ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԲ-05/12
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Լ. Թադևոսյանի | |
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ` |
Մ. Ավագյանի |
2018 թվականի ապրիլի 15-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի փետրվարի 25-ի, 2009 թվականի ապրիլի 30-ի և 2010 թվականի մարտի 26-ի որոշումների դեմ Ա.Մաթևոսյանի պաշտպան Հ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2006 թվականի ապրիլի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 90501106 քրեական գործը։
Նախաքննության մարմնի` 2006 թվականի մայիսի 20-ի որոշմամբ Ալիկ Մաթևոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով։ Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Մաթևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննության մարմնի` 2006 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ Ա.Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով։
2006 թվականի նոյեմբերի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի օգոստոսի 29-ի դատավճռով Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա.Մաթևոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։
Նույն դատավճռով դատապարտվել են նաև Ռաֆիկ Արայիկի Հարությունյանը և Համլետ Երվանդի Ազիզյանը։
3. Մեղադրողների, ամբաստանյալներ Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի, վերջինիս պաշտպանի և տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2007 թվականի դեկտեմբերի 3-ի դատավճռով Առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի օգոստոսի 29-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքները` առանց բավարարման։
4. 2008 թվականի հուլիսի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է մեղադրողի բողոքը և, բեկանելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2007 թվականի դեկտեմբերի 3-ի դատավճիռը, գործն ուղղարկել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության։
5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2008 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի օգոստոսի 29-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է, Ա.Մաթևոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով ու պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում` 15 (տասնհինգ) տարի ժամկետով։
6. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ Ա.Մաթևոսյանի պաշտպան Հ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ Ա.Մաթևոսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ Ա.Մաթևոսյանի և նրա պաշտպան Հ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության։
Ա.Մաթևոսյանի պաշտպան Հ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2010 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2010 մարտի 26-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը մերժել է` Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։
7. Ա.Մաթևոսյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան կամ Դատարան) 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 52316/09) վճիռ է կայացրել, որով ճանաչել է Ալիկ Մաթևոսյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտման փաստը։
8. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի` Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը` Ա.Մաթևոսյանի պաշտպան Հ.Բաղդասարյանը դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։
Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մարտի 30-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2009 թվականի փետրվարի 25-ի, 2009 թվականի ապրիլի 30-ի և 2010 թվականի մարտի 26-ի որոշումների վերանայման վարույթ, և Ա.Մաթևոսյանի պաշտպան Հ.Բաղդասարյանի բողոքն ընդունվել է վարույթ։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
9. ՀՀ Զինվորական դատախազության ՀԿԳ քննիչ Ա.Կրկյաշարյանի` 2006 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ արձանագրվել է. «(…) Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա.Մաթևոսյանը դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ Նախագահին և ՀՀ Գլխավոր դատախազին, որոնք ստացվել են ՀՀ Զինվորական դատախազությունում։ Նշված դիմում-բողոքներում մեղադրյալ Ա.Մաթևոսյանը նշել է, որ ՀՀ ՊՆ ՌՈ վարչությունում գտնվելու ժամանակահատվածում իրեն և գործով մյուս մեղադրյալ Ռ.Հարությունյանին ծեծի են ենթարկել բաժնի պետ Ղազարյանը, վերջինիս տեղակալը, ինչպես նաև նրա նկատմամբ բռնություն է գործադրվել Աշոտ Մանուկյանի աշխատասենյակում։
ՀՀ ՊՆ ՌՈ վարչության ՊՀ բաժնի պետ Մուրադ Ղազարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ա.Մաթևոսյանի նկատմամբ ՌՈ վարչությունում որևէ բռնություն չի գործադրվել և եթե նման փաստ լիներ ապա բռնություն կիրառած աշխատակիցը կենթարկվեր համապատասխան պատասխանատվության։
Նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև ՕՀ բաժնի պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը և ավագ սպա Աշոտ Մանուկյանը։
Համաձայն ՀՀ ՊՆ ՌՈ վարչության կարգապահական մեկուսարանից ստացված տեղեկանքների Ա.Մաթևոսյանին և Ռ.Հարությունյանին մեկուսարան ընդունելուց ինչպես նաև մեկուսարանում գտնվելու ժամանակահատվածում նրանց վրա մարմնական վնասվածքներ չեն եղել և վերջիններս առողջական վիճակից գանգատներ չեն ներկայացրել։
Այսպիսով, (…) քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ (…) ժամկետային զինծառայողներ Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ ՊՆ ՌՈ վարչությունում գտնվելու ժամանակահատվածում վերոհիշյալ վարչության աշխատակիցների կողմից բռնություն չի գործադրվել, ուստի բացակայում է հանցագործության դեպքը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 156-158)։
10. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով անփոփոխ, իր` 2007 թվականի դեկտեմբերի 3-ի դատավճռով փաստել է. «(...) Ամբաստանյալների հայտարարությունը այն մասին, որ ՀՀ ՊՆ ՌՈ վարչությունում գտնվելու ժամանակահատվածում վարչության աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել, ստուգվել և հերքվել է այդ կապակցությամբ նախապատրաստված նյութերով, համաձայն որոնց ՀՀ ՊՆ ՌՈ վարչությունում գտնվելու ժամանակահատվածում վարչության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստը չի հիմնավորվել և այդ առթիվ քրեական գործ չի հարուցվել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 571-572)։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
11. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.Բողոքի հեղինակը փաստել է, որ դատական ակտի վերանայման հիմք է Եվրոպական դատարանի՝ Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճիռը, համաձայն որի` տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի ընթացակարգային խախտում։
Բողոքաբերը գտել է, որ սույն գործով նախաքննության և դատաքննության ընթացքում խախտվել են Ա.Մաթևոսյանի իրավունքները, վերջինիս նկատմամբ ՀՀ ռազմական ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են ծեծ ու խոշտանգում, և նա չի կարողացել իրավական պաշտպանություն ստանալ ՀՀ դատարաններում, ուստի դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մասնավորապես, Դատարանի վճռով հաստատվել է, որ խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, համաձայն որի` ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։
12. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է հարուցել վերանայման վարույթ, մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով կարճել քրեական գործի վարույթը և Ա.Մաթևոսյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի ընթացակարգային խախտման արձանագրման փաստն արդյո±ք ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի փետրվարի 25-ի, 2009 թվականի ապրիլի 30-ի և 2010 թվականի մարտի 26-ի որոշումներն Ալիկ Մաթևոսյանի մասով վերանայելու հիմք է։14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`
(...)
2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմի առնչությամբ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր կողմից նախկինում արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումը. «[Այդ] նորմի բովանդակությունից հետևում է, որ վճռաբեկ բողոքարկման միջոցով դատական պաշտպանությունը գործադրելի է այն դեպքում, երբ խախտվել կամ կարող են խախտվել անձի (ներկայացվողի) իրավունքները կամ օրինական շահերը։ Հետևաբար անձը վճռաբեկության կարգով կարող է բողոքարկել դատական ակտը միայն իրեն (ներկայացվողին) վերաբերելի մասով և պայմանով, որ այդ ակտով խախտվել են կամ կարող են խախտվել նրա (ներկայացվողի) իրավունքները կամ օրինական շահերը» (տե՛ս «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵԿԴ/0867/07/14 որոշման 15-րդ կետը)։
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`
«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի (մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը գործող խմբագրությամբ) համաձայն`
«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
(…)
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.
(…)։
2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից։
(…)»։
Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (տե՛ս, mutatis mutandis, Գրիշա Վիրաբյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Դավիթ Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09 որոշումները)։
16. Այսպես` Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատու Ա.Մաթևոսյանի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի ընթացակարգային խախտում։
16.1. Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը քննարկվող գործի շրջանակներում վերահաստատել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման դեպքում արդյունավետ քննություն իրականացնելու պետության պարտավորության մասին իր նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները` փաստելով. «(…) [Ե]րբ անհատը վիճարկելի պնդում է ներկայացնում այն մասին, որ իր նկատմամբ ոստիկանության կամ նմանատիպ այլ պետական մարմինների կողմից ցուցաբերվել է խիստ վատ վերաբերմունք` խախտելով 3-րդ հոդվածը, ապա նշված դրույթից, որն անհրաժեշտ է դիտարկել Պետության` Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված հիմնական պարտականության («իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայ[ով] (...)») հետ համակցության մեջ, ինքնաբերաբար ենթադրելի է, որ պահանջվում է արդյունավետ պաշտոնական հետաքննության իրականացում (…)։
(…) Քննություն իրականացնելու պարտականությունը «ոչ թե որևէ արդյունքի հասնելու, այլ միջոցներ ձեռնարկելու պարտականություն է». պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քննություն լինի հաջողված կամ հանգեցնի այնպիսի եզրակացության, որը համընկնում է պահանջ ներկայացրած անձի` դեպքերի մասին տված ցուցմունքներին. այնուամենայնիվ, դրա միջոցով սկզբունքորեն պետք է հնարավոր լինի պարզել գործի փաստերը և, այն դեպքում, երբ պարզվում է, որ պնդումները ճիշտ էին, ապա նաև բացահայտել և, հիմնավորված լինելու դեպքում, պատժել պատասխանատու անձանց։ Ուստի, վատ վերաբերմունքի մասին լուրջ պնդումների քննությունը պետք է մանրակրկիտ լինի։ Դա նշանակում է, որ ցանկացած դեպքում իշխանությունները պետք է ձգտեն պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, և հապճեպ արված կամ անհիմն եզրակացությունները չպետք է հիմք ընդունվեն իրենց քննությունն ավարտելու համար կամ դրվեն իրենց որոշումների հիմքում։ Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները` միջադեպի հետ կապված ապացույցները, այդ թվում` ականատեսների ցուցմունքները, դատաբժշկական և այլ ապացույցներ ապահովելու համար։ Քննության ցանկացած թերություն, որը խոչընդոտում է վնասվածքների պատճառը կամ հանցանքի համար պատասխանատու անձանց ինքնությունը պարզելը, կանգնեցնում է այս չափանիշը խախտելու վտանգի առջև (…)։
(…) [Ո]րպեսզի պետական մարմինների կողմից ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքի գործով քննությունը արդյունավետ լինի, այն պետք է լինի անկախ։ Քննության անկախությամբ ենթադրվում է ոչ միայն ենթակայության կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև գործնական իմաստով անկախություն (…)» (տե՛ս Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 72-74-րդ կետերը)։
16.2. Վերոգրյալ դրույթները կիրառելով քննարկվող գործի փաստական տվյալների նկատմամբ` Եվրոպական դատարանն ընդգծել է. «(…) 2006 թվականի հունիսի 21-ին, inter alia, Գլխավոր դատախազություն դիմումատուի կողմից ներկայացված բողոքի արդյունքում իշխանություններին տեղեկացրել են նրա նկատմամբ ենթադրաբար ցուցաբերված վատ վերաբերմունքի մասին (…)։ Այդ բողոքը եղել է բավականաչափ մանրամասն, պարունակել է հստակ ամսաթվեր, վայրեր և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց անունները։ Դատարանի կարծիքով այն, հետևաբար, կարող է համարվել «վիճարկելի պնդում»։ Ճիշտ է, որ դիմումատուի բողոքը ներկայացվել է ենթադրյալ վատ վերաբերմունքից հետո մեկ ամիս ուշացումով։ Այնուամենայնիվ, Դատարանը չի համարում, որ այդ ուշացումն այնքան երկար էր, որ բողոքը ipso facto (այդ փաստի ուժով) համարվեր անհիմն կամ չունենար հաջողության հասնելու հեռանկար։ Ավելին, բժշկական տեղեկանքների բացակայությունը չի փոխում այս եզրահանգումը։ Ուստի, իշխանությունները դիմումատուի պնդումների մասով արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորություն են ունեցել։
(…) [Դ]իմումատուի` վատ վերաբերմունքի մասին պնդումները քննվել են Զինվորական դատախազության կողմից, որի եզրահանգումները հետագայում հաստատվել են ներպետական դատարանների կողմից (…)։ Հետևաբար, սույն գործով հարցը ոչ այնքան այն է, թե արդյոք ընդհանրապես անցկացվել է որևէ տիպի քննություն, այլ այն, թե արդյոք այն անցկացվել է պատշաճորեն, արդյոք իշխանությունները տրամադրված են եղել լիովին ուսումնասիրել դիմումատուի պնդումները և, համապատասխանաբար, արդյոք քննությունը կարող էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով համարվել «արդյունավետ» (…) (տե՛ս Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 75-76-րդ կետերը)։
16.3. Անդրադառնալով դիմումատուների նկատմամբ իրականացված քննության արդյունավետությանը` Եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) 2006 թվականի հունիսի 21-ին, inter alia, Գլխավոր դատախազություն նրա կողմից ներկայացված բողոքն ուղարկվել է Զինվորական դատախազություն, որն էլ հենց զբաղվում էր նրա դեմ հարուցված քրեական գործի քննությամբ։ Ավելին, նրա բողոքն ուղարկվել է նույն քրեական գործի քննության համար պատասխանատու քննիչ Ա.Կ.-ին, որն էլ ի վերջո որոշել է ռազմական ոստիկանության համապատասխան աշխատակիցների նկատմամբ հետապնդում չիրականացնել։ Դատարանը նկատում է, որ կազմակերպական ենթակայության տեսանկյունից Ռազմական ոստիկանությունն առանձին մարմին է, որը ենթակա է Պաշտպանության նախարարությանը, այլ ոչ թե Զինվորական դատախազությանը, որը մտնում է հետապնդում իրականացնող մարմինների կազմի մեջ։ Սակայն հաշվի առնելով այն, որ քննիչ Ա.Կ.-ն կոչված էր քննելու ռազմական ոստիկանության այն աշխատակիցների գործողությունները, որոնք ներգրավված էին եղել իրեն հանձնարարված քրեական գործի նախնական քննության մեջ, և որ դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին պնդումների քննության արդյունքը պարտադիր հետևանքներ կունենար այդ գործով ապացույցների ընդունելիության վրա, Դատարանը չի կարող այդպիսի քննությունը համարել անկախության պահանջը բավարարող։ Ուշագրավ է այն, որ քննիչ Ա.Կ.-ի որոշումը, որով մերժվում էր քրեական գործի հարուցումը, պարունակում էր ընդհանրացված եզրակացություններ, որոնք զուրկ էին որևէ պատճառաբանությունից։ Եվ որ ամենակարևորն է, որևէ բացատրություն չի տրվել այն մասին, թե ինչու են ռազմական ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները համարվել ավելի վստահելի, քան դեպքերի մասին դիմումատուի տված ցուցմունքները (…)։ Դա ցույց է տալիս, որ քննություն իրականացնող մարմինն առանց որևէ հիմնավորման նախապատվությունը տվել է ոստիկանության աշխատակիցների կողմից տրամադրված ապացույցներին (…)։
(…) [Ի]շխանությունները դիմումատուի` վատ վերաբերմունքի մասին պնդումների մասին տեղեկացել են 2006 թվականի հունիսի 21-ին։ Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումից երևում է, որ Ա.Կ.-ի կողմից ձեռնարկված միակ քննչական միջոցառումը եղել է դիմումատուի բողոքն ստանալուց երեք ամիս հետո ռազմական ոստիկանության այն աշխատակիցներին հարցաքննելը, որոնք ենթադրաբար վատ են վերաբերվել նրան։ Մասնավորապես, համապատասխան արձանագրությունների համաձայն` Մ.Ղ.-ն, Ա.Մար.-ը և Ա.Մ.-ն հարցաքննվել են 2006 թվականի սեպտեմբերի 21-ին (…)։ Հարցաքննությանը նախորդող երեք ամիսների ընթացքում կամ դրանից հետո այլ միջոցառումներ չեն ձեռնարկվել, մինչդեռ Ա.Կ.-ն նշված աշխատակիցների դեմ քրեական գործ հարուցելը մերժելու մասին իր որոշումն արդեն իսկ կայացրել է 2006 թվականի սեպտեմբերի 23-ին` հիմնվելով զուտ նրանց ցուցմունքների և կարգապահական մեկուսարանի պետի գրության վրա (…)։ Այս համատեքստում Դատարանը գտնում է, որ իշխանությունները դիմումատուի բողոքին չեն արձագանքել արագ և պատշաճ կերպով։
(…) [Հ]ետապնդում իրականացնող մարմինն ունեցել է դիմումատուին, ոստիկանության աշխատակիցներին և վկաներին հարցաքննելու, բժշկական զննություն նշանակելու և այլ ապացույցներ ձեռք բերելու լիազորություն։ Փոխարենը զինվորական դատախազության քննիչը պարզապես հարցաքննել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց և իր եզրակացությունների համար հիմք է ընդունել նրանց ցուցմունքները` ժխտելով դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքը։ Դատարանը նկատում է, որ քննիչը չի հարցաքննել դիմումատուին, առավել ևս չի փորձել նշված աշխատակիցների հետ առերեսում իրականացնելու միջոցով պարզել դեպքերի մասին նրանց հակասող պնդումները։
Բացի այդ, քննություն իրականացնող մարմինը դիմումատուի բողոքն ստանալուց անմիջապես հետո չի նշանակել բժշկական զննություն, որը հնարավոր է, որ հանգեցրել է կարևոր նշանակություն ունեցող ապացույցների կորստի։ Փոխարենը, քննիչը հիմնվել է ռազմական ոստիկանության շտաբի մեկուսարանի պետի գրության վրա, որի մեջ նշվում էր, որ դիմումատուի վրա մարմնական վնասվածքների նշաններ չեն եղել։ Դատարանն, այնուամենայնիվ, նկատում է, որ գրությունը չի հիմնավորվել որևէ բժշկական փաստաթղթով, ինչպես նաև դրանից չէր կարելի ենթադրել, որ դիմումատուն բժշկական զննություն է անցել։ Դատարանը նաև նկատում է, որ դիմումատուն բժշկական զննության է ենթարկվել ենթադրյալ վատ վերաբերմունքից միայն մեկ տարի անց` [Առաջին ատյանի] դատարանի որոշումից հետո։ Ուշ անցկացվելու և բժշկական փաստաթղթերի բացակայության պատճառով բժշկական զննությունը չի հանգեցրել որևէ օգտակար եզրակացության (…) (տե՛ս Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 77-80-րդ կետերը)։
16.4. Վերոգրյալի արդյունքում Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ իշխանությունները չեն իրականացրել Ա.Մաթևոսյանի` վատ վերաբերմունքի մասին պնդումների արդյունավետ քննություն։ Հետևաբար, ըստ Դատարանի, դիմումատու Ա.Մաթևոսյանի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի խախտում (տե՛ս Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 81-82-րդ կետերը)։
17. Հիմք ընդունելով վերոշարադրյալը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի լույսի ներքո հաշվի առնելով նույն օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի ընթացակարգային խախտման արձանագրման փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի փետրվարի 25-ի, 2009 թվականի ապրիլի 30-ի և 2010 թվականի մարտի 26-ի որոշումները Ա.Մաթևոսյանի մասով վերանայելու հիմք է։
18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի ընթացակարգային խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցն արդյո±ք վիճարկվող դատական ակտերը Ա.Մաթևոսյանի մասով բեկանելը և գործն այդ մասով նոր քննության ուղարկելն է։
19. Վճռաբեկ դատարանը կրկնում է իր կողմից նախկինում արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումները. «(...) Եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման դեպքում պետությունները Կոնվենցիայի 1-ին հոդվածով ստանձնած իրենց պարտավորությունների շրջանակներում պարտավորվում են իրականացնել արդյունավետ քննություն։ Որպեսզի քննությունը համարվի «արդյունավետ», պետք է ունակ լինի հանգեցնելու վիճելի փաստերի հաստատմանը և, հնարավորության դեպքում` անթույլատրելի վերաբերմունք դրսևորելու համար պատասխանատու անձանց բացահայտմանն ու պատժին (տե՛ս, mutatis mutandis, Jeronovičs v. Latvia գործով Եվրոպական դատարանի [ՄՊ]` 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44898/10, կետ 103)։ Մասնավորապես, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ 3-րդ հոդվածի խախտումը չի կարող շտկվել սոսկ խախտման զոհին փոխհատուցում տրամադրելու միջոցով։ Եթե իշխանությունները վատ վերաբերմունքի համար պետական գործակալներին չպատժեն, այլ բավարարվեն միայն տուժածին փոխհատուցում տրամադրելով, ապա վերջիններս հնարավորություն կստանան անպատիժ մնալու և ոտնահարելու իրենց հսկողության տակ գտնվող անձանց իրավունքները։ Նման պարագայում խոշտանգման, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի իրավական արգելքը, անկախ իր հիմնարար կարևորությունից, գործնականում արդյունավետ չի գործի (տե՛ս, mutatis mutandis, Jeronovičs v. Latvia գործով Եվրոպական դատարանի [ՄՊ]` 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44898/10, Gafgen v. Germany գործով Եվրոպական դատարանի` 2010 թվականի հունիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 22978/05, Krastanov v. Bulgaria գործով Եվրոպական դատարանի` 2004 թվականի սեպտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 50222/99) (տե՛ս Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15 որոշման 16.1-րդ կետը)։
20. Հաշվի առնելով Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի շրջանակներում Եվրոպական դատարանի արտահայտած և սույն որոշման 16.1.-16.4.-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները, գնահատելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտման բնույթը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի լույսի ներքո հիմք ընդունելով նույն օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի ընթացակարգային խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը Ա.Մաթևոսյանի մասով բեկանելը և գործն այդ մասով նոր քննության ուղարկելն է։
21. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի փետրվարի 25-ի, 2009 թվականի ապրիլի 30-ի և 2010 թվականի մարտի 26-ի որոշումները` Ալիկ Մաթևոսյանի մասով վերանայման արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի օգոստոսի 29-ի ու Վերաքննիչ դատարանի՝ 2008 թվականի նոյեմբերի 12-ի որոշումները Ա.Մաթևոսյանի մասով պետք է բեկանել և գործն այդ մասով ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության։
22. Անդրադառնալով Ալիկ Մաթևոսյանի խափանման միջոցի հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմաններն ու հիմքերը։ Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Ա.Մաթևոսյանին վերագրված հանցագործությունների հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, կատարման եղանակը և շարժառիթը, արձանագրում է, որ Ա.Մաթևոսյանը, մինչև գործի նոր քննության ընթացքում խափանման միջոցի հարցի լուծումը մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել դատարանում գործի քննությանը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2009 թվականի փետրվարի 25-ի, 2009 թվականի ապրիլի 30-ի և 2010 թվականի մարտի 26-ի որոշումները Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի մասով վերանայել։
2. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի օգոստոսի 29-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի մասով բեկանել ու գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։3. Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ`
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան