ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ2/0189/05/202025 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ2/0189/05/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բ եդևյան | |
զեկուցող |
Ա. Թովմասյան | |
Լ. Հակոբյան | ||
ք ․ ՄԿՈՅԱՆ |
2025 թվականի հունվարի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.07.2023 թվականի որոշման դեմ Մելիք Հակոբյանի վճռաբեկ բողոքը` վարչական գործով ըստ հայցի Մելիք Հակոբյանի ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ Ոստիկանություն), երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ Ոստիկանության պետի 12.08.2020 թվականի թիվ 2334-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում` պաշտոնում վերականգնելուն, և որպես հետևանք՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Մելիք Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 12.08.2020 թվականի թիվ 2334-Ա հրամանը, պարտավորեցնել պատասխանողին իրեն վերականգնել նախկին աշխատանքում` պաշտոնում, և որպես հետևանք՝ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Մկրտչյան) (այսուհետ՝ Դատարան) 16.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է. «Մելիք Մարտունի Հակոբյանի հայցը բավարարել:
Անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանի 1-ին կետը:
ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնել Մելիք Մարտունի Հակոբյանին վերականգնել նախկին՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի պաշտոնում:
ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնել Մելիք Մարտունի Հակոբյանին վճարել հատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը (...)»:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան, դատավորներ՝ Հ. Այվազյան, Ռ. Մախմուդյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.07.2023 թվականի որոշմամբ Ոստիկանության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 16.02.2022 թվականի վճիռը՝ հարկադիր պարապուրդի մասով, բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ. «Պարտավորեցնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությանը Մելիք Հակոբյանին վճարելու դրամական հատուցում չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար»։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մելիք Հակոբյանը (ներկայացուցիչ՝ Արթուր Մելիքբեկյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ոստիկանությունը (ներկայացուցիչ՝ Արթուր Առուստամյան)։
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը 09․02․2024 թվականի որոշմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ և 60-րդ հոդվածներին համապատասխանության հարցի վերաբերյալ դիմել է ՀՀ սահմանադրական դատարան։
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կասեցվել է։
ՀՀ սահմանադրական դատարանի 15․10․2024 թվականի թիվ ՍԴՈ-1757 որոշմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» ձևակերպումը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի, 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, հակասող և անվավեր։
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 28․10․2024 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը վերսկսվել է։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Մասնավորապես անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցին․
- արդյո՞ք ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին Ոստիկանության պետի հրամանը դատարանի կողմից անվավեր ճանաչված լինելը կարող է մեկնաբանվել ոստիկանությունում ծառայության վերականգնում՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով։
Բացի այդ, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ2/0266/05/20 վարչական գործով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.07.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Հարկադիր պարապուրդի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթներով, բացառությամբ այն դեպքերի, երբ ոլորտը կարգավորող օրենսդրությունն ունենում է իրեն հատուկ կարգավորումներ։
Հատկանշական է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը ենթարկվել է փոփոխությունների և դրույթի՝ մինչև 21․11․2019 թվականի գործող խմբագրությունն ունեցել է հետևյալ բովանդակությունը․ «ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար»։ Այսինքն՝ ունեցել է նույն բովանդակությունն ինչ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածը և բնականաբար դրանցից ոչ մեկում խոսք գնալ չի կարող լրացուցիչ փոխհատուցման վերաբերյալ, ուստի դատարանը տվյալ դեպքում պետք է կիրառեր «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածը, և փոխհատուցման ենթակա գումարի չափը սահմանվեր 3 ամսվա կտրվածքով։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի օպերլիազոր Ռ․ Ղուկասյանը 30․01․2020 թվականին զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա․ Սարգսյանին, որով խնդրել է թույլատրել սկսել ծառայողական քննություն (հատոր 1-ին, գ․թ․ 20)․
2) ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի օպերլիազոր Ռ․ Ղուկասյանը 07․02․2020 թվականին զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա․ Սարգսյանին, որով խնդրել է թույլատրել ծառայողական քննության նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (Ծառայողական քննության նյութերի պատճեններ, գ․թ․ 119)․
3) ՀՀ ոստիկանության 07․02․2020 թվականի թիվ 28/205 գրությամբ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մելիք Հակոբյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն․
4) ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ն․ Բարսեղյանի 07․02․2020 թվականի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ (հատոր 1-ին, գ․թ․ 53)․
5) ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ն․ Բարսեղյանի 30․06․2020 թվականի որոշմամբ թիվ 62203820 քրեական գործով մեղադրյալ Մելիք Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվել է, և քրեական գործով վարույթը կարճվել է (հատոր 1-ին, գ․թ․ 58-66)․
6) ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ավագ օպերլիազոր Ա․ Մուրադյանի 28․07․2020 թվականի «Ոստիկանության լեյտենանտ Մելիք Հակոբյանի նկատմամբ իրականացված ծառայողական քննության արդյունքներով» եզրակացության համաձայն՝ կարգապահական կոպիտ խախտման՝ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ քաղաքացիներին հայտնելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Մելիք Հակոբյանը ենթակա է կարգապահական պատասխանատվության (հատոր 1-ին, գ․թ․ 54-57)․
7) ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 11․08․2020 թվականի թիվ 17 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետին՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Մելիք Հակոբյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ նրա նկատմամբ կիրառելով «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը (հատոր 1-ին, գ․թ․ 17)․
8) ՀՀ ոստիկանության պետի 12․08․2020 թվականի թիվ 2334-Ա հրամանի համաձայն՝ կարգապահական կոպիտ խախտում թույլ տալու՝ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ այլ անձի տրամադրելու համար ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Մելիք Հակոբյանն ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից (Ծառայողական քննության նյութերի պատճեններ, գ․թ․ 174-176)․
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ սույն գործով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 52-րդ հոդվածի 2-րդ մասի միատեսակ կիրառության համար, քանի որ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված նորմը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու առանձնահատկությունների վերաբերյալ, կարող է էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե որ իրավական ակտերն են ենթակա կիրառման ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու նկատմամբ։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ հանրային ծառայության անցնելու իրավունքը սահմանադրական իրավունք է և իր ամրագրումն է գտել ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածում, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:
ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված՝ հանրային ծառայության անցնելու իրավունքի, այդ թվում՝ հանրային ծառայության պաշտոնում պաշտոնավարման իրավունքի անբաժանելի և կարևոր տարրն է կազմում աշխատավարձը, իսկ կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատելու արգելքն առնչվում է նաև հանրային ծառայության հետ փոխկապակցված վարձատրությանը (տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի 15․10․2024 թվականի թիվ ՍԴՈ-1757 որոշումը)։
Հանրային ծառայության անցնելու իրավունքն ածանցվում է անձի աշխատանքային իրավունքներից: ՀՀ Սահմանադրությունը «Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները» վերտառությամբ 57-րդ հոդվածում ամրագրում է աշխատանքի ընտրության ազատությունը և ամրագրում է յուրաքանչյուր աշխատողի՝ աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքը:
Աշխատանքի ազատ ընտրության իրավունքը ներառում է ինչպես անձի՝ աշխատանքային հարաբերությունների ձևավորման տեսանկյունից ազատ կամքը՝ աշխատելու (չաշխատելու) իրավունքը, այնպես էլ աշխատանքի տեսակի ընտրության իրավունքը և աշխատողների աշխատանքային իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանության իրավունքը։ Վերջինս ներառում է նաև գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերություններն առանց հիմնավոր և օրինական պատճառի դադարեցնելու արգելքը, և տվյալ արգելքի խախտման դեպքում դատական և արտադատական պաշտպանությունը, այդ թվում՝ կրած վնասների հատուցումը։
Իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է․ «Քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ»:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով հանրային ծառայության ոլորտում ծագող աշխատանքային հարաբերությունները կարող են կարգավորվել նաև աշխատանքային իրավունքի նորմերով, սակայն միայն այն դեպքում, երբ հանրային ծառայությանը վերաբերող օրենսդրությամբ տվյալ հարաբերությունն սպառիչ կերպով կարգավորված չէ: Այլ կերպ՝ այն դեպքում, երբ հանրային ծառայության ոլորտում աշխատանքային հարաբերություններն սպառիչ կերպով կարգավորված են տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, վերջինիս կարգավորումներն աշխատանքային օրենսդրության նկատմամբ ստանում են առաջնահերթ կիրառելիություն, իսկ աշխատանքային օրենսդրության դրույթներն այդ հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սուբսիդիարության կարգով:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով («Հանրային ծառայության մասին» 2-րդ հոդվածի 3-րդ մաս): Հանրային ծառայությունն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս):
Հանրային ծառայության առանձին տեսակ է նաև ՀՀ ոստիկանությունում ծառայությունը․ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ «Օրենք») 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են նույն Օրենքով:
Հաշվի առնելով, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները սահմանված են ՀՀ ոստիկանությունում հանրային ծառայության առանձնահատկությունների, ՀՀ ոստիկանության ծառայողների կարգավիճակի և գործառույթների առանձնահատկությունների հաշվառմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը հանդիսանում է ՀՀ ոստիկանությունում հանրային ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորող հատուկ օրենք, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կիրառելի է այն պայմաններում, երբ աշխատանքային կոնկրետ հարաբերություններն սպառիչ կերպով կարգավորված չեն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով կամ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով։ Նշված իրավական դիրքորոշումը բխում է «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (lex specialis derogat legi generali) սկզբունքից։
ՀՀ օրենսդրությունը նախատեսում է համապատասխան կառուցակարգեր, որոնք թույլ են տալիս արդյունավետորեն վերականգնել աշխատողի աշխատանքային իրավունքն այն դեպքում, երբ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերությունները դադարել են առանց օրինական հիմքի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ։ Առանց օրինական հիմքի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերությունների դադարման դեպքում աշխատողի իրավունքի վերականգնման համապատասխան կառուցակարգ է սահմանված ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածում, այնպես էլ հանրային ծառայության առանձին ոլորտներ կարգավորող հատուկ օրենքներում, այդ թվում՝ սույն գործով կիրառելի «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում։
Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով»:
Իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար: (․․․)»։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ինչպես Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը, այնպես էլ Օրենքի 52-րդ հոդվածը կանոնակարգում են աշխատանքային հարաբերությունները գործատուի նախաձեռնությամբ առանց օրինական հիմքի կամ օրենքով սահմանված կարգի խախտմամբ դադարեցնելու փաստը դատական կարգով հաստատված համարվելու դեպքում աշխատողի իրավունքների, մասնավորապես, վարձատրության իրավունքի վերականգնման կառուցակարգը։ Ըստ այդմ՝ արձանագրելով, որ Օրենքի 52-րդ հոդվածն սպառիչ կերպով կանոնակարգում է ոստիկանության ծառայողին առանց օրինական հիմքի կամ օրենքի խախտմամբ զբաղեցրած պաշտոնից ազատելու դեպքում վերջինիս վարձատրության իրավունքի վերականգնման հետ կապված հարաբերությունները և միաժամանակ հաշվի առնելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները սահմանող հատուկ օրենքի, և ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերը բացահայտված հարաբերակցությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոստիկանության ծառայողին պաշտոնից ազատելու դեպքում վերջինիս վարձատրության իրավունքի վերականգնման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառելի է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածը» (տե'ս, Աշոտ Նալբանդյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/3066/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14․11․2024 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը 09․02․2024 թվականին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը։
ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 15․10․2024 թվականի թիվ ՍԴՈ-1757 որոշմամբ արձանագրել է․ «(․․․) հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնավարման իրավունքի արդյունավետ իրացման համար օրենսդիրը որպես անհրաժեշտ կառուցակարգ ոչ միայն պետք է սահմանի նաև անհիմն/անօրինական ազատման դեպքում փոխհատուցման իրավունքը, այլև նշված ոչ իրավաչափ հիմքով պաշտոնից ազատման պահից մինչև վերականգնվելը փոխհատուցման ծավալը կանխորոշող ժամանակահատվածի առումով այնպիսի կառուցակարգ, որի գործողության պայմաններում, փոխհատուցման առավելագույն ժամկետով պայմանավորված, փոխհատուցման ծավալն էականորեն չի սահմանափակվի:
Հակառակ դեպքում՝ ի հայտ է գալիս հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին փաստացի պատասխանատվության ենթարկելու հակասահմանադրական կարգ, քանզի նա, առանց իր մեղքի, ավելին՝ պետության կամ համայնքի «մեղքով», մի կողմից՝ փաստացի ենթարկվում է պատասխանատվության՝ ազատվելով պաշտոնից (արձակվելով ծառայությունից), մյուս կողմից՝ զրկվում է այն ֆինանսական միջոցներից, որոնք նրան կտրամադրվեին, եթե պետությունը կամ համայնքը գործեր իրավաչափ այն դեպքում, երբ Օրենքով սահմանված է դրամական փոխհատուցում տալու (հատուցում վճարելու) առավելագույն՝ եռամսյա ժամկետ, որը, ներառված լինելով ազատման պահից մինչև վերականգնվելն ընկած ժամանակահատվածում, այդուհանդերձ, վերջինից կարճ է (․․․): Ըստ այդմ՝ ՀՀ սահմանադրական դատարանը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» ձևակերպումը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի և 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, հակասող և անվավեր։
Իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը և հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը ենթակա է կիրառման ՀՀ սահմանադրական դատարանի 15․10․2024 թվականի թիվ ՍԴՈ-1757 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու իրավահարաբերությունների վերաբերյալ ընդունված իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ ոստիկանության ծառայողին ապօրինի պաշտոնից ազատելու դեպքում վերջինիս վարձատրության իրավունքի վերականգնման համար իրավական հիմք է հանդիսանում «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը, և այս դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը կիրառելի չէ։ Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանի 15․10․2024 թվականի թիվ ՍԴՈ-1757 որոշման հաշվառմամբ՝ հատուցումը չի կարող սահմանափակվել միայն 3 ամսով։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Մելիք Հակոբյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 12.08.2020 թվականի թիվ 2334-Ա հրամանը, պարտավորեցնել պատասխանողին իրեն վերականգնել նախկին աշխատանքում` պաշտոնում, և որպես հետևանք՝ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը։
Դատարանի 16.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանը Մելիք Մարտունի Հակոբյանին վերաբերող առաջին կետի մասով ընդունվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի սխալ մեկնաբանման, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի սխալ կիրառման հետևանքով, ինչը հիմք է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով հրամանը Մելիք Մարտունի Հակոբյանի մասով անվավեր ճանաչելու համար։
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության համաձայն՝ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը սահմանում է՝ «1․Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
2. Տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
Դատարանն առաջին հերթին անդրադառնալով դատական նիստին պատասխանողի ներկայացուցչի «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի վկայակոչմամբ ներկայացված այն փաստարկին, որ օրենսդիրը հատուկ օրենքով սահմանել է, որ ոստիկանության բոլոր այն ծառայողներին, որոնք ճանաչվում են անհիմն ազատված դրամական փոխհատուցումը տրվում է միջին աշխատավարձի 3 ամսվա չափով՝ արձանագրում է, որ հիշյալ նորմը չի վերացնում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը, քանի որ այդ նորմով սահմանված է ոստիկանության ծառայողի՝ ծառայությունում վերականգնելու դեպքում լրացուցիչ դրամական փոխհատուցում ստանալու իրավունք, որը չի կարող նույնանալ հարկադիր պարապուրդի համար վճարվող աշխատավարձի հետ։
Հետևաբար՝ հաշվի առնելով, որ վերոնշյալ հիմնավորումներով ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանը Մելիք Մարտունի Հակոբյանին վերաբերող մասով ոչ իրավաչափ է և դրա գործողությունն այդ մասով անվավեր ճանաչելու միջոցով ենթակա է դադարեցման՝ Դատարանը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան Մելիք Մարտունի Հակոբյանին վճարման է ենթակա միջին աշխատավարձի չափով հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ 2020 թվականի օգոստոսի 12-ից մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը»։
Դատարանի վճիռը Ոստիկանության կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է միայն հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը վճարելուն պարտավորեցնելու մասով:
Վերաքննիչ դատարանի 07.07.2023 թվականի որոշմամբ Ոստիկանության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 16.02.2022 թվականի վճիռը՝ հարկադիր պարապուրդի մասով, բեկանվել և փոփոխվել է՝ պարտավորեցվել է Ոստիկանությանը Մելիք Հակոբյանին վճարել դրամական հատուցում չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար: Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման եկել է որոշման հիմքում դնելով հետևյալ պատճառաբանությունը. «(...) Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում: Բացի այդ, նորմը նախատեսում է նաև, թե ինչ չափով է վճարվում այդ փոխհատուցումը:
Նշվածի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը նկատում է, որ նշված նորմի կիրառելի կամ ոչ կիրառելի լինելու հարցի պարզման համար անհրաժեշտ էր պարզել արդյո՞ք հայցվորն անհիմն կամ անօրինական է ազատվել Ոստիկանությունում ծառայությունից, թե ոչ։ Եվ քանի որ, Վարչական դատարանը հիմնավոր է համարել հայցվորի պահանջը` անվավեր ճանաչվելով Ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանի 1-ին կետը, իսկ այդ մասով դատական ակտը բողոքարկված չլինելու պայմաններում համարվում է ուժի մեջ մտած դատական ակտ, այսինքն հաստատել է փաստն առ այն, որ հայցվորն անհիմն կերպով է ազատվել աշխատանքից, ապա Վերաքննիչ դատարանը նկատում է, որ հարկադիր պարապուրդի մասով Վարչական դատարանը եկել է սխալ եզրահանգման՝ սխալ է մեկնաբանել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը։ Մասնավորապես, հայցվորին ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանի ոչ իրավաչափ որակումն ուղիղ նշանակում է, որ հայցվորը ոստիկանությունում ծառայությունից ազատվել է անհիմն։ Այլ կերպ ասած, հայցվորը, 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-Ա հրամանի 1-ին կետն անվավեր ճանաչված լինելու պայմաններում, պահպանում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրամական հատուցում ստանալու իրավունքը, սակայն ոչ թե հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, այլ չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար։
Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցը՝ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար դրամական հատուցում տրամադրելուն Ոստիկանությանը պարտավորեցնելու մասով, հիմնավոր չէ և ենթակա է մերժման՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնակարգման հաշվառմամբ և դրանով հատկորոշված ժամանակային տիրույթի կտրվածքով։ Սա նշանակում է, որ նշված մասով հայցը բավարարելով՝ Վարչական դատարանը թույլ է տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ինչը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրված կանոնակարգումների համաձայն, բողոքարկված վճիռն այդ մասով բեկանելու հիմք է»։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով Մելիք Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 12.08.2020 թվականի թիվ 2334-Ա հրամանը, պարտավորեցնել պատասխանողին իրեն վերականգնել նախկին աշխատանքում` պաշտոնում, և որպես հետևանք՝ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը։
Դատարանը 16.02.2022 թվականի վճռով անվավեր է ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 12.08.2020 թվականի թիվ 2334-Ա հրամանի 1-ին կետը, իսկ այդ մասով դատական ակտը չի բողոքարկվել վերաքննության կարգով, ուստի համարվում է ուժի մեջ մտած դատական ակտ, այլ կերպ ասած՝ հաստատվել է փաստն առ այն, որ հայցվորն անհիմն կերպով է ազատվել աշխատանքից։
Հաջորդիվ՝ Դատարանը 16.02.2022 թվականի վճռով գտել է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը չի վերացնում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը, քանի որ այդ նորմով սահմանված է ոստիկանության ծառայողի՝ ծառայությունում վերականգնելու դեպքում լրացուցիչ դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը, որը չի կարող նույնանալ հարկադիր պարապուրդի համար վճարվող աշխատավարձի հետ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը 07.07.2023 թվականի որոշմամբ գտել է, որ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը հիմնավոր չէ, և տվյալ դեպքում ենթակա է կիրառման «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը, որպիսի պայմաններում հայցվորը պահպանում է դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը, սակայն ոչ թե հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, այլ չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Դատարանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ սույն դեպքում «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի նորմը կիրառելի չէ ներքոհիշյալ պատճառաբանությամբ․
Հիմք ընդունելով վերն արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում հայցվորի վարձատրության իրավունքը ենթակա էր վերականգնման ոչ թե ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, որպիսի հետևության հանգել էր Դատարանը, այլ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա։ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ սույն դեպքում «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի նշված նորմը ենթակա է կիրառման ՀՀ սահմանադրական դատարանի 15․10․2024 թվականի թիվ ՍԴՈ-1757 որոշման հաշվառմամբ, այսինքն՝ առանց փոխհատուցում ստանալու իրավունքի եռամսյա սահմանափակման դրույթի։
Վերոհիշյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորին պետք է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար փոխհատուցում վճարվի՝ սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ2/0266/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, վերլուծության ենթարկելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը եզրահանգել է, որ «անդրադառնալով Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի վկայակոչմամբ բողոքաբերի փաստարկին առ այն, որ դրամական փոխհատուցումը պետք է տրամադրվի չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար՝ Վերաքննիչ դատարանն այն անհիմն է համարում, քանի որ նշված իրավանորմով սահմանված է ոստիկանության ծառայողի՝ ծառայությունում վերականգնելու դեպքում լրացուցիչ դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը, որը չի կարող նույնանալ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարվող աշխատավարձի հետ»:
Վճռաբեկ դատարանը, արժևորելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական առաքելությունը, անհրաժեշտ է համարում նշել, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը ենթակա է կիրառման սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու առանձնահատկությունների վերաբերյալ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվոր Մելիք Հակոբյանն ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ սույն վճռաբեկ բողոքի համար վճարել է 30.000 ՀՀ դրամ պետական տուրք, հետևաբար իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ենթակա է վերադարձման այն վճարած անձին, ուստի նշված հիմքով սույն գործով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07․07․2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 16.02.2022 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Հ. Բեդևյան |
Զեկուցող |
ա. Թովմասյան |
Լ. Հակոբյան | |
Ք. ՄԿՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 փետրվարի 2025 թվական: