Գլխավոր տեղեկություն
Համար
N 577-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.06.2018-22.08.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2017.06.30/6(91) Հոդ.550
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2017 թվականի N 577-Ն

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 15.06.18 N 708-Ն)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 85-րդ հոդվածով, 89-րդ հոդվածի 6-րդ կետով և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի 35-րդ կանոնով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ` դատարան) Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչը (այսուհետ՝ ներկայացուցիչ), որին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ: 

(1-ին կետը խմբ. 15.06.18 N 708-Ն)

1.1. Ներկայացուցիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին և անգլերենին կամ ֆրանսերենին:

(1.1-ին կետը լրաց. 15.06.18 N 708-Ն)

2. Սահմանել, որ՝

1) ներկայացուցիչը դատարանում ներկայացնում ու պաշտպանում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, այդ թվում՝ իրականացնում է դատարանի կանոնակարգով կողմին վերապահված բոլոր լիազորությունները, ինչպես նաև վերահսկում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված պարտավորեցնող վճիռների և որոշումների կատարման ընթացքը.

2) իր լիազորությունները պատշաճ մակարդակով և արդյունավետ իրականացնելու նպատակով ներկայացուցիչն իրավասու է առաջարկելու իրականացնել դրանց կատարումից բխող անհրաժեշտ միջոցառումներ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական կազմակերպություններից պահանջել ու ստանալ փաստաթղթեր, տեղեկություններ և այլ անհրաժեշտ օժանդակություն: Նշված մարմինները պարտավոր են ներկայացուցչի նշած ժամկետներում նրան տրամադրել պահանջվող փաստաթղթերը, տեղեկությունները և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն.

3) դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության անընդհատությունն ապահովելու համար ներկայացուցչին կարող է փոխարինել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան տեղակալը (այսուհետ` տեղակալ), որին որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` ներկայացուցչի առաջարկությամբ.

4) դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ներկայացուցչին աջակցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունը, որի աշխատանքներն ի պաշտոնե համակարգում է տեղակալը.

5) ներկայացուցիչն իր լիազորությունների իրականացման համար չի վարձատրվում: Ներկայացուցչի գործունեության հետ կապված այլ ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 1

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.08.2019, N 1023-Ն 22.08.2019, N 577-Ն
15.06.2018, N 708-Ն 30.06.2018, N 577-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան