ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունիսի 13-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 4-րդ կետը «- հողերի ընթացիկ հաշվառումը,» բառերից հետո լրացնել «- ցամաքային տարածքի ծածկույթի ընթացիկ դասակարգումը,» բառերով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.
«Հոդված 6.1. |
Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը |
1. Ցամաքային տարածքի ծածկույթը երկրի մակերևույթի դիտարկելի կենսաֆիզիկական ծածկույթն է:
2. Ցամաքային տարածքի ծածկույթը դասակարգվում է՝
1) մշակովի հողեր` հողեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման համար, ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության վարելահողերը և բազմամյա տնկարկները, բնակավայրի հողերից` տնամերձ և այգեգործական հողերը` մասնակի, անտառային հողերից` վարելահողերը.
2) մարգագետիններ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է տարախոտային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերից` խոտհարքները, արոտավայրերը, այլ հողատեսքերը` մասնակի, բնակավայրերի հողերից` խառը կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերը` մասնակի, հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի, հատուկ նշանակության հողերը` մասնակի, անտառային հողերից` խոտհարքները, արոտները, այլ հողերը` մասնակի.
3) ծառածածկ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է ծառային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի և անտառային հողերից` անտառները.
4) թփուտապատ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է թփային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի և անտառային հողերից` թփուտները.
5) ջրածածկ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը զբաղեցված է ջրային օբյեկտներով (գետեր, բնական և արհեստական ջրամբարներ ու լճեր), ընդգրկում են հողային ֆոնդի ջրային հողերը` մասնակի և հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի.
6) բուսականությունից զուրկ տարածքներ` ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը` մասնակի, բնակավայրերի հողերից` տնամերձ և այգեգործական հողերը` մասնակի, խառը կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերը` մասնակի, հասարակական և այլ հողերը` մասնակի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերը, հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի, հատուկ նշանակության հողերը` մասնակի, անտառային նշանակության այլ հողերը` մասնակի, ջրային հողերը` մասնակի, պահուստային հողերը:
3. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 36-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ մասերով.
«5.1. Հողագրունտը երկրի մակերևույթը ծածկող հողի շերտ է, որը չի ներառում օգտակար հանածոներ և հողի բերրի շերտ:
5.2. Հողագրունտի հանույթի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5.3. Օգտակար հանածոյի հանույթի նպատակով տարբեր նշանակության հողերի մեկանգամյա օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ 2018 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-360-Ն
Ա. Սարգսյան