ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 928.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասը «, պետական աջակցության հաշիվը» բառերից հետո լրացնել «, միանվագ դրամական վճարների հաշիվը, սոցիալական ապահովության հաշիվը» բառերով.
2) 3-րդ մասը «ներդրված միջոցները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 928.9-րդ հոդվածում նշված դեպքի,» բառերով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 928.8-րդ և 928.9-րդ հոդվածներով.
«Հոդված 928.8. | Միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիրը |
1. Միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքված այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած՝ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (միանվագ դրամական վճարների հաշիվ) և այդ հաշվին մուտքագրել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող (այդ թվում՝ որոշակի ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները։
2. Միանվագ դրամական վճարների պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը, միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3. Անձը հաճախորդի (միանվագ դրամական վճարների հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք է բերում բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը ներկայացնելու (միանվագ դրամական վճարների հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն անելու) պահից: Եթե միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, անձը չի ներկայացնում սույն մասում նշված պահանջը, ապա հաշվին առկա միջոցները միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետում վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
4. Միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված (առկա) միջոցները Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով կարող են վճարվել այլ անձի կամ, որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված գումար, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի պահանջով միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետում վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Բանկը պատասխանատվություն չի կրում միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված այն գումարների համար, որոնք հաճախորդի կարգադրության հիման վրա հաշվից դուրս են գրվել մինչև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ պահանջը ներկայացնելը։
5. Միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված (առկա) միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
Հոդված 928.9. | Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիրը |
1. Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքված այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած՝ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (սոցիալական ապահովության հաշիվ) և այդ հաշվին մուտքագրել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Անձը հաճախորդի (սոցիալական ապահովության հաշվի տիրոջ) իրավունքներ է ձեռք բերում գումարը այդ հաշվին մուտքագրելու պահից։
2. Սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը, սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3. Սոցիալական ապահովության հաշվին մուտքագրված (առկա) միջոցները Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սոցիալական ապահովության հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում, կարգով և ժամկետում, որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված գումար, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի պահանջով վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Բանկը պատասխանատվություն չի կրում սոցիալական ապահովության հաշվին մուտքագրված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված այն գումարների համար, որոնք հաճախորդի կարգադրության հիման վրա հաշվից դուրս են գրվել մինչև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ պահանջը ներկայացնելը։
4. Հաճախորդը (հաշվի տերը) տարեկան մեկ անգամ՝ ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով բանկին հավաստում է Հայաստանի Հանրապետությունում լինելը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետներում և կարգով հաճախորդի (հաշվի տիրոջ)՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը անձամբ բանկ ներկայանալու միջոցով չհավաստվելու դեպքում բանկն այդ մասին սոցիալական ապահովության հաշվի պայմանագրով սահմանված կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին։
6. Սոցիալական ապահովության հաշվին մուտքագրված (առկա) միջոցները արգելադրվելու (արգելանքի տակ դրվելու), բռնագանձվելու կամ հաճախորդի պարտավորությունների դիմաց հաշվանցվելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքով:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության 2017 թ. դեկտեմբերի 22 Երևան
ՆախագահՍ. Սարգսյան
ՀՕ-238-Ն