Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 143-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Дата принятия
02.12.2022
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
02.12.2022
Дата вступления в силу
03.12.2022

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2022 թվականի

ք. Երևան

թիվ 143-Ա

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ վարչական դատարանի 2021 թվականի ապրիլի 2-ի վճռով (ՀՀ վճռաբեկ դատարանի 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը մերժվել է, նշված վճիռը թողնվել է անփոփոխ) անվավեր է ճանաչվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2021 թվականի հունվարի 15-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 14-Ա որոշումը, որի համաձայն նշված մրցույթում հաղթողներ էին ճանաչվել և լիցենզիա էր տրամադրվել «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՇԱՆԹ» ՍՊ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերություններին։

Հիմք ընդունելով վերոնշյալը, Հանձնաժողովը 2022 թվականի օգոստոսի 10-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ)՝ հինգ սլոթի քանակով։

Հիմք ընդունելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը, Հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 10-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու մասին» թիվ 114-Ա որոշման մեջ կատարվել է փոփոխություն՝ հինգ սլոթերի քանակը փոխարինվել է չորսով։

Մրցույթին մասնակցելու հայտերի և կից փաստաթղթերի ներկայացման համար սահմանված ժամանակահատվածում (12.09.2022թ.-ից մինչև 03.10.2022թ.-ը ներառյալ)՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին հայտեր են ներկայացրել «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ և «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունները, հոկտեմբերի 3-ին՝ «ՇԱՆԹ» ՍՊ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունները (միասին այսուհետ՝ Ընկերություններ)։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 16-րդ կետի համաձայն Ընկերությունները հայտերին կից ներկայացրել են.

1. փաստաթուղթ՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողի (հեռարձակող) նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,

2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,

3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,

4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,

5. էթիկայի կանոնագիր,

6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,

7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:

2022 թվականի հոկտեմբերի 10-ի Հանձնաժողովի դռնբաց նիստում հրապարակվել են ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը՝ Ընկերությունները մինչև 30 րոպե տևողությամբ ներկայացրել են դրանց բովանդակությունը։

Հայտերը և կից փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Ընկերությունների կողմից նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ փաստաթղթերում ներկայացվել են իրենց ծրագրերի հիմնական տեսլականներն՝ անդրադառնալով գնահատման չափանիշներին, մասնավորապես․

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության («Արմենիա» ծրագիր) հայտի համաձայն ծրագրային քաղաքականությունն է՝ ապահովել բազմակարծություն քաղաքական, սոցիալական հիմնախնդիրները լուսաբանելիս, երաշխավորել խոսքի ազատությունը, լրատվական, սոցիալական և քաղաքական հիմնախնդիրներ լուսաբանող հաղորդաշարերի միջոցով ապահովել առողջ մթնոլորտ քաղաքական ուժերի և հանրության երկխոսության համար։ «Արմենիա» տեսալսողական ծրագրի հաղորդումները հեռարձակվելու են բացառապես հայերենով՝ 24/7 ռեժիմով։ Եթերում կլինեն լրատվական, սոցիալ-քաղաքական, ճանաչողական, գիտական, մշակութային, մանկական, կրթական, հումորային, սպորտային հաղորդումներ, երաժշտական նախագծեր, ժամանցային և քաղաքական թոք շոուներ, սեփական արտադրության հեռուստասերիալներ։

Նշվել է, որ թեմատիկ ուղղվածության հաղորդումների ծավալները կազմելու են՝ լրատվական-սոցիալական հաղորդումներ՝ 10%, գիտակրթական, մշակութային, մանկական, մարզական հաղորդումներ՝ 20%, լրատվական հաղորդումները օրվա եթերացանցում կազմելու են 12%, որը նախատեսվում է ավելացնել։

Առաջիկա տարիներին ընկերությունը նախատեսում է ավելացնել նաև գիտակրթական, մշակութային հաղորդումների ծավալը, արտադրել հումորային հեռուստապատումներ, իրականացնել մի շարք միջազգային մեգանախագծեր, կրթական սպորտային նախագծեր և մարզական համաշխարհային իրադարձություններ, հանրային նշանակության և հնչեղության հաղորդումներ և նախագծեր։

Ընկերությունը որպես մրցակցային առավելություն նշել է՝ «ծրագրի բովանդակությունը, որակը, եթերային և տեխնիկական հագեցվածությունը, մասնագետների պրոֆեսիոնալիզմը, տարածքային հնարավորությունները, տաղավարային հագեցվածությունը, տեխնիկական վերազինման նպատակով մշտապես կատարվող ներդրումները, ընկերության վարկանիշը, հաղորդումների ամենատարբեր ձևաչափերը, արտադրության ծավալը, սեփական արտադրության հաղորդումները»։

Ընկերության հայտի համաձայն տեսալսողական հաղորդումները գրեթե ամբողջությամբ հայերեն են, հայերեն լեզվով սեփական արտադրության հաղորդումների ծավալը հասցվել է 96%-ի, իսկ սեփական արտադրության հաղորդումների ծավալը կազմում է հայերեն հաղորդումների ծավալի 85%-ը։

Նախատեսվում է եթերում խթանել բազմակարծությունը և հնարավորություն ընձեռել տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անհատների, խմբերի և կուսակցությունների ներկայացուցիչների ներկայանալ տարաբնույթ հաղորդաշարերում։ Լրատվական թողարկումներում կպահպանվեն քաղաքական բազմակարծությունը և հավասարակշռվածությունը, կլուսաբանվեն հասարակությունում առկա բոլոր խնդիրները և կներկայացվեն այդ խնդիրների շուրջ գոյություն ունեցող տեսակետները և սկզբունքները։

Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել է օգտագործվող տեխնիկական միջոցների ցանկը՝ տեխնիկական բնութագրերով, մանրամասը նկարագրվել են հեռարձակման եղանակներն ու տեխնոլոգիաները, եթերային թողարկման սրահներում առկա սարքերը և դրանց աշխատանքը, հեռարձակվող ազդանշանների տրամադրման եղանակները։ Ներկայացվել են նաև տաղավարները, դրանցում առկա սարքավորումները, հեռուստատեսային շարժական կայանները և դրանց աշխատանքը:

Որպես ֆինանսական հնարավորությունները հիմնավորող փաստաթղթեր ներկայացվել են հեռուստատեսային ծառայությունների մատուցման պայմանագրեր, հարկային հաշիվներ, հաշվի ամփոփ քաղվածքներ, ինչպես նաև նախորդ հինգ տարիների ընթացքում վճարված հարկերի մասին տվյալներ։

Աշխատակազմի վերաբերյալ ընկերությունը ներկայացրել է աշխատակիցների ցանկը՝ կրթությունը, մասնագիտությունը և զբաղեցրած պաշտոնը ներառող տվյալներով, աշխատողների ինքնակենսագրականները, աշխատակազմի կառուցվածքը, կառուցվածքային բաժինների գծապատկերները և գործառույթների նկարագրությունները:

Ներկայացված փաստաթղթերի համաձայն ընկերությունը ներկայացրել և շարունակելու է ներկայացնել գիտակրթական և մշակութային հաղորդումներ, որոնց ծավալը նախատեսում է ավելացնել։ Հեռարձակվելու են հայկական ժողովրդական, աշուղական ու հոգևոր երգերի ներկայացմանն ուղղված, ինչպես նաև արհեստագործական մասնագիտությունների պահպանման նպատակով հեռարձակվող հաղորդումներ։

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հայտի համաձայն՝ «Ա-Թիվի» ծրագիրը ժամանցային թեմատիկ ուղղվածության ծրագիր է։ Ընկերությունը պատրաստ է շարունակել ստեղծել և եթեր հեռարձակել միջազգային ստանդարտներին համապատասխան նոր արտադրանք։ Մեծ կարևորություն է տրվում ֆիլմերի արտադրությանը, ընկերությունն ունի գեղարվեստական ֆիլմերի և սերիալների նոր նախագծեր։ Աշխատանքներ են տարվելու լրատվական ծառայության զարգացման ուղղությամբ՝ որպես ուղենիշ պահպանելով անաչառ և բազմակողմանի լրատվություն ապահովելու սկզբունքը։ Ընկերությունը համագործակցում է արտերկրում գործող հեռուստաընկերությունների հետ՝ սփյուռքում բնակվող հայրենակիցներին մայրենի լեզվով հաղորդումներն ու հայրենական արտադրության ֆիլմերը հասանելի դարձնելու նպատակով։ Ընկերությունը ստեղծել է աշխատանքային ցանց մարզային հեռուստաընկերությունների հետ և կարևորում է նրանց հետ կապի ամրապնդումն ու զարգացումը։ «Ա-Թիվի» տեսալսողական ծրագիրը հեռարձակվում է 24/7 ռեժիմով։

Նշվել է, որ 2022-2023թթ․ եթերաշրջանը նշանավորվելու է մեծ թվով մշակութային, կրթական, մանկապատանեկան, ուսուցողական, ժամանցային ուղղվածության նոր նախագծերով և նախատեսվում է, որ մանկական, մշակութային և մարզական հաղորդումների ծավալը կազմելու է սեփական արտադրության հաղորդումների առնվազն 20%-ը։

Համաձայն հայտի հայերեն հաղորդումները և ֆիլմերը կազմում են եթերի 90%-ը, իսկ սեփական արտադրության հաղորդումները կազմում են հայերեն հաղորդումների 70%-ը։

Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել է տեխնիկական միջոցների ցանկը՝ քանակական տվյալներով և տեխնիկական բնութագրերով, ներկայացվել են տաղավարների նկարագրությունները։

Որպես ֆինանսական հնարավորությունները հիմնավորող փաստաթղթեր ընկերության կողմից ներկայացվել են հեռուստատեսային ծառայությունների մատուցման պայմանագրեր, հաշվի քաղվածքներ։

Աշխատակազմի վերաբերյալ ներկայացվել է աշխատողների ցանկը՝ զբաղեցրած պաշտոնը, կրթությունը, և մասնագիտությունը ներառող տվյալներով, աշխատողների ինքնակենսագրականները, աշխատակազմի կառուցվածքային գծապատկերները, ինչպես նաև ստորաբաժանումների գործառույթների նկարագրությունը։

Ընկերությունը նախատեսում է եթերում ավելացնել մշակութային ու երաժշտական նախագծերը, գիտական, կրթական ֆորմատները, շարունակելու են արդեն հաջողություն գրանցած նախագծերը՝ ընդլայնելով և խորացնելով մշակութային և կրթական բաղադրիչը: Ներկայացվելու է պատմության և մշակույթի հուշարձանները, ցուցադրվելու է երաժշտական ասպարեզի լավագույն ներկայացուցիչների, ինչպես նաև հին ու նոր ազգային երաժշտական կատարումները։

«ՇԱՆԹ» ՍՊ ընկերության («Շանթ» ծրագիր) հայտի համաձայն ծրագրային քաղաքականությունն է՝ առավելագույնս մասսայականացնել հայկական ազգային բոլոր առանձնահատկություններն ու գծերը, արժեքներն ու որակները։

Առաջիկա յոթ տարիների համար ընկերության նախանշած նպատակներն են՝ եթերային քաղաքականության առանցքը դարձնել լսարանին ազգանպաստ ու պետականանպաստ գաղափարներ սերմանելը, արտադրվող և հեռարձակվող բոլոր ժանրերի հաղորդումներում ներառել կրթական, ճանաչողական, դաստիարակչական բաղադրիչներ՝ համադրելով դրանք համամարդկային ու ազգային արժեքների հետ, հաղորդումների արտադրության որակը հավասարեցնել աշխարհի զարգացած երկրների համար ընդունված ստանդարտներին՝ գեղարվեստական, բովանդակային, տեխնիկական առումով և արտադրանքն իրացնել միջազգային մարքեթներում, լավագույն նախագծերն ու ֆորմատները համալրել, զարգացնել և արդիականացնել, լրատվական, հասարակական–քաղաքական հաղորդումներում ավելացնել բանավիճային թոք շոուների ծավալը, ինչը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնել բազմակարծության մակարդակը եթերում, ինչպես նաև «Shant Digital TV» հարթակի վրա ստեղծել մինչև վեց լեզուներով թարգմանված «Շանթ» ծրագրի կոնտենտը ներկայացնող միջազգային բաժին։

Համաձայն ներկայացված տեղեկատվության՝ ընկերության լրատվական քաղաքականությունը հիմնված է մի քանի սկզբունքների վրա՝ մատուցել համակողմանի, հավասարակշռված, անկողմնակալ, հավաստի, օպերատիվ տեղեկատվություն։

Ներկայացված տեղեկատվության համաձայն ընկերության ծրագրում հեռարձակվող հայերեն հաղորդումների, ինչպես նաև սեփական արտադրության հաղորդումների ծավալը կազմում է գրեթե 100%, ընդ որում սեփական արտադրության հաղորդումների միջին ծավալը տատանվում է 90-100 %-ի մեջ, կախված այն հանգամանքից, թե որ պահին ինչ ծավալի օտարերկրյա (հայերեն թարգմանությամբ) հաղորդումներ կան եթերում։

Բազմակարծության ապահովման վերաբերյալ նշվել է, որ լրատվական, հասարակական–քաղաքական հաղորդումներում կավելացվի բանավիճային թոք շոուների ծավալը, ինչը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնել բազմակարծության մակարդակը եթերում։ Այդ նպատակով նախատեսվում է խրախուսել փորձառու լրագրողներին սեփական թոք շոուների ֆորմատներ մշակելու և իրագործելու հարցում, լրատվական հաղորդումներում ավելացնել հարցազրույցների հաճախականությունը։

Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել է օգտագործվող տեխնիկական միջոցների ցանկը՝ անվանական, քանակական տվյալներով և տեխնիկական բնութագրերով, ինչպես նաև տեխնիկական որոշ սարքավորումների նկարագրությունը։

Ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ նշվել է, որ ընկերության եկամուտների մոտ 90%-ը կազմում են գովազդային տարբեր ծառայությունների իրացումից ստացվող եկամուտները, ինչը հատուկ իրավիճակների պայմաններում մեծ ռիսկեր է պարունակում հեռարձակողի համար։ Նշվել է նաև, որ 2020-2021թթ․ ամիսներ շարունակ գովազդային պատվերների դադարեցման պատճառով ընկերությունը գործել է առանց եկամուտների։ Ֆինանսական միջոցներ կուտակելու և հետագա ներդրումային ծրագրերի համար ընկերությանը պատկանող տարածքի մի մասը տրամադրվել է բազմաբնակարան շինարարություն իրականացնելու համար։ Ներդրումային ծրագրով նախատեսվում է ընկերության եկամուտների դիվերսիֆիկացիա մի քանի աղբյուրներից՝ ընկերության արտադրած ծրագրերի միջազգային վաճառքից, «Shant Digital» հարթակի բաժանորդագրային վաճառքներից և այդ հարթակում գովազդային վաճառքներից։ Որպես ֆինանսական աղբյուրների հիմնավորում ներկայացվել են նաև ծառայությունների մատուցման մի շարք պայմանագրեր։

Աշխատակազմի վերաբերյալ ներկայացվել են աշխատակիցների թվաքանակն ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, կրթության և մասնագիտական պատրաստվածության։ Նշվել է, որ աշխատակազմում զգալի թիվ են կազմում երկարամյա աշխատանքային փորձառությամբ աշխատակիցները։

Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների ապահովման վերաբերյալ ներկայացվել են նշված չափանիշի ապահովմանն ուղղված մի շարք հաղորդումներ։ Առաջիկա յոթ տարիներին ընկերությունը ծրագրում է արտադրվող և հեռարձակվող բոլոր ժանրերի հաղորդումներում ներառել կրթական, ճանաչողական, դաստիարակչական բաղադրիչներ՝ համադրելով դրանք համամարդկային ու ազգային արժեքների հետ։

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության («Կենտրոն» ծրագիր) սկզբունքներն են՝ «նպաստել ազգային մշակույթի պահպանմանն ու տարածմանը, խթանել հասարակության հոգևոր վերելքը, հաշվի առնել բազմակարծությունը՝ յուրաքանչյուր քաղաքացու ազատ արտահայտման և հասարակության լիարժեք տեղեկացվածության իրավունքի ապահովման համատեքստում, բացառել փաստերի խեղաթյուրված ներկայացումն ու աղավաղված մեկնաբանությունը, զրպարտությունը, բացառել գռեհկաբանություններ, ցածրաճաշակ ու անպարկեշտ տեսարաններ պարունակող հաղորդումների հեռարձակումը»։

Հայտի համաձայն ծրագրի թեմատիկ ուղղություններն են՝ լրատվական, հասարակական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, ճանաչողական, ժամանցային, մարզական, կրթական, մշակութային, մանկապատանեկան։

Ընկերության ռազմավարությունն է՝ « հրատապ և անաչառ լրատվության ապահովում, սոցիալական-քաղաքական հաղորդումների պատրաստում և դրանցում բազմակարծության ապահովում, մարզական և մշակութային հաղորդումների միջոցով առողջ ապրելակերպի և գեղարվեստական արժեքների քարոզում։ Ներկայացվել են բազմակարծության ապահովմանն ուղղված հաղորդումներ, որոնցում քաղաքական թեմաների վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ քննարկումների և բանավեճերի միջոցով լիարժեք արտահայտում են իրենց կարծիքը»։

Ընկերությունը պատրաստվում է ներկայանալ մի շարք նոր նախագծերով, մոտ ապագայում ծրագրում է ընդլայնել թղթակցային ցանցը սփյուռքի հայ համայնքներում, վերազինել լրատվական մասը նոր սերնդի տեխնիկայով, համալրել աշխատանքային թիմը, հատուկ ուշադրություն դարձնել կրթամշակութային և մարզական հիմնահարցերին։

Ընկերության առաջնային և հիմնական խնդիրն է՝ «եթերում հնչեցնել ու պահպանել անաղարտ մայրենի լեզուն, գերխնդիր է ամբողջ եթերը միայն հայերեն լեզվով ներկայացնելը, որն իրականություն կդառնա մոտ ժամանակներում»։ Նշվել է նաև, որ նախագծերի և հաղորդումների ճնշող մեծամասնությունը սեփական արտադրության է։

Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է տեխնիկական միջոցների ցանկը՝ բնութագրերով և քանակական տվյալներով։ Նշվել է, որ նախատեսվում է անընդմեջ վերազինում և թարմացում։ Մանրամասը ներկայացվել է ընկերության կառուցվածքում ներառված տաղավարների նկարագրությունը։ Ընկերության հեռանկարային ծրագրերում է՝ «2026-2029թթ․ անցանց սարքասրահ-համակարգի ստեղծումը, ինչպես նաև համակարգչային ցանցի և հեռուստատեսության էներգետիկ ցանցի արդիականացումը»։ Նշվել է, որ 2021 թվականից հետո խոստացված ներդրումներից ավելի ներդրումներ կատարելու արդյունքում ընկերությունը կառուցել և շահագործել է նոր տաղավարներ։

Ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել է տեղեկանք՝ բաժնետիրոջ կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին, ինչպես նաև ծառայությունների մատուցման մտադրությունների մասին համաձայնագիր, գովազդային և ծառայությունների մատուցման պայմանագրեր։

Աշխատակազմի վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների ցանկը՝ զբաղեցրած պաշտոնի, կրթության, աշխատանքային փորձի, ինչպես նաև հեռուստատեսության ոլորտում ունեցած փորձի մասին տվյալներով։ Նշվել է, որ աշխատակազմում մեծամասնություն են կազմում բարձրագույն կրթություն ունեցող աշխատողները, մեծամասնություն է կազմում նաև ստեղծագործական անձնակազմը, որի մեծ մասն ունի բարձրագույն մասնագիտական կրթություն։

Ընկերությունը ներկայացրել է ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք հաղորդումներ, որոնցում տեղ են գտնում դարերի պատմություն ունեցող եկեղեցիների, վանքերի ու տաճարների մասին ճանաչողական նյութեր, արվեստի գործիչների բացառիկ հարցազրույցներ, աշխարհում նշանակալի հետք թողած մեծանուն հայերի մասին թողարկումներ։ Ըստ հայտի՝ կարևորելով ազգային, հոգևոր արժեքների ճանաչողության դերը, մշտապես ներկայացվել են Հայ Առաքելական Եկեղեցու հիմնական տաղավար տոների պատարագները և Երուսաղեմում տեղի ունեցող կրոնական միջոցառումները։ Ընկերությունը ծրագրում է ավելի լայնածավալ անդրադառնալ երկրի մշակութային կյանքին՝ տաղավարներում հարցազրույցների, ինչպես նաև կրթամշակութային կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով։

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության («Երկիր Մեդիա» ծրագիր) առաքելությունն է՝ «աջակցել հեռուստադիտողին իրացնել տեղեկացված լինելու իր իրավունքը, խթանել բազմակարծությունն ու հանդուրժողականությունը, լինել ազատ խոսքի ամբիոն, դառնալ համահայկական ալիք՝ կամրջելով ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում ապրող հայությանը»։

Ընկերության տեսլականն է՝ «դառնալ հասարակական-քաղաքական և լրատվական հաղորդումների ամենամեծ լսարան ունեցող հեռուստաընկերություններից մեկը և սփյուռքում ամենամեծ լսարան ունեցող հայաստանյան հեռուստաընկերությունը»։

Հայտի համաձայն՝ ընկերության քաղաքականությունն ուղղված է հանրային կյանքին վերաբերող բոլոր բնագավառներում տեսակետների բազմազանության և լրատվության բազմակարծության խթանմանը, հասարակության սոցիալական և քաղաքական իրականության արտացոլմանը՝ արտադրելով և հեռարձակելով որակապես նոր և տարբերակված հաղորդումներ։

Նշվել է, որ ընկերությունը խստորեն հետևելու է լրագրողական ճշգրտության, ազնվության, գաղտնիության պահպանման սկզբունքներին, ապահովելու է ինքնակարգավորման և լրագրողական էթիկայի բոլոր կանոնները։

Հաղորդումների թեմատիկ բաշխվածությունն է․ «լրատվական-վերլուծական՝ 31%, հասարակական-քաղաքական՝ 17%, ֆիլմեր՝ 15%, ժամանցային՝ 14%, գիտակրթական՝ 12%, մշակութային՝ 10%, մանկապատանեկան՝ 1%»։

Ընկերությունը նշել է, որ «Երկիր Մեդիա» ծրագրի զգալի մասը լրատվություն է՝ ստուգված և հավաստի տեղեկություններ։ Ընկերությունը ստանձնում է ապահովել լրատվության նոր որակի բովանդակություն, որը հիմնված է լինելու արտահայտման ազատության և բազմակարծության սկզբունքների վրա։

Համաձայն հայտի՝ եթերաժամի զգալի մասը նվիրվում է սփյուռքի տարբեր գաղթօջախների քաղաքական, հասարակական, եկեղեցական, մշակութային ու մարզական կյանքի լուսաբանմանը։ Ընկերությունը համագործակցում է նաև մարզային հեռուստաընկերությունների հետ։ Առաջիկայում նախատեսում է ավելացնել հեղինակային հաղորդումների քանակը, որոնք կվարեն հասարակական-քաղաքական գործիչները։

Ներկայացված փաստաթղթերի համաձայն «Երկիր Մեդիա» ծրագրում հայրենական արտադրության հաղորդումները կազմում են եթերի մոտ 95%-ը (չհաշված ֆիլմերը)։ Նշվել է նաև, որ ֆիլմերի մի մասը հաշվի չառած՝ եթերից հնչում է բացառապես հայոց լեզուն, իսկ սեփական արտադրության հաղորդումները կազմում են 90%։

Ներկայացվել է, որ հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, երիտասարդական հաղորդաշարերն աչքի են ընկնում տարբեր կարծիքների, տեսակետների արտահայտմամբ։ Հեռուստաընկերությունը հյուրընկալում է բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ հեռուստադիտողին հնարավորություն ընձեռելով լսել բոլոր քաղաքական և հասարակական կազմակերպությունների տեսակետները քաղաքական իրադարձությունների, երկրի համար կարևոր նշանակության գործընթացների վերաբերյալ։

Ընկերությունը ստանձնում է նպաստել բազմակարծության ձևավորմանը, ամրապնդել ազատ արտահայտվելու իրավունքն ու մշակույթը, հասարակության մեջ սերմանել հանդուրժողականություն և հարգանք այլակարծության նկատմամբ։ Եթերը բաց է լինելու քաղաքական տարբեր հայացքների և դիրքորոշումների համար։

Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել է տեխնիկական միջոցների ցանկը՝ անվանական, քանակական տվյալներով և տեխնիկական բնութագրերով։ Նշվել է, որ 2020 թվականից հետո՝ երկու տարվա ընթացքում ձեռք է բերվել նոր գույք՝ տեսախցիկներ, լուսային և ձայնային համակարգեր։

Ընկերության ֆինանսական հոսքերը, համաձայն հայտի, գոյանում են գովազդի հեռարձակումից, սփյուռքի տարբեր կառույցների համար ֆիլմերի և հաղորդումների պատրաստման, ինչպես նաև 2022թ. ապրիլին գործարկված «Երկիր Հերիթեջ» կայքի բաժանորդային վճարներից։

Նշվել է, որ հեռուստաընկերության հիմնական հասույթի աղբյուրը հանդիսանում է գովազդը, և նոր կնքված գովազդային պայմանագրերի շնորհիվ ակնկալվում է դրամական հոսքերի աճ։ Ներկայացվել է հիմնական գովազդատուների ցանկը, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագրեր և նախատեսվում է գովազդային պայմանագրերի կնքում, որը գտնվում է վերջնական փուլում։

Ընկերությունը ներկայացրել է աշխատակազմի կազմակերպական կառուցվածքն ու աշխատողների թվաքանակն ըստ բաժինների, որի համաձայն աշխատողների մեծ մասն ունի բարձրագույն կրթություն։ Նոր հաստատված հաստիքացուցակով նախատեսվում է աշխատակազմի թվաքանակի, ինչպես նաև աշխատավարձի ավելացում։

Նշվել է, որ ընկերության մշակութային և գիտակրթական հաղորդումների առանցքն ու հիմքը հայկական մշակույթն ու հայկական ավանդական արժեքներն են՝ «Երկիր Մեդիա» ծրագիրը սերունդներին հաղորդակից է դարձնելու հայ ժողովրդի պատմությանը, արժեքներին ու ավանդույթներին, ներկայացվելու է հայկական մշակույթի ողջ գանձարանը, վերջին մշակութային նորություններն ու իրադարձությունները, Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող և ստեղծագործող արվեստագետների աշխատանքները։ «Համազգային հայ կրթական և մշակութային միության» հետ կնքված պայմանագրի համաձայն ընկերությունը պարտավորվում է ամսական որոշակի ծավալով հոգևոր, մշակութային, կրթական և դաստիարակչական հաղորդումներ և ֆիլմեր տրամադրել, որոնք կարող են օգտագործվել սփյուռքի կրթական հաստատությունների կողմից՝ նպաստելով սփյուռքում հայապահպանությանը։ Հաղորդումներում անդրադարձ է կատարվում նաև համամարդկային արժեքներին և համաշխարհային մշակույթին։

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության («Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիր) հիմնական նպատակն է՝ «պաշտպանել ու ամրապնդել խոսքի և մամուլի ազատությունը, ծառայել տեղեկատվություն ստանալու քաղաքացու իրավունքին, նպաստել ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքների ու արժեքների ամրապնդմանը, լրատվական, հասարակական-քաղաքական, գիտակրթական, սոցիալական, երիտասարդական, մշակութային, սպորտային և երաժշտական հաղորդումների, գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի միջոցով ապահովել բազմակարծությունը, խոսքի ազատությունը, տեղեկատվություն տարածելու և ստանալու հնարավորությունը, ինչպես նաև նպաստելու լսարանի գեղագիտական ճաշակի ձևավորմանը, համամարդկային արժեքներին հաղորդակից դարձնելուն»։

Ներկայացված տեղեկատվության համաձայն ընկերության ռազմավարությունն է՝ «բազմակարծության խթանում, ազգային ու համամարդկային քաղաքակրթական արժեքների քարոզման ու պաշտպանության, մատաղ սերնդի դաստիարակության, հասարակության զարգացման համար անհրաժեշտ արժեհամակարգերի ձևավորման ու կայացման, պետական շինարարության և հասարակության լիարժեք տեղեկացվածության իրավունքի ապահովում։ Եթերում բացառվելու է փաստերի խեղաթյուրված ներկայացումն ու աղավաղված մեկնաբանությունները, մատուցվելու են ճշմարիտ ու արժեքավոր տեղեկություններ, մաքուր, ճիշտ և օրինակելի խոսք։ Բազմակարծության ապահովման և բազմազանության խթանման նպատակով եթերային հարթակ է տրամադրելու նաև այլ լրատվամիջոցներին, անհատ քաղաքագետներին ու վերլուծաբաններին»։

Նշվել է նաև, որ Մրցույթում հաղթող ճանաչվելու պարագայում նախատեսվում է վերլուծական, ճանաչողական ձևաչափով, հանրության իրավագիտակցության բարձրացման ինչպես նաև մարզերի բնակիչների հետաքրքրությունները բավարարող հաղորդումներ։

Նշվել է, որ հայերեն հաղորդումները գերակայելու են եթերում և դրանց ծավալը հասցվել է 100%-ի։

Սեփական արտադրության հաղորդումների վերաբերյալ ընկերությունը նշել է, որ դրանց ծավալը կազմելու է եթերի մոտ 85%-ը և ներկայացվել են սեփական արտադրության հաղորդումների նկարագրությունները։

Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել է գործող տեխնիկական միջոցների ցանկը՝ անվանական, քանակական տվյալներով և տեխնիկական բնութագրերով և նշվել, որ տեխնիկական բոլոր միջոցները համապատասխանում են միջազգային գործող ստանդարտներին։ Ներկայացվել է նաև ընկերության տեխնիկական կառուցվածքը։

Հայտի համաձայն ընկերությունը ֆինանսական հոսքերն ապահովելու է գովազդից, վճարովի եթերաժամանակի տրամադրումից, գործընկերությունից, հովանավորչությունից, վիճակախաղերի խաղարկությունների եթեր հեռարձակումից, ինչպես նաև ընկերության հիմնադրի կողմից պարբերաբար կատարվող ներդրումներից։ Ներկայացվել է տեղեկանք՝ ընկերության հիմնադրի կողմից կատարված ներդրումների մասին, գրություն՝ հիմնադրի ընտանիքի կողմից կատարված ներդրումների մասին և նշվել, որ այն շարունակական է լինելու, ներկայացվել է նաև գովազդից, վճարովի եթերաժամից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցների վերաբերյալ գրություն, փոխառության նախնական պայմանագրեր, հաշվապահական հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Ընկերության աշխատակազմի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը ներառում է աշխատակիցների ցանկն ըստ կառուցվածքային ստորաբաժանումների և զբաղեցրած պաշտոնի, աշխատողների ինքնակենսագրականները, դիպլոմների պատճենները, պատվոգրեր, շնորհակալագրեր, վկայագրեր: Ներկայացված տեղեկատվության համաձայն աշխատողների մեծ մասն ունի բարձրագույն կրթություն և բազմամյա աշխատանքային մասնագիտական փորձ, նշվել է, որ նրանք կրթություն են ստանում, վերապատրաստվում և պրակտիկա են անցնում Հայաստանի և արտերկրի մասնագիտական տարբեր հաստատություններում։

Ներկայացված փաստաթղթերի համաձայն ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների վերաբերյալ նշվել է, որ արտադրվել և արտադրվելու են այնպիսի հաղորդումներ, որոնք հաշվի են առնելու հասարակության տարբեր շերտերի ազգային, կրոնական և քաղաքական առանձնահատկություններն ու նախասիրությունները, հեռուստադիտողին հաղորդակից են դարձնելու համաշխարհային մշակութային և համամարդկային արժեքներին, ազգային ավանդույթներին, հայոց պատմությանը, հասարակական կյանքին և կնպաստեն հասարակության հոգևոր վերելքին, գեղագիտական դաստիարակությանը։ Որպես այս չափանիշի ապահովում ընկերությունը ներկայացրել է մի քանի հաղորդումներ և դրանց բնութագրերը։

 

Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.

 

Այսպիսով, Հանձնաժողովը, ղեկավարվելով օրինականության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, ինքնուրույնության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքներով, Ընկերությունների հայտերի և կից փաստաթղթերի ուսումնասիրության, համադրման և գնահատման արդյունքում ամրագրում է հետևյալը․

Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովը մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ հաշվի է առնում` սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը, հայերեն հաղորդումների գերակայությունը, բազմակարծությունը խթանելու կարողությունը, հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը, գործող լիցենզավորված հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:

Հարկ է նշել, որ Մրցույթին մասնակցող, հանրային մուլտիպլեքսում գործող «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՇԱՆԹ» ՍՊ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունները 2021 թվականին տրամադրված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական սփռման լիցենզիաների համաձայն օրական 24-ժամյա ռեժիմով հեռարձակում են համապատասխանաբար «Արմենիա», «Ա-Թիվի», «Շանթ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա» ծրագրերը, որոնք վերահաղորդվում են ցանցային օպերատորների միջոցով։

Մրցույթին մասնակցող «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը հեղինակազորված տեսալսողական մեդիածառայություն մատուցող է և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիրը վերահաղորդվում է գրեթե բոլոր ցանցային օպերատորների միջոցով, հիմնականում ապահովում է օրական 18-ժամյա հեռարձակում։

Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովն իրականացնում է հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկում։

Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ լիցենզիա ստացած հեռարձակողները պարտավոր են վարել տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյան։ Տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների հիման վրա Հանձնաժողովը վերահսկում է հեռարձակողների գործունեության համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:

Վերոնշյալ իրավական կարգավորումների համատեքստում նշենք, որ Հանձնաժողովի կողմից Ընկերությունների մրցութային հայտերի ուսումնասիրության, համադրման և վերլուծության համար հիմք են հանդիսացել տեսլականներում ներկայացված և Ընկերությունների գործունեության փաստացի դիտարկման արդյունքների տվյալները, իսկ գործող լիցենզավորված հեռարձակողների դեպքում հաշվի են առնվել նաև գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբեր ամսվա ժամանակահատվածում Ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի (այսուհետ՝ էլեկտրոնային մատյան) փաստացի տվյալները։

 

Սեփական արտադրության և հայերեն հաղորդումներ

 

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության հայտի համաձայն «Արմենիա» ծրագրում գերակայելու են սեփական արտադրության և հայերեն հաղորդումները, նշվել է, որ սեփական արտադրության հաղորդումների ծավալը կազմում է հայերեն հաղորդումների ծավալի 85 %-ը, հաղորդումները գրեթե ամբողջությամբ հայերեն լեզվով են և հայերենով սեփական արտադրության հաղորդումների ծավալը հասցվել է 96 %-ի։ Հայտում նշված հաղորդումների տվյալների տոկոսային համամասնությունը կտրուկ չի տարբերվում ընկերության 2020 թվականի մրցութային հայտով ստանձնած (սեփական արտադրության հաղորդումներ՝ 96%, հայերեն հաղորդումներ՝ 96%) և էլեկտրոնային մատյանի տվյալներից։ Էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն «Արմենիա» ծրագրում հայերեն տեսալսողական հաղորդումները կազմել են 100%, սեփական արտադրության հաղորդումների ծավալը կազմել է ընդհանուր եթերի մոտ 83%-ը, իսկ ոչ սեփական արտադրության հաղորդումները կազմել են մոտ 17%։

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հայտում նշված տեղեկատվության համաձայն «Ա-Թիվի» ծրագրում գերակայելու են սեփական արտադրության և հայերեն հաղորդումները, որոնց ծավալը նշվել է համապատասխանաբար 70% և 90%։ Ընկերության հայտում նշված և 2020 թվականի մրցութային հայտով ստանձնած սեփական արտադրության և հայերեն հաղորդումների ցուցանիշները նույնն են, ավելին, էլեկտրոնային մատյանի ցուցանիշները բարձր են։ Էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն «Ա-Թիվի» ծրագրում հայերեն տեսալսողական հաղորդումները կազմել են 100%, սեփական արտադրության հաղորդումները կազմել են ընդհանուր եթերի մոտ 73%-ը, ոչ սեփական արտադրության հաղորդումները՝ մոտ 27%-ը։

«ՇԱՆԹ» ՍՊ ընկերության հայտում «Շանթ» ծրագրի սեփական արտադրության և հայերեն հաղորդումների ծավալը նշվել է գրեթե 100%, ընդ որում սեփական արտադրության հաղորդումների միջին ծավալը տատանվում է 90-100%-ի միջև, կախված այն հանգամանքից, թե որ պահին ինչ ծավալի օտարերկրյա (հայերեն թարգմանությամբ) հաղորդումներ կան եթերում, ինչը նշանակում է, որ ծրագրում գերակայելու են սեփական արտադրության և հայերեն հաղորդումները։ Հայերեն հաղորդումների՝ հայտում նշված ցուցանիշները, ընկերության 2020 թվականի մրցութային հայտում նշված, ինչպես նաև էլեկտրոնային մատյանի տվյալների ցուցանիշները նույնն են, իսկ հայտում նշված սեփական արտադրության հաղորդումների և էլեկտրոնային մատյանի տվյալների ցուցանիշները տարբերվում են։ Էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն «Շանթ» ծրագրում հայերեն տեսալսողական հաղորդումները կազմել են 100%, սեփական արտադրության հաղորդումները կազմել են ընդհանուր եթերի մոտ 88%-ը, ոչ սեփական արտադրության հաղորդումները՝ մոտ 12%-ը։

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության հայտում սեփական արտադրության և հայերեն հաղորդումների ցուցանիշ նշված չէ, սակայն ներկայացված հաղորդումների բնութագրերից երևում է, որ «Կենտրոն» ծրագրում գերակայելու են սեփական արտադրության և հայերեն լեզվով հաղորդումները։

Էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն «Կենտրոն» ծրագրում հայերեն տեսալսողական հաղորդումները կազմել են ընդհանուր եթերի մոտ 91%-ը, սեփական արտադրության հաղորդումները՝ մոտ 66%-ը, ոչ սեփական արտադրության հաղորդումները՝ մոտ 34%-ը։

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության հայտի համաձայն «Երկիր Մեդիա» ծրագրում գերակայելու են սեփական արտադրության և հայերեն հաղորդումները, որոնց ծավալը նշվել է համապատասխանաբար 90% և 95%, չհաշված ֆիլմերի մի մասը, եթերից հնչում է բացառապես հայոց լեզուն։ Ընկերության հայտում նշված և 2020 թվականի մրցութային հայտով ստանձնած սեփական արտադրության և հայերեն հաղորդումների ցուցանիշները նույնն են, իսկ էլեկտրոնային մատյանի տվյալներից կտրուկ տարբերվում են։ Էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն «Երկիր Մեդիա» ծրագրում հայերեն տեսալսողական հաղորդումները կազմել են ընդհանուր եթերի մոտ 80%-ը, սեփական արտադրության հաղորդումները՝ մոտ 48%-ը, ոչ սեփական արտադրության հաղորդումները՝ մոտ 52%-ը։

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության հայտի համաձայն «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրում գերակայելու են սեփական արտադրության և հայերեն հաղորդումները, որոնց ծավալը նշվել է համապատասխանաբար 85% և 100%, նշվել է նաև, որ հայերեն հաղորդումները գերակա են եթերում և հայալեզու կոնտենտի շարունակական ավելացմամբ այն հասցվել է 100%-ի։ Հայտում վերոնշյալ հաղորդումների ցուցանիշները 2022 թվականի հոկտեմբեր ամսվա դիտարկման ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշների համեմատությամբ հայերեն հաղորդումների ցուցանիշները կտրուկ չեն տարբերվում, իսկ սեփական արտադրության հաղորդումների ցուցանիշները տարբերվում են։ 2022 թվականի հոկտեմբեր ամսվա դիտարկման ժամանակահատվածում «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրում հայերեն հաղորդումները մոտավոր կազմել են ընդհանուր եթերի 98%-ը, սեփական արտադրության հաղորդումները՝ 62%-ը, ոչ սեփական արտադրության հաղորդումները՝ 38%-ը:

Հավելենք, որ հեռարձակողների կողմից հայերեն հաղորդումների պահպանման պահանջը ամրագրված է Օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով, համաձայն որի՝ հայերեն տեսալսողական հաղորդումները մեկ հեռարձակողի հեռարձակմամբ չեն կարող պակաս լինել ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից: Ընկերությունների ծրագրերի ուսումնասիրության և փաստացի տվյալների համադրման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունները պահպանել են Օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջը։

 

Բազմակարծությունը խթանելու կարողություն

 

Կարևորվելով հանրային իրազեկման գործում հեռարձակողների դերակատարումը և ժողովրդավարական պետության մեջ քաղաքացու տեղեկացվածության իրավունքի ապահովումը, Օրենքով երաշխավորված է տեղեկատվության ազատությունը, հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը, կարծիքների արտահայտման իրավունքը, որը կնպաստի տեսալսողական հաղորդումների բովանդակության բազմազանությանը և բազմակարծության խթանմանը: Այս համատեքստում հարկ է նշել, որ հեռարձակողներն իրենց ծրագրերում պետք է ապահովեն նաև հաղորդումների բազմազանություն։

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության «Արմենիա» ծրագրի խմբագրական քաղաքականությունն ուղղված է լինելու բազմաբովանդակ որակյալ բովանդակության հեռարձակմանը, հաղորդումների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ ընկերությունն ապահովելու է թեմատիկ բազմազանություն։ Տարբեր թեմատիկ ուղղվածության հաղորդումներում ներառված են նաև լրատվական, սոցիալ-քաղաքական, քաղաքական թոք-շոուներ՝ խթանելով եթերում բազմազանությունն ու բազմակարծությունը։ Քաղաքական բազմակարծությունը և հավասարակշռվածությունը կպահպանվեն լրատվական թողարկումներում՝ ներկայացնելով առկա խնդիրների շուրջ տեսակետներ։

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության «Ա-Թիվի» ծրագրի հիմնական թեմատիկ ուղղվածությունը ժամանցային է, սակայն եթերացանկում ներառվելու են լրատվական, մշակութային, կրթական, մանկապատանեկան, ուսուցողական, ժամանցային ուղղվածության հաղորդումներ՝ ապահովելով եթերում բազմազանությունը, իսկ խմբագրական քաղաքականությունն ուղղված է լինելու լրատվական ծառայության զարգացմանը՝ ապահովելով անաչառ և բազմակողմանի լրատվության հեռարձակումը։

«ՇԱՆԹ» ՍՊ ընկերության՝ որպես տեսալսողական հաղորդումներ արտադրողի և հեռարձակողի խմբագրական քաղաքականությունն ուղղված է լինելու հաղորդումների արտադրության որակը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, «Շանթ» ծրագրում ավելացնել տարբեր թեմատիկ ուղղվածության հաղորդումների ծավալը՝ ապահովելով հաղորդումների բազմազանությունը, իսկ լրատվական, հասարակական–քաղաքական հաղորդումների, հարցազրույցների, բանավիճային թոք շոուների ձևաչափով հեռարձակվող հաղորդումների միջոցով ապահովել բազմակարծությունը։

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության «Կենտրոն» ծրագրի բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ հաղորդումներում ապահովում է թեմատիկ բազմազանությունը՝ ներկայացնելով տարբեր հաղորդումներ։ Ծրագրում ներառվելու են լրատվական, հասարակական, քաղաքական հաղորդումներ, որոնք միտված են բազմակարծության ապահովմանը։

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության հայտի համաձայն «Երկիր Մեդիա» ծրագրում ներառվելու են տարբեր թեմատիկ ուղղվածության հաղորդումներ, որոնք ուղղված են լինելու տարբեր կարծիքների, տեսակետների արտահայտմանը։ Ընկերության խմբագրական քաղաքականությունն ուղղված է հանրային կյանքին վերաբերող բոլոր բնագավառներում տեսակետների բազմազանության և լրատվության բազմակարծության խթանմանը։ Ընկերության եթերի զգալի մասը լրատվություն է՝ որը հիմնված է ստուգված և հավաստի տեղեկությունների և բազմակարծության սկզբունքների վրա։

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության հայտի համաձայն ընկերությունը «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրում բազմակարծությունն ապահովելու է լրատվական, հասարակական-քաղաքական, գիտակրթական, սոցիալական, երիտասարդական, մշակութային, սպորտային և երաժշտական հաղորդումների, գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի միջոցով։

Այս առումով կարևոր ենք համարում, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված չափանիշների գնահատման առումով ոչ միայն կարևոր են զուտ խոստումներն, այլ նաև այն, թե որքանով են իրագործվել դրանք:

Ընկերությունների ծրագրերում լրատվական, հասարակական-քաղաքական հաղորդումների բազմակարծության ապահովման համատեքստում 2022 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ մրցույթին մասնակցող «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՇԱՆԹ» ՍՊ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերություններն իրենց լրատվական թողարկումներում տատանվող հարաբերակցությամբ հիմնականում ապահովում են բազմակարծությունը։

Սակայն «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերություններն իրենց լրատվական հաղորդումներում երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների հետ կապված հանրային նշանակություն ունեցող բազմաթիվ իրադարձություններ կամ ընդհանրապես չեն լուսաբանում, կամ դրանց անդրադառնում են հեգնական եղանակով, բավականին միակողմանի, հիմնականում բացասական լույսի ներքո, ինչպես նաև մանիպուլյատիվ հնարքներով։

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի հասարակական-քաղաքական, վերլուծական հաղորդումները (օրինակ՝ Էդգար Ղազարյանի վերլուծական շարքերը, «Պրոֆֆակտ», «Խոսքի իրավունք», «Հինգշաբթին Էդիկ Անդրեասյանի հետ» և «Հրապարակային շաբաթ», «Հայելի ակումբ» հաղորդումները), ինչպես նաև «Երկիր Մեդիա» ծրագրի բանավիճային, հասարակական-քաղաքական հաղորդումները («Երկրի հյուրասրահը», «Հայաստանի իրական օրակարգը» հաղորդումները) կրել են միակողմանի բնույթ, որով չի ապահովվել բազմակարծությունը՝ նշված հաղորդումների հյուրերը, դիտարկված ժամանակահատվածում, թեպետ եղել են տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող անձինք, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք, սակայն հասարակական-քաղաքական անցուդարձն ընդհանուր առմամբ քննարկել և վերլուծել են միակողմանի՝ շեշտադրելով իշխանության քայլերի թերությունները ու պախարակելով գործելաոճը։

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի դիտարկման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը հայտում նշել է, որ իր ռազմավարությունն է՝ խթանել բազմակարծությունը, ապահովել հասարակության լիարժեք տեղեկացվածության իրավունքը, բացառել եթերում գռեհկաբանություններ, ցածրաճաշակ ու անպարկեշտ տեսարաններ և մատուցել մաքուր, ճիշտ և օրինակելի խոսք, սակայն «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրում նշվածը չի պահպանվել՝ ոչ բոլոր հաղորդումներն են աչքի ընկել դաստիարակչական բաղադրիչներով, չի մատուցվել մաքուր, ճիշտ և օրինակելի խոսք։ Ընկերությունը հայտում նշել է նաև, որ եթեր հեռարձակվող հաղորդումները պատրաստվում կամ ընտրվում են՝ հաշվի առնելով էթիկայի և էսթետիկայի բոլոր նորմերը, սակայն որոշ հաղորդումների ժամանակ նշված նորմերը չեն պահպանվում։

«Արմենիա», «Ա-Թիվի», «Շանթ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա» ծրագրերի բովանդակության ուսումնասիրության արդյունքում կարող ենք փաստել, որ ծրագրերի թեմատիկ ուղղվածությունը համապատասխանում է մրցութային հայտով ներկայացված տեսլականին։

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի ուսումնասիրությունից կարելի է փաստել, որ թեմատիկ ուղղվածության հաղորդումները հիմնականում ժամանցային, լրատվական, հասարակական-քաղաքական, վերլուծական, մշակութային են, և այս համատեքստում «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի թեմատիկ ուղղվածությունը միայն որոշ չափով է համապատասխանում մրցութային հայտով ներկայացված տեսլականին։ Ծրագրում հաճախ են տեղ գտնում նաև արխիվային և նախկինում հեռարձակված հաղորդումների կրկնությունները:

 

Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներ

 

Ընկերությունների մրցութային առաջարկների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ընկերությունների ծրագրերում առկա են մի շարք մշակութային և գիտակրթական հաղորդումներ, որոնք միտված են ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների ապահովմանը։ Ընկերությունների ծրագրերում ներառված են նաև հանրօգուտ բովանդակության՝ մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումներ։

Հարկ է նշել, որ հեռարձակողի ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների պահպանման պարտավորությունը սահմանված է Օրենքով, մասնավորապես, Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ լիցենզիա ստացած հեռարձակողի ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը:

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության «Արմենիա» ծրագրում լինելու են տարբեր գիտակրթական և մշակութային հաղորդումներ, երաժշտական նախագծեր, գիտակրթական ձևաչափեր, որոնք նպատակ ունեն ծանոթացնելու Հայաստանի մշակութային գործիչների ստեղծագործություններին, մշակութային ժառանգությանը, ձևավորելու մշակութային գիտելիքներ, գեղագիտական ճաշակ։ Ծրագրում տեղ են գտնելու նաև հանրօգուտ բովանդակության կրթական, մանկական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումներ։ Էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն «Արմենիա» ծրագրում հանրօգուտ բովանդակության՝ մանկական, կրթական, մշակութային, մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումները շաբաթական կտրվածքով ընդհանուր եթերում մոտավոր կազմել են՝ 03.10.2022թ.-09.10.2022թ.՝ 31%, 10.10.2022թ.-16.10.2022թ.՝ 24%, 17.10.2022թ.-23.10.2022թ.՝ 22%, 24.10.2022թ.-30.10.2022թ.՝ 22%:

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության խմբագրական քաղաքականությունն ուղղված է լինելու իր ժամանցային ուղղվածության ծրագրում ավելացնել մշակութային և գիտակրթական հաղորդումներ, երաժշտական նախագծեր, ինչպես նաև ընդլայնել և խորացնել տեսալսողական ծրագրերի մշակութային և կրթական բաղադրիչը, որն ուղղված է ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդման ապահովմանը։ Ծրագրում տեղ են գտնելու նաև հանրօգուտ բովանդակության հաղորդումներ, որոնց ծավալը, համաձայն ներկայացվածի կկազմի սեփական արտադրության հաղորդումների առնվազն 20%-ը։

Էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն «Ա-ԹԻՎԻ» ծրագրում հանրօգուտ բովանդակության՝ մանկական, կրթական, մշակութային, մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումները շաբաթական կտրվածքով ընդհանուր եթերում մոտավոր կազմել են՝ 03.10.2022թ.-09.10.2022թ.՝ 22%, 10.10.2022թ․-16.10.2022թ.՝ 18%, 17.10.2022թ․-23.10.2022թ.՝ 19%, 24.10.2022թ․-30.10.2022թ.՝ 19%:

«ՇԱՆԹ» ՍՊ ընկերության կողմից ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների ապահովմանն են ուղղված «Շանթ» ծրագրում ներառված մշակութային նախագծերը, ինչպես նաև նշված չափանիշի ապահովմանն է ուղղված արտադրվող և հեռարձակվող բոլոր ժանրերի հաղորդումներում կրթական, ճանաչողական, դաստիարակչական բաղադրիչներ ներառելու հանձնառությունը՝ համադրելով դրանք համամարդկային ու ազգային արժեքների հետ։

Էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն «Շանթ» ծրագրում հանրօգուտ բովանդակության՝ մանկական, կրթական, մշակութային, մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումները շաբաթական կտրվածքով ընդհանուր եթերում մոտավոր կազմել են՝ 03.10.2022թ.-09.10.2022թ.՝ 22%, 10.10.2022թ.-16.10.2022թ.՝ 22%, 17.10.2022թ.-23.10.2022թ.՝ 22%, 24.10.2022թ․-30.10.2022թ.՝ 22%: Նշենք, որ ըստ ընկերության էլեկտրոնային մատյանի տվյալների՝ 2022 թվականի հոկտեմբերի 30-ին ժամը՝ 08։10-ից 09։55-ը «Շանթ» ծրագրի եթերում տեխնիկական անջատում է եղել, որը կազմել է ընդհանուր եթերի 0,24%-ը։

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության «Կենտրոն» ծրագրում ներառվելու են մի շարք հոգևոր-մշակութային, կրթական, ճանաչողական հաղորդումներ, որոնց նպատակն է հեռուստադիտողին հաղորդակից դարձնել ազգային, հոգևոր արժեքների, մշակույթի հետ։

Էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն «Կենտրոն» ծրագրում հանրօգուտ բովանդակության՝ մանկական, կրթական, մշակութային, մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումները շաբաթական կտրվածքով ընդհանուր եթերում մոտավոր կազմել են՝ 03.10.2022թ.-09.10.2022թ.՝ 31%, 10.10.2022թ․-16.10.2022թ.՝ 28%, 17.10.2022թ․-23.10.2022թ.՝ 29%, 24.10.2022թ․-30.10.2022թ.՝ 30%:

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը նշել է, որ ծրագրի մշակութային և գիտակրթական հաղորդումների առանցքն ու հիմքը հայկական մշակույթն ու հայկական ավանդական արժեքներն են։ Հաղորդումներում տեղ են գտնելու մշակութային նորություններն ու իրադարձությունները, Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող և ստեղծագործող արվեստագետների աշխատանքները, նվաճումներն ու հաջողությունները։ Հայտում նշվել է, որ ծրագրում գիտակրթական, մշակութային հաղորդումների ծավալը կազմելու են համապատասխանաբար 12% և 10%։

Էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն «Կենտրոն» ծրագրում հանրօգուտ բովանդակության՝ մանկական, կրթական, մշակութային, մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումները շաբաթական կտրվածքով ընդհանուր եթերում մոտավոր կազմել են՝ 03.10.2022թ․-09.10.2022թ․՝ 18%, 10.10.2022թ․-16.10.2022թ․՝ 18%, 17.10.2022թ․-23.10.2022թ․՝ 15%, 24.10.2022թ․-30.10.2022թ.՝ 15%:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության ներկայացրած փաստաթղթերի համաձայն ընկերությունը արտադրել և արտադրելու է այնպիսի հաղորդումներ, որոնք հաշվի են առնում հասարակության տարբեր շերտերի ազգային, կրոնական և քաղաքական առանձնահատկություններն ու նախասիրությունները, հեռուստադիտողին հաղորդակից են դարձնելու համաշխարհային մշակութային և համամարդկային արժեքներին, ազգային ավանդույթներին, հայոց պատմությանը, հասարակական կյանքին և կնպաստեն հասարակության հոգևոր վերելքին, գեղագիտական դաստիարակությանը։

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի 2022 թվականի հոկտեմբեր ամսվա դիտարկման ժամանակահատվածում հաղորդումների բաշխվածությունը ընդհանուր եթերում մոտավոր կազմել է՝ ժամանցային՝ 43%, հասարակական-քաղաքական, վերլուծական՝ 31%, լրատվական՝ 10%, մշակութային (հոգևոր հաղորդումներ, վավերագրական ֆիլմեր, դասական և ժողովրդական երաժշտություն)՝ 8%, իսկ մոտ 8%-ը կազմում են ՀՀ օրհներգ, անոնս և գովազդ։

2022 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում մանկական, կրթական, մշակութային, մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումների շաբաթական բաշխվածության վերլուծության արդյունքում «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «ՇԱՆԹ» ՍՊ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունների ծրագրերում նշված հաղորդումները կազմել են ընդհանուր եթերի առնվազն 20%-ը՝ պահպանելով Օրենքի վերոնշյալ դրույթի պահանջը, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության ծրագրում նշված հաղորդումները կազմել են շաբաթական 15% կամ 18%, իսկ «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության ծրագրում վերոնշյալ հաղորդումների առնվազն 20%-ը պահպանվել է միայն մեկ շաբաթվա կտրվածքով, իսկ մնացած ժամանակահատվածում կազմել են 18% կամ 19%։

Հարկ է նշել, որ մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումների շաբաթական եթերաժամի առնվազն 20%-ի պահպանման պարտավորությունը «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության վրա չի տարածվում, քանի որ ընկերությունը միայն հեղինակազորված է։

 

Տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ

 

Ընկերությունների կողմից ներկայացված տեխնիկական միջոցների հնարավորությունների վերաբերյալ իրականացված վերլուծության արդյունքում կարող ենք արձանագրել հետևյալը․

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության արտադրական եթերային տաղավարները, համաձայն ներկայացված տեղեկատվության, հագեցած են արդի տեխնիկական պահանջներին բավարարող հեռուստատեսային, ձայնային, լուսային և համակարգչային տեխնիկական միջոցներով: Ընկերության շարժական կայանները նույնպես հագեցած են վերջին սերնդի տեխնիկական հեռուստատեսային միջոցներով, որը հնարավորություն է տալիս ուղիղ եթեր հեռարձակել Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրից: Շարժական կայանները հնարավորություն ունեն աշխատելու թե IP, թե արբանյակային և թե ռադիոռելեային տարբերակներով, որը հնարավորություն է տալիս ընկերությանն իր եթերը հեռարձակել միաժամանակ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, արտերկրում, ինտերնետային ցանցում և տարբեր սոցիալական հարթակներում:

Հեռուստաընկերության արբանյակային հեռուստակայանը իր արդի տեխնիկական հագեցվածությամբ հնարավորության է տալիս անգամ բջջային կապի լրիվ բացակայության պայմաններում ուղիղ եթեր հեռարձակել ինչպես Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից, այնպես էլ արտերկրից: Ընկերությունն իր հեռուստաարտադրանքի գերակշռող մեծամասնությունը պատրաստում է վերջին սերնդի տեսախցիկներով և նոր սերնդի հավաքակցման կայաններով, ապահովելով տեսաազդանշանի որակի անկորուստ տեղաշարժ։ Ընկերությունը պատրաստվում է իր ամբողջ հեռուստաարտադրանքը փոխակերպել վերջին սերնդի 4k ձևաչափի, սկզբնական փուլում հեռարձակելով ցանցային օպերատորների տիրույթում, այնուհետև հաջորդ փուլում հանրային մուլտիպլեքսում,վերջինիս արդիականացման ավարտից հետո:

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունն իր կոնտենտային ծավալի գերակշռող մեծամասնությունն իրականացնում է վերջին սերնդի տեսախցիկներով և հավաքակցման համակարգերով: Ընկերության տաղավարներն իրենց տեխնիկական սարքասրահներով ևս հագեցած են արդի տեխնիկական հեռուստատեսային համակարգչային հիմնական միջոցներով: Եթերային, սերվերային, լրատվական ծառայության տեխնիկական սարքասրահները հագեցած են համապատասխան անխափան սնուցման սարքերով, որը թույլ է տալիս ապահովել անխափան եթեր ցանկացած ֆորսմաժորային իրավիճակներում: Ընկերությունը տարբեր ձևաչափերի նկարահանումների ժամանակ կիրառում է նաև բարձր տեխնիկական որակով և արագագործությամբ ֆոտոխցիկներ: Տաղավարներից մեկում իրականացված է վիրտուալ տաղավարների հավաքակցում կանաչ և սպիտակ գույների համադրմամբ՝ ժամանակակից ստեղծագործական մտահղացումներ իրականացնելու համար: Հավաքակցման համակարգերի գերակշռող մեծամասնությունը ապահովում է բարձր որակ։ Ընկերությունը պլանավորում է անցնել ULTRA HD ձևաչափի, առաջին փուլում՝ IP հեռուստատեսային ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունների ցանցերում, հաջորդ փուլում՝ թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում:

«ՇԱՆԹ» ՍՊԸ ընկերության եթերային, լրատվական, տեխնիկական և սերվերային համակարգերը համալրված են համապատասխան անխափան սնուցման սարքերով, ինչը հնարավորություն է տալիս հեռուստաընկերությանը ֆորսմաժորային իրավիճակներում շարունակել անխափան աշխատել։ Շահագործվող հեռուստախցիկների գերակշռող մեծամասնությունը հայտնի է բարձրակարգ տեխնիկական որակով և ապահովությամբ: Տարբեր նկարահանումների համար օգտագործվող ֆոտոխցիկների հիմնական մասը շատ պրակտիկ են և ապահով, միաժամանակ, ընկերության կողմից օգտագործվող տարբեր տեխնիկական բնութագրերով համակարգիչները հնարավորություն են տալիս աշխատել հեռուստատեսային տարբեր ձևաչափի ազդանշանների հետ:

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության էներգահամակարգն ունի երկու տարբեր ուղղություններից էներգասնուցում, բոլոր սերվերային, տեխնիկական և եթերային սենյակները համալրված են անխափան սնուցման սարքերով, անհրաժեշտության պարագայում միացվում է նաև դիզելային գեներատորը, որը հնարավորություն է տալիս ֆորսմաժորային իրավիճակներում շարունակել հեռուստաընկերության անխափան աշխատանքը: Հեռուստաընկերությունը համալրված է շարժական հեռուստակայանով, որը տեսաազդանշանը հասցնում է ABE մակնիշի ռադիոռելեային կայանի միջոցով Full HD ձևաչափով: Շարժական հեռուստատեսային կայանում տեղադրված է նաև արբանյակային հեռարձակման համակարգ արբանյակային ափսեով, որը թույլ է տալիս եթեր հեռարձակել ցանկացած տարածքից: Համակարգը զինված է նաև GPS ընդունիչով, որը թույլ է տալիս արագ որոշել և ուղղորդել հեռուստաազդանշանը դեպի համապատասխան արբանյակ: Հեռուստակայանը իր տարածքում ունի տեղադրված ստացիոնար արբանյակային կայան, որն օգտագործվում է տարբեր ձևաչափերի արբանյակային ազդանշան ստանալու համար: Ընկերությունն ապահովված է արխիվացման սարքասրահով, որտեղ օգտագործվում են հին և նոր ձևաչափերի կոնտենտ վերամշակելու և հետագայում համապատասխան հիմնական և պահուստային սերվերներ փոխանցելու համար:

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության հեռուստատեսային, համակարգչային և տեխնիկական հիմնական միջոցները ներկայացված են մեկ ընդհանուր ցանկով, առանց պարզաբանումների նրանց ֆունկցիոնալ տեղաբաշխման և շահագործման մասին տեղեկատվության: Ցանկում առկա են հեռուստատեսային և համակարգչային հիմնական միջոցներ, որոնց առկայությունը ցանկում էական նշանակություն չունի, օրինակ՝ ստեղնաշար, մկնիկ, հին մարտկոցներ, շտատիվներ և այլն: Նշված է, որ դեռ շահագործման մեջ են գտնվում հին սերնդի համակարգչային տեսահսկման սարքեր: Ներկայացված չէ, թե երբ և ինչ պայմաններում է ընկերությունը պատրաստվում անցնել նոր սերնդի 4K ձևաչափի հեռարձակման, առաջին փուլում՝ ցանցային օպերատորների մոտ, իսկ հետագայում նաև հանրային թվային հեռարձակման ցանցում:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը 2018-2019 թթ. իրականացրել է եթերային սերվերային տնտեսության մասնակի թարմացում՝ ձեռք բերելով նոր սերնդի սերվերային համակարգեր, տեսաազդանշանի ընդունիչ և հաղորդիչ սարքեր, տարբեր ձևաչափի փոխակերպիչներ, ուղիղ կապ ապահովող և արբանյակային ազդանշան ընդունող սարքեր։ Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն 2022 թվականին ընկերությունը ձեռք է բերել հետևյալ տեխնիկական հեռուստատեսային միջոցները՝ անխափան սնուցման սարք, եթերային սերվերային համակարգիչ, խոսափող, լուսարձակներ, փոխակերպիչներ, հոսքային կոդավորիչ, ձայնային վահանակ, ընկերությունն արդիականացրել է և վերափոխել թվայինի երկու հաղորդիչները՝ Alcoma Radio Relay Line AL10TV-HD ձևաչափի:

Ելնելով վերոգրյալից, կարող ենք եզրակացնել, որ Ընկերությունների կողմից ներկայացված տեխնիկական հեռուստատեսային համակարգչային հիմնական միջոցների վերաբերյալ տեղեկատվության համաձայն «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՇԱՆԹ» ՍՊ և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունները համապատասխանում են ժամանակակից հեռուստատեսության բոլոր պահանջներին և չափորոշիչներին։

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված տեխնիկական հեռուստատեսային համակարգչային հիմնական միջոցների ցանկի համաձայն ընկերությունը ներկա պահին կարողանում է իրականացնել իր գործառույթները, սակայն «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության ներկայացրած տեխնիկական միջոցների ցանկում առկա են մեծ քանակությամբ հին սերնդի հեռուստատեսային և համակարգչային հիմնական միջոցներ: Իսկ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված գործող տեխնիկական միջոցների վերաբերյալ ցանկի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ընկերությունը նախատեսում է պահպանել ավանդական հեռուստաալիքի բոլոր չափանիշները՝ լրատվական ծառայության տեխնիկական համալիր, շարժական կայանի շահագործում, տաղավարային և արտատաղավարային նկարահանումներ, հեռուստատեսային արբանյակային կայանի շահագործում, եթերային սերվերային համակարգերի շահագործում:

Ընկերությունների կողմից ներկայացվել են նաև ֆինանսական հնարավորությունները հիմնավորող փաստաթղթեր և պայմանագրեր, սակայն նշենք, որ ֆինանսական հնարավորությունները գնահատելիս Հանձնաժողովը հաշվի է առել ստանձնած ֆինանսական պարտավորությունների ծավալը և այդ պարտավորությունները հիմնավորող ֆինանսական փաստաթղթերի առկայությունը։

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՇԱՆԹ» ՍՊ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ և «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունների կողմից ներկայացված ֆինանսական հնարավորությունները հիմնավորող մի շարք փաստաթղթերի վերլուծության արդյունքում պարզվում է, որ ներկայացված ֆինանսական ցուցանիշները հնարավորություն չեն տալիս պատկերացում կազմելու, թե յոթ տարվա հեռանկարում ինչպիսի ֆինանսական միջոցներ են գեներացնելու ընկերությունները և արդյոք այդ միջոցները բավարար են բնականոն գործունեություն ապահովելու համար, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե արդիականացման ինչպիսի ռազմավարություն է կիրառվելու։

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ և «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված ֆինանսական ցուցանիշները ցույց են տալիս, որ ընկերությունների ընթացիկ եկամուտները թույլ են տալիս վճարելու գործունեության ընթացիկ ծախսերը՝ առանց հաշվեգրված ծախսերի ցուցանիշների, որոնց դիմաց վճարումներ դեռևս չեն կատարվել (կրեդիտորական պարտքեր)։ Փաստաթղթերում ներկայացվել են բազմաթիվ պայմանագրեր և հարկային հաշիվներ, որոնց կից ներկայացված չեն վերլուծություններ կամ ամփոփագրեր՝ եզրակացնելու եկամուտների և ծախսերի կառուցվածքի մասին։ Նշենք նաև, որ «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հիմնական եկամուտները ձևավորվել են գովազդի հեռարձակումից և տեխնիկայի վարձակալության հանձնելու արդյունքում։

«ՇԱՆԹ» ՍՊ ընկերության կողմից ներգրված վարկային պարտավորությունները ժամանակին մարելու կամ վճարելու ցուցանիշները ռիսկային են գնահատվում, իսկ հայտում ներկայացված այն տեղեկատվությունը, որ ընկերությունը 19000 քմ տարածք տրամադրում է բազմաբնակարան շինարարության նպատակով, հեռուստաընկերության հիմնական գործունեության հետ առնչություն չունի, ավելին՝ չկան կանխատեսումներ, թե այդ ծրագրի իրականացումից ստացվելիք գումարներից ինչպիսի միջոցներ և ինչ պայմաններով են տրամադրվելու հեռուստաընկերությանը։

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված ֆինանսական փաստաթղթերում առկա է տեղեկանք-հայտարարություն՝ ստորագրված հիմնադրի կողմից այն մասին, որ նա հավաստիացնում է, որ յոթ տարվա ընթացքում ներդրում է իրականացնելու, սակայն առկա չէ որևէ հիմնավորում այդ դրամական միջոցների առկայությունը հաստատելու վերաբերյալ, ինչպես նաև բացակայում է ֆինանսական միջոցների ստացման ժամանակացույցը, ինչը հնարավորություն չի տալիս կարծիք ներկայացնելու ընկերության ֆինանսական վիճակի մասին։

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության կողմից ներկայացվել է ընկերության 2021 թվականի հասույթի, 2022 թվականի դրամական մուտքերի վերաբերյալ տեղեկատվություն և ներկայացվել է, որ առկա են որոշակի կրեդիտորական պարտքեր, սակայն դրանց կառուցվածքի և թվային արտահայտության մասին տվյալներ ներկայացված չեն։

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված ֆինանսական հնարավորությունները հիմնավորող պայմանագրերի և փաստաթղթերի վերլուծության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից ներկայացված ֆինանսական ցուցանիշները պարունակում են մի շարք անորոշություններ և անգամ փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ, որոնք ստեղծում են այդ ցուցանիշների անարժանահավատության վերաբերյալ կարծիք։ Ընկերությունը ներկայացրել է ներդրումներ կատարելու պատրաստակամության վերաբերյալ փաստաթղթեր, որոնցում նշված չէ, թե այդ ներդրումները ինչ պայմաններով են տրամադրվել (անտոկոս կամ տոկոսային հիմունքներով) և ինչ ժամկետում ընկերությունը դրանք պետք է վերադարձնի։ Միաժամանակ, ֆինանսական միջոցների ներգրավման և ծախսման թափանցիկության նկատառումներով պայմանավորված՝ փաստաթղթերում ներկայացված չէ տրամադրված ներդրումների ծագման աղբյուրները։ Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը հիմնականում իրականացվում է փոխառու միջոցների հաշվին և հետևաբար, ընկերության հիմնական գործունեությունը չի ապահովում ինքնածախսածածկում։ Ֆինանսական փաստաթղթերում ներկայացված են նախնական փոխառության պայմանագրեր՝ փոխառություն ներգրավելու նպատակով (առանց բանկային հաշվի քաղվածքի կամ այլ հիմնավորման), սակայն փաստաթղթերում ներկայացված ֆինանսական ցուցանիշները ցույց են տալիս, որ նշված ներգրավվելիք փոխառու միջոցները կծածկեն ընկերության 2022 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ծախսերի մի մասը և 2023 թվականի ծախսերը, սակայն բացակայում են ֆինանսական փոխառու միջոցների ներգրավման կամ հասույթի ձևավորման հիմնավորումներ 2023 թվականից հետո ընկած ժամանակաշրջանի համար, հետևաբար, 2023 թվականից հետո ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը պարունակում է ռիսկեր և անորոշություններ՝ թե արդյոք հնարավոր է ներգրավել նոր փոխառու միջոցների կամ ձևավորվելիք հասույթները կարող են ապահովել ընկերության բնականոն գործունեությունը, ավելին՝ ընկերությունն արդիական սարքավորումներով և տեխնոլոգիաներով համալրելու կանխատեսումներ կամ ծրագրեր ներկայացված չեն։

 

Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն

 

Մրցույթին մասնակցող Ընկերությունները ներկայացրել են բավարար չափով տեղեկություններ իրենց աշխատակազմի, նրանց մասնագիտական կարողությունների վերաբերյալ, որոնք փաստում են մասնագետների փորձառության և մասնագիտական պատրաստվածության մասին։ Ընկերությունների աշխատակազմերում ներառված աշխատողների մեծ մասն ունի բարձրագույն մասնագիտական կրթություն։

 

Օրենքի համաձայն Հեռարձակողները կազմում և սպառողին են ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն են կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար։ Այս համատեքստում նշենք, որ մինչև 2021 թվականի մայիսի 15-ը Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմնի աշխատակարգում լրացում կատարելը, Հանձնաժողովն իրավասություն չուներ դիմելու զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին, այդ իսկ պատճառով դիմել է անմիջականորեն Հեռարձակողներին։ Հանձնաժողովը «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության «Կենտրոն» ծրագրի էթիկական նորմերի խախտումների հետ կապված 2021 թվականի ընթացքում մեկ անգամ դիմել է ընկերությանը։ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության «Երկիր Մեդիա» ծրագրի էթիկական նորմերի խախտումների հետ կապված 2021 թվականի ընթացքում Հանձնաժողովը մեկ անգամ դիմել է ընկերությանը, իսկ 2022 թվականի ընթացքում մեկ անգամ դիմել է Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին։ Նշենք, որ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը հեղինակազորված տեսալսողական մեդիածառայություն մատուցող է, ուստի սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար։ Հանձնաժողովը «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի էթիկական նորմերի խախտումների հետ կապված 2021-2022 թվականների ընթացքում բազմիցս դիմել է Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին՝ միայն 2022 թվականին Հանձնաժողովը հինգ անգամ դիմել է Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին։

Միաժամանակ, նշենք, որ Հանձնաժողովի կողմից 2021-2022 թվականների ընթացքում տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող օրենսդրության խախտում արձանագրելու հիմքով կիրառվել են պատասխանատվության միջոցներ, մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության տեսալսողական ծրագրով առանց իրավատիրոջ հետ պայմանագրային հիմունքների հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող ֆիլմ ցուցադրելու խախտման հիմքով կիրառվել է վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում։ 2021 թվականի ընթացքում «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության ծրագրում մանկական և լրատվական հաղորդումները ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով չհեռարձակելու խախտման հիմքով կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք։ 2021 թվականին «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ Շիրակի մարզում իր տեսալսողական ծրագրից տարբերվող, փոփոխված ծրագիր հեռարձակելու և լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո վիճակախաղի գովազդի հեռարձակման խախտումների հիմքերով կիրառվել են վարչական տույժեր՝ համապատասխանաբար գրավոր նախազգուշացում՝ խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ և տուգանք, իսկ 2022 թվականին վիճակախաղերի գովազդային հոլովակների հեռարձակման սահմանափակումների խախտման հիմքով կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք։ 2021 թվականի ընթացքում «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության ծրագրում 20.06.2021 թվականի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրն արգելված ժամանակահատվածում քարոզչական նյութ հեռարձակելու և շաբաթական եթերաժամում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների օրենքով սահմանված ծավալը չպահպանելու խախտումների հիմքերով կիրառվել են վարչական տույժեր՝ համապատասխանաբար գրավոր նախազգուշացում և տուգանք, իսկ 2022 թվականի ընթացքում տեսալսողական տեղեկատվությունը՝ ֆիլմերն ու մուլտֆիլմերը առանց հայերեն ընկալման միջոցների ուղեկցության հեռարձակելու հիմքով կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք։ 2021 թվականին «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության կողմից 2020 թվականի հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկությունը մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը Հանձնաժողով չներկայացնելու խախտման հիմքով կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք, 2021 թվականի ապրիլի 21-ի եթերի ձայնագրությունը չպահպանելու խախտման հիմքով կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք, ընկերության տեսալսողական ծրագրում ՀՀ Ազգային ժողովի 20․06․2021թ-ի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը քարոզչական նյութ հեռարձակելու խախտման հիմքով կիրառվել է վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում, շաբաթական եթերաժամում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների օրենքով սահմանված ծավալը չպահպանելու խախտման հիմքով կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք։ 2022 թվականի ընթացքում «Երկիր Մեդիա» ծրագրի հաղորդման մեջ հայհոյախոսություն պարունակող արտահայտություններ հեռարձակելու և վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղերի գովազդի հեռարձակման սահմանափակման խախտումների հիմքերով կիրառվել են վարչական տույժեր՝ տուգանք։

2021 թվականի ընթացքում «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից 2020 թվականի հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկությունը մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը Հանձնաժողով չներկայացնելը, «Մագավտո» հաղորդման ընթացքում արգելված ժամանակահատվածում «Գովազդի մասին» օրենքով ամրագրված թունդ ալկոհոլային խմիչքի` կոնյակի գովազդի հեռարձակման խախտումների հիմքերով կիրառվել են վարչական տույժեր՝ տուգանք, իսկ 2022 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ 2022 թվականի ապրիլի 24–ին գովազդի հեռարձակման խախտման հիմքով կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք։

Անհրաժեշտ է ընդգծել, որ Հանձնաժողովի դիտարկմամբ սահմանափակ ռեսուրսի՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման միջոցով հեռարձակվող տեսալսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։

Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պետք է ունենան կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինեն անկախ ու վստահելի, ապահովեն հաղորդումների բարձր որակ, ինչպես նաև առանցքային դերակատարում ունենան ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում։

Օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի և Կարգի 29-րդ կետի համաձայն՝ Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթում հաղթողի ընտրությունն իրականացվում է Հանձնաժողովի անդամների վարկանիշային փակ քվեարկության միջոցով:

Վարկանիշային փակ քվեարկություն ապահովելու նպատակով անցկացվել է վիճակահանություն, որի ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պատահականության սկզբունքով վերցրել է Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան վիճակահանության՝ թվագրում պարունակող թերթիկներից մեկը և տվել Հանձնաժողովի քարտուղարին, որը վիճակահանության թերթիկում նշված թվագրումով գնահատման թերթիկը փոխանցել է Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին՝ այդ մասին նշում կատարելով իր մոտ:

Վարկանիշային քվեարկությունից առաջ Հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:

Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի և Կարգի 37-րդ կետի համաձայն Հանձնաժողովը մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ հաշվի է առնում՝

1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,

2. հայերեն հաղորդումների գերակայությունը,

3. բազմակարծությունը խթանելու կարողությունը,

4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,

5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,

6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը,

7. գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:

Օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ լիցենզավորման մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է`

1) գործող այն Հեռարձակողներին, որոնք իրենց գործունեության ընթացքում թույլ են տվել օրենսդրության նվազ քանակով կամ վտանգավորությամբ խախտումներ.

2) գործող այն Հեռարձակողներին, որոնք տեսալսողական հաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա փորձ:

Օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով, որը 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանում է Հանձնաժողովը:

Կարգի 32-րդ կետի համաձայն սահմանվել է, որ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, սույն կարգի 37-րդ կետի չափանիշները հաշվի առնելով, մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնահատում է գնահատման թերթիկում՝ ամբողջ թվով՝ 20 միավորային սանդղակով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման թերթիկին կից ներկայացնում է իր գնահատման հիմնավորումը։

Գնահատման թերթիկի ձևը հաստատվել է Կարգի Ձև N 2-ով:

Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը, Հանձնաժողովի անդամներն իրենց հիմնավորումներով, փակ վարկանիշային քվեարկությամբ Ընկերությունների հայտերը գնահատել են հետևյալ միավորներով.

 

հ/հ

Մասնակցի
Անվանումը

Գնահատման միավորը

Վարկանի-
շային
միավորը

Գնահատման թերթիկի համարը

1

2

3

4

5

6

1

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ

16

17

19

18

18

18

106

2

«Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ

15

16

18

17

17

14

97

3

«ՇԱՆԹ» ՍՊԸ

14

14

15

13

15

18

89

4

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ

14

15

16

17

15

15

92

5

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ

12

13

14

10

15

14

78

6

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ

9

11

10

8

11

13

62

Անցողիկ շեմը

40

Հանձնաժողովի անդամները գնահատման թերթիկին կից ներկայացրել են իրենց գնահատման հիմնավորումները, որոնք կցվում են սույն որոշմանը։

Կարգի 32-րդ կետի համաձայն՝ մրցույթում անցողիկ շեմ է համարվում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, իսկ վարկանիշային միավորը Կարգի 33-րդ կետի համաձայն որոշվում է գնահատման միավորների հանրագումարով։

Տվյալ մրցույթում անցողիկ շեմը 40 միավորն է։

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՇԱՆԹ» ՍՊ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունները վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթահարել են անցողիկ շեմը։

Կարգի 34-րդ կետի համաձայն՝ վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում անցողիկ շեմը հաղթահարած և առավելագույն վարկանիշային միավոր ստացած մասնակիցը։

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով վարկանիշային քվեարկության արդյունքները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

 

1. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՇԱՆԹ» ՍՊ և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերություններին ճանաչել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ և տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

2. Սույն որոշման անբաժանելի մաս համարել Հանձնաժողովի անդամների գնահատման հիմնավորումները՝ համաձայն Հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերություններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀակոբՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 2

ք. Երևան

 

 

Հավելված

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի

2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 143-Ա որոշման

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի մրցույթին հայտ ներկայացրած ընկերությունների ծրագրերի թվանշման

 

Նախաբան

 

Անհրաժեշտ եմ համարում կրկնել նախորդ մրցույթի թվանշման հիմնավորման մեջ արտահայտած տեսակետս, այն է. աշխարհի գրեթե բոլոր երկրներում թվային հանրային մուլտիպլեքսը դիտարկվում է որպես տվյալ պետության սուվերեն մեդիա հարթակ, որի միջոցով պետությունը ապահովում է բնակչության իրավունքն ու պահանջմունքը՝ ստանալ օբյեկտիվ և բազմազան տեղեկատվություն: Ուստի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ևս թվային հանրային մուլտիպլեքսը դիտարկում է որպես համակարգ, որում մրցույթով հեռարձակման իրավունք են ստանում տեսալսողական մեդիածառայություններ մատուցող այն ընկերությունները, որոնք տիրապետում են ֆինանսական և տեխնիկական բավարար ռեսուրսների, ունակ են ապահովելու հաղորդումների բազմազանությունն ու բազմակարծությունը, պահպանում են մասնագիտական էթիկայի կանոնները, իրենց եթերում չեն տարածում ատելության խոսք, ապատեղեկատվություն, քաղաքացիների արժանապատվության ոտնահարում, և որոնց խմբագրական քաղաքականությունը սպասարկում է պետության և հանրության շահերը:

Հաշվի առնելով հանրային մուլտիպլեքսի գործունեության հայեցակարգը, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջները, մանրամասն ուսումնասիրելով և համադրելով մրցույթին մասնակցող վեց ընկերությունների հայտերը, կից փաստաթղթերը, աշխատակազմի կողմից պատրաստված վերլուծությունները, ներկայացնում եմ իմ գնահատականների հիմնավորումը։

 

1. «Շանթ» ՍՊԸ

 

«Շանթ» ՍՊԸ («Շանթ» հեռուստածրագիր) ընդհանուր ուղղվածության առաջատար հեռուստաընկերություններից մեկն է, որն ունի դիտելիության բարձր ցուցանիշներ, հագեցած է արդիական տեխնիկական միջոցներով, մեծամասամբ կատարում է մրցութային հայտում նշված խոստումներն ու պարտավորությունները, հետևում է օրենսդրության պահանջներին։ Բացասական գործոններից այն է, որ վերջին շրջանում ընկերությունը բախվում է ֆինանսական դժվարությունների:

Ընկերության ծրագրի ուսումնասիրությունն ու Հանձնաժողովի մասնագետների կազմած տեղեկանքների վերլուծությունը բերում են ինձ հետևյալ եզրակացության:

Տեխնիկական միջոցների և սարքավորումների ցանկ: Ըստ ընկերության ներկայացրած տեխնիկական հեռուստատեսային համակարգչային հիմնական միջոցների ցանկի, վերջինս լիովին համապատասխանում է ժամանակակից հեռուստատեսության բոլոր պահանջներին և չափորոշիչներին: Հեռուստաընկերության վարչական տարածքում տեղակայված եթերային, լրատվական, տեխնիկական և սերվերային համակարգերը համալրված են համապատասխան անխափան սնուցման սարքերով, ինչը հնարավորություն է տալիս ֆորսմաժորային իրավիճակներում շարունակել անխափան աշխատել:

Հեռուստաընկերությունում շահագործվող հեռուստախցիկների գերակշռող մեծամասնությունը Grass Vally LDX 80 Flex 1080I մակնիշի տեսախցիկներ են, որոնք հայտնի են իրենց բարձրակարգ տեխնիկական որակով և ապահովությամբ:

Ըստ ընկերության ներկայացրած հայտի, սիթքոմերի, սերիալային և այլ ձևաչափի նկարահանումների համար ընկերությունը հիմնականում օգտագործում է Canon EOS 5D Mark II, Canon EOS 7D, Canon EOS 5D Mark III ձևաչափի ֆոտոխցիկներ, որոնք շատ պրակտիկ են և ապահով տվյալ ձևաչափերով նկարահանումների համար:

Ըստ հեռուստաընկերության ներկայացրած հայտի, ընկերությունն օգտագործում է Core I9 թվով 6 հատ, Core I7 թվով 45 հատ և Core I5 թվով 20 հատ տարբեր ձևաչափի համակարգիչներ, ինչը հնարավորություն է տալիս աշխատել տարբեր ձևաչափերի հեռուստատեսային ազդանշանների հետ:

Ծրագրի ֆինանսական բաղադրիչը. Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերով դժվար է գնահատել նրա ֆինանսական կայունությունը: Փաստաթղթում ներկայացված է եկամուտների դիվերսիֆիկացիայի վերաբերյալ որոշակի տոկոսային ցուցանիշների կանխատեսումներ, սակայն այլ ֆինանսական թվային ցուցանիշներ բացակայում են: Փաստաթղթի համաձայն ընկերությունը 2007 թվականից սկսած ներգրավել է 11,870,000 ԱՄՆ դոլար վարկային միջոցներ։ Ենթադրվում է, որ ներգրաված միջոցների մի մասը ընկերությունը վերադարձրել է, սակայն վարկային պարտավորությունները ժամանակին մարելու կամ վճարելու ցուցանիշները ռիսկային եմ գնահատում։ Ընկերության ոչ բարվոք ֆինանսական վիճակի մասին վկայում է նաև այն, որ համաձայն Հայաստանի հեռուստառադիոհաղորդիչ ցանցի տեղեկանքի այդ կառույցի նկատմամբ ընկերության կրեդիտորական պարտքը (առ 30.11.2022 թ.) կազմում է 177.0 մլն դրամ:

Միաժամանակ պետք է ի գիտություն ընդունել, որ ընկերության գնահատված նյութական (անշարժ և շարժական) և ոչ նյութական ակտիվները համաձայն ներկայացված փաստաթղթերի կազմում են մոտ 30.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ընկերությունը կնքված պայմանագրեր ունի մի շարք գովազդային գործակալությունների և ֆորմատների գնորդների հետ:

Այնուամենայնիվ, ներկայացված փաստաթղթի հիման վրա Ընկերության ֆինանսական ցուցանիշները մասնագիտական եզրակացության մեջ գնահատվում են որպես ցածր կայունություն ունեցող ցուցանիշներ։

Բազմակարծությանը խթանելու ընկերության կարողությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը: Ընկերության նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների նկարագրի վերաբերյալ ներկայացված փաստաթղթի համաձայն՝ ընկերության ծրագրային քաղաքականությունն է՝ առավելագույնս մասսայականացնել հայկական ազգային բոլոր այն առանձնահատկությունները, արժեքներն ու որակները, որոնք ամենաշատը կծառայեն ժամանակակից հայի լավագույն կերպարի ձևավորմանը՝ ներդաշնակեցնելով դրանք համամարդկային արժեքների հետ։ Ընկերությունը հռչակել է, որ ստանձնում է մի առաքելություն, որով հեռուստատեսության զանգվածային հասանելիության ողջ հնարավորություններն ու կարողությունները լիարժեք կծառայեցվեն ազգանպաստ ու պետականանպաստ գաղափարների իրականացմանը։

Իմ կարծիքով, հեռուստաընկերությունն իր գործունեության ողջ ընթացքում փորձել է արտադրած մի շարք հաղորդումներում ու ժանրերում համատեղել կոմերցիոն հաջողությունն ու հայրենասիրական, մարդասիրական, ազգանպաստ, սոցիալական, կրթական բաղադրիչները։ Կարծես, այդպիսի համատեղումը որոշ չափով հաջողությամբ իրականացվում է. բացի ժամանցային հաղորդումներից, կենցաղային ժանրի սերիալներից Շանթ»-ը իրականացրել է «Ժողովրդական երգիչ», «Դուդուկի նոր ընտրյալները», «Ժողովրդական պարեր», «Աշխարհի հայերը» նախագծերը, սոցիալական բնույթ կրող «Թղթե երազանք», «Հատուկ դասարան» սերիալները և այլն:

Ընկերությունը հավաստիացնում է, որ արտադրվող և հեռարձակվող բոլոր ժանրերի հաղորդումներում ներառելու է կրթական, ճանաչողական, դաստիարակչական բաղադրիչներ՝ համադրելով դրանք համամարդկային ու ազգային արժեքների հետ:

Համաձայն մշտադիտարկման տվյալների, տեղեկատվական և քաղաքական ուղղվածության հաղորդումներում ընկերությունը պահպանում է անկողմնակալությունը, բազմազանությունը, եթերում բացակայում են գռեհկաբանությունը, ատելության խոսքը: Անկողմնակալ բնույթ են կրում նաև հասարակական քաղաքական բնույթի հաղորդումները:

2021-2022 թթ. Ընկերության նկատմամբ հարուցվել է 3 վարչական վարույթ, կապված «Գովազդի մասին» օրենքի դրույթների խախտման հետ: Մասնագիտական էթիկայի նորմերի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

Հայերեն հաղորդումների գերակայությունը Ընկերությունը հայերեն հաղորդումների վերաբերյալ նշել է, որ հաղորդումները ամբողջությամբ հայերեն լեզվով են և լինելու են հետագայում: Փաստացի եթերում հայերենով են հաղորդումների 100%-ը, այսպիսով ընկերությունը կատարում է նախորդ հայտում արձանագրված իր պարտավորությունը: Սեփական հաղորդումների տոկոսը կազմում է 90%, ինչը ամենաբարձր ցուցանիշ է հայտ ներկայացրած ընկերությունների շարքում:

ՀՌՀ վերլուծության բաժնի պատրաստած զեկույցի (2022թ. նոյեմբեր) համաձայն, հեռուստածրագիրը պատշաճ ներկայացված է համացանցում, սոցիալական հարթակներում: Ավելին, Shant Digital TV հարթակում առկա է 6 լեզուներով թարգմանված «Շանթ» ծրագրի բովանդակությունը, որը շուտով հասանելի կլինի որպես «ցպահանջ տեսանյութ» (Video On Demand VOD):

Հանրօգուտ հաղորդումների տեսակարար կշիռը կազմում է մոտ 27%, ինչը բավարար ցուցանիշ է:

Եզրակացնեմ Ընկերության ներկայացրած ծրագրի տեխնիկական բաղադրիչը լիովին բավարար է բնականոն գործունեության և հետագա զարգացման համար: Ընկերության ֆինանսական ցուցանիշները ներկայացված փաստաթղթի հիման վրա գնահատում եմ որպես միջին կայունություն ունեցող ցուցանիշներ: Բարձր են հայերենով և հանրօգուտ բնույթ կրող հաղորդումների տեսակարար կշիռը։ Այս և բազմաթիվ այլ գործոններ ինձ համար հիմք են հանդիսանում միջինից բարձր գնահատել մրցույթին ներկայացված ընկերության ծրագիրը։

 

2. «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ

 

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունումից հետո «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերությունը («h2» հեռուստածրագիր) 2020թ. նոյեմբերից սկսած արդեն 5-րդ անգամ մասնակցում է սլոթ հատկացնելու մրցույթին: Նախորդ չորս մրցույթներում Ընկերությունը պարտվել է: Նախորդ մրցույթին ներկայացված ծրագրի համեմատ ներկա ծրագիրը ենթարկվել է աննշան փոփոխությունների և ծրագրում բացակայում է զարգացման տեսլականը:

Ընկերության ծրագրի ուսումնասիրությունն ու Հանձնաժողովի մասնագետների կազմած տեղեկանքների վերլուծությունը բերում են ինձ հետևյալ եզրակացության:

Տեխնիկական միջոցների և սարքավորումների ցանկ: Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի և մասնագիտական եզրակացության համաձայն սարքավորումների քանակն ու որակը բավարար են տարբեր հաղորդումներ պատրաստելու և անխափան եթեր ապահովելու համար, նույնիսկ հաշվի առնելով, որ տեխնիկայի և սարքավորումների զգալի մասը ձեռք են բերվել 10-15 տարի առաջ, բարոյապես և ֆիզիկապես մաշված է: Հայտում հավաստիացում չկա առ այն, որ լիցենզիա ստանալու դեպքում տեխնիկական միջոցները կարդիականացվեն։ Այսպիսի տեխնիկական հագեցվածությամբ հնարավոր է ապահովել տեսալսողական արտադրանքի պատրաստումն ու տարածումը, սակայն չի երաշխավորվում թե՛ հաղորդումների, թե՛ եթերային «պատկերի» որակը:

Եթե համեմատենք հայտ ներկայացրած մյուս հինգ ընկերությունների տեխնիկական միջոցների ցանկերի հետ, ապա տեխնիկական միջոցների հագեցվածությամբ և որակով միայն «Հուսաբեր» ՓԲԸ-ն է զիջում «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ին:

Ծրագրի ֆինանսական բաղադրիչը բավականին ծավալուն է, սակայն փաստաթղթում թվարկված են միայն անցյալում ներդրված գումարները, նշված չէ, թե ինչ ներդրումներ է պատրաստվում կատարել հիմնադիրը ընկերությանը լիցենզիա տրամադրելու դեպքում։

Ընկերության կողմից ներկայացված ֆինանսական ցուցանիշները պարունակում են մի շարք անորոշություններ, առկա են անհամապատասխանություններ, որոնք ինձ մոտ ստեղծում են այդ ցուցանիշների անարժանահավատության վերաբերյալ համապատասխան կարծիք: Օրինակ, փաստաթղթում ներկայացված է ընկերության և Լ. Սուլթանյանի միջև (120,000,000 ՀՀ դրամ), ինչպես նաև ընկերության և Մ. Մայրապետյանի միջև (120,000,000 ՀՀ դրամ) կնքված «Նախնական պայմանագիր» փոխառություն ներգրավելու նպատակով, սակայն փաստաթղթում ներկայացված չէ բանկային հաշվի քաղվածք կամ այլ հիմնավորում, որոնք կհավաստեին փոխառու միջոցները տրամադրող անձանց մոտ այդ միջոցների առկայությունը։

Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը հիմնականում իրականացվում է փոխառու միջոցների հաշվին և հետևաբար ընկերության հիմնական գործունեությունը չի ապահովում ինքնածախսածածկում:

Ըստ մասնագիտական կարծիքի, ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը պարունակում է ռիսկեր և անորոշություններ։

Բազմակարծությանը խթանելու ընկերության կարողությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը: Ըստ ներկայացված փաստաթղթերի ընկերության հիմնական տեսլականը, ինչպես և նախկին հայտերում ներառում է բազմաթիվ խոստումներ, պարտավորություններ, «գեղեցիկ խոսքեր» այդ թվում՝ «բազմակարծության ապահովում, լսարանի գեղագիտական ճաշակի ձևավորում, մատաղ սերնդի դաստիարակություն, հասարակության զարգացման համար անհրաժեշտ արժեհամակարգի ձևավորում, փաստերի խեղաթյուրված ներկայացման բացառում, ծրագրերի և ֆիլմերի կրկնօրինակում» և այլն։ Հայտում նաև նշված է, որ «եթերում բացառվելու է փաստերի խեղաթյուրված ներկայացումն ու աղավաղված մեկնաբանությունները, մատուցվելու են ճշմարիտ ու արժեքավոր տեղեկություններ»։

Սակայն, թե′ մուլտիպլեքսում (2011-2021թթ․), թե′ հետագայում կաբելային ցանցերում հեռարձակվելու ընթացքում, եթերային բովանդակության մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ «h2» հեռուստածրագրի քաղաքական ուղղվածության հաղորդումները կրում են միակողմանի բնույթ, չեն ապահովում բազմակարծություն, տեսակետների բազմազանություն: ՀՌՀ մոնիտորինգի վարչության կողմից կատարված մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ քաղաքական ուղղվածության բոլոր հաղորդումների հեղինակ-վարողների և հյուրերի խոսքը վերջին մեկ տարվա ընթացքում պարունակում «թշնամանքի լեզու», գռեհկաբանություն, սերմանում է ատելություն այլ կարծիք ունեցող սոցիալական և քաղաքական խմբերի և անհատների նկատմամբ, ապատեղեկացնում է հասարակությանը:

Հանձնաժողովը «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի էթիկական նորմերի խախտումների հետ կապված 2021-2022թթ․ ընթացքում յոթ անգամ դիմել է Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին՝ «Հայելի ակումբ», «Հինգշաբթին Էդիկ Անդրեասյանի հետ» և «Պրոֆֆակտ» հաղորդումների ընթացքում էթիկայի նորմերի խախտման հիմքով (անվայելուչ արտահայտություններ, վիրավորական ձևակերպումներ, ատելության խոսք, հայհոյանք), և անկախ դիտորդ մարմինը արձանագրել է խախտումներ:

Ուստի, ընկերության խմբագրական քաղաքականությունը ինձ որևէ հիմք չի տալիս կարծելու, որ ընկերությունը ունակ է խթանել ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանը ուղված հաղորդումների պատրաստումը:

«h2» ծրագիրը աչքի չի ընկնում հաղորդումների բազմազանությամբ և քանակով: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին եթերի գրեթե 45 տոկոսը կազմում էին հաղորդումների կրկնությունները կամ արխիվային նյութերը:

Հայերեն հաղորդումների գերակայությունը. Ընկերությունը հայերեն հաղորդումների վերաբերյալ նշել է, որ դրանք գերակայելու են եթերում և դրանց ծավալը հասցվել է 100%-ի, սակայն միայն մի քանի օրվա կատարած մշտադիտարկումները վկայում են, որ այդ պնդումը հիմնազուրկ է: Այսպես, 28.10-02.11 ժամանակահատվածում մի շարք հաղորդումներ և ֆիլմեր ցուցադրվել են ռուսերեն լեզվով:

Հայտում ավելի շատ խոսվում է հեռուստաընկերության անցած ուղու մասին, նոր հաղորդումներ պատրաստելու տեսլականը բացակայում է, ինչպես և զարգացման հեռանկարները: Մի կարևոր շեշտադրում ևս. Ընկերությունը միակն է լիցենզավորված և/կամ հեղինակազորված հեռարձակողների ցանկում, որը երկար տարիներ է, ինչ ապահովում է միայն 18-ժամյա եթեր, այսինքն, ոչ արդյունավետ է օգտագործել սահմանափակ հանրային ռեսուրսը: Հայտ ներկայացրած մյուս բոլոր ընկերությունները ապահովում են 24-ժամյա եթեր:

Պետք է կրկնեմ իմ նախորդ հիմնավորման մեջ արտահայտած կարծիքը. ընկերության և′ ներկայացրած ծրագիրը, և′ այժմ իրականացվող խմբագրական քաղաքականությունը, արձանագրված օրենսդրական և էթիկայի նորմերի բազմաթիվ խախտումները, գործունեության բավականին թույլ ֆինանսական երաշխիքները և բազմաթիվ այլ գործոններ չեն երաշխավորում, որ ընկերությունը ստանալով սլոթի օգտագործման լիցենզիա, ունակ կլինի ապահովելու հաղորդումների բազմազանությունն ու բազմակարծությունը, պահպանելու մասնագիտական էթիկայի կանոնները, եթերում ատելության խոսք և ապատեղեկատվություն չի տարածելու։

Եզրակացնեմ, որ Ընկերության ներկայացրած ծրագրի տեխնիկական և ֆինանսական բաղադրիչները բավականին թույլ են, արձանագրված են օրենսդրության և էթիկայի նորմերի բազմաթիվ խախտումներ, բացակայում են նոր հաղորդումների նկարագրությունները: Այս և բազմաթիվ այլ գործոններ ինձ համար հիմք են հանդիսանում ցածր գնահատել մրցույթին ներկայացված Ընկերության ծրագիրը։

 

3. «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ

 

«Արմենիա Թի-Վի» ՓԲԸ («Արմենիա» հեռուստածրագիր) ընդհանուր ուղղվածության առաջատար հեռուստաընկերություններից մեկն, որն ունի դիտելիության բարձր ցուցանիշներ, հագեցված է արդիական տեխնիկական միջոցներով, ձգտում է կատարել մրցութային հայտի խոստումներն ու պարտավորությունները, հետևում է օրենսդրության պահանջներին։

Ընկերության ծրագրի ուսումնասիրությունն ու Հանձնաժողովի մասնագետների կազմած տեղեկանքների վերլուծությունը բերում են ինձ հետևյալ եզրակացության:

Տեխնիկական միջոցների և սարքավորումների ցանկ: Ըստ ընկերության ներկայացրած տեխնիկական հեռուստատեսային համակարգչային հիմնական միջոցների ցանկի, վերջինս լիովին համապատասխանում է ժամանակակից հեռուստատեսության բոլոր պահանջներին և չափորոշիչներին թե բովանդակության ստեղծման, թե հեռուստատեսային ազդանշանի հեռարձակման և ընդհանրապես հեռուստաընկերության անխափան աշխատանքի համար: Ընկերությունն ունի թվով 10 արտադրական եթերային տաղավարներ, որոնք գտնվում են հեռուստաընկերության տարածքում և հագեցած են արդի տեխնիկական պահանջներին բավարարող հեռուստատեսային, ձայնային, լուսային և համակարգչային տեխնիկական միջոցներով:

Ըստ հեռուստաընկերության ներկայացրած հայտի, ընկերության թվով 2 GSM SIM BONDING LiveU LU 400 ձևաչափի նոր սերնդի էնկոդերների կիրառումը հնարավորություն է տալիս ուղիղ եթերում հեռարձակել բջջային կապի առկայության պարագայում ցանկացած իրադարձություն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքից ոչ միայն լրատվական համակարգերում, այլ նաև այլ ձևաչափի ուղիղ միացումների ժամանակ: Հեռուստաընկերությունն իր ազդանշանը բարձրացնում է միաժամանակ 3 տարբեր արբանյակներ Hotbird 13C, Ewtelsat 36B և Express AT1, ինչը հնարավորություն է տալիս հեռուստաընկերությանն իր հեռուստաազդանշանը հեռարձակել Եվրոպայում ամբողջությամբ, Ռուսաստանում, Միջին Ասիայում, արաբական երկրներում:

Ամփոփելով կարող ենք նշել, որ «Արմենիա Թի-Վի»-ն հայտ ներկայացրած ընկերությունների ցանկում առաջատարն է իր տեխնիկական հագեցվածությամբ և հնարավորություններով:

Ծրագրի ֆինանսական բաղադրիչը Համաձայն մասնագիտական եզրակացության Ընկերության ընթացիկ եկամուտները թույլ են տալիս վճարելու Ընկերության գործունեության ընթացիկ ծախսերը՝ առանց հաշվեգրված ծախսերի ցուցանիշների, որոնց դիմաց վճարումներ դեռևս չեն կատարվել: Ընկերությունը փաստաթղթում ներկայացրել է հաշվի քաղվածք, համաձայն որի՝ 01․09․2021 թվականից մինչև 05․09․2022 թվականը Ընկերության ֆինանսական մուտքերը կազմել են 2,832,683,851․9 ՀՀ դրամ, իսկ ելքերը կազմել են 2,813,121,226․4 ՀՀ դրամ։ Ֆինանսական մուտքերի ծավալով ընկերությունը առաջատարն է մրցույթին մասնակցող ընկերությունների ցանկում: Փաստաթղթում ներկայացվել են բազմաթիվ պայմանագրեր և հարկային հաշիվներ: Ուստի Ընկերության ֆինանսական վիճակն կայուն է և բավարար է որակյալ, բազմազան հաղորդումներ պատրաստելու և հեռարձակելու համար, հեռուստատեսության զարգացման երաշխիքներից մեկն է:

Բազմակարծությանը խթանելու ընկերության կարողությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը:

Ընկերությունը նվազագույնի է հասցրել քաղաքական բնույթի հաղորդումների քանակը և առաջնություն է տալիս ժամանցային հաղորդումներին, սերիալներին, սիթկոմներին, նպատակ ունենալով բարձր վարկանիշ ունեցող հաղորդումներով ունենալ լայն և կայուն հեռուստալսարան և ապահովել ֆինանսական համապատասխան մուտքեր: Ներկայացված հայտում Ընկերությունը նշում է, որ երաշխավորում է իր եթերում խոսքի ազատության պաշտպանությունը՝ որպես սոցիալ-քաղաքական բազմակարծության առկայության անհրաժեշտ պայման, հասարակությանը ապահովում է անկախ լրատվական, սոցիալ-քաղաքական հիմնախնդիրներ լուսաբանող հաղորդումներով։ Ընկերության լրատվական հաղորդումների ծավալուն մշտադիտարկումը վկայում է որ ընկերությունը մեծամասամբ հավատարիմ է իր խոստումներին և պարտավորություններին:

Պետք է նշեմ, որ ոչ բոլոր հաղորդումներն են (հատկապես, սերիալներն ու սիթկոմները) աչքի ընկնում բարձր որակով, երբեմն պարունակում են գռեհկաբանություն, խորթ են մեր ազգային արժեհամակարգին։ Այնուամենայնիվ, 2022թ-ին ընկերությունը իրականացրել է մի շարք հանրօգուտ բովանդակությամբ նախագծեր, մասնավորապես` «Հայաստանի վարպետը» հեռուստաշոուն, «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրը, Koreez համադպրոցական կրթական մրցույթն ու շոու-մրցանակաբաշխությունը, «Հին արքաներ» հեռուստասերիալը։

Նշեմ նաև, որ գիտակրթական, մշակութային հաղորդումների ծավալը կազմում է օրենսդրությամբ նախատեսված 20%-ից ավել։

Հայերեն հաղորդումների գերակայությունը. Ընկերությունը հայերեն հաղորդումների վերաբերյալ նշել է, որ հաղորդումները գրեթե ամբողջությամբ հայերեն լեզվով են և լինելու են հետագայում: Փաստացի եթերում հայերենով են հաղորդումների 100 %, այսպիսով ընկերությունը կատարում է նախորդ հայտում արձանագրված իր պարտավորությունը: Սեփական հաղորդումների տոկոսը կազմում է 83 %, ինչը բավականին բարձր ցուցանիշ է:

ՀՌՀ վերլուծության բաժնի պատրաստած զեկույցի (2022թ. նոյեմբեր) համաձայն, հեռուստածրագրի պատշաճ ներկայացված է համացանցում և սոցիալական հարթակներում:

Եզրակացնեմ Ընկերության ներկայացրած ծրագրի տեխնիկական և ֆինանսական բաղադրիչները բարձր են, օրենսդրության և էթիկայի նորմերի խախտումներ արձանագրված չեն, ներկայացված են նոր հաղորդումների (այդ թվում հանրօգուտ) նկարագրությունները: Այս և բազմաթիվ այլ գործոններ ինձ համար հիմք են հանդիսանում բարձր գնահատել մրցույթին ներկայացված Ընկերության ծրագիրը։

 

4. «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ

 

«Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ («Կենտրոն» հեռուստածրագիր) ընդհանուր ուղղվածության հեռուստաընկերություն է, որն ունի դիտելիության միջին ցուցանիշներ, հագեցված է արդիական տեխնիկական միջոցներով, հատկապես վերջին երկու տարվա ընթացքում սկսել է հիմնականում կատարել նախորդ մրցութային հայտում արձանագրված խոստումներն ու պարտավորությունները։

Ընկերության ծրագրի ուսումնասիրությունն ու Հանձնաժողովի մասնագետների կազմած տեղեկանքների վերլուծությունը բերում են ինձ հետևյալ եզրակացության:

Տեխնիկական միջոցների և սարքավորումների ցանկ: Ըստ ընկերության ներկայացրած տեխնիկական հեռուստատեսային համակարգչային հիմնական միջոցների ցանկի, վերջինս համապատասխանում է ժամանակակից հեռուստատեսության պահանջներին և չափորոշիչներին, բովանդակության ստեղծման և հեռուստատեսային ազդանշանի հեռարձակման համար: Կարևոր է, որ ընկերությունը համալրված է շարժական հեռուստակայանով (ոչ բոլոր հեռուստաընկերությունները ունեն այդպիսի կայան), ունի նաև շարժական OB-BOX ուղիղ Life-stream ապահովելու համար: Շարժական հեռուստակայանն ունի American Patriot մակնիշի ստացիոնար արբանյակային կայան, որն օգտագործվում է տարբեր ձևաչափերի արբանյակային ազդանշան ստանալու համար:

Ընկերությունն ունի արխիվացման սարքասրահ, որտեղ օգտագործվում են հին և նոր ձևաչափերի VHS, SVHS. BETACAM, BETACAM-SP DVCAM կոնտենտ վերամշակելու և հետագայում համապատասխան հիմնական և պահուստային սերվերներ փոխանցելու համար:

Ծրագրի ֆինանսական բաղադրիչը Համաձայն մասնագիտական եզրակացության Ընկերության ընթացիկ եկամուտները թույլ են տալիս վճարելու Ընկերության գործունեության ընթացիկ ծախսերը՝ առանց հաշվեգրված ծախսերի ցուցանիշների, որոնց դիմաց վճարումներ դեռևս չեն կատարվել: Առկա են մի շարք երկարաժամկետ պայմանագրեր, որոնք կարող են ապահովել ֆինանսական ներհոսքերի մի մասը։ Առկա է նաև տեղեկանք-հայտարարություն՝ ստորագրված Սեդրակ Առուստամյանի կողմից այն մասին, որ նա հավաստիացնում է, որ յոթ տարվա ընթացքում ներդնելու է 3,640,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սակայն առկա չէ որևէ հիմնավորում՝ այդ դրամական միջոցների առկայությունը հաստատելու վերաբերյալ։ Եվ այդ հանգամանքը հնարավորություն չի տալիս ավելի հստակ կարծիք ներկայացնել Ընկերության ապագա ֆինանսական վիճակի կայունության վերաբերյալ։ Սակայն, կարելի է նաև փաստել, որ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու ամբողջ ժամանակահատվածում Ընկերությունը ֆինանսական ռեսուրսների պակաս չի ունեցել։

Բազմակարծությանը խթանելու ընկերության կարողությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը:

Ներկայացված հայտում Ընկերությունը նշում է, որ նպաստելու է ազգային մշակույթի պահպանմանն ու տարածմանը, ապահովելու է խնդրի նկատմամբ շահագրգիռ կողմերի՝ խոսքի իրավունքից օգտվելու, հավասարության և կարծիքների բազմազանության սկզբունքը, բացառելու է փաստերի խեղաթյուրված ներկայացումն ու աղավաղված մեկնաբանությունը, զրպարտությունը, գռեհկաբանությունները, ցածրաճաշակ ու անպարկեշտ տեսարաններ, անբարո ապրելակերպի քարոզչություն պարունակող նախագծերի պատրաստումն ու հեռարձակումը, և այլն։

Նշեմ, որ մի շարք պարտավորություններ «Կենտրոնը» կատարում է, իսկ մի շարք կետերի (խթանել հասարակության հոգևոր վերելքը) իրականացումը խնդրահարույց է, քանի որ այդ տեսակի բառակույտերը պրակտիկ իրագործման որևէ հնարավորություն չունեն։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ լսողական խնդիրներ ունեցող հեռուստադիտողների համար Ընկերությունը ավանդաբար ապահովում է լրատվական հաղորդումների ժեստերի լեզվով թարգմանությունը և այստեղ առաջատար դիրքերում է այլ հեռուստատեսությունների համեմատ։ Կարևորում եմ նաև «Մշակութային կենտրոն», «Հայի հետք»՝ հոգևոր-մշակութային հաղորդաշարերի պատրաստումն ու ցուցադրումը։

Կարևոր եմ համարում ևս մի փաստ արձանագրել․ 2022թ․ ընթացքում նկատելի են դրական փոփոխություններ հեռուստատեսության խմբագրական քաղաքականությունում։ Եթե նախկինում «Կենտրոնը» հաճախ հանդիսանում էր մեկ կուսակցության և քաղաքական գործչի քարոզչական ուղեկիցը, ապա ներկայում հեռուստատեսությունը շատ ավելի բալանսավորված քաղաքականություն է վարում, հաղորդումների քարոզչական բաղադրիչը էապես նվազել է։

2021-2022 թթ. Ընկերության աշխատանքներում ՀՌՀ-ն արձանագրել է մի շարք իրավախախտումներ, կիրառվել է երեք վարչական տույժ։ Նշեմ նաև, որ գիտակրթական, մշակութային հաղորդումների ծավալը կազմում է օրենսդրությամբ նախատեսված 20%-ից ավել։

Հայերեն հաղորդումների գերակայությունը. Ընկերությունը հայտում նշել է, որ «գերխնդիր է ամբողջ եթերը միմիայն հայերեն լեզվով ներկայացնելը, որն անպայման իրականություն կդառնա մոտ ժամանակներում»։ Հոկտեմբեր ամսին «Կենտրոն» ծրագրում հայերեն տեսալսողական հաղորդումները կազմել են ընդհանուր եթերի մոտ 91%-ը, և այդ ցուցանիշը մոտ 22%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ համեմատ։ Սեփական արտադրության հաղորդումները հոկտեմբեր ամսին կազմել են մոտ 66%, ինչը ևս բավարար ցուցանիշ է։

«Կենտրոն» ծրագիրը հասանելի է նաև համացանցում, ինչպես նաև սոցիալական կայքերում և YouTube-ում։ Սոցիալական ցանցերի մարկետինգով զբաղվում են հատուկ դասընթացներ անցած մասնագետներ։

Եզրակացնեմ Ընկերության ներկայացրած ծրագրի տեխնիկական և ֆինանսական բաղադրիչները բավարար են բնականոն գործունեության և հետագա զարգացման համար, օրենսդրության խախտումները նվազել են, բարձրացել են հայերենով և հանրօգուտ բնույթ կրող հաղորդումների տեսակարար կշիռը։ Այս և բազմաթիվ այլ գործոններ ինձ համար հիմք են հանդիսանում միջինից բարձր գնահատել մրցույթին ներկայացված Ընկերության ծրագիրը։

 

5. «Ա- թիվի» ՍՊԸ

 

«Ա- թիվի» ՍՊԸ («Ա-թիվի» հեռուստածրագիր) ընդհանուր ուղվածության առաջատար հեռուստաընկերություններից մեկն, որը 2021թ․ մրցույթի արդյունքներով ստացավ հանրապետական սփռման լիցենզիա (մինչ այդ հեռարձակվում էր մայրաքաղաքային սփռման տիրույթում), ունի դիտելիության բավականին բարձր ցուցանիշներ, հագեցված է արդիական տեխնիկական միջոցներով, առաջնություն է տալիս ժամանցային հաղորդումներին և սերիալներին:

Ընկերության ծրագրի ուսումնասիրությունն ու Հանձնաժողովի մասնագետների կազմած տեղեկանքների վերլուծությունը բերում են ինձ հետևյալ եզրակացության:

Տեխնիկական միջոցների և սարքավորումների ցանկ:

Ըստ հեռուստաընկերության ներկայացրած հայտի, ընկերությունն իր կոնտենտային ծավալի գերակշռող մեծամասնությունն իրականացնում է վերջին սերնդի ULTRA HD ստանդարտի 4K տեսախցիկներով և վերջին սերնդի հավաքակցման համակարգերով:

Ընկերությունը նաև պլանավորում է անցնել ULTRA HD ձևաչափի առաջին փուլում IP հեռուստատեսային ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունների ցանցերում:

Հեռուստաընկերությունն ունի թվով 5 տաղավարներ, վերջիններս սպասարկող թվով 3 տեխնիկական սարքասրահներով: Բոլոր թվով 5 տաղավարներն էլ իրենց տեխնիկական սարքասրահներով հագեցած են արդի տեխնիկական հեռուստատեսային համակարգչային հիմնական միջոցներով:

Ըստ հայտի, հեռուստաընկերությունն իր տարբեր ձևաչափերի, սիթքոմների, սերիալների նկարահանումների ժամանակ կիրառում է նաև Canon EOS 5D Mark, Canon EOS 6D DSRL ձևաչափի ֆոտոխցիկներ: Հեռուստաընկերությունն ունի թվով 14 հավաքակցման համակարգեր, որոնց գերակշռող մեծամասնությունը ապահովում են ULTRA HD-4k որակ:

Ներկայացրած տեխնիկական, համակարգչային հիմնական միջոցների ցանկին ծանոթանալով, եզրակացնում եմ, որ վերջինս լիովին համապատասխանում է ժամանակակից հեռուստատեսության պահանջներին:

Ծրագրի ֆինանսական բաղադրիչը Ընկերությունը փաստաթղթում ներկայացրել է հաշվի քաղվածք, համաձայն որի՝ 06․09․2021 թվականից մինչև 06․09․2022 թվականը Ընկերության ֆինանսական մուտքերը կազմել են 542,663,312 ՀՀ դրամ, իսկ ելքերը կազմել են 538,136,411․2 ՀՀ դրամ։ Հիմնական եկամուտները ձևավորվել են գովազդի հեռարձակումից և տեխնիկայի վարձակալության հանձնելու արդյունքում։ Եվ սա կարևոր ցուցանիշ է, որը նվազեցնում է ռիսկերը: Փաստաթղթում ներկայացվել են բազմաթիվ պայմանագրեր և հարկային հաշիվներ: Ուստի Ընկերության ֆինանսական վիճակն կայուն է, այն բավարար որակյալ, բազմազան հաղորդումներ պատրաստելու և հեռարձակելու համար:

Փաստաթղթում ներկայացված ցուցանիշները ցույց են տալիս, որ Ընկերության ընթացիկ եկամուտները թույլ են տալիս վճարելու Ընկերության գործունեության ընթացիկ ծախսերը՝ առանց հաշվեգրված ծախսերի ցուցանիշների, որոնց դիմաց վճարումներ դեռևս չեն կատարվել։

Բազմակարծությանը խթանելու ընկերության կարողությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը:

Ինչպես և «Արմենիա Թի-Վի»-ն, «Ա-թիվի»-ն նվազագույնի է հասցրել քաղաքական բնույթի հաղորդումների քանակը և առաջնություն է տալիս ժամանցային հաղորդումներին, սերիալներին, սիթքոմներին, նպատակ ունենալով բարձր վարկանիշ ունեցող հաղորդումներով ունենալ լայն և կայուն հեռուստալսարան և ապահովել ֆինանսական համապատասխան մուտքեր:

Միաժամանակ, ընկերությունը պարտավորվում է հետագայում ապահովել ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը, ինչպես նաև նպաստել տեսալսողական ծրագրերում խոսքի մշակույթի պահպանմանը, ընդլայնել և խորացնել ծրագրերի մշակութային և կրթական բաղադրիչը: Նախատեսվում է եթերում ավելացնել մշակութային ու երաժշտական նախագծերը, գիտական-կրթական ֆորմատները, որոնց թվում է արդեն հեռարձակվող «Հրաշալի Հայաստան» հաղորդաշարը։

ՀՌՀ-ն կարևորում է, որ ընկերությունը ստեղծել է աշխատանքային ցանց մարզային հեռուստաընկերությունների հետ (այն արդեն գործում է), որի միջոցով հաղորդումների փոխանակում է կատարվում, և դա համագործակցության օրինակելի եղանակ է այլ հեռուստատեսությունների համար: Կարևոր է նաև, որ «Ա-թիվի»-ն թղթակիցներ ունի գրեթե բոլոր մարզերում:

Ըստ մշտադիտարկումների արդյունքների Ընկերության լրատվական հաղորդումները բազմազան են, մեծամասամբ զերծ են ապատեղեկատվությունից, կողմնակալությունից, բացակայում է «ատելության խոսքը»։

Հանրօգուտ հաղորդումների տեսակարար կշիռը կազմում է մոտ 20%, ինչը բավականին ցածր ցուցանիշ է մյուս հեռուստատեսությունների համեմատ:

04.11.2021թ. -ին Ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200 000 դրամ գումարի չափով տուգանք:

Հայերեն հաղորդումների գերակայությունը. տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբեր ամսվա կտրվածքով «Ա-թիվի» ծրագրում հայերեն հաղորդումները կազմել են 100% (հայտում նախանշված էր 90%), սեփական արտադրության հաղորդումները՝ եթերի մոտ 73%-ը: Երկու ցուցանիշներն էլ բարձր են։

Եզրակացնեմ Ընկերության ներկայացրած ծրագրի տեխնիկական և ֆինանսական բաղադրիչները գնահատում եմ բարձր, օրենսդրության և էթիկայի նորմերի խախտումներ (բացի մեկ վարչական տույժից) արձանագրված չեն: Ներկայացված են նոր հաղորդումների (այդ թվում հանրօգուտ) նկարագրություններ: Այս և բազմաթիվ այլ գործոններ ինձ համար հիմք են հանդիսանում միջինից բարձր գնահատել մրցույթին ներկայացված Ընկերության ծրագիրը։

 

6. «Հուսաբեր» ՓԲԸ

 

«Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր Մեդիա» հեռուստածրագիր) հեռարձակվում է հանրային թվային մուլտիպլեքսում (հանրապետական ծածկույթ) 2011 թվականից: Ընդհանուր ուղղվածության ծրագիր է, սակայն առաջնություն է տրվում հասարակական-քաղաքական, իսկ վերջին երկու տարում նաև քարոզչական բովանդակությանը:

Ընկերության ծրագրի ուսումնասիրությունն ու Հանձնաժողովի մասնագետների կազմած տեղեկանքների վերլուծությունը բերում են ինձ հետևյալ եզրակացության:

Տեխնիկական միջոցների և սարքավորումների ցանկ: Ըստ ընկերության ներկայացրած տեխնիկական հեռուստատեսային համակարգչային հիմնական միջոցների ցանկի, վերջինս դժվարությամբ է համապատասխանում ժամանակակից հեռուստատեսության պահանջներին և չափորոշիչներին: Ներկայացված ցանկում առկա են մեծ քանակությամբ հին սերնդի հեռուստատեսային և համակարգչային հիմնական միջոցներ: Մասնավորապես, թվարկված են հեռուստատեսային և համակարգչային հիմնական միջոցներ, որոնց առկայությունը ցանկում անհրաժեշտություն չունի (օրինակ ram, ccd, mouse, keyboard, հին մարտկոցներ, շտատիվներ):

Հեռուստատեսային, համակարգչային և տեխնիկական հիմնական միջոցները ներկայացված են թվով 1 ընդհանուր ցանկով, առանց պարզաբանումների նրանց ֆունկցիոնալ տեղաբաշխման և շահագործման մասին տեղեկատվության:

Ցանկում բացակայում են վերջին սերնդի տեսախցիկներ, հավաքակցման համակարգեր, արխիվացման սարքասրահ և այլն, որոնք առկա են մրցույթին մասնակցող այլ հեռուստաընկերություններում:

Ներկայացված չէ, թե երբ և ինչ պայմաններում է ընկերությունը պատրաստվում անցնել նոր սերնդի 4K ձևաչափի հեռարձակման։

Ծրագրի ֆինանսական բաղադրիչը Ընկերությունը փաստաթղթում ներկայացրել է, որ Ընկերության հասույթը 2021 թվականին կազմել է 325,7 մլն դրամ, իսկ 2022 թվականի առաջին կիսամյակում 210 մլն․ դրամ։ Սակայն Ընկերությունը փաստաթղթում ներկայացրել է, որ առկա են որոշակի կրեդիտորական պարտքեր, սակայն դրանց կառուցվածքի և թվային արտահայտության մասին տվյալներ ներկայացված չէ։ Հայաստանի հեռուստառադիոհաղորման ցանցի տեղեկանքի Ընկերությունը այդ կառույցի նկատմամբ կրեդիտորական պարտք ունի (առ 30.11.2022 թ.) համարյա 72.0 մլն դրամի չափով: «Հուսաբեր» ՓԲԸ- ից ավելի մեծ պարտք ՀՀՌՑ-ին ունի միայն «Շանթ» ՍՊԸ-ն:

Փաստաթղթում նշված է, որ առկա է գործընկերական պայմանագիր «Համազգային հայ կրթական և մշակութային ներդրումային հիմնադրամի» հետ՝ 300,000 ԱՄՆ դոլար գումարով՝ ուսումնական ֆիլմեր և տեսանյութեր պատրաստելու համար, սակայն ֆինանսական միջոցների ստացման ժամանակացույցը բացակայում է, որը հնարավորություն չի ստեղծում կարծիք ներկայացնելու Ընկերության ֆինանսական վիճակի վերաբերյալ։

Ներկայացված փաստաթղթի հիման վրա Ընկերության ֆինանսական ցուցանիշները մասնագիտական եզրակացության մեջ գնահատվում են որպես ցածր կայունություն ունեցող ցուցանիշներ։

Բազմակարծությանը խթանելու ընկերության կարողությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը:

Հայտում մասնավորապես նշված է, որ Ընկերության առաքելությունն է «աջակցել հեռուստադիտողին իրացնել տեղեկացված լինելու իր իրավունքը, խթանել բազմակարծությունն ու հանդուրժողականությունը, լինել ազատ խոսքի ամբիոն, դառնալ համահայկական ալիք՝ կամրջելով ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում ապրող հայությանը»։

Հանձնաժողովի մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ Ընկերությունը լրատվական թողարկումներում հաճախ է անդրադառնում սփյուռքում ընթացող գործընթացներին, համագործակցում է Սփյուռքում գործող մի շարք հեռուստառադիոընկերությունների հետ, փոխանակելով տեսալսողական նյութեր։ Արտերկրի հայաշատ քաղաքներում գործում են Ընկերության թղթակցական կետերը։ Եվ այս հանգամանքը ողջունելի է։

Եվ նախորդ և ներկա հայտում Ընկերությունը հայտարարում է, որ «խստորեն հետևելու է լրագրողական ճշգրտության, ազնվության, սկզբունքներին, ապահովելու է պրոֆեսիոնալիզմի ստանդարտները։ Նաև արտադրելու և հեռարձակելու է որակապես նոր և տարբերակված հաղորդումներ»։

Իրականում եթերային պատկերը այլ է։ Հատկապես ներքաղաքական իրավիճակի սրման ժամանակահատվածներում Ընկերության խմբագրական քաղաքականությունը կտրուկ փոփոխվում է, հեռուստածրագիրը սկսում է գործել որպես առանձին քաղաքական ուժի տեղեկատվական և քարոզչական ուղեկից, ինչը հակասում է թե Ընկերության հայտերում հայտարարված տեսլականին և սկզբունքներին, թե հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու հայեցակարգին։ Նվազագույնի է հասցվում օրենքով ամրագրված հանրօգուտ հաղորդումների (մանկական, մշակութային, կրթական, սպորտային) քանակը, առաջնություն է տրվում մեկ կուսակցության և մեկ դաշինքի ներկայացուցիչների ելույթներին, ասուլիսներին, կտրուկ աճում են ուղիղ միացումները հանրահավաքներից (որոնք անկախ հանրային հնչեղությունից և առաջնություններից կրկնվում օրվա և շաբաթվա ընթացքում)։ Եթերում ավելանում է գռեհկաբանությունը, մարդկանց և սոցիալական խմբերի արժանապատվության նսեմացումը, հնչում է «ատելության խոսքը» և այլն։ Հայտերում ամրագրված «որակապես նոր և տարբերակված հաղորդումների պատրաստումն ու հեռարձակումը» այդպես էլ չի կատարվում։

Պատահական չէ, որ հանրօգուտ հաղորդումների քանակը հոկտեմբեր ամսին մոտ 15% էր (օրենքում ամրագրված է նվազագույնը 20%): Այս ցուցանիշով «Երկիր մեդիան» զբաղեցնում է վերջին տեղը հայտ ներկայացրած լիցենզավորված ընկերությունների շարքում։

2021-2022 թթ «Երկիր-մեդիա»-ի հանդեպ իրականացվել է 6 վարչական վարույթ տարբեր իրավախախտումների հետևանքով։ Նույն ժամանակահատվածում Հանձնաժողովը մեկ անգամ դիմել է էթիկայի դիտորդ մարմին։

Հայերեն հաղորդումների գերակայությունը. տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբեր ամսվա կտրվածքով «Երկիր մեդիա» ծրագրում հայերեն հաղորդումները կազմել են 80% (նախորդ հայտում նախանշված էր 95% 2022թ․ համար), սեփական արտադրության հաղորդումները՝ մոտ 48% (նախորդ հայտում նախանշված էր 90% 2022թ․ համար): Երկու ցուցանիշներն էլ ևս ամենացածրն են մրցույթին մասնակցող մյուս լիցենզավորված հեռուստաընկերությունների համեմատ։

Եզրակացնեմ Ընկերության ներկայացրած ծրագրի տեխնիկական և ֆինանսական բաղադրիչները թույլ են, արձանագրված են օրենսդրության և էթիկայի նորմերի խախտումներ: Հայերեն և սեփական արտադրության հաղորդումների քանակը բավականին ցածր է մյուս ընկերությունների համեմատ։ Խմբագրական քաղաքականությունը կայուն չէ, հաճախ հեռուստաընկերությունը, անտեսելով հանրային շահը, հանդես է գալիս, որպես առանձին քաղաքական ուժի քարոզչական գործիք։ Այս և բազմաթիվ այլ գործոններ ինձ համար հիմք են հանդիսանում միջին գնահատել մրցույթին ներկայացված Ընկերության ծրագիրը։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀակոբՅԱՆ

 

01․12․2022 թ.

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի գնահատման

 

Հաշվի առնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ կետով սահմանված գնահատման չափանիշները, մրցույթի վեց մասնակիցների՝ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՇԱՆԹ» ՍՊ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրել եմ հետևյալը.

Սեփական արտադրության և հայերեն հաղորդումների գերակայության վերաբերյալ.

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերությունը նշել է, որ սեփական արտադրության հաղորդումների ծավալը կազմում է հայերեն հաղորդումների ծավալի 85 %-ը և ընկերությունը ցանկանում է պահպանել այդ ցուցանիշը, հաղորդումները գրեթե ամբողջությամբ հայերեն լեզվով են (հայերենով սեփական արտադրության հաղորդումների ծավալը հասցվել է 96 %-ի): Ըստ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի հոկտեմբեր ամսվա տվյալների հայերեն հաղորդումները կազմում են 100 %, իսկ սեփականը՝ 82.56 %:

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը նշել է, որ սեփական հաղորդումները կազմում են հայերեն հաղորդումների 70 %-ը, հայերեն հաղորդումները և ֆիլմերը կազմում են եթերի 90 %-ը։ Ըստ «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի հոկտեմբեր ամսվա տվյալների հայերեն հաղորդումները 100 % են կազմում, իսկ սեփականը՝ 72.97 %:

«ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունը ներկայացված փաստաթղթերում նշել է, որ սեփական արտադրության հաղորդումների ծավալը կազմում է 100 %, նշվել է նաև, որ սեփական արտադրության հաղորդումների միջին ծավալը տատանվում է 90-100 %-ի մեջ, կախված այն հանգամանքից, թե որ պահին ինչ ծավալի օտարերկրյա (հայերեն թարգմանությամբ) հաղորդումներ կան եթերում, իսկ հայերեն հաղորդումների ծավալը կազմում է գրեթե 100 %: Ըստ «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի հոկտեմբեր ամսվա տվյալների հայերեն հաղորդումները 100 % են կազմում, իսկ սեփականը՝ 87.92 %:

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունը նշել է, որ նախագծերի և հաղորդումների ճնշող մեծամասնությունը սեփական արտադրության են, հայերեն հաղորդումների մասով նշվել է, որ «Գերխնդիր է նաև ամբողջ եթերը միմիայն հայերեն լեզվով ներկայացնելը, որն անպայման իրականություն կդառնա մոտ ժամանակներում»: Ըստ «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի հոկտեմբեր ամսվա տվյալների հայերեն հաղորդումները 90.63 % են կազմում, իսկ սեփական՝ 66.39 %:

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը սեփական արտադրության և հայերեն հաղորդումների վերաբերյալ նշել է, որ hաղորդումների 90%-ը սեփական արտադրության են, hայրենական արտադրության հաղորդումները կազմում են եթերի մոտ 95%-ը (չհաշված ֆիլմերը), խաղարկային և փաստավավերագրական ֆիլմերի մի մասը հաշվի չառած՝ եթերից հնչում է բացառապես հայոց լեզուն։ Իսկ ըստ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի հոկտեմբեր ամսվա տվյալների հայերեն հաղորդումները 80.47 % են կազմում, իսկ սեփական՝ 48.48 %:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը նշել է, որ սեփական արտադրության հաղորդումների ծավալը կազմում է եթերի մոտ 85%-ը, իսկ հայերեն հաղորդումները գերակա են եթերում և հայալեզու կոնտենտի շարունակական ավելացմամբ այն հասցվել է 100%-ի։ Ընկերությունը տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյան չի ներկայացնում, քանի որ միայն հեղինակազորված է, սակայն մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են մի շարք հաղորդումներ, որոնք հեռարձակվել են ռուսերենով և չեն ուղեկցվել հայերեն ընկալման որևէ միջոցով (կրկնօրինակման, հնչյունավորման և (կամ) ենթագրի), իսկ սեփական հաղորդումների ծավալը հոկտեմբեր ամսվա կտրվածքով կազմել է 60-70 %:

Բազմակարծությունը խթանելու կարողության վերաբերյալ.

Մրցույթին մասնակից ընկերությունների մեծամասնությունն այս չափանիշի կապակցությամբ ներկայացրել է բացառապես ընդհանուր բնույթի դատողություններ կամ գեղեցիկ խոստումներ, սակայն բազմակարծությունը խթանելու կարողության վերաբերյալ դատողություններ անելիս կարևոր եմ համարում, ոչ այնքան խոստումները, որքան այն, թե նախկինում ինչպես են իրականացրել խոստումները՝ եղե՞լ է բազմակարծություն նրանց եթերում, թե՞ ոչ: Քանի որ մրցույթի մասնակից ընկերություններից ոչ բոլորը ունեն հասարակական-քաղաքական հաղորդումներ, ուստի առավել ուշադրություն եմ դարձրել լրատվական թողարկումներում բազմակարծության ապահովմանը: Մրցույթին մասնակցող ընկերությունների լրատվական թողարկումներում տատանվող հարաբերակցություններով հիմնականում ապահովում են մատուցվող նյութերի բազմակարծությունը։ Սակայն, որոշ ընկերություններ հանրային նշանակություն ունեցող բազմաթիվ իրադարձություններ՝ կապված երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների հետ, կամ ընդհանրապես չեն լուսաբանում լրատվական հաղորդումներում (մասնավորապես «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը), կամ անդրադառնում են հեգնական եղանակով, բավականին միակողմանի, հիմնականում բացասական լույսի ներքո, ինչպես նաև մանիպուլյատիվ են ներկայացնում նորությունները (մասնավորապես «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը)։

Տեխնիկական և ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ.

Ուսումնասիրելով ընկերությունների կողմից ներկայացված տեխնիկական տվյալները, ինչպես նաև մասնակիցների տեխնիկական միջոցների և հնարավորությունների մասին մասնագիտական եզրակացությունը եկել եմ այն եզրակացության, որ հայտ ներկայացրած վեց ընկերությունները հիմնականում տատանվող հարաբերակցություններով համապատասխանում են ժամանակակից հեռուստատեսության նվազագույն պահանջներին և չափորոշիչներին և կոնտենտի ստեղծման և հեռուստատեսային ազդանշանի հեռարձակման և ընդհանրապես հեռուստաընկերության անխափան աշխատանքի համար:

Սակայն, առավել արդի տեխնիկական հագեցվածությամբ առանձնանում են՝ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունները:

Ինչ վերաբերում է ֆինանսական հնարավորություններին, ապա ուսումնասիրելով ընկերությունների կողմից ներկայացված ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը, եկել եմ ներքոհիշյալ հետևության.

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության ֆինանսական ցուցանիշները բարձր կայունություն ունեցող ցուցանիշներ են և մրցույթի մասնակիցների կազմում ֆինանսական կարողությունները գնահատում եմ որպես 1-ին առաջնահերթություն ունեցող ընկերություն:

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա ընկերության ֆինանսական ցուցանիշները գնահատում եմ որպես միջինից բարձր կայունություն ունեցող ցուցանիշներ և մրցույթի մասնակիցների կազմում ֆինանսական կարողությունները գնահատում եմ որպես 2-րդ առաջնահերթություն ունեցող ընկերություն:

«ՇԱՆԹ» ՍՊ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա ընկերությունների ֆինանսական ցուցանիշները գնահատում եմ որպես ցածր կայունություն ունեցող ցուցանիշներ:

Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ.

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերությունը ներկայացրել է 107 աշխատակիցների ցանկ, ներառյալ կրթություն, մասնագիտություն և զբաղեցրած պաշտոն, ներկայացրել է նաև աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների ինքնակենսագրականները, կառուցվածքային բաժինների գծապատկերները և գործառույթների նկարագրությունները: Նշել է, որ աշխատակազմը պարբերաբար համալրվում է «Պանարմենիան Մեդիա Դպրոցի» սաներով։

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է 81 աշխատակիցների ցանկը, որը ներառում է նրանց զբաղեցրած պաշտոնը, կրթությունը, և մասնագիտությունը, ներկայացվել են նաև աշխատողների ինքնակենսագրականները, հեռուստաընկերության ղեկավարման կառուցվածքը, ինչպես նաև ստորաբաժանումների կառուցվածքային գծապատկերները և ստորաբաժանումների գործառույթների նկարագրությունը:

«ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է աշխատակիցների ցանկն ըստ բաժինների՝ ընկերության աշխատակազմը բաղկացած է (ներառյալ Գյումրի գրասենյակը) 245 աշխատողից։ Ընկերությունում ներկայումս ընդգրկված են հեռուստատեսային ոլորտի 87 նեղ մասնագետներ՝ լրագրողներ, օպերատորներ, հնչյունային օպերատորներ, համակարգչային մոնտաժողներ, խմբագիրներ, հաղորդավարներ, եթերի թողարկիչներ, ռեժիսորներ, տեխնիկական մասնագետներ և այլն։ Ներկայացվել է նաև աշխատակազմն ըստ կրթության և մասնագիտական պատրաստվածության:

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված հայտի համաձայն ընկերությունն ունի 76 աշխատող, իսկ նոր հաստատված հաստիքացուցակով աշխատակազմը կավելանա մինչև 98 աշխատող։ Ներկայացրել է նաև աշխատակազմի կառուցվածքն ըստ կրթության և մասնագիտական պատրաստվածության:

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունը ներկայացրել է 111 աշխատակիցների ցանկը, ներառյալ զբաղեցրած պաշտոնը, կրթությունը, աշխատանքային փորձը, ինչպես նաև հեռուստատեսության ոլորտում ունեցած փորձը, ինչպես նաև ներկայացրել է աշխատակազմի կառուցվածքը:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է 102 աշխատակիցների ցանկն ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, զբաղեցրած պաշտոնի, կցել է ինքնակենսագրականները, դիպլոմների, պատվոգրերի, շնորհակալագրերի և վկայագրերի պատճենները:

Կարելի է եզրակացնել, որ բոլոր ընկերությունները ներկայացրել են բավարար չափով տեղեկություններ իրենց աշխատակազմի, նրանց մասնագիտական կարողությունների վերաբերյալ, որոնք փաստում են մասնագետների փորձառության մասին:

Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողության ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայության վերաբերյալ.

Մրցույթի մասնակից բոլոր ընկերությունները ստանձնել են նաև պարտավորություններ ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողության ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների հեռարձակման, սակայն այս դեպքում կարևոր եմ համարում հետագայում ստանձնած պարտավորությունների կատարումը, որի մասին որոշակի դատողություններ կարելի է անել հաշվի առնելով ընկերությունների անցած ուղին, այդ թվում թե նախկինում ինչպես են իրագործել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները:

Հարկ եմ համարում նշել նաև, որ մրցույթին հայտ ներկայացրած ընկերությունների կողմից Էթիկայի նորմերի հնարավոր խախտման դեպքերի վերաբերյալ 2021 թվականին հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին դիմել է երկու անգամ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի հաղորդումների ժամանակ թույլ տված էթիկայի նորմերի հնարավոր խախտման դեպքերի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ մինչև 2021 թվականի մայիսի 15-ը՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգում լրացում կատարելը, Հանձնաժողովը իրավասություն չի ունեցել դիմելու զանգվածային լրատվական միջոցների էթիկայի դիտորդ մարմին, այդ իսկ պատճառով դիմել է անմիջականորեն Հեռարձակողներին՝ «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության «Կենտրոն» տեսալսողական ծրագրի և «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության «Երկիր Մեդիա» տեսալսողական ծրագրի հաղորդումներում տեղ գտած էթիկայի նորմերի խախտման կապակցությամբ իրենց դիրքորոշումը ստանալու նպատակով:

2022 թվականին Հանձնաժողովը Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին դիմել է հինգ անգամ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի հաղորդումներում և մեկ անգամ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության «Երկիր Մեդիա» տեսալսողական ծրագրի հաղորդման ժամանակ թույլ տված էթիկայի նորմերի հնարավոր խախտման դեպքերի վերաբերյալ:

Կարևոր եմ համարում նաև սահմանափակ ռեսուրսի՝ սլոթի օգտագործման պարագայում եթերաժամանակի տևողությունը՝ բոլոր ներկայացված ծրագրերը այս պահի դրությամբ հեռարձակվում են 24-ժամյա տևողությամբ, բացառությամբ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի, որը հեռարձակվում է 18-ժամյա ռեժիմով և որևէ նշում, եթերի տևողությունը ավելացնելու մտադրության վերաբերյալ փաստաթղթերում չկա:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, համադրելով ներկայացված հայտերը, գտնում եմ, որ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունների ներկայացրած ծրագրերը առավել հիմնավոր են՝ նախանշված նպատակների և դրանց հասնելու մեթոդների ընտրության տեսանկյունից։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի անդամ

Վ. ՕհանՅԱՆ

 

30.11.2022 թ.

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի գնահատման

 

Հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգի 37-րդ կետով սահմանված գնահատման չափանիշները, մրցույթի վեց մասնակիցների՝ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՇԱՆԹ» ՍՊ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված փաստաթղթերի, ՀՌՀ կողմից մշտադիտարկման արդյունքների և մասնագիտական վերլուծությունների ուսումնասիրության արդյունքում արձանագրում եմ հետևյալը.

 

Սեփական արտադրության և հայերեն հաղորդումների գերակայություն

 

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերությունը նշել է, որ սեփական արտադրության հաղորդումների ծավալը կազմում է հայերեն հաղորդումների ծավալի 85%-ը և ընկերությունը պահպանելու է այդ ցուցանիշը: Հաղորդումները գրեթե ամբողջությամբ հայերեն լեզվով են (հայերենով սեփական արտադրության հաղորդումների ծավալը հասցվել է 96%-ի): Ըստ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի հոկտեմբեր ամսվա տվյալների հայերեն հաղորդումները կազմում են 100%, իսկ սեփականը՝ 82.56%, ինչը շատ բարձր ցուցանիշ է:

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը նշել է, որ սեփական հաղորդումները կազմելու են հայերեն հաղորդումների 70 %-ը, իսկ հայերեն հաղորդումները և ֆիլմերը կազմելու են եթերի 90%-ը։ Ըստ «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի հոկտեմբեր ամսվա տվյալների հայերեն հաղորդումները արդեն կազմում են 100%, իսկ սեփական՝ մոտ 73%, ինչը բարձր ցուցանիշ է:

«ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունը ներկայացված փաստաթղթերում նշել է, որ սեփական արտադրության հաղորդումների ծավալը կազմում է 100%, նշվել է նաև, որ սեփական արտադրության հաղորդումների միջին ծավալը տատանվում է 90-100%-ի մեջ, կախված այն հանգամանքից, թե որ պահին ինչ ծավալի օտարերկրյա (հայերեն թարգմանությամբ) հաղորդումներ կան եթերում, իսկ հայերեն հաղորդումների ծավալը կազմում է գրեթե 100%: Ըստ «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի հոկտեմբեր ամսվա տվյալների՝ հայերեն հաղորդումները 100% են կազմում, իսկ սեփականը՝ 87.92%: Այս ցուցանիշները ամենաբարձրն են հայտ ներկայացրած ընկերությունների ցանկում:

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունը նշել է, որ նախագծերի և հաղորդումների ճնշող մեծամասնությունը սեփական արտադրության են, հայերեն հաղորդումների մասով հավակնոտ նպատակ է դրվել, այն է, որ «Գերխնդիր է նաև ամբողջ եթերը միմիայն հայերեն լեզվով ներկայացնելը, որն անպայման իրականություն կդառնա մոտ ժամանակներում»: Ըստ «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի հոկտեմբեր ամսվա տվյալների՝ հայերեն հաղորդումները 90.63% են կազմում, իսկ սեփականը՝ 66.39 %, ինչը գոհացուցիչ ցուցանիշ է:

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը սեփական արտադրության և հայերեն հաղորդումների վերաբերյալ նշել է, որ hաղորդումների 90%-ը սեփական արտադրության են, hայրենական արտադրության հաղորդումները կազմում են եթերի մոտ 95%-ը (չհաշված ֆիլմերը), խաղարկային և փաստավավերագրական ֆիլմերի մի մասը հաշվի չառած՝ եթերից հնչում է բացառապես հայոց լեզուն։ Իսկ ըստ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի հոկտեմբեր ամսվա տվյալների՝ հայերեն հաղորդումները 80.47% են կազմում, իսկ սեփականը՝ 48.48%: Այս ցուցանիշները, ցավոք, ամենացածրն են հայտ ներկայացրած ընկերությունների ցանկում:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը նշել է, որ սեփական արտադրության հաղորդումների ծավալը կազմում է եթերի մոտ 85%-ը, իսկ հայերեն հաղորդումները գերակա են եթերում և հայալեզու կոնտենտի շարունակական ավելացմամբ այն հասցվել է 100%-ի։ Ընկերությունը տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյան չի ներկայացնում, քանի որ միայն հեղինակազորված է, սակայն մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ մի շարք հաղորդումներ հեռարձակվել են ռուսերենով և չեն ուղեկցվել հայերեն ընկալման որևէ միջոցով (կրկնօրինակման, հնչյունավորման և (կամ) ենթագրի), իսկ սեփական հաղորդումների ծավալը հոկտեմբեր ամսվա կտրվածքով կազմել է 60-70 %, ինչը միջին ցուցանիշ է:

 

Բազմակարծությունը խթանելու կարողություն

 

Մրցույթին մասնակցող ընկերությունների մեծ մասը այս չափարոշիչի վերաբերյալ ներկայացրել է ընդհանուր բնույթի խոստումներ, որոնց հիման վրա դժվար է ճշգրիտ դատողություններ անել։ Ուստի, կարևորում եմ այդ խոստումների և իրականացվող խմբագրական քաղաքականության համադրումը, երբ գնահատում եմ բազմակարծությունը խթանելու ընկերությունների կարողությունը։ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ և «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունները չունեն քաղաքական բովանդակության հաղորդումներ, և այդ ընկերությունների համապատասխան կարողությունները գնահատում եմ իրենց լրատվական հաղորդումներով։ Համաձայն մշտադիտարկումների արդյունքների այդ ընկերությունները հիմնականում ապահովում են բազմակարծությունը և բազմազանությունը։ «ՇԱՆԹ» ՍՊ եվ «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունները բազմակարծությունն ու բազմազանությունը ապահովում են նաև հասարակական-քաղաքական բովանդակությամբ հաղորդումներում, հարցազրույցներում։ Իսկ ահա «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ և «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունների թե լրատվական թողարկումները, թե հասարակական-քաղաքական ուղղվածություն ունեցող հաղորդումները, ըստ մշտադիտարկման արդյունքների, հաճախ միակողմանի են, չեն ապահովում բազմակարծություն, երբեմն պարունակում են հայհոյախոսություն, ապատեղեկատվություն։

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ի կողմից մասնագիտական էթիկայի նորմերի խախտումների հետ կապված 2021-2022թթ. ընթացքում Հանձնաժողովը հաճախ դիմել է Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին եթերում էթիկայի նորմերի խախտման հիմքով։

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը հանրային նշանակություն ունեցող բազմաթիվ իրադարձություններ՝ կապված երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների հետ, կամ ընդհանրապես չի լուսաբանում լրատվական հաղորդումներում, կամ անդրադառնում են հեգնական եղանակով, բավականին միակողմանի, հիմնականում բացասական լույսի ներքո։

 

Տեխնիկական և ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ.

 

Ուսումնասիրել եմ հայտ ներկայացրած ընկերությունների կողմից ներկայացված տեխնիկական տվյալները, մասնակիցների տեխնիկական միջոցների և հնարավորությունների մասին մասնագիտական եզրակացությունը։ Եկել եմ այն եզրակացության, որ հայտ ներկայացրած վեց ընկերությունները հիմնականում տատանվող հարաբերակցություններով համապատասխանում են ժամանակակից հեռուստատեսության նվազագույն պահանջներին և չափորոշիչներին և կոնտենտի ստեղծման և հեռուստատեսային ազդանշանի հեռարձակման և ընդհանրապես հեռուստաընկերության անխափան աշխատանքի համար:

Սակայն, առավել արդի տեխնիկական հագեցվածությամբ առանձնանում են՝ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունները: «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը տեխնիկական վերազինման անհրաժեշտություն ունի։

Ինչ վերաբերում է ֆինանսական հնարավորություններին, ապա ուսումնասիրելով ընկերությունների կողմից ներկայացված ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը, եկել եմ ներքոհիշյալ հետևության.

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության ֆինանսական ցուցանիշները բարձր կայունություն ունեցող ցուցանիշներ են և մրցույթի մասնակիցների կազմում ֆինանսական կարողությունները գնահատում եմ որպես 1-ին առաջնահերթություն ունեցող ընկերություն:

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա ընկերության ֆինանսական ցուցանիշները գնահատում եմ որպես միջինից բարձր կայունություն ունեցող ցուցանիշներ և մրցույթի մասնակիցների կազմում ֆինանսական կարողությունները գնահատում եմ որպես 2-րդ առաջնահերթություն ունեցող ընկերություն:

«ՇԱՆԹ» ՍՊ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա ընկերությունների ֆինանսական ցուցանիշները գնահատում եմ որպես ցածր կայունություն ունեցող ցուցանիշներ:

 

Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ.

 

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերությունը ներկայացրել է 107 աշխատակիցների ցանկ, ներառյալ կրթություն, մասնագիտություն և զբաղեցրած պաշտոն, ներկայացրել է նաև աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների ինքնակենսագրականները, կառուցվածքային բաժինների գծապատկերները և գործառույթների նկարագրությունները: Նշել է, որ աշխատակազմը պարբերաբար համալրվում է «Պանարմենիան Մեդիա Դպրոցի» սաներով։

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է 81 աշխատակիցների ցանկը, որը ներառում է նրանց զբաղեցրած պաշտոնը, կրթությունը, և մասնագիտությունը, ներկայացվել են նաև աշխատողների ինքնակենսագրականները, հեռուստաընկերության ղեկավարման կառուցվածքը, ինչպես նաև ստորաբաժանումների կառուցվածքային գծապատկերները և ստորաբաժանումների գործառույթների նկարագրությունը:

«ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է աշխատակիցների ցանկն ըստ բաժինների՝ ընկերության աշխատակազմը բաղկացած է (ներառյալ Գյումրի գրասենյակը) 245 աշխատողից։ Ընկերությունում ներկայումս ընդգրկված են հեռուստատեսային ոլորտի 87 նեղ մասնագետներ՝ լրագրողներ, օպերատորներ, հնչյունային օպերատորներ, համակարգչային մոնտաժողներ, խմբագիրներ, հաղորդավարներ, եթերի թողարկիչներ, ռեժիսորներ, տեխնիկական մասնագետներ և այլն։ Ներկայացվել է նաև աշխատակազմն ըստ կրթության և մասնագիտական պատրաստվածության:

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված հայտի համաձայն ընկերությունն ունի 76 աշխատող, իսկ նոր հաստատված հաստիքացուցակով աշխատակազմը կավելանա մինչև 98 աշխատող։ Ներկայացրել է նաև աշխատակազմի կառուցվածքն ըստ կրթության և մասնագիտական պատրաստվածության:

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունը ներկայացրել է 111 աշխատակիցների ցանկը, ներառյալ զբաղեցրած պաշտոնը, կրթությունը, աշխատանքային փորձը, ինչպես նաև հեռուստատեսության ոլորտում ունեցած փորձը, ինչպես նաև ներկայացրել է աշխատակազմի կառուցվածքը:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է 102 աշխատակիցների ցանկն ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, զբաղեցրած պաշտոնի, կցել է ինքնակենսագրականները, դիպլոմների, պատվոգրերի, շնորհակալագրերի և վկայագրերի պատճենները:

Կարելի է եզրակացնել, որ բոլոր ընկերությունները ներկայացրել են բավարար չափով տեղեկություններ իրենց աշխատակազմի, նրանց մասնագիտական կարողությունների վերաբերյալ, որոնք փաստում են մասնագետների փորձառության մասին:

 

Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողության ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայության վերաբերյալ.

 

Մրցույթի մասնակից բոլոր ընկերությունները ստանձնել են նաև պարտավորություններ ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողության ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների հեռարձակման, սակայն այս դեպքում կարևոր եմ համարում հետագայում ստանձնած պարտավորությունների կատարումը, որի մասին որոշակի դատողություններ կարելի է անել հաշվի առնելով ընկերությունների անցած ուղին, այդ թվում թե նախկինում ինչպես են իրագործել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները:

Հարկ եմ համարում նշել նաև, որ մրցույթին հայտ ներկայացրած ընկերությունների կողմից Էթիկայի նորմերի հնարավոր խախտման դեպքերի վերաբերյալ 2021 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին դիմել է երկու անգամ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի հաղորդումների ժամանակ թույլ տված էթիկայի նորմերի հնարավոր խախտման դեպքերի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ մինչև 2021 թվականի մայիսի 15-ը՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգում լրացում կատարելը, Հանձնաժողովը իրավասություն չի ունեցել դիմելու զանգվածային լրատվական միջոցների էթիկայի դիտորդ մարմին, այդ իսկ պատճառով դիմել է անմիջականորեն Հեռարձակողներին՝ «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության «Կենտրոն» տեսալսողական ծրագրի և «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության «Երկիր Մեդիա» տեսալսողական ծրագրի հաղորդումներում տեղ գտած էթիկայի նորմերի խախտման կապակցությամբ իրենց դիրքորոշումը ստանալու նպատակով:

2022 թվականին Հանձնաժողովը Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին դիմել է հինգ անգամ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի հաղորդումներում և մեկ անգամ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության «Երկիր Մեդիա» տեսալսողական ծրագրի հաղորդման ժամանակ թույլ տված էթիկայի նորմերի հնարավոր խախտման դեպքերի վերաբերյալ:

Կարևոր եմ համարում նաև սահմանափակ ռեսուրսի՝ սլոթի օգտագործման պարագայում եթերաժամանակի տևողությունը՝ բոլոր ներկայացված ծրագրերը այս պահի դրությամբ հեռարձակվում են 24 ժամյա տևողությամբ, բացառությամբ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի, որը հեռարձակվում է 18 ժամյա ռեժիմով և որևէ նշում, եթերի տևողությունը ավելացնելու մտադրության վերաբերյալ փաստաթղթերում չկա:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, համադրելով ներկայացված հայտերը, գտնում եմ, որ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «ՇԱՆԹ» ՍՊ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունների ներկայացրած ծրագրերը առավել հիմնավոր են՝ նախանշված նպատակների և դրանց հասնելու մեթոդների ընտրության տեսանկյունից։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի անդամ

Ռ. ՇառոՅԱՆ

 

29.11.2022 թ.

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի գնահատման

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022 թվականի օգոստոսի 10-ին հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ)՝ չորս սլոթի քանակով։

Մրցույթին մասնակցելու հայտերի և կից փաստաթղթերի ներկայացման համար սահմանված ժամանակահատվածում (12.09.2022թ.-ից մինչև 03.10.2022թ.-ը ներառյալ)՝ հայտեր են ներկայացրել «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՇԱՆԹ» ՍՊ, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունները։

Առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ հոդվածի 3-րդ մասով և Հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման (այսուհետ՝ Կարգ) 37-րդ կետով սահմանված գնահատման չափորոշիչներով, ուսումնասիրելով մրցույթի 6 մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերը, Հանձնաժողովի մասնագետների կողմից կազմված տեղեկանքները՝ 1. տեսալսողական մեդիածառայություն մատուցողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի, 2․ ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերի, 3․ օգտագործվելիք տեխնիկական միջոցների, 4․ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության, 5․ էթիկայի կանոնագրի և 6․ էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցների վերաբերյալ, միևնույն ժամանակ հաշվի առնելով սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը, հայերեն հաղորդումների գերակայությունը, բազմակարծությունը խթանելու կարողությունը, հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը, գործող լիցենզավորված հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը, ձևավորվել է իմ կարծիքը և ստորև ներկայացնում եմ իմ գնահատումները մրցութային հայտերի վերաբերյալ:

 

1 «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերություն

 

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերությունը («Արմենիա» ծրագիր) Հայաստանի առաջատար հեռուստաընկերություններից մեկն, ունի դիտելիության բարձր ցուցանիշներ, հագեցված է արդիական տեխնիկական միջոցներով, հետևում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

Ըստ ներկայացված հայտի՝ ընկերության ծրագրային քաղաքականությունն է ապահովել բազմակարծություն քաղաքական, սոցիալական հիմնախնդիրները լուսաբանելիս, երաշխավորել խոսքի ազատությունը, լրատվական, սոցիալական և քաղաքական հիմնախնդիրներ լուսաբանող հաղորդաշարերի միջոցով ապահովել առողջ մթնոլորտ քաղաքական ուժերի և հանրության երկխոսության համար։ Հայտով նշվել է, որ թեմատիկ ուղղվածության հաղորդումների ծավալները կազմելու են՝ լրատվական-սոցիալական հաղորդումներ՝ 10%, գիտակրթական, մշակութային, մանկական, մարզական հաղորդումներ՝ 20%, լրատվական հաղորդումները օրվա եթերացանցում կազմելու են 12%։

Առաջիկա տարիներին ընկերությունը նախատեսում է ավելացնել գիտակրթական, մշակութային հաղորդումների ծավալը, արտադրել հումորային հեռուստապատումներ, իրականացնել մի շարք միջազգային մեգանախագծեր, հանրային նշանակության և հնչեղության հաղորդումներ և նախագծեր, հայկական ժողովրդական, աշուղական ու հոգևոր երգերի ներկայացմանն ուղղված, ինչպես նաև արհեստագործական մասնագիտությունների պահպանման նպատակով հեռարձակվող հաղորդումներ։

Ընկերության հայտի համաձայն՝ հայերեն լեզվով սեփական արտադրության հաղորդումների ծավալը հասցվել է 96%-ի, իսկ սեփական արտադրության հաղորդումների ծավալը կազմում է հայերեն հաղորդումների ծավալի 85%-ը: 2020 և 2022 թվականների մրցութային առաջարկներով և տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանում ներկայացված (փաստացի) սեփական արտադրության և հայերեն հաղորդումների համեմատական տվյալների վերլուծության համաձայն սեփական հաղորդումները փաստացի կազմել են 83%, ինչը բավականին բարձր ցուցանիշ է, իսկ հայերեն հաղորդումները՝ 100%:

Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել է օգտագործվող տեխնիկական միջոցների ցանկը։ Ըստ ներկայացված տեխնիկական, հեռուստատեսային, համակարգչային հիմնական միջոցների՝ վերջինս լիովին համապատասխանում է ժամանակակից հեռուստատեսության բոլոր պահանջներին և չափորոշիչներին և՛ կոնտենտի ստեղծման, և՛ հեռուստատեսային ազդանշանի հեռարձակման, և՛ հեռուստաընկերության անխափան աշխատանքի համար:

Որպես ֆինանսական հնարավորությունները հիմնավորող փաստաթղթեր ներկայացվել են հեռուստատեսային ծառայությունների մատուցման պայմանագրեր, հարկային հաշիվներ, հաշվի ամփոփ քաղվածքներ, ինչպես նաև նախորդ հինգ տարիների ընթացքում վճարված հարկերի մասին տվյալներ։ Նախորդ 5 տարիների ընթացքում վճարված հարկեր՝ 4 015 392 555 ՀՀ դրամ, սեփական հաղորդումների նկարահանման ծախսերը 2021թ-ի ընթացքում՝ 1 278 575 977 ՀՀ դրամ, հիմնական միջոցների արժեքը 2021թ-ի դրությամբ՝ 1 933 454 507 ՀՀ դրամ: Ֆինանսական մուտքերի ծավալով ընկերությունը առաջատարն է մրցույթին մասնակցող ընկերությունների ցանկում: Հեռուստատեսության կայուն և շարունակական զարգացման երաշխիքներից մեկը ֆինանսական բավարար միջոցների ապահովումն է։ Ընկերության ֆինանսական վիճակը կայուն է և բավարար է որակյալ, բազմազան հաղորդումներ պատրաստելու և հեռարձակելու համար։

Աշխատակազմի վերաբերյալ ընկերությունը ներկայացրել է 107 աշխատակիցների ցանկը, կրթությունը, մասնագիտությունը և զբաղեցրած պաշտոնը։ Աշխատակազմը պարբերաբար մասնակցում է մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացների, ինչպես նաև համալրվում է «Պանարմենիան Մեդիա Դպրոցի» սաներով։

Բազմակարծությանը խթանելու ընկերության կարողությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը:

Ընկերությունը ներկայացրել է գիտակրթական և մշակութային հաղորդումներ, հաջողություն գրանցած նախագծեր, երաժշտական նախագծեր, գիտական-կրթական ֆորմատներ․ «Հայաստանի վարպետը» համազգային հեռուստաշոուի նպատակը արհեստագործական մասնագիտությունների պահպանումն է, որի ընթացքում բացահայտվելու են մեր օրերի վարպետաց վարպետները, որոնք լուռ ստեղծում ու արարում են Հայաստանի տարբեր անկյուններում, «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծով ներկայացվելու են հայկական ժողովրդական, աշուղական ու հոգևոր երգեր, «Հայ երգիչ» երաժշտական մեգանախագծի շրջանակներում բացահայտվելու են լավագույն ձայները։

Ընկերությունը եթեր է հեռարձակում սեփական արտադրության հեռուստասերիալներ, որոնց բովանդակությունը հաճախ բուռն քննարկման ու քննադատության է ենթարկվում հեռուստադիտողների շրջանում։ Մասնավորապես, վերջերս լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմինը հայտարարություն էր տարածել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կույր աշխարհ» հեռուստասերիալի դեմ բողոքի վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության («Արմենիա» ծրագիր) կողմից ներկայացված մրցութային հայտը իմ կողմից ստանում է ամենաբարձր գնահատականը մրցույթին մասնակից մյուս հայտերի նկատմամբ։

 

2 «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերություն

 

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը մասնակցել է 2020-2021 թթ․ անցկացված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին և հաղթող է ճանաչվել։ Ընկերությունը, ստանալով հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա, 2021 թվականի հունվարի 21-ից ՀՀ տարածքում հեռարձակում է «Ա-Թիվի» ծրագիրը՝ 24/7 ռեժիմով։ ՀՀ տարածքում ընկերության ծրագիրը հեռարձակվում է նաև ցանցային օպերատորների կողմից։

Ներկայացված հայտի համաձայն՝ «Ա-Թիվի» ծրագիրը ժամանցային թեմատիկ ուղղվածության ծրագիր է։ Մեծ կարևորություն է տրվում ֆիլմերի արտադրությանը, ընկերությունն ունի գեղարվեստական ֆիլմերի և սերիալների նոր նախագծեր։ Աշխատանքներ են տարվելու լրատվական ծառայության զարգացման ուղղությամբ՝ որպես ուղենիշ ունենալով անաչառ և բազմակողմանի լրատվություն ապահովելու սկզբունքը։ Ընկերությունը համագործակցում է արտերկրում գործող հեռուստաընկերությունների հետ՝ սփյուռքում բնակվող հայրենակիցներին մայրենի լեզվով հաղորդումներն ու հայրենական արտադրության ֆիլմերը հասանելի դարձնելու նպատակով։ Ինչպես նաև Ընկերությունը ստեղծել է աշխատանքային ցանց մարզային հեռուստաընկերությունների հետ։

Համաձայն հայտի հայերեն հաղորդումները և ֆիլմերը կազմում են եթերի 90%-ը, իսկ սեփական արտադրության հաղորդումները կազմում են հայերեն հաղորդումների 70%-ը, միաժամանակ նախատեսվում է մանկական, մշակութային և մարզական հաղորդումների ծավալը հասցնել սեփական արտադրության հաղորդումների առնվազն 20%-ին։

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբեր ամսվա կտրվածքով «Ա-Թիվի» ծրագրում հայերեն տեսալսողական հաղորդումները կազմել են 100%, սեփական արտադրության հաղորդումները կազմել են ընդհանուր եթերի մոտ 73%-ը, ոչ սեփական արտադրության հաղորդումները՝ մոտ 27%-ը, իսկ շաբաթական կտրվածքով մանկական, կրթական, մշակութային, մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումները մոտավոր կազմել են՝ 18-22%։

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության ներկայացրած տեխնիկական, հեռուստատեսային, համակարգչային հիմնական միջոցների ցանկը թույլ է տալիս եզրակացնել, որ վերջինս լիովին համապատասխանում է ժամանակակից հեռուստատեսության բոլոր պահանջներին և չափորոշիչներին և՛ կոնտենտի ստեղծման, և՛ հեռուստատեսային ազդանշանի հեռարձակման, և՛ հեռուստաընկերության անխափան աշխատանքի համար: Ներկայացվել են 198 միավոր տեխնիկական միջոցների անվանական ցանկը՝ քանակական տվյալներով, տեխնիկական միջոցների և տաղավարների մանրամասը նկարագրությունները։

Որպես ֆինանսական հնարավորությունները հիմնավորող փաստաթղթեր ներկայացվել են հեռուստատեսային ծառայությունների մատուցման պայմանագրեր, հաշվի քաղվածքներ։ Դրանց ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ առկա են ֆինանսական բավարար միջոցներ, Ընկերության ֆինանսական վիճակը կայուն է որակյալ, բազմազան հաղորդումներ պատրաստելու և հեռարձակելու համար։

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է 81 աշխատողների ցանկ՝ զբաղեցրած պաշտոնը, կրթությունը, և մասնագիտությունը ներառող տվյալներով, աշխատողների ինքնակենսագրականները։ Համեմատության համար նշեմ, որ 2020 թվականին ներկայացված մրցութային հայտով ներկայացված է եղել 102 աշխատակիցների ցանկ։

Ընկերության կողմից 2020 թվականի լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորությունների կատարման մասին ներկայացված տեղեկատվության համաձայն 2021 թվականին լիցենզիա ստանալուց հետո իրականացվել են մասշտաբային և ծախսատար մի շարք նախագծեր, որոնք մեկնարկից կարճ ժամանակ անց դարձել են սիրված ու պահանջված, ունեցել են բարձր վարկանիշ։ 2021 թվականին և 2022 թվականի 1-ին կիսամյակում պատրաստվել և եթեր է հեռարձակվել շուրջ 30 նոր նախագիծ՝ ժամանցային, թոք շոու ձևաչափի, երիտասարդական սինթքոմ և այլն, արդիականացվել է լրատվական ծառայության տաղավարը, իրականացվել է տեխնիկական վերազինում։ Ընկերությունը նախատեսում է եթերում ավելացնել մշակութային ու երաժշտական նախագծերը, գիտական, կրթական ֆորմատները, շարունակելու արդեն հաջողություն գրանցած նախագծերը՝ ընդլայնելով և խորացնելով մշակութային և կրթական բաղադրիչը: Հեռուստաընկերությունը փորձում է հեռուստադիտողների շրջանակում ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել մշակութային և գիտակրթական հաղորդումների նկատմամբ, ինչն անչափ բարձր է գնահատվում իմ կողմից։ Մրցութային հայտերի համեմատության արդյունքում երկրորդ բարձր գնահատականը ես տալիս «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտին։

 

3 «ՇԱՆԹ» ՍՊ ընկերություն

 

«ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունը («Շանթ» ծրագիր) մասնակցել է 2020-2021թթ․ անցկացված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին և հաղթող է ճանաչվել։ Ընկերությունը, ստանալով հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա, 2021 թվականի հունվարի 21-ից ՀՀ տարածքում հեռարձակում է «Շանթ» ծրագիրը։ ՀՀ տարածքում ընկերության ծրագիրը հեռարձակվում է նաև ցանցային օպերատորների կողմից։ Շանթ ՍՊ ընկերության («Շանթ» ծրագիր) հայտի համաձայն ծրագրային քաղաքականությունն է՝ առավելագույնս հանրայնացնել հայկական ազգային առանձնահատկությունները, արժեքներն ու որակները։ Ընկերության նախանշած նպատակներն են՝ արտադրվող և հեռարձակվող բոլոր ժանրերի հաղորդումներում ներառել կրթական, ճանաչողական, դաստիարակչական բաղադրիչներ, հաղորդումների արտադրության որակը շարունակաբար բարելավել։

Հեռուստաընկերության լրատվական քաղաքականությունը հիմնված է համակողմանի, հավասարակշռված, անկողմնակալ, հավաստի, օպերատիվ տեղեկատվության փոխանցման սկզբունքի վրա։ Եթերում բազմակարծության մակարդակը բարձրացնելու նպատակով նախատեսում են լրատվական, հասարակական–քաղաքական հաղորդումներում ավելացնել բանավիճային թոք շոուների ծավալը։

«ՇԱՆԹ» ՍՊ ընկերության ծրագրում հեռարձակվող հայերեն հաղորդումների, ինչպես նաև սեփական արտադրության հաղորդումների ծավալը կազմում է գրեթե 100%, ընդ որում սեփական արտադրության հաղորդումների միջին ծավալը տատանվում է 90-100 %-ի մեջ, կախված այն հանգամանքից, թե որ պահին ինչ ծավալի օտարերկրյա (հայերեն թարգմանությամբ) հաղորդումներ կան եթերում։

Ընկերության ներկայացրած տեխնիկական հեռուստատեսային համակարգչային հիմնական միջոցների ցանկի թույլ է տալիս եզրակացնել, որ վերջինս լիովին համապատասխանում է ժամանակակից հեռուստատեսության բոլոր պահանջներին և չափորոշիչներին: Հեռուստաընկերության վարչական տարածքը կազմում է 1000 քառ մետր տարածք, որտեղ տեղակայված եթերային, լրատվական,տեխնիկական և սերվերային համակարգերը համալրված են համապատասխան անխափան սնուցման սարքերով, որը հնարավորություն է տալիս հեռուստաընկերությանը ֆորսմաժորային իրավիճակներում շարունակել անխափան աշխատել:

Ընկերության եկամուտների մոտ 90%-ը կազմում են գովազդային տարբեր ծառայությունների իրացումից ստացվող եկամուտները, ինչը հատուկ իրավիճակների պայմաներում մեծ ռիսկեր է պարունակում հեռարձակողի համար։ Ինչպես օրինակ, 2020-2021թթ․ ամիսներ շարունակ գովազդային պատվերների դադարեցման պատճառով ընկերությունը գործել է առանց եկամուտների։ Փաստաթղթի համաձայն Ընկերությունը 2007 թվականից սկսած ներգրավել է 11,870,000 ԱՄՆ դոլար վարկային միջոցներ։ Ենթադրվում է, որ ներգրաված միջոցների մի մասը Ընկերությունը վերադարձրել է, սակայն Ընկերության վարկային պարտավորությունները ժամանակին մարելու կամ վճարելու ցուցանիշները ռիսկային են գնահատվում։ Ընկերության ոչ բարվոք ֆինանսական վիճակի մասին վկայում է նաև այն, որ համաձայն Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տեղեկանքի Ընկերությունը այդ կառույցի նկատմամբ կրեդիտորական պարտք ունի (առ 30.11.2022 թ.) 177.0 մլն դրամի չափով:

Հայտով ներկայացվել է աշխատակիցների ցանկն ըստ բաժինների՝ ընկերության աշխատակազմը բաղկացած է (ներառյալ Գյումրի գրասենյակը) 245 աշխատողից։ Ընկերությունում ներկայումս ընդգրկված են հեռուստատեսային ոլորտի 87 նեղ մասնագետներ՝ լրագրողներ, օպերատորներ, հնչյունային օպերատորներ, համակարգչային մոնտաժողներ, խմբագիրներ, հաղորդավարներ, եթերի թողարկիչներ, ռեժիսորներ, տեխնիկական մասնագետներ և այլն։

Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների ապահովման վերաբերյալ ներկայացվել են նշված չափանիշի ապահովմանն ուղղված մի շարք հաղորդումներ։ Հեռուստաընկերությունն իր գործունեության ողջ ընթացքում փորձել է արտադրած գրեթե բոլոր հաղորդումներում ու ժանրերում համատեղել կոմերցիոն հաջողությունն ու հայրենասիրական, մարդասիրական, ազգանպաստ, սոցիալական, կրթական և դաստիարակչական նպատակներ քարոզելը։ Նմանատիպ նախագծերից են՝ ժողովրդական երգիչ, դուդուկի նոր ընտրյալներ, ժողովրդական պարեր, աշխարհի հայերը, անավարտ երազ, Էլենի օրագիրը և այլն։

Որպես հայկական առաջատար հեռուստաընկերություն՝ իմ կողմից բարձր է գնահատվում հեռուստաընկերության գործունեությունը, սակայն առկա ֆինանսական դրությունը ռիսկային է հեռուստաընկերության գործունեության կազմակերպման տեսանկյունից։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ըստ գնահատման առավելագույն չորրորդ միավորը ես նշանակում եմ «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտին։

 

4 «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերություն

 

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունը («Կենտրոն» ծրագիր) մասնակցել է 2020-2021թթ. անցկացված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին և հաղթող է ճանաչվել։ Ընկերությունը, ստանալով հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա, 2021 թվականի հունվարի 21-ից ՀՀ տարածքում հեռարձակում է «Կենտրոն» ծրագիրը՝ 24/7 ռեժիմով։ Ընկերության ծրագիրը հեռարձակվում է նաև ցանցային օպերատորների միջոցով (ՀՀ տարածքում), ինչպես նաև արբանյակային կապով (գեոստացիոնար արբանյակներով՝ Եվրոպայի, Ամերիկայի և Մերձավոր Արևելքի վրա)։

«Կենտրոն» ծրագրի թեմատիկ ուղղություններն են՝ լրատվական, հասարակական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, ճանաչողական, ժամանցային, մարզական, կրթական, մշակութային, մանկապատանեկան։ Ընկերության ռազմավարությունն է՝ «հրատապ և անաչառ լրատվության ապահովում, սոցիալական-քաղաքական հաղորդումների պատրաստում և դրանցում բազմակարծության ապահովում, մարզական և մշակութային հաղորդումների միջոցով առողջ ապրելակերպի և գեղարվեստական արժեքների քարոզում։ Ընկերությունը պատրաստվում է ներկայանալ մի շարք նոր նախագծերով, մոտ ապագայում ծրագրում է ընդլայնել թղթակցային ցանցը սփյուռքի հայ համայնքներում, վերազինել լրատվական մասը նոր սերնդի տեխնիկայով, համալրել աշխատանքային թիմը, հատուկ ուշադրություն դարձնել կրթամշակութային և մարզական հիմնահարցերին։

Ընկերության առաջնային և հիմնական խնդիրն է՝ «եթերում հնչեցնել ու պահպանել անաղարտ մայրենի լեզուն, գերխնդիր է ամբողջ եթերը միայն հայերեն լեզվով ներկայացնելը, որն իրականություն կդառնա մոտ ժամանակներում»։ Նշվել է նաև, որ նախագծերի և հաղորդումների ճնշող մեծամասնությունը սեփական արտադրության է։

Ընկերության կողմից ներկայացված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն 2022 թվականի հոկտեմբեր ամսվա կտրվածքով «Կենտրոն» ծրագրում հայերեն տեսալսողական հաղորդումները կազմել են ընդհանուր եթերի մոտ 91%-ը, սեփական արտադրության հաղորդումները՝ մոտ 66%-ը, ոչ սեփական արտադրության հաղորդումները՝ մոտ 34%-ը, իսկ շաբաթական կտրվածքով մանկական, կրթական, մշակութային, մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումները մոտավոր կազմել են՝ 28-30%:

Ըստ ընկերության ներկայացրած տեխնիկական հեռուստատեսային համակարգչային հիմնական միջոցների ցանկի, վերջինս լիովին համապատասխանում է ժամանակակից հեռուստատեսության բոլոր պահանջներին և չափորոշիչներին և կոնտենտի ստեղծման և հեռուստատեսային ազդանշանի հեռարձակման և ընդհանրապես հեռուստաընկերության անխափան աշխատանքի համար: Հեռուստաընկերության էներգահամակարգն ունի թվով 2 տարբեր ուղղություններից էներգասնուցում, բոլոր սերվերային, տեխնիկական, եթերային սենյակները համալրված են ONLINE-SMART անխափան սնուցման սարքերով, անհրաժեշտության պարագայում միացվում է նաև Vilson-54 կվտ հզորությամբ դիզելային գեներատորը, որը հնարավորություն է տալիս ֆորսմաժորային իրավիճակներում շարունակել հեռուստաընկերության անխափան աշխատանքը:

Ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել է տեղեկանք՝ բաժնետիրոջ կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին, ինչպես նաև ծառայությունների մատուցման մտադրությունների մասին համաձայնագիր, գովազդային և ծառայությունների մատուցման պայմանագրեր։ Սակայն, Ընկերության կողմից ներկայացված ֆինանսական ցուցանիշները հնարավորություն չեն տալիս եզրակացնելու, թե յոթ տարվա հեռանկարում ինչպիսի ֆինանսական միջոցներ է գեներացնելու և արդյոք այդ միջոցները բավարար են՝ Ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու համար, այդ թվում հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե Ընկերության արդիականացման ինչպիսի ռազմավարություն է կիրառվելու։

Աշխատակազմ։ Ներկայացվել է աշխատակազմի կառուցվածքը, 111 աշխատակիցների ցանկը՝ զբաղեցրած պաշտոնը, կրթությունը, աշխատանքային փորձը, ինչպես նաև հեռուստատեսության ոլորտում ունեցած փորձը։ Նշվել է, որ աշխատակիցների 68,5%-ն ունի բարձրագույն կրթություն, ստեղծագործական անձնակազմը կազմում է աշխատակիցների 60%-ը, որոնց 82%-ն ունի բարձրագույն մասնագիտական կրթություն։

Մեծ ուշադրություն է դարձվում աշխատակազմի մասնագիտական որակներին՝ պարբերաբար անցկացնելով մասնագիտական դասընթացներ, փոխայցելություններ հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցներ։ Աշխատակիցները գործուղվում են միջազգային սեմինարների, մասնակցում մասնագիտական ցուցահանդեսների և մրցույթների։ Կարևորվում է նաև ստեղծագործական աշխատակազմի պարբերական թարմացումը՝ փորձառու և բանիմաց մասնագետների շարքերը համալրվում են նոր կադրերով։

Ընկերությունը ներկայացրել է ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք հաղորդումներ, որոնցում տեղ են գտնում դարերի պատմություն ունեցող եկեղեցիների, վանքերի ու տաճարների մասին ճանաչողական նյութեր, արվեստի գործիչների բացառիկ հարցազրույցներ, աշխարհում նշանակալի հետք թողած մեծանուն հայերի մասին թողարկումներ։ Ներկայացվել են բազմակարծության ապահովմանն ուղղված հաղորդումներ, որոնցում քաղաքական թեմաների վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ քննարկումների և բանավեճերի միջոցով լիարժեք արտահայտում են իրենց կարծիքը։

Իմ կողմից բարձր է գնահատվում հեռուստաընկերության գործունեությունը՝ ստանալով երրորդ առավելագույն բարձր գնահատականը ներկայացված հայտերի մեջ։

 

5 «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերություն

 

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը («Երկիր Մեդիա» ծրագիր) հեռարձակվում է հանրային թվային մուլտիպլեքսում (հանրապետական ծածկույթ) 2011 թվականից: Ընկերությունը («Երկիր Մեդիա» ծրագիր) մասնակցել է 2020-2021թթ․ անցկացված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին և հաղթող է ճանաչվել։ Ստանալով հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա՝ 2021 թվականի հունվարի 21-ից ՀՀ տարածքում հեռարձակում է «Շանթ» ծրագիրը։ ՀՀ տարածքում ընկերության ծրագիրը հեռարձակվում է նաև ցանցային օպերատորների կողմից։

Ընկերության առաքելությունն է՝ «աջակցել հեռուստադիտողին իրացնել տեղեկացված լինելու իր իրավունքը, խթանել բազմակարծությունն ու հանդուրժողականությունը, լինել ազատ խոսքի ամբիոն, դառնալ համահայկական ալիք՝ կամրջելով ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում ապրող հայությանը»։

Հաղորդումների թեմատիկ բաշխվածությունն է՝ «լրատվական-վերլուծական՝ 31%, հասարակական-քաղաքական՝ 17%, ֆիլմեր՝ 15%, ժամանցային՝ 14%, գիտակրթական՝ 12%, մշակութային՝ 10%, մանկապատանեկան՝ 1%»։

Ընկերության կողմից ներկայացված տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների համաձայն 2022 թվականի հոկտեմբեր ամսվա կտրվածքով «Երկիր Մեդիա» ծրագրում հայերեն տեսալսողական հաղորդումները կազմել են ընդհանուր եթերի մոտ 80%-ը, սեփական արտադրության հաղորդումները՝ մոտ 48%-ը, ոչ սեփական արտադրության հաղորդումները՝ մոտ 52%-ը, իսկ շաբաթական կտրվածքով մանկական, կրթական, մշակութային, մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումները մոտավոր կազմել են՝ 15-18%։ Ներկայացված փաստաթղթերի համաձայն «Երկիր Մեդիա» ծրագրում հայրենական արտադրության հաղորդումները կազմում են եթերի մոտ 95%-ը (չհաշված ֆիլմերը)։ Նշվել է նաև, որ ֆիլմերի մի մասը հաշվի չառած՝ եթերից հնչում է բացառապես հայոց լեզուն, իսկ սեփական արտադրության հաղորդումները կազմում են 90%։

 

Ընկերությունը նշել է, որ «Երկիր Մեդիա» ծրագրի զգալի մասը լրատվություն է՝ ստուգված և հավաստի տեղեկություններ։ Ընկերությունը ստանձնում է ապահովել լրատվության նոր որակի բովանդակություն, որը հիմնված է լինելու արտահայտման ազատության և բազմակարծության սկզբունքների վրա։

Ներկայացվել է, որ հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, երիտասարդական հաղորդաշարերն աչքի են ընկնում տարբեր կարծիքների, տեսակետների արտահայտմամբ։ Հեռուստաընկերությունը հյուրընկալում է բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ հեռուստադիտողին հնարավորություն ընձեռելով լսել բոլոր քաղաքական և հասարակական կազմակերպությունների տեսակետները քաղաքական իրադարձությունների, երկրի համար կարևոր նշանակության գործընթացների վերաբերյալ։

Տեխնիկական հնարավորությունները։ Ըստ ընկերության ներկայացրած տեխնիկական հեռուստատեսային համակարգչային հիմնական միջոցների ցանկի, վերջինս թեև համապատասխանում է ժամանակակից հեռուստատեսության պահանջներին և չափորոշիչներին,սակայն ցանկում առկա են մեծ քանակությամբ հին սերնդի հեռուստատեսային և համակարգչային հիմնական միջոցներ: Ըստ ներկայացրած ցանկի առկա են SVHS, BETACAM, BETACAM-SP, DVCAM ձևաչափի նախկին սերնդի հեռուստատեսային հիմնական միջոցներ:

Ըստ ընկերության ներկայացրած տեխնիկական հեռուստատեսային համակարգչային հիմնական միջոցների ցանկի, ընկերությունն ունի թվով 6 արտադրական տաղավարներ, որոնցից թվով 3-ը, այդ թվում լրատվական տեխնիկական համալիրը գտնվում են ընկերության հիմնական տարածքում:

Ընկերության ֆինանսական հոսքերը, համաձայն հայտի, գոյանում են գովազդի հեռարձակումից, սփյուռքի տարբեր կառույցների համար ֆիլմերի և հաղորդումների պատրաստման, ինչպես նաև 2022թ. ապրիլին գործարկված «Երկիր Հերիթեջ» կայքի բաժանորդային վճարներից։ Փաստաթղթում «Հաշվապահական հաշվեկշիռ» և «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն» ներկայացված չէ և հետևաբար Ընկերության յոթ տարվա հեռանկարում ծրագրավորվող ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ փորձագիտական կարծիք ներկայացնել հնարավոր չէ։ Առկա է միայն գործընկերական պայմանագիր «Համազգային հայ կրթական և մշակութային ներդրումային հիմնադրամի» հետ՝ 300,000 ԱՄՆ դոլար գումարով՝ ուսումնական ֆիլմեր և տեսանյութեր պատրաստելու համար։ Ընկերությունը փաստաթղթում ներկայացրել է, որ առկա են որոշակի կրեդիտորական պարտքեր, սակայն դրանց կառուցվածքի և թվային արտահայտության մասին տվյալներ ներկայացված չէ։

Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն։ Հայտի համաձայն ընկերությունն ունի 76 աշխատող, որոնցից 51-ն ունի բարձրագույն կրթություն։ Նոր հաստատված հաստիքացուցակով աշխատակազմը կավելանա մինչև 98 աշխատող։ Ներկայացված կազմակերպական կառուցվածքի համաձայն ընկերությունը բաղկացած է տեխնիկական, ստեղծագործական, լրատվական բաժիններից և ադմինիստրացիայից։ 2020 թվականից մինչ այսօր ստեղծագործական և լրատվական բաժինների թվակազմն աճել է ծրագրված 40%-ի փոխարեն համապատասխանաբար 43 %-ով և 75 %-ով։

Լրատվական, հասարակական-քաղաքական հաղորդումների բազմակարծության ապահովման համատեքստում իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ հանրային նշանակություն ունեցող բազմաթիվ իրադարձություններ՝ կապված երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների հետ, կամ ընդհանրապես չեն լուսաբանում լրատվական հաղորդումներում, կամ անդրադառնում են հեգնական եղանակով, բավականին միակողմանի, հիմնականում բացասական լույսի ներքո, ինչպես նաև մանիպուլյատիվ են ներկայացնում նորությունները։

Ընկերության ներկայացրած ծրագրի տեխնիկական և ֆինանսական բաղադրիչները թույլ են, արձանագրված են օրենսդրության և էթիկայի նորմերի խախտումներ: Հայերեն և սեփական արտադրության հաղորդումների քանակը բավականին ցածր է մյուս ընկերությունների համեմատ։ Խմբագրական քաղաքականությունը կայուն չի, հաճախ հեռուստաընկերությունը, անտեսելով հանրային շահը, հանդես է գալիս, որպես առանձին քաղաքական ուժի քարոզչական գործիք։ Այս և բազմաթիվ այլ գործոններ ինձ համար հիմք են հանդիսանում միջին գնահատել մրցույթին ներկայացված Ընկերության ծրագիրը։

 

6 «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերություն

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը («Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիր) նախկինում հանդիսացել է լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերություն, իսկ այժմ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիրը հեղինակազորված տեսալսողական մեդիածառայություն մատուցող է և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիրը վերահաղորդվում է գրեթե բոլոր ցանցային օպերատորների միջոցով՝ հիմնականում ապահովելով օրական 18-ժամյա հեռարձակում։

Ընկերության հիմնական նպատակն է՝ «պաշտպանել ու ամրապնդել խոսքի և մամուլի ազատությունը, ծառայել տեղեկատվություն ստանալու քաղաքացու իրավունքին, նպաստել ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքների ու արժեքների ամրապնդմանը, լրատվական, հասարակական-քաղաքական, գիտակրթական, սոցիալական, երիտասարդական, մշակութային, սպորտային և երաժշտական հաղորդումների, գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի միջոցով ապահովել բազմակարծությունը, խոսքի ազատությունը, տեղեկատվություն տարածելու և ստանալու հնարավորությունը, ինչպես նաև նպաստելու լսարանի գեղագիտական ճաշակի ձևավորմանը, համամարդկային արժեքներին հաղորդակից դարձնելուն»։

Սեփական արտադրության հաղորդումների վերաբերյալ ընկերությունը նշել է, որ դրանց ծավալը կազմելու է եթերի մոտ 85%-ը և ներկայացվել են սեփական արտադրության հաղորդումների նկարագրությունները։

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված գործող տեխնիկական միջոցների վերաբերյալ ցանկի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ընկերությունը նախատեսում է պահպանել ավանդական հեռուստաալիքի բոլոր չափանիշները՝ լրատվական ծառայության տեխնիկական համալիր, շարժական կայանի շահագործում, տաղավարային և արտատաղավարային նկարահանումներ, հեռուստատեսային արբանյակային կայանի շահագործում, եթերային սերվերային համակարգերի շահագործում:

Ընկերությունը 2018-2019թթ. իրականացրել է եթերային սերվերային տնտեսության մասնակի թարմացում՝ ձեռք բերելով նոր սերնդի սերվերային համակարգեր, տեսաազդանշանի ընդունիչ և հաղորդիչ սարքեր, տարբեր ձևաչափի փոխակերպիչներ, ուղիղ կապ ապահովող և արբանյակային ազդանշան ընդունող սարքեր։

Հայտի համաձայն ընկերությունը ֆինանսական հոսքերն ապահովելու է գովազդից, վճարովի եթերաժամանակի տրամադրումից, գործընկերությունից, հովանավորչությունից, վիճակախաղերի խաղարկությունների եթեր հեռարձակումից, ինչպես նաև ընկերության հիմնադրի կողմից պարբերաբար կատարվող ներդրումներից։ Ներկայացվել է տեղեկանք՝ ընկերության հիմնադրի կողմից կատարված ներդրումների մասին, գրություն՝ հիմնադրի ընտանիքի կողմից կատարված ներդրումների մասին և նշվել, որ այն շարունակական է լինելու, ներկայացվել է նաև գովազդից, վճարովի եթերաժամից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցների վերաբերյալ գրություն, փոխառության նախնական պայմանագրեր, հաշվապահական հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Ընկերությունը ներկայացրել է 102 աշխատակիցների ցուցակ։ Հանրային մուլտիպլեքսում (2011-2021թթ), իսկ այժմ կաբելային ցանցերում հեռարձակվելու ընթացքում իրականացված գործունեությունը թույլ է տալիս բարձր գնահատել աշխատակազմի մասնագիտական կարողություններն ու ձեռք բերված փորձառությունը։ Ընկերության աշխատակազմի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը ներառում է աշխատակիցների ցանկն ըստ կառուցվածքային ստորաբաժանումների և զբաղեցրած պաշտոնի, աշխատողների ինքնակենսագրականները, դիպլոմների պատճենները, պատվոգրեր, շնորհակալագրեր, վկայագրեր: Ներկայացված տեղեկատվության համաձայն աշխատողների մեծ մասն ունի բարձրագույն կրթություն և բազմամյա աշխատանքային մասնագիտական փորձ, նշվել է, որ նրանք կրթություն են ստանում, վերապատրաստվում և պրակտիկա են անցնում Հայաստանի և արտերկրի մասնագիտական տարբեր հաստատություններում։

Ըստ ներկայացված մրցութային հայտի՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագիրը նախատեսում է ապահովել բազմակարծություն, զարգացնել լսարանի գեղագիտական ճաշակը, նպաստել մատաղ սերնդի դաստիարակությանը, ինչպես նաև հասարակության համար անհրաժեշտ արժեհամակարգերի ձևավորմանը, բացառել փաստերի խեղաթյուրված ներկայացումը և այլն։ Հայտարարված նպատակի իրագործումը տեսնելու համար մշտադիտարկվել է եթերային բովանդակությունը, որը ցույց է տալիս, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի քաղաքական ուղղվածության հաղորդումները կրում են միակողմանի բնույթ, չեն ապահովվում առնվազն բազմակարծությունը:

Հասարակական-քաղաքական հաղորդումները կազմել են եթերի 1/4-ից ավելին, որի կազմում նաև «Հայելի ակումբ» հաղորդումը, որի վերաբերյալ հայտնի են Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև Դիտորդ մարմնի դիտարկումները դեռևս նախորդ մրցույթից և գնահատումներից։ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ այն «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ծրագրի արտադրանքը չէ և պաշտպանում են «Հայելի ակումբը» ցուցադրելու իրենց որոշումը՝ որպես բազմակարծություն ապահովելու միջոց։ Ես խորապես համոզված եմ, որ «Հայելի ակումբի» ցուցադրումը չի ձևավորում բազմակարծություն հեռուստադիտողների շրջանում, քանի որ այնտեղ հնչեցվում են միանման տեսակետներ, տարածում են ատելության խոսք, որը նաև չի նպաստում հասարակության համար անհրաժեշտ արժեհամակարգերի ձևավորմանը, ինչպես որ վկայակոչում են մեր գործընկերները։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի անդամ

Գ. ՄամիկոնՅԱՆ

 

01.12.2022 թ.

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի գնահատման

 

1. «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ

 

Ընկերությունն աննշան փոփոխություններով ներկայացրել է գրեթե նույն ծրագիրը, ինչ նախորդ անգամներին։ Մեխանիկորեն վերարտադրված են համարյա բոլոր դրույթները։

Ընկերության սարքավորումների քանակն ու որակը բավարար են հեռուստատեսային եթերի ժամանակակից պահանջներին համապատասխան հաղորդումներ պատրաստելու և հեռարձակելու համար, սակայն այստեղ իսկույն աչք է ծագում, որ դրանք տաս-տասնհինգ տարի առաջ ձեռք բերված սարքավորումներ են, իսկ վերջին երկու-երեք տարիների ընթացքում գրեթե փոփոխություններ չեն նկատվում, ինչը խոսում է հեռուստատեսային հաղորդումների ոչ պատշաճ արդիականացման ուշադրության մասին։ Տեսալսողական արտադրանքը նախ և առաջ պահանջում է տեխնիկական մոդուլյացիաների փոփոխություն, ինչն էլ երաշխավորում է հաղորդումների անմիջականությունը, տպավորչականությունը և եթերային պատկերի որակը։ Ընկերության ֆինանսական բաղադրիչը հիմնականում նույնպես վերաբերում է անցյալում արված ներդրումներին և չի ներառում արտոնագիր ստանալու դեպքում հիմնադիր ընկերության մտադրություններն ու ծրագրերը։ Ավելացրած, որ դրանք երբեմն փաստարկված չեն և արժանահավատություն չեն ներշնչում։ Դրանք նաև վավերացված չեն բանկային հաշվի քաղվածքներով և այլ հիմնավորումներով։ Անկարևոր չէ նաև այն, որ Ընկերության գործունեությունը հիմնականում իրականացվում է փոխառու միջոցների հաշվին։

Ընկերությունը խոստանում է ի հայտ բերել բազմակարծություն և իր հաղորդումների գերակայությունը ամրակայել ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքներով։ Այստեղ առանձնապես առատ են խոստումներն ու պարտավորությունները, որոնք, սակայն, դարձյալ հիմնավորված չեն կոնկրետ ծրագրային դրույթներով։ Այս հատվածը, հետևաբար, չափազանց վերացական է և հավատ չի ներշնչում, մանավանդ, եթե հաշվի առնենք Ընկերության մի շարք հաղորդումների միակողմանի բնույթը, թշնամանքի և գռեհկաբանության լեզուն, հայհոյական նախատրամադրվածությունը, անհանդուրժողականությունը քաղաքական և սոցիալական այլակարծիք խմբերի նկատմամբ, որոնք, փաստորեն, ապատեղեկացնում են մեր հանրությանը և մեր բնակարանները լցնում անվայելուչ խոսքով և արտահայտություններով։ Ընդհանրապես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ «Հ2» հեռուստաընկերությունը քաղաքական իմաստով աչքի է ընկնում իր վերաբերմունքների և վերլուծությունների նեղմտությամբ։

Հեռուստաընկերությունը իր ծրագրերում ներկայացրել է, որ ապահովելու է իր հաղորդումների հարյուր տոկոսանոց հայերեն լինելը։ Սակայն, իհարկե, դա այդպես չէ։

Հեռուստաընկերությունը չի կարողանում ապահովել քսանչորսժամյա եթեր։

Արագորեն փոփոխվող քաղաքական, հասարակական, մշակութային և այլ իրողությունների համայնապատկերում «Հ 2» հեռուստաընկերությունը համառորեն մնում է տարիներ շարունակ որդեգրած իր ոճի մեջ․ ոչինչ ցույց չի տալիս, որ այն նոր իրողությունների մեջ ձգտում է նոր լեզու գտնել․ նույն էթիկան, նույն տենդենցիոզությունը։

Այս ամենը ինձ առիթ են տալիս բարձր չգնահատել «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ ծրագիրը, որը ներկայացված է մրցույթին։

 

2. «Արմենիա թի-վի» ՓԲԸ

 

Հիշյալ հեռուստաընկերությունը մեր առաջատար հեռուստաընկերություններից է։ Այն ունի բարձր դիտելիություն և աչքի է ընկնում իր հավասարակշռված ու որակալ հաղորդումներով։

Տեխնիկական միջոցները և սարքավորումները միանգամայն համապատասխանում են ժամանակակից հեռուստատեսության պահանջներին և չափորոշիչներին։ Դրանք ունակ են ապահովել հեռուստատեսային ազդանշանի հեռարձակում և հեռուստաընկերության անխափան աշխատանք։ Հեռուստաընկերության տասը արտադրական եթերային տաղավարները բավական են արդի տեխնիկական պահանջները բավարարելու համար՝ իրենց թե ձայնային, թե լուսային, թե համակարգչային տեխնիկական միջոցներով։ Նոր սերնդի էնկոդերների կիրառումը այս հեռուստաընկերության եթերը դարձնում է չափազանց տարողունակ և ճկուն։

«Արմենիա թի-վի» ՓԲԸ-ն իր տեխնիկական հագեցվածությամբ և հնարավորություններով առաջատար է։

Ընկերությունը տիրապետում է բավականին կայուն և հուսալի ֆինանսական վիճակի, ինչը թույլ է տալիս պատրաստել և հեռարձակել բազմազան հաղորդումներ։

Ընկերությունը քաղաքական բնույթի հաղորդումների կողքին գերադասում է իր եթերի մեծ մասը տրամադրել ժամանցային հաղորդումներին, սերիալներին։ Իր հայտում Ընկերությունը նշել է, որ երաշխավորում է խոսքի ազատության պաշտպանությունը, ինչը, ինչպես ցույց են տալիս մեր մշտադիտարկումները, դատարկ խոստում չէ։ Մի շարք հանրօգուտ նախագծեր հավաստում են, որ Ընկերության գիտակրթական, մշակութային հաղորդումների բովանդակությունը միանգամայն համահունչ է մեր ժամանակին և նրա խնդիրներին։

Ընկերությունը իր հաղորդումները ամբողջությամբ հեռարձակում է հայերենով։ Սրան ավելացնենք, որ Ընկերության հաղորդումների առյուծի բաժինը սեփական հաղորդումներն են։

Ընկերությունը իր հեռուստածրագրերը պատշաճ մակարդակով ներկայացնում է նաև համացանցում և սոցիալական հարթակներում։

Այս ամենը ինձ առիթ են տալիս բարձր գնահատել «Արմենիա թի-վի» ՓԲԸ ծրագիրը, որը ներկայացված է մրցույթին։

 

3. «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ

 

«Մուլտի մեդիա-կենտրոն թի-վի» ՓԲԸ հագեցված է տեխնիկական արդիական միջոցներով։ Այն ունի դիտելիության միջին ուղղվածություն։ Ընկերության ծրագրի ուսումնասիրությունը առիթ է տալիս եզրակացնելու, որ հիշյալ Ընկերությունը իր տեխնիկական միջոցներով և սարքավորումներով համապատասխանում է ժամանակակից հեռուստատեսության պահանջներին և չափորոշիչներին և ի զորու է իրագործել բովանդակալից գործունեություն։ Այն ունի շարժական հեռուստակայան և ստացիոնար արբանյակային կայան, արխիվային սարքասրահ։

Ֆինանսական տեսակետից Ընկերությունն ի վիճակի է հոգալ իր ընթացիկ ծախսերը, իսկ մի շարք երկարաժամկետ պայմանագրեր կարող են ապահովել ֆինանսական ներհոսքերի մի մասը։ Դժվար է ասել, թե որքանով է իրական յոթ տարվա ընթացքում ավելի քան 3,5 ԱՄՆ միլիոն դոլարին համարժեք դրամ ներդնելու խոստումը, սակայն մի բան հաստատ է, որ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու իր ողջ ժամանակահատվածում Ընկերությունը ֆինանսական ռեսուրսների պակաս չի ունեցել։

Ընկերությունը խոստանում է իր հաղորդումների գերակայությունը տալ բազմակարծությունը խթանելուն, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքները ներկայացնելուն և ամրապնդելուն։

Ընկերությունը ծրագրում է նպաստել ազգային մշակույթի պահպանմանն ու տարածմանը, բազմակարծությանը, իր հաղորդումներում բացառել խեղաթյուրումներն ու գռեհկաբանությունները։

Ընկերությունը լսողական խնդիրներ ունեցող հեռուստադիտողների համար ապահովում է ժեստերի լեզվով թարգմանությունը և այս ասպարեզում առաջատար է։

Ուրախալի է հայերեն հաղորդումների գերակայությունը։ Գնալով գերակշռում են սեփական արտադրության հաղորդումները։

Ընկերության հաղորդումները հասանելի են համացանցում և սոցիալական հարթակներում։

Այս ամենը ինձ առիթ են տալիս միջինից բարձր գնահատել «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ-ի ծրագիրը, որը ներկայացված է մրցույթին։

 

4. «Ա- թիվի» ՍՊԸ

 

«Ա թի-վի» ՍՊԸ մեր առաջատար հեռուստաընկերություններից է, այն ունի դիտելիության բավականին բարձր մակարդակ։ «Ա թի-վի» ՍՊԸ հագեցված է արդիական տեխնիկական միջոցներով։ Այս հեռուստաընկերությունը գերադասում է ժամանցային հաղորդումները և սերիալները։ Ընկերության տեխնիկական միջոցներն ու սարքավորումները արդիական են։ Հեռուստաընկերությունն ունի հինգ տաղավար, որոնց սպասարկում են երեք տեխնիկական սարքասրահներ, որոնք իրենց հերթին հագեցած են հեռուստատեսային համակարգչային հիմնական միջոցներով։

Ընկերության ֆինանսական բաղադրիչը ներկայացված է մուտքերով և ելքերով։ Հիմնական եկամուտները ձևավորվել են գովազդային հեռարձակումներից և տեխնիկայի վարձակալությունից։ Այս և ծրագրում ներկայացված ֆինանսական այլ բաղադրիչներ հուշում են, որ Ընկերության ֆինանսական վիճակը կայուն է և բավարար է բազմազան հաղորդումներ պատրաստելու և հեռարձակելու համար։

Բազմակարծություն, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային արժեքներ՝ ահա հեռուստաընկերության հաղորդումների գերակա նպատակը։

Այս հեռուստաընկերությունը նույնպես նվազագույնի է հասցրել քաղաքական հաղորդումների քանակը՝ առաջնություն տալով ժամանցային հաղորդումներին։ Նախատեսվում է եթերում ավելացնել մշակութային և երաժշտական նախագծերը, գիտական-կրթական ձևաչափերը։

Կարևոր է, որ Ընկերությունը ստեղծել է աշխատանքային ցանց մարզային հեռուստաընկերությունների հետ։ Այն գրեթե բոլոր մարզերում թղթակիցներ ունի։

Ցանկալի կլինի, որ Ընկերությունը մեծացնի իր հանրօգուտ հաղորդումների տեսակարար կշիռը։

«Ա թի-վի»-ի ծրագրում հայերեն հաղորդումները գերակշռում են՝ երբեմն հասնելով գրեթե հարյուր տոկոսի։ Գերակշռում են նաև սեփական արտադրության հաղորդումները։

Այս ամենը ինձ առիթ են տալիս միջինից բարձր գնահատել «Ա թի-վի» ՍՊԸ ծրագիրը, որը ներկայացված է մրցույթին։

 

5. «Հուսաբեր» ՓԲԸ

 

«Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր Մեդիա,, հեռուստաընկերությունը) եթերում է 2011 թվականից։ Իր հաղորդումներում առաջնությունը տալիս է հասարակական-քաղաքական քարոզչական ծրագրերին։ Տեխնիկական միջոցներն ու սարքավորումները հազիվ թե համապատասխանեն ժամանակակից հեռուստատեսության պահանջներին և չափորոշիչներին, իսկ նոր սերնդի համակարգերի ձեռքբերման մասին պարզապես խոսք չկա։

Ընկերության ֆինանսական բաղադրիչից երևում է, որ առկա են որոշակի կրեդիտորական պարտքեր։

Ընկերությունն իր հայտում նշում է, որ խթանում է բազմակարծությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային արժեքների տարածումը։

Ընկերության լրատվական թողարկումների մեջ զգալի մաս է կազմում սփյուռքում ընթացող գործընթացների անդրադարձը։ Ուրախալի է, որ Ընկերությունը համագործակցում է սփյուռքում գործող մի շարք հեռուստաընկերությունների հետ։ Սփյուռքի շատ կենտրոններում Ընկերությունն ունի իր թղթակցական կետերը։

Որակապես նոր և տարբերակված հաղորդումներ պատրաստելու և հեռարձակելու Ընկերության սկզբունքը, ցավոք, գործնականում միշտ չէ, որ պահպանվում է։ Երբեմն աչքի է զարնում միակուսակցական մոտեցումը։ Հաճախ Ընկերությունն իր եթերում տեղ է տալիս ատելության խոսքին։ Ցածր են սեփական արտադրության հաղորդումների ցուցանիշները։

Այս ամենը ինձ առիթ են տալիս միջին գնահատական տալ «Հուսաբեր» ՓԲԸ ծրագիրը, որը ներկայացված է մրցույթին։

 

6. «Շանթ» ՍՊԸ

 

«Շանթ» ՍՊ Ընկերության /«Շանթ» ծրագիր/ հայտը ներկայացնում է հեռուստաընկերության ծրագրային քաղաքականությունը, որի կենտրոնում հայկական ազգային արժեքներն ու որակները պրոպագանդելն է։ Դրանք համեմված են կրթական, ճանաչողական, դաստիարակչական բաղադրիչներով։ Հեռուստաընկերությունը նախատեսում է իր հաղորդումների որակը բարձրացնել զարգացած երկրների ստանդարտներին։ Այդ նպատակով նախատեսվում է արդիականացնել տեխնիկական հնարավորությունները։

«Շանթ» հեռուստաընկերությունը վերոնշյալ նպատակի համար ապահովում է բազմակարծության մի մակարդակ, որը ի վիճակի կլինի ներառել մեր հասարակության բոլոր շերտերի սկզբունքները։

Ըստ իր ներկայացրած տեղեկատվության՝ հայերեն հաղորդումները, ինչպես նաև սեփական արտադրության հաղորդումների ծավալը կազմում է գրեթե հարյուր տոկոս։ Օբյեկտիվությունը մեզ մղում է ասելու, որ «Շանթ»-ի լեզուն մեր մեդիադաշտում լավագույններից է։

Ֆինանսական հնարավորությունները ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Ընկերության եկամուտների մոտ իննսուն տոկոսը կազմում է գովազդային տարբեր ծառայությունների իրացումից ստացվող եկամուտները։ Սա մի կողմից ապահովում է նրա ֆինանսական ինքնաբավությունը, մյուս կողմից հղի է այն վտանգով, որ գովազդային պատվերների դադարեցման դեպքում ընկերությունը կարող է կանգնել խնդիրների առջև։

Աշխատակազմի տվյալները հավաստում են, որ մենք գործ ունենք երկարամյա փորձառության աշխատակիցների հետ։

Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների դավանություն՝ ահա Շանթ հեռուստաընկերության ծրագրերի հիմնական մեխը։ Այս սկզբունքը պայմանավորում է նաև հեռուստաընկերության երաժշտական քաղաքականության հաջողվածությունը։

Այս ամենը ինձ առիթ են տալիս բարձր գնահատական տալ «Շանթ» ՍՊԸ ծրագրին, որը ներկայացված է մրցույթին։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի անդամ

Հ. Հակոբյան (Հակոբ Մովսես)

 

01.12.2022 թ.

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի գնահատման

 

«Արմենիա Թի-Վի» ՓԲԸ

 

Ըստ ընկերության ներկայացրած փաստաթղթերի, ընկերությունը հագեցած է ժամանակակից բարձր որակի տեխնիկայով, նոր սերնդի սարքավորումներով, որոնք ապահովում են անխափան եթեր, ՀՀ ցանկացած տարածքից ուղիղ եթերի հնարավորություն։ Ընկերությունը իր հեռուստաազդանշանը կարող է սփռել Եվրոպայում, Ռուսաստանում, Միջին Ասիայում, Արաբական Թերակղզում և հյուսիսային Աֆրիկայում 3 տարբեր արբանյակների միջոցով: Ընկերությունն ունի 10 արտադրական եթերային տաղավարներ, որոնք հագեցած են ժամանակակից բարձր որակի տեսախցիկներով, ձայնային և լուսային սարքավորումներով։ Ընկերության լրատվական ծառայության եթերային տաղավարը նույնպես բավական բարձր որակի նոր սերնդի տեխնիկական հագեցվածություն ունի, որը ապահովում է դինամիկ տեսապատկեր։ Հեռուստաընկերության էներգահամակարգը սնուցվում է 2 տարբեր կայաններից և սեփական դիզելային գեներատորից, որոնք հնարավորություն են տալիս անխափան եթերի՝ ցանկացած վթարի դեպքում։ Ընկերությունը իր ամբողջ հեռուստաարտադրանքը պատրաստվում է անցկացնել 4k ձևաչափի։ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ –ն իր տեխնիկական հագեցվածությամբ առաջատար է։

Ըստ Ընկերության ներկայացրած ֆինանսական փաստաթղթերի և Հանձնաժողովի մասնագիտական վերլուծության, Ընկերության եկամուտները թույլ են տալիս վճարելու Ընկերության գործունեության ընթացիկ ծախսերը։ Ներկայացվել են բազմաթիվ պայմանագրեր և հարկային հաշիվներ: Ներկայացված փաստաթղթերի վերլուծության հիման վրա, կարելի է ասել, որ Ընկերության ֆինանսական ցուցանիշները ունեն բարձր կայունություն և կարող են ապահովել որակյալ և բազմազան հեռուստաարտադրանք և Ընկերության հետագա զարգացում։

Ըստ մշտադիտարկման արդյունքների «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ –ն հավատարիմ է իր պարտավորություններին՝ խթանել բազմակարծությունը, հանրահռչակել ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքները։ Հատկանշական է Ընկերության «Հայաստանի վարպետը» համազգային հեռուստաշոուն, «Հայ երգիչ» երաժշտական մեգանախագիծը, «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրը, Koreez համադպրոցական կրթական մրցույթն ու շոու-մրցանակաբաշխությունը։ Ընկերության սեփական արտադրության հաղորդումների ծավալը կազմում է հայերեն հաղորդումների ծավալի 85%-ը։ Մշտադիտարկման տվյալներով Ընկերության Հայերեն հաղորդումները կազմում են 100 տոկոս։

 

«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ

 

Ընկերության կողմից ներկայացված տեխնիկական միջոցների և սարքավորումների ցանկը և քանակը, որոնք ընկերության կողմից ձեռք է բերվել տարիներ առաջ, բավարար են հաղորդումներ պատրաստելու և անխափան եթեր ապահովելու համար: Տեղեկանքների մեջ չենք տեսնում սարքավորումները արդիականացնելու մասին բավարար փաստաթղթեր:

Ընկերությունը իր հաղորդումներում և հեռարձակվող հաղորդումներում չի ապահովում բազմակարծություն: Հաղորդումների քաղաքական վերլուծությունները միակողմանի են, շատ կոնկրետ քաղաքական ուղղվածության։ Հեռարձակվող հաղորդումներում կա ատելության խոսք, հայհոյանք, բռնության կոչեր, մանիպուլյատիվ հնարքներ, որոնք բազմաթիվ անգամ մատնանշվել են թե՛ հանրության կողմից, թե՛ Դիտորդ մարմնի կողմից և թե հանձնաժողովի կողմից: Հատկանշական է, որ Ընկերությունը չի խորշում նույնիսկ մարդկանց դժբախտությունը օգտագործել և քաղաքական մանիպուլյատիվ պիտակ տալ։ Որպես օրինակ, մեջբերեմ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագիրը՝ 14․11․2022թ. ժամը 20։00-ի լրատվական թողարկման անոնսում Պեմզաշենի ողբերգական սպանությանն անդրադառնալիս նշում է՝ «Ի՞նչ է արել Պեմզաշենի հրեշավոր արարքի ՔՊ-ական հեղինակը 12-ամյա երեխայի հետ», սակայն բուն նյութում որևէ հիշատակում չկա ձերբակալվածի քաղաքական պատկանելիության մասով։

Ընկերությունը հայերեն հաղորդումների վերաբերյալ նշել է, որ դրանք գերակայելու են եթերում և դրանց ծավալը հասցվել է 100%-ի, սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ Մշտադիտարկման արդյունքները այլ են և արձանագրված են ռուսերենով հաղորդումներ և ռեպորտաժներ։

Ընկերության հիմնական ֆինանսական հոսքերը ձևավորվում են հիմնադրի կողմից: Ներկայացված ֆինանսական տեղեկանքներում տեսանելի չէ ընկերության տեխնիկական վերազինման միջոցները, հետագա զարգացման հեռանկարները: Ըստ փորձագիտական գնահատականի Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը ունի ցածր կայունություն։

 

«Ա–թիվի» ՍՊԸ

 

Ընկերությունը ժամանցային թեմատիկ ուղղվածության հեռուստաընկերություն է, որը նախանշել է հեռանկարում զարգացնել ֆիլմերի, սիթքոմների և սերիալների արտադրությունը։ Ունի բավական լայն լսարան։

Ընկերությունն ունի 5 տաղավար, որոնք հագեցած են վերջին սերնդի համակարգերով, տեսախցիկներով, ձայնային և լուսային ժամանակակից սարքավորումներով։ Տաղավարներից մեկն ունի վիրտուալ հավաքակցման հնարավորություն, կանաչ և սպիտակ գույների համադրման միջոցով, որը ֆիլմերի և սերիալների ստեղծագործական խմբերին տալիս է լայն հնարավորություն իրենց պատկերացումները իրականացնելու համար։ Հեռուստաընկերությունը հագեցած է նաև անխափան եթեր ապահովելու համար ժամանակակից սնուցման միջոցներով։

Ըստ մասնագիտական վերլուծության, Ընկերության ֆինանսական ցուցանիշները գնահատվում են որպես միջինից բարձր կայունություն ունեցող։ Ներկայացվել են բազմաթիվ պայմանագրեր և հարկային հաշիվներ, որոնք վկայում են, որ Ընկերության եկամուտները թույլ են տալիս վճարելու Ընկերության գործունեության ընթացիկ ծախսերը և ապահովել կայուն զարգացում։

Ինչպես նշել էի, հեռուստաընկերության զարգացման թիրախային ուղղություններն են ֆիլմերի, սիթքոմների և սերիալների արտադրությունը։ Ընկերությունը իր քաղաքական բովանդակությունը նվազեցրել է։ Էթիկայի խախտումներ Ընկերությունը չունի։ Հատկանշական է, որ Ընկերությունը կարևորում է մարզային իր ներկայությունը և տարբեր շրջաններում ունի համագործակցային ցանցեր, ունի թղթակիցներ բոլոր մարզերում։ Ընկերության ծրագրում հայերեն հաղորդումները կազմում 100 տոկոս, իսկ սեփական հաղորդումները՝ 73 տոկոս։

 

«Հուսաբեր» ՓԲԸ

 

«Հուսաբեր» ՓԲԸ–ի («Երկիր Մեդիա» հեռուստածրագիր) տեխնիկական միջոցները թեև հնարավորություն տալիս են ապահովել եթեր, սակայն չեն համապատասխանում ժամանակակից հեռուստատեսության չափանիշներին և նորմերին։ Ըստ Ընկերության ներկայացրած տեխնիկական ցանկի առկա են մեծ քանակությամբ հին սերնդի հեռուստատեսային և համակարգչային հիմնական միջոցներ։ Ներկայացված տեսախցիկները կամ հին են (BETACAM-SP, DVCAM) կամ շատ հին (SVHS, BETACAM)։ Ընկերությունը չի նշում թե երբ և ինչպես է արդիականացնելու իր տեխնիկական հնարավորությունները, համապատասխանելու համար ժամանակակից հեռուստաընկերության պահանջներին։ Հեռուստաընկերությունը ունի 6 արտադրական տաղավարներ, որոնցից միայն 3-ը, այդ թվում լրատվական տեխնիկական համալիրը, գտնվում են ընկերության հիմնական տարածքում: Ներկայացված է, որ դեռ շահագործման մեջ են գտնվում 14, 17, 19 դույմի հին սերնդի համակարգչային տեսահսկման սարքեր:

Ընկերությունը իր ֆինանսական փաստաթղթերում նշել է, որ ունի կրեդիտորական պարտքեր, առանց պարզաբանումների։ Ընկերությունը նշել է, որ ունի գործընկերական պայմանագիր «Համազգային հայ կրթական և մշակութային ներդրումային հիմնադրամի» հետ՝ 300,000 ԱՄՆ դոլար գումարով՝ ուսումնական ֆիլմեր և տեսանյութեր պատրաստելու համար, սակայն ֆինանսական միջոցների ստացման ժամանակացույցը բացակայում է։ Ներկայացված փաստաթղթի հիման վրա մասնագիտական վերլուծությունը գնահատում է Ընկերության ֆինանսական ցուցանիշները որպես ցածր կայունություն ունեցող։

Ընկերությունը սերտ համագործակցում է սփյուռքում գտնվող հեռուստաընկերությունների հետ, փոխանակում տեսալսողական նյութեր, արտերկրում ունի թղթակիցներ։ Բազմակարծության առումով Ընկերությունն ունի խնդիրներ։ Հասարակական քաղաքական լարված պահերին հստակ տեսանելի է Ընկերության քաղաքական ուղղվածությունը։ Լուրերը, մեկնաբանությունները և տեսակետները միակողմանի են, եթերում առկա են հայհոյանք, ատելության խոսք, հեգնանք հակառակ տեսակետի նկատմամբ, կարևոր իրադարձությունների անտեսում, եթե ի շահ հակառակ քաղաքական դաշտի են։ «Երկիր-մեդիա»-ի հանդեպ իրականացվել է 6 վարչական վարույթ տարբեր իրավախախտումների հետևանքով։

«Երկիր-մեդիա» ընկերությունը նշում է, որ ջատագով է հայերենի, հայապահպանության, ազգային արժեքների հանրայնացման, սակայն իր եթերը հայերեն է միայն 80 տոկոսով, որն ամենացածրն է հեռուստադաշտում։

 

«Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ

 

Ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, ի վիճակի է ստեղծել և ապահովել նոր սերնդի որակյալ տեսալսողական պատկեր, ապահովել անխափան եթեր, ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում։ Հեռուստաընկերության էներգահամակարգն ունի 2 տարբեր ուղղություններից էներգասնուցում, բոլոր սերվերային, տեխնիկական, եթերային սենյակները համալրված են ONLINE-SMART անխափան սնուցման սարքերով։ Հեռուստաընկերությունը համալրված է շարժական հեռուստակայանով, ունի նաև շարժական OB-BOX ուղիղ Life-stream ապահովելու համար: Ըստ ընկերության ներկայացրած տեխնիկական հեռուստատեսային համակարգչային հիմնական միջոցների ցանկի, շարժական հեռուստատեսային կայանում տեղադրված է նաև արբանյակային հեռարձակման համակարգ։ Ընկերությունը ունի արխիվացման սարքասրահ, որն օգտագործվում է հին ձևաչափերի կոնտենտը վերամշակելու և արդիականացնելու համար:

«Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲ ընկերության ներկայացրած ֆինանսական տեղեկանքների մասնագիտական վերլուծությունը նշում է, որ Ընկերությունը ներկայացրել է տեղեկանք-հայտարարություն՝ ստորագրված Սեդրակ Գարիկի Առուստամյանի կողմից այն մասին, որ նա հավաստիացնում է, որ յոթ տարվա ընթացքում ներդնելու է 3,640,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, սակայն առկա չէ որևէ հիմնավորում՝ այդ դրամական միջոցների առկայությունը հաստատելու վերաբերյալ, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման ժամանակացույցը բացակայում է, որը հնարավորություն չի ստեղծում կարծիք ներկայացնելու Ընկերության ֆինանսական վիճակի վերաբերյալ։ Ներկայացված փաստաթղթի հիման վրա Ընկերության ֆինանսական ցուցանիշները գնահատվում են որպես ցածր կայունություն ունեցող ցուցանիշներ։

Ընկերությունը նշել է, որ իր սկզբունքներն են՝ նպաստել ազգային մշակույթի պահպանմանն ու տարածմանը, խթանել հասարակության հոգևոր վերելքը, հաշվի առնել բազմակարծությունը՝ յուրաքանչյուր քաղաքացու ազատ արտահայտման և հասարակության լիարժեք տեղեկացվածության իրավունքի ապահովման համատեքստում, բացառել փաստերի խեղաթյուրված ներկայացումն ու աղավաղված մեկնաբանությունը, զրպարտությունը, բացառել գռեհկաբանություններ, ցածրաճաշակ ու անպարկեշտ տեսարաններ պարունակող հաղորդումների հեռարձակումը։ Նշեմ, որ տեսանելի է ընկերության ջանքերը՝ խթանել բազմակարծությունը, քաղաքական մեկնաբանություններում՝ անաչառությունը։

Ընկերությունը նշել է, որ իր համար գերխնդիր է իր եթերը ամբողջությամբ ներկայացնել հայերեն։ Ըստ մշտադիտարկման արդյունքների, Ընկերությունը ապահովում է հայերենով իր եթերի 91 տոկոսը։ Սեփական արտադրության հաղորդումները հոկտեմբեր ամսին կազմել են 66 տոկոս։

 

«Շանթ» ՍՊԸ

 

Ընկերության տեխնիկական միջոցները համապատասխան են ժամանակակից հեռուստաընկերության բոլոր չափանիշներին։ Հեռուստաընկերության տաղավարները, լրատվական, տեխնիկական սերվերային համակարգերը սնուցվում են այնպիսի սարքերով, որոնք ապահովում են իրականացնել անխափան եթեր։ Հեռուստահաղորդումները, սերիալները, սիթքոմները նկարահանվում են ժամանակակից բարձրակարգ ֆոտոխցիկներով, որոնք ապահովում են նոր սերնդի չափանիշներին համապատասխանող բարձր որակ։ Ընկերության համակարգիչները հնարավորություն են տալիս աշխատել տարբեր ձևաչափերի հեռուստատեսային ազդանշանների հետ:

Ընկերության ներկայացրած ֆինանսական փաստաթղթերը և մասնագիտական վերլուծությունը ցույց են տալիս, որ Ընկերությունը 2007 թվականից սկսած ներգրավել է 11,870,000 ԱՄՆ դոլար վարկային միջոցներ։ Ենթադրվում է, որ ներգրաված միջոցների մի մասը Ընկերությունը վերադարձրել է, սակայն Ընկերության վարկային պարտավորությունները ժամանակին մարելու կամ վճարելու ցուցանիշները ռիսկային են գնահատվում։ Ընկերությունն ունի 177 միլիոն դրամ կրեդիտորական պարտք Հայաստանի ռադիոհաղորդիչ ցանցին։ Ընկերությունը ներկայացրել է նաև փաստաթուղթ, որում ասվում է, որ Ընկերությունը 19000 քմ տարածք տրամադրում է բազմաբնակարան շինարարության նպատակով, սակայն գործընթացը հեռուստաընկերության հիմնական գործունեության հետ առնչություն չունի, չկան կանխատեսումներ, թե այդ ծրագրի իրականացումից ստացվելիք գումարներից ինչպիսի միջոցներ են տրամադրվելու հեռուստաընկերությանը։

Ընկերությունը իր նպատակներում նախանշում է առավելագույնս մասսայականացնել հայկական ազգային բոլոր առանձնահատկություններն ու գծերը, արժեքներն ու որակները։ Ընկերությունը նշում է, որ իր գործունեության ընթացքում փորձել է արտադրած գրեթե բոլոր հաղորդումներում համատեղել կոմերցիոն հաջողությունն ու հայրենասիրական, մարդասիրական, ազգանպաստ, սոցիալական, կրթական և դաստիարակչական գաղափարներ քարոզելը։ Նախագծերից առավել աչքի ընկածներն են՝ «Ժողովրդական երգիչ», «Դուդուկի նոր ընտրյալները», «Ժողովրդական պարեր», «Սահմանին», «Աշխարհի հայերը», Գյումրիում «Թումո» կենտրոնի հիմնադրման մարաթոն, «Թղթե երազանք», «Անավարտ երազ», «Հատուկ դասարան»։ Ընկերությունը ունի մեծ ներգրավվածություն համացանցում, սոցիալական ցանցերում, ունի ամենամեծ լսարանը բոլոր հեռուստաընկերությունների համեմատ։ Իր ծրագրում, Ընկերությունը պատրաստվում է ընդլայնել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Վերջին տարիների ընթացքում Ընկերությունը կատարել է մեծ ծավալի ներդրումներ՝ հիմնելով Shant Digital TV հարթակը։ Հատուկ այս հարթակի համար ստեղծվել են պրեմիում դասի ալիքները՝ Shant Premium, Shant Kids, Shant Series, Shant Music, Shant Comedy, Shant Film։ Նախատեսվում է վերը նշված պրեմիում ալիքներից մի քանիսի համար ստեղծել արևմտահայերենով տարբերակներ։ Shant Digital TV հարթակի վրա ստեղծել միջազգային բաժին, որտեղ մինչև 6 լեզուներով թարգմանված «Շանթ» ծրագրի կոնտենտը, որը հասանելի կլինի որպես «ցպահանջ տեսանյութ» (Video On Demand VOD)՝ ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն լեզուներով։ Սա լավ հնարավորություն է արտերկրում ապրող մեր հայրենակիցներին ծանոթանալ հայկական հեռուստաարտադրությանը։ Մշտադիտարկման տեղեկանքները չեն արձանագրել էթիկայի խախտումներ, ընկերությունը ապահովում է բազմակարծություն, եթերը զերծ է հայհոյանքներից և գռեհկաբանություններից։

Ընկերության հայերեն հաղորդումների ծավալը կազմում է 100 տոկոս։ Սեփական արտադրության հաղորդումների ծավալը նույնպես գրեթե 100 տոկոս է։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի անդամ

Ա. ՄանուկՅԱՆ

 

01.12.2022 թ.