«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մարտի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013081
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 փետրվարի 2013 թ. |
թիվ 41-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՈՐՈՇ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում արժեթղթերով, արտարժույթով, ածանցյալ գործիքներով կամ դրամական շուկայի գործիքներով առքի, վաճառքի կամ փոխանակման գործառույթներ իրականացնելու վերաբերյալ որոշում կայացնող անձանց որակավորման մակարդակը և մասնագիտական պատրաստվածությունը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 146-Ն որոշմամբ հաստատված «Բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ բանկի գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում ազդեցություն ունեցող աշխատակիցներին բանկի ղեկավար համարելու ուղեցույցի» 3-րդ կետի 3.6 ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի դիլերներին համարել բանկի ղեկավար: Սույն որոշման իմաստով դիլեր են համարվում բանկի այն աշխատակիցները, ովքեր որոշում են արտարժույթի, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի առքի, վաճառքի կամ փոխանակման կամ ռեպո գործարքների կնքման պայմանները (այդ թվում՝ գին, ծավալ, քանակ, տոկոսադրույք, կնքման, կատարման, մարման և այլ ժամկետներ և (կամ) այլ պայմաններ):
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետ` Կանոնակարգ 1) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգ 1-ի 4-րդ կետը.
ա. «ներքին աուդիտի ղեկավարը և անդամները,» բառերից հետո լրացնել «դիլեր(ներ)ը,» բառով,
բ. լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընդ որում, դիլեր են համարվում բանկի այն աշխատակիցները, ովքեր որոշում են արտարժույթի, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի առքի, վաճառքի կամ փոխանակման կամ ռեպո գործարքների կնքման պայմանները (այդ թվում՝ գին, ծավալ, քանակ, տոկոսադրույք, կնքման, կատարման, մարման և այլ ժամկետներ և/կամ այլ պայմաններ):»:
2) Կանոնակարգ 1-ի 10.3 գլխի վերնագիրը «բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի» բառերից հետո լրացնել «, դիլերների» բառով:
3) Կանոնակարգ 1-ը լրացնել 68.1, 68.2, 68.3, 68.4, 68.5, 68.6 և 68.7 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«68.1 Սույն կանոնակարգի 56-68-րդ կետերը չեն տարածվում սույն կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված դիլերների նկատմամբ, եթե սույն գլխով դա ուղղակիորեն նախատեսված չէ: Սույն կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված դիլերները պետք է ունենան բարձրագույն կրթություն և Կենտրոնական բանկի կողմից տրամադրված դիլերի որակավորման վկայական: Ընդ որում, սույն կանոնակարգի 4-րդ կետով նախատեսված դիլերի գործառույթներ իրականացնող բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարչի, բանկի գործադիր տնօրենի տեղակալի (բանկի տնօրինության (վարչության) անդամների) համար դիլերի որակավորման վկայական չի պահանջվում: Դիլերի որակավորման վկայականը տրամադրվում է.
1) ՍիԷֆԷյ որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA - Chartered Financial Analyst) քննության առնվազն առաջին մակարդակը հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթղթի հիման վրա, կամ
2) ԷյՍիԱյ – Ֆինանսական շուկաների միության (ACI – The Financial Markets Association) ԷյՍիԱյ դիլինգի վկայականի (ACI Dealing Certificate) (այսուհետ՝ ԷյՍիԱյ վկայական) հիման վրա, որը տրամադրվել է բացառապես սույն Կանոնակարգի 68.2 կետի համապատասխան:
68.2 ԷյՍիԱյ վկայական ստանալու համար քննություն հանձնելու պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից:
68.3 Դիլերի որակավորման վկայական ստանալու համար բանկը CBANet համակարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում դիլերի որակավորման վկայական ստանալու մասին դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.
1) Դիլերի թեկնածուի հայտարարագիրը՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 1-ի ենթահավելված 38-ի,
2) Դիլերի թեկնածուի անձնագրի պատճենը,
3) Սույն կանոնակարգի 68.1 կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթի պատճենը,
4) Հանրային ծառայության համարանիշը կամ հրաժարվելու մասին տեղեկանքի համարը (համարները):
68.4 Դիլերի որակավորման վկայականը տրամադրվում է անժամկետ` սույն կանոնակարգի 68.3 կետով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15 օրվա ընթացքում:
68.5 Կենտրոնական բանկը կարող է մերժել դիլերի որակավորման վկայականի տրամադրումը, եթե դիլերի որակավորման վկայական ստանալու համար դիմած անձը նախորդ երեք տարիների ընթացքում զրկվել է որակավորման վկայականից կամ սույն Կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են թերի կամ ոչ ամբողջությամբ:
68.6 Դիլերի որակավորման վկայականի կորստի դեպքում դրա կրկնօրինակը տրամադրվում է սույն կանոնակարգի 68-րդ կետով նախատեսված կարգով:
68.7 Բանկի դիլերների փոփոխության դեպքում բանկը այդ փոփոխությունից հետո Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ով նախատեսված առաջիկա շաբաթական հաշվետվության հետ միաժամանակ Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև բանկի դիլերների փոփոխության վերաբերյալ տեղեկությունները, որոնք առնվազն ներառում են.
1) Դիլերի անձնագրային տվյալները,
2) Հանրային ծառայության համարանիշը կամ հրաժարվելու մասին տեղեկանքի համարը (համարները),
3) Դիլերի որակավորման վկայականի համարը և տրման ամսաթիվը,
4) Դիլերի աշխատանքից ազատվելու կամ աշխատանքի անցնելու ժամկետները:»:
3. Հավելված 1-ում լրացնել ենթահավելված 38-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով հաստատվող 68.3 կետով նախատեսված փաստաթղթերը: Կենտրոնական բանկը բանկի կողմից սույն կետի համաձայն բոլոր փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիլերի որակավորման վկայականը տրամադրում է 30 օրվա ընթացքում:
5. Կանոնակարգ 1-ի 56-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) բանկի մասնաճյուղի կառավարիչ (բացառությամբ սույն կանոնակարգի 21.1-րդ կետի 1-4 ենթակետերին բավարարող բանկի մասնաճյուղի կառավարչի),
5) բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ (բացառությամբ սույն կանոնակարգի 21.1-րդ կետի 1-4 ենթակետերին բավարարող բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի):»:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո, բացառությամբ սույն որոշման 5-րդ կետի և սույն որոշմամբ հաստատվող 68.2 կետի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. փետրվարի 25 Երևան |
Հավելված
Ենթահավելված 38 |
ԲԱՆԿԻ ԴԻԼԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Ես` ______________________________________, սույնով հավաստիացնում եմ, որ.
1. չունեմ դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար,
2. դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված չեմ,
3. սնանկ ճանաչված չեմ և չունեմ չմարված (չներված) պարտավորություններ,
4. քրեական գործով ներգրավված չեմ որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:
Պարտավորվում եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:
Բանկի դիլերի պաշտոնում աշխատելու համար ներկայացված ղեկավարի թեկնածուի ստորագրություն`
Ամսաթիվ` |
_________________________
_________________________ |