Գլխավոր տեղեկություն
Համար
N 568
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.06.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.12.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 1994 թ. N 568

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ, ԴՐԱՆՑ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին,, որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի, դրանց սերտիֆիկատների ձևավորման և պատրաստման աշխատանքների կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի և դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտները (կցվում է):

2. Սահմանել, որ սույն որոշման հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության տարածքում թողարկվող բոլոր արժեթղթերը պետք է համապատասխանեն սույն ստանդարտներին, իսկ մինչ այդ թողարկված արժեթղթերը` դրանց պետք է համապատասխանեցվեն մինչև 1995 թվականի հունիսի 1-ը:

3. Սահմանել, որ արժեթղթերի բլանկների պատրաստմամբ և Հայաստանի Հանրապետության դրանց ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին թույլտվությունը (լիցենզիան) տալիս է արժեթղթերի շուկայի կարգավորումն ու վերահսկումն իրականացնող պետական լիազորված մարմինը:

(3-րդ կետը փոփ. 25.05.99 N 345)

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում մշակել և համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, հաստատել արժեթղթերի բլանկների պատրաստման և Հայաստանի Հանրապետություն դրանց ներկրման ու իրացման լիցենզավորման կարգը:

5. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշմամբ հաստատված թիվ 2 ցանկում (Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի հունիսի 20-ի թիվ 415 որոշման խմբագրությամբ) «ԽՍՀՄ պետբանկի հայկական հանրապետական բանկ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանել «արժեթղթերի պատրաստում» , իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը լրացնել «արժեթղթերի պատրաստում» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
դեկտեմբերի 10-ի
N 568 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ

 

Սույն ստանդարտները մշակված են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման համաձայն և կանոնակարգում են Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի և դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման պահանջները:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն ստանդարտներով նախատեսվող պահանջները նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետության տարածքում թողարկվող բոլոր տեսակի արժեթղթերի միասնականացմանը (ունիֆիկացմանը):

2. Արժեթղթերի և դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտները պարտադիր են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր թողարկողների համար:

3. Արժեթղթերի և դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտները արժեթղթերի պարտադիր ռեկվիզիտներն են:

4. Արժեթղթերի և դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտների մշակման և կիրարկման հետ կապված աշխատանքների կատարման պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը:

(4-րդ կետը փոփ. 25.05.99 N 345)

 

 II. Արժեթղթերի ձևավորման ստանդարտները

 

5. Սույն ստանդարտները տարածվում են «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արժեթղթերի` բաժնետոմսերի պարտատոմսերի, ավանդային սերտիֆիկատների, մուրհակների, առևտրային արժեթղթերի, սեփականաշնորհման պետական արժեթղթերի (սերտիֆիկատների) և մյուս արժեթղթերի վրա:

6. (6-րդ կետը փոփ. 24.06.95 N 364, հանվել է 06.02.98 N 63)

7. Պարտատոմսը պետք է ներառի հետևյալ ռեկվիզիտները`

ա) արժեթղթի անվանումը` «Պարտատոմս».

բ) թողարկողի անվանումը և գտնվելու վայրը.

գ) անվանական արժեքը.

դ) տվյալ թողարկման պարտատոմսերի քանակը և թողարկման ընդհանուր գումարը.

ե) պարտատոմսի տեսակը.

զ) հերթական համարը և սերիան.

է) պարտատոմսի սեփականատիրոջ անունը (անվանումը)` անվանական պարտատոմսի դեպքում.

ը) թողարկման և մարման ժամկետները.

թ) վճարվող տոկոսի չափը և ժամկետները (տոկոսային պարտատոմսի դեպքում).

ժ) թողարկող ձեռնարկության (կազմակերպության) ղեկավարի կամ լիազորված անձի և գլխավոր հաշվապահի ստորագրությունները:

Նպատակային պարտատոմսի վրա որպես պարտադիր ռեկվիզիտ պետք է նշվի, թե դրա սեփականատերն ինչ ապրանքներ ձեռք բերելու կամ որոշակի ծառայություններից օգտվելու իրավունք ունի:

(7-րդ կետը փոփ., լրաց. 24.06.95 N 364)

8. Ավանդային սերտիֆիկատը պետք է ներառի հետևյալ ռեկվիզիտները`

ա) արժեթղթի անվանումը` «Ավանդային սերտիֆիկատ».

բ) թողարկողի անվանումը և գտնվելու վայրը.

գ) հերթական համարը և սերիան.

դ) ավանդի գումարը.

ե) ավանդային սերտիֆիկատի սեփականատիրոջ կողմից ավանդի գումարը պահանջելու ժամկետը (ժամկետային սերտիֆիկատի դեպքում).

զ) ավանդային սերտիֆիկատի սեփականատիրոջ անունը (անվանումը)` անվանական ավանդային սերտիֆիկատի դեպքում.

է) թողարկող կազմակերպության (բանկի) ղեկավարի կամ լիազորված անձի և գլխավոր հաշվապահի ստորագրությունները.

ը) ավանդի ներդրման ամսաթիվը.

թ) ավանդի գումարի վերադարձման համար թողարկողի անառարկելի պարտավորվածության մասին նշում.

ժ) ավանդային սերտիֆիկատի ժամկետային կամ ցպահանջ լինելու մասին նշում.

ի) թողարկողի կողմից ավանդի օգտագործման դիմաց վճարվող տոկոսադրույքի մասին տեղեկություն.

լ) մարման ամսաթվի դրությամբ հաշվարկվող տոկոսների ընդհանուր գումարը:

Ավանդային սերտիֆիկատի հակառակ կողմում պետք է լինի փոխանցման մասին անհրաժեշտ գրառում:

9. Փոխանցվող (փոխադրելի) մուրհակը պետք է ներառի հետևյալ ռեկվիզիտները`

ա) «Փոխանցվող (փոխադրելի) մուրհակ» անվանումն այն լեզվով, ինչ լեզվով որ կազմված է արժեթղթի տեքստը.

բ) որոշակի գումարի վճարման մասին հասարակ և առանց որևէ պայմանի առաջարկություն.

գ) վճարողի անվանումը.

դ) վճարման ժամկետը.

ե) այն վայրը, որտեղ պետք է կատարվի վճարումը.

զ) այն անձի անունը կամ ձեռնարկության (կազմակերպության) անվանումը, ում (կամ որի հրամանով) պետք է կատարվի վճարումը.

է) մուրհակի կազմման ամսաթիվը և վայրը.

ը) մուրհակատուի ստորագրությունը:

Հասարակ մուրհակը պետք է ներառի հետևյալ ռեկվիզիտները`

ա) «Հասարակ մուրհակ» անվանումն այն լեզվով, ինչ լեզվով որ կազմված է արժեթղթի տեքստը.

բ) որոշակի գումարի վճարման մասին հասարակ և առանց որևէ պայմանի խոստում.

գ) վճարման ժամկետը.

դ) այն վայրը, որտեղ պետք է կատարվի վճարումը.

ե) այն անձի անունը կամ կազմակերպության անվանումը, ում (կամ որի հրամանով) պետք է կատարվի վճարումը.

զ) մուրհակի կազմման ամսաթիվը և վայրը.

է) մուրհակատուի ստորագրությունը:

Փոխանցվող և հասարակ մուրհակների կամ դրանց կցված լրացուցիչ թերթիկի վրա պետք է լինի փոխանցագիր (ինդոսամենտ):

(9-րդ կետը լրաց. 24.06.95 N 364)

10. Առևտրային արժեթուղթը պետք է ներառի հետևյալ ռեկվիզիտները`

ա) արժեթղթի անվանումը` «Առևտրային արժեթուղթ».

բ) թողարկողի անվանումը և գտնվելու վայրը.

գ) թողարկման ամսաթիվը.

դ) հերթական համարը և սերիան.

ե) անվանական արժեքը.

զ) տվյալ թողարկման առևտրային արժեթղթերի քանակը և թողարկման ընդհանուր գումարը:

է) մարման ժամկետը.

ը) առևտրային արժեթղթի սեփականատիրոջ անունը (անվանումը)` անվանական առևտրային արժեթղթի դեպքում.

թ) վճարվող տոկոսի չափը, վճարման ժամկետները, պարբերականությունը և վայրը (տոկոսային առևտրային արժեթղթի դեպքում).

ժ) թողարկող ձեռնարկության (կազմակերպության) ղեկավարի կամ լիազորված անձի և գլխավոր հաշվապահի ստորագրությունները:

(10-րդ կետը լրաց. 24.06.95 N 364)

11. Սեփականաշնորհման պետական արժեթուղթը (սերտիֆիկատը) բաց է թողնվում Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա` ելնելով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող սեփականաշնորհման ծրագրից: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է հատուկ որոշում տվյալ թողարկման սեփականաշնորհման պետական սերտիֆիկատի նկարագրության մասին, որտեղ սահմանվում են տվյալ տեսակի արժեթղթերի հիմնական ռեկվիզիտները:

12. Անվանական արժեթղթերի վրա պետք է լինի դրանց սեփականատերերի փոփոխման վերաբերյալ անհրաժեշտ գրառումների տեղ:

(12-րդ կետը լրաց. 24.06.95 N 364)

13. Արժեթղթերի սերտիֆիկատը շրջանառությունում արժեթուղթը փոխարինող փաստաթուղթ է:

Այն պետք է ներառի հետևյալ ռեկվիզիտները`

ա) արժեթղթի սերտիֆիկատի անվանումը (օրինակ, «Բաժնետոմսի սերտիֆիկատ», «Պարտատոմսի սերտիֆիկատ» և այլն).

բ) թողարկողի անվանումը և գտնվելու վայրը.

գ) արժեթղթերի քանակը` որոնց նկատմամբ սեփականությունը հաստատում է տվյալ արժեթղթի սերտիֆիկատը.

դ) հերթական համարը և սերիան.

ե) սերտիֆիկատի կարգը (առկայության դեպքում).

զ) մեկ արժեթղթի անվանական արժեքը.

է) արժեթղթերի թողարկման համարները.

ը) թողարկվող արժեթղթերի ընդհանուր քանակը և թողարկման ընդհանուր գումարը.

թ) արժեթղթերի սերտիֆիկատի սեփականատիրոջ անունը (անվանումը).

ժ) արժեթղթերի սերտիֆիկատը տվողի կնիքը և ստորագրությունը:

Տոկոսային պարտատոմսերի, առևտրային արժեթղթերի սերտիֆիկատների վրա պետք է նշվեն վճարվող եկամտի (տոկոսների) վճարման չափը և պարբերականությունը:

(Նախկինում` 12-րդ կետ 24.06.95 N 364)

14. Թողարկողն իր ցանկությամբ արժեթղթերի վրա կարող է կատարել նաև այլ նշումներ, որոնք չեն հակասում սույն պահանջներին:

(Նախկինում` 13-րդ կետ 24.06.95 N 364)

 

III. Արժեթղթերի պատրաստմանը ներկայացվող պահանջները

 

15. Արժեթղթերի ձևաթղթերի (բլանկներ) պատրաստման համար օգտագործվող թուղթը

Արժեթղթերի ձևաթղթերը պետք է պատրաստված լինեն 80-120 գ/մ2 զանգված ունեցող թղթից, ունենան ջրանիշ և A4 կամ A5 չափսեր:

Արժեկտրոնային արժեթղթերի ձևաթղթերը պետք է ունենան A4+A5 կամ A4+1/2A4 կամ A5+1/2A5 չափերը:

Թղթի բաղադրությունը (կազմը) պետք է պարունակի բամբակյա և (կամ) վուշե թելիկներ, որոնց քանակը կախված է արժեթղթերի շրջանառության մեջ գտնվելու ժամկետից:

Մեկ տարուց պակաս գործողության ժամկետ ունեցող արժեթղթերը պետք է պարունակեն 10-25 տոկոս բամբակյա և (կամ) վուշե թելիկներ, իսկ մեկ տարուց ավելի գործողության ժամկետ ունեցող արժեթղթերը` 25-50 տոկոս բամբակյա և (կամ) վուշե թելիկներ:

(15-րդ կետը լրաց. 06.02.98 N 63) 

16. Արժեթղթերի ձևաթղթերի պատրաստման համար օգտագործվող ներկերը

Արժեթղթերի ձևաթղթերը պետք է տպագրվեն պոլիգրաֆիական ներկերով, որոնց գունագեղական առանձնահատկությունները դժվարացնում են դրանց վերարտադրումը հայտնի լուսանկարչական և վերարտագրության (ռեպրոգրաֆիական) մեթոդներով: Արժեթղթերի ձևաթղթերի տպագրության համար կարող են օգտագործվել հատուկ ներկեր, որոնց ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո ունեն տեսանելի լուսարձակում:

(16-րդ կետը լրաց. 06.02.98 N 63) 

17. Արժեթղթերի ձևաթղթերի տպագրության եղանակները

Արժեթղթերի ձևաթղթերի (այդ թվում` նաև կիսապատրաստվածքների լրատպագրման) համար կարող են կիրառվել հետևյալ տպագրական եղանակները`

ա) օֆսետային,

բ) մետաղաբանական (մետալոգրաֆիական),

գ) ուռուցիկ,

դ) բարձր,

ե) օրլովյան:

Յուրաքանչյուր ձևաթուղթ պետք է պատրաստված լինի երկուսից ոչ պակաս տպագրական եղանակով:

(17-րդ կետը լրաց. 06.02.98 N 63) 

18. Արժեթղթերի ձևաթղթերի պաշտպանվածությունը

Արժեթղթերի ձևաթղթերն իրենց արտաքին տեսքով պետք է ունենան ամենաքիչը երեք գիլիոշիրային տարրեր, որոնցից մեկն ունի գծերի պոզիտիվ, իսկ մյուսները` նեգատիվ օգտագործում:

Խորքային (ֆոնային) ցանցերի գունավոր գամման արժեթղթերը պետք է պաշտպանի ֆոտոբաժանումից:

Արժեթղթերի ձևաթղթերի խորքային ցանցերի տպագրությունը համարվում է պարտադիր, անկախ այն բանից` արժեթղթեր պատրաստող կազմակերպությունը դրանք պատրաստում է ամբողջությամբ, թե կիսապատրաստվածք ձևաթղթերը լրացնելու միջոցով: Բացառություն են կազմում կիսապատրաստվածքների եզրերը, որոնք ունեն խորքային ցանց:

Խորքային ցանցերն իրենց չափային բնութագրերով և գույներով չպետք է կրկնօրինակվեն և արտատպվեն:

Միկրոտեքստի տպագրությունը համարվում է պարտադիր, որը կատարվում է օֆսետային եղանակով. պոզիտիվ օգտագործման դեպքում այն պետք է ունենա 200-250 միկրոն, իսկ նեգատիվ օգտագործման դեպքում` 250-300 միկրոն տպատառի (շրիֆտ) բարձրություն:

Յուրաքանչյուր թողարկողի համար արժեթղթերի ձևաթղթերը պետք է ունենան անհատական դիզայն: Արժեթղթերի ձևաթղթերի միասնականացված (ունիֆիկացված) կիսապատրաստվածքների օգտագործման դեպքում դրանց անհատականացումն ապահովվում է տեքստային բովանդակությամբ, համարակալմամբ, քիմիական պաշտպանվածության տարրերով կամ անհատական գիլիոշիրային տարրերի օգտագործմամբ:

(18-րդ կետը լրաց. 06.02.98 N 63) 

(3-րդ բաժինը լրաց. 06.02.98 N 63)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.1999, N 345 06.06.1999, N 568
06.02.1998, N 63 06.03.1998, N 568
24.06.1995, N 364 24.06.1995, N 568
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան