ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.
«3.1. Կատարողական վարույթի շրջանակում առանձին կատարողական գործողության իրականացումը գլխավոր հարկադիր կատարողի սահմանած դեպքերում և կարգով կարող է վերապահվել այլ հարկադիր կատարողի՝ առանց կատարողական վարույթը փոխանցելու:
3.2. Կատարողական վարույթի շրջանակում առանձին օժանդակ գործողություններ կարող են իրականացվել հարկադիր կատարման ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի կամ այլ աշխատակցի կողմից։ Օժանդակ գործողությունների ցանկը և դրանց իրականացման կարգը սահմանում է գլխավոր հարկադիր կատարողը։»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին հոդվածով.
«Հոդված 32.1. | Կատարողական վարույթները միացնելը և առանձնացնելը |
1. Կատարողական գործողությունների առավել արդյունավետ կատարման նպատակով միմյանց հետ փոխկապակցված կամ կատարողական վարույթի մասնակիցների լրիվ կամ մասնակի համընկնող կազմ ունեցող մի քանի կատարողական վարույթներ կարող են միացվել մեկ վարույթում, կամ մեկ կատարողական վարույթից կարող են առանձնացվել առանձին պահանջներով վարույթներ:
2. Կատարողական վարույթների միացման և առանձնացման մասին որոշումն ընդունում է՝
1) հարկադիր կատարման ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի ղեկավարը, եթե միացվում են տվյալ ստորաբաժանումում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթները ենթակա են իրականացման տվյալ ստորաբաժանումում.
2) գլխավոր հարկադիր կատարողը, եթե միացվում են հարկադիր կատարման ծառայության տարբեր ստորաբաժանումներում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթը ենթակա է փոխանցման հարկադիր կատարման ծառայության մեկ այլ ստորաբաժանում:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցվող կամ վերսկսվող կատարողական վարույթների վրա:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3.1-ին և 3.2-րդ մասերը գործում են գլխավոր հարկադիր կատարողի համապատասխան հրամաններն ուժի մեջ մտնելու պահից:
4. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3.1-ին և 3.2-րդ մասերով նախատեսված՝ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 12 Երևան ՀՕ-424-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: