ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի ԵԿԴ/0176/01/09 որոշում |
ԵԿԴ/0176/01/09 |
Նախագահող դատավոր՝ Մ. Սիմոնյան |
|
Դատավորներ՝ Ս. Ավետիսյան Ա. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի Ե. Դանիելյանի Հ. Ղուկասյանի Ա. Պողոսյանի Ս. Օհանյանի Մ. Պետրոսյանի Ա. Գրիգորյանի Հ. Դուրգարյանի
քարտուղարությամբ
մասնակցությամբ`
պաշտպան
տուժող
2011 թվականի փետրվարի 24-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննելով Լիա Արտյոմի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման դեմ ամբաստանյալ Լ.Ավետիսյանի պաշտպան Ա.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Քրեական գործը հարուցվել է 2008 թվականի դեկտեմբերի 19-ին:
2009 թվականի հունիսի 18-ին Լիա Արտյոմի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը կայացված մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2009 թվականի հուլիսի 10-ին Լ.Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2009 թվականի օգոստոսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Դատարան):
2. Դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճռով Լիա Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 5 (հինգ) տարի ժամկետով` 26.273.520 (քսանվեց միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամին համարժեք գույքի բռնագրավմամբ:
Վերոհիշյալ դատավճռով որոշվել է Լ.Ավետիսյանից հօգուտ տուժող Հասմիկ Դուրգարյանի բռնագանձել 26.273.520 (քսանվեց միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:
3. Դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալ Լ.Ավետիսյանը և նրա պաշտպան Ա.Գրիգորյանը:
Վերաքննիչ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ դատավճիռը` թողնվել անփոփոխ:
4. Ամբաստանյալ Լ.Ավետիսյանի պաշտպան Ա.Գրիգորյանը Վերաքննիչ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխաններ չեն ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. 2007 թվականի հունիսի 14-ին երեք տարի ժամկետով տրված լիազորագրով Հասմիկ Դուրգարյանը Լիա Ավետիսյանին լիազորել է` վաճառելու Երևանի Թումանյան փողոցի 28/20 շենքի 27-րդ բնակարանը, Հ.Դուրգարյանի անվամբ ՀՀ տարածքում գնելու անշարժ գույք, ստորագրելու անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, այն գրանցելու Անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումում, ստանալու Հ.Դուրգարյանի անվամբ գնված անշարժ գույքի սեփականության վկայականը (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, էջ 7):
6. 2007 թվականի օգոստոսի 13-ին կնքված` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի բովանդակությունից երևում է, որ Երևանի Թումանյան փողոցի 28/20 շենքի 27-րդ բնակարանի համասեփականատերեր Հ.Դուրգարյանը և Հ.Կյուրեղյանը հիշյալ բնակարանը վաճառել են Սմբատ Գասպարյանին, որի անունից համապատասխան լիազորագրի հիման վրա հանդես է եկել և պայմանագիրը ստորագրել Գուրգեն Դավթյանը (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, էջ 224):
7. 2007 թվականի օգոստոսի 20-ին կնքված` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի բովանդակությունից երևում է, որ Երևանի Դեմիրճյան փողոցի 38-րդ շենքի թիվ 5 բնակարանի սեփականատերեր Աշոտ Տեր-Գրիգորյանը և Վարվարա Ղարագյոզյանը, որոնք հանդես են եկել որպես վաճառողներ, վերոհիշյալ բնակարանը վաճառել են Լիա Ավետիսյանին, որը հանդես է եկել որպես գնորդ: Ըստ հիշյալ պայմանագրի` անշարժ գույքի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է 23.450.000 դրամ և գնորդի կողմից ենթակա է եղել վճարման պայմանագրի կնքման պահին (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, էջ 8):
8. 2007 թվականի սեպտեմբերի 6-ին Լ.Ավետիսյանին տրված` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի բովանդակությունից երևում է, որ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Դեմիրճյան փողոցի 38-րդ շենքի թիվ 5 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված է Լիա Արտյոմի Ավետիսյանի անվամբ (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, 9-11 էջեր):
9. Լիա Ավետիսյանը գործի քննության ընթացքում ցուցմունք է տվել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի 38-րդ շենքի թիվ 5 բնակարանը գնել է իր համար` իր իսկ կողմից որպես վարկ վերցված գումարով (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, 211-215 էջեր, ինչպես նաև հատոր 3, 136-140 էջեր` դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչները):
10. 2007 թվականի մայիսի 8-ին «Կասկադ-Կրեդիտ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Իշխանյանի (վարկատու) և «ԱՐԵՎ-ՄԵՏԱՂ» Հայ-Ամերիկյան ՓԲԸ-ն, ի դեմս տնօրեն Լիա Ավետիսյանի (փոխառու), կնքել են թիվ 00078 վարկային պայմանագիրը, համաձայն որի` վարկատուն փոխառուին տրամադրում է կտորներով վարկ, որի ընդհանուր գումարն է 19.000.000 ՀՀ դրամ (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, 243-248 էջեր):
11. 2009 թվականի մայիսի 15-ին «Կասկադ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության հաճախորդների սպասարկման վարչության պետ Ա.Խիտարովայի կողմից ստորագրված տեղեկանքի համաձայն` Զավեն Կիրակոսյանը 2007 թվականի հոկտեմբերի 8-ին «Կասկադ Բանկում» իր հաշվեհամարից 19.934.274.40 ՀՀ դրամ գումարի փոխանցում է կատարել «ԱՐԵՎ-ՄԵՏԱՂ» ՓԲԸ-ի հաշվեհամարին և նույն օրը հիշյալ գումարը «ԱՐԵՎ-ՄԵՏԱՂ» ՓԲԸ-ի կողմից փոխանցվել է «Կասկադ-Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲ ընկերությանը` վարկային պարտավորությունների մարման նպատակով (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, էջ 161):
12. «Կասկադ-Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲ ընկերության կողմից 2009 թվականի մայիսի 15-ին տրված տեղեկանքի համաձայն` «ԱՐԵՎ-ՄԵՏԱՂ» ՓԲԸ-ն և «Կասկադ-Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն 2007 թվականի մայիսի 8-ին կնքել են թիվ 00078 վարկային պայմանագիրը, ըստ որի` «ԱՐԵՎ-ՄԵՏԱՂ» ՓԲԸ-ին տրամադրվել է 17.565.000 ՀՀ դրամ վարկ: 2007 թվականի հոկտեմբերի 8-ին կատարելով 19.934.274.4 ՀՀ դրամ գումարի վերջնական վճարում` «ԱՐԵՎ-ՄԵՏԱՂ» ՓԲԸ-ն ամբողջովին կատարել է վերը նշված վարկային պարտավորությունները «Կասկադ-Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, էջ 162):
13. Երևանի Դեմիրճյան փողոցի 38-րդ շենքի թիվ 5 բնակարանի նախկին սեփականատեր, գործով վկա Աշոտ Տեր-Գրիգորյանը ցուցմունք է տվել, որ հիշյալ բնակարանը գնելու համար պայմանավորված գումարը Լ.Ավետիսյանը նրան է փոխանցել իր բնակարանում, առանց վկաների: Հ.Դուրգարյանը գումարի փոխանցման ժամանակ ներկա չի գտնվել, և ինքը չի կարող վստահորեն պնդել, որ գումարը պատկանում է Հ.Դուրգարյանին (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, 185-187 էջեր):
14. Հ. Դուրգարյանը ցուցմունք է տվել, որ վստահելով իր քրոջ դուստր Լ.Ավետիսյանին` իր բնակարանը վաճառելու և իր համար նոր բնակարան գնելու համար լիազորագիր է տվել նրան: Ապա Լ.Ավետիսյանի ներկայությամբ կատարված գործարքով 120.000 ԱՄՆ դոլարով վաճառել է Թումանյան փողոցի վրա գտնվող իր բնակարանը: Այդ գումարի մի մասով Լիա Ավետիսյանը նրա համար գնել է Երևանի Դեմիրճյան փողոցի 38-րդ շենքի թիվ 5 բնակարանը, որի պետական գրանցման հարցերով ևս զբաղվել է Լ.Ավետիսյանը: Մոտ մեկ տարի անց պարզել է, որ Լ.Ավետիսյանը բնակարանը ձևակերպել է իր անվամբ և դրանից զայրացած` դիմել է Լ.Ավետիսյանին, որը, սակայն, հրաժարվել է բնակարանը վերադարձնել (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, 44-47 էջեր, ինչպես նաև 3-րդ հատորի 136-140 էջերում գտնվող դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչները):
15. «ՌՎ Ռիելթի» ՍՊԸ-ի աշխատակից, անշարժ գույքի գործակալ Գ.Դավթյանը որպես վկա ցուցմունք է տվել, որ 2007 թվականի ամռանը Երևանի Թումանյան փողոցի 28/20 շենքի 27-րդ բնակարանի առուվաճառքի գործարքը կատարվել է «Կենտրոն» նոտարական գրասենյակում, որտեղ գնորդի կողմից լիազորագրով հանդես է եկել ինքը, իսկ վաճառողները եղել են Հ.Դուրգարյանը և նրա որդին: Առուվաճառքի պայմանագրի կնքմանը ներկա է եղել նաև Լ.Ավետիսյանը: Բնակարանի համար վճարված 120.000 ԱՄՆ դոլարի մի մասը` 40.000 ԱՄՆ դոլարը, տրվել է Հ.Դուրգարյանի որդուն, 2.000 ԱՄՆ դոլարը` որպես վերջնավճարի գումար, պահվել է և հետագայում` բնակարանն ազատելուց հետո, տրվել է Հ.Դուրգարյանին, իսկ մնացած գումարը Հ.Դուրգարյանի խնդրանքով տրվել է Լ.Ավետիսյանին: Վերջինս ասել է, որ այդ գումարը Հ.Դուրգարյանի համար նոր բնակարան գնելու համար է (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, 53-55, 75-77, 240-241 էջեր, ինչպես նաև հատոր 3, 136-140 էջեր` դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչներ):
16. Վկաներ Արմեն Ոսկանյանը, Միշա Իսոյանը, Միշա Դալիբալթյանը, Անահիտ Մադաթյանը, Անժելո Դուրգարյանը և Ռիմա Առաքելյանը ցուցմունքներ են տվել այն մասին, որ անմիջականորեն չեն առնչվել Երևանի Դեմիրճյան փողոցի 38-րդ շենքի թիվ 5 բնակարանը գնելու գործընթացին, սակայն հետագայում իրենց հայտնի է դարձել, որ Հ.Դուրգարյանն իր համար բնակարան գնելու նպատակով գումար է տվել Լ.Ավետիսյանին, իսկ վերջինս գնված բնակարանը գաղտնի ձևակերպել է իր անվամբ:
Քրեական գործում առկա չէ որևէ գրավոր ապացույց, որը, համապատասխանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձևին, կհավաստեր իր համար բնակարան գնելու նպատակով Հ.Դուրգարյանի կողմից Լ.Ավետիսյանին գումար փոխանցելու փաստը:
17. Տուժող Հ.Դուրգարյանը Վճռաբեկ դատարանի դատական նիստում հայտարարեց, որ չի ցանկանում, որ Լ.Ավետիսյանին բանտարկեն, այլ ընդամենն ուզում է, որ նա վերադարձնի իր բնակարանը: Տուժողը հայտարարեց, որ իրենց միջև առկա է գույքային վեճ (տե՛ս Վճռաբեկ դատարանի դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը):
Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
18. Վճռաբեկ բողոք բերած անձի պնդմամբ բողոքարկվող որոշումը կայացնելիս թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, դատական ակտն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, Վերաքննիչ դատարանը չի կատարել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, իսկ հետազոտված ապացույցներն էլ չեն արժանացել ճիշտ գնահատման:
19. Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ մեղադրանքը հիմնավորող ութ վկաներից յոթը հանդիսանում են տուժողի և նրա հանգուցյալ ամուսնու ազգականները, որոնց ցուցմունքները չեն կարող արժանահավատ լինել այն պատճառով, որ նրանք նպատակ ունեն օժանդակել տուժողին: Այդ վկաներն անձամբ մասնակից չեն եղել երկու բնակարանների առուվաճառքի գործարքների նախապատրաստմանը և կնքմանը, նրանց ցուցմունքները հիմնված են տուժողից ստացված տեղեկությունների և ամբաստանյալի մոր հետ ունեցած խոսակցություններից արված իրենց ենթադրությունների վրա:
Բողոքի հեղինակը շեշտել է, որ իր պաշտպանյալ Լ.Ավետիսյանը չի չարաշահել մորաքրոջ վստահությունը, չի տիրացել նրա գույքին: Իսկ առաջադրված մեղադրանքի կապակցությամբ Լ.Ավետիսյանը բազմիցս հայտարարել է, որ իր մորաքույրը զրպարտում է իրեն, իր համար նյութական արժեքները ոչինչ են իր պատվի և արժանապատվության համեմատ:
20. Բողոքաբերի պնդմամբ քրեական գործի նյութերի մանրամասն ուսումնասիրության և տրամաբանական վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ, քաղաքացիական վեճ, որը ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով:
21. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները՝ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, փոփոխել այն, Լիա Արտյոմի Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ սույն գործով քննվող բողոքի կապակցությամբ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ խարդախության հանցակազմի քրեաիրավական բնութագրին, նախ՝ դիտարկված ինքնին, ապա քաղաքացիաիրավական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետ (մասնավոր-իրավական պարտավորությունների հետ) հարաբերակցության մեջ:
I. Խարդախության հանցակազմը` դիտարկված ինքնին.
22. Խարդախությունը դասվում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես՝ հափշտակությունների շարքին: Ինչպես երևում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի բովանդակությունից, խարդախությունը «խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերել[ն]» է:
Թեև խարդախության պարագայում առկա է գույքի սեփականատիրոջ կողմից հանցագործին գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու կամային ակտ, սակայն գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու ակտի կամային բնույթը սեփականատիրոջ գիտակցության և կամքի վրա հանցագործի ունեցած ներգործության հետևանք է: Այս կապակցությամբ էական նշանակություն կարող է ունենալ թե գույքն ուրիշին հանձնելու գործում ով է նախաձեռնություն դրսևորել: Արդյոք գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնելու տուժողի մտադրությունն առաջացել է հանցավորի կողմից նրան համոզելու և հորդորելու արդյունքում:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի իմաստով վերոնշյալ հանցավոր ներգործությունն իրականացվում է խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով: Ասինքն՝ օբյեկտիվ կողմից խարդախության հանցակազմը դրսևորվում է կատարման հատուկ եղանակով՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով:
23. Խաբեությունը գույքի սեփականատիրոջը կամ գույքը տիրապետողին մոլորության մեջ գցելու նպատակով իրական, ճշմարիտ փաստերի դիտավորյալ խեղաթյուրումն է կամ ճշմարտության մասին լռելը: Այսպիսով, խաբեությունը դրսևորվում է հետևյալ երկու եղանակով՝
ա) իրական, ճշմարիտ փաստերի դիտավորյալ խեղաթյուրում,
բ) ճշմարտության մասին լռել:
23.1. Իրական, ճշմարիտ փաստերի դիտավորյալ խեղաթյուրման դեպքում հանցավորը գույքի սեփականատիրոջ կամ գույքը տիրապետողի մոտ սխալ պատկերացում է ստեղծում գույքը նրա տնօրինությանն անցնելու օրինական հիմքերի մասին և առաջ բերում գույքի հանձնման օրինականության պատրանք (ակտիվ խաբեություն): Իրական, ճշմարիտ փաստերի խեղաթյուրումը կարող է իրականացվել կամ բանավոր խոսքի միջոցով կամ դրսևորվել որոշակի գործողություններով: Գործողությունների միջոցով փաստերի խեղաթյուրումը, սակայն, ենթադրում է տուժողի վրա հանցագործի առավել ակտիվ ներգործություն:
23.2. Ճշմարտության մասին լռելու դեպքում հանցավորը դիտավորյալ լռում է իրավական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների մասին, որի արդյունքում գույքի սեփականատերը կամ գույքը տիրապետողը մոլորության մեջ են ընկնում գույքը հանցավորին հանձնելու օրինական հիմքերի առկայության հարցում (պասիվ խաբեություն): Ճշմարտության մասին լռելը, սակայն, քրեորեն պատժելի է այն դեպքերում, երբ հանցագործը պարտավոր էր տուժողին իրազեկել այնպիսի հանգամանքների մասին, որոնց իմացության արդյունքում տուժողը մոլորության մեջ չէր ընկնի:
24. Վստահությունը չարաշահելն ուրիշի գույքին տիրանալու կամ դրա նկատմամբ իրավունք ձեռք բերելու նպատակով հանցավորի կողմից, նրա և գույքի սեփականատիրոջ կամ գույքը տիրապետողի միջև ձևավորված վստահության հարաբերությունների օգտագործումն է: Արարքը խարդախություն որակելու համար բավարար չէ, որ անձն իր արարքներով կամ որոշակի հանգամանքների բերումով տուժողի մոտ վստահություն վայելի, այլ անհրաժեշտ է, որպեսզի վերջինս համոզի տուժողին իրեն փոխանցել գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները:
Հանցագործի նկատմամբ տուժողի վստահությունը կարող է ինչպես իրավական, այնպես էլ փաստական հիմքեր ունենալ: Այլ կերպ` հանցավորի և տուժողի միջև առկա՝ վստահության վրա հիմնված հարաբերությունները կարող են բխել ինչպես նրանց միջև առկա պայմանագրից, լիազորագրից և այլն, այնպես էլ առաջանալ հանցավորի և գույքը հանձնողի անձնական հարաբերություններից, հանցավորի կողմից նախկինում դրսևորած վարքագծից, հանցավորի անձնավորությունից և այլն:
25. Ամփոփելով սույն որոշման 22-24-րդ կետերում շարադրված իրավական վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օբյեկտիվ կողմից խարդախությունը կատարվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած սեփականատերը կամ իրավասու այլ անձը կամավոր կերպով գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնում է հանցագործին կամ այլ անձի կամ անձանց կամ չի խոչընդոտում վերջիններիս կողմից այդ գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները վերցնելուն:
26. Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական նպատակով:
26.1. Խարդախությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորության մեղքի ձևով. հանցավորը պետք է գիտակցի, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաև պետք է նախատեսի և ցանկանա դա:
26.2. Խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է նաև շահադիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչև գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը հանցավորն ի սկզբանե նպատակ է ունենում հափշտակելու այն, չվերադարձնելու գույքը, չկատարելու խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները:
Հակառակ դեպքում, երբ գույքը չվերադարձնելու, խոստումը կամ պարտավորությունները չկատարելու դիտավորությունն առաջանում է գույքը վերցնելուց հետո (անկախ շարժառիթից), խարդախության հանցակազմը բացակայում է:
26.3. Խարդախության միջոցով ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորության և գույքը հափշտակելու շահադիտական նպատակի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն գործով ձեռք բերված ապացույցների համակցության վրա:
Նշված ապացույցների գնահատման արդյունքում դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատված համարի, որ անձն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախության միջոցով հափշտակել ուրիշի գույքը, և եթե ապացուցվի, որ ունեցել է, ապա խարդախության հանցակազմն առկա է:
26.4. Ընդ որում, եթե ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հիմնավորվում, որ շահադիտական նպատակը ծագել է համապատասխան գործարքի կնքումից առաջ, ապա նման դեպքերում խարդախության հանցակազմ առկա չէ:
II. Խարդախության հանցակազմը` դիտարկված մասնավոր-իրավական պարտավորությունների հետ հարաբերակցության մեջ.
27. Սույն գործով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև այն հարցին, թե ինչ հատկանիշների հիման վրա է սահմանազատվում խարդախության հանցակազմը քաղաքացիաիրավական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերից:
28. Տարբեր տեսակի գործարքների (առուվաճառք, գրավ, փոխառություն, այդ թվում՝ վարկային պայմանագիր և այլն) կատարման ժամանակ ծագող քաղաքացիական իրավահարաբերություններից խարդախության հանցակազմի սահմանազատման հիմնախնդրին Վճռաբեկ դատարանն անդրադառնում է՝ ելնելով այն հանգամանքից, որ անձի կողմից իր գույքային պարտավորությունների չկատարումը դեռևս չի վկայում անձի մոտ հանցանքի կատարման դիտավորության առկայության մասին: Այլ կերպ` անձի կողմից քաղաքացիաիրավական պարտավորության չկատարումը դեռևս չի վկայում վերջինիս արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի և հետևաբար, խարդախության հանցակազմի առկայության մասին (տե՛ս սույն որոշման 26-րդ կետը):
29. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խարդախությունը քաղաքացիաիրավական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերից տարանջատելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.
ա) խարդախության դեպքում տուժողին խաբելու կամ նրա վստահությունը չարաշահելու մտադրությունն անձի մոտ ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը,
բ) խարդախության դեպքում անձի մոտ քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած պարտավորությունները (գույքը փոխանցել, կատարել վարկային պարտավորությունը, պարտքը վերադարձնել և այլն) չկատարելու դիտավորությունը ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը:
30. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես քաղաքացիական իրավունքից և դատավարությունից: Այլ կերպ` ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ:
31. Այս առումով անթույլատրելի է գործող քաղաքացիական օրենսդրության պահանջների անտեսմամբ բնականոն գույքային շրջանառությունը խաթարող գործարքներ կնքելու պրակտիկան: Այդ փաստերը կարող են խեղաթյուրել քաղաքացիաիրավական հարաբերությունները, սպառնալ իրավական անվտանգությանը, պայմաններ ստեղծել, որ անձինք խուսափեն հարկային պարտավորությունների կատարումից, ինչպես նաև այլ եղանակներով վնասել իրավաչափ հանրային շահերը:
Նման դեպքերում պետությունը պարտավոր չէ գործող քաղաքացիական օրենսդրության պահանջների անտեսմամբ գործարքներ կնքած քաղաքացիների գույքային և այլ իրավունքների վերականգնումը դիտել հանրային շահի տիրույթում և հանրային միջոցներ ծախսելով՝ իրականացնել նշված մասնավոր շահերի քրեաիրավական պաշտպանություն:
Այդ մասնավոր շահերի պաշտպանությունը, որպես ընդհանուր կանոն, պետք է կատարվի մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով:
32. Հիմք ընդունելով սույն որոշման 27-31-րդ կետերում շարադրված իրավական վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության անձեռնմխելիությունը հիմնարար սահմանադրական արժեք է, ուստի խարդախության վերաբերյալ դատական քաղաքականության համար պետք է անկյունաքարային նշանակություն ունենա սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը:
III. Լիա Ավետիսյանին վերագրվող արարքում խարդախության հանցակազմի առկայությունը.
33. Սույն որոշման 22-32-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն անդրադառնում է սույն գործով իր առջև բարձրացված հիմնական իրավական հարցին, այն է` Լ.Ավետիսյանի արարքում առկա՞ է արդյոք խարդախության հանցակազմ:
34. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
34.1. (ա) 2007թ. հունիսին տրված լիազորագրով Հ.Դուրգարյանը Լ.Ավետիսյանին լիազորել է վաճառել Երևանի Թումանյան փողոցում գտնվող իր բնակարանը, Հ.Դուրգարյանի անվամբ ՀՀ տարածքում գնելու անշարժ գույք, ստորագրել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, այն գրանցել Անշարժ գույք կադաստրի տարածքային ստորաբաժանումում, ստանալ Հ.Դուրգարյանի անվամբ գնված անշարժ գույքի սեփականության վկայականը:
(բ) 2007թ. օգոստոսի 13-ի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի բովանդակությունից երևում է, որ Երևանի Թումանյան փողոցում գտնվող նշված բնակարանի համասեփականատերեր Հ.Դուրգարյանը և Հ.Կյուրեղյանը անձամբ հիշյալ բնակարանը վաճառել են Սմբատ Գասպարյանին:
(գ) 2007թ. օգոստոսի 20-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի բովանդակությունից երևում է, որ Լ.Ավետիսյանը Ա.Տեր-Գրիգորյանից և Վ.Ղարագյոզյանից գնել է Երևանի Դեմիրճյան փողոցում գտնվող բնակարանը: Ըստ հիշյալ պայմանագրի` անշարժ գույքի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է 23.450.000 դրամ և գնորդի կողմից ենթակա է եղել վճարման պայմանագրի կնքման պահին:
(դ) 2007թ. սեպտեմբերի 6-ին Լ.Ավետիսյանին տրված` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի բովանդակությունից երևում է, որ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Դեմիրճյան փողոցում գտնվող նշված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված է Լ.Ավետիսյանի անվամբ (տե՛ս սույն որոշման 5-8-րդ կետերը):
34.2. (ա) Լ.Ավետիսյանը գործի քննության ընթացքում ցուցմունք է տվել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի նշված բնակարանը գնել է իր համար` իր իսկ կողմից որպես վարկ վերցված գումարով:
(բ) 2007 թվականի մայիսի 8-ին «Կասկադ-Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն, ի դեմս Սոնա Իշխանյանի (վարկատու) և «ԱՐԵՎ-ՄԵՏԱՂ» ՓԲԸ-ն, ի դեմս տնօրեն Լ.Ավետիսյանի (փոխառու), կնքել են վարկային պայմանագիր, համաձայն որի` վարկատուն փոխառուին տրամադրում է կտորներով վարկ, որի ընդհանուր գումարն է 19.000.000 ՀՀ դրամ:
(գ) 2009թ. մայիսի 15-ին «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի տված տեղեկանքի համաձայն` Զավեն Կիրակոսյանը 2007 թվականի հոկտեմբերի 8-ին «Կասկադ Բանկում» իր հաշվեհամարից 19.934.274.40 ՀՀ դրամ գումարի փոխանցում է կատարել «ԱՐԵՎ-ՄԵՏԱՂ» ՓԲԸ-ի հաշվեհամարին և նույն օրը հիշյալ գումարը «ԱՐԵՎ-ՄԵՏԱՂ» ՓԲԸ-ն փոխանցել է «Կասկադ-Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ին` վարկային պարտավորությունների մարման նպատակով:
(դ) «Կասկադ-Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից 2009թ. մայիսի 15-ին տրված տեղեկանքի համաձայն` «ԱՐԵՎ-ՄԵՏԱՂ» ՓԲԸ-ն և «Կասկադ-Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն 2007 թվականի մայիսի 8-ին կնքել են վարկային պայմանագիր, ըստ որի` «ԱՐԵՎ-ՄԵՏԱՂ» ՓԲԸ-ին տրամադրվել է 17.565.000 ՀՀ դրամ վարկ: 2007 թվականի հոկտեմբերի 8-ին կատարելով 19.934.274.4 ՀՀ դրամ գումարի վերջնական վճարում` «ԱՐԵՎ-ՄԵՏԱՂ» ՓԲԸ-ն ամբողջովին կատարել է վերը նշված վարկային պարտավորությունները «Կասկադ-Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ:
(ե) Երևանի Դեմիրճյան փողոցի նշված բնակարանի նախկին սեփականատեր, գործով վկա Տեր-Գրիգորյանը ցուցմունք է տվել, որ հիշյալ բնակարանը գնելու համար պայմանավորված գումարը Լ.Ավետիսյանը նրան է փոխանցել իր բնակարանում, առանց վկաների: Հ.Դուրգարյանը գումարի փոխանցման ժամանակ ներկա չի գտնվել, և ինքը չի կարող վստահորեն պնդել, որ գումարը պատկանում է Հ.Դուրգարյանին (տե՛ս սույն որոշման 9-13-րդ կետերը):
34.3. (ա) Հ.Դուրգարյանը ցուցմունք է տվել, որ վստահելով իր քրոջ դուստր Լ.Ավետիսյանին` իր բնակարանը վաճառելու և իր համար նոր բնակարան գնելու համար լիազորագիր է տվել նրան: Ապա Լ.Ավետիսյանի ներկայությամբ կատարված գործարքով 120.000 ԱՄՆ դոլարով վաճառել է Թումանյան փողոցի վրա գտնվող իր բնակարանը: Այդ գումարի մի մասով Լ.Ավետիսյանը նրա համար գնել է Երևանի Դեմիրճյան փողոցի նշված բնակարանը, որի պետական գրանցման հարցերով ևս զբաղվել է Լ.Ավետիսյանը: Մոտ մեկ տարի անց պարզել է, որ Լ.Ավետիսյանը բնակարանը ձևակերպել է իր անվամբ և դրանից զայրացած` դիմել է Լ.Ավետիսյանին, որը, սակայն, հրաժարվել է բնակարանը վերադարձնել:
(բ) Անշարժ գույքի գործակալ Գ.Դավթյանը որպես վկա ցուցմունք է տվել, որ 2007թ. ամռանը Երևանի Թումանյան փողոցի նշված բնակարանի առուվաճառքի գործարքը կատարվել է «Կենտրոն» նոտարական գրասենյակում, որտեղ գնորդի կողմից լիազորագրով հանդես է եկել ինքը, իսկ վաճառողները եղել են Հ.Դուրգարյանը և նրա որդին: Առուվաճառքի պայմանագրի կնքմանը ներկա է եղել նաև Լ.Ավետիսյանը: Բնակարանի համար վճարված 120.000 ԱՄՆ դոլարի մի մասը` 40.000 ԱՄՆ դոլարը, տրվել է Հ.Դուրգարյանի որդուն, 2.000 ԱՄՆ դոլարը` որպես վերջնավճարի գումար, պահվել է և հետագայում` բնակարանն ազատելուց հետո, տրվել է Հ.Դուրգարյանին, իսկ մնացած գումարը Հ.Դուրգարյանի խնդրանքով տրվել է Լ.Ավետիսյանին: Վերջինս ասել է, որ այդ գումարը Հ.Դուրգարյանի համար նոր բնակարան գնելու համար է:
(գ) Վկաներ Ա.Ոսկանյանը, Մ.Իսոյանը, Մ.Դալիբալթյանը, Ա.Մադաթյանը, Ա.Դուրգարյանը և Ռ.Առաքելյանը ցուցմունքներ են տվել այն մասին, որ անմիջականորեն չեն առնչվել Երևանի Դեմիրճյան փողոցի նշված բնակարանը գնելու գործընթացին, սակայն հետագայում իրենց հայտնի է դարձել, որ Հ.Դուրգարյանն իր համար բնակարան գնելու նպատակով գումար է տվել Լ.Ավետիսյանին, իսկ վերջինս գնված բնակարանը գաղտնի ձևակերպել է իր անվամբ:
(ե) Գործում առկա չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձևին համապատասխան որևէ գրավոր ապացույց, որը կհավաստեր Հ.Դուրգարյանի կողմից Լ.Ավետիսյանին գումարի փոխանցման փաստը:
(դ) Տուժող Հ.Դուրգարյանը Վճռաբեկ դատարանի դատական նիստում հայտարարել է, որ չի ցանկանում, որ Լիա Ավետիսյանին բանտարկեն, այլ ընդամենը ուզում է, որ նա վերադարձնի իր բնակարանը: Տուժողը հայտարարեց, որ իրենց միջև առկա է գույքային վեճ (տե՛ս սույն որոշման 14-17-րդ կետերը):
35. Հիմք ընդունելով սույն որոշման 34.1-34.3-րդ ենթակետերում մեջբերված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լ.Ավետիսյանը, որպես գնորդ կնքելով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, ձեռք է բերել Երևանի Դեմիրճյան փողոցի 38-րդ շենքի թիվ 5 բնակարանը, որի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված է նրա անվամբ: Գործի նյութերից երևում է նաև, որ Լ.Ավետիսյանի մորաքույր Հ.Դուրգարյանը դիմել է քրեական վարույթ իրականացնող մարմին` հայտնելով, որ Երևանի Դեմիրճյան փողոցի 38-րդ շենքի թիվ 5 բնակարանը գնելու գումարը Լ.Ավետիսյանին ինքն է տվել, սակայն վերջինս իրենից գաղտնի բնակարանը ձևակերպել է իր անվամբ:
36. Նախորդ կետում նշված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ.Դուրգարյանի կողմից Լ.Ավետիսյանին բնակարան գնելու համար գումար տալու փաստի ապացուցման հիմնախնդիրը վերաբերում է մասնավոր իրավունքի ոլորտին, և այդ հարցով հանրային շահը չի գերակայում մասնավոր շահի նկատմամբ:
Փաստորեն, Հ.Դուրգարյանի և Լ.Ավետիսյանի միջև առկա է քաղաքացիաիրավական բնույթի վեճ այն հարցի շուրջ, թե արդյոք Հ.Դուրգարյանը Լ.Ավետիսյանին տվել է գումար: Սույն գործի փաստերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ.Դուրգարյանի և Լ.Ավետիսյանի միջև առկա վեճը ենթակա է լուծման քաղաքացիական իրավունքի նորմերին համապատասխան և քաղաքացիական դատավարության կարգով: Հետևաբար, սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անդրադառնում է բացառապես Լ.Ավետիսյանին վերագրվող արարքին քրեաիրավական գնահատական տալու խնդրին և գտնում է, որ նախաքննական մարմինը և ստորադաս դատարանները հանգել են սխալ հետևության այն մասին, որ Լ.Ավետիսյանի արարքում առկա է խարդախության հանցակազմ:
37. Սույն որոշման նախորդ կետում առկա իրավական դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի հիմքում դրված և մեղադրական դատավճռում շարադրված ապացույցների շարքում առկա չէ ոչ մի փաստական տվյալ այն մասին, թե ինչ հանցավոր վարքագիծ է դրսևորել Լ.Ավետիսյանը, որով ներգործել է Հ.Դուրգարյանի գիտակցության և կամքի վրա, որի արդյունքում վերջինս, ընկնելով մոլորության մեջ, անձամբ գույք է հանձնել Լ.Ավետիսյանին (տե՛ս սույն որոշման 23-25-րդ կետերը): Այսինքն` գործի նյութերով հիմնավորված չէ Լ.Ավետիսյանի կողմից այնպիսի արարքի կատարում, որը կգնահատվեր որպես խարդախություն: Հետևաբար, բացակայում է խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը` վստահությունը չարաշահելու միջոցով ուրիշի գույքին տիրանալը:
38. Ինչ վերաբերում է խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմին, ապա գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրանքի կողմը չի ներկայացրել որևէ պաշտոնական վարկած Լ.Ավետիսյանի արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայության մասին: Այսինքն՝ չի հիմնավորվել, որ մինչև Հ.Դուրգարյանի գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը Լ.Ավետիսյանը դրսևորել է գույքի հափշտակման ուղղակի դիտավորություն և ունեցել է այն հափշտակելու նպատակ: Սույն որոշման 26-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա` այդ դեպքում խարդախությունը բացակայում է:
39. Հիմք ընդունելով սույն որոշման 22-38-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լ.Ավետիսյանի արարքում բացակայում է խարդախության հանցակազմի թե՛ օբյեկտիվ կողմը և թե՛ սուբյեկտիվ կողմը:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը հիմնազուրկ է համարում Լ.Ավետիսյանի կողմից Հ.Դուրգարյանի վստահությունը չարաշահելու միջոցով վերջինիս գույքը հափշտակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լ.Ավետիսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմը բացակայում է:
40. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա»:
Հիմք ընդունելով քրեադատավարական վերոնշյալ դրույթը, ինչպես նաև սույն որոշման մեջ առկա վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լ.Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը ենթակա է կարճման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այն է` արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով: Այսինքն՝ Լ.Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա անհրաժեշտ է բեկանել և քրեական գործի վարույթը կարճել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Լիա Արտյոմի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. դեկտեմբերի 23-ի որոշումը բեկանել, քրեական գործի վարույթը կարճել և Լիա Արտյոմի Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |