ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2013 թվականի N 502-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՆՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները կիրառվում են պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի, ինչպես նաև 50 ու ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ձեռք բերվող դեղերի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 502-Ն որոշման |
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՆՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ
1. Սույն չափորոշիչները սահմանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի գնման տեխնիկական բնութագրերի կազմմանը ներկայացվող պահանջները:
2. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով հաստատված դեղերի գնումների պլանում ընդգրկվում են միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից սահմանված` Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկում և Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) ընդգրկված դեղերը: Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը, դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստր) տեղադրված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական «www.moh.am» կայքում:
3. Դեղերի գնումների պլանում գնման առարկա հանդիսացող դեղի գնման տեխնիկական բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռք բերվող դեղին ներկայացվող հետևյալ պահանջները`
1) դեղի անվանումը նշելիս գրվում են դեղի միջազգային համընդհանուր (ջեներիկ) կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները: Եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) առկա են նույն բաղադրատարրերով դեղի այլ գրանցված տարբերակներ, ապա դեղի գնման տեխնիկական բնութագիրը կազմվում է այնպես, որ բացառվի որևէ գրանցված տարբերակի մրցույթին չմասնակցելու հավանականությունը, և ապահովվի մրցակցության հավասար պայմաններ հնարավոր մասնակիցների համար (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).
2) դեղաձևը նշելիս հիմք է ընդունվում «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի «գ» կետով սահմանված դեղաձևերը (օրինակ` դեղահատ, հաբ, պատիճ, կաթիլ և այլն (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).
3) դեղաչափը նշելիս բազմաբաղադրատարր դեղերի դեպքում նշվում է յուրաքանչյուր բաղադրատարր դեղի դեղաչափը (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).
4) թողարկման ձևը նշելիս նկարագրվում են արտաքին ձևավորման բնութագրիչները (օրինակ` ապակե տարա և այլն (հիմք` Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյան (ռեեստր).
5) տեղափոխման պայմանները սահմանելիս, եթե դեղը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Դեղերի փոխադրման, պահեստավորման և պահպանման կարգը սահմանելու մասին» N 17-Ն հրամանի համաձայն պահանջում է տեղափոխման հատուկ ջերմային, խոնավության կամ այլ ռեժիմներ կամ պայմաններ, պարտադիր նշվում են այդ պայմանները (օրինակ` տեղափոխումն իրականացնել սառցե շղթայի առկայության պարագայում, կամ վախենում է խոնավությունից, արևի ճառագայթներից և այլն).
6) պահպանման պայմանները սահմանելիս, եթե անվանացանկում ընդգրկված դեղը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Դեղերի փոխադրման, պահեստավորման և պահպանման կարգը սահմանելու մասին» N 17-Ն հրամանի համաձայն պահանջում է պահպանման և տեղափոխման հատուկ ջերմային, խոնավության ռեժիմներ կամ պայմաններ, պարտադիր նշվում են այդ պայմանները (օրինակ` պահպանել սառնարանային ջերմաստիճանում, մութ, զով վայրում, վախենում է խոնավությունից, արևի ճառագայթներից և այլն).
7) դեղի պիտանիության ժամկետները գնորդին հանձնման պահին պետք է լինեն հետևյալը`
ա. 2,5 տարվանից ավելի պիտանիության ժամկետ ունեցող դեղերը հանձնման պահին պետք է ունենան առնվազն 2 տարի մնացորդային պիտանիության ժամկետ,
բ. մինչև 2,5 տարի պիտանիության ժամկետ ունեցող դեղերը հանձնման պահին պետք է ունենան դեղի ընդհանուր պիտանիության ժամկետի առնվազն երկու երրորդը,
գ. առանձին դեպքերում, այն է` հիվանդների անհետաձգելի պահանջի բավարարման հիմնավորված անհրաժեշտությունը, դեղի սպառման համար սահմանված պիտանիության կարճ ժամկետները, դեղը հանձնման պահին կարող է ունենալ դեղի ընդհանուր պիտանիության ժամկետի առնվազն մեկ երկրորդը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |