ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0169/02/09 2011թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0169/02/09 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի մայիսի 11-ին,
քննարկելով Սահակ, Կարեն, Տաթևիկ, Թամարա Ասլանյանների և Մարիամ Ստեփանյանի ներկայացուցիչ Միքայել Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գայանե Ասլանյանի ընդդեմ Սահակ, Կարեն, Տաթևիկ, Թամարա Ասլանյանների և Մարիամ Ստեփանյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գայանե Ասլանյանը պահանջել է Սահակ, Կարեն, Տաթևիկ, Թամարա Ասլանյաններին և Մարիամ Ստեփանյանին վտարել Երևանի Հ. Հակոբյան փողոցի 1-ին շենքի թիվ 114 բնակարանից:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 14.10.2010 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.11.2010 թվականի որոշմամբ Գայանե Ասլանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և վերացվել է Դատարանի 14.10.2010 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սահակ, Կարեն, Տաթևիկ, Թամարա Ասլանյանների և Մարիամ Ստեփանյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին կետը և 144-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Դատարանի որոշման պատճառաբանական մասից պարզ չէ, թե ինչով է պայմանավորված տվյալ գործի քննության անհնարինությունը, չի համապատասխանում գործի փաստերին, քանի որ Դատարանն իր որոշման մեջ ավելի քան հանգամանորեն նշել է այդ մասին:
Վերաքննիչ դատարանը չի գնահատել պատասխանող կողմի ներկայացրած ապացույցն այն մասին, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող մեկ այլ գործով վիճարկվում է Երևանի Հ. Հակոբյան փողոցի 1-ին շենքի թիվ 114 բնակարանը Գայանե Ասլանյանին սեփականության իրավունքով պատկանելու փաստը՝ անտեսելով, որ քաղաքացիական դատավարության կարգով քննվում է մի վեճ, որի քննության արդյունքում կպարզվի, թե սույն գործով Գայանե Ասլանյանը պատշաճ հայցվոր է, թե` ոչ:
Գործի վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը ծագում է, եթե տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել գործի քննության շրջանակներում: Տվյալ դեպքում վտարման պահանջի մասին գործով ապացուցման ենթակա փաստը, այն է` վիճելի բնակարանը Գայանե Ասլանյանին սեփականության իրավունքով պատկանելը, չի կարող հաստատվել վտարման պահանջի մասին գործի քննության շրջանակներում, քանի որ բնակարանի նվիրատվության պայմանագիրը և Գայանե Ասլանյանի սեփականության իրավունքի գրանցումը վիճարկվում է այլ քաղաքացիական գործով: Այսինքն` բնակարանը Գայանե Ասլանյանին պատկանելու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը վտարման գործի քննության շրջանակներում հնարավոր չէ հաստատել, ինչը և անհնարին է դարձնում վտարման գործի հետագա քննությունը և գործի վարույթը կասեցնելու պարտավորություն է առաջացնում:
Վերաքննիչ դատարանի որոշումը պատճառաբանված չէ` Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել պատասխանող կողմի բերած փաստարկներին և չի հերքել այդ փաստերի առկայությունը կամ բացակայությունը, կամ դրանց պարագայում գործի քննությունն անհնարին չդարձնելու հանգամանքը, ինչը պարտավոր էր կատարել:
Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ չի նշել պատասխանող կողմի բոլոր փաստարկները, մինչդեռ բառացիորեն նշել է Գայանե Ասլանյանի դիրքորոշումը, որով նաև խախտել է կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.11.2010 թվականի որոշումը` Դատարանի 14.10.2010 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի մեկնաբանությանը և նշել, որ վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործի վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը ծագում է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում, դրանք են՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարությունների կարգով քննվող այլ գործի առկայությունը և տվյալ գործի քննության անհնարինությունը մինչև նշված դատավարությունների կարգով քննվող գործով կամ հարցով որոշում կայացնելը: Դա պայմանավորված է այն հանգամանքներով, որ այլ՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով փաստերը տվյալ գործի լուծման համար ունեն նշանակություն, և տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը կարող է հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում:
Սույն գործով Գայանե Ասլանյանը, խնդրելով Սահակ, Կարեն, Տաթևիկ, Թամարա Ասլանյաններին և Մարիամ Ստեփանյանին վտարել Երևանի Հ. Հակոբյան փողոցի 1-ին շենքի թիվ 114 բնակարանից, իր հայցի հիմքում դրել է այն փաստերը, որ ինքը հանդիսանում է այդ բնակարանի սեփականատերը, իսկ Սահակ, Կարեն, Տաթևիկ, Թամարա Ասլանյանները և Մարիամ Ստեփանյանն այդ բնակարանը տիրապետում են ապօրինի:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում Ռաֆիկ Սահակյանի, Զարինե Ասլանյանի հայցն ընդդեմ Դերենիկ Ասլանյանի, Երևանի «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի ստորաբաժանման՝ Դերենիկ Ասլանյանին տրված ժառանգության իրավունքի թիվ 466 և 467 վկայագրերը, Դերենիկ Ասլանյանի կողմից Գայանե Ասլանյանին կատարված նվիրատվության թիվ 2180 պայմանագիրը և դրանց հիման վրա տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու ու ժառանգական գույքի նկատմամբ հայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Տվյալ դեպքում, Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ և 144-րդ հոդվածների պահանջներին համապատասխան լուծելով Սահակ, Կարեն, Տաթևիկ, Թամարա Ասլանյանների և Մարիամ Ստեփանյանի ներկայացուցչի միջնորդությունը, հիմնվելով Դատարան ներկայացված ապացույցների վրա, որոշում կայացնելիս պատճառաբանելով, որ «անհնար է սույն գործի քննությունը մինչև Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵՔԴ/0659/02/08 քաղաքացիական գործին վերջնական լուծում տալը, նկատի ունենալով, որ նշված քաղաքացիական գործով վիճարկվում է Դերենիկ Ասլանյանի և Գայանե Ասլանյանի միջև 17.03.2008 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Գայանե Ասլանյանի անվամբ` սույն գործով վեճի առարկա հանդիսացող Երևանի Հ. Հակոբյան փողոցի 1-ին շենքի թիվ 114 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, այսինքն` հիշյալ քաղաքացիական հայցի բավարարման դեպքում սույն քաղաքացիական գործով (վտարման պահանջով) հայցվորը այլևս չի կարող հանդես գալ որպես պատշաճ հայցվոր, որպիսի փաստի առկայությունն անհնարին է դարձնում սույն քաղաքացիական գործի քննությունը», որոշում է կայացրել սույն քաղաքացիական գործի վարույթը մինչև Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵՔԴ/0659/02/08 քաղաքացիական գործին վերջնական լուծում տալը կասեցնելու մասին:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ «որոշման պատճառաբանական մասում չի պարզաբանել, թե ինչով է պայմանավորված սույն քաղաքացիական գործով քննության անհնարինությունը», անհիմն է և չի բխում Դատարանի որոշման բովանդակությունից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի մյուս պատճառաբանությունն այն մասին, որ Դատարանը հաշվի չի առել, որ քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդություն ներկայացրած անձը որևէ կերպ չի հիմնավորել սույն քաղաքացիական գործի քննության անհնարինությունը, ինչը պարտավոր էր կատարել, հետևաբար չի ապացուցվել գործի հետագա քննությանը խոչընդոտող որևէ հիմքի առկայությունը, ևս անհիմն է, քանի որ միջնորդություն հարուցած անձն ինչպես ապացուցել է քաղաքացիական գործի վարույթը միջնորդության մեջ նշված հիմքով կասեցնելու համար բավարար հիմք հանդիսացող հանգամանքի առկայությունը, այնպես էլ ներկայացրել է դա հաստատող ապացույցները՝ Դատարան ներկայացնելով ԵՔԴ/0659/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 29.04.2010 թվականին կայացված որոշման ու նույն գործով «Նախնական դատական նիստ հրավիրելու մասին» Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 13.07.2010 թվականին կայացված որոշման օրինակները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն քաղաքացիական գործն ուղղակիորեն կապված է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵՔԴ/0659/02/08 քաղաքացիական գործի հետ և վերջին գործը սույն գործի համար առաջացնում է գործի քննության անհնարինություն: Այսինքն, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2010 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Գործի վարույթը կասեցնելու մասին» 14.10.2010 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
|
Գ. Հակոբյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |