Գլխավոր տեղեկություն
Համար
N 1321-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2022 թվականի N 1321-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 3.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով․

«4) որոշման N 11 հավելվածում նշված՝ 31-րդ տեսակի հաշվառման համարանիշերը կարող են հատկացվել նաև տրանսպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունն իրականացնող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1847-Ն որոշմամբ հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանման նպատակով հաշվառումից հանելու դեպքում:».

2) որոշման N 12 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.3-րդ կետով.

«4․3․ Տրանսպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունն իրականացնող մարմնին «Տարանցիկ» տեսակի համարանիշերը հատկացվում են ըստ իր կողմից ներկայացված հայտի՝ ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ստորաբաժանման կողմից՝ հանձնման-ընդունման արձանագրությամբ, որով սահմանվում են նաև այդ համարանիշերը հաշվառելու և հատկացնելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգն ու պայմանները:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

24.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2022 թվական: