Գլխավոր տեղեկություն
Номер
N 123-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.03.2020-03.07.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата принятия
11.03.2020
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
11.03.2020
Дата вступления в силу
12.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2020 թվականի N 123-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հյուսիսային պող. 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) իրականացվող` 1,201,250,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Համագումարների կենտրոնի կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2020 թ. մարտի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մարտի 11-ի N 123-Ա որոշման

 

«ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել մեկհարկանի ժամանակակից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան համագումարների կենտրոն։ Ընդհանուր կառուցապատման մակերեսը կազմում է մոտ 2,500 քառ. մ և այն իր տեսակի մեջ աննախադեպ շինություն է լինելու տարածաշրջանում, համալրելով ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը Լոռիում։ Հիմնադրամն արդեն ունի նմանօրինակ շինությունների կառուցման փորձ և անկասկած համագումարների ժամանակակից այս կենտրոնը չի զիջելու արդեն իսկ գործող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին և ավանի մաս կազմող Կոնցեպտ հյուրանոցին։ Համագումարների կենտրոնը միջոցառումների ընթացքում կարող է հյուրընկալել միառժամանակ մինչև 200 մարդ՝ հնարավորություն ստեղծելով տարածաշրջանում իրականացնել միջազգային ամենաբարձր մակարդակի միջոցառումներ։ Կենտրոնը զուգահեռաբար կօգտագործվի տարածաշրջանի և նրա բնակիչների բազմակողմանի զարգացման նպատակով՝ ներառյալ ամառային դպրոցների, տարածաշրջանային քննարկումների և տարածաշրջանի համար այլ կարևոր միջոցառումների համար։ Կենտրոնի ճարտարապետությունը համապատասխանելու է 21-րդ դարի լավագույն փորձին և այն հագեցած է լինելու բարձր տեխնոլոգիաների ամենավերջին ձեռքբերումներով։

Հիմնադրամն արդեն իսկ ունի պայմանավորվածություններ մի շարք միջազգային և տեղական կառույցների հետ, որոնք հայտնել են իրենց պատրաստակամությունը օգտագործելու կենտրոնը բարձր մակարդակի համաժողովների և միջոցառումների համար՝ այն պատրաստ լինելուն պես։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Չիլդրեն օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարո Հ. Արմենը

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0001, Հյուսիսային պող. 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Լոռու մարզ, Դեբեդի համայնք, համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2,500,000.00 դոլարին համարժեք 1,201,250,000 դրամ։

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզ, Դեբեդի համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Համագումարների կենտրոնի կառուցման ընդհանուր շինարարական, ներքին հարդարման, տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 1,287,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 618,739,850 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի մարտի 1-ը։

Ջեռուցման, օդափոխության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, կոյուղու և անվտանգության համակարգերի նախագծման, կառուցման ու սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 183,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 87,931,500 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

Համագումարների կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 17,360 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 8,341,480 դրամ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի մարտի 1-ը։

Շինարարական նյութերի, ներքին հարդարման պարագաների, արտաքին լուսավորության սարքավորումների, կահույքի, երաժշտական համակարգի, ֆոտովոլտային կայանների, ձայնային և լուսատեխնիկայի համակարգերի, թարգմանչական սարքավորումների և այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների ձեռքբերման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 1,012,640 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 486,573,520 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

- համագումարների կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 944,640 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 453,899,520 դրամ,

- ներքին հարդարման աշխատանքների իրականացում՝ 243,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 116,761,500 դրամ,

- տանիքի կառուցման աշխատանքների իրականացում՝ 112,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 53,816,000 դրամ,

- արտաքին ինժեներական (ջրագծերի, կոյուղու, էլեկտրամատակարարման) աշխատանքների իրականացում՝ 183,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 87,931,500 դրամ,

- համագումարների կենտրոնի կահավորման աշխատանքներ՝ 200,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 96,100,000 դրամ,

- տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 17,360 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 8,341,480 դրամ,

- տեխնիկական վերազինման աշխատանքներ (ձայնային համակարգ, լուսատեխնիկայի համակարգ, բարձրախոսներ, խոսափողներ, երաժշտական գործիքներ, երաժշտական մասնագիտական բաղադրիչ տարրեր, կահույք, սանտեխնիկա, կառուցվող շինության համար նախատեսված շինանյութ, արևային պանելներ, ֆոտովոլտային կայաններ)՝ 800,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 384,400,000 դրամ,

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարեգործական բեռների ներմուծում 1,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 480,500,000 դրամի շրջանակներում, մասնավորապես, ձայնային և լուսատեխնիկայի համակարգեր, թարգմանչական սարքավորումներ, բարձրախոսներ, խոսափողներ, երաժշտական գործիքներ, երաժշտական մասնագիտական բաղադրիչ տարրեր, կահույք, գրքեր, կենցաղային տեխնիկա, շինարարական նյութեր, արևային պանելներ, ֆոտովոլտային կայաններ և այլն։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել պայմանագրեր կապալառուների հետ՝ նախագծային, շինարարական, հսկողական աշխատանքների կատարման և փորձագետների մասնագիտական վերահսկողական ծառայությունների ձեռքբերման համար՝ 300,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 144,150,000 դրամի շրջանակներում, մասնավորապես, կառուցվող շինության ներքին հարդարման աշխատանքների, արտաքին ինժեներական ցանցերի, բարեկարգման աշխատանքների, տեխնիկական վերազինման և այլ ծառայությունների համար, որոնք իրական նշանակություն ունեն ծրագրի ամբողջական կատարման համար։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի և Դեբեդի համայնքապետարանի հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմինը՝ օրենքով սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան