Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-395-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 8-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 147-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«31) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները.»:

 

Հոդված 2 Օրենսգրքի 380.1-ին հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների, իսկ 1.1-ին մասում նշված՝ հարկ վճարողների կողմից ուղևորափոխադրումների իրականացման գործարքների համար գեներացնելու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:».

3) 4-րդ մասը «ներկայացվող պահանջները» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառության կանոնները» բառերով։

 

Հոդված 3. Օրենսգրքի 408-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի կիրառության իմաստով՝ պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկել է համարվում նաև ուղևորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելը, երբ յուրաքանչյուր դեպքի համար գանձվում է տուգանք 200 հազար դրամի չափով:»։

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. դեկտեմբերի 22

Երևան

ՀՕ-395-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: