Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.09.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՍԴ3/0007/01/21

Նախագահող դատավոր՝

 Մ. Պապոյան

Դատավորներ

 Մ. Արղամանյան

 Ա. Մնացականյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

1 սեպտեմբերի 2023 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշման դեմ ամբաստանյալ Արսեն Ռազմիկի Աղասյանի և վերջինիս պաշտպան Լ.Վարդապետյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի դեկտեմբերի 16-ին թիվ 1 կայազորի զինվորական դատախազության դատախազ Մ.Ղահրամանյանի որոշմամբ, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է թիվ 91003520 քրեական գործը:

2020 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Դ.Հովսեփյանի որոշմամբ թիվ 91003520 քրեական գործն ընդունվել է վարույթ:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մարտի 13-ի որոշմամբ Արսեն Աղասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով։

2021 թվականի մարտի 19-ին Ա.Աղասյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2021 թվականի ապրիլի 8-ի դատավճռով ամբաստանյալ Արսեն Աղասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, և յուրաքանչյուր դրվագով նրա նկատմամբ պատիժ է նշանակել կալանք` 2 (երկու) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված հանցանքների համակցության կանոններով, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Աղասյանի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված դատավճիռների համակցության կանոններով, նախորդ դատավճռով՝ թիվ ՍԴ3/0092/01/20 քրեական գործով, նշանակված պատժի չկրած մասը` 475.000 (չորս հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ տուգանքը լրիվ գումարվել է վերջինիս նկատմամբ նշանակված պատժին և Ա.Աղասյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել կալանք` 3 (երեք) ամիս ժամկետով և տուգանք` 475.000 (չորս հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամի չափով:

3. Նշված դատավճռի դեմ Ա.Աղասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 8-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Ա.Աղասյանը և վերջինիս պաշտպան Լ.Վարդապետյանը։

Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի որոշմամբ, բողոքներն ընդունվել են վարույթ1, և 2023 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Ամբաստանյալ Ա.Աղասյանի պնդմամբ, ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Ըստ բողոքի հեղինակի՝ սույն գործի փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ միայն տուգանքի ձևով պատիժ նշանակելու դեպքում այն կհամապատասխանի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջներին և կպահպանվեն օրինականության, արդարության, պատժի անհատականացման ու մարդասիրության սկզբունքները, որոնց կիրառումն անհրաժեշտ է հատկապես պատժի տեսակը և չափը որոշելիս։

5.1. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշումը և իր նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանքի ձևով:

6. Ամբաստանյալ Ա.Աղասյանի պաշտպան Լ.Վարդապետյանը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

Բողոքաբերի համոզմամբ՝ արագացված կարգի կիրառմամբ իրականացված դատաքննությամբ Ա.Աղասյանի նկատմամբ նշանակվել է պատիժ, որը գերազանցել է կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը։ Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակը կալանքն է, իսկ առավելագույն պատժաչափը՝ երկու ամիս ժամկետով կալանքը, հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատաքննությունն իրականացվել է արագացված կարգի կիրառմամբ, որի շրջանակներում նշանակված պատիժը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, նշված հոդվածով մեղադրական դատավճիռ կայացնելիս առավելագույն պատիժ կարող է հանդիսանալ կալանքը՝ մեկ ամիս տաս օր ժամկետով:

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ Ա.Աղասյանը մեղավոր է ճանաչվել 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ երկու դրվագով՝ յուրաքանչյուր դրվագի համար նույնիսկ առավելագույն պատիժ նշանակելու և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Ա.Աղասյանի նկատմամբ որպես առավելագույն պատիժ կարող էր նշանակվել կալանք՝ երկու ամիս քսան օր ժամկետով, մինչդեռ տվյալ դեպքում, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու արդյունքում, Ա.Աղասյանի նկատմամբ նշանակվել է կալանք՝ երեք ամիս ժամկետով:

6.1. Վերոգրյալի հիման վրա` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ բողոքների պատասխանը.

7. Մեղադրանքի կողմը վճռաբեկ բողոքների պատասխանում նշել է, որ Ա.Աղասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող հանցագործության յուրաքանչյուր դրվագով նշանակվել է այդ հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատիժը՝ երկու ամիս ժամկետով կալանքը, ինչը 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավանորմի խախտում է, և օրենքի պահանջների պահպանմամբ Ա.Աղասյանի նկատմամբ պատիժ նշանակելու դեպքում, այն չէր կարող գերազանցել երկու ամիս քսան օրը, մինչդեռ վերջինիս նկատմամբ նշանակվել է կալանք՝ երեք ամիս ժամկետով։

7.1. Վերոշարադրյալի հիման վրա, մեղադրանքի կողմը խնդրել է ամբաստանյալ Ա.Աղասյանի պաշտպան Լ.Վարդապետյանի բողոքը բավարարել և պատժի մասով բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Ամբաստանյալ Ա.Աղասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. (…) նա հանդիսանալով պայմանագրային զինծառայող` ՊԲ 46492 զորամասի տանկային գումարտակի նյութատեխնիկական ապահովման դասակի նորոգման ջոկի սպառազինության նորոգման վարպետ, կոչումով սերժանտ, 2020 թվականի դեկտեմբերի 6-ին` ժամը 19:00-ի սահմաններում, խախտելով Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում բնակվող Լորա Բորիսի Ավանեսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, նրա կամքին հակառակ, այն է` առանց վերջինի կամքը հաշվի առնելու, տան խոհանոցի պատուհանը մեխանիկական ներգործությամբ բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել նշված տուն:

Բացի այդ, Արսեն Աղասյանը, հանդիսանալով պայմանագրային զինծառայող` ՊԲ 46492 զորամասի տանկային գումարտակի նյութատեխնիկական ապահովման դասակի նորոգման ջոկի սպառազինության նորոգման վարպետ, կոչումով կրտսեր սերժանտ, 2020 թվականի դեկտեմբերի 6-ին` ժամը 19:30-ի սահմաններում, խախտելով Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում բնակվող Լորա Բորիսի Ավանեսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, նրա կամքին հակառակ, այն է` առանց վերջինի կամքը հաշվի առնելու, տան մուտքի բաց դռնով ապօրինի մուտք է գործել նշված տուն»2:

9. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 8-ի դատավճռի համաձայն՝ «(…) [Դ]ատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալ Արսեն Ռազմիկի Աղասյանը կատարել է արարքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 147–րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 147–րդ հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքն ամբաստանյալ Արսեն Ռազմիկի Աղասյանի կողմից ընդունելու և դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արսեն Ռազմիկի Աղասյանի կողմից, նրա մեղավորությամբ, մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելն ապացուցված է, նրա արարքները ճիշտ են որակված և համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 147–րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 147–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին:

(…)

[Դ]ատարանը գտնում է, որ Արսեն Ռազմիկի Աղասյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ պետք է դիտել նաև առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, կատարածի համար անկեղծորեն զղջալը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը մարտական գործողություններին մասնակցելը (...)։

Դատարանը միաժամանակ արձանագրում է, որ որպես Արսեն Ռազմիկի Աղասյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք պետք է դիտել հանցանքը կատարելու ռեցիդիվը, քանի որ մեղսագրվող արարքները կատարելու ժամանակ նա դատվածություն է ունեցել նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար:

(…)

Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արսեն Ռազմիկի Աղասյանի նկատմամբ պետք է նշանակել պատիժ՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ կալանք` 2 (երկու) ամիս ժամկետով,

- ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ կալանք` 2 (երկու) ամիս ժամկետով։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:

Վերոգրյալ իրավանորմերի և դատողությունների համատեքստում քննարկելով այն հարցը, թե ինչ պատժատեսակ և պատժաչափ պետք է նշանակվի ամբաստանյալ Ա.Աղասյանի նկատմամբ, ապա հաշվի առնելով հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալ Ա.Աղասյանի դրսևորած դրական վարքագիծը, այլ հանցավոր արարքներ կատարելուց զերծ մնալը և դրանք համադրելով նրա անձը բնութագրող տվյալների հետ, նկատի ունենալով նաև ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող վերոգրյալ հանգամանքները` Դատարանը գտնում է, որ Արսեն Ռազմիկի Աղասյանի նկատմամբ վերջնական պատիժ պետք է նշանակել պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով՝ կալանք՝ 3 /երեք/ ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչև պատժի լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը:

Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ` դատավճիռների համակցության կարգով նախորդ դատավճռով՝ թիվ ՍԴ3/0092/01/20 քրեական գործով նշանակված պատժի չկրած մասը՝ 475.000 /չորս հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ տուգանքը լրիվ գումարել սույն դատավճռով նշանակված պատժին և որպես վերջնական պատիժ նշանակել կալանք` 3 (երեք) ամիս ժամկետով և տուգանք 475.000 /չորս հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամի չափով (…)»3:

10. Վերաքննիչ դատարանը 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Առաջին ատյանի դատարանը, յուրաքանչյուր դրվագով որպես ամբաստանյալ Արսեն Աղասյանի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ, հաշվի է առել այն, որ նա երիտասարդ է, հրամանատարության կողմից` որպես զինծառայող, բնութագրվում է դրականորեն, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը մասնակցել է մարտական գործողություններին, իսկ որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք` Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել հանցանքը կատարելու ռեցիդիվը, որպիսի պայմաններում եկել է ճիշտ եզրահանգման, որ ամբաստանյալ Արսեն Աղասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) նախատեսված արարքներ կատարելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 67-րդ հոդվածների կիրառմամբ, պատիժ պետք է նշանակել կալանք` 3 (երեք) ամիս ժամկետով և տուգանք` 475.000 (չորս հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամի չափով:

Վերաքննիչ դատարանը, գնահատելով ամբաստանյալ Արսեն Աղասյանին մեղսագրվող արարքների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև նրա անձը, արձանագրում է, որ ամբաստանյալ Արսեն Աղասյանը նախկինում իր նկատմամբ նշանակված պատիժը, որը կապված չէր ազատությունից զրկելու հետ` տուգանքը, կրելու ժամանակ կատարել է նոր հանցանքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Հատկանշական է, որ Արսեն Աղասյանը նախկինում դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 147-րդ հոդվածի 1-ին մասով և 243.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար, ընդ որում` դրանց համար դատապարտելիս դատարանը համոզմունք է ձևավորել առ այն, որ ամբաստանյալի ուղղումը հնարավոր է նրա նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելով և այն նրա կողմից կրելով:

Սույն քրեական գործով ամբաստանյալ Արսեն Աղասյանը նախկինում դիտավորյալ հանցանքներ կատարելու համար դատապարտված լինելով ազատազրկման հետ չկապված պատժի և գտնվելով տվյալ պատիժը կրելու վիճակում կատարել է ևս երկու դիտավորյալ հանցագործություններ` ոտնձգություն իրականացնելով տուժողի բնակարանի անձեռնմխելիության դեմ, ընդ որում` տվյալ հանցանքը կատարել է նախկին գործով տուժողի մերձավոր ազգականի նկատմամբ: Այլ կերպ ասած` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Արսեն Աղասյանը, նախկինում կատարած հանցանքների համար ազատությունից զրկելու հետ չկապված պատժի ենթարկվելով, հնարավորություն ունենալով ուղղվելու, այլ հանցանքներ չկատարելու, ընդհակառակը` նման, այդ թվում` պատիժը ոչ ամբողջությամբ կրելու պայմաններում, կատարել է ևս երկու դիտավորյալ հանցագործություններ, որպիսի բնույթի հանցանք կատարել է նաև նախկինում:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոգրյալ եզրահանգումները, գտնում է, որ ամբաստանյալ Արսեն Աղասյանի նկատմամբ պատժի տեսակը և չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, նրա կողմից կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում իրավացիորեն վերջինի նկատմամբ նշանակել է համաչափ պատիժներ, այդ թվում` հանցանքների և դատավճիռների համակցությամբ, որոնք բխում են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից` համապատասխանում են կատարված հանցանքների ծանրությանը, դրանք կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար են նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար ու կարող են ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը և ուղղել պատժի ենթարկված անձին»4:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, նախատեսված հանցավոր արարքների համար ամբաստանյալ Ա.Աղասյանի նկատմամբ նշանակվել է արդարացի պատիժ։

12. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի դրույթները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսը (…)»:

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- ամբաստանյալ Ա.Աղասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով5,

- Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի ապրիլի 8 դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, ամբաստանյալ Ա.Աղասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, և յուրաքանչյուր դրվագով նրա նկատմամբ պատիժ է նշանակել կալանք` 2 (երկու) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված հանցանքների համակցության կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Աղասյանի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 3 (երեք) ամիս ժամկետով6,

- Վերաքննիչ դատարանը, 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ մերժելով ամբաստանյալ Ա.Աղասյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ վերջինիս նկատմամբ պատժի տեսակը և չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, նրա կողմից կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում իրավացիորեն նշանակել է համաչափ պատիժ, այդ թվում` հանցանքների և դատավճիռների համակցությամբ7։

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-րդ կետում վկայակոչված իրավադրույթների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ ամբաստանյալ Ա.Աղասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր հանցավոր արարքի համար երկու ամիս ժամկետով կալանք պատժատեսակը նշանակելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ նշանակված պատիժը անփոփոխ թողնելիս, հաշվի չեն առել, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով, ամբաստանյալ Ա.Աղասյանի նկատմամբ յուրաքանչյուր դրվագով նշանակվող պատիժը չէր կարող գերազանցել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առավել խիստ պատժի՝ կալանքի համար սահմանված առավելագույն ժամկետի երկու երրորդը, որը կազմում է մեկ ամիս տասը օր։ Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված հանցանքների համակցության կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Աղասյանի նկատմամբ չէր կարող պատիժ նշանակվել կալանք` 3 (երեք) ամիս ժամկետով։

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ այս առումով որևէ նշանակություն չունի ստորադաս դատարանների կողմից որպես ամբաստանյալ Ա.Աղասյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի առնված հանցագործությունների ռեցիդիվի առկայությունը8։

15. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, նախատեսված հանցավոր արարքների համար ամբաստանյալ Ա.Աղասյանի նկատմամբ նշանակվել է արդարացի պատիժ, հիմնավոր չէ։

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ա.Աղասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության երկու դրվագներով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...) 

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»: 

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը։ Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում։

18. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)։

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)»:

19. Վերոգրյալի հիման վրա, անդրադառնալով վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ամբաստանյալ Ա.Աղասյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված արարքը ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցագործություն է։ Հետևաբար այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի։

20. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-18-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Աղասյանը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երկու դրվագ հանցագործությունները կատարել է 2020 թվականի դեկտեմբերի 6-ին9, իսկ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը 2022 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել։ Հետևաբար ամբաստանյալ Ա.Աղասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետն անցել է։

21. Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Աղասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 8-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշումը պետք է բեկանել, նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, և քրեական գործի վարույթը կարճել։

22. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն ամբաստանյալ Ա.Աղասյանի՝ սույն որոշման 5-5.1-րդ կետերում ներկայացված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է համարում։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Աղասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Ամբաստանյալ Արսեն Ռազմիկի Աղասյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 8-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշումը բեկանել:

2. Ամբաստանյալ Արսեն Ռազմիկի Աղասյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

3. Ամբաստանյալ Արսեն Ռազմիկի Աղասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել։

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքները քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 110։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 37-39։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 42-43։

5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

8 Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում արագացված դատական քննության արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ պատիժ նշանակելու կանոնների հարաբերակցության մասին մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ալեք Պողոսյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՏԴ/0071/01/13 և Նորայր Զաքարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ Լ/0031/01/16 որոշումները։

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: