Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 108
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
09.07.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2018 թվականի

թիվ 108

քաղ. Մոսկվա

 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կցվող՝ «Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը:

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 7-ի «Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 70 որոշման 2-րդ կետը:

3. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածություններ՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում ներառելու նպատակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հուլիսի 9-ի

թիվ 108 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին

I. Ընդհանուր դրույթներ

1. Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ ՝ Հանձնաժողով) կոլեգիային առընթեր՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով հանձնաժողովի համար առաջարկների ու առաջարկությունների նախապատրաստման նպատակով:

2. Իր գործունեությունն իրականացնելիս Կոմիտեն առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն հիմնադրույթով։

 

II. Կոմիտեի գործառույթները

 

3. Կոմիտեն իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները

ա) քննարկում է հարցեր, որոնց մասով Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց առաջ Հանձնաժողովի կոլեգիան պարտավոր է Կոմիտեի շրջանակներում անցկացնել խորհրդատվություններ.

բ) իրականացնում է Հանձնաժողովի համար առաջարկների ու առաջարկությունների նախապատրաստում հետևյալ հարցերի շուրջ՝

Միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության ձևավորում ու իրագործում, այդ թվում՝ դրա իրագործման միջոցառումների պլանների («ճանապարհային քարտեզների») կատարման շրջանակներում,

անդամ պետությունների կողմից տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի կատարման մոնիթորինգ,

անդամ պետությունների տրանսպորտային համակարգերի մոտարկում, Միության միասնական տրանսպորտային տարածքի ձևավորում և տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծում,

տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործում և ներդաշնակեցում, ինչպես նաև Միության իրավունքի կատարելագործում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղություններին և իրականացման փուլերին համապատասխան,

տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում Միության ներքին շուկայի գործունեության վրա ազդող խոչընդոտների (արգելքների, սահմանափակումների, բացառումների) վերացում,

տրանսպորտի ոլորտում մշակման համար նախատեսվող գիտահետազոտական աշխատանքների մշակում,

տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և Միության մարմինների ակտերի նախագծերի մշակում.

գ) նախապատրաստում է առաջարկներ Հանձնաժողովի մյուս խորհրդատվական մարմինների և դեպարտամենտների համար՝ տրանսպորտի ոլորտին առնչվող հարցերը վերջինների կողմից ուսումնասիրելու դեպքում.

դ) իրականացնում է այլ գործառույթներ իր իրավասության շրջանակներում:

 

III. Կոմիտեի կազմը

 

4. Կոմիտեին կից ստեղծվում են հետևյալ ենթակոմիտեները.

ավտոմոբիլային տրանսպորտի և ճանապարհային տնտեսության հարցերով ենթակոմիտե.

ջրային տրանսպորտի հարցերով ենթակոմիտե.

քաղաքացիական ավիացիայի հարցերով ենթակոմիտե.

երկաթուղային տրանսպորտի հարցերով ենթակոմիտե.

ենթակառուցվածքի և լոգիստիկայի հարցերով ենթակոմիտե:

Սույն կարգադրության 3-րդ կետում նշված գործառույթներն ապահովելու նպատակով կարող են ստեղծվել այլ ենթակոմիտեներ:

5. Ենթակոմիտեներն ստեղծվում են մշտական հիմունքներով, որպես կանոն, ըստ ճյուղային պատկանելիության, և Կոմիտեի աշխատանքային մարմին են:

6. Կոմիտեի կողմից կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր՝ Կոմիտեի գործունեության ուղղությունների հետ կապված հարցերի կարգավորման համար:

7. Ենթակոմիտեների ու աշխատանքային խմբերի աշխատակարգը սահմանվում է Կոմիտեի կողմից։

8. Կոմիտեի կազմը ձևավորվում է անդամ պետությունների լիազորված մարմինների ղեկավարների տեղակալներից, որոնց իրավասություններին են վերապահված տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտի կարգավորման հարցերը, ինչպես նաև անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչներից (դեպարտամենտի տնօրենի (վարչության պետի) պաշտոնից ոչ ցածր մակարդակով):

Անդամ պետությունների առաջարկով Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ:

9. Կոմիտեի կազմը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:

10. Անդամ պետությունների առաջարկով ենթակոմիտեների և աշխատանքային խմբերի կազմերում ընդգրկվում են անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ:

11. Կոմիտեի, դրա ենթակոմիտեների և աշխատանքային խմբերի կազմում ընդգրկվելու համար թեկնածությունների վերաբերյալ առաջարկները ներկայացվում են Հանձնաժողով անդամ պետությունների պետական իշխանության այն մարմինների կողմից, որոնք լիազորված են փոխգործակցել Հանձնաժողովի հետ:

12. Կոմիտեի նախագահի հրավերով կամ Կոմիտեի անդամների առաջարկով Կոմիտեի նիստերին կարող են մասնակցել նաև Կոմիտեի անդամներ չհանդիսացող՝ պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչներ, գործարար համայնքների, հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ, ինչպես նաև պաշտոնատար անձինք և Հանձնաժողովի աշխատակիցներ:

Աշխատանքային խմբերի աշխատանքներին կարող են ներգրավվել անկախ փորձագետներ, պաշտոնատար անձինք և Հանձնաժողովի ներկայացուցիչներ:

13. Կոմիտեի նիստերը նախագահում և Կոմիտեի աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերը (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):

14. Կոմիտեի նախագահը՝

ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում է Կոմիտեին վերապահված խնդիրների կատարման աշխատանքները.

բ) համաձայնեցնում և հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը, որոշում է նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.

գ) ձևավորում է Կոմիտեի նիստին հրավիրվող Կոմիտեի նիստի մասնակիցների կազմը՝ նիստի օրակարգի համաձայն և հաշվի առնելով սույն հիմնադրույթի 12-րդ կետը.

դ) հաստատում է Կոմիտեի և դրա ենթակոմիտեների, աշխատանքային խմբերի նիստերի արձանագրությունները, ստորագրում է Կոմիտեի գործունեության հետ կապված այլ փաստաթղթեր.

ե) տեղեկացնում է Կոլեգիային և Հանձնաժողովի խորհրդին խորհրդակցությունների արդյունքների, ինչպես նաև Կոմիտեի իրավասություններին վերապահված հարցերի շուրջ Կոմիտեի կողմից մշակված առաջարկությունների և առաջարկների վերաբերյալ.

զ) հաստատում է աշխատանքի կանոնակարգը, ենթակոմիտեների և աշխատանքային խմբերի կազմերը.

է) իրականացնում է այլ գործառույթներ Կոմիտեի իրավասության շրջանակներում:

 

IV. Կոմիտեի գործունեությունը

 

15. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության:

16. Կոմիտեի նիստի անցկացման մասին որոշումն ընդունվում է Կոմիտեի նախագահի կողմից՝ հաշվի առնելով Կոմիտեի անդամների առաջարկները:

17. Կոմիտեի նիստի անցկացման մասին գրությունները, Կոմիտեի նիստի օրակարգը և դրան կից նյութերը պատասխանատու դեպարտամենտի կողմից ուղարկվում են Կոմիտեի անդամներին ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 20 օրացուցային օր առաջ:

Կոմիտեի նիստի օրակարգին կից նյութերը տեղադրվում եմ Միության պաշտոնական կայքում՝ Կոմիտեի անդամների անձնական տիրույթներում, ինչպես նաև Կոմիտեի այն դեպարտամենտի կողմից, որի իրավասությանն են վերապահված Կոմիտեի գործունեության ուղղություններին վերաբերող հարցերը (այսուհետ՝ պատասխանատու դեպարտամենտ), ուղարկվում են Կոմիտեի անդամներին էլեկտրոնային տեսքով (բացառությամբ սահմանափակ տարածման փաստաթղթերի):

Պատասխանատու դեպարտամենտի կողմից Կոմիտեի անդամներին էլեկտրոնային տեսքով ուղարկվում են նաև Կոմիտեի նիստի օրակարգում ընդգրկված լրացուցիչ հարցերի վերաբերյալ նյութերը:

18. Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստի օրակարգին առնչվող նյութերի վերաբերյալ դիրքորոշումը (այդ թվում՝ Կոմիտեի արձանագրային որոշումների նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկները) ուղարկում են Կոմիտեի նախագահին ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 5 աշխատանքային օր առաջ:

19. Կոմիտեի անդամներն իրավունք ունեն ներկայացնելու Կոմիտեի նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ առաջարկներ ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ: Նշված ժամկետից ուշ ստացված առաջարկներն ընդգրկվում են Կոմիտեի հաջորդ նիստի օրակարգում:

20. Կոմիտեի նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ տեղեկատվությունը պատասխանատու դեպարտամենտի կողմից Կոմիտեի անդամներին ուղարկվում է ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 10 օրացուցային օր առաջ:

21. Կոմիտեի անդամները կարող են առաջարկել Կոմիտեի քննարկումից հանել հարցը, եթե, նրանց կարծիքով, տվյալ հարցը պահանջում է լրացուցիչ մշակում (ներկայացնելով համապատասխան հիմնավորում):

22. Նիստի օրակարգի վերաբերյալ նյութերը ներառում են`

քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ.

քննարկմանն առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (անհրաժեշտության դեպքում).

Հանձնաժողովի համար արձանագրային որոշումների և հանձնարարականների նախագծեր.

անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր։

Նշված փաստաթղթերը պետք է կցվեն նաև Կոմիտեի անդամների՝ Կոմիտեի նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ առաջարկներին:

23. Կոմիտեի անդամները նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։

Կոմիտեի նիստին ներկա գտնվելու անհնարինության դեպքում Կոմիտեի անդամը Կոմիտեի նախագահին գրավոր ուղարկում է իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։

24. Կոմիտեի նիստը ճանաչվում է իրավազոր, եթե նիստին ապահովվում է Կոմիտեի՝ յուրաքանչյուր անդամ պետությունից առնվազն 2 անդամի ներկայացուցչությունը:

25. Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որը համաձայնեցվում է Կոմիտեի նիստին մասնակցող Կոմիտեի անդամների հետ և հաստատվում է Կոմիտեի նախագահի կողմից:

Այն դեպքում, երբ Կոմիտեի անդամը Կոմիտեի կողմից ուսումնասիրվող հարցի առնչությամբ ունի հատուկ կարծիք, այն նշվում է Կոմիտեի նիստի արձանագրության մեջ:

26. Կոմիտեի նիստի արձանագրության պատճենները պատասխանատու դեպարտամենտի կողմից ուղարկվում են Կոմիտեի անդամներին Կոմիտեի նախագահի կողմից այն հաստատելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են պատասխանատու դեպարտամենտում։

27. Կոմիտեի նիստին հարցերի քննարկման ժամանակ Կոմիտեի անդամներն ունեն հավասար իրավունքներ։

Կոմիտեի նիստերին Կոմիտեի անդամների կողմից ներկայացված առաջարկները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետությունների վերջնական դիրքորոշում:

28. Կոմիտեի որոշումները հանձնարարական բնույթ են կրում:

29. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի սենքերում:

30. Կոմիտեի նիստերը կարող են անցկացվել տեսաժողովի ռեժիմով։ Այդ դեպքում այն հարթակների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնցից անդամ պետություններում իրականացվելու է տեսակապը, ուղարկվում է պատասխանատու դեպարտամենտի աշխատակիցներին ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 24 ժամ առաջ:

31. Կոմիտեի անդամների առաջարկների կամ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների առաջարկների հիման վրա Կոմիտեի նախագահի կողմից ընդունվող որոշմամբ Կոմիտեի նիստը կարող է անցկացվել անդամ պետության տարածքում: Այդ դեպքում ընդունող անդամ պետության պետական իշխանության մարմինն աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստի կազմակերպման և անցկացման հարցում:

32. Կոմիտեի գործունեության կազմակերպչական և տեխնիկական ապահովումն իրականացվում է Կոմիտեի պատասխանատու դեպարտամենտի կողմից։

33. Անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների՝ Կոմիտեի գործունեությանը մասնակցելու հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող անդամ պետությունները:

Գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, անկախ փորձագետների՝ Կոմիտեի գործունեությանը մասնակցելու հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն:

Հանձնաժողովի կոլեգիայի անդամի, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների՝ Կոմիտեի գործունեությանը մասնակցելու հետ կապված ծախսերը հոգում է Հանձնաժողովը։

34. Կոմիտեի գործունեությունը դադարեցնելու համար հիմք է Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը:

Կոմիտեի կողմից ստեղծված ենթակոմիտեների և աշխատանքային խմբերի գործունեությունը դադարեցնելու համար հիմք է Կոմիտեի որոշումը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: