Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.04.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.04.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
07.04.2010
Дата вступления в силу
07.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ  ԵՔԴ/0022/02/09

Քաղաքացիական գործ  թիվ  ԵՔԴ/0022/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

Դատավորներ՝ 

 Ն. Տավարացյան
   Ս. Միքայելյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 07-ին,

քննարկելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Ինգա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2010 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ Հարություն Բաղրամյանի, երրորդ անձ Արծրունի Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին և Արծրունի Խաչատրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Բանկի, Հարություն Բաղրամյանի, երրորդ անձ Արսեն Բաղրամյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աիդա Աբրահամյանի` անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործով կայացված դատական ակտի էությունը 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.10.2009 թվականի վճռով Բանկի հայցը բավարարվել է, իսկ Արծրունի Խաչատրյանի  հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ հայցից հրաժարվելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.01.2010 թվականի որոշմամբ Հարություն Բաղրամյանի միջնորդությունն է բավարարվել և) քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին ենթակետի հիմքով:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ Բանկը վարկային պայմանագիրը կնքել և վարկի գումարը տրամադրել է Հարություն Բաղրամյանին, իսկ վերջինս չի կատարել վարկային պայմանագրով  նախատեսված պարտավորությունը, որի հետևանքով էլ Բանկը դիմել է դատարան` Հարություն Բաղրամյանից գումար բռնագանձելու պահանջով: Գումարի բռնագանձումը գրավի առարկային վրա տարածելու պահանջ սույն գործով Բանկը չի ներկայացրել, այսինքն` քաղաքացիական գործն ըստ Արծրունի Խաչատրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Բանկի, Հարություն Բաղրամյանի, երրորդ անձ Արսեն Բաղրամյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտարի` անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, հիմք չի կարող հանդիսանալ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21.01.2010 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին»   որոշումը: 

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: 

  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ: 

Վերը նշված օրինադրույթների իմաստով դատարանի պարտականությունն է կասեցնելու գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է  նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի վարույթի կասեցման դատարանի պարտականությունը չի ծագում, եթե տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը կարող է հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ դատարանը ՀՀ քաղաքացիական դատվածության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս պարտավոր է`

1. նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն,

2. նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը, որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է կազմում գործի ողջամիտ ժամկետում քննությունը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ նույնիսկ քաղաքացիական դատավարության ժամանակ, երբ ներպետական օրենսդրությունը և պրակտիկան կողմերից են պահանջում նախաձեռնություն ցուցաբերել դատավարական շարժի համար, պետությունը պարտավոր է երաշխավորել դատավարության ողջամտությունը (Տես Կռոտերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 01.02.2005 թվականի վճիռը, կետ 29, CROWTHER v. THE UNITED KINGDOM, 1 February 2005, par. 29): Եվրոպական դատարանը նշել է նաև, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը պահանջում է Բարձր Պայմանավորվող կողմերից իրենց իրավական համակարգը կազմակերպել այնպես, որը թույլ կտա դատարաններին գործել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` մասնավորապես գործի քննության ողջամիտ ժամկետի հետ կապված (Տես Բաչոլզն ընդդեմ Գերմանյայի գործով Եվրոպական դատարանի 06.05.1981 թվականի վճիռը, կետ 51, BUCHHOLZ v. GERMANY, 6 May 1981, par. 51): 

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը կասեցրել է սույն քաղաքացիական գործի վարույթը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհնարին է սույն գործի քննությունը մինչև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ըստ հայցի Արծրունի Խաչատրյանի ընդդեմ Բանկի, Հարություն Բաղրամյանի, երրորդ անձ Արսեն Բաղրամյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աիդա Աբրահամյանի` անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/2168/02/09 քաղաքացիական գործի քննության ավարտը:

Սույն գործի քննության անհնարինությունը Վերաքննիչ դատարանը պայմանավորել է նրանով, որ հայցի բավարարման հիմքը վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունն է, որի կատարման ապահովման միջոց գրավադրվել է Արծրունի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Նուբարաշենի 12-րդ փողոցի թիվ 6 հասցեի բնակարանը, որպիսի պայմանագիրն էլ Արծրունի Խաչատրյանը թիվ ԵԿԴ/2168/02/09 քաղաքացիական գործի շրջանակներում վիճարկում է:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործով Բանկը պահանջել է Հարություն Բաղրամյանից բռնագանձել 7.943.971,20 ՀՀ դրամ վարկի ընդհանուր պարտքի և 158.880 ՀՀ դրամ նախապես մուծված պետական տուրքի գումարները, ինչպես նաև վարկային պայմանագրով նախատեսված տոկոսները: Դատարանի 27.10.2009 թվականի վճռով Բանկի հայցը բավարարվել է, որի դեմ Հարություն Բաղրամյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք: Մինչդեռ թիվ ԵԿԴ/2168/02/09 քաղաքացիական գործով Արծրունի Խաչատրյանի հայցի հիման վրա ընդդեմ Բանկի, Հարություն Բաղրամյանի, երրորդ անձ Արսեն Բաղրամյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աիդա Աբրահամյանի քննվում է անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջը:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած թիվ ԵԿԴ/2168/02/09 քաղաքացիական գործով քննվում է սույն գործով վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար կնքված անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջը, այնուամենայնիվ, այդ հանգամանքը սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու հիմք չէ, քանի որ քննվող իրավահարաբերությունները կամ փաստերը կասեցվող գործի համար պետք է իրավաբանական նշանակություն ունենան, մինչդեռ անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջը սույն գործով Հարություն Բաղրամյանի դեմ ներկայացված գումար բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու համար իրավաբանական նշանակություն չունի:

Նման պայմաններում, ելնելով վերոգրյալից, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ըստ Արծրունի Խաչատրյանի հայցի ընդդեմ Բանկի, Հարություն Բաղրամյանի, երրորդ անձ Արսեն Բաղրամյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աիդա Աբրահամյանի` անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործի քննությունն անհնարին չի դարձնում սույն գործի քննությունը, ուստի և բացակայում է սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2010 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին»  որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան