Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-365-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2005 թվականի հոկտեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը «վերահսկողության» բառից հետո լրացնել «, հսկողության» բառով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 6-րդ հոդվածում «զ» կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ և 7.1-ին հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 7.

Անտառների կայուն կառավարման և վերահսկողության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմինների իրավասությունները

 

1. Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական կառավարման լիազորված մարմին) իրավասություններն են`

1) պետական անտառների տիրապետումը և օգտագործումը՝ սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի համաձայն.

2) պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.

3) անտառների դասակարգումը՝ ըստ գործառնական նշանակության.

4) Հայաստանի Հանրապետության պետական անտառային տնտեսությունների վարման կազմակերպումը.

5) պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատումը.

6) անտառավերականգնման և անտառապատման իրականացման կարգի սահմանումը.

7) անտառների կայուն կառավարման չափորոշիչների և ցուցանիշների հաստատումը.

8) անտառահատման տոմսի և անտառային տոմսի օրինակելի ձևերի և դրանց տրամադրման կարգի հաստատումը.

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտում լիազոր մարմնի հետ համատեղ ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկի հաստատումը.

10) արտակարգ իրավիճակների ոլորտում լիազոր մարմնի հետ համատեղ անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանի օրինակելի ձևի սահմանումը.

11) պետական անտառներում բնափայտի մթերման տարեկան հաշվարկային հատատեղի հաստատումը.

12) Հայաստանի Հանրապետության անտառների և անտառային հողերի պետական հաշվառումը, անտառային պետական կադաստրի վարումը.

13) անտառների արտադրողականության բարձրացմանը, անտառավերականգնմանը, անտառապատմանը և խնամքին ուղղված նպատակային ծրագրերի մշակումը, իրականացման կազմակերպումը.

14) անտառային հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

15) անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական ներուժի պահպանության, զարգացման և հավասարակշռման ուղղությամբ ծրագրերի մշակման իրականացումը.

16) անտառների և անտառային հողերի կայուն կառավարման վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացումը.

17) անտառների պետական մոնիթորինգի իրականացումը.

18) անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների` ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների և անտառային մշակույթների վնասման և ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման և անտառային օրենսդրության այլ խախտումների հայտնաբերման ու կանխարգելման կազմակերպումը և այդ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավապահ մարմիններին տեղեկությունների անհապաղ տրամադրումը.

19) անտառների կայուն կառավարման բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.

20) պետական, ինչպես նաև համայնքային անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական, պայթեցման, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար թույլտվության տրամադրումը.

21) անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրերի մշակումը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև միջազգային համապատասխան կառույցների հետ.

22) պետական անտառների անտառաշինության աշխատանքների կազմակերպման և հսկողության իրականացումը.

23) անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացնելու համար փաստացի ուսումնասիրություններ կատարելու և եզրակացություններ տրամադրելու նպատակով մասնագիտական հանձնաժողովների և եզրակացությունների տրամադրման թույլտվությունը.

24) անտառային բնագավառի ինստիտուցիոնալ բարեփոխումները, ֆինանսական ռազմավարության մշակումը, հատկացված ֆինանսական միջոցների կառավարումը, ինչպես նաև դրանցից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստումը, պայմանագրերի կնքումը.

25) անտառային ոլորտում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, զարգացման, սոցիալ-տնտեսական, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում, ներդրումային ծրագրերի մշակումը և իրականացումը.

26) անտառներում և անտառային հողերում վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակումը և կազմակերպումը.

27) անտառների վերականգնման և անտառապատման, ինչպես նաև սելեկցիոն-սերմնային տնտեսության վարման, ագրոանտառաբուծության, անտառային տնկադաշտերի հիմնման, տնկարանային տնտեսության ընդլայնման, անտառամելիորատիվ միջոցառումների կազմակերպումը.

28) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա անտառավերականգնման, անտառապատման, անտառային ճանապարհների կառուցման և վերանորոգման նախագծերի, անտառային ոլորտին առնչվող այլ փաստաթղթերի վերաբերյալ համաձայնության տրամադրումը.

29) անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու գործառույթների իրականացումը.

30) անտառային հողերի և անտառների՝ ըստ նպատակային նշանակության դասակարգելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

31) օրենքով սահմանված դեպքերում արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին եզրակացության տրամադրումը.

32) անտառներում և անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման համար համաձայնության տրամադրումը.

33) օրենսդրությամբ սահմանված կարգով անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք ձեռք բերելու հայտերի ընդունումը և մրցույթների կազմակերպումը, համաձայնության տրամադրումը.

34) ծառայողների և անտառային ոլորտի մասնագետների ուսուցման և վերապատրաստման կազմակերպումը.

35) գիտահետազոտական աշխատանքների, անտառային արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր փորձի ներդնման կազմակերպումը.

36) անտառային ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման, այդ թվում՝ էկոլոգիական կրթության, աշխատանքների կազմակերպումը.

37) համայնքային անտառների ստեղծման և զարգացման աջակցումը.

38) անտառային արդյունքի արտադրության և վերամշակման հզորությունների ստեղծումը.

39) անտառօգտագործման, այդ թվում` հանգստի, զբոսաշրջության, էկոտուրիզմի զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.

40) ագրոանտառաբուծության զարգացման աջակցումը.

41) անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության միջոցառումների ծրագրերի մշակումը.

42) սույն օրենսգրքով և օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Բնապահպանական վերահսկողությունն իրականացնում է շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

 

 Հոդված 7.1. Էկոպարեկային ծառայությունը

   

Էկոպարեկային ծառայության լիազորությունները սահմանվում են օրենքով։»։

 

Հոդված 4. Օրենսգրքի 26-րդ և 27-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 5. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. դեկտեմբերի 6

Երևան

ՀՕ-365-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: