ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1509/02/13 2020 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1509/02/13 |
Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան |
Դատավորներ՝ |
Կ. Չիլինգարյան |
Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի սեպտեմբերի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ռիտա Եղոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ռիտա Եղոյանի, Վարդան Իսպիրյանի ընդդեմ Արման Զաքարյանի, Անահիտ Սահակյանի՝ Արման Զաքարյանի և Անահիտ Սահակյանի միջև 14.05.2010 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և ՀՀ, քաղաք Երևան, Սեբաստիա 82-րդ շենքի թիվ 82 բնակարանի նկատմամբ 14.05.2010 թվականի անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրի հիման վրա գրանցված հիփոթեքը դադարեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռիտա Եղոյանը, Վարդան Իսպիրյանը պահանջել են Արման Զաքարյանի, ով գործել է Ռիտա Եղոյանի և Սպարտակ Իսպիրյանի անունից, և Անահիտ Սահակյանի միջև 14.05.2010 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը ճանաչել անվավեր և կիրառել անվավերության հետևանքներ, այն է` դադարեցնել ՀՀ, քաղաք Երևան, Սեբաստիա 82-րդ շենքի թիվ 82 բնակարանի նկատմամբ 14.05.2010 թվականին անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրի հիման վրա գրանցված հիփոթեքը:
Երևանի քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Փիլոսյան) (այսուհետ` Դատարան) 09.11.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.10.2018 թվականի որոշմամբ Անահիտ Սահակյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 09.11.2017 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռիտա Եղոյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 66-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 52-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Գործում առկա նյութերով հաստատված է այն հանգամանքը, որ 14.05.2010 թվականի անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը կնքվել է ի ապահովումն Արման Զաքարյանի պարտավորությունների կատարման, վերջինս դատական նիստի ընթացքում ամբողջությամբ ընդունել է հայցադիմումում վկայակոչված փաստերը, ուստի Դատարանը գտել է, որ Արման Զաքարյանը, հանդես գալով որպես Ռիտա Եղոյանի և Սպարտակ Իսպիրյանի ներկայացուցիչ և առանց ներկայացվողների գիտության կնքելով իր պարտավորությունների կատարումն ապահովող գործարք, կնքել է գործարք, որն իր օգտին է, ծառայում է իր շահերին, հետևաբար այս տեսանկյունից գործարքը կնքվել է օրենքի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ կետի խախտմամբ, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի ուժով այն անվավեր գործարք է:
Սույն գործի նյութերից հստակ երևում է, որ գործում առկա` օրինական ուժի մեջ մտած թիվ ԵՄԴ/1090/02/11 վճիռը միևնույն անձանց միջև է, բայց միևնույն առարկայի վերաբերյալ չէ, հետևաբար Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.10.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.11.2017 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 26.06.2009 թվականին Երևան քաղաքի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի կողմից սեղանամատյանում գրանցված թիվ 3164 լիազորագրի համաձայն՝ Ռիտա Եղոյանը և Սպարտակ Իսպիրյանը լիազորել են ՀՀ քաղաքացի Արման Գրիշայի Զաքարյանին իրենց փոխարեն իր ուզած գնով և պայմաններով գրավ դնել, գրավից հանել անձնական սեփականության իրավունքով իրենց պատկանող, քաղաք Երևան, Սեբաստիա 82-րդ շենքի թիվ 82 հասցեում գտնվող բնակարանը, բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի համապատասխան բաժնեմասը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված բնակարանների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքում իրենց բաժնեմասը, լինել իրենց ներկայացուցիչը պետական և ոչ պետական մարմիններում, բանկում, նոտարական գրասենյակում, դատական բոլոր ատյաններում, քաղաքապետարանում, թաղապետարանում, ճարտարապետական ընկերությունում, ԲՇՏ-ում, համատիրությունում, անձնագրային բաժնում, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում, կապի ընկերություններում, «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունում, ջրմուղում, գազի վարչությունում, էլեկտրոցանցում, հանձնել և ստանալ միասնական փաստաթղթեր, տեղեկանքներ, կատարել մուծումներ, անշարժ գույքի գրավի հիփոթեքի, վարկային պայմանագրեր, ստորագրել պայմանագրեր, ստանալ գումար, ստանալ միասնական տեղեկանք, տալ իրենց անունից համաձայնագրեր, դիմում և հայտարարություններ գույքի ձեռքբերման պահին իրենց ընտանեկան դրության մասին, ստորագրել իրենց փոխարեն և կատարել այն բոլոր գործողությունները և ձևական կողմերը, որոնք կապված են տվյալ հանձնարարության հետ (հատոր 1-ին գ.թ. 27):
2. Ռիտա Եղոյանի և Սպարտակ Իսպիրյանի կողմից 26.06.2009 թվականին տրված թիվ 3164 լիազորագրի հիման վրա վերջիններիս անունից Արման Զաքարյանը` հետագայում «Գրավատու» և Անահիտ Սահակյանը՝ հետագայում «Գրավառու» 14.05.2010 թվականին կնքել են անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիր, որի 1-ին, 2-րդ կետերի համաձայն՝ ի ապահովումն Երևան քաղաքում կողմերի միջև 14.05.2010 թվականին կնքված փոխառության պայմանագրի, որի գումարն է ինը միլիոն (9.000.000) ՀՀ դրամ, առանց տոկոսի, մարման ժամկետը մինչև 14.08.2010 թվականը, Արման Գրիշայի Զաքարյանը գրավ է դրել, իսկ Անահիտ Սահակյանը գրավ է վերցրել Ռիտա Եղոյանին և Սպարտակ Իսպիրյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Սեբաստիա ութսուներկու (82) շենքի թիվ ութսուներկու (82) բնակարանը՝ բաղկացած իննսուներկու ամբողջ յոթ տասնորդական (92,7) քմ մակերեսից, որը կողմերը փոխադարձ համաձայնությամբ գնահատել են քսանհինգ միլիոն (25.000.000) ՀՀ դրամ (հատոր 1-ին գ.թ. 25):
3. Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0199410 վկայականի համաձայն՝ քաղաք Երևան, Սեբաստիա 82-րդ շենքի թիվ 82 բնակարանի նկատմամբ գրանցվել է Անահիտ Սահակյանի գրավի իրավունքը (հատոր 1-ին գ.թ. 26):
4. ՀՀ ԱՆ Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վահագն Գրիգորյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ 24.12.2012 թվականին մահացած Սպարտակ Պապիկի Իսպիրյանի գույքի նկատմամբ ժառանգներ են համարվում Ռիտա Եղոյանը և Վարդան Իսպիրյանը (հատոր 1-ին գ.թ. 29):
5. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով թիվ ԵՄԴ/1090/02/11 քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Սահակյանի ընդդեմ Ռիտա Եղոյանի, Սպարտակ Իսպիրյանի, Արման Զաքարյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին, արձանագրել է, որ «պատասխանող Արման Զաքարյանը հայցվոր Անահիտ Սահակյանից գումարը վերցրել է ոչ որպես պատասխանողներ Ռիտա Եղոյանի և Սպարտակ Իսպիրյանի լիազորված անձ, այլ որպես ինքնուրույն անձ, գումարը տնօրինել է անձամբ և որպես այդպիսին էլ ստանձնել է պարտավորություն անձամբ ետ վերադարձնելու ստացված գումարը: Պատասխանողներ Ռիտա Եղոյանը և Սպարտակ Իսպիրյանը տվյալ փոխառության պայմանագրի կողմ չեն և չեն կարող հանդիսանալ որպես այդպիսին», «միաժամանակ Արման Զաքարյանն օգտագործելով պատասխանողների կողմից իրեն տրված լիազորագիրը, որի գործողության ժամկետը լրացված չի եղել և դրա շրջանակներում կատարել է պարտավորության կատարման ապահովմանն ուղղված գործողություն, պարտավորության կատարումը երաշխավորել է գրավով, որն էլ հիմք է հանդիսացել հայցվորի համար, նշված գումարը Արման Զաքարյանին տալու համար», հաստատված է համարել, որ Ռիտա Եղոյանն ու Սպարտակ Իսպիրյանը «հանդիսանում են իրենց կողմից տրված լիազորագրի համաձայն իրենց բնակարանը գրավադրելու իրավունքը Արման Զաքարյանին լիազորողներ: Եվ քանի որ գործի քննության ընթացքում պատասխանողներ Ռիտա Եղոյանի և Սպարտակ Իսպիրյանի կողմից վերը նշված լիազորագրով կատարված գործարքի վերաբերյալ հակընդդեմ հայց չներկայացվեց, դատարանը գտավ, որ պարտավորության կատարմանն ուղղված գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումը կատարվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226 հոդվածի պահանջներին համապատասխան, որի պայմաններում պատասխանողներ Ռիտա Եղոյանը և Սպարտակ Իսպիրյանը հանդիսանում են պարտավորության կատարումը գրավով ապահովող երաշխավորներ», վճռել է. «Անահիտ Սահակյանի հայցապահանջն ընդդեմ Արման Զաքարյանի գումարի բռնագանձման պահանջի մասին բավարարել: (...) Բռնագանձումը տարածել սեփականության իրավունքով պատասխանողներ Ռիտա Եղոյանին և Սպարտակ Իսպիրյանին պատկանող, գրավադրված Երևան քաղաքի Սեբաստիա 82 շենքի թիվ 82 հասցեում գտնվող բնակարանի վրա» (հիմք՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 03.10.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԵՄԴ/1090/02/11 վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2013 թվականի թիվ ԵՄԴ/1090/02/11 որոշումը, ՀՀ Վճռաբեկ դատարանի 02.10.2013 թվականի թիվ ԵՄԴ/1090/02/11 որոշումը) (հատոր 1-ին գ.թ. 16-24, 50-54):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը խախտելու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյո՞ք չվիճարկված գործարքի առնչությամբ նախկինում քննված քաղաքացիական գործով դատարանի իրավական գնահատականը կարող է նախադատելի լինել նույն գործարքի վիճարկման հայցով քաղաքացիական գործով:
Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով oրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաuտատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիu կրկին չեն ապացուցվում։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմի վերլուծությանը, նշել է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին։
Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք։ Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում։ Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե´ գործին մասնակցող անձանց, թե´ դատարանի վրա (Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետ)։ Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ նախադատելիության օբյեկտիվ սահմանների որոշման համար էական նշանակություն ունի հետևյալ երկու դատավարական կանոնների պահպանումը`
1) վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը դատարանը պարզում է միայն oրենքով նախատեuված կարգով ձեռք բերված և հետազոտված ապացույցների միջոցով (բացառություն են կազմում միայն Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերը).
2) դատարանը պարզում է միայն գործին մաuնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպեu նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ): Այս կանոնը կիրառելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով, որի փոփոխման բացառիկ իրավունքը պատկանում է հայցվորին (Նախկին օրենսգրքի 32-րդ հոդված):
ՀՀ վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է ապացուցման առարկայի` վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ճիշտ որոշման հարցը, քանի որ դատարանի կողմից ապացուցման առարկայի սահմանների կամայական (առանց դատավարական նախադրյալի` հայցվորի կամահայտնության) ընդլայնումը բերում է այդ գործով կայացված դատական ակտով հաստատված որոշակի հանգամանքների նախադատելիության բացառման (տե´ս, «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ համաձայն ընդհանուր կանոնի` նախադատելիությունն ունի օբյեկտիվ սահմաններ և սուբյեկտային շրջանակի սահմաններ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով:
Նախադատելիության սուբյեկտային շրջանակի սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարել ընդգծել, որ նախադատելիության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես՝ այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման:
Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմի նպատակն է պարզեցնել ապացուցման գործընթացը, այն է՝ միևնույն փաստը մեկ անգամ մեկ այլ դատարանի կողմից հաստատված լինելու դեպքում կողմերին և դատարանին ազատել այդ փաստերը հաստատելու գործընթացը կրկին կատարելու բեռից, ընդ որում, նախադատելիության կիրառման համար օրենսդիրը կարևորել է այն հանգամանքը, որ նոր քննվող գործը վերաբերի միևնույն անձանց միջև վեճին (տե´ս, Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նախադատելի նշանակություն կարող են ունենալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստական հանգամանքները, այլ ոչ թե դրանք հաստատող ապացույցները: Միաժամանակ հաշվի առնելով, որ ապացույցների թույլատրելիության ընդհանուր կանոնի համաձայն գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով (տե´ս, «ՋԻ ԷՅՋ ՍԹՈՐԻՋ ԷՆԹԵՐՓՐԱՅԶՍ» ՍՊԸ-ն ընդդեմ Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի թիվ ԵԿԴ/2593/05/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտն այն ապացույցն է, որով հիմնավորվում է տվյալ փաստի նախադատելի բնույթը, և փաստը նախադատելի ճանաչելիս դատարանը պետք է մատնանշի այդ դատական ակտը:
Սույն գործով Դատարանը հաստատված է համարել, որ 14.05.2010 թվականի անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը կնքվել է ի ապահովումն Արման Զաքարյանի պարտավորությունների կատարման, վերջինս դատական նիստի ընթացքում ամբողջությամբ ընդունել է հայցադիմումում վկայակոչված փաստերը, ուստի Դատարանը գտել է, որ Արման Զաքարյանը, հանդես գալով որպես Ռիտա Եղոյանի և Սպարտակ Իսպիրյանի ներկայացուցիչ և առանց ներկայացվողների գիտության կնքելով իր պարտավորությունների կատարումը ապահովող գործարք, կնքել է գործարք, որն իր օգտին է, ծառայում է իր շահերին, հետևաբար այս տեսանկյունից գործարքը կնքվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ կետի խախտմամբ, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի ուժով այն անվավեր գործարք է:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը և բեկանելով վճիռը, արձանագրել է, որ Դատարանը որևէ կերպ չի անդրադարձել գործում առկա՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 03.10.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԵՄԴ/1090/02/11 վճռին, ինչպես վճռով արձանագրված փաստերին, այնպես էլ վճռով լուծված հարցերին, քողարկված կերպով ևս մեկ անգամ քննության առարկա է դարձրել արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով գնահատված հանգամանքները և կասկածի տակ է դրել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը՝ անտեսելով վերջինիս պարտադիր բնույթը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի նշված հիմքը համարել է հիմնավորված և գտել է, որ նման պայմաններում հայցը բավարարման ենթակա լինելու վերաբերյալ Դատարանի հետևության իրավաչափության առնչությամբ եզրահանգումներ անելն օբյեկտիվորեն անհնար է:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վերաքննիչ դատարանը սույն գործով նախադատելի է համարել ըստ հայցի Անահիտ Սահակյանի ընդդեմ Ռիտա Եղոյանի, Սպարտակ Իսպիրյանի, Արման Զաքարյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 03.10.2012 թվականի թիվ ԵՄԴ/1090/02/11 քաղաքացիական գործով կայացված վճիռը: Նշված վճռով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է, որ Արման Զաքարյանը հայցվոր Անահիտ Սահակյանից գումարը վերցրել է ոչ որպես պատասխանողներ Ռիտա Եղոյանի և Սպարտակ Իսպիրյանի լիազորված անձ, այլ որպես ինքնուրույն անձ, գումարը տնօրինել է անձամբ և որպես այդպիսին էլ ստանձնել է պարտավորություն անձամբ ետ վերադարձնելու ստացված գումարը: Պատասխանողներ Ռիտա Եղոյանը և Սպարտակ Իսպիրյանը տվյալ փոխառության պայմանագրի կողմ չեն և չեն կարող հանդիսանալ որպես այդպիսին: Միաժամանակ Արման Զաքարյանը, օգտագործելով պատասխանողների կողմից իրեն տրված լիազորագիրը, որի գործողության ժամկետը լրացված չի եղել, և դրա շրջանակներում կատարել է պարտավորության կատարման ապահովմանն ուղղված գործողություն, պարտավորության կատարումը երաշխավորել է գրավով, որն էլ հիմք է հանդիսացել հայցվորի համար նշված գումարն Արման Զաքարյանին տալու համար: Տվյալ պայմաններում հայցվորի ներկայացուցչի այն պնդումը, որ հայցվորը նշված գումարը տվել է պատասխանող Արման Զաքարյանին որպես Ռիտա Եղոյանի և Սպարտակ Իսպիրյանի լիազորված անձի (լիազորագրում կա նշում գումար ստանալու վերաբերյալ), անհիմն է, քանի որ նրանք գումարի ստացման կապակցությամբ պատշաճ կողմեր չեն, պարտավորություն չեն կրում այն վերադարձնելու վերաբերյալ, այլ միայն հանդիսանում են իրենց կողմից տրված լիազորագրի համաձայն իրենց բնակարանը գրավադրելու իրավունքը Արման Զաքարյանին լիազորողներ:
Եվ քանի որ գործի քննության ընթացքում պատասխանողներ Ռիտա Եղոյանի և Սպարտակ Իսպիրյանի կողմից վերը նշված լիազորագրով կատարված գործարքի վերաբերյալ հակընդդեմ հայց չի ներկայացվել, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, ելնելով գործարքի օրինականության կանխավարկածից, գտել է, որ պարտավորության կատարմանն ուղղված գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումը կատարվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, որի պայմաններում պատասխանողներ Ռիտա Եղոյանը և Սպարտակ Իսպիրյանը հանդիսանում են պարտավորության կատարումը գրավով ապահովող երաշխավորներ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունն ունի օբյեկտիվ սահմաններ և սուբյեկտային շրջանակի սահմաններ:
Նախադատելիության օբյեկտիվ սահմաններն են կազմում օրինական ուժի մեջ մտած պատճառաբանական մասում նշված բոլոր այն հանգամանքները, որոնք դատարանը հաստատված և ապացուցված է համարել գործի ըստ էության քննության և ապացույցների գնահատման արդյունքում:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը վերոնշյալ վճիռը դնելով դատական ակտի բեկանման հիմքում` հաշվի չի առել այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը գրավի պայմանագրի և դրա գրանցման վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել է` հիմքում ունենալով այն փաստական հանգամանքը, որ գրավի պայմանագիրը վիճարկելու վերաբերյալ հակընդդեմ հայց չի ներկայացվել: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այդ հետևությանը եկել է ոչ թե որոշակի փաստեր հաստատելու, նշված փաստերը ապացուցված համարելու, գործի ըստ էության քննության և ապացույցների գնահատման արդյունքում, այլ հակընդդեմ հայց ներկայացված չլինելու արդյունքում: Ակնհայտ է, որ գործարքի վավերականությունը չվիճարկելու պայմաններում պարտավորությունների կատարման հայց քննող դատարանը չէր կարող կասկածի տակ դնել գործարքի օրինականությունը, եթե իհարկե այդ գործարքը առոչինչ չէ օրենքի ուժով: Հետևաբար` Վերաքննիչ դատարանը չէր կարող դատական ակտի բեկանման հիմքում որպես նախադատելի փաստ դնել մի հանգամանք, որը որոշակի փաստերով ապացուցված չի եղել նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այլ ընդամենը հանդիսացել է դատարանի իրավական դիրքորոշում: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատարանի իրավական դիրքորոշումը չի կարող դիտվել գործի փաստական հանգամանք, քանի որ դա դատարանի եզրահանգումն է տվյալ իրավահարաբերության առնչությամբ կիրառելի իրավանորմերի վերաբերյալ: Նախադատելի կարող են լինել նախկինում քննված քաղաքացիական գործով դատարանի հաստատված փաստերը, սակայն ոչ դատարանի իրավական դիրքորոշումները: Մինչդեռ, սույն գործով, նախկինում քննված քաղաքացիական գործով դատարանի իրավական դիրքորոշումը Վերաքննիչ դատարանը գնահատել է իբրև նախադատելի:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անդրադառնալով վերաքննիչ բողոքում նշված Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 03.10.2012 թվականի թիվ ԵՄԴ/1090/02/11 վճռի նախադատելիության հիմքին չի քննել բողոքի մյուս հիմքերը ու հիմնավորումները և թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ Անահիտ Սահակյանի վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի, այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.03.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.03.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ հետաձգված վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական: