չգտնվելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն փաստարկմանը, որ ՄՄուշեղյանն օգտագործել է հրազեն, հարկ է նշել, որ այն ինքնին չի բացառում վերջինի՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակում գտնվելը։ Տվյալ իրավիճակում, ԳԱվետիսյանը, իր ու խմբի մյուս անդամների նախաձեռնությամբ սկսված բռնությունից պաշտպանվելու նպատակով զենք գործադրող Մ.Մուշեղյանից պաշտպանվելու իրավունք չէր կարող ձեռք բերել։

Հատկանշական է նաև, որ ԳԱվետիսյանի գործողություններն անհրաժեշտ պաշտպանության վիճակում գնահատելու հետ մեկտեղ, Առաջին ատյանի դատարանը, նույն իրավիճակում գտնվող և նույնպես ՄՄուշեղյանի նկատմամբ բռնություն գործադրած ՊԻսրայելյանին չի դիտել որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում գտնվող, և նրան մեղավոր է ճանաչել խմբի կողմից դիտավորությամբ ՄՄուշեղյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար(16)16:

25.1. Անդրադառնալով ստորադաս դատարանների՝ Պ.Իսրայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով առաջադրված մեղադրանքը բավարար չափով հստակ չլինելու վերաբերյալ հետևություններին՝ Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում բողոքաբերի փաստարկն առ այն, որ մեղադրանքի ձևակերպումն հասկանալի է և ենթադրում է, որ հանցակիցները փոխադարձաբար գիտակցել են, որ բռնություն են գործադրում տուժողի նկատմամբ և որ յուրաքանչյուրի գործողությունները լրացնում են միմյանց, պայմաններ ստեղծում մյուսի գործողությունների համար ու այդ գիտակցմամբ հարվածներ են հասցրել ՄՄուշեղյանին: Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն մոտեցմանը, որ եթե ստորադաս դատարանները նկատի են ունեցել, որ մեղադրանքի արդարացիությունը ենթադրում է դրանում նկարագրել, թե ով, օրվա որ ժամին և րոպեին, ում մարմնի որ հատվածին է հարվածել, ապա այդ պահանջը, սույն գործի փաստական հանգամանքների պարագայում, ողջամիտ չէ(17)17:

Հատկանշական է, որ արձանագրելով այն, որ գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված չէ, թե ՊԻսրայելյանն ու մյուսները կոնկրետ ինչ գործողություններ են կատարել՝ ուղղված ՄՄուշեղյանին դիտավորությամբ կյանքից զրկելուն, նրանց գործողությունները հստակ տարանջատված չեն, ստորադաս դատարանները, նույն՝ հանցավոր գործողությունները հստակեցված չլինելու պայմաններում, պատշաճ են համարել ՊԻսրայելյանի մեղադրանքը՝ խմբի կազմում դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վերաբերյալ(18)18:

25.3. Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանի այն հետևությանը, որ ՊԻսրայելյանին առաջադրված մեղադրանքում առկա է հակասություն առ այն, որ ՄՄուշեղյանի միակ ծակած-կտրած վնասվածքը մեղադրանքի ձևակերպման մեջ նշվել է երկու անգամ՝ հրազենի գործադրումից և՛ առաջ, և՛ հետո: Այս առումով մեղադրանքի ձևակերպման մեջ նշված է ՄՄուշեղյանի կողմից ստացված ծակած-կտրած մեկ վնասվածքի մասին, իսկ նրան հասցված հարվածների քանակի վերաբերյալ առկա անհամապատասխանությունը, ըստ Վճռաբեկ դատարանի, չէր կարող հիմք հանդիսանալ մեղադրանքն իբրև արդարադատության բուն էությունը խաթարող ու չկայացած որակելու համար(19)19 և ենթակա էր գնահատման՝ գործում առկա փաստական տվյալների լույսի ներքո՝ հաստատման կամ հերքման առումով։

25.4. Անդրադառնալով հանցակցի սահմանազանցման վերաբերյալ մեղադրանքի ձևակերպումների կապակցությամբ Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա եզրահանգումներին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հակառակ ստորադաս դատարանի պնդումների՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներից ակնհայտ է, որ ԱԲանդուրյանի դիտավորության մեջ ընդգրկվել է ՄՄուշեղյանի առողջությանը հնարավորինս ծանր վնաս պատճառելը և այդ ուղղությամբ հանցակիցների գործողությունների ու Ա.Բանդուրյանի գործողությունների միջև առկա է պատճառական կապ: Իսկ բռնություն գործադրելու ընթացքում ՄՄուշեղյանին կյանքից զրկելն ԱԲանդուրյանի դիտավորության մեջ չի ընդգրկվել և կատարողների սահմանազանցման արդյունքում ՄՄուշեղյանը սպանվել է, ինչն իրավաչափորեն արձանագրված է բողոքաբերի վճռաբեկ բողոքում(20)20:

26. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Պ.Իսրայելյանին և Ա.Բանդուրյանին մեղսագրված արարքները վերաորակելու առնչությամբ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն:

27. Ինչ վերաբերում է ամբաստանյալ ԱԳասպարյանին առաջադրված մեղադրանքի առնչությամբ բողոքաբերի փաստարկներին(21)21, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ ամբաստանյալ ԱԳասպարյանին առաջադրված մեղադրանքը պայմանավորված է ամբաստանյալ ԱԲանդուրյանին առաջադրված մեղադրանքով, գտնում է, որ բողոքաբերի փաստարկներին հնարավոր է անդրադառնալ ամբաստանյալ ԱԲանդուրյանին մեղսագրվող արարքին վերջնական քրեաիրավական գնահատական տալուց հետո միայն։

28. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված դատավարական իրավունքի խախտումներ, որոնք բողոքարկված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմք են: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով սույն որոշմամբ արձանագրված խախտումները, պետք է քննարկման առարկա դարձնի ամբաստանյալներ Ա.Բանդուրյանին, Պ.Իսրայելյանին և Ա.Գասպարյանին առաջադրված մեղադրանքների հիմնավորվածության կապակցությամբ դատախազի վերաքննիչ բողոքում բարձրացված փաստարկները և վերջիններիս մեղսագրվող արարքների քրեաիրավական որակման հարցում հանգի համապատասխան հետևության` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացակայում են ամբաստանյալներ Ա.Բանդուրյանի, Պ.Իսրայելյանի և Ա.Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը` ամբաստանյալ Ալիկ Լյովայի Բանդուրյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ամբաստանյալ Պետրոս Գոռի Իսրայելյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ամբաստանյալ Արմեն Լյովայի Գասպարյանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 188-192:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 203-206:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 14, թերթեր 95-98:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 19, թերթեր 5-74:

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 22, թերթեր 1-92։

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի գործով 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշման 28-30-րդ կետերը։

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արամ Միքայելյանի և Արայիկ Վաղարշակյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԱՔԴ/0174/01/11 որոշման 17-19-րդ կետերը։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վալերի Բաբայանի գործով 2009 թվականի օգոստոսի 21-ի թիվ ԵՔՐԴ/0512/01/08 որոշման 9-12-րդ կետերը։

10 Տե՛ս սույն որոշման 14-14․2-րդ կետերը։

11 Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը։

12 Տե՛ս սույն որոշման 16-րդ կետը։

13 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 154-167։

14 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 154-167։

15 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 154-167։

16 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

17 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը։

18 Տե՛ս նույն տեղում։

19 Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը։

20 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

21 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

ս. աՎԵՏԻՍՅԱՆ

ե. դԱՆԻԵԼՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: