ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27276/02/19 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27276/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա. Բարսեղյան | |
Ս. Անտոնյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2022 թվականի ապրիլի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձված անձ «Թեղուտ ինվենստմենտս լիմիթեդ» ՓԲԸ-ի (նաև՝ «Թիլ» ընկերություն) (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ ըստ հայցի «Վալլեքս Էֆ.Էմ.Էստ.» ՍՊԸ-ի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի, «Վալլեքս Էֆ.Էմ.Էստ.» ՍՊԸ-ի և «Թեղուտ» ՓԲԸ-ի միջև 16.01.2012 թվականին կնքված թիվ «201 Օ» երաշխավորության պայմանագրով սահմանված երաշխավորությունը դադարած համարելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` «Վալլեքս Էֆ.Էմ.Էստ.» ՍՊԸ-ն պահանջել է դադարած համարել իր, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի և «Թեղուտ» ՓԲԸ-ի միջև 16.01.2012 թվականին կնքված թիվ «201 Օ» երաշխավորության պայմանագրով սահմանված երաշխավորությունը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ՝ Դատարան) 05.05.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան, դատավորներ՝ Ս. Թորոսյան, Դ. Սերոբյան) 02.10.2020 թվականի որոշմամբ «Թեղուտ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 05.05.2020 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.03.2021 թվականի որոշմամբ «Թեղուտ» ՓԲԸ-ի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.06.2021 թվականի որոշմամբ Ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է և տրամադրվել է ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Ընկերությունը (ներկայացուցիչ Զարուհի Մկրտչյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կիպրոսի ռեզիդենտ Ընկերության կողմից Զ. Մկրտչյանին տրվել է անգլերեն և հայերեն լեզվով լիազորագիր, որը հաստատվել է ապոստիլով՝ փաստաթղթի իսկությունը հավաստելու և լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու նպատակով: Նկատի ունենալով, որ ապոստիլի բովանդակությունը եղել է անգլերեն լեզվով, այն թարգմանվել է անգլերենից հայերեն՝ դատարանին ներկայացնելով նոտարական կարգով վավերացված թարգմանությունը:
Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որով ոչ միայն սահմանափակվել են Ընկերության արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքները, այլ նաև՝ խաթարվել է դատավարության լեզվի սկզբունքը, քանի որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օտար լեզվով փաստաթուղթը չէր կարող առանց թարգմանության ներկայացվել դատարանին։ Հետևաբար այն ներկայացվել է պատշաճ ձևով՝ նոտարական բնօրինակ թարգմանությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանն առերևույթ թույլ է տվել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի խախտում, որը ստորև ներկայացված պատճառաբանություններով, սակայն, չի հաստատվում:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ներկայացուցչի լիազորությունները հավաստող ապացույցի բնօրինակի տեսքով ներկայացնելու անհրաժեշտությանը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կայուն դատական պրակտիկայի համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետևյալ իրավական նորմերին: Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են` փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված փաստաթղթերի բնօրինակները դատարանի ստուգելուց հետո կարող են վերադարձվել այն ներկայացրած անձին՝ դատարանի հաստատած պատճենները կցելով գործի նյութերին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (…)։ Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: (…) (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը կարևորելով դատավարական ներկայացուցչությունը, որպես դատական պաշտպանության արդյունավետ միջոց, սահմանել է վերաքննիչ բողոքին պարտադիր կցել ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը (լիազորագիրը), եթե վերաքննիչ բողոքը բերվել է (ստորագրվել է) ներկայացուցչի կողմից: Ընդ որում նշված կանոնը կիրառելի է միայն այն դեպքում, եթե գործում բացակայում է լիազորագիրը: Այլ կերպ ասած, վերաքննիչ բողոք բերած անձն այն դեպքում է կրում պարտականություն վերաքննիչ բողոքին կցելու ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը, եթե վերաքննիչ բողոքը ստորագրվել է ներկայացուցչի կողմից և այն առկա չէ գործում: Նշված կանոնի սահմանումը պայմանավորված է նաև դատական ակտը բողոքարկելու ներկայացուցչի լիազորության առկայության ստուգմամբ, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, ըստ որի դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը (տե՛ս, ըստ դիմումի Երևան համայնքի՝ Արեգ Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԴ/0790/04/18 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.04.2021 թվականի որոշումը):
Կարևորելով դատավարական ներկայացուցչության ինստիտուտի դերը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրն ընդգծել է ներկայացուցչի լիազորությունները հավաստող ապացույցի՝ լիազորագրի բնօրինակով ներկայացնելու հանգամանքը: Ի հիմնավորումն նշվածի Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վկայակոչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, ըստ որի օրենսդիրը հնարավորություն է տվել ներկայացուցչի լիազորությունները հավաստող ապացույցի բնօրինակները վերադարձնել այն ներկայացրած անձին միայն դատարանի հաստատած պատճենները գործի նյութերին կցելու դեպքում:
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 05.05.2020 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձ Ընկերության անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել փաստաբան Զ. Մկրտչյանը: Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է ներկայացուցչի լիազորագրի պատճենը, նշված փաստաթղթի ապոստիլը և վերջինիս նոտարական կարգով վավերացված թարգմանության բնօրինակը (հատոր 11-րդ, գ.թ. 4-18):
Վերաքննիչ դատարանի 22.06.2021 թվականի որոշմամբ Ընկերության անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետևյալ պատճառաբանությամբ, որ «(…) վերաքննիչ բողոքը ստորագրել է ներկայացուցիչ Զ.Մկրտչյանը, սակայն վերաքննիչ բողոքին կից ներկայացված լիազորագիրը լուսապատճենի ձևով է, որին կցված է թարգմանության բնօրինակ, որը չի կարող ընդունվել որպես լիազորագրի բնօրինակ: Հետևաբար, սույն բողոքը ստորագրվել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձի կողմից» (հատոր 11-րդ, գ.թ. 20-22):
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանը սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում գործին մասնակից չդարձված անձ Ընկերության ներկայացուցիչ Զ. Մկրտչյանը 20.05.2021 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կից ներկայացրել է Կիպրոսի ռեզիդենտ Ընկերության կողմից Զ. Մկրտչյանին 31.07.2020 թվականին տրված անգլերեն և հայերեն լեզվով լիազորագիրը (պատճենը), որը հաստատված է ապոստիլով, իսկ վերջինիս բովանդակությունը թարգմանված է հայերեն՝ նոտարի կողմից վավերացված թարգմանությամբ (բնօրինակ)։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից Զ. Մկրտչյանին տրված լիազորագիրը պատճենի տեսքով ներկայացնելու դեպքում տվյալ լիազորագիրը համարվում է ոչ պատշաճ լիազորագիր և վերաքննիչ բողոքի վերադարձի հիմք է համարվում, հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից որպես Ընկերության ներկայացուցիչ Զ. Մկրտչյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելը հիմնավոր է։
Միևնույն ժամանակ անդրադառնալով բողոքաբերի փաստարկներին առ այն, որ լիազորագիրը ներկայացվել է հավաստման ապոստիլի միջոցով և վերջինիս նոտարական կարգով վավերացված թարգմանությունը ներկայացվել է Վերաքննիչ դատարանին, իսկ նոտարական վավերացման ուժով փաստաթղթի թարգմանությունը հավասարեցվում է փաստաթղթի բնօրինակին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
«Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 05.10.1961 թվականի Հաագայի կոնվենցիայի (այսուհետ՝ Հաագայի կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն՝ նույն Կոնվենցիան կիրառվում է այն պաշտոնական փաստաթղթերի առնչությամբ, որոնք տրվել են Պայմանավորվող պետություններից մեկի տարածքում և պետք է ներկայացվեն այլ Պայմանավորվող պետության տարածքում:
Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միակ ընթացակարգը, որը կարող է պահանջվել ստորագրության, այն պաշտոնեական դիրքի, որով հանդես է եկել փաստաթուղթն ստորագրած անձը, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում՝ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմի իսկության հավաստման համար, հավաստագիր դնելն է 4-րդ հոդվածում նկարագրված ձևով, ինչը կատարում է այն պետության իրավասու մարմինը, որտեղ այդ փաստաթուղթն ընդունվել է: (...)
Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝ 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված հավաստագիրը դրվում է անմիջապես փաստաթղթի կամ փաստաթղթին ամրացված առանձին թղթի վրա և պետք է ունենա նույն Կոնվենցիայի հավելվածը կազմող նմուշի ձևը: Սակայն հավաստագիրը կարող է կազմված լինել այն տվող մարմնի պաշտոնական լեզվով: Նրանում առկա ստանդարտ արտահայտությունները կարող են լինել նաև երկրորդ լեզվով: Վերնագիրը՝ «Apostille» (Convention de La Haye du 5 octobre 1961), պետք է լինի ֆրանսերեն:
Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ Հավաստագիրը տրվում է այն ստորագրած անձի կամ ներկայացնող ցանկացած անձի միջնորդությամբ: Պատշաճորեն լրացված լինելով՝ այն հավաստում է ստորագրության, այն պաշտոնեական դիրքի իսկությունը, որով հանդես է եկել փաստաթուղթն ստորագրած անձը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմի իսկությունը: Հավաստագրի վրա դրված ստորագրությունը, կնիքը կամ դրոշմն ազատ են բոլոր հավաստումներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական դատավարության լեզուն հայերենն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց։
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ նոտարն իրականացնում է հետևյալ նոտարական գործողությունները (...) վավերացնում է փաստաթղթերի թարգմանության իսկությունը (...)։
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոտարը վավերացնում է փաստաթղթի թարգմանության իսկությունը, եթե նա տիրապետում է համապատասխան լեզուներին: Եթե նա չի տիրապետում համապատասխան լեզուներին, փաստաթուղթը թարգմանում է նոտարի կողմից վստահված թարգմանիչը, որի ստորագրության իսկությունը վավերացնում է նոտարը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոտարը, վավերացնելով թարգմանության իսկությունը կամ թարգմանչի ստորագրության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ փաստաթղթի թարգմանության բովանդակությունը համապատասխանում է նրա բնօրինակի բովանդակությանը:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հաագայի կոնվենցիան ստորագրած պետությունները նույն կոնվենցիան կնքելիս նպատակ են ունեցել վերացնել օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի դիվանագիտական կամ հյուպատոսական օրինականացման պահանջը: Ըստ այդմ, Հաագայի կոնվենցիայի Պայմանավորվող պետությունները որոշել են օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի դիվանագիտական կամ հյուպատոսական վավերացման փոխարեն կոնվենցիայի մասնակից երկրների կողմից տրված փաստաթղթերի վրա լիազորված մարմինների կողմից դնել հավաստագիր` «Ապոստիլ», որով վավերացվում է փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը: Այսինքն՝ ապոստիլը հավաստում է միայն պաշտոնական փաստաթուղթն ստորագրող անձի պաշտոնեական դիրքի, նրա ստորագրության, փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը։
Հաշվի առնելով վերոգրյալ իրավական նորմերը և դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կիպրոսի ռեզիդենտ Ընկերության կողմից Զ. Մկրտչյանին 31.07.2020 թվականին տրված լիազորագրի ապոստիլի և վերջինիս նոտարական կարգով վավերացված թարգմանության բնօրինակի ներկայացումը չի կարող հավասարազոր լինել նշված լիազորագրի բնօրինակին: Ընկերության կողմից Զ. Մկրտչյանին 31.07.2020 թվականին տրված լիազորագրի ապոստիլի նոտարական կարգով վավերացված թարգմանությամբ հաստատում է, որ այդ փաստաթղթի (ապոստիլի) թարգմանության բովանդակությունը համապատասխանում է բնօրինակ ապոստիլի բովանդակությանը, որով հավաստվել է պաշտոնական փաստաթուղթն ստորագրող անձի պաշտոնեական դիրքի, նրա ստորագրության, փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը: Հետևաբար Ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքին պետք է կցվեր նաև Ընկերության ներկայացուցիչ Զ. Մկրտչյանի լիազորությունները հավաստող փաստաթղթի բնօրինակը՝ ապահովելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջը:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում նշել, որ սույն վճռաբեկ բողոքը ներկայացվել է Ընկերության ներկայացուցիչ Զ. Մկրտչյանի կողմից, և Վճռաբեկ դատարանն այն 26․01․2022 թվականի որոշմամբ ընդունել է վարույթ։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փուլում Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել Ընկերության կողմից տրված լիազորագրի պատշաճ լինելու խնդրին, քանի որ ներկայացված բողոքով վիճարկվում է լիազորագրի պատշաճ լինելու հարցը, հետևաբար Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելու փուլում անդրադառնալով լիազորագրի հարցին կանխակալ վերաբերմունք կցուցաբերեր սույն գործով ներկայացված բողոքի վերաբերյալ:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 22.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար, քանի որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքը, կայացրել է ըստ էության ճիշտ դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ա. Բարսեղյան Ս. Անտոնյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2022 թվական: