Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.10.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.17/72(662)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.10.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 0351/02/08

Քաղաքացիական գործ թիվ 0351/02/08-(ՇԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

               Տ. Նազարյան 

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Չապ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գյումրու քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) ընդդեմ Ընկերության՝ սեփականատիրոջ իրավունքների խախտումները վերացնելու պահանջի մասին և ըստ Ընկերության հայցի ընդդեմ Քաղաքապետարանի՝ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակից ապամոնտաժել Ընկերությանը պատկանող բոլոր սարքավորումները և հեռուստաաշտարակը վերադարձնել:

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է սահմանել հարկադիր սերվիտուտ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի և փաստացի զբաղեցրած 26,04 քմ հողատարածքի օգտագործման համար:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 06.02.2008 թվականի որոշմամբ քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

Դատարանի 29.02.2008 թվականի վճռով Քաղաքապետարանի հայցը բավարարվել է, իսկ Ընկերության հայցը՝ մերժվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.04.2008 թվականի որոշմամբ Դատարանի 29.02.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 60-րդ հոդվածի 1-ին մասը, 119-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ընթացքում Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Կ. Թումանյանը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն գրությամբ դիմել էր ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե արդյո՞ք «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը նույն ծավալով և նույն ծածկույթով կարող է հեռուստահաղորդումների հեռարձակման 33-րդ կապուղին շահագործել այլ կերպ, քան Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փող. 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրա համապատասխան սարքավորումներ տեղադրելու միջոցով: Ընկերությունը տվյալ տեղեկատվությունը օրենքով սահմանված ժամկետում չէր ստացել և այն ստանալու համար միջնորդել էր Դատարանին գործի քննությունը հետաձգել՝ հնարավորություն ընձեռելով տվյալ ապացույցը ներկայացնելու: Սակայն Դատարանը միջնորդությունը մերժել էր՝ պատճառաբանելով, որ Ընկերությունը բավարար ժամանակ էր ունեցել տվյալ ապացույցը ներկայացնելու համար:

Բացի այդ, Ընկերությունը միջնորդություն էր ներկայացրել «դատատեխնիկական-շինարարական փորձաքննություն նշանակելու մասին»՝ փորձագետին առաջադրելով համապատասխան հարցեր: Ընկերությունը տվյալ միջնորդությամբ նպատակ էր ունեցել անհրաժեշտ մասնագետի միջոցով Դատարան ներկայացնել հատակագիծ ծանրաբեռնված գույքի վերաբերյալ՝ սերվիտուտով ծանրաբեռնված գույքի նշագծումով: Դատարանի կողմից տվյալ միջնորդությունը նույնպես մերժվել էր:

Փաստորեն, վերը նշված նորմերի խախտման արդյունքում Ընկերությունը զրկվել էր դատաքննության ընթացքում հավասար և մրցակցային պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իր պահանջը հիմնավորելու հնարավորությունից, որի արդյունքում դատավարության մյուս կողմը՝ Քաղաքապետարանը, հայտնվել էր ավելի շահեկան դիրքում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանի կողմից 23.02.2005 թվականին տրված թիվ 98 լիցենզիայի համաձայն՝ Ընկերության գործունեության տեսակն է՝ հեռուստահաղորդումների հեռարձակումը, սփռման տարածքը՝ ք. Գյումրին, հեռուստահաղորդումների հեռարձակման կապուղին՝ 33-րդը, լիցենզիայի գործողության ժամկետը՝ առ 23.02.2012 թվականը:

2. Շիրակի մարզի, Գյումրի քաղաքի, Վ. Սարգսյան փողոց թիվ 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակը սեփականության իրավունքով պատկանում է Քաղաքապետարանին:

3. Ընկերությունը 25.02.2008 թվականի գրությամբ՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանից խնդրել է տրամադրել տեղեկատվություն՝ Ընկերությունը նույն ծավալով և նույն ծածկույթով կարող է հեռուստահաղորդումների հեռարձակման 33-րդ կապուղին շահագործել այլ կերպ, քան Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրա համապատասխան սարքավորումներ տեղադրելու միջոցով:

4. Ընկերության 25.02.2008 թվականի դատատեխնիկական-շինարարական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության համաձայն՝ Ընկերությունը խնդրել է նշանակել դատատեխնիկական-շինարարական փորձաքննություն՝ փորձագետներին առաջադրելով համապատասխան հարցեր: Դատարանի կողմից միջնորդությունը մերժվել է:

5. Ընկերության 26.02.2008 թվականի գործի քննությունը հետաձգելու միջնորդության համաձայն՝ Ընկերությունը խնդրել է հետաձգել գործի քննությունը 25.02.2008 թվականի գրության պատասխանը ներկայացնելու համար: Դատարանի կողմից միջնորդությունը մերժվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.        

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանի գործի քննության հետաձգման հայեցողական իրավունքը, կարող է իրականացվել, եթե դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքին (տես՝ Ալբերտ Հակոբյանն ընդդեմ «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ 3-346(ՏԴ) Վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել՝ ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը՝ կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործը այնպիսի պայմաններում, այդ թվում՝ ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տես՝ Անկերլը ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակը սեփականության իրավունքով պատկանում է Քաղաքապետարանին: 23.02.2005 թվականին տրված թիվ 98 լիցենզիայի հիման վրա՝ Ընկերության գործունեության տեսակն է հեռուստահաղորդումների հեռարձակումը, սփռման տարածքը՝ ք. Գյումրին, հեռուստահաղորդումների հեռարձակման կապուղին՝ 33-րդը, լիցենզիայի գործողության ժամկետը՝ մինչև 23.02.2012 թվականը: Ընկերությունը 25.02.2008 թվականին միջնորդություն է ներկայացրել դատատեխնիկական-շինարարական փորձաքննություն նշանակելու մասին՝ փորձագետներին առաջադրելով համապատասխան հարցեր, որը Դատարանի կողմից մերժվել է: 25.02.2008 թվականի գրությամբ՝ Ընկերությունը դիմել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանին և խնդրել է տրամադրել տեղեկատվություն՝ Ընկերությունը նույն ծավալով և նույն ծածկույթով կարող է հեռուստահաղորդումների հեռարձակման 33-րդ կապուղին շահագործել այլ կերպ, քան Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրա համապատասխան սարքավորումներ տեղադրելու միջոցով, այնուհետև 26.02.2008 թվականին միջնորդություն է ներկայացրել գործի քննությունը հետաձգելու մասին՝ 25.02.2008 թվականի գրության պատասխանը ներկայացնելու համար, որը Դատարանի կողմից նույնպես մերժվել է:

Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության 25.02.2008 թվականի դատատեխնիկական-շինարարական փորձաքննություն նշանակելու մասին, 26.02.2008 թվականի գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդությունները Դատարանի կողմից մերժվելիս Ընկերությունը զրկվել է իր գործը Դատարանին արդյունավետ ներկայացնելու հնարավորությունից, որով խախտվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով երաշխավորված կողմերի իրավահավասարության և մրցակցության հիմնարար սկզբունքները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան