«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 օգոստոսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10003256
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 մայիսի 2003 թ. |
N 303 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՑԻ, ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԵՎ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.1-05-2003 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` հացի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
Հրամայում եմ
1. Հաստատել «Հացի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-05-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (կցվում է):
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին` սահմանել հսկողություն «Հացի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-05-2003 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի կատարման նկատմամբ:
Նախարար՝ |
Ա. Մկրտչյան |
Հաստատված է` |
ՀԱՑԻ, ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԵՎ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանիտարական կանոններ եվ հիգիենիկ նորմեր
N2-III-4.1-05-2003
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. 1. Սույն սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով (այսուհետ՝ սանիտարական կանոններ) սահմանվում են հաց, հացաբուլկեղեն, կրեմային և ոչ կրեմային հրուշակեղեն արտադրող կազմակերպություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:
2. ՏԱՐԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2. 1. Տարածքի լուսավորումը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96-ի պահանջներին:
2. 2. Տարածքը պետք է ստորաբաժանված լինի արտադրական և տնտեսական գոտիների:
Արտադրական գոտում պետք է տեղակայվեն արտադրական մասնաշենքը, հումքի և պատրաստի արտադրանքի պահեստները, կենցաղային շինությունները, իսկ տնտեսական գոտում՝ պահեստամասերի, շինանյութերի, տարայի և վառելիքի պահեստը, կաթսայատունը, ավտոտնակները, աղբի հավաքման տարողությունները:
2. 3. Կացարանների և ընտանի կենդանիների կերակրման կետերի տեղակայումը տարածքում արգելվում է:
2. 4. Մթնոլորտային տեղումներից առաջացած ջրի հեռացման համար պետք է նախատեսվեն թեքություններ՝ շինություններից (մասնաշենքերից) դեպի ջրակուտակիչներ, հեղեղատար, կոյուղի:
2. 5. Աղբի հավաքման համար պետք է տեղադրված լինեն կափարիչով ամուր փակվող, անջրաթափանց տարողություններ (մետաղյա կոնտեյներներ): Տարողությունները պետք է դատարկվեն օրը մեկ անգամ և ախտահանվեն ախտահանիչ միջոցներով:
2. 6. Աղբի կուտակման տարողությունները պետք է տեղադրվեն ասֆալտածածկ, բետոնածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ հարթակների վրա՝ արտադրական մասնաշենքից, ինչպես նաև հումքի և պատրաստի արտադրանքի պահեստներից 20մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, այն կարելի է պակասեցնել պոլիէթիլենային փաթեթների կիրառման դեպքում: Հարթակների մակերեսը բոլոր կողմերից 1մ-ով պետք է գերազանցի կոնտեյներների հիմքի մակերեսը:
3. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
3. 1. Ջրամատակարարումը պետք է իրականացվի ջրմուղի կենտրոնացված ցանցին միացման, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ արտեզյան հորատանցքից ջրմուղի ներքին ցանցի կազմակերպման միջոցով:
3. 2. Տեխնոլոգիական, տնտեսակենցաղային և խմելու նպատակով, ինչպես նաև տաք ջրամատակարարման համակարգում օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
3. 3. Արտեզյան հորատանցքերը և պահուստային տարողությունները պետք է ունենան սանիտարական պահպանման գոտի, համաձայն «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր» ՍՆ 245-71-ի:
3. 4. Տեխնիկական նպատակներով (կոմպրեսորների պաղեցման, տարածքը ջրելու, սանհանգույցների ջրթափ տարողությունների համար և այլն) տեխնիկական ջուր օգտագործելու դեպքում, անհրաժեշտ է նախատեսել խմելու և տեխնիկական ջրամատակարարման առանձնացված համակարգեր, դրանց խողովակագծերը պետք է ներկվեն տարբերակիչ գույներով: Վերջիններիս միջև միացումներ չի թույլատրվում:
3. 5. Ջրի պահուստային տարողություններին և արտադրամասերին մատակարարվող ջրի որակի նկատմամբ պետք է սահմանվի հսկողություն, համաձայն «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների:
Ելնելով տարածքի համաճարակային իրավիճակից, հետազոտությունների հաճախականությունը կարող է փոխվել:
3. 6. Պահուստային ջրի տարողությունները պետք է լինեն մեկուսացված, պահվեն մաքուր վիճակում և կնքվեն (կապարակնքվեն):
3. 7. Արտադրական բաժիններում անհրաժեշտ է նախատեսել.
- հատակը լվանալու համար ծորակներ՝ յուրաքանչյուր 500մ2 մակերեսի համար 1 ծորակ, բայց ոչ պակաս, քան 1 ծորակ ամեն արտադրամասի (սենքի, տեղամասի, բաժնի) համար,
- ձեռքերի լվացման համար լվացարան՝ ապահովված հոսող սառը և տաք ջրով (խառնիչի տեղադրմամբ), օճառով, ախտահանիչ լուծույթով, միանվագ օգտագործման սրբիչով կամ էլեկտրաչորացուցիչով:
3. 8. Արգելվում է ջեռուցման համակարգի տաք ջրի օգտագործումը տեխնոլոգիական սարքավորումների (խմորհունց, խառնիչներ և այլն) լվացման և սանիտարական մշակման նպատակներով:
3. 9. Կոյուղու համակարգի կառուցվածքը պետք է համապատասխանի 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», 2.04.03-85 «Կոյուղի: Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ների պահանջներին:
4. ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4. 1. Արտադրական և օժանդակ սենքերի լուսավորությունը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8. 03-96-ի պահանջներին:
4. 2. Պատուհանների ապակիները կանոնավոր պետք է մաքրվեն փոշուց ու մրից:
4. 3. Լուսավորման աղբյուրները (լամպերը) պետք է պաշտպանված լինեն պայթունաանվտանգ պիտույքակազմերով՝ հումքի և պատրաստի արտադրանքի մեջ ապակու բեկորների հայտնվելը կանխելու նպատակով:
4. 4. Արգելվում է լուսամփոփների տեղադրումը բաց տեխնոլոգիական տարողությունների, եփման կաթսաների, կրեմհարիչների, կրեմային հրուշակեղենի ձևավորման սեղանների վերևում:
4. 5. Լուսավորման սարքերը և պայթունաանվտանգ պիտույքակազմերը պետք է մաքրվեն ըստ անհրաժեշտության:
4. 6. Արտադրական և օժանդակ բոլոր սենքերում առավելագույնս պետք է օգտագործվի բնական լուսավորումը:
Լուսային բացվածքները չի թույլատրվում փակել արտադրական սարքավորումներով, պատրաստի արտադրանքով, տարայով:
4. 7. Հատուկ սանիտարական ռեժիմ պահանջող տեղամասերում (կրեմի պատրաստման) օդի վարակազերծման համար անհրաժեշտ է տեղադրել մանրէասպան լամպեր, որոնց աշխատանքային ռեժիմը պետք է համապատասխանի դրանց շահագործման պահանջներին:
5. ՋԵՌՈՒՑՄԱՆԸ, ՕԴԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ, ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ ԵՎ ԱՂՄՈՒԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
5. 1. Արտադրական և օժանդակ սենքերի (բացառությամբ սառցախցիկների, կաթսայատան և տրանսֆորմատորային կայանի) ջեռուցումը և օդափոխությունը պետք է համապատսխանի «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» ՀՀ ՇՆ IV-12.01-2000-ի պահանջներին: Ջեռուցման սարքերը մաքրելու համար պետք է լինեն մատչելի:
5. 2. Սարքավորումները, օշարակի եփման կաթսաները, գոլորշու և տաք ջրի խողովակագծերն ու ջերմարտադրության աղբյուրները պետք է ջերմամեկուսացվեն, դրանց մակերեսի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 450C-ից:
5. 3. Ջերմության և խոնավության առաջացման աղբյուրները (խմորիչների, եփման, շոգեխաշման կաթսաները) պետք է ապահովված լինեն տեղային օդափոխության հարմարանքներով՝ քարշիչ զոնդերով:
5. 4. Փոշու առաջացման աղբյուրները՝ մաղերը, խմորհունց, պարկերը թափ տալու և նմանատիպ սարքավորումները պետք է ապահովված լինեն ներծծող սարքերով (փոշեկուլներով):
5. 5. Արտադրական սենքերի օդում ոչ թունավոր փոշու խտությունը և միկրոկլիման պետք է համապատասխանեն «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր» ՍՆ 245-71-ի պահանջներին:
5. 6. Արտադրական սենքերում աղմուկի մակարդակը պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղերում բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:
5. 7. Սարքավորումները, մեքենաները, սարքերը պետք է ապահովված լինեն ցնցումամարիչ հարմարանքներով:
6. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
6. 1. Արտադրական սենքերի և արտադրամասերի տեղակայումը պետք է ապահովի տեխնոլոգիական գործընթացների հոսքայնությունը/հարահոսությունը և բացառի հումքի ու պատրաստի արտադրանքի հանդիպակաց և խաչվող հոսքերը:
6. 2. Պահեստները պետք է լինեն մաքուր, չոր, ջեռուցվող և օդափոխվող. ջերմաստիճանը պետք է լինի 80C-ից ոչ ցածր, օդի հարաբերական խոնավությունը՝ 70-75%:
Հումքի բեռնաթափման և պատրաստի արտադրանքի բարձման հրապարակները ապահովել ծածկերով՝ մթնոլորտային տեղումներից պաշտպանելու համար:
Պահեստներում հատակը պետք է լինի հարթ, առանց ճեղքերի, ցեմենտածածկ կամ ունենա հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ ծածկ, իսկ պատերը՝ հարթ: Պահեստում՝ արագ փչացող հումքը և կիսապատրաստվածքները պահվում են սառցախցիկներում:
6. 3. Մթերային պահեստներում արգելվում է պահել ոչ մթերային, հոտավետ, տնտեսական ապրանքներ (օճառ, լվացքի փոշի և այլն):
6. 4. Կազմակերպությունում հատուկ հիգիենիկ ռեժիմ պահանջող արտադրական տեղամասերը (տաք արտադրամասեր, լվացման բաժինները ) տեղակայվում են առանձին սենքերում:
6. 5. Կրեմային հրուշակեղենի արտադրություններում (անկախ դրանց հզորությունից) պետք է նախատեսվեն հետևյալ առանձին բաժինները (կամ տեղամասերը)՝ պահպանելով տվյալ տեխնոլոգիական գործընթացին ներկայացվող հիգիենիկ և ջերմային ռեժիմի պահանջները.
- սառցախցիկներ՝ արագ փչացող հումքի պահման համար,
- հումքի ապափաթեթավորման և նախապատրաստման,
- հավկիթների պահման, լվացման և ախտահանման համար՝ ապահովված սառնարանով, երկբաժին լվացման ավազաններով, հոսող սառը և տաք ջրով,
- կարագի մակերեսի մաքրման և կրեմի պատրաստման համար՝ ապահովված սառնարանով,
- օշարակի եփման,
- բիսկվիթների և կիսապատրաստվածքների թխման, բիսկվիթների հովացման և կտրտման,
- տորթերի ձևավորման պարկիկների, ծայրադիրների, մանր գույքի լվացման և ախտահանման,
- ներարտադրամասային տարայի և խոշոր գույքի լվացման և մշակման,
- հետադարձ տարայի լվացման,
- թղթի, ստվարաթղթի պահման,
- կրեմային հրուշակեղենի առաքման՝ ապահովված սառնարանով:
6. 6. Արտադրական սենքերի պատերը սալիկապատել , բաց երանգի յուղաներկով ներկել կամ ունենան խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ընձեռող այլ հիգիենիկ ծածկ՝ 1.75 մ-ից ոչ պակաս բարձրությամբ:
6. 7. Արտադրական և օժանդակ սենքերի պատերը՝ 1.75 մ-ից բարձր և առաստաղները սպիտակեցնել ջրա-էմուլսիոն ներկերով կամ այլ ներկանյութերով:
6. 8. Առաստաղի և պատերի ընթացիկ վերանորոգումը կատարել ըստ անհրաժեշտության:
6. 9. Արգելվում է տեխնոլոգիական գործընթացին զուգահեռ կատարել շինարարական և սարքավորումների վերանորոգման աշխատանքներ:
6. 10. Բոլոր արտադրական սենքերում հատակը պետք է լինի անջրաթափանց, հարթ, առանց ճեղքերի, ոչ սահուն, հարմար լվանալու, մաքրելու համար և ունենա թեքություն դեպի հատականցքը:
6. 11. Արտադրական, օժանդակ, կենցաղային և պահեստային տարածքների հարդարումը (մաքրումը) պետք է կատարվի տեխնիկական անձնակազմի կողմից, իսկ աշխատատեղի հարդարումը (մաքրումը)՝ տվյալ տեխնոլոգիական գործընթացներում աշխատող բանվորների (աշխատակիցների) կողմից:
6. 12. Տեխնիկական անձնակազմը պետք է ապահովված լինի մաքրման, լվացման, ախտահանման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ գույքով և միջոցներով:
6. 13. Արտադրական և օժանդակ սենքերի մաքրող գույքը մակնշվում է և պահվում առանձին:
6. 14. Հատակը պետք է մաքրվի ամեն օր (յուրաքանչյուր հերթափոխից հետո). նախապես պետք է մաքրել խոնավ եղանակով, ապա լվանալ և չորացնել: Կրեմային հրուշակեղենի արտադրամասերում հատակը, մաքրելուց և լվացող նյութերով լվանալուց հետո, պետք է ախտահանվի: Սանիտարական մշակման աշխատանքներն ավարտելուց հետո, (հերթափոխի կամ աշխատանքի վերջում) կրեմի պատրաստման սենքերը պետք է մշակվեն մանրէասպան լամպերով: Անհրաժեշտության դեպքում հատակը պետք է մաքրվի քերիչների օգնությամբ: Ճարպոտ և սահուն հատակը (ելնելով արտադրության պայմաններից) պետք է լվացվի տաք ջրով կամ հիմնային լուծույթով՝ օրվա ընթացքում մի քանի անգամ:
6. 15. Պատուհանների շրջանակների ներքին և արտաքին մակերեսները, ապակիները պետք է մաքրվեն և լվացվեն ըստ անհրաժեշտության: Ջեռուցման սարքերը և դրանց հետևի տարածությունը պարբերաբար պետք է մաքրվի փոշուց և աղտոտումից:
7. ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
7. 1. Հաց, հացաբուլկեղեն և հրուշակեղեն արտադրող կազմակերպությունները պետք է ունենան կենցաղային սենքեր՝ 2. 09. 04-87 «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» ՍՆԻՊ-ի պահանջներին համապատասխան:
7. 2. Հանդերձարաններում տնային վերին հագուստը, սանիտարական արտահագուստը և կոշիկները պետք է պահվեն առանձնացված:
7. 3. Մաքուր և կեղտոտված սանիտարական հագուստը պետք է պահվի առանձին:
7. 4. Սանհանգույցների նախամուտքը պետք է ապահովված լինի ձեռքերի լվացման համար լվացարանով՝ խառնիչով միացված հոսող սառը և տաք ջրով, օճառով, էլեկտրաչորացուցիչով, միանվագ օգտագործման համար նախատեսված սրբիչով, անձեռոցիկով և նման այլ պարագաներով, ախտահանիչ լուծույթով, սան. հագուստը կախելու համար կախիչներով:
7. 5. Արտադրամասերում արգելվում է սնունդ ընդունելը: Սննդի ընդունման կետերը պետք է տեղակայվեն կենցաղային սենքերի կազմում:
Սննդի ընդունման կետերի մուտքի մոտ պետք է տեղադրվեն ձեռքերի լվացման համար լվացարաններ՝ խառնիչով միացված հոսող սառը և տաք ջրով, օճառով, էլեկտրաչորացուցիչով, միանվագ օգտագործման համար նախատեսված սրբիչով, անձեռոցիկով և նման այլ պարագաներով, կախիչներ՝ սան. հագուստը կախելու համար:
7. 6. Կենցաղային սենքերի մաքրումը (հարդարումը) պետք է կատարվի ամեն օր՝ օճառով, տաք ջրով և ախտահանիչ լուծույթներով:
7. 7. Սանհանգույցների մաքրման և ախտահանման համար պետք է առանձնացվի տարբերակիչ գույնով մակնշված առանձին գույք (դույլեր, լաթեր, խոզանակներ և այլն):
Սանհանգույցների մաքրման համար նախատեսված գույքը պետք է պահվի առանձին: Արգելվում է այն օգտագործել այլ տարածքները մաքրելու համար:
8. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ, ԳՈՒՅՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
8. 1. Սարքավորումների և սարքերի տեղադրումը պետք է ապահովի տեխնոլոգիական գործընթացի հոսքայնությունը և մաքրման համար դրանց հասանելիությունը:
8. 2. Մթերքի հետ շփվող սարքերը, սարքավորումները և տարաները պետք է պատրաստված լինեն սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից, իսկ պոլիմերային տարաները պետք է ունենան նաև «Սննդամթերքի համար» մակնշում:
8. 3. Սարքավորումների և գույքի մակերեսը պետք է լինի հարթ և հեշտությամբ մաքրվի, լվացվի ու ախտահանվի:
8. 4. Լվացման և ախտահանման համար կարող են օգտագործվել միայն այդ նպատակի համար նախատեսված նյութեր:
8. 5. Ներարտադրամասային տարայի և գույքի լվացման բաժնում պետք է տեղադրվեն երկբաժին լվացման ավազաններ՝ խառնիչով միացված հոսող սառը և տաք ջրով: Լվացման ավազանը կոյուղու խողովակին պետք է միացված լինի օդային բացվածքի միջոցով՝ կոյուղու վթարների դեպքում կեղտաջրերի ներթափանցումը լվացման ավազան կանխարգելելու համար:
8. 6. Խմորհունց դեժերի, եփման կաթսաների, վակուումային սարքերի, վաֆլիների, կոնֆետների կտրտման ու քսման մեքենաների, կարամելի ձևավորման և այլ մեքենաների ներքին ու արտաքին մակերեսները աշխատանքն ավարտելուց հետո պետք է մանրակրկիտ մաքրվեն և լվացվեն տաք ջրով: Վակուումային սարքերը և կաթսաները պետք է նաև շոգեհարվեն: Խմորհունց դեժերի ներքին մակերեսի վերին հատվածները, յուրաքանչյուր անգամ խմոր հունցելուց հետո, պետք է մաքրվեն և քսվեն բուսական յուղով:
8. 7. Ալրային արտադրանք թխելու համար նախատեսված մետաղյա նոր կաղապարները և թերթերը, նախքան օգտագործելը, պետք է շիկացվեն վառարաններում:
Անհարթ եզրեր, փոսեր, վնասվածքներ ունեցող կաղապարների և թերթերի օգտագործումն արգելվում է: Հացի և հրուշակեղենի թխման կաղապարները, պարբերաբար (ըստ անհրաժեշտության), պետք է վերանորոգվեն (փոսերը և վնասվածքները վերացվեն), իսկ այրուքները հեռացվեն վառարանում թրծելու միջոցով:
8. 8. Աշխատանքի վերջում գլանամեքենաների դանակները պետք է մաքրվեն:
8. 9. Սեղանների մակերեսները, տախտակները, փոխարկիչների ժապավենները կանոնավոր կերպով պետք է ենթարկվեն մեխանիկական մաքրման և լվացվեն տաք ջրով ու սոդայով:
8. 10. Սայլակները, դարակաշարերը և կշեռքները ամեն օր պետք է լվացվեն տաք ջրով և չորացվեն:
8. 11. Ալյուրի սիլոսային աշտարակի (բունկեր), առկայության դեպքում, մղող յուրաքանչյուր հոսքագիծ պետք է սարքավորված լինի ալրամաղ համակարգով, որը պետք է լինի հերմետիկ և ունենա մագնիսական մետաղորսիչներ: Խողովակները, շնեկների տուփերը, սիլոսները ճեղքեր չպետք է ունենան: Ալրամաղ համակարգը 10 օրը 1 անգամ պետք է կազմատվի և մաքրվի:
8. 12. Մաղերի նստվածքը օրը 1 անգամ պետք է ստուգվի կողմնակի միացությունների առկայության նկատմամբ: Մետաղորսիչ մագնիսի ուժը պետք է ստուգվի ոչ պակաս, քան 10 օրը 2 անգամ, այն պետք է լինի մագնիսի սեփական քաշի 1կգ հաշվարկով, 8կգ-ից ոչ պակաս:
Մագնիսների մաքրումը պետք է կատարվի օրը 1 անգամ:
8. 13. Ալյուրի պահման սիլոսային աշտարակները (բունկերները)՝ առկայության դեպքում, պետք է ունենան հարթ մակերես, կոներ՝ 70 սմ-ից ոչ պակաս, դիտանցքներ՝ հատակի մակերեսից 1,5մ բարձրության վրա:
8. 14. Օշարակի եփման կաթսաները, օշարակի պահման տարողությունները, չափագավաթները, կաթի սարքավորումները և սարքերը (հավաքման տարողությունները, խողովակագծերը, պոմպերը և այլն) ամեն օր, աշխատանքն ավարտելուց հետո, պետք է լվացվեն և ախտահանվեն:
Լվացումը և ախտահանումը պետք է կատարվի հետևյալ կերպ.
- ողողում գոլ (350C-ից ոչ ցածր) ջրով,
- խոզանակներով մանրակրկիտ լվացում՝ լվացող և ախտահանիչ նյութերի օգտագործմամբ,
- ողողում տաք (650C-ից ոչ ցածր) ջրով:
8. 15. Մրգահյութը դատարկելուց հետո խողովակագծերը պետք է լվացվեն կազմատված վիճակում՝ հատուկ լվացման ավազաններում և չորացվեն դարակաշարերի վրա կամ չորացնող խցիկներում, ցիստեռնները պետք է լվացվեն տաք ջրով, շոգեհարվեն գոլորշիով, վերին դիտանցքները փակվեն և կապարակնքվեն:
8. 16. Ներարտադրամասային մրգահյութի տարողությունների արտաքին պատերը, մակերեսները պետք է մաքրվեն ըստ դրանց աղտոտվածության:
Տարողությունների ներքին մակերեսները պետք է լվացվեն խոզանակներով և տաք ջրով, ապա ենթարկվեն շոգեհարման:
Մրգահյութի պահման տարողությունները սանիտարական մշակման պետք է ենթարկվեն յուրաքանչյուր դատարկումից հետո:
Մրգահյութի խողովակագծերը պետք է լվացվեն և շոգեհարման ենթարկվեն ելնելով դրանց աղտոտվածության աստիճանից:
8. 17. Կրեմային հրուշակեղենի արտադրամասերում օգտագործվող սարքավորումները, գույքը և տարաները պետք է մշակվեն հետևյալ պարբերականությամբ.
- տակդիրները, հավկիթ կոտրելու դանակները, հավկիթի զանգվածի տարողությունը և հարիչը, կաթնաշաքարային և այլ օշարակների եփման կաթսաները, օշարակի մղման խողովակագծերը, կրեմհարիչ մեքենան, տորթերի և հրուշակեղենի ձևավորման սեղանները, կիսապատրաստվածքների և պատրաստի արտադրանքի տեղափոխման մետաղյա սայլակները՝ ոչ պակաս, քան հերթափոխը մեկ անգամ,
- հավկիթի զանգվածի պահման և տեղափոխման տարողությունները, կաթի, կաթնաշաքարային և այլ օշարակների տարողությունները, աշխատատեղերում կրեմի պահման և տեղափոխման տարողությունները, կարագի մաքրման սեղանը, դանակները, ներարտադրամասային տարողությունները (տեփուրներ, թերթեր, թավաներ), ինչպես նաև հրուշակի տեղափոխման տեփուրները և դրանց կափարիչները` յուրաքանչյուր դատարկումից հետո:
8. 18. Կրեմը մաքրելուց հետո, կրեմհարիչ մեքենայի մեջ հաջորդաբար պետք է լցվեն լվացող և ախտահանիչ հեղուկներ, մշակումը պետք է կատարվի մեքենայի աշխատանքի ընթացքում` մշակման յուրաքանչյուր փուլը (մաքրող և ախտահանիչ լուծույթով) 10-15 րոպե տևողությամբ:
8. 19. Տորթերի և հրուշակի ձևավորման սեղանները պետք է ունենան հարթ մակերես:
8. 20. Ներարտադրամասային տարաները պետք է մշակվեն լվացման բաժիններում՝ յուրաքանչյուր հերթափոխի վերջում (ավարտին): Նախքան լվանալը գույքը և տարաները պետք է ենթարկվեն մեխանիկական մաքրման: Երկբաժին լվացման ավազաններում լվանալ 40-450C ջերմաստիճանի ջրով, ախտահանել և պարզաջրել 600C-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրով:
8. 21. Մշակելուց հետո ներարտադրամասային տարան և գույքը պետք է չորացվեն և պահվեն այդ նպատակի համար հատկացված տարածքում՝ դարակաշարերի վրա, դարակներում: Վերջիններիս բարձրությունը հատակից պետք է լինի 0.5-0. 7մ-ից ոչ պակաս:
8. 22. Հետադարձ տարաների լվացումը պետք է կատարվի ներարտադրամասային տարաներից և գույքից առանձին:
8. 23. Կրեմային արտադրանքի տեղափոխման համար օգտագործվող տեփուրները, թերթերը, վաճառարկղերը և դրանց կափարիչները, առևտրի ցանցից յուրաքանչյուր անգամ վերադառնալուց հետո, պետք է լվացվեն և մշակվեն լվացող, ախտահանիչ նյութերով, պարզաջրվեն տաք ջրով (650C-ից ոչ ցածր) և չորացվեն:
8. 24. Հավկիթի զանգվածի պատրաստման համար օգտագործվող սարքավորումները, տարան, գույքը, աշխատանքն ավարտելուց հետո, պետք է մանրակրկիտ լվացվեն, ախտահանվեն ախտահանիչ նյութով և պարզաջրվեն տաք (650C-ից ոչ ցածր) ջրով: Մանր գույքը լվանալուց հետո պետք է եռացվի 30 րոպե տևողությամբ: Հավկիթի լվացման ավազանները, աշխատանքն ավարտելուց հետո, պետք է լվացվեն և ախտահանվեն:
8. 25. Լցման պարկերը, ծայրակալները, ինչպես նաև տորթերի և հրուշակի ձևավորման ժամանակ օգտագործվող այլ մանր գույքը, պետք է ենթարկվեն մանրակրկիտ մշակման.
- լցման պարկերը նախապես պետք է թրջվեն 650C-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրով 1 ժամ տևողությամբ, այնուհետև լվացվեն ձեռքով կամ մեքենայով, լվացող միջոցով, պարզաջրվեն և չորացվեն (չորացնող պահարաններում): Չորացրած պարկերը պետք է տեղավորվեն բիքսում, կափարիչով կաթսայում կամ փաթաթվեն մագաղաթաթղթով և մանրէազերծվեն ավտոկլավում 1200C ջերմաստիճանում՝ 20-30 րոպե տևողությամբ: Ավտոկլավների բացակայության դեպքում լվացված պարկերը պետք է եռացվեն 30 րոպե տևողությամբ (եռալու պահից), ապա չորացվեն հատուկ պահարանում և պահվեն դարսված մաքուր տարողություններում:
- լցման պարկերից հանված ծայրակալները պետք է լվացվեն լվացող հեղուկով, պարզաջրվեն և ախտահանվեն ախտահանիչ միջոցներով, ապա մանրակրկիտ պարզաջրվեն 650C-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրով:
Մշակման ենթարկվելուց հետո, մանր գույքը պետք է չորացվի և պահվի հատուկ առանձնացված տարողություններում:
8. 26. Պարկերի, ծայրակալների, մանր գույքի մշակման համար նախատեսված սարքավորումներն արտադրական այլ նպատակով օգտագործել չի թույլատրվում:
8. 27. Կրեմային հրուշակեղենի պատրաստման համար օգտագործվող գույքը, ներարտադրամասային տարաները պետք է մակնշված լինեն ըստ օգտագործման նպատակի: Արգելվում է չմակնշված գույքի ու տարաների, ինչպես նաև մակնշվածների ոչ նպատակային օգտագործումը:
8. 28. Սարքավորումների, սարքերի, գույքի նորոգման (վերանորոգման) ժամանակ պետք է ձեռնարկվեն արտադրանքում կողմնակի իրերի հայտնվելու հնարավորությունը բացառող միջոցներ (միջոցառումներ):
8. 29. Վերանորոգված սարքերը և սարքավորումները, նախքան վերագործարկվելը, լվացվում են և ախտահանվում:
8. 30. Արտադրական տեղամասերում սարքավորումների պահեստային մասերի, մանր դետալների, մեխերի և այլնի համար հատկացնել հատուկ տեղ:
9. ՀՈՒՄՔԻՆ, ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻՆ, ՀՈՒՄՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ԵՎ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԹՈՂԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
9. 1. Ընդունվող ամբողջ հումքը, օժանդակ և փաթեթավորող նյութերը, ինչպես նաև թողարկվող արտադրանքը պետք է համապատասխանեն դրանց որակը և անվտանգությունը սահմանող ստանդարտների, տեխնիկական պայմանների պահանջներին և ունենան որակն ու անվտանգությունը հավաստող հավաստագրեր կամ հիգիենիկ եզրակացություններ:
9. 2. Արտադրողը պարտավոր է ապահովել արտադրվող և մատակարարվող արտադրանքի խմբաքանակի համապատասխանությունը սահմանված պահանջներին (երաշխավորել արտադրանքի համապատասխան որակը):
9. 3. Հրուշակեղենային արտադրանքի և արտադրության նկատմամբ անվտանգության ցուցանիշների հսկողությունն իրականացվում է արտադրողի կողմից՝ գործող հրահանգների և նորմատիվային ակտերի համաձայն:
9. 4. Սննդային հավելումներ կիրառելու դեպքում պարտադիր է մատակարարող կազմակերպության հավաստագրի, ինչպես նաև հիգիենիկ եզրակացության առկայությունը:
9. 5. Հումքի նախապատրաստումը պետք է կատարվի նախապատրաստական բաժնում: Հումքը, կիսապատրաստվածքները և օժանդակ նյութերը տարաներից պետք է հանվեն միայն վերջիններիս մակերեսը նախապես մաքրելուց հետո:
Թիթեղամանները և բանկաները (ապակյա տարաները) մաքրվում են արտաքին աղտոտվածությունից: Ապակյա բանկաները և շշերը մանրակրկիտ զննվում են և վնասվածները առանձնացվում:
9. 6. Տարան բացելուց հետո հումքը տեղափոխվում է ներարտադրական մակնշված տարայի մեջ:
Արգելվում է տեխնոլոգիական արտադրամասերում հումքը պահել հետադարձ տարաներում:
Արտադրամասերում խտացրած կաթը պետք է պահվի գործարանային փաթեթավորումով:
9. 7. Հումքի և կիսապատրաստվածքների տեղափոխումը արտադրական տարածքներում պետք է կատարվի միայն մակնշված փակ տարողություններում:
9. 8. Դատարկ տարաները նախապատրաստական բաժնից անմիջապես պետք է հեռացվեն:
9. 9. Հացաբուլկեղենի, ալրային և կրեմային հրուշակեղենի ձևավորման համար պատրաստված լցոնները և կիսապատրաստվածքները պետք է պահվեն մակնշված փակ տարաներում՝ 60C-ից ոչ բարձ ջերմաստիճանի պայմաններում:
9. 10. Ներարտադրամասային փոխադրական տարաները պետք է լինեն մաքուր, չոր, ամուր, առանց կողմնակի հոտի:
Նախքան օգտագործելը հետադարձ տարաները ենթարկվում է պարտադիր սանիտարական մշակման:
9. 11. Տարավորված հումքը, օժանդակ նյութերը և պատրաստի արտադրանքը պահեստներում և առաքման բաժնում պահել դարակաշարերի, ապրանքատակերի (տակդիրների) վրա՝ հատակից ոչ պակաս, քան 15 սմ բարձրությամբ, պատերից՝ 70 սմ հեռավորությամբ, շարքերի միջև հեռավորությունը պետք է լինի 75 սմ-ից ոչ պակաս:
9. 12. Ամբողջ սորուն հումքը, նախքան օգտագործելը, անցկացվում է մագնիսական մետաղորսիչների միջով և մաղվում, իսկ կոնֆետների պատրաստման համար օգտագործվող օսլան, պարբերաբար, չորացվում:
9. 13. Ալյուրը պահվում է հումքի այլ տեսակներից առանձին՝ հատակից 15 սմ և պատերից 50 սմ հեռավորության վրա:
9. 14. Առանց տարայի ալյուր ընդունելու և պահելու դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները.
- ընդունող հարմարանքները մշտապես պետք է լինեն փակ, իսկ ալյուր տեղափոխող (դատարկվող մեքենաների բացակայության ժամանակ), ընդունող խողովակները պետք է գտնվեն սենքերի ներսում՝ կախված վիճակում,
- նախքան ընդունող հարմարանքներին միացնելը, պետք է ստուգվի ալյուր տեղափոխող մեքենայի խողովակաճյուղի ներքին պարունակությունը, ինչպես նաև կնիքների ամբողջականությունը,
- օդային ֆիլտրերը պետք է լինեն սարքին վիճակում և մաքրվեն ըստ անհրաժեշտության: Բոլոր անցքերը պետք է ամուր փակվեն: Արգելվում է մագնիսական մետաղորսիչներով չանցկացված ալյուրը բաց թողնել արտադրամաս,
- ալյուրի խողովակագծերը, սիլոսները, բունկերները և այլն, մաքրելուց ու վերանորոգելուց հետո պետք է մանրակրկիտ զննվեն, որպեսզի դրանցում գործիքներ, պահեստամասեր, խոզանակներ չթողնվեն:
9. 15. Առանց տարաների պահման դեպքում, ալյուրը պետք է տեսակավորվի տարողություններում՝ որակական ցուցանիշներին համապատասխան:
9. 16. Աղը պետք է պահվի առանձնացված տարածքում կամ կափարիչով փակվող արկղերում, ինչպես նաև ֆիլտրեր ունեցող տարողություններում` լուծույթի տեսքով: Արտադրությունում աղը պետք է օգտագործվի միայն ֆիլտրված լուծույթի տեսքով:
9. 17. Խմորիչները պետք է օգտագործվեն չոր, մամլված կամ հեղուկ տեսքով: Մամլված և հեղուկ խմորիչները պետք է պահվեն 0+40C ջերմաստիճանի պայմաններում:
9. 18. Ճարպերը, հավկիթները և կաթնամթերքը պետք է պահվեն սառցախցիկում 0+40C ջերմաստիճանի պայմաններում:
9. 19. Մելանժը (հավկիթի զանգվածը) պետք է օգտագործվի միայն մանր հատավոր ալրային հրուշակեղենի և հացաբուլկեղենի խմոր պատրաստելու համար, եթե զգայորոշման, ֆիզիկաքիմիական և մանրէաբանական ցուցանիշներով այն համապատասխանում է նորմատիվային ցուցանիշներին: Մելանժը պետք է պահվի մինուս 60C-ից +50C ջերմաստիճանում: Մելանժի կրկնակի սառեցումը արգելվում է: Հալեցված մելանժը չի թույլատրվում պահել 4 ժամից ավելի:
9. 20. Պաստերացված կաթը տեխնոլոգիական գործընթացի ավարտից հետո պետք է պահվի 0-60C ջերմաստիճանում 36 ժամից ոչ ավել:
9. 21. Արտադրությունում կիրառվող սննդային հավելումները (բուրահաղորդիչներ, թթուներ, սննդային ներկեր) պետք է պահվեն գործարանային փաթեթներում և պարտադիր կարգով ունենան պիտակներ: Բոլոր սննդային հավելումները պետք է ունենան հիգիենիկ եզրակացություն: Սննդային հավելումների տեղափոխումը գործարանային փաթեթավորումից այլ տարողությունների մեջ պահելու նպատակով չի թույլատրվում:
Սննդային ներկերը և բուրահաղորդիչները օգտագործվում են արտադրական լաբորատորիայի աշխատակիցների կողմից պատրաստված լուծույթների տեսքով: Լուծույթների պատրաստման համար օգտագործվող տարողությունները պետք է պատրաստված լինեն սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից: Ներկանյութերի և բուրահաղորդիչների լուծույթներով տարողությունները պետք է ունենան պիտակներ` սննդային հավելումի անվան և լուծույթի խտության նշումով:
9. 22. Կարագը փաթեթից (տարայից) հանելուց հետո պետք է մանրակրկիտ զննվի և մակերեսը մաքրվի: Աղտոտված մակերեսով և մանրէաբանական փչացման նշաններով կարագը չի թույլատրվում օգտագործել կրեմային հրուշակեղեն պատրաստելու համար: Կարագը փաթեթից հանելուց հետո, մինչև դրա մակերեսը մաքրելը, կարող է պահվել 4 ժամից ոչ ավել:
9. 23. Թարմ միրգը և հատապտուղները, նախքան օգտագործելը, պետք է մանրակրկիտ լվացվեն և չորացվեն: Տորթերի և կրեմով հրուշակի ձևավորման ու զարդարման համար չի թույլատրվում օգտագործել հատապտուղների այնպիսի տեսակներ, որոնք դժվար է լավ լվանալ՝ (ելակ, ազնվամորի, մոշ, թութ և այլ նման տեսակներ): Նման հատապտուղները կարող են օգտագործվել որպես կրեմային լցոններ՝ միայն ջերմային մշակման ենթարկվելուց հետո:
9. 24. Չոր մրգերը, չամիչը պետք է մաքրվեն կողմնակի խառնուրդներից և լվացվեն ցանցերի վրա 50C ջերմաստիճանի հոսող ջրով: Չամիչ թույլատրվում է օգտագործել միայն բարձր ջերմային մշակման ենթարկվող արտադրատեսակներ պատրաստելու համար:
9. 25. Մրգահատապտղային խյուսերը, մրգերի միջուկը, նախքան օգտագործելը, պետք է մշակվեն/տրորվեն հատուկ մեքենաներում: Մրգահատապտղային խյուսերի տրորման համար նախատեսված մաղի անցքերի չափսերը պետք է լինեն 1,5 մմ-ից ոչ ավել, պովիդլոների, ջեմերի լցոնների տրորման համար՝ 3 մմ: Արգելվում է ջեմերը և այլ լցոնները նոսրացնել ջրով:
9. 26. Եթե սուլֆիտացված պտուղները, հատապտուղները և դրանցից պատրաստված խյուսերը հետագա ջերմային մշակման չեն ենթարկվում (պաստեղի, զեֆիրի, մարմելադի որոշ տեսակների պատրաստում) կամ եթե հետագա ջերմային մշակման ռեժիմը չի ապահովում ծծմբաթթվի լիարժեք հեռացումը, ապա դրանք մանրակրկիտ մշակման պետք է ենթարկվեն ապասուլֆիտացման հատուկ սարքերում կամ տաքացվեն եփման բաց կաթսաներում:
9. 27. Մաթը, մեղրը, օշարակները, շոկոլադե հեղուկ կիսապատրաստվածքները, հալեցված ճարպերը, կաթը պետք է քամվեն հատուկ մաղերով: Կաթը մաղով անցկացնելուց հետո պետք է եռացվի: Շաքարի օշարակը քամելու համար նախատեսված մաղի անցքերի չափսերը պետք է լինեն 1,5 մմ-ից ոչ մեծ:
9. 28. Մաթը պետք է պահվի և տեղափոխվի միայն կափարիչներով ամուր փակվող տարողություններում:
9. 29. Ընկույզը, նուշը և ձիթապտղային կուլտուրաների սերմերը պետք է մաքրվեն կողմնակի խառնուրդներից (տեսակավորող հատուկ մեքենաներով կամ ձեռքով)՝ հեռացնելով վնասատուներով ախտահարված անորակ և բորբոսնած սերմերը:
9. 30. Վնասատուներով ախտահարված կակաոյի պտուղները հատուկ խցիկներում պետք է ենթարկվեն ջերմային մշակման 60-650C ջերմաստիճանում՝ 10-15 րոպե տևողությամբ:
9. 31. Սապոնաարմատը հոսող ջրով լվանալուց հետո պետք է թրջվի տաք ջրով, կտրտվի մանր կտորների և շոգեհարվի 3-4 անգամ եռման ջրի թարմ բաժիններում: Ստացված մզվածքը պետք է եփվի այնքան, մինչև տեսակարար կշիռը հավասարվի 1. 05, ապա քամվի մաղի միջոցով և օգտագործվի միայն հալվա պատրաստելու համար: Հալվայում սապոնինի պարունակությունը չպետք է գերազանցի 300մգ/կգ-ից:
9. 32. Հրուշակեղենի պատրաստման համար պետք է օգտագործվի միայն թարմ, արատներ չունեցող հավկիթներ: Հավկիթի արկղերը բացելու, հավկիթների սանիտարական մշակման և հավկիթի զանգվածը ստանալու ընթացքում խստիվ պետք է պահպանվի հոսքայնության սկզբունքը:
9. 33. Ցանկացած տեսակի կրեմ պատրաստելու համար խստիվ արգելվում է օգտագործել ջրլող թռչունների, տարբեր վնասվածքներով ձվեր. տուբերկուլոզի, սալմոնելոզի տեսակետից անապահով տնտեսություններից ստացված հավկիթներ, ինչպես նաև հավկիթի փոխարեն մելանժի օգտագործումը:
Ջրլող թռչունների ձվերը կարող են օգտագործվել միայն մանր հատերով ալրային հրուշակեղենի կամ հացաբուլկեղենի պատրաստման համար:
9. 34. Ջրլող թռչնի ձվերը կոտրելուց անմիջապես հետո կեղևը պետք է հավաքվի առանձին տարողություններում: Տարողությունները դատարկելուց անմիջապես հետո պետք է մաքրվեն, տաք ջրով լվացվեն և ախտահանվեն:
9. 35. Ջրլող թռչնի ձվերից զանգված պատրաստող անձինք անմիջապես պետք է ձեռքերը մանրակրկիտ լվանան օճառով և ախտահանեն ախտահանիչ նյութով:
9. 36. Նախքան հավկիթի զանգված ստանալը բոլոր հավկիթները պետք է դասավորվեն ցանցերով մետաղյա տուփերում կամ այլ տարողություններում և ենթարկվեն մշակման. 40-450C ջերմաստիճանի ջրով թրջոց՝ 10-15 րոպե տևողությամբ, այնուհետև անհրաժեշտ է լվանալ, ախտահանել, պարզաջրել հոսող 500C ջերմաստիճանի ջրով:
9. 37. Մշակման ենթարկված հավկիթները պետք է կոտրվեն մետաղյա դանակներով և լցվեն հատուկ թասերի մեջ (5 հավկիթից ոչ ավել տարողությամբ): Պետք է ստուգվի կոտրված հավկիթների արտաքին տեսքը և հոտը, ապա դրանք տեղափոխվեն ավելի մեծ չափսերի արտադրական տարաների մեջ: Նախքան օգտագործելը հավկիթի զանգվածը պետք է անցկացվի 3-5 մմ-ից ոչ մեծ անցքեր ունեցող չժանգոտվող մետաղից պատրաստված մաղի միջով: Հավկիթի զանգվածը պետք է պահվի 60C-ից ոչ բարձր ջերմաստիճանում 8 ժամից ոչ ավել:
Արգելվում է հավկիթի զանգվածը պահել առանց սառնարանի:
9. 38. Հատակին ընկած մթերքը (սանիտարական խոտան) պետք է հավաքվի «Սանիտարական խոտան» մակնշում ունեցող տարայի մեջ: Հրուշակեղենի տարողությունում սանիտարական խոտանի օգտագործումը արգելվում է:
9. 39. Բարձր ջերմաստիճանում տեխնոլոգիական մշակում կատարող բոլոր սարքավորումները պետք է ապահովված լինեն չափիչ-հսկիչ սարքերով:
9. 40. Կրեմային հրուշակեղեն (տորթեր, ռուլետներ, հրուշակ) պատրաստող յուրաքանչյուր հերթափոխ աշխատանքը պետք է սկսի մաքուր և մանրէազերծված գույքով (պարկեր, ծայրադիրներ և այլ մանր գույք): Կրեմի պարկերը պետք է փոխվեն ոչ պակաս, քան հերթափոխում 2 անգամ:
9. 41. Կրեմը պետք է պատրաստվի արտադրողի կողմից մշակված և հաստատված տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի պահանջներին համապատասխան: Կրեմի պատրաստման համար պետք է օգտագործվի 20%-ից ոչ բարձր խոնավություն ունեցող կարագ:
9. 42. Կրեմը պետք է պատրաստվի միայն մեկ հերթափոխում օգտագործելու համար նախատեսված քանակով: Արգելվում է կրեմի մնացորդի փոխանցումը հաջորդ հերթափոխին կամ հաջորդ օրը օգտագործելու համար: Կրեմի բոլոր մնացորդները պետք է օգտագործվեն միայն նույն հերթափոխում՝ բարձր ջերմաստիճանում մշակելու պայմանով (ալրային հրուշակեղեն կամ կիսապատրաստվածքներ թխելու համար):
9. 43. Կրեմով լցված պարկերը աշխատանքի ընդհատումների և ընդմիջումների ընթացքում պետք է տեղավորվեն մաքուր տարողություններ և պահվեն սառնարանում:
9. 44. Հարած սերուցքից, հարած սպիտակուցից (ինչպես հում, այնպես էլ եփովի) պատրաստված կրեմները պետք է օգտագործվեն պատրաստելուց անմիջապես հետո:
9. 45. Կրեմը պետք է տեղափոխվի աշխատատեղեր մաքուր, չժանգոտող մետաղից պատրաստված, «կրեմ» մակնշումով, կափարիչով փակ ամաններով:
9. 46. Կրեմի տեղափոխումը մի տարողությունից մյուսի մեջ պետք է կատարվի հատուկ գույքի միջոցով: Չի թույլատրվում այդ գործողությունները կատարել ձեռքերով:
9. 47. Պաղեցված օշարակի պահման տևողությունը 20-260C ջերմաստիճանում չպետք է գերազանցի 5 ժամից, իսկ 60C-ում 12 ժամից:
Օշարակը և ձևավորելու փշուրները պետք է փոխվեն հերթափոխում 2 անգամից ոչ պակաս: Օշարակի և փշուրի մնացորդները կարող են օգտագործվել միայն բարձր ջերմաստիճանում կիսապատրաստվածքներ թխելու համար:
9. 48. Պատրաստի կրեմային հրուշակեղենը անմիջապես պետք է տեղավորվի պատրաստի արտադրանքի սառնարանում:
9. 49. Կրեմային հրուշակեղեն արտադրող կազմակերպությունները, որոնց հզորությունը գերազանցում է 300 կգ/օր-ից, պետք է ունենան արտադրական լաբորատորիա՝ մանրէաբանական հետազոտություն կատարելու համար:
9. 50. Արգելվում է կոնֆետների փաթեթավորումը անիլինային ներկերով գունազարդված փաթեթներով:
9. 51. Վառարանից հանված հացը պետք է դասավորվի տեփուրներում և տեղափոխվի առաքման բաժին: Արգելվում է հացը պահել կույտերով:
9. 52. «Կարտոֆիլային» հիվանդությամբ ախտահարված հացի օգտագործումը սննդում արգելվում է, այն վերամշակման ենթակա չէ և անմիջապես պետք է հեռացվի հացաթխման կազմակերպության տարածքից:
9. 53. Հացի «կարտոֆիլային» հիվանդության կանխարգելման համար պետք է ձեռնարկել հետևյալ միջոցառումներ. անհրաժեշտ է հացի պահպանման դարակները լվանալ տաք օճառաջրով, շաբաթը մեկ անգամից ոչ պակաս սրբել քացախաթթվի 1 տոկոսանոց լուծույթով, ապա չորացնել:
9. 54. Կրեմային հրուշակեղեն արտադրող կազմակերպությունները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ սառնարանային սարքավորումներով՝ հումքը, կիսապատրաստվածքները և պատրաստի արտադրանքը «Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման ժամկետները և պայմանները» N 2-III-4. 4-1 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով ու սույն սանիտարական կանոններով սահմանված պայմաններում պահելն ապահովելու համար:
9. 55. Առանց կրեմի, վաֆլիով տորթերը, ինչպես նաև ճարպային և պրալինային ձևավորմամբ հրուշակեղենը պետք է պահվի 180C-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 70-75% օդի հարաբերական խոնավության պայմաններում: Շոկոլադով վաֆլե տորթերը պետք է պահվեն (18+3)0C ջերմաստիճանի պայմաններում:
9. 56. Տորթերը, ռուլետները և այլ հրուշակեղենը չի թույլատրվում պահել ոչ մթերային ապրանքի, ինչպես նաև սուր հոտ ունեցող մթերքի հետ:
9. 57. Սառնարանները և սառնարանային խցիկները պետք է ապահովված լինեն ջերմաչափերով՝ սահմանված ջերմային ռեժիմը հսկելու համար:
9. 58. Նախքան առևտրի ցանց առաքելը տորթերը, ռուլետները, կրեմային այլ արտադրանքը պետք է տեղավորվի մագաղաթաթղթով ծածկված մետաղյա տեփուրներում, թերթերում, ապա տեղադրվի մետաղյա կոնտեյների մեջ և ամուր փակվի կափարիչով:
9. 59. Կրեմային հրուշակեղենի տեղափոխումը բաց վիճակում խստիվ արգելվում է:
9. 60. Տորթերը պետք է տեղավորվեն ստվարաթղթե տուփերում, վերջիններիս հատակը պետք է ծածկվի մագաղաթաթղթով կամ անձեռոցիկներով: Տորթերի տեղափոխումը առանց տուփերում փաթեթավորման խստիվ արգելվում է:
9. 61. Կրեմային հրուշակեղենի տեղափոխման տարաների արտաքին մակերեսին պետք է լինեն պիտակներ, որոնց վրա պետք է նշված լինեն արտադրանքի պատրաստման ամսաթիվը, ժամը, պահման ռեժիմը (պայմանները) և իրացման ժամկետը, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերով պահանջվող այլ տեղեկատվական տվյալներ (արտադրող կազմակերպությունը, հասցեն, արտադրանքի սննդային արժեքավորությունը, սննդային հավելումների առկայությունը և այլն):
9. 62. Կրեմային հրուշակեղենի (կրեմի ջրային փուլում 60%-ից ցածր շաքարի պարունակությամբ) պատրաստումը և իրացումը տարվա տաք ժամանակաշրջանում (200C-ից բարձր) արգելվում է:
9. 63. Համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, հացի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի նոր տեսակները արտադրությունում կարող են ներդրվել միայն դրանց նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (ստանդարտներ, տեխնիկական պայմաններ) առկայության դեպքում:
10. ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
10. 1. Պատրաստելուց հետո, նախքան իրացնելը, կրեմային արտադրանքը պետք է պաղեցվի մինչև 4 ± 2 0C ջերմաստիճանը (արտադրանքի ներսում):
10. 2. Հացի, հացաբուլկեղենի և կրեմային արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի որակը հավաստող հավաստագրերով:
10. 3. Հացը, հացաբուլկեղենը և հրուշակեղենը պետք է տեղափոխվեն այդ արտադրանքի տեղափոխման համար հատկացված, մակնշված հատուկ փոխադրամիջոցներով:
10. 4. Հացը, հացաբուլկեղենը և հրուշակեղենային արտադրանքը բարձման և բեռնաթափման ընթացքում պետք է պաշտպանված լինեն մթնոլորտային տեղումներից:
10. 5. Տեխնոլոգիական գործընթացն ավարտվելուց հետո (վառարանից հանելու պահից), հացը և հացաբուլկեղենը առևտրի կազմակերպություններում կարող են գտնվել ոչ ավելի քան.
- տարեկանի (աշորային), թեփահան աշորային և ցորենի ու աշորային ալյուրների խառնուրդից ստացված հացը 36 ժամ,
- ցորեն-աշորային, թեփահան ցորենի, մաղած աշորային ալյուրից թխված հացը, ինչպես նաև բարձր տեսակի ցորենի ալյուրից թխված 200 գր-ից բարձր քաշ ունեցող հացը և հացաբուլկեղենը 24 ժամ,
- 200 գր-ից ցածր քաշ ունեցող արտադրատեսակները 16 ժամ:
Նշված ժամկետները լրանալուց հետո հացի և հացաբուլկեղենի իրացումն արգելվում է: Դրանք պետք է հանվեն վաճառքից և վերադարձվեն արտադրող կազմակերպություն՝ որպես չոր (քարթու, օթեկ) հաց:
10. 6. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից, հացի տեղափոխման փոխադրամիջոցների համար, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանելու դեպքում, տրվում է սանիտարական անձնագիր՝ 6 ամիս ժամկետով:
10. 7. Հացի և հացաբուլկեղենի տեղափոխման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները պետք է ունենան «Հաց-հացաբուլկեղեն» մակնշում: Հացի և հացաբուլկեղենի տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցներով չի թույլատրվում այլ բեռների տեղափոխումը:
10. 8. Տրանսպորտային միջոցները և տարան, նախքան բարձվելը, պետք է զննվեն և մաքրվեն, իսկ աշխատանքի վերջում լվացվեն տաք ջրով:
10. 9. Հաց, հացաբուլկեղեն առաքող անձինք բարձման և բեռնաթափման աշխատանքները պետք է կատարեն մաքուր սանիտարական արտահագուստով և իրենց մոտ ունենան անձնական բժշկական/սանիտարական գրքույկ՝ բժշկական զննման արդյունքների վերաբերյալ նշումներով:
10. 10. Առևտրի ցանցից վերադարձված հացը և հացաբուլկեղենը հացաթխման կազմակերպություններում պետք է վերամշակվի թրջոց դնելու եղանակով: Վերամշակման է ենթակա միայն չաղտոտված և մանրէաբանական փչացման նշաններ (հատկանիշներ) չունեցող արտադրանքը: Վերամշակված արտադրանքը կարող է օգտագործվել միայն թեփահան աշորային, աշորացորենի, ցորենի բարձր, առաջին և երկրորդ տեսակի ալյուրներից հաց թխելու համար: «Կարտոֆիլային հիվանդությամբ» վարակված հացը առևտրի կազմակերպություններից հետ ընդունելն արգելվում է:
10. 11. Թրջելու ենթակա արտադրական թափոնները և առևտրի ցանցից վերադարձված հացը, հացաբուլկեղենը չի թույլատրվում պահել 4 օրից ավել:
10. 12. Կրեմային հրուշակեղենը կարող է վերադարձվել կազմակերպություններին ոչ ուշ, քան իրացման ժամկետը լրանալուց 24 ժամ հետո:
10. 13. Առևտրի ցանցից վերամշակման նպատակով թույլատրվում է վերադարձնել մեխանիկական վնասվածքներ կամ արտաքին տեսքի և ձևի փոփոխություններով, ինչպես նաև իրացման ժանկետն անցած արտադրանքը:
10. 14. Վերամշակման նպատակով արգելվում է արտադրող կազմակերպություններ վերադարձնել աղտոտված, փոփոխված հոտով ու համով, կողմնակի խառնուրդներով, ամբարային և այլ վնասատուներով վարակված, բորբոսասնկերով ախտահարված արտադրանք, ինչպես նաև ալրային արտադրանքի փշուրներ:
10. 15. Վերամշակման համար հրուշակեղենային արտադրանքը արտադրող կազմակերպություն պետք է վերադարձվի միայն մաքուր, չոր, կողմնակի հոտ չունեցող տարաներում: Չի թույլատրվում հրուշակեղենը վերադարձնել պարկերի մեջ:
10. 16. Առևտրի ցանցից վերադարձվող հրուշակեղենը կարող է տեղափոխվել միայն սննդամթերքի տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցներով (սան. անձնագրի առկայությունը պարտադիր է):
10. 17. Վերամշակման համար վերադարձվող հրուշակեղենը առևտրի ցանցում պետք է պահվի իրացման ենթակա մթերքից առանձին:
10. 18. Վերադարձվող հրուշակեղենի փոխադրական տարաները, արտադրանքը դատարկելուց հետո, պետք է մաքրվեն, լվացվեն և ախտահանվեն:
10. 19. Վերադարձվող հրուշակեղենի քանակը չպետք է գերազանցի 1 օրվա ընթացքում վերամշակման հնարավորությունը:
Առևտրի ցանցից վերադարձված հրուշակեղենը պետք է վերամշակվի միայն արտադրական լաբորատորիայի կողմից վերամշակման պայմանների վերաբերյալ տրված եզրակացության առկայության դեպքում:
10. 20. Վերադարձված հրուշակեղենը պետք է մանրակրկիտ զննվի և տեսակավորվի՝ վերամշակման համար ոչ պիտանի արտադրանքն առանձնացնելու նպատակով:
10. 21. Վերամշակման համար ոչ պիտանի հրուշակեղենը պետք է հավաքվի հատուկ տարողություններում, այն ենթակա է ոչնչացման՝ սահմանված կարգի համաձայն:
10. 22. Վերադարձված կրեմային հրուշակեղենը կարող է օգտագործվել միայն ալրային հրուշակեղեն թխելու համար:
10. 23. Արտադրողը պետք է իրականացնի արտադրական (ներքին) հսկողություն տեխնոլոգիական գործընթացների և ռեժիմների պահպանման, հումքի, օժանդակ նյութերի, պատրաստի արտադրանքի որակի և անվտանգության նկատմամբ: Արտադրական լաբորատորիայի առկայության դեպքում այդ աշխատանքները պետք է կատարվեն վերջինիս կողմից, իսկ բացակայության դեպքում՝ պայմանագրային հիմունքներով, այդ աշխատանքները կատարելու համար իրավասու այլ լաբորատորիայի կողմից:
11. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
11. 1. Հաց, հացաբուլկեղեն և հրուշակեղեն արտադրող կազմակերպությունների յուրաքանչյուր աշխատող պետք է պահպանի անձնական հիգիենայի կանոնները և իր աշխատատեղում կատարի արտադրությանը ներկայացվող սանիտարական և տեխնոլոգիական ռեժիմների պահանջները:
11. 2. Հաց, հացաբուլկեղեն և հրուշակեղեն արտադրող կազմակերպություններում աշխատանքի ընդունվող անձինք պետք է ենթարկվեն պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների՝ համաձայն ՀՀ կառավարության 27. 03. 03 թ. N 347-Ն որոշմամբ հաստատված «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը»-ի պահանջների:
11. 3. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների որոշման համաձայն, համաճարակային ցուցումով, պետք է իրականացվեն աշխատողների մանրէակրության նկատմամբ հետազոտություններ:
11. 4. Աշխատանքը սկսելուց անմիջապես առաջ, յուրաքանչյուր աշխատող պետք է իրեր և զննվի, ստուգվի ձեռքերը՝ թարախային բշտիկներ հայտնաբերելու նպատակով:
11. 5. Աշխատողների ձեռքերը պետք է լինեն մաքուր, եղունգները՝ կարճ կտրված, առանց լաքածածկման:
12. ԿՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
12. 1. Հաց, հացաբուլկեղեն և հրուշակեղեն արտադրող կազմակերպությունների տարածքում չի թույլատրվում կրծողների և միջատների (ճանճեր, ուտիճներ, ամբարային վնասատուներ) առկայությունը:
12. 2. Կրծողների և միջատների հայտնվելը կանխելու նպատակով, անհրաժեշտ է կազմակերպության տարածքում արտադրական, պահեստային և կենցաղային սենքերում խստորեն պահպանել սահմանված սանիտարահիգիենիկ ռեժիմը:
12. 3. Տարվա տաք եղանակին բացվող բոլոր խորշերը պետք է ծածկվեն միջատների ներթափանցումը կանխող մետաղյա կամ այլ ցանցերով:
12. 4. Կրծողների ներթափանցումը կանխելու նպատակով հատակի, առաստաղի, պատերի բոլոր անցքերը, մուտքային տեխնիկական գծերի շուրջ եղած ճեղքերը փակվում են ցեմենտով, աղյուսով, երկաթե թիթեղով, իսկ օդափոխության համակարգերի բացվածքները՝ մետաղյա ցանցերով:
Կրծողների հայտնաբերման դեպքում կիրառում են դրանց ոչնչացման համար մեխանիկական միջոցներ (թակարդներ):
12. 5. Միջատների հայտնաբերման դեպքում կատարվում է տարածքների մանրակրկիտ հարդարում և հատուկ մշակում:
12. 6. Դեռտտիզացիոն և դեզինսեկցիոն աշխատանքները կատարվում են իրավասու կազմակերպությունների կողմից:
13. ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
13. 1. Կազմակերպության տնօրինությունը պարտավոր է ապահովել.
- յուրաքանչյուր աշխատողին հատուկ արտահագուստով,
- կրեմային հրուշակեղենի արտադրության աշխատողների արտահագուստի, սրբիչի ամենօրյա փոխումը,
- հատուկ հագուստի լվացումը և վերանորոգումը, վերջիններիս միայն աշխատանքի ժամանակ կրելը,
- հավաքարարների օգտագործման համար բավարար քանակի մաքրող գույքի, լվացող և ախտահանիչ միջոցների առկայությունը,
- ախտահանման, միջատասպան և կրծողների ոչնչացման աշխատանքների կանոնավոր կատարումը:
14. Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարման վերահսկողությունը իրականացվում է պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության կողմից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.05.2022, N 31-Ն | 24.05.2022, N 303 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|