ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Մ. Ա.-Ն ԸՆԴԴԵՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
18 նոյեմբերի 2014թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը (Երկրորդ բաժին)` հետևյալ կազմով.
Գիդո Ռայմոնդի, նախագահ,
Անդրաս Սաջո,
Նեբոջա Վուչինիչ,
Հելեն Քելեր,
Փոլ Լեմենս,
Էգիդիջուս Քյուրիս,
Ջոն Ֆրիդրիկ Քյոլբրո, դատավորներ,
և Սթենլի Նայսմիթ, բաժնի քարտուղար,
2014թ. հոկտեմբերի 7-ի դռնփակ խորհրդակցության արդյունքում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը հարուցվել է ընդդեմ Շվեյցարիայի Համադաշնության` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, 2013թ. օգոստոսի 15-ին` Իրանի քաղաքացի` պրն Մ. Ա.-ի (,դիմող) կողմից ներկայացված գանգատի (թիվ 52589/13) հիման վրա:
2. Դիմողի շահերը ներկայացրել է Բերնում փաստաբան հանդիսացող տկն Ս. Սադրին: Շվեյցարիայի կառավարությանը (,Կառավարություն) ներկայացրել է իր գործակալը` պրն Ֆ. Շուրմանը:
3. Դիմողը պնդել է, մասնավորապես, որ նրան Իրան արտաքսելը հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների խախտում 3-րդ հոդվածի հետ համատեղ:
4. 2013թ. սեպտեմբերի 12-ին Բաժնի փոխնախագահը, ում մակագրված էր սույն գործը, որոշել է կիրառել Դատարանի Կանոնակարգի 39-րդ կանոնը` նշելով, որ դիմողը չի կարող արտաքսվել Իրան Դատարանում ընթացող վարույթի ընթացքում, Դատարանի Կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն դիմումին տալ առաջնահերթություն, և տրամադրել դիմողին անանունության իրավունք Դատարանի Կանոնակարգի 47-րդ հոդվածի 3-րդ կետի ներքո:
5. Նույն օրը, 2013թ. սեպտեմբերի 12-ին դիմումը ներկայացվել է Կառավարությանը:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմողն ազգությամբ իրանցի է, ով ծնվել է 1977թ. հոկտեմբերի 12-ին Թեհրանում և ներկայումս բնակվում է Այնզիդելնում, Շվեյցարիա:
A. Նախապատմությունը և Շվեյցարիայի կառավարությունում ընթացող վարույթը
1. Դաշնային միգրացիոն վարչության դեմ վարույթը
7. Դիմողը 2011թ. հունիսի 26-ին ապօրինաբար մուտք է գործել Շվեյցարիա և հաջորդ օրը դիմել ապաստան ստանալու համար: Դաշնային միգրացիոն խորհրդում (Bundesamt fՖr Migration այսուհետ` «Միգրացիոն խորհուրդ») ընթացել են երկու լսումներ:
8. Առաջին նիստը 2011թ. հուլիսի 6-ին Բազելում Միգրացիոն խորհրդի «Ընդունելության և դատավարության կենտրոնում» (Empfangs- und Verfahrenszentrum) եղել է ամփոփ հարցազրույցի տեսքով: Դիմողը զեկույց է ներկայացրել Իրանում ենթադրյալ իրադարձությունների վերաբերյալ, որոնք իր երկրից փախչելու հետևանք են դարձել: Այս զեկույցը ամփոփվել է Միգրացիոն խորհրդի պաշտոնական հարցազրուցավարի կողմից: Այդ ամփոփագրի սկզբում հարցազրուցավարը նշել է. «Փաստերի բացակայության պատճառով ամփոփագիրը մանրամասնորեն ներկայացված չէ» ("Es wird aus KapazitՊtsgrՖnden auf eine vertiefte AbklՊrung zu Pt. 15 verzichtet"): Դատական նիստին ներկա է եղել թարգմանիչ, ով թարգմանություն է ապահովել դիմողի համար նախքան իր ստորագրելը:
9. Լսումների ընթացքում դիմողը նշել է, որ 2009թ. հունիսի 12-ի Իրանի նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքում լայնամասշտաբ լուրջ ընտրակեղծիքներին հետևել են հակառեժիմային ցույցեր: Նա մասնակցել է գրեթե բոլոր այդ ցույցերին մինչև 2011թ. մարտի սկզբը: Նա պնդել է, որ ինքը և իր ընկերները կազմակերպել են խաղաղ ցույցեր յուրաքանչյուր երեքշաբթի: Քանի որ ցույցերը գազանաբար ճնշվել են իրանական ռեժիմի կողմից` նա և իր ընկերները փաստագրել էին ցույցերը և տարածել հանրության միջև: Նա նաև պնդել է, որ 2011թ. մարտի սկզբին վերջին ցույցի ընթացքում, որին նա մասնակցել է, իր ընկերներից մի քանիսը ձերբակալվել են: Նա պնդել է, որ իրենք ենթարկվել են խոշտանգումների, և որ նրանցից մեկը, հավանաբար, հայտնել է իր անունը Իրանի իշխանություններին և հայտնել այդ ցույցերին իր մասնակցության մասին: Հետևաբար, 2011թ. մայիսի 10-ին Թեհրանի հեղափոխական դատարանի կողմից ծանուցագիր է ուղարկվել նրա բնակության վայր` մասնավորապես Քարաջում գտնվող իր ծնողների տուն: Նա ներկա չի եղել ծանուցագիրն առաքելու պահին, քանի որ նա գտնվել է իր քրոջ տանը, Թեհրանում: Ծանուցագրում ասվում էր, որ պահանջվում է նրա ներկայությունը դատարանում 2011թ. մայիսի 12-ին: Վախենալով, որ դատարան այցելելու դեպքում նա կարող է ձերբակալվել` նա չի ներկայացել դատարան և թաքնվել է Թեհրանում իր քրոջ տանը և տարբեր ընկերների տներում: Որպես դատարան չներկայանալու հետևանք գաղտնի ծառայության գործակալները եկել են իր ծնողների տուն հաջորդ օրը (2011թ. մայիսի 13-ին), որպեսզի ձերբակալեն իրեն: Նրա բացակայության պատճառով նրա փոխարեն ձերբակալվել է դիմողի հայրը: Դիմողին հայտնվել է հաղորդագրություն առ այն, որ ոստիկանություն չներկայանալու դեպքում նրա հայրը կմնա կալանքի տակ: Վախենալով ձերբակալվել և հետևելով իր ընտանիքի խորհրդին` նա փախել է երկրից 2011թ. հունիսին` առանց ելքի արտոնագրի իրավական փաստաթղթերի:
10. Առաջին լսումների ընթացքում իր զեկույցը հաստատելու նպատակով դիմողը ներկայացրել է Թեհրանի հեղափոխական դատարանի կողմից 2011թ. մայիսի 10-ին ուղարկված ծանուցագրի պատճեն: Նա նաև ներկայացրել է ռեժիմի դեմ ցույցերին առնչվող փաստագրական նյութ, որն ըստ իր պնդման պատրաստվել է իր և իր ընկերների կողմից:
11. Երկրորդ, ավելի մանրամասն նիստը տեղի է ունեցել 2013թ. ապրիլի 5-ին Բերնի Միգրացիոն խորհրդի գրասենյակում, առաջին լսումներից 21 ամիս հետո: Շվեյցարիայի բողոքական եկեղեցու աջակցության ոչ կառավարական կազմակերպության (Hilfswerk դեր Evangelischen Kirche Schweiz) անդամը ներկա էր որպես չեզոք վկա, լսումների արդարությունն երաշխավորելու նպատակով: Նա ուներ լսումների արձանագրություններում մեկնաբանություններ ավելացնելու հնարավորություն այն դեպքում, եթե ինքը որևէ խախտման ականատես լիներ, սակայն նա չի ավելացրել որևէ նմանատիպ դիտողություն: Կրկին, թարգմանիչը ներկա է եղել դատական նիստի ընթացքում և արձանագրությունը թարգմանել դիմողի համար նախքան նրա ստորագրելը:
12. Դիմողը դարձյալ ներկայացրել է Իրանում տեղի ունեցած ենթադրյալ իրադարձությունները, որոնք իր փախուստի հետևանք են դարձել: Ինչ վերաբերում է այն օրվա տեղի ունեցած իրադարձություններին, երբ ծանուցագիրը հանձնվել է իր ծնողներին (2011թ. մայիսի 10), դիմողն ապա հայտնել է, որ Ettelaad անվտանգության ծառայության անդամները իր բացակայության ընթացքում եկել էին իր ծնողների տուն` իրեն որոնելու նպատակով: Իրենք խուզարկել են տունը` բացելով բոլոր պահարանները: Քանի որ իրենք չեն կարողացել գտնել նրան, իր ծնողներին հանձնել են ծանուցագիր: Այն փաստին հակադարձելով, թե նա 2011թ. մայիսի 10-ի լսումների ընթացքում չի նշել իր տան խուզարկության մասին` դիմողը պատասխանել է, որ ինքը իրականում նշել է այդ փաստը առաջին լսումների ընթացքում և որ դա իր մեղքով չէ որ այն չի արձանագրվել:
13. Բացի դրանից, նախքան Իրանից փախչելը իր թաքստոցի վերաբերյալ հարցին դիմողն երկրորդ լսումների ընթացքում հայտարարել է, որ ինքը ամբողջ ժամանակ մնացել է իր քրոջ տանը: Առաջին լսումների ընթացքում տրված իր ցուցմունքները հակադարձելով` դիմողը բացատրել է, որ ինքը եղել է ընկերների հետ, և ավելացրել, որ այդ մարդիկ եղել են իր գործընկերներն աշխատանքի վայրից և ոչ թե ցույցերի վայրից:
14. Ինչ վերաբերում է 2011թ. մարտին տեղի ունեցած վերջին ցույցին հետևած իրադարձություններին, որին նա մասնակցել է, դիմողը երկրորդ լսումների ընթացքում հայտարարել է, որ նա չգիտեր, որ Ettelaad անվտանգության ծառայությունը պատրաստվել է ձերբակալել իրեն: Նա ևս մեկ անգամ նշել է, որ ցույցերի ընթացքում ձերբակալված իր ընկերներից մեկը հայտնել է անվտանգության ուժերին այդ ցույցերին մասնակցած անձանց տվյալները: Հարցին, թե երբ է ձերբակալվել իր անունը հայտնած իր ընկերը, դիմողը պատասխանեց, որ ինքը չգիտի, և որ պարտադիր չէ, որ հենց այդ ձերբակալված ընկերն ուղղակիորեն հայտնած լիներ իր անունն անվտանգության ծառայությանը: Այդ տեսակի ձերբակալությունները սովորաբար սկսվում են մի ամբողջ շղթայական ռեակցիայով` ձերբակալված անձինք հայտնում են որոշ անուններ, ապա այդ մարդիկ ձերբակալվում են և հարցաքննվում ու հայտնում այլ անուններ, և այլն:
15. Երկրորդ լսումների ընթացքում այն հարցին, թե արդյոք եղել են հատուկ գործողություններ 2011թ. մարտին վերջին ցույցի ընթացքում` դիմողը նշել է, որ հանրահավաքները բոլորը եղել են բավականին նման: Մարդիկ ձերբակալվել են և Կառավարության գործակալները ծեծել են ժողովրդին վերջին ցույցի ժամանակ, ինչպես ցանկացած այլ ցույցի ընթացքում: Այն հարցին, թե արդյոք նա ճանաչում էր ձերբակալված անձանց, դիմողը պատասխանել է, որ նա պարզապես գիտեր այդ մարդկանց փողոցից: Նրանք չեն եղել իր տարածաշրջանից: Թեհրանը մեծ քաղաք է, և մարդիկ գալիս էին ամեն տեղից: Հակադարձելով իր առաջին հարցազրույցի ցուցմունքները, որտեղ նա պնդել է, որ իր ընկերները ձերբակալվել են, դիմողը նշել է, որ ցույցին մասնակցող բոլոր անձինք ընկերներ էին հեռավորության վրա, և, որ նա օգտագործել է «ընկերներ» եզրույթը ցույցերի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները նկարագրելիս:
16. 2013թ. ապրիլի 10-ին Միգրացիոն խորհուրդը մերժել է դիմողի ապաստան տրամադրելու խնդրանքը և հրամայել նրան հեռանալ Շվեյցարիայի տարածքից մինչև 2013թ. հունիսի 7-ը: Միգրացիոն խորհուրդը պատճառաբանել է, որ դիմողի հայտարարությունների փաստերն արժանահավատ չեն, քանի որ իր Իրանում տեղի ունեցած իրադարձությունների նկարագրություններն երկու լսումների ընթացքում հետևողական չեն եղել: Նկարագրությունները զգալիորեն տարբերվել են միմյանցից դիմողի պատմության վճռական կետերի հետ կապված: Առաջին լսումների ընթացքում դիմողը չի նշել ոչ Ettelaad անվտանգության ծառայության իր ծնողների տուն այցի մասին, ոչ էլ տան խուզարկության մասին, ոչ էլ այն փաստի մասին, որ հենց Ettelaad անվտանգության ծառայությունն է հանձնել ծանուցագիրն իր ծնողներին 2011թ. մայիսի 10-ին, այլ պարզապես հայտարարել է, որ մի սուրհանդակ բերել է դատարանի ծանուցագիրը: Բացի դրանից, նախքան Իրանից փախչելը դիմողի թաքստոցի վերաբերյալ ցուցմունքները տարբերվել են միմյանցից, քանի որ առաջին լսումների ընթացքում դիմողը հայտարարել է, որ ինքը թաքնվել է իր քրոջ տանը և ընկերների տներում, մինչդեռ երկրորդ լսումների ընթացքում ինքը հայտարարել է, որ մնացել է բացառապես իր քրոջ տանը: Վերջապես, դիմողը նշել է վերջին ցույցի ընթացքում իր ընկերների ձերբակալության մասին միայն առաջին և ոչ թե երկրորդ լսումների ընթացքում: Միգրացիոն խորհուրդը հաշվի է առել, որ դիմողը ներկայացրել է որոշ փաստագրական նյութեր, ներառյալ` 2011թ. մայիսի 10-ի ենթադրյալ ծանուցագիրը, սակայն առկա էր այն տեսակետը, որ այդ փաստաթղթերը չեն կարող փարատել դիմողի ցուցմունքների արժանահավատության կասկածները: Փաստագրական նյութը ցույց է տվել միայն ցույցերի ընդհանուր տեսքը, սակայն չի մատնանշել դիմողի ենթադրյալ մասնակցության որևէ հատուկ ապացույց և միայն ծանուցագիրը չի կարող վկայել որևէ հրապարակային հետապնդման մասին:
2. Դաշնային վարչական դատարանում ընթացող վարույթը
17. 2013թ. մայիսի 15-ին դիմողը բողոքարկել է Միգրացիոն խորհրդի որոշումը Դաշնային վարչական դատարանում (Bundesverwaltungsgericht): Նա խնդրել է Դաշնային վարչական դատարանին բեկանել Միգրացիոն խորհրդի որոշումն իրեն ապաստան տրամադրելու մերժման վերաբերյալ և իրեն արտաքսելու վերաբերյալ որոշումը չհիմնավորված միջոց ճանաչել և տրամադրել նրան իրավաբանական օգնություն:
18. Իր բողոքում դիմողը պնդել է, որ նա զանգահարել է Իրանում գտնվող իր ընտանիքին և հարցրել, թե արդյոք որևէ այլ ծանուցագիր է ստացել: Այդ կապակցությամբ, նա իմացել է, որ 2013թ. փետրվարի 5-ին իրեն կրկին կանչել են Թեհրանի հեղափոխական դատարան: Նա նաև իմացել է, որ Հեղափոխական դատարանը 2013թ. մայիսի 7-ին հեռակա կարգով իրեն դատապարտել է, քանի որ նա մասնակցել է իրանական ռեժիմի դեմ ցույցերին և կարգախոսներով քննադատել ռեժիմը: Դատարանը նրան դատապարտել է յոթ տարվա ազատազրկման և մտրակի 70 հարվածների: Դիմողը հայտնել է, որ իր տիրապետման տակ եղել են 2013թ. փետրվարի 5-ի և 2013թ. մայիսի 7-ի դատաստանի վճիռների միայն պատճենները, քանի որ կար կասկած առ այն, որ պետությունը վերահսկում է իր ընտանիքին և իրենք վախենում էին, որ փոստը կարող է ստուգվել, եթե նրանք փորձեին ուղարկել նրան բնօրինակները փոստով: Դիմողը ներկայացրել է դատարանի ենթադրյալ վճռի պատճենները Դաշնային վարչական դատարան: Իր բողոքում նա նաև հարցում է ներկայացրել Դաշնային վարչական դատարանին և Միգրացիոն խորհրդին, թե արդյոք երկու փաստաթղթերի իսկությունը կարող է գնահատվել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան կողմից բնօրինակները իրենց հանձնելու դեպքում:
19. Իր հայտարարության մեջ դիմողը նաև պնդել է, որ իր երկու հայտարարությունների միջև փաստերի տարբերությունը կարելի է բացատրել երկու լսումների բնույթի տարբերությամբ: Առաջին լսումները եղել են միայն ամփոփ լսումներ և դիմողին խնդրել էին չներկայացնել մանրամասնությունները: Հենց այդ պատճառով հասկանալի է, որ ինքը չի նկարագրել 2011թ. մայիսի 10-ի տան հետախուզումը նախքան երկրորդ լսումները: Ինչ վերաբերում է իր թաքնվելուն նախքան Իրանից մեկնելը, նրա երկու զեկույցները ճիշտ էին և հետևողական: Նա մնացել է իր քրոջ տանը, սակայն նա նաև հանդիպել է իր գործընկերներին և ժամանակ անցկացրել նրանց հետ: Ինչ վերաբերում է վերջին ցույցի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, նա երկու լսումների ընթացքում, ըստ էության, հայտնել է նույն փաստերը, այն է, որ նա և իր ընկերները փաստագրել էին ցույցը և բաժանել թռուցիկներ, որ շատ մասնակիցներ, այդ թվում` իր ընկերները ձերբակալվել են, և որ ձերբակալված անձանցից մեկը հայտնել է իր անունը իրանական իշխանություններին: Դիմողն այնուհետև պնդել է, որ նրա երկու հայտարարությունները գնահատելիս պետք է հաշվի առնել այն, որ երկու լսումների միջև գրեթե երկու տարի է անցել և որ ոչ ոք չի կարող նկարագրել իրադարձությունները ճիշտ նույն կերպ այդքան երկար ժամանակ անց: Վերջապես, դիմողը պնդել է, որ երկրորդ լսումները չեն եղել արդար, քանի որ հարցաքննողն անընդհատ ընդհատել է նրան և վերաբերվել նրան այնպես կարծես նա ստում է:
20. 2013թ. մայիսի 22-ին Դաշնային վարչական դատարանը կայացրել է միջանկյալ որոշում, որով այն մերժել է դիմողի իրավական օգնության պահանջը, պատճառաբանելով, որ նրա դիմումը չէր կարող հաջող հեռանկար ունենալ: Գործի նախնական գնահատման ընթացքում Դաշնային վարչական դատարանը գտել է, որ դիմողը համոզիչ կերպով ցույց չէր տվել, որ նա հետապնդվում է իրանական պետության կողմից: Երկու լսումների ընթացքում, ինչպես նաև Միգրացիոն խորհրդին տրված փաստերի վերաբերյալ նրա հայտարարությունները միմյանցից տարբերվել են իր պատմության էական կետերի առնչությամբ, հետևաբար, դրանք արժանահավատ չեն: 2013թ. փետրվարի 5-ի ծանուցագիրը և 2013թ. մայիսի 7-ի վճիռը չունեն ապացուցողական արժեք, քանի որ դիմողը ներկայացրել է միայն այդ փաստաթղթերի պատճենները:
21. 2013թ. հուլիսի 2-ին Դաշնային վարչական դատարանը մերժել է դիմողի բողոքը որպես ակնհայտորեն անհիմն: Համաձայն 1998թ. հունիսի 26-ի Շվեյցարիայի ապաստանի Ակտի (այսուհետ` «Ապաստանի ակտ», տես ստորև կետ 30) 111-րդ և 111a-րդ բաժինների` գործի վերաբերյալ վճիռ կայացվում է մեկ դատավորի կողմից և, որ վճիռը պարունակում է միայն ամփոփիչ հիմնավորում: Բանավոր լսումները նախատեսված չեն սահմանված կարգի կանոններով: Ապաստանի ակտի 111a-րդ բաժնի համաձայն` Դաշնային վարչական դատարանը նույնպես ձեռնպահ է մնացել կողմերի միջև դիտարկումների հնարավորությունից: Միգրացիոն խորհուրդը, հետևաբար, չի տվել 2013թ. փետրվարի 5-ի ծանուցագրի և 2013թ. մայիսի 7-ի վճռի պատճեները մեկնաբանելու կամ ենթադրյալ փաստաթղթերի բնօրինակները ձեռք բերելու հնարավորությունը, որը գտնվել է դիմողի ընտանիքի տիրապետման ներքո:
22. Դաշնային վարչական դատարանը որոշել է, որ դիմողն ապաստանի իրավունք չունի: Այնուհետև այն հայտարարել է, որ չկա որևէ պատճառ ի կատար ածելու համար արտաքսման հրամանը, քանի որ դիմողը չի կարողացել ապացուցել, որ նա Իրանում ենթարկվել է հալածանքների: Երկու լսումների ընթացքում իրադարձությունների վերաբերյալ նրա զեկույցները տարբեր էին էական մանրամասների առնչությամբ, և դիմողը Դաշնային վարչական դատարանում չէր կարողացել բացատրել այդ հակասությունները: Երկու լսումների միջև ընկած ժամանակահատվածը չի կարող բացատրել հակասությունները, քանի որ դիմողից չէր պահանջվել նկարագրել Իրանի իրադարձությունները ճիշտ նույն կերպ, այլ` հետևողականորեն: Բացի դրանից, ի հակառակ դիմողի մեղադրանքի առ այն, որ երկրորդ լսումները եղել են անարդար, չկար որևէ ապացույց: Լսումներին մասնակցել է Շվեյցարիայի բողոքական եկեղեցու աջակցման ոչ կառավարական կազմակերպության անդամը` որպես չեզոք վկա: Այդ անձը չի կատարել որևէ դիտողություն լսումների ժամանակ խախտումների կապակցությամբ, թեև նա կարող էր այդպես վարվել: Արձանագրությունը թարգմանվել է դիմողի համար և ստորագրվել նրա կողմից: Ինքը, հետևաբար, ուներ արձանագրության մեջ շտկումներ կատարելու հնարավորություն:
23. Դատարանն այնուհետև գտել է, որ այն չի կարող դիմողի օգտին եզրակացություն կատարել 2013թ. փետրվարի 5-ի ծանուցագրի կամ 2013թ. մայիսի 7-ի վճռի պատճեններից, քանի որ պատճենները չունեն ապացուցողական արժեք: Դատարանը չի նշել 2011թ. մայիսի 10-ի առաջին ծանուցագիրը, որի իսկությունը չի քննարկվել Միգրացիոն խորհրդի կողմից:
24. 2013թ. հուլիսի 22-ին Միգրացիոն խորհուրդը հրապարակել է արտաքսման վերաբերյալ նոր հրաման, ըստ որի դիմողը պետք է լքեր Շվեյցարիան մինչև 2013թ. օգոստոսի 19-ը:
B. Դատարանի վարույթը և նոր պնդումները
25. 2013թ. օգոստոսի 15-ին դիմողը գանգատ է ներկայացրել Դատարան և խնդրել կիրառել Դատարանի Կանոնակարգի 39-րդ կանոնը` չեղյալ հայտարարելու համար իրեն արտաքսելու հրամանը: Նա հայտարարել է, որ ինքը մասնակցել է նախագահական ընտրություններին հաջորդող 2009թ.-ից մինչև 2011թ. մարտ ամիսը իրանական ռեժիմի դեմ ցույցերին և որ նա բաժանել է թռուցիկներ: Նա պնդել է, որ Ettelaad անվտանգության ծառայությունը խուզարկություն է անցկացրել իր ծնողների տանը` նրան ձերբակալելու նպատակով: Ավելին, նա հայտարարել է, որ նրան երկու անգամ ծանուցագիր են ուղարկել Թեհրանի հեղափոխական դատարան ներկայանալու համար և, որ նույն դատարանը հեռակա կարգով 2013թ. մայիսի 7-ին դատապարտել է նրան յոթ տարվա ազատազրկման, պարտադրել վճարել տուգանք և հանրահավաքին մասնակցելու համար մտրակի 70 հարվածների:
26. Ի պաշտպանություն իր պահանջների` դիմողը 2013թ. օգոստոսի 15-ի գանգատին կցել էր Իրանի ցույցերի վերաբերյալ իր փաստագրական նյութերը պարսկերենով, 2011թ. մայիսի 10-ի և 2013թ. փետրվարի 5-ի ծանուցագրերի պատճենները և 2013թ. մայիսի 7-ի վճռի պատճենը:
27. 2013թ. հոկտեմբերի 10-ին դիմողը տեղեկացրել է Դատարանին, որ այժմ նա տիրապետում է 2013թ. փետրվարի 5-ի ծանուցագրի և 2013թ. մայիսի 7-ի վճռի բնօրինակներին, քանի որ իր քրոջ ամուսինը 2013թ. օգոստոսին վերջապես համարձակվել է ուղարկել փաստաթղթերը հատուկ առաքման միջոցով: Նա նաև տրամադրել է Դատարանին 2013թ. փետրվարի 5-ի ծանուցագրի և 2013թ. մայիսի 7-ի վճռի անգլերեն թարգմանությունները: 2011թ. մայիսի 10-ի ծանուցագրի թարգմանությունը չէր տրամադրվել: Թարգմանությունն ընդգրկվել էր դիմողի երկրորդ լսումների արձանագրությունում, այնուամենայնիվ, այն ներկայացվել է Դատարան:
28. Ըստ 2013թ. փետրվարի 5-ի ծանուցագրի թարգմանության, դիմողը ծանուցվել է 2013թ. փետրվարի 5-ին, ժամը 9-ին ներկայանալ Թեհրանի Իսլամական հեղափոխական դատարանի 10-րդ բաժին «հասարակական անվտանգության և Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի դեմ ցույցերին մասնակցության» պատճառով: Ծանուցագիրը կնքվել է «հետաքննության մարմնի» կողմից 2013թ. փետրվարի 3-ին:
29. 2013թ. մայիսի 7-ի Թեհրանի հեղափոխական դատարանի վճռի թարգմանության համաձայն`
«Մեղադրանք` Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան կարգի դեմ գործողություններ ձեռնարկելը:
Վճիռ
Մեղադրյալ պրն Մ.Ա.-ի գործում դատարանն ըստ Թեհրանի գլխավոր և հեղափոխական դատարանում ներկայացված Գլխավոր դատախազության 10-րդ բաժանմունքի մեղադրական թերթիկի, ըստ ապացույցների, ըստ հետախուզության ծառայության վստահելի զեկույցի, ըստ կալանքի տակ գտնվող անձանց ցուցմունքների, ինչպես նաև գործի նյութերում առկա հատկապես օգտակար տեղեկությունների առ այն, որ նա մասնակցել է ապօրինի հավաքներին, որոնք խաթարել են Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղությունը և համակարգը, իրենց կարգախոսները տարածելով` կոչ է արել դիմադրություն ցուցաբերել քաղաքականությանը և բաժանել թռուցիկներ, ինչպես նաև չնայած ծանուցագիր ստանալուն դատարան չներկայանալը և դատարանում պաշտպանությունից հրաժարվելու փաստի, հանգել է այն եզրակացության, որ իր մեղքը հաստատված է:
Այդ պատճառով, ըստ Իսլամական օրենքի 502-րդ հոդվածի, նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, մտրակի 70 հարվածի և տուգանքի 15 միլիոն րիալի չափով, որը պետք է վճարվի գանձարան:
Սույն դատավճռի դեմ գանգատը կարող է ներկայացվել այն հրապարակելու օրվանից տասն օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածը լրանալուց հետո այն վերանայելու մասին հայց պետք է ներկայացվի Թեհրանի մարզային իրավասու դատարաններ»:
Թարգմանության մեջ նաև նշվել է, որ վճիռը
«Հրապարակվել է 2013թ. մայիսի 15-ին»:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
30. Սույն գործում Շվեյցարիա մուտք գործելու և այնտեղ մնալու օտարերկրացիների իրավունքի վերաբերյալ կիրառելի դրույթներն ամրագրված են 1998թ. հունիսի 26-ի Ապաստանի ակտում (Asylgesetz, 142.31 – այսուհետ` «Ապաստանի ակտ») և 2005թ. դեկտեմբերի 16-ի Օտարերկրացիների ակտում (Bundesgesetz Ֆber die AuslՊnderinnen und AuslՊnder, 142.20, այսուհետ` «Օտարերկրացիների ակտ»):
31. Ապաստանի ակտի 1-ին գլխի 2-րդ բաժնում ամրագրված է, որ օտարերկրացին, ով համարվում է փախստական, Շվեյցարիայում մնալու և ապաստանի իրավունք ունի: Նույն ակտի 1-ին գլխի 3-րդ բաժնում նշվում է, որ «փախստական» եզրույթը նշանակում է օտարերկրացի, ով ենթարկվում է լուրջ անհարմարությունների, կամ ով ողջամիտ վախ ունի, որ ապագայում կարող է ենթարկվել լուրջ վնասի իր երկրում, կամ իր վերջին բնակության երկրում ռասայի, կրոնի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելիության կամ քաղաքական հայացքների հիմքով: Ըստ նույն բաժնի` «լուրջ վնաս» եզրույթը նշանակում է կյանքի, ազատությունից զրկվելու կամ անհանդուրժելի հոգեբանական ճնշում առաջացնող միջոցառումների ենթարկվելու վտանգ:
32. Համաձայն Ապաստանի ակտի 2-րդ գլխի 7-րդ բաժնի` փախստականը պետք է ապացուցի իր կարգավիճակը, կամ առնվազն հավաստի ապացույցներ ներկայացնի առ այն, որ նա հանդիսանում է փախստական 1-ին գլխի 3-րդ բաժնի իմաստով: Բավարար արժանահավատ ապացույց է, եթե իրավասու մարմինները վստահ են, որ ամենայն հավանականությամբ անձը փախստական է 3-րդ բաժնի իմաստով: Անբավարար կամ հակասող պատճառաբանությունն էական հարցերի հետ կապված անհամապատասխանությունն է օբյեկտիվ փաստերի կամ պնդումների նկատմամբ, որոնք կեղծված են:
33. Ինչ վերաբերում է արտաքսման հրամանի կատարմանը` Ապաստանի ակտի 1-ին գլխի 5-րդ բաժինը ապահովում է, որ ոչ ոք չի կարող ցանկացած ստիպողական միջոցով տարհանվել Շվեյցարիայից և վերադարձվել մի երկիր, որտեղ առկա է իր կյանքի կամ ազատությունից զրկվելու վտանգ կամ երկրում, որը նա ստիպված կլինի լքել այս տիպի մեկ այլ երկիր տեղափոխվելու համար, եթե չկան էական հիմքեր ենթադրելու, որ անձը վտանգ է ներկայացնում Շվեյցարիայի անվտանգության կամ հանրության համար, քանի որ նա արդեն դատապարտվել է առանձնապես ծանր հանցագործության համար: Ապաստանի ակտի 2-րդ գլխի 44-րդ բաժինը և Օտարերկրացիների ակտի 83-րդ բաժինը նախատեսում են, որ այն դեպքում, եթե արտաքսումը չի թույլատրվում օրենքով և այն դեպքերում, երբ այն անհիմն է կամ անհնար, դիմողին թույլատրվում է մնալ Շվեյցարիայում ժամանակավորապես (vorlՊufige Aufnahme):
34. Ապաստանի հետ կապված որոշումները կայացնում է Դաշնային միգրացիոն խորհուրդը (Գլուխ 2, բաժին 6a): Եթե Միգրացիոն խորհուրդը հրաժարվում է տրամադրել ապաստան, այն տալիս է արտաքսման հրաման և սահմանում երկիրը լքելու ամսաթիվը (Գլուխ 2, բաժիններ 44 և 45): Ապաստան հայցողը կարող է դիմել Դաշնային վարչական դատարան Միգրացիոն խորհրդի ապաստան տրամադրելու մերժման և արտաքսման որոշման դեմ (Ապաստանի ակտի 8-րդ գլուխ, բաժին 105, 1968թ. դեկտեմբերի 20-ի Դաշնային վարչական դատավարության մասին օրենքի 5-րդ բաժին (Bundesgesetz Ֆber das Verwaltungsverfahren, 172.012) և 2005թ. հունիսի 17-ի Դաշնային դատարանի ակտի 82 և 83-րդ բաժիններ (Bundesgestz Նber das Bundesgericht, 173.110)): Դաշնային վարչական դատարանը նմանատիպ գործերում առաջին և եզրափակիչ ատյանն է:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՐԿՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Գլխավոր քարտուղարի զեկույցը Իրանի Իսլամական Հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակի մասին, 2014թ. մարտի 11, A / HRC / 25/75
35. Գլխավոր քարտուղարի զեկույցում նշվում է.
«I.5. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները շարունակում են մտահոգիչ լինել անդամահատումների, ծեծի, մահապատժի կիրառման ավելացման, կամայական կալանքի և անարդար դատավարությունների կապակցությամբ: Խոսքի ազատությունը շարունակում է սահմանափակված լինել, մեծ թվով լրագրողներ դեռ բանտերում են և սոցիալական ԶԼՄ-ները արգելափակված: Մարդու իրավունքների պաշտպանները և կանանց իրավունքների ակտիվիստները շարունակում են դիմակայել կալանավորմանը և հետապնդմանը [...]:
II. A.b. 10. [...] դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կրկնությունը, ինչպիսիք են վերջույթների անդամահատումը և ծեծը շարունակում է մնալ մտահոգության առիթ: Դատական իշխանությունները հաճախակի պատիժներ են կիրառում, որոնք արգելվում են ICCPR-ի կողմից, ըստ որի Իրանը անդամ պետություն է: Վերանայված Իսլամական Քրեական օրենսգիրքը նախատեսում է վերջույթների անդամահատում հանցագործությունների, այդ թվում, ծեծի, ալկոհոլ օգտագործելու, գողության և սեռական հանցագործությունների համար: 2013թ. հունվարի 7-ին Իրանի Գերագույն դատարանի նախագահը պաշտպանել է այնպիսի պատիժներ, ինչպիսիք են անդամահատումը` պնդելով, որ իսլամական օրենքի պատշաճ կիրառումը կարող է կանխել հանցագործությունները: [...]»:
2. ԱՄՆ պետքարտուղարության բաժին «2013թ. երկրների հաշվետվությունները Մարդու իրավունքների վերաբերյալ» Իրանի վերաբերյալ
36. Այս վերը մեջբերված զեկույցով հաստատվում է հետևյալը.
Ամփոփագիր
[...] Մարդու իրավունքների ամենաակնհայտ խնդիրներն են կառավարության մանիպուլյացիաներն ընտրական գործընթացի ընթացքում, որը խիստ սահմանափակում է քաղաքացիների իրավունքը իշխանություններին ազատ և արդար ընտրությունների արդյունքում խաղաղ եղանակով փոխելու կապակցությամբ, քաղաքացիական ազատությունների սահմանափակումները, այդ թվում` հավաքների, խոսքի և մամուլի ազատությունը և կամայականորեն և ապօրինի կալանավորված, խոշտանգումների ենթարկված կամ սպանված անձանց ֆիզիկական ամբողջականության անտեսումը:
Մարդու իրավունքների վերաբերյալ նշված այլ խնդիրների թվում ներառված են անհետացումները, դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը, այդ թվում` դատական կարգով արտոնված անդամահատումները և ծեծը: Քաղաքական դրդապատճառներով բռնությունը և հալածանքները, ինչպես, օրինակ, ծեծը և բռնաբարությունը, կյանքին սպառնացող պայմանները, ձերբակալումները և երկարատև նախնական կալանքը, երբեմն ամբողջովին մեկուսացված, անվտանգության ուժերի կողմից շարունակվող անպատժելիությունը, արդար հանրային դատավարության մերժումը, որը երբեմն ավարտվում է առանց պատշաճ դատական գործընթացի, անկախ դատական համակարգի բացակայությունը, քաղբանտարկյալների կալանավորումը [...]:
Բաժին 1. c. Խոշտանգումներ և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք կամ պատիժ:
Սահմանադրությունն արգելում է խոշտանգումների բոլոր ձևերը «խոստովանություն կամ տեղեկատվություն ստանալու նպատակով», սակայն կային մի քանի արժանահավատ հաղորդումներ առ այն, որ անվտանգության ուժերը և բանտերի անձնակազմը խոշտանգել են ձերբակալվածներին և կալանավորվածներին: [...]
Բանտերում խոշտանգումների և չարաշահումների ընդհանուր մեթոդներն են` մենախցում երկարատև պահելը, բռնաբարությունը, սեռական նվաստացումը, սպառնալիքները, քնից զրկելը և ծանր ու կրկնվող ծեծը: Շատ բանտերում եղել են ծանր գերբնակեցման մասին հաղորդումներ և ազատազրկվածներին բժշկական օգնության տրամադրման մերժումները [...]:
Կառավարությունը որակել է ծեծի ու անդամահատման կիրառումը որպես «պատիժ», ոչ թե խոշտանգում: Դատական կարգով արտոնված է մարմնական պատիժը, այդ թվում անդամահատումն այնպիսի հանցանքների համար, ինչպիսին կրկնվող գողությունն է: Հոկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը նշել է` գողության համար վերջույթների անդամահատման և 2012թ. հուլիսից մինչ 2013թ. հունիսի 30-ը 123 անձանց ծեծի վերաբերյալ, այնպիսի հանցագործությունների համար ինչպիսիք «խռովությունն է», «ծանրաբարոյության հետ անհամատեղելի գործողությունները», ալկոհոլի օգտագործումը, «ապօրինի» և միասեռ սեռական հարաբերությունները [...]:
Բանտերի ու կալանավայրերի պայմանները:
Բանտերի պայմանները հաճախ անհամապատասխան և կյանքին սպառնացող են: Եղել են հաղորդումներ, որ որոշ բանտարկյալներ ինքնասպանություն են գործել ծանր պայմանների, մենախցում գտնվելու և խոշտանգումների ենթարկվելու արդյունքում: Բանտի իշխանությունները հաճախ մերժել են բժշկական օգնության տրամադրումը վնասված դատապարտյալների համար, ովքեր վնասվածքներ ստացել էին նմանատիպ վերաբերմունքի կամ բանտային կյանքի վատ սանիտարական պայմանների արդյունքում [...]:
Բաժին 1. d. Կամայական ձերբակալում կամ կալանավորում:
[...] Իշխանությունները սովորաբար կիրառում են կամայական ձերբակալություններ խոչընդոտելու համար ենթադրյալ հակառեժիմային գործունեությունը: Քաղաքացիական հագուստով աշխատակիցները հաճախ առանց զգուշացնելու ժամանում են կալանավորված անձանց տներ կամ գրասենյակներ, իրականացնում ստուգումներ և առգրավում մասնավոր փաստաթղթեր, անձնագրեր, համակարգիչներ, էլեկտրոնային լրատվամիջոցներ, և այլ անձնական իրեր` առանց նմանատիպ գործողությունների հավաստագրերի: Անհատները հաճախ մնում են կալանքի տակ երկար ժամանակով` առանց մեղադրանք առաջադրելու կամ դատվելու և երբեմն առանց իրենց գտնվելու վայրի մասին այլոց տեղեկացնելու թույլտվության [...]:
Բաժին 1. e. Արդար հրապարակային դատաքննության մերժումը: [...] Դատավարության կարգը:
[...] Քաղբանտարկյալները և կալանավորվածները: Իրենց քաղաքական համոզմունքների համար բանտարկված քաղաքացիների վիճակագրությունը հասանելի չէ: ICHRI-ի գնահատմամբ երկրում կային 500 քաղբանտարկյալներ, այդ թվում` խաղաղ գործունեություն ծավալելու կամ ազատ արտահայտվելու համար կամայականորեն ձերբակալված անձինք: Այլ իրավապաշտպանների գնահատմամբ այնտեղ կարող էին լինել ավելին, քան 1000 բանտարկյալներ, այդ թվում` նրանք, ովքեր դատապարտվել են իրենց կրոնական համոզմունքների համար [...]: Մեկ տարվա ընթացքում իշխանությունները ձերբակալել են ուսանողների, լրագրողների, իրավաբանների, քաղաքական գործիչների, կանանց ակտիվիստների, արվեստագետների և կրոնական փոքրամասնությունների անդամների (տե՛ս 1.a., 1.e., 6, և 7.a. բաժինները). շատերին մեղադրանք է առաջադրվել այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են «ռեժիմի դեմ քարոզչությունը» և «հոգևոր առաջնորդին վիրավորանքը» [...]: Քաղբանտարկյալները կալանքի ընթացքում նաև ունեցել են խոշտանգումների և չարաշահումների ենթարկվելու վտանգ: Կառավարությունը քաղբանտարկյալներին հաճախ պահում է բանտերում իրենց տներից և ընտանիքներից հեռու: Կառավարությունը թույլ չի տալիս միջազգային հումանիտար կազմակերպություններին կամ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին շփվել քաղբանտարկյալների հետ:
Բաժին 1. f. Անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի կամ նամակագրության նկատմամբ կամայական միջամտություն:
Սահմանադրությունը նախատեսում է, որ «հեղինակությունը, կյանքը, գույքը, [և] բնակության վայրը» պաշտպանված են ոտնձգությունից, բացառությամբ «օրենքով նախատեսված» դեպքերի, սակայն Կառավարությունը պարբերաբար խախտել է այս իրավունքը: Անվտանգության ուժերը հսկել են քաղաքացիների սոցիալական գործունեությունը, մտել նրանց բնակարաններ և գրասենյակներ, հսկել հեռախոսային խոսակցությունները և համացանցային կապը և բացել նամակագրությունն առանց դատարանի թույլտվության: Կային բազմաթիվ զեկույցներ առ այն, որ Կառավարության գործակալները խուզարկել և թալանել են ռեֆորմիստ կամ ընդդիմադիր առաջնորդների, ակտիվիստների, քաղբանտարկյալների, լրագրողների և նրանց ընտանիքների անդամների տներն ու գրասենյակները և վախեցնել նրանց [...]»:
3. «Ազատություն խոշտանգումներից» զեկույցը. մենք կստիպենք Ձեզ փոշմանել ամենի համար. Իրանում խոշտանգումները սկսած 2009-ի նախագահական ընտրություններից, 2013թ. մարտ, (http://www.refworld.org/docid/514088902.html)
37. «Ազատություն խոշտանգումներից» կառույցը Միացյալ Թագավորությունում ոչ կառավարական հասարակական բժշկական հիմնադրամ է խոշտանգումների զոհերին խնամելու նպատակով: Կազմակերպությունն աշխատել է ավելի քան 25 տարի և տրամադրել ուղղակի բժշկական ծառայություններ խոշտանգումների ենթարկվածների համար, ովքեր ժամանել են Միացյալ Թագավորություն, ինչպես նաև ովքեր ձգտում են պաշտպանել և խթանել իրենց իրավունքները:. Իրանում խոշտանգումների զոհերի վերաբերյալ զեկույցում նշված է.
«Զեկույցի հիմնական արդյունքները.
«Ազատություն խոշտանգումներից» կառույցի կողմից պատրաստված 2009-2011թթ. կալանքի և խոշտանգումների ապացույցների մանրամասն քննությունը ինչպես փաստագրված է 50 դատաբժշկական իրավաբանական հաշվետվություններում (MLRs) ցույց է տալիս, որ`
Խոշտանգումներն առանցքային գործիք էին, որոնք օգտագործվել են Իրանի իշխանությունների կողմից որպես զենք Թեհրանում և այլուր ռեժիմը պահպանելու ուղղությամբ 2009թ. նախագահական ընտրություններին հաջորդած երկար ժամանակահատվածի ընթացքում:
Այս ճնշումները ներառել են խոշտանգումներ կալանքի բազմաթիվ դրվագների ընթացքում, բազմաթիվ անձանց նկատմամբ, ում համար 2009թ. նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաներն առաջին անգամն էին, երբ նրանք, կամ նրանց ընտանիքների մյուս անդամները զբաղվել են նմանատիպ մակարդակի քաղաքական ակտիվությամբ:
Այս ընթացքում Իրանում համակարգված կերպով կիրառվել է Խոշտանգումների ֆիզիկական, հոգեբանական և բնապահպանական մեթոդների լայն շրջանակ:
Խոշտանգումները հաճախ օգտագործվել են քաղաքական կամ այլ «հակառեժիմային» գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, անձանց ստիպել են ստորագրել խոստովանական ցուցմունքներ կամ այլ հայտարարություններ, որոնք դատական վարույթներում օգտագործվել են իրենց դեմ կամ որոնք ապագայում կարող են օգտագործվել իրենց դեմ:
Ուսումնասիրված գործերից կեսի մասնակիցները ձերբակալվել են Թեհրանում, մնացածը` այլ մարզկենտրոններում և մի փոքր մաս` գյուղական վայրերում: Բոլոր դեպքերում, կալանավորման և խոշտանգման պատճառները ներառել են «քաղաքական» տարր, հաճախ շատ ցածր մակարդակի վրա, նույնիսկ, եթե այն առաջադրվել է նմանատիպ գործողություններում իր ընտանիքի անդամներից մեկի կամ որոշ դեպքերում նաև գործընկերոջ մասնակցության դեպքում: Քսանյոթ դեպքերում անձինք ձերբակալվել են և բերման ենթարկվել նախագահական ընտրություններից հետո ցույցերին և այլ բողոքի ակցիաներին մասնակցելու ընթացքում [...]»:
4. Մարդու իրավունքների միջազգային Դաշնության և Մարդու իրավունքների պաշտպանության Իրանի Լիգայի զեկույցն Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին համապատասխան ICCPR (103-րդ նստաշրջան, 2011թ. հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 4-ը, Ժնև)
38. Վերը մեջբերված զեկույցում, ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունները «Մարդու իրավունքների միջազգային դաշնությունը» և «Իրանի Մարդու իրավունքների պաշտպանության լիգան» ներկայացրել են բազմաթիվ մարդու իրավունքների ակտիվիստների, լրագրողների, արվեստագետների և ուսանողների նկատմամբ վճիռները` հակառեժիմային ցույցերի և գործողությունների պատճառով: Այդ վճիռներից մի քանիսը ներառել են երկարաժամկետ կալանքը և ծանր ծեծը: Ցուցակն իր մեջ ներառում է`
«(էջ 7) Շադի Սադրը և Մահբուդեհ Աբբաս-Ղոլիզադեհն «Վերջ մինչև մահ քարկոծելուն» քարոզարշավի երկու հիմնադիր կանայք դատապարտվել են 2010թ. մայիսի 17-ին հեռակա կարգով վեց տարվա ազատազրկման և մտրակի 74 հարվածների և երկու և կես տարվա ազատազրկման և մտրակի 30 հարվածների, համապատասխանաբար: Նրանք երկուսն էլ լքել են Իրանը` ազատազրկումից խուսափելու նպատակով [...]:
(էջ 27) ռեժիսոր և լրագրող Մոհամմադ Նուրիզադը ձերբակալվել է 2009թ. դեկտեմբերին և դատապարտվել երեք ու կես տարվա ազատազրկման և մտրակի 50 հարվածների: Նա ազատ է արձակվել 2011թ. մայիսի 6-ին [...]:
(էջ 32) Ուսանողները: Քաղաքացիական հագուստով անվտանգության գործակալները, Ոստիկանության հատուկ ջոկատների անդամները և Իսլամական հեղափոխության պաշտպանների հատուկ ջոկատայինները 2009թ. հունիսի նախագահական ընտրություններից հետո դաժանաբար հարձակվել են Թեհրանի, Սպահանի և Շիրազի որոշ բուհերի հանրակացարանների վրա և թալանել նրանց, ինչի արդյունքում հինգ ուսանողներ սպանվել են Թեհրանում, երկուսը` Սպահանում և երկուսը` Շիրազում: Թեհրանում հանրակացարանի 100 ուսանողներ ձերբակալվել են: Սակայն, հարձակումների և սպանությունների վերաբերյալ քննություն անցկացնելու պահանջով զինվորական դատարան բողոք ներկայացրած նրանցից 40-ին 2011թ. մայիսին դատապարտել են ֆինանսական տույժերի, ծեծի և 3-10 ամսվա ազատազրկման, այդ ժամանակից ի վեր բողոքի ցույցերի կամ կալանքի ընթացքում մի քանի ուսանող զրկվել է կյանքից: [...] «:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
39. Դիմողը պնդել է, որ իրեն Իրան արտաքսելու դեպքում նա կենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի և ձերբակալվելու իրական վտանգի, ինչը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է, որով նախատեսվում է`
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
40. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:
A. Ընդունելիությունը
41. Դատարանը նշում է, որ այս գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35 կետ 3 (ա) հոդվածի իմաստով: Դատարանը նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար` այն պետք է ճանաչվի ընդունելի:
B. Հանգամանքները
1. Կողմերի պնդումները
(a) Դիմողը
42. Դիմողը պնդել է, որ Իրան ստիպողաբար վերադարձվելու դեպքում նա կկանգներ ձերբակալվելու և խոշտանգումների ենթարկվելու իրական և լուրջ վտանգի առջև, իրանական վարչակարգի դեմ ընթացող ցույցերին նրա մասնակցության և թռուցիկներ բաժանելու պատճառով: Իրանական ռեժիմը դեռևս շահագրգռված է 2009թ. նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի մասնակիցներին հալածելու մեջ: Վկայակոչելով YouTube-ի և BBC-ի համացանցային հղումները` դիմողը պնդել է, որ Իրանի արդարադատության նախարարության խոսնակը և Գլխավոր դատախազը 2013թ. հուլիսի 21-ին հրապարակայնորեն հայտարարել են, որ 2009թ. ցույցերի մասնակիցները, ովքեր վերադարձել են Իրան, դատական կարգով կհետապնդվեն ցույցերի ընթացքում կատարված անկարգությունների համար: Քանի որ Թեհրանի հեղափոխական դատարանի կողմից 2013թ. մայիսի 7-ին նրան ազատազրկելը ցույց տվեց, որ Իրանի վարչակարգը դեռևս շահագրգռված է նրանց հետապնդելու հարցում:
43. Դիմողն այնուհետև պնդել է, որ նա կձերբակալվի Իրան վերադառնալուն պես, քանի որ նա լքել է երկիրն ապօրինաբար` առանց ելքի թույլտվության: Ձերբակալման դեպքում Իրանի իշխանություններն անմիջապես կստուգեն նրա կենսագրությունը և ի հայտ կգա նրա դատապարտման փաստը: 2013թ. մայիսի 7-ի դատաստանի վճիռը կկիրառվի և նա կենթարկվի յոթ տարվա ազատազրկման և մտրակի 70 հարվածների: Այդպիսի պատիժը չափազանցված է և անմարդկային: Բացի դրանից, ընդհանուր առմամբ, Amnesty International-ի զեկույցներից հայտնի է, որ խոշտանգումները և վատ վերաբերմունքը տարածված են իրանական բանտերում:
44. Դիմողը կրկին նշել է, որ նա ակտիվորեն մասնակցել է իրանական ռեժիմի դեմ հետընտրական ցույցերին: Նա հայտարարել է, որ իր բացակայության ընթացքում 2011թ. մայիսի 10-ին Ettelaad անվտանգության ուժերի կողմից խուզարկվել է իր ծնողների տունը: Իր անունով ծանուցագրերը հանձնվել են իր ծնողներին: Քանի որ նա չի ենթարկվել ծանուցագրերին` 2011թ. մայիսի 12-ին ձերբակալվել է նրա հայրը և հարցաքննվել իր որդու գտնվելու վայրի կապակցությամբ: Դիմողը հետագայում թաքնվել է իր քրոջ տանը` Թեհրանում: 2011թ. հունիսի 4-ին նա լքել է Իրանը, մեկնել է Թուրքիայի և այլ անհայտ երկրների միջոցով, 2011թ. հունիսի 26-ին ապօրինաբար մուտք գործել Շվեյցարիա և 2011թ. հունիսի 27-ին դիմել ապաստանի համար:
45. Դիմողը պնդել է, որ ինքն արել է ամեն հնարավորը հիմնավորելու համար իր պնդումն առ այն, որ Իրան վերադառնալուն պես կարող է ենթարկվել խոշտանգումների լուրջ վտանգի առջև: Նա բացատրել է Միգրացիոն խորհրդին, թե ինչ է տեղի ունեցել Իրանում: Իր պատմության անհամապատասխանությունները վերաբերել են միայն աննշան իրադարձություններին և պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ Միգրացիոն խորհրդի երկու հարցազրուցավարները եղել են տարբեր: Մինչդեռ առաջին հարցազրուցավարը կարճ ամփոփում է պահանջել, երկրորդը` մանրամասն: Հենց այդ պատճառով տրամաբանական է, որ իր պատմության որոշ մանրամասներ, ինչպիսին 2011թ. խուզարկությունն է, նշվել է միայն երկրորդ հարցազրույցի ընթացքում: Բացի դրանից, պետք է հաշվի առնել, որ երկու հարցազրույցների միջև ժամանակահատվածը եղել է գրեթե երկու տարի: Ոչ ոք չի կարող ակնկալել նույն պատմությունն այդքան երկար ժամանակ անց:
46. Դիմողն այնուհետև ընդգծել է, որ նա ներկայացրել է աջակցող փաստաթղթեր, որոնք վկայում են իրանական ռեժիմի կողմից իրեն հալածելու մեջ: Նա ներկայացրել է Թեհրանի հեղափոխական դատարանի 2011թ. մայիսի 10-ի ծանուցագրի բնօրինակը Միգրացիոն խորհրդին առաջին հարցազրույցի ընթացքում: Բացի դրանից, նա ներկայացրել է 2013թ. փետրվարի 5-ի ծանուցագրի և 2013թ. մայիսի 7-ի վճռի պատճենները: Նա հայտարարել է, որ այդ փաստաթղթերը անտեսվել են Շվեյցարիայի իշխանությունների կողմից, թեև նրանք ի զորու էին ցրել Իրանում հալածանքների ենթարկվելու վերաբերյալ կասկածները: Նա հայտարարել է, որ չի կարողացել ներկայացնել 2013թ. փետրվարի 5-ի ծանուցագրի և 2013թ. մայիսի 7-ի Դաշնային վարչական դատարանը վճռի բնօրինակները, քանի որ նրա ընտանիքը չէր կարողացել ուղարկել բնագրերն անմիջապես: Նրանք քիչ ժամանակ են ունեցել և վախեցել են, որ փոստով բնօրինակների առաքումը կարող է վերահսկվել իրանական իշխանությունների կողմից: Այն ժամանակահատվածում, որ իր գործը քննվում էր Դաշնային վարչական դատարանում, իր ընտանիքն ուղարկել է նրան միայն պատճենները: Պատճենները, հետևաբար, միակ ապացույցն էին, որ նա կարողացել է ներկայացնել Դաշնային վարչական դատարանին` ի նպաստ իր պահանջի: Ի պատասխան Կառավարության հարցմանն առ այն, թե ինչ եղանակով են ուղարկվել իրեն օրինակները, դիմողը հայտարարել է, որ դրանք ուղարկվել են փոստով:
47. Դիմողն այնուհետև նշել է, որ ինքն արել է ամեն հնարավորը` ցրելու համար ցանկացած կասկած ծանուցագրի ու վճռի իսկության վերաբերյալ: Նա առաջարկել է Դաշնային վարչական դատարանին, որ ծանուցագրի և դատավճռի բնօրինակները ներկայացվեն Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատուն, որպեսզի ստուգվի փաստաթղթերի իսկությունը: Նա պնդել է, որ Դաշնային վարչական դատարանը չի արձագանքել այդ առաջարկին, սակայն արագորեն կայացրել է վճիռը` առանց նույնիսկ Միգրացիոն խորհրդի տեսակետը հարցնելու: Հաշվի առնելով, որ Դաշնային վարչական դատարանը չի արձագանքել դիմողի առաջարկին` նրա ընտանիքը չի համարձակվել փաստաթղթերը տանել դեսպանատուն սեփական նախաձեռնությամբ, առաջին հերթին, այն պատճառով, որ հնարավոր չէ մուտք գործել դեսպանատուն առանց հրավերի և երկրորդը` որովհետև նրա ընտանիքի անդամները կենթարկվեին լուրջ վտանգի, որ դեսպանատան դիմաց առկա պահակախումբը կհարցներ, թե ինչու են նրանք ցանկանում ներս գնալ: Նրա քույրը, հետևաբար, պահպանել է փաստաթղթերն անվտանգ վայրում և սպասել հրավերի` դրանք դեսպանատուն տանելու համար: Երբ նա իմացել է, որ Դաշնային վարչական դատարանը մերժել է դիմողի ապաստան ստանալու վերաբերյալ դիմումը, նա տարել է փաստաթղթերը Քարաջում գտնվող իր ծնողների տուն: 2013թ. օգոստոսին դիմողի մեկ այլ քրոջ ամուսինը վերջապես համարձակվել է ուղարկել բնօրինակները դիմողին:
(b) Կառավարությունը
48. Կառավարությունը վիճարկել է դիմողի փաստարկները: Նա ուներ այն տեսակետը, որ չկար իրական վտանգ առ այն, որ դիմողն Իրան վերադառնալու դեպքում կարող է ենթարկել 3-րդ հոդվածի երաշխիքներին հակառակ վերաբերմունքի: Կառավարությունը կիսում է Միգրացիոն խորհրդի և Դաշնային վարչական դատարանի տեսակետն առ այն, որ Իրանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ դիմողի նկարագրությունն արժանահավատ չէ: Այն ընդգծել է դիմողի երկու հարցաքննությունների միջև հակասությունները` առաջին ծանուցագիր առաքման, ծնողների տանը իրականացրած խուզարկության, նախքան Իրանից իր փախուստը իր թաքստոցի և վերջին հանրահավաքի ընթացքում իր ընկերների ձերբակալման վերաբերյալ: Բոլոր հակասությունները, հետևաբար, վճռական դեր ունեն դիմողի պատմության մեջ:
49. Կառավարությունը նաև կիսում է Միգրացիոն խորհրդի այն տեսակետը, որ 2011թ. մայիսի 10-ի ծանուցագրերը չեն ապացուցում Իրանում հետապնդման վտանգի հնարավորությունը: Այն պնդել է, որ, դիմողի պատմության անարժանահավատության պատճառով առկա էր բացարձակ անհրաժեշտություն ստուգելու 2013թ. փետրվարի 5-ի ծանուցագրի և 2013թ. մայիսի 7-ի վճռի պատճենների իսկությունը: Կառավարությունը պնդել է, որ նման փաստաթղթերը կարող են ձեռք բերվել Իրանում: Ավելին, այն ուներ այն տեսակետն, որ դիմողը պարտավոր էր 2013թ. մայիսի 7-ի վճռի բնօրինակները ներկայացնել Դաշնային վարչական դատարան, քանի որ վճռի բնօրինակը հանձնվում է դատապարտված անձանց նույնիսկ Իրանում: Եթե դիմողի ընտանիքն իսկապես վախենում էր ուղարկել բնօրինակները դիմողին, ապա դիմողը կարող էր գոնե բացատրել, թե ինչ եղանակով է նա ստացել պատճենները: Այդպիսի տեղեկատվությունը կարող է շատ օգտակար լինել:
50. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ Դաշնային վարչական դատարանում դիմողի շահերը ներկայացրել է ապաստանի գործերով խորհրդատուն: Կառավարության կարծիքով Դաշնային վարչական դատարանի միջանկյալ որոշումից հետ խորհրդատուն պետք է տեղյակ պահեր իրեն, որ Դաշնային վարչական դատարանը չի ընդունել պատճենները որպես ապացույց: Դիմողը կարող էր ներկայացրել բնօրինակները Դաշնային վարչական դատարան, որպեսզի այն կարողանար ստուգել փաստաթղթի իսկությունը: Բացի դրանից, դիմողը կարող էր խնդրել իր քրոջը, ով ապրում էր Թեհրանում, տանել բնօրինակ փաստաթղթերն Իրանում Շվեյցարիայի դեսպանատուն, փաստաթղթերի իսկությունը և ճշգրտությունը ստուգելու համար` Դաշնային վարչական դատարանին խնդրելու փոխարեն:
51. Կառավարությունը չի կատարել որևէ հետագա մեկնաբանություն դիմողի պնդման վերաբերյալ առ այն, որ 2013թ. փետրվարի 5-ի ծանուցագրի և 2013թ. մայիսի 7-ի վճռի բնօրինակները 2013թ. օգոստոսի ամսից եղել են իր տիրապետման ներքո, սակայն անդրադարձել է այդ փաստաթղթերի պատճենների հետ կապված մեկնաբանություններին:
2. Դատարանի գնահատականը
(a) Համապատասխան սկզբունքների համառոտ ամփոփում
52. Դատարանը կրկնում է, որ Պայմանավորվող պետությունները միջազգային իրավունքի տեսանկյունից և հաշվի առնելով պայմանագրային պարտավորությունները` իրավունք ունեն վերահսկել օտարերկրացիների մուտքը, բնակությունը և արտաքսումը (տե՛ս R.C. v. Sweden, թիվ 41827/07, կետ 48, 2010թ. մարտի 9, տե՛ս նաև Նner v. the Netherlands [GC], թիվ 46410/99, կետ 54, ՄԻԵԴ 2006թ.-XII): Այնուամենայնիվ, Պայմանավորվող պետության կողմից արտաքսումը կարող է առաջացնել խնդիրներ 3-րդ հոդվածի ներքո, և, հետևաբար, պետությանը պատասխանատվության ենթարկել Կոնվենցիայի ներքո, եթե առկա են լուրջ հիմքեր առ այն, որ անձն արտաքսվելու դեպքում կարող է ենթարկվել 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի: Այդ դեպքում 3-րդ հոդվածը նախատեսում է անձին այդ երկիր չարտաքսելու պարտավորություն (տե՛ս Saadi v. Italy [GC], թիվ 37201/06, կետ 125, ՄԻԵԴ 2008թ.):
53. Որոշելու համար, թե արդյոք կա վատ վերաբերմունքի ենթարկվելու իրական վտանգ` Դատարանը պետք է քննի դիմողի արտաքսման կանխատեսելի հետևանքները` հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը և իր անձնական հանգամանքները (տե՛ս El-Masri v. the former Yugoslav Republic of Macedonia [GC], թիվ 39630/09, կետ 213, ՄԻԵԴ 2012թ., տե՛ս նաև Vilvarajah and Others v. the United Kingdom, 1991թ. հոկտեմբերի 30, կետ 108, Սերիա A, թիվ 215):
54. Ինչ վերաբերում է այդ ժամանակահատվածին, վատ վերաբերմունքի իրական վտանգի առկայությունը պետք է գնահատվի, առաջին հերթին, հաշվի առնելով այն փաստերը, որոնք հայտնի են կամ պետք է հայտնի լինեն Պայմանավորվող պետությանը արտաքսման պահին (տե՛ս վերը նշված Սաադիի գործը, կետ 133):
55. Ինչ վերաբերում է վատ վերաբերմունքի վտանգի ապացուցման բեռին, Դատարանն ընդունում է, որ, հաշվի առնելով հատուկ իրավիճակը, որում հաճախ գտնվում են ապաստան հայցողները, հաճախ անհրաժեշտ է նրանց տալ անմեղության կանխավարկած, երբ խոսքը վերաբերում է իրենց ներկայացրած հայտարարությունների և փաստաթղթերի արժանահավատության գնահատմանը: Սակայն, երբ տեղեկատվություն է ներկայացվում, որը խիստ կասկածի տակ է առնում ապաստան հայցողի կողմից ներկայացված փաստաթղթերի ճշմարտացիությունը, ապա անձը պետք է ապահովի բավարար բացատրություն ենթադրյալ անհամապատասխանության կապակցությամբ: Սկզբունքորեն դիմողը պետք է ապացուցի, որ կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ, եթե իրականացվի տվյալ միջոցառումը, նա կենթարկվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի: Եթե ներկայացվում են նման ապացույցներ, ապա Կառավարությունը պետք է ցրի նման ցանկացած կասկած (տե՛ս N. v. Sweden, թիվ 23505/09, կետ 53, 2010թ. հուլիսի 20):
(b) Սույն գործում այս սկզբունքների կիրառումը
56. Սույն գործում Դատարանը նկատում է, որ ի սկզբանե դիմողը պետք է վերադարձվեր մի երկիր, որտեղ ըստ բոլոր հատկանիշների մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը խիստ մտահոգիչ է: Իրանի հասանելի տեղեկատվության շնորհիվ (ինչպես սահմանված է վերը` կետեր 35-38) երևում է, որ Իրանի իշխանությունները հաճախ բերման են ենթարկում և վատ վերաբերմունքի ենթարկում անձանց, ովքեր խաղաղ մասնակցում են ընդդիմադիր ցույցերին և որ 2009թ. հետընտրական ցույցերից հետո իրավիճակը չի մեղմացել: Դատարանն արդեն նշել է Իրան արտաքսելու կապակցությամբ իր նախադեպային իրավունքում (տե՛ս S.F. and Others v. Sweden, թիվ 52077/10, կետ 63, 2012թ. մայիսի 15 և R.C. v. Sweden, թիվ 41827/07, կետ 49, 2010թ. մարտի 9), որ ոչ միայն քաղաքական կազմակերպությունների առաջնորդները կամ այլ բարձրաստիճան անձինք են ձերբակալվում, այլ ցանկացած անձ, ով որևէ կերպ հակադրվում է ներկայիս իրանական ռեժիմին կարող է ձերբակալվել` ենթարկվելով վատ վերաբերմունքի կամ խոշտանգումների վտանգի: Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ վերջին զեկույցները ցույց են տալիս, որ վերը նշված Դատարանի նախադեպային իրավունքի գնահատականը դեռևս կիրառվում է:
57. Մինչդեռ, տեղյակ լինելով Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների արձանագրություններից, ինչպես նշվել է վերը, Դատարանը չի գտել,որ դրանք իրենց բնույթով կարող են լինել Կոնվենցիայի խախտում, եթե դիմողը վերադառնա այդ երկիր: Դատարանը պետք է պարզի, թե արդյոք դիմողի անձնական իրավիճակն այնպիսին է, որ նրա վերադարձը Իրան հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին (տե՛ս վերը` S.F. and Others v. Sweden, կետ 63, նաև R.C.v. Sweden, կետ 49):
58. Դատարանը նշում է, որ ըստ դիմողի պնդման նա հեռակա կարգով դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման, տուգանքի և մտրակի 70 հարվածների հակառեժիմային ցույցերին իր մասնակցության համար: Դատարանը գտել է, որ եթե դիմողի ազատազրկման վճիռն ի կատար ածվեր, ինչպես որ նա պնդում է, ապա դա կառաջացներ կանխամտածված և ծանր ֆիզիկական տառապանք, որը պետք է որակվի որպես խոշտանգում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով: Քանի որ դիմողը հեռացել է Իրանից առանց ելքի թույլտվության և առանց անձնագրի` նա, ամենայն հավանականությամբ, Իրան վերադառնալուն պես պետք է ձերբակալվի (տե՛ս վերը` R.C. v. Sweden, կետեր 35 և 56, 2010թ. մարտի 9): Վճիռն ամենայն հավանականությամբ կկիրառվի նրա վերադարձից հետո: Ավելին, համաձայն Իրանի քաղբանտարկյալների բանտային պայմանների վերաբերյալ զեկույցների (տե՛ս վերը կետեր 35-38)` դիմողը կարող է ենթարկվել անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու խոշտանգումների ազատազրկման ընթացքում:
59. Որոշելիս, թե արդյոք դիմողը բավարար ապացույցներ է ներկայացրել հիմնավորելու համար, որ առկա է իրական վտանգ, որ նա կարող է ենթարկվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի` Դատարանը համամիտ է ազգային իշխանությունների հետ առ այն, որ դիմողի պատմության մեջ առկա են որոշ թերություններ, հատկապես, երբ նա ներկայացրել է առաջին ծանուցագրի ստացման և 2011թ. մայիսի 10-ին իր ծնողների տան խուզարկության հանգամանքները: Դատարանը հետագայում համաձայնել է ազգային իշխանությունների հետ, որ հակասությունները չեն կարող բացատրվել դիմողի պնդումներով, որ երկրորդ լսումները կողմնակալ էին: Այն փաստը, որ ոչ կառավարական կազմակերպության չեզոք վկան ներկա է եղել լսումների ընթացքում, և որ այդ վկան չի արձանագրել որևէ խախտում, ապացուցում է, որ հարցազրույցը իրականացվել է արդար եղանակով:
60. Դատարանը նշում է, սակայն, որ երկու հարցազրույցներում դիմողի զեկույցների վստահելիությունը չի կարող գնահատվել առանձին, այլ պետք է քննվի նրա հետագա բացատրությունների լույսի ներքո: Դատարանը համաձայն չէ շվեյցարական իշխանությունների հետ, որ այդ բացատրությունները, ընդհանուր առմամբ, բավարար չեն ցրելու համար իր պատմության հավաստիության կասկածները: Այն համաձայն է դիմողի հետ, որ երկու լսումների տարբեր բնույթը չի կարելի հիմք ընդունել նրա զեկույցի վստահելիությունը գնահատելիս: Առաջին լսումների արձանագրությունում առկա հարցազրուցավարի մեկնաբանությունից երևում է, որ առաջին լսումների ընթացքում դիմողը հարցաքննվել է միայն թռուցիկ կերպով, և նրանից չի ակնկալվել, որ նա կտրամադրի Իրանից իր փախուստին նախորդող իրադարձությունների ամփոփ զեկույց: Իրանի իրադարձությունների վերաբերյալ մանրամասն հարցում եղել է միայն երկրորդ հարցազրույցի ընթացքում, երբ դիմողից ակնկալվել է, որ նա կներկայացնի իրադարձությունների մանրամասն նկարագիր: Այս տարբերությունը կարող է բացատրել դիմողի երկու հարցազրույցներում առկա որոշ խոշոր անհամապատասխանությունները, որոնք պարտադիր չէ, որ պետք է մեկնաբանվեն որպես հակասական հայտարարություններ, այլ կարող են դիտվել, որ դիմողը տվել է իրադարձությունների սեղմված ու կրճատված նկարագրություն` հաշվի առնելով առաջին լսումների փաստը: Սա հատկապես բացատրում է այն, որ դիմողն առաջին լսումների ընթացքում չի նշել 2011թ. մայիսի 10-ի տան խուզարկության փաստը և, որ նա թաքնվել է իր քրոջ և իր ընկերների տանը նախքան Իրանից հեռանալը:
61. Դատարանն այնուհետև համաձայն է դիմողի հետ առ այն, որ այն փաստը, որ առաջին լսումները տեղի են ունեցել գրեթե իր Շվեյցարիա ժամանելուց անմիջապես հետո, իսկ երկրորդը` Իրանից հեռանալուց գրեթե երկու տարի անց, նույնպես բացատրում է դիմողի զեկույցների միջև տարաձայնությունը:
62. Բացի դրանից, Դատարանը համաձայն չէ Շվեյցարիայի կառավարության հետ պարզապես այն պատճառով, որ որոշ փաստաթղթերի պատճեններն էին ներկայացված և այն պնդման կապակցությամբ, որ նման փաստաթղթերը կարող են տեսականորեն գնված լինել Իրանում, և այն հարցը, թե արդյոք դիմողը կարողացել է ապացուցել, որ նա կարող է ենթարկվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի, որոշվել է բացառապես երկու հարցազրույցների հիման վրա` առանց հաշվի առնելու ներկայացված փաստաթղթերը: Այս մոտեցումը անտեսում է ապաստան հայցողների հատուկ իրավիճակը և նրանց առանձնահատուկ դժվարությունները, որոնք ապացուցում են իրենց երկրներում հետապնդումների ենթարկվելու փաստը (տե՛ս վերը` կետ 55): Դիմողի պատմության հավաստիությունը պետք է, հետևաբար, նաև գնահատվի ներկայացված փաստաթղթերի համատեքստում:
63. Հետագայում անհրաժեշտ է նշել, որ դիմողին երկար ժամանակահատվածով դատապարտելը և մտրակի 70 հարվածների ենթարկելն ինքնին անհավանական է: Ինչպես նշվել է վերը (տե՛ս կետ 37) ոչ միայն քաղաքական կազմակերպությունների առաջնորդները կամ այլ բարձրաստիճան անձինք են ենթարկվում կալանքի և վատ վերաբերմունքի կամ խոշտանգումների, այլ նաև այն անձինք, ովքեր որևէ կերպ հակադրվում են գործող իրանական ռեժիմին: Բացի դրանից, ծեծը տարածված պատիժ է Իրանում ոչ միայն սովորական հանցագործությունների դեպքում, ինչպիսիք գողությունը կամ շնությունն են, այլ նաև քաղաքական գործողությունների համար (տե՛ս վերը` կետեր 35 և 38): Ուստի հավանական է, որ ենթադրյալ դատավճիռը կիրառվել է դիմողի նկատմամբ հակառեժիմային ցույցերին մասնակցելու և թռուցիկներ բաժանելու համար:
64. Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք 2011թ. մայիսի 10-ի և 2013թ. փետրվարի 5-ի ծանուցագրերի և 2013թ. մայիսի 7-ի վճռի պատճենները վավերական և արժանահավատ փաստաթղթերի պատճեններ են` Դատարանը գտնում է, որ այն չի կարող որոշել այդ հարցը: Այնուամենայնիվ, այն հանգել է այն եզրակացության, որ, ներկայացնելով փաստաթղթերը, դիմողն արել է ամեն հնարավորը, ինչը սպասելի է այդ իրավիճակում` ապացուցելու համար իր դատապարտումը Իրանում հակառեժիմային ցույցերին մասնակցելու համար, մինչդեռ, ազգային իշխանությունները` այն է` Շվեյցարիայի կառավարությունը, չի ստուգել փաստաթղթերի իսկությունը:
65. Ինչ վերաբերում է 2011թ. մայիսի 10-ի ծանուցագրին, դիմողը ներկայացրել է փաստաթղթի բնօրինակն իր առաջին լսումների ընթացքում: Փաստաթուղթը, հետևաբար, հնարավորինս արագ տրամադրվել է ազգային իշխանություններին: Ոչ Միգրացիոն խորհուրդը, ոչ էլ Դաշնային վարչական դատարանը չեն վիճարկել ծանուցագրի իսկությունը: Միգրացիոն խորհուրդը չի քննարկել այս հարցը, քանի որ այն գտնում է, որ դիմողի զեկույցը հետևողական չէ և, հետևաբար, ունի այն տեսակետը, որ միայն ծանուցագիրը չի կարող ապացուցել դիմողի հետապնդումը: Դաշնային վարչական դատարանը չի նշել 2011թ. մայիսի 10-ի ծանուցագիրն իր վճռի մեջ: Չկա որևէ ապացույց առ այն, որ Դաշնային վարչական դատարանը ստուգել է դատական ծանուցագրի իսկությունը կամ, որ Դաշնային վարչական դատարանը կապ է հաստատել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան հետ իրեն աջակցելու նպատակով: Միակ անդրադարձը ծանուցագրի իսկության վերաբերյալ կատարել է Շվեյցարիայի կառավարությունը իր դիտարկումներում, որում այն կասկածի տակ է առել դատական ծանուցագրի իսկությունը և պնդել, որ նման փաստաթուղթ կարելի է ձեռք բերել Իրանում: Կառավարությունը չի տրամադրել որևէ պատճառ, ըստ որի այն գտել է, որ ծանուցագրերը կեղծվել են, այլ պարզապես պնդել է, որ դիմողի պատմությունը արժանահավատ չէ: Ինչպես նշվել է վերը` Դատարանը չի կիսում այն տեսակետը, որ դիմողի զեկույցներում առկա հակասություններն այնպիսի լուրջ բնույթ են կրել, որ թույլ տա անտեսել դիմողի փաստաթղթերը, և գտնում է, որ այդ կասկածները կարող էին ցրվել դիմողի հետագա բացատրությունների արդյունքում: Քանի որ չկա ապացույց առ այն, որ Կառավարությունը փորձել է ստուգել դատական ծանուցագրի իսկությունը մասնագետների միջոցով կամ Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան օգնությամբ, հետևաբար, Կառավարությունը չի վիճարկել փաստաթղթերի իսկությունը պատշաճ ձևով: Դատարանը, հետևաբար, ունի այն տեսակետը, որ 2011թ. մայիսի 10-ի ծանուցագիրը չի կարող ողջամտորեն անտեսվել: Ծանուցագիրը համապատասխանում է Իրանում տեղի ունեցած դիմողի 2011թ. մայիսի 10-ի իրադարձությունների վերաբերյալ զեկույցին և, հետևաբար, ճշմարտացիություն է հաղորդում իր պատմությանը:
66. Ինչ վերաբերում է 2013թ. փետրվարի 5-ի ծանուցագրի և 2013թ. մայիսի 7-ի վճռի պատճեններին` Դատարանը համաձայն է Կառավարության պնդմանն առ այն, որ այդ փաստաթղթերի բնօրինակները, անկասկած, ավելի ծանրակշիռ ապացույց կլինեին, դիմողի գործում: Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ դիմողը տրամադրել է ողջամիտ բացատրություն առ այն, թե ինչու են Դաշնային վարչական դատարանում վարույթի ընթացքում ներկայացվել միայն պատճենները, և թե ինչու նա չի կարողացել տրամադրել բնօրինակներն այդ ժամանակահատվածում: Դիմողը բացատրել է, որ նա իմացել է երկրորդ ծանուցագրի և դատարանի վճռի մասին միայն այն ժամանակ, երբ նա իր փաստաբանի խորհրդով կապ է հաստատել իր ընտանիքի անդամների հետ Դաշնային վարչական դատարան դիմում ներկայացնելիս: Քանի որ դիմողին չի ներկայացրել փաստաբան մինչ այդ փուլը` այս բացատրությունը թվում է ճշմարտանման: Ավելին, դիմողը պարզաբանել է, որ իր ընտանիքը չափազանց վախենում էր ուղարկել բնօրինակները փոստով: Հաշվի առնելով իրանական իշխանությունների կողմից տների և նամակագրության հսկողության վերաբերյալ զեկույցները (տե՛ս վերը` կետ 36)` դիմողի պնդումն առ այն, որ իր ընտանիքը չափազանց վախենում էր ուղարկել բնօրինակները փոստով, նույնպես ճշմարտանման է: Նույնը վերաբերում է դիմողի պնդումներին, որ իր քույրը չի համարձակվել տանել բնօրինակները Շվեյցարիայի դեսպանատուն իր սեփական նախաձեռնությամբ, առանց հրավերի, քանի որ նա վախեցել է հարցաքննվել և ստուգվել դեսպանատան առջև կանգնած իրանական պահակների կողմից պաշտոնական գրանցաժամ չունենալու դեպքում: Նաև պետք է հաշվի առնվի այն, որ դիմողի կողմից նկարագրված հանգամանքների և նրա դատավճռի (2013թ. մայիսի 7) և Դաշնային վարչական դատարանի կողմից կայացրած վճռի (2013թ. հուլիսի 2) միջև ընկած ժամանակահատվածը եղել է համեմատաբար կարճ` ձեռք բերելու համար փաստաթղթերի բնօրինակները մի երկրից, որից դիմողը փախել է: Դիմողը, հետևաբար, վստահելի բացատրություն է տվել, թե ինչու ինքը չի կարողացել տրամադրել Դաշնային վարչական դատարանին ներկայացված փաստաթղթերի բնօրինակները:
67. Այնուամենայնիվ, ոչ Դաշնային վարչական դատարանը, ոչ էլ Շվեյցարիայի կառավարությունը չեն ներկայացրել որևէ պատճառ, թե ինչու պատճենները չեն կարող դիտարկվել դիմողի օգտին: Կառավարությունը պարզապես պնդել է, որ ներպետական վարույթի ընթացքում դիմողը չի տվել որևէ բացատրություն, թե ինչպես է ինքը ձեռք բերել պատճենները, և չի ներկայացրել ֆաքսով ուղարկվելու որևէ ապացույց: Դատարանը համաձայնել է Կառավարության հետ, որ նման բացատրություններն օգտակար կլինեին և դիմողի պատմությունը կդարձնեին առավել ճշմարտանման, սակայն, պետք է նշել, որ Դաշնային վարչական դատարանը դիմողից չի պահանջել տրամադրել բնօրինակները, քանի որ պատճենները չեն ունենա որևէ ապացուցողական արժեք: Բացի դրանից անհրաժեշտ է նշել, որ Դատարանի վարույթի ընթացքում դիմողը բավարար կերպով բացատրել է, թե ինչ եղանակով է նա ստացել պատճենները, մասնավորապես, նշելով, որ նա դրանք ստացել է էլ.փոստի միջոցով:
68. Դատարանը նշում է, որ դիմողը չի ունեցել լրացուցիչ հնարավորություն ապացուցելու համար երկրորդ ծանուցագրի իսկությունը, և ազգային իշխանությունների կողմից նրան դատապարտելու վճիռը, քանի որ Դաշնային վարչական դատարանն անտեսել է դիմողի առաջարկը փաստաթղթերի արժանահավատությունը գնահատելու վերաբերյալ: Այն չի հետևել դիմողի առաջարկին պատճենները Միգրացիոն խորհուրդ ներկայացնելու համար, փոխարենը ուղղակիորեն որոշում է կայացրել դիմողի բողոքի հիման վրա: Բացի դրանից, Դաշնային վարչական դատարանը, առանց որևէ պատճառի, ոչ հետևել է դիմողի առաջարկին Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատուն դիմելու վերաբերյալ պահանջելու համար, որպեսզի ենթադրյալ բնօրինակները հանձնվեն դիմողի հարազատների կողմից, և ոչ էլ խնդրել է դեսպանատանը իրեն աջակցել գնահատել, թե արդյոք պատճենները կատարվել են ծանուցագրերի և վճռի բնօրինակներից, թե կա արդյոք որևէ ցուցում առ այն, որ ինչպես գտել է Դաշնային վարչական դատարանը, պատճենված փաստաթղթերը կեղծված են: Բացի դրանից, Կառավարությունը չի արձագանքել դիմողի հայտարարությանը, որ նա արդեն տիրապետում է ծանուցագրերի և վճռի բնօրինակներին և կարող է ներկայացնել դրանք Միգրացիոն խորհուրդ, եթե Կառավարությունը ցանկանա: Դիմողը, հետևաբար, զրկված է եղել որևէ այլ եղանակից ապացուցելու համար, որ նա իսկապես հետապնդվել է իրանական ռեժիմի կողմից:
69. Հաշվի առնելով բոլոր վերը նշված հանգամանքները` Դատարանը եզրակացնում է, որ դիմողն ապացույցներ է ներկայացրել, որ կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ, եթե նա արտաքսվի այդ երկրից նա կկանգնի Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի ենթարկվելու իրական վտանգի առջև, և որ մնացած կասկածները պետք է որոշվեն ի օգուտ դիմողի: Կառավարությունը, մյուս կողմից, չի ցրել կասկածներն առ այն, որ Իրան արտաքսվելու դեպքում դիմողը կենթարկվի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ դիմողի արտաքսման հրամանի իրականացումը հանդիսանում է խախտում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
70. Դիմողն այնուհետև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի` փոխկապակցված 3-րդ հոդվածի ներքո պնդել է, որ նա չի ունեցել արդյունավետ ներպետական միջոց, որի միջոցով կարողանար ապացուցեր, որ նրան ծանուցագիր են ուղարկել կամ, որ նա Թեհրանի հեղափոխական դատարանի կողմից դատապարտվել է 7 տարի ազատազրկման և մտրակի 70 հարվածների և, հետևաբար, ենթարկվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի ենթարկվելու վտանգի: 13-րդ հոդվածը նախատեսում է.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
71. Դատարանը վերը շարադրված 62-69 կետերում գտել է, որ Դաշնային վարչական դատարանը չի ներկայացրել համոզիչ պատճառ, թե ինչու հաշվի չի առել 2011թ. մայիսի 10-ի և 2013թ. փետրվարի 10-ի ծանուցագրերի և 2013թ. մայիսի 7-ի վճռի պատճենները: Մինչդեռ այս գանգատն ընդունելի համարելով` Դատարանը չի գտնում, որ դիմողի գանգատն անհրաժեշտ է քննել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի` փոխկապակցված 3-րդ հոդվածի հետ համաձայն, քանի որ սույն գործի հանգամանքներից ի հայտ չեն գալիս առանձին հարցեր (համեմատե՛լ Kolyadenko and Others v. Russia, թիվ 17423/05, 20534/05, 20678/05, 23263/05, 24283/05 և 35673/05, կետ 227, 2012թ. փետրվարի 28 և Ermakov v. Russia, թիվ 43165/10, կետ 232, 2013թ. նոյեմբերի 7):
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
72. Դիմողը նաև բողոքել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո, որ Միգրացիոն խորհուրդը և Դաշնային վարչական դատարանը խախտել են նրա արդար դատաքննության իրավունքը: Դատարանը նշում է, որ այս դրույթը չի տարածվում ապաստանին առնչվող վարույթի վրա, քանի որ այն չի վերաբերում քաղաքացիական իրավունքներին կամ պարտավորություններին կամ ցանկացած քրեական մեղադրանքին (տե՛ս Maaouia v. France [GC], թիվ 39652/98, կետ 40, ՄԻԵԴ 2000թ.-X): Հետևաբար, այս գանգատն անհամատեղելի է, ratione materiae, Կոնվենցիայի դրույթների հետ և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (a) և 4-րդ կետերի համաձայն:
73. Դիմողն այնուհետև բողոքել է, որ Միգրացիոն խորհրդի և Դաշնային վարչական դատարանի որոշումը խախտել են Կոնվենցիայի 2-րդ, 5-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված իր իրավունքները: Նա չի տրամադրել որևէ կոնկրետ փաստարկներ, թե ինչպես են Շվեյցարիայի իշխանությունները խախտել այդ իրավունքները, և ինչու է նա կարծում, որ Կոնվենցիայի այդ իրավունքները խախտվել են: Հետևում է, որ այդ բողոքները չեն հիմնավորվում: Դրանք, հետևաբար, ակնհայտորեն անհիմն են և պետք է մերժվեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (a) և 4-րդ կետերի համաձայն:
IV. ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԳՐՔԻ 39-ՐԴ ԿԱՆՈՆ
74. Դատարանը նշում է, որ համաձայն Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի տվյալ վճիռը չի դառնա վերջնական մինչև (ա) կողմերը հայտարարեն, որ չեն պահանջի, որպեսզի գործը ուղարկվի Մեծ պալատ, (բ) վճռի կայացումից երեք ամիս անցնելը, եթե պահանջ չի ներկայացվել գործն ուղարկել Մեծ պալատ, (գ) Մեծ պալատի հանձնախումբը մերժի ցանկացած պահանջ Կոնվենցիայի 43-րդ հոդվածի համաձայն:
75. Այն գտնում է, որ Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի (տե՛ս վերը` կետ 4) ներքո Կառավարության համար արված ցուցումը պետք է մնա ուժի մինչև վճռի վերջնական դառնալը կամ մինչև Դատարանն այս կապակցությամբ հետագա որևէ որոշում կայացնի (համեմատե՛լ, mutatis mutandis, A.A.v. Switzerland, թիվ 58802/12, կետեր 64-65, 2014թ. հունվարի 7 և F.G.v. Sweden, թիվ 43611/11, կետեր 46-47, 2014թ. հունվարի 16):
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
76. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
77. Դիմողը պահանջել է 8168 շվեյցարական ֆրանկ (CHF) (մոտավորապես 6710 եվրո (EUR))` որպես նյութական վնասի փոխհատուցում` պնդելով, որ նա կորցրել է իր աշխատանքը Դաշնային վարչական դատարանի բացասական որոշման պատճառով և, հետևաբար, պետք է փոխհատուցվի նրա ամսական աշխատավարձը (CHF 4084) 2013թ. նոյեմբերից մինչև դեկտեմբեր ամիսները: Նա նաև պահանջել է գումար, որի չափը նա թողել է Դատարանի հայեցողությանը` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
78. Կառավարությունն այն տեսակետն ունի, որ նույնիսկ Կոնվենցիայի խախտման դեպքում չի կարող լինել բավարար կապ նման խախտման և դիմողի աշխատավարձի կորստի միջև: Կառավարությունը հետագայում հայտնել է այն տեսակետը, որ խախտման հայտնաբերման որոշումը որպես այդպիսին կլինի ոչ նյութական վնասի բավարար փոխհատուցում:
79. Դատարանը չի տեսնում բավարար պատճառահետևանքային կապ հնարավոր խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև. այն, հետևաբար, մերժում է այդ պահանջը: Հաշվի առնելով վերը նշված եզրակացությունները (տե՛ս կետ` 69)` Դատարանը գտնում է, որ եզրակացությունը, որ դիմողին արտաքսելու վերաբերյալ հրամանի իրականացումը կարող է առաջացնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, բավարար է և մերժել է դիմողի ոչ նյութական վնասի պահանջը (տե՛ս նաև F.N. and Others v. Sweden թիվ 28774/09, կետ 84, 2012թ. դեկտեմբերի 18):
B. Ծախսեր և ծախքեր
80. Դիմողը նաև պահանջել է 2940 շվեյցարական ֆրանկ (CHF) (մոտավորապես 2415 եվրո) ներպետական դատարանում և այս Դատարանում ընթացող ապաստանի վարույթներում կրած իրավական վճարների և ծախսերի համար: Գումարը կազմել է 300 շվեյցարական ֆրանկ (CHF) դիմողի փաստաբանի խորհրդատվության առաջին ժամի համար, վճարները հետագա խորհրդատվության 20 ժամվա ընթացքում և այլ իրավական աշխատանքների համար դիմողի փաստաբանի կողմից, որի սակագինը կազմել է 100 շվեյցարական ֆրանկ (CHF) մեկ ժամվա համար, և 600 շվեյցարական ֆրանկ (CHF) դատարան վճարների և 40 շվեյցարական ֆրանկ (CHF) հեռախոսի, պատճենների և այլնի ծախսերի համար: Դիմողը տրամադրել է նրա փաստաբանի սակագների ցուցակը, որը հիմնավորում է այս պահանջը:
81. 2013թ. դեկտեմբերի 23-ի իր հետագա դիտարկումներում դիմողը տեղեկացրել է Դատարանին, որ Դաշնային վարչական դատարանը հաշվարկել է փաստաբանական վճարները և ծախսերը ստանդարտ փոխարժեքով` 150 շվեյցարական ֆրանկ (CHF) 1 ժամի համար: Դիմողը, հետևաբար, ունի այն տեսակետը, որ վճարները և ծախսերը պետք է վճարվեն այդ հիմքով: Ուստի նա պահանջել է 300 շվեյցարական ֆրանկ (CHF) խորհրդատվության առաջին ժամի համար, 3000 շվեյցարական ֆրանկ (CHF) վերը նշված խորհրդատվության հետագա 20 ժամերի համար` գումարած 60 շվեյցարական ֆրանկ (CHF) հեռախոսի, պատճենների և այլ ծախսերի համար և 600 շվեյցարական ֆրանկ (CHF) դատականտուրքերի և 450 շվեյցարական ֆրանկ (CHF) 2013թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Դատարանի հետագա վարույթներում խորհրդատվության երեք ժամերի համար, ինչի ընդհանուր գումարը կազմել է ընդամենը 4410 շվեյցարական ֆրանկ (CHF) (մոտավորապես 3623 եվրո):
82. Կառավարությունը պաշտպանում է այն տեսակետը, որ, Դատարանի Կանոնակարգի 60-րդ կանոնի համաձայն, դիմողը կարող է պահանջել ըստ էության միայն առաջացած ծախսերի փոխհատուցում: Կառավարությունը, հետևաբար, խնդրել է դատարանից նշանակել միայն 2,940 շվեյցարական ֆրանկ (CHF), որը դիմողը պահանջել է 2013թ. հոկտեմբերի 10-ի իր դիտարկումներում:
83. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի`դիմողն իրավունք ունի փոխհատուցում պահանջել ծախսերի և ծախքերի համար, միայն եթե նա ցույց է տալիս, որ դրանք պարտադիր և ողջամիտ են: Սույն գործում, հաշվի առնելով իր տիրապետման ներքո առկա փաստաթղթերը և վերը նշված չափանիշները, Դատարանը գտնում է, որ նպատակահարմար է տրամադրել 2415 եվրո դիմողի խորհրդատուի փաստացի սակագների համաձայն, որոնք ընդգրկում են բոլոր ծախսերը` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել:
C. Տուգանային տոկոսներ
84. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Վճռում է միաձայն, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի` փոխկապակցված 3-րդ հոդվածի հետ համատեղ դիմումն ընդունելի է և դիմումի մնացած մասն անընդունելի:
2. Վճռում է վեց ձայնով ընդդեմ մեկի, որ դիմողի նկատմամբ արտաքսման հրամանի կիրառումը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է:
3. Վճռում է վեց ձայնով ընդդեմ մեկի, որ չկա անհրաժեշտություն գանգատը քննել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի` փոխկապակցված 3-րդ հոդվածի ներքո:
4. Վճռում է միաձայն հիշեցնել Կառավարությանը Դատարանի Կանոնակարգի 39-րդ կանոնը, որ ցանկալի է չարտաքսել դիմողին այնքան ժամանակ, մինչև տվյալ վճիռը դառնա վերջնական կամ մինչև հետագա վիճակումը:
5. Վճռում է վեց ձայնով ընդդեմ մեկի, որ Դատարանի 2-րդ կետի ներքո եզրակացությունն ինքնին ոչ նյութական վնասի բավարար փոխհատուցում է:
6. Վճռում է վեց ձայնով ընդդեմ մեկի,
(a) պատասխանող պետությունը պետք է դիմողին երեք ամսվա ընթացքում վճարի 2415 (երկու հազար չորս հարյուր տասնհինգ եվրո) եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել, որը պետք է փոխակերպվի շվեյցարական ֆրանկի չափով տվյալ ամսաթվի տոկոսադրույքով,
(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում չվճարված գումարի մասով պետք է հաշվարկվի տուգանային տոկոս, ինչը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:
7. Մերժում է, միաձայն, դիմողի` արդարացի բավարարման վերաբերյալ մնացած պահանջը:
Կատարված է անգլերենով, գրավոր հրապարակվել է 2014թ. նոյեմբերի 18-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Սթենլի Նայսմիթ |
Ջիդո Ռայմոնդի |
_______________________
1 M.A. v. Switzerland
