ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2018 թվականի N 1073-Լ
Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 11-րդ մասը`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):
2. Հաստատել՝
1) հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 13 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ | ՀՀ փոխվարչապետ | |
Հանձնաժողովի անդամներ | ՀՀ վարչապետի խորհրդական | |
ՀՀ առողջապահության նախարար | ||
ՀՀ արդարադատության նախարար | ||
ՀՀ արտաքին գործերի նախարար | ||
ՀՀ կրթության և գիտության նախարար | ||
ՀՀ մշակույթի նախարար | ||
ՀՀ պաշտպանության նախարար | ||
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար | ||
ՀՀ սփյուռքի նախարար | ||
Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 2 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) գործառույթները, գործունեության կազմակերպման, աշխատակարգային որոշումների և խորհրդատվական եզրակացությունների ընդունման կարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով և սույն աշխատակարգով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
3. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության վարչապետին տրամադրում է Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու նախաձեռնության և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով սահմանված անձանց կամ մարմինների կողմից ներկայացված պետական պարգևների կամ պատվավոր կոչումների շնորհման առաջարկությունների վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն:
4. Հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահը, իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
5. Հանձնաժողովի նախագահը՝
1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.
2) հաստատում է հանձնաժողովի նիստերի օրակարգը.
3) ստորագրում է հանձնաժողովի աշխատակարգային որոշումները և խորհրդատվական եզրակացությունները.
4) հանձնաժողովի նիստերին հրավիրում է այլ անձանց.
5) անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր ստանալու նպատակով հարցումներ է ուղղում պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին և անձանց.
6) իրականացնում է հանձնաժողովի ընթացիկ գործունեության ղեկավարմանն ուղղված այլ գործառույթներ:
6. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է իր կողմից որպես փոխարինող նշանակված հանձնաժողովի անդամը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի տարիքով ավագ անդամը: Հանձնաժողովի նախագահին փոխարինող հանձնաժողովի անդամի ձայնը քվեարկության ժամանակ հաշվարկվում է միայն որպես հանձնաժողովի նախագահի ձայն:
7. Հանձնաժողովի անդամը՝
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին և դրանցում անցկացվող քվեարկությանը.
2) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ զեկուցում է հարցը և քվեարկության ներկայացնում խորհրդատվական եզրակացության նախագիծը.
3) կատարում է սույն աշխատակարգով նախատեսված այլ գործողություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:
9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են և խորհրդատվական եզրակացությունը տրամադրվում է խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հանձնաժողովին դիմելու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
10. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով, որում նշվում են՝
1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:
11. Նիստի օրակարգն անհրաժեշտ նյութերով հանձնաժողովի անդամներին է ներկայացվում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հանձնաժողովին դիմելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան նիստից երեք օր առաջ:
12. Օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ նոր նյութեր ստանալու դեպքում դրանք անհապաղ ուղարկվում են հանձնաժողովի անդամներին:
13. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
14. Հանձնաժողովի նախագահի հրավերի հիման վրա հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել այլ անձինք:
15. Յուրաքանչյուր հարցի քննարկման ավարտից հետո հանձնաժողովում տեղի է ունենում բաց քվեարկություն: Հանձնաժողովի անդամը քվեարկում է «կողմ» կամ «դեմ»: Այլ անձինք չեն կարող ներկա գտնվել տեղի ունեցող քվեարկությանը: Եթե քննարկվող հարցը վերաբերվում է հանձնաժողովի անդամին, ապա տվյալ անձը չի մասնակցում քվեարկությանը:
16. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունն ստորագրում է հանձնաժողովի նախագահը:
17. Հանձնաժողովի նախագահն ընդունված խորհրդատվական եզրակացությունը և նիստի արձանագրությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:
18. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը և արտահայտված դիրքորոշումները ենթակա չեն հրապարակման: Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության պետական պարգևով կամ պատվավոր կոչումով պարգևատրման առաջադրվող անձի, կոլեկտիվի կամ զորամասի ղեկավարի դիմումի հիման վրա նրան տրամադրում է խորհրդատվական եզրակացությունից քաղվածք:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ խորհրդատվական ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
19. Հանձնաժողովն ընդունում է աշխատակարգային որոշումներ և խորհրդատվական եզրակացություններ:
20. Հանձնաժողովի աշխատակարգային որոշմամբ լուծվում են հանձնաժողովի գործունեության կազմակերպման հետ կապված հարցերը:
21. Հանձնաժողովի աշխատակարգային որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
22. Հանձնաժողովի խորհրդատվական եզրակացություններն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
23. Ընդունված խորհրդատվական եզրակացությունից տարբերվող դիրքորոշում ունենալու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ գրավոր կարծիք։ Հատուկ կարծիքը ներկայացվում է հանձնաժողովի նիստում՝ այն ներկայացնող հանձնաժողովի անդամի ստորագրությամբ և կցվում է արձանագրությանը:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
24. Հանձնաժողովի գործունեությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժինը (այսուհետ՝ աշխատակազմ):
25. Աշխատակազմը՝
1) ապահովում է հանձնաժողովի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումը.
2) հանձնաժողովին է ներկայացնում պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացված առաջարկությունները կամ հայտնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի նախաձեռնության մասին՝ փոխանցելով վերաբերելի նյութերը.
3) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրումը և արձանագրությունների պահպանումը.
4) ապահովում է հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության փոխանցումը Հայաստանի Հանրապետության վարչապետին.
5) ապահովում է հանձնաժողովի նիստի օրակարգի և նյութերի փոխանցումը հանձնաժողովի անդամներին.
6) կատարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեության ապահովմանն ուղղված այլ գործողություններ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |