ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր Լ․ Ալավերդյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
ԼԴ1/0007/01/19 | ||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ավետիսյանի | |
Լ. Թադևոսյանի Ա. պողոսյանի |
25 հոկտեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման դեմ ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Այվազյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի մարտի 26-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, հարուցվել է թիվ 53152619 քրեական գործը, որը 2019 թվականի մարտի 27-ին ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթ:
2019 թվականի մարտի 27-ին Արտակ Ռոբերտի Այվազյանը ձերբակալվել է։
2019 թվականի մարտի 29-ին Արտակ Այվազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նույն օրը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ա․Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ Արտակ Այվազյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և վերջինիս նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
2019 թվականի ապրիլի 19-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ ամբաստանյալ Արտակ Այվազյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է գրավով և գրավի չափ է սահմանվել 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը։ 2020 թվականի օգոստոսի 27-ին Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Ա.Այվազյանի միջնորդությունը` որպես խափանման միջոց կիրառված գրավը ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ մերժել է, իսկ գրավի չափը նվազեցնելու մասով բավարարել՝ գրավի գումար սահմանելով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը։ 2022 թվականի ապրիլի 15-ին Առաջին ատյանի դատարանը պաշտպանի միջնորդությունը` Արտակ Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ մերժել է, իսկ գրավի չափը նվազեցնելու մասով բավարարել՝ գրավի գումար սահմանելով՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով Ա․Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ամբաստանյալ Ա.Այվազյանի անազատության մեջ գտնվելու 1 (մեկ) տարի 7 (յոթ) ամիս 8 (ութ) օրը հաշվակցվել է նրա պատժի ժամկետին և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվել է Ա.Այվազյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Ա․Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Վճռվել է նաև իրեղեն ապացույց ճանաչված՝ «Վազ 21074» մակնիշի 35 XT 042 հաշվառման համարանիշի ավտոմեքենան թողնել Ռազմիկ Սուքիասյանի տնօրինմանը, «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության Ստեփանավանի մասնաճյուղից հափշտակված 14 բջջային հեռախոսները, դրանց տուփերը՝ վերադարձնել «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությանը, Արտակ Այվազյանին պատկանող «adidas» գրառմամբ սպորտային պայուսակը, անձնական օգտագործման «Nokia» ապրանքանիշի բջջային հեռախոսը՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերադարձնել Արտակ Այվազյանին, «Sandisk» էլեկտրոնային կրիչը՝ թողնել քրեական գործում: Տուժող «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:
Վճռվել է նաև որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված փաստաթղթերը թողնել քրեական գործում:
3. Նշված դատավճռի դեմ ամբաստանյալ Ա.Այվազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Արտակ Այվազյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք էական են և խաթարում են արդարադատության բուն էությունը։
5.1․ Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ թեև ստորադաս դատարանը հաշվի է առել իր անձը բնութագրող տվյալները՝ այն, որ վատառողջ է, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, որոնցից մեկը հաշմանդամ է, ընդունել է մեղքը և զղջացել, սակայն իր նկատմամբ նշանակվել է խիստ պատիժ։ Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանը որպես իր պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը կատարելու ռեցիդիվը, սակայն հաշվի չի առել, որ իր նախկին դատվածությունը մարվել է։
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը բեկանել և բեկանված մասով կայացնել նոր դատական ակտ՝ նշանակելով մեղմ պատիժ:
6.1․ Վերոգրյալի հետ մեկտեղ, ամբաստանյալ Ա․Այվազյանը ներկայացրել է միջնորդություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արտակ Այվազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա, ուրիշի գույքի խոշոր չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի մարտի 26-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան 2ա հասցեում գտնվող «Յուքոմ» ՍՊ ընկերության Ստեփանավանի մասնաճյուղի մուտքի դուռը լնգելու եղանակով, ապօրինի մուտք է գործել խանութ-սրահ և տաղավարների վրայից գաղտնի հափշտակել «Յուքոմ» ՍՊ ընկերությանը պատկանող, խոշոր չափերով, ընդհանուր 1.084.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր ապրանքանիշերի թվով 14 բջջային հեռախոսներ՝ մասնավորապես 95.000 ՀՀ դրամ արժողությամբ «Xiaomi Red mi Note 6 Pro Gold», 110.000 ՀՀ դրամ արժողությամբ «Samsung Galaxy J8 Lavender», 74.000 ՀՀ դրամ արժողությամբ «Samsung Galaxy J4+ 32GB Gold», 55.000 ՀՀ դրամ արժողությամբ «Meizu M6 16GB Black», 65.000 ՀՀ դրամ արժողությամբ «Samsung Galaxy J4+ 16GB Black», 87.000 ՀՀ դրամ արժողությամբ «Samsung Galaxy J6 Gold», 87.000 ՀՀ դրամ արժողությամբ «Samsung Galaxy J6+ Gray», 83.000 ՀՀ դրամ արժողությամբ «Xiaomi Mi A2 Lite Blue», 39.000 ՀՀ դրամ արժողությամբ «Xiaomi Redmi Go Black», 67.000 ՀՀ դրամ արժողությամբ «Xiaomi Redmi 6 Black», 67.000 ՀՀ դրամ արժողությամբ «Meizu M5s 16 Silver», 70.000 ՀՀ դրամ արժողությամբ «Moto G5 Lunar Grey», 85.000 ՀՀ դրամ արժողությամբ «Moto G5s Lunar Grey» և 110.000 ՀՀ դրամ արժողությամբ «HTC Desire 12+ Warm Silver» ապրանքանիշերի բջջային հեռախոսներ, որոնք տեղավորելով նախապես վերցրած «Adidas» ապրանքանիշի սպորտային պայուսակի մեջ՝ դիմել է փախուստի»1։
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(…) Դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ու գնահատման արդյունքում ապացուցված է համարում, որ ամբաստանյալը կատարել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարքը, (…):
Դատարանը, հաստատված համարելով հանցագործության և դրա կատարման մեջ Արտակ Այվազյանի մեղքի ապացուցված լինելը, գտնում է, որ նա ենթակա է պատժի կատարածի համար:
(…)
Դատարանը, հիմք ընդունելով մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածներով, գտնում է, որ Արտակ Այվազյանի նկատմամբ պետք է նշանակել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված և նույն օրենսգրքի 67.1 հոդվածով թույլատրելի պատժի նվազագույն պատժաչափը՝ ազատազրկում 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով (…)»2:
9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(…) Առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելու սկզբունքների պահպանմամբ ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Այվազյանի նկատմամբ նշանակված համապատասխան պատժատեսակի և պատժաչափի վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության և ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժն արդարացի է: Հետևաբար անհիմն են վերաքննիչ բողոքում այդ մասով նշված փաստարկները:
(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Արտակ Ռոբերտի Այվազյանի նկատմամբ նշանակել է այնպիսի պատիժ, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող գնահատվել ակնհայտ խիստ և անարդարացի (…)»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Ա.Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(...)
12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից (...)»:
Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
3) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը»:
Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն4` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»։
ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Գողությունը, որը կատարվել է՝
(…)
2) խոշոր չափերով,
3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`
(…)
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:
11․ Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։
12․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արտակ Այվազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով վերագրվող հանցանքն ավարտվել է 2019 թվականի մարտի 26-ին5: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Ա.Այվազյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2022 թվականի դեկտեմբերի 15-ին6, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2023 թվականի դեկտեմբերի 25-ին7: Նշված որոշման դեմ ամբաստանյալ Ա.Այվազյանի կողմից 2024 թվականի մայիսի 7-ին ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ է ընդունվել 2024 թվականի հուլիսի 3-ին8:
13․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Ա.Այվազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, և նա տվել է իր համաձայնությունը, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով9։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5․1-րդ կետում նշված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է։
14․ Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը պետք է բեկանել, Ա.Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ և քրեական գործի վարույթը կարճել՝ նկատի ունենալով, որ սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները։
15. Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արտակ Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը պետք է վերացնել և գրավի գումարը՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը, վերադարձնել այն վճարած անձին:
16․ Անդրադառնալով քրեական գործով իրեղեն ապացույցների տնօրինման հարցին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վազ 21074» մակնիշի 35 XT 042 հաշվառման համարանիշի ավտոմեքենան պետք է թողնել Ռազմիկ Հայկազի Սուքիասյանի տնօրինմանը, «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության Ստեփանավանի մասնաճյուղից հափշտակված 14 բջջային հեռախոսները և դրանց տուփերը պետք է վերադարձնել «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Ամբաստանյալ Արտակ Այվազյանին պատկանող «adidas» գրառմամբ սպորտային պայուսակը և անձնական օգտագործման «Nokia» ապրանքանիշի բջջային հեռախոսը պետք է վերադարձնել Արտակ Այվազյանին, իսկ «Sandisk» էլեկտրոնային կրիչը՝ պահել քրեական գործում:
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված փաստաթղթերը՝ «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության Ստեփանավանի մասնաճյուղի տեսաձայնագրության սկավառակը, ՀՀ ոստիկանության Ստեփանավանի օպերլիազոր Խ.Ակուլյանի զեկուցագիրը, «Mobile centre» Ստեփանավանի մասնաճյուղից ստացված տեսաձայնագրության սկավառակը, Արտակ Այվազյանի վերաբերյալ 2014 թվականի հուլիսի 1-ի թիվ ԵԷԴ/0030/01/14 և 2013 թվականի օգոստոսի 05-ի թիվ ԱՐԱԴ1/0011/01/13 դատավճիռները, «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության Ստեփանավանի մասնաճյուղից ստացված տեսաձայնագրության սկավառակը, «ՄՏՍ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից ստացված Արտակ Ռոբերտի Այվազյանի 098-43-36-62 բջջային հեռախոսահամարի վերծանումները, 2019 թվականի ապրիլի 17-ի ՀՀ քրեակատարողական վարչությունից ստացված Արտակ Ռոբերտի Այվազյանի թիվ 033679 ազատականի պատճենը պետք է պահել քրեական գործում:
Միաժամանակ հաշվի առնելով, որ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված՝ «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության Ստեփանավանի մասնաճյուղից հափշտակված 14 բջջային հեռախոսները և դրանց տուփերը ենթակա են վերադարձման «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի մասով ևս վարույթը ենթակա է կարճման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 99-րդ, 100-րդ, 125-րդ, 162-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արտակ Ռոբերտի Այվազյանի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը բեկանել։
2. Արտակ Ռոբերտի Այվազյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով և քրեական գործի վարույթը կարճել։
3. Արտակ Ռոբերտի Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացնել և գրավի գումարը՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը, վերադարձնել գրավատուին:
4. Իրեղեն ապացույց ճանաչված՝ «Վազ 21074» մակնիշի 35 XT 042 հաշվառման համարանիշի ավտոմեքենան թողնել Ռազմիկ Հայկազի Սուքիասյանի տնօրինմանը, «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության Ստեփանավանի մասնաճյուղից հափշտակված 14 բջջային հեռախոսները և դրանց տուփերը վերադարձնել «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությանը, «adidas» գրառմամբ սպորտային պայուսակը, անձնական օգտագործման «Nokia» ապրանքանիշի բջջային հեռախոսը վերադարձնել ամբաստանյալ Արտակ Այվազյանին, «Sandisk» էլեկտրոնային կրիչը թողնել քրեական գործում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
____________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 262:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթեր 166-175:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթեր 35-36:
4 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Ա․Այվազյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումները:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 6․1-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. Ավետիսյան Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական: