Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.05.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Մ. Շահվերդյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

ԵԴ/0041/12/22

նախագահող դատավոր՝

 Գ. Հովհաննիսյան

 ԼԱբգարյան

 Մ. Արղամանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Լ. Թադևոսյանի

Դ. Խաչատուրյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

3 մայիսի 2024 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Արմեն Սերոժի Կախյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԳԲաղդասարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 27-ի դատավճռով Արմեն Սերոժի Կախյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 329-րդ հոդվածի 1-ին մասով, և նույն օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Պատժի սկիզբը հաշվվել է 2016 թվականի հունիսի 26-ից։ Վճռվել է նաև Արմեն Կախյանից՝ որպես դատական ծախս բռնագանձել 432.844 (չորս հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ գումար:

11 ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի՝ 2021 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ, դատապարտյալ ԱԿախյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա 9 (ինը) ամիս ժամկետով կրճատվել է ու վերջինիս թողնվել է կրելու ազատազրկում՝ 9 (ինը) տարի 9 (ինը) ամիս ժամկետով։

2 ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը 2022 թվականի սեպտեմբերի 23-ին որոշում է կայացրել դատապարտյալ ԱԿախյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին, և միջնորդագրով ներկայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 10-ին որոշում է կայացրել ԱԿախյանին պայմանական վաղաժամկետ ազատել ազատազրկման ձևով պատժի չկրած մասը՝ 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 16 (տասնվեց) օր ժամկետով ազատազրկումը կրելուց՝ փորձաշրջանի ընթացքում առանց վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու, բնակության վայրը փոխելու դեպքում հիշյալ մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու և վերը նշված մարմնի կողմից առաջարկվող վերասոցիալականացման միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև՝ վեց ամսվա ընթացքում բռնագանձման ենթակա գումարը ՀՀ պետական բյուջե վճարելու պարտականություններ դնելով։

3 Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 9-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԳԲաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի մայիսի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա։

Այսպես, քրեակատարողական հիմնարկում գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում դատապարտյալ ԱԿախյանի վարքագծի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում, բողոք բերած անձը փաստարկել է, որ պատշաճ վարքագիծ դրսևորած լինելու կապակցությամբ ստորադաս դատարանների եզրահանգումը հիմնավոր չէ։

Ի հիմնավորումը նշվածի, բողոքի հեղինակը նախ փաստարկել է, որ շուրջ 6 (վեց) տարի 5 (հինգ) ամիս ժամկետով ազատազրկում կրելու ընթացքում երեք անգամ մարզական միջոցառումներին, ինչպես նաև՝ կրոնական ինքնագործ միավորմանը մասնակցելը չի կարող գնահատվել որպես պատշաճ վարքագծի բնութագրիչ։ Նշվածի հետ մեկտեղ բողոքաբերը գտել է, որ պատժի կրման ընթացքում աշխատանքի ներգրավվելը պայմանավորված է եղել քրեակատարողական հիմնարկից դուրս գալու հնարավորություն ունենալու հանգամանքով, հետևաբար, այն չի կարող գնահատվել որպես դրական վարքագծի դրսևորում։

Անդրադարձ կատարելով կրոնական ինքնագործ միավորման մասնակցած լինելուն, բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102-րդ հոդվածի համաձայն՝ ինքնագործ միավորման աշխատանքներին ակտիվորեն մասնակցած դատապարտյալի նկատմամբ կարող է կիրառվել խրախուսանքի միջոց, այսինքն, օրենսդիրը դատապարտյալի դրական վարքագիծը գնահատում է ոչ թե հիշյալ միավորման աշխատանքներին ուղղակի, այլ ակտիվ մասնակցությամբ։ Մինչդեռ, մասնակցության բովանդակության վերաբերյալ տեղեկատվություն համապատասխան զեկույցները չեն բովանդակում։ Այս համատեքստում բողոքաբերը ոչ իրավաչափ է դիտարկել նույն միջոցառումների մասնակցությունը նաև որպես վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումների մասնակցություն դիտարկելը։ Վերոգրյալի հետ մեկտեղ փաստարկվել է, որ դատապարտյալ ԱԿախյանը պատժի կրման ընթացքում չի խրախուսվել, ընդհակառակը՝ երկու անգամ ենթարկվել է կարգապահական տույժի։

ԱԿախյանի անձը բնութագրող տվյալները համապատասխան համոզմունքի հիմքում դրված լինելու կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ խնամքին երկու անչափահաս երեխայի առկայությունը որևէ կերպ դատապարտյալին հետ չի պահել հանցավոր վարքագիծ դրսևորելուց։ Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ բնակության վայրից դրական բնութագրվելու մասին տեղեկատվությունը չի կարող լինել օբյեկտիվ և արտացոլել ԱԿախյանի վարքագծի իրական պատկերը՝ նկատի ունենալով, որ վերջինս շուրջ յոթ տարի բացակայել է բնակության վայրից։ Միևնույն ժամանակ, փաստարկվել է, որ անձը բնութագրող տվյալներն արդեն իսկ հաշվի են առնվել ԱԿախյանի նկատմամբ համեմատաբար մեղմ պատիժ նշանակելով։ Բողոքաբերը քննարկման առարկա է դարձրել նաև կատարված արարքների բնույթն և հանրային վտանգավորությունը՝ եզրահանգելով, որ այն վկայում է ԱԿախյանի անձի առավել բարձր հանրային վտանգավորության մասին։ Այդ առումով բողոքի հեղինակը նաև ընդգծել է, որ դատապարտյալ ԱԿախյանը չի արժանացել տուժողի իրավահաջորդի ներողամտությանը։

Ամփոփելով, բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն գործի հանգամանքները ողջամտորեն չեն կարող դիտարկվել բավարար՝ առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ ԱԿախյանի վերասոցիալականացման հնարավորության համոզմունք ձևավորելու համար։

51 Վերոգրյալ եզրահանգման հետ մեկտեղ, բողոքաբերը նշել է, որ Ա.Կախյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը պետք է որոշվեր արարքները կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի իրավակարգավորումներով։ Այդ հետևությունը բողոքի հեղինակը պայմանավորել է նրանով, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգումը, որպես դատապարտյալ ԱԿախյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, նույն օրենսգրքով նախատեսված չափանիշի համապատասխան հետադարձության ուժով կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված լինելու դեպքում, որպիսի նախապայմանն առկա չէ։

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 9-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով դատապարտյալ Ա.Կախյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 27-ի դատավճռով ԱԿախյանը դատապարտվել է՝ ա) կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում՝ տուժողի գլխին կրակելու եղանակով սպանության համար, բ) հետախուզման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար1։

71 Պրոբացիայի ծառայության կողմից ներկայացված զեկույցի համաձայն՝ «(․․․) Դատապարտյալ Արմեն Սերոժի Կախյանը պատժի կրման ընթացքում դրսևորել է դրական վարքագիծ և սակայն դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը՝ բարձր է, ուստի վերջինիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը, նպատակահարմար չէ»2։

72 Դատապարտյալ ԱԿախյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու խնդրանքով տուժողի իրավահաջորդ ԳՔոչինյանի դիմումի համաձայն՝ «(․․․) [Հ]այտնում եմ, որ դեմ եմ, որ Արմեն Կախյանը պայմանական վաղաժամկետ ազատվի պատիժը կրելուց և գտնում եմ, որ նա մինչև վերջ պետք է կրի այն և միայն այդ պայմաններում կարող է վերականգնվել սոցիալական արդարությունը»3։

8 Առաջին ատյանի դատարանը, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ ԱԿախյանին պայմանական վաղաժամկետ ազատելով պատժի մնացած մասը կրելուց, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) Գործի նյութերում առկա դատապարտյալի անձի և վարքի փաստական նկարագրից հետևում է, որ դատապարտյալ Արմեն Կախյանը պատժի կրման ընթացքում դրսևորել է օրինապահ և դրական վարքագիծ, մասնավորապես՝ 13.12.2021թ. ընդգրկված է եղել կրոնական ինքնագործ միավորման կազմում, 08.12.2021թ. մասնակցել է շախմատի, 07.02.2022թ.՝ բազկամարտի, 01.04.2022թ.՝ բիլիարդի, իսկ 12.04.2022թ.՝ «հրում պարկած դիրքից» վարժության մրցաշարերին, ինչպես նաև մասնակցել է վերասոցիալականացման, այդ թվում՝ անձնական զարգացման միջոցառումներին, 15.04.2022թ. մինչև 25.04.2022թ. առանց վարձատրության ներգրավված է եղել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի և դրան հարող տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման գործընթացին, 23.06.2022թ. մինչ օրս աշխատում է «ԱՆԱՄԵԼ» ՍՊ ընկերությունում՝ որպես արտադրամասի աշխատանքների համակարգող, քրեական ենթամշակույթի նկատմամբ ունի բացասական վերաբերմունք, բացասական հակումներ, կախվածություններ և նախասիրություններ չունի, շփվում է ցածր անվտանգության գոտու մեղմ պայմաններում պահվող դատապարտյալների հետ, ընդունում է մեղքը և զղջում կատարած հանցագործության համար, նախկինում դատապարտված չի եղել, ունի առողջական խնդիրներ, մասնավորապես՝ ունի ողնաշարի ճողվածք, իսկ սիրտը՝ ստենտավորված է, ամուսնացած է, խնամքին ունի 2 երեխաներ, արտաքին աշխարհի հետ կապը պահպանում է հեռախոսազանգերի, տեսակցությունների և կարճատև ու երկարատև մեկնումների միջոցով, այսինքն՝ արտաքին աշխարհի հետ կապը կայուն է, պատիժը կրում է ցածր անվտանգության գոտու մեղմ պայմաններում, պատժի կրման ընթացքում ինքնավնասման և հացադուլի դեպքեր չեն եղել, 10.10.2022թ. դրությամբ պատժից կրել է 6 տարի 3 ամիս 14 օր:

 Դրանից բացի.

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնից ստացված գրության համաձայն՝ Ա.Կախյանը բաժնի համապատասխան հաշվառումներով չի անցել և չի վարել հանցավոր ապրելակերպ, իսկ բնակության վայրում բնութագրվում է դրականորեն:

«Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲ ընկերությունից ստացված գրության համաձայն՝ Ա.Կախյանն այնտեղ հաշվառված չէ:

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարից ստացված գրության համաձայն՝ Ա.Կախյանը բնութագրվում է դրական հատկանիշներով, բարեխիղճ և կարգապահ քաղաքացի է, սիրված՝ հարևանների ու ընկերների կողմից:

(․․․) Ինչ վերաբերում է դատապարտյալի անձը բացասական բնութագրող և գործում առկա այն հանգամանքներին, որ վերջինս մինչ օրս չի հատուցել դատական ծախսերը, այսինքն՝ դեռևս ունի չմարած ֆինանսական պարտավորություններ, ինչպես նաև չի խրախուսվել և երկու անգամ՝ 29.03.2017թ.(նկատողության՝ նրա մոտ բջջային հեռախոս հայտնաբերվելու համար) և 17.04.2019թ. (նկատողության՝ նրա մոտ ականջակալներ, խաղաթղթեր և սպասք հայտնաբերվելու համար) ենթարկվել է կարգապահական տույժի, ապա նախ և առաջ [Առաջին ատյանի դ]ատարանը փաստում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 106-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ դատապարտյալ Ա.Կախյանը համարվում է տույժ չունեցող: Այդուհանդերձ՝ նշված բոլոր հանգամանքները գնահատելով համակցության մեջ՝ դատապարտյալի անձի և պատժի կրման ընթացքում նրա դրսևորած վարքագծի համակողմանի ուսումնասիրության հետ մեկտեղ՝ [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում վերջինիս դրսևորած դրական վարքագիծը չեզոքացնում է այդ հանգամանքները:

Այսպիսով՝ (․․․) հաշվի առնելով այն, որ դատապարտյալ Արմեն Կախյանը դատապարտվել է ազատազրկման՝ 15 տարին չգերազանցող ժամկետով, իսկ 15 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե փաստացի կրել է նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երկրորդը, և նկատի ունենալով, որ դատապարտյալ Ա.Կախյանը փաստացի կրել է նշանակված պատժի նվազագույն ժամկետը, հետևաբար՝ [Առաջին ատյանի դ]ատարանը [2021 թվականի մայիսի 5-ին ընդունված] ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ պրոբացիայի ծառայության և քրեակատարողական ծառայության զեկույցների քննարկման արդյունքում հանգում է հետևության, որ դատապարտյալ Արմեն Կախյանն ուղղվելու համար պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, ուստի՝ կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել: (․․․) [Ի]սկ պատժի նպատակները և դատապարտյալի վերասոցիալականացումը հնարավոր է վերջնականապես իրագործել առանց պատժի մնացած մասը կրելու՝ համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում։

(․․․) [Առաջին ատյանի դ]ատարանը հարկ է համարում նշել նաև, որ դատապարտյալի ուղղված լինելու մասին դատարանի հետևությունները հիմնված են քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում վերջինիս վարքի մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության վրա: Դատապարտյալի ուղղման մասին [Առաջին ատյանի դ]ատարանի եզրահանգումը հիմնված է ոչ միայն պատժի կրման ընթացքում նրա վարքագծի, այլ նաև վերջինիս անձի և հանցագործության բազմակողմանի գնահատման վրա»4:

9 Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ըստ էության ամբողջությամբ համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին5:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10 Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունները՝ դատապարտյալ Ա.Կախյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ։

2022 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն` «1. (․․․) [Ա]զատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալը դատարանի կողմից պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել պատժից, եթե դատապարտյալը կրել է պատժի` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված համապատասխան նվազագույն ժամկետը, և դատարանը դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատող հանգամանքների վերաբերյալ իրավասու մարմինների ներկայացրած զեկույցների ուսումնասիրման հիման վրա համոզվում է, որ դատապարտյալի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու, քանի որ՝

1) պատժի կրման ընթացքում նա դրսևորել է պատշաճ վարքագիծ և

2) նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:

2. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի կամ տույժի առկայությունը,

2) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն,

3) պատժի կրման ընթացքում աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, և չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով,

4) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ։

3. Դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) դատապարտյալի տարիքը պատիժը կրելու, ինչպես նաև հանցանքը կատարելու պահին,

2) հանցանքի բնույթն ու վտանգավորությունը,

3) ռեցիդիվի առկայությունը,

4) կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը,

5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը, կամ վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնած լինելը,

6) քրեական ենթամշակույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքը,

7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները,

8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին,

9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը,

10) սոցիալական միջավայրը,

11) առողջական վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և բուժման արդյունքը,

12) հանցանքի կատարմանը նպաստած հանգամանքների փոփոխությունները,

13) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ: (․․․)»։

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձ է կատարել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի գործադրման կարգին և պայմաններին6։

11 Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը 2022 թվականի սեպտեմբերի 23-ին որոշում է կայացրել դատապարտյալ ԱԿախյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին, և միջնորդագրով այն ներկայացրել է Առաջին ատյանի դատարան7,

- Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Ա.Կախյանին պայմանական վաղաժամկետ ազատել է պատժի չկրած մասը կրելուց՝ իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ սույն որոշման 8-րդ կետում մեջբերված՝ դատապարտյալի անձի, պատժի կրման ողջ ժամանակահատվածի ընթացքում դրսևորած վարքագծի, կատարված արարքների և հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորած հոգեբանական վերաբերմունքի ու այլ հանգամանքների վերլուծությամբ գալիս է եզրահանգման առ այն, որ պատժի համակցված նպատակների վերջնականապես իրագործումը հնարավոր է համապատասխան վերահսկողության ներքո Ա.Կախյանի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում, քանի որ պատժի կրման ընթացքում նա դրսևորել է պատշաճ վարքագիծ և նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է։ Առաջին ատյանի դատարանի համոզմամբ որպես դատական ծախս բռնագանձման ենթակա գումարը վճարված չլինելը, խրախուսանքի բացակայությունն ու կարգապահական տույժերի առկայությունը բավարար հակակշռող գործոններ չեն8,

- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ արձանագրելով, որ դատապարտյալ Ա.Կախյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հիմնավորումներն ընդունելի են նաև իր համար9։

12 Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի գործադրման կարգի և պայմանների վերաբերյալ նախկինում ձևավորված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ուղղվելու համար ազատազրկման ձևով պատժի մնացած մասը դատապարտյալ ԱԿախյանի կողմից կրելու կարիք չունենալու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները կառուցված չեն պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նշանակություն ունեցող հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության, պատշաճ իրավական վերլուծության ու համակցության մեջ գնահատման վրա:

Այսպես՝ Վճռաբեկ դատարանը նախ և առաջ անհրաժեշտ է համարում արձանագրել, որ տուժողի իրավահաջորդն Առաջին ատյանի դատարանին հասցեագրված դիմումով խնդրել է դատապարտյալ ԱԿախյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժել10։ Արձանագրված փաստական տվյալների հետ մեկտեղ, հարկ է ընդգծել, որ ԱԿախյանը դատապարտվել է մեղքի դիտավորյալ ձևով կատարված արարքների համար, որոնց թվում է նաև կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում՝ տուժողի գլխին կրակելու եղանակով սպանությունը11։

Տվյալ ինստիտուտի գործադրման հարցում կատարված արարքների բնույթի և հանրային վտանգավորության «երկրորդական կարևորությունը» ընդգծելով հանդերձ12, հարկ է նշել, որ մարդու կյանքը հիմնարար սոցիալական արժեք է, որի դեմ ուղղված հանցագործությունների հետևանքները ենթակա չեն վերականգնման կամ հատուցման: Դրանով պայմանավորված Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կյանքի դեմ ուղղված հանցագործության կատարման համար դատապարտված անձին պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորության վերաբերյալ հիմնավորված հետևության հանգելու հարցում դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն տուժողի իրավահաջորդի դիրքորոշմանը և դրա հետ փոխկապակցված տուժող կողմի հետ հաշտվելու ուղղությամբ դատապարտյալի դրսևորած վարքագծին, առանց որոնց հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել դատապարտյալի անձի և որպես արդյունք՝ կյանքի դեմ ուղղված հանցագործության կատարման համար դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու նպատակահարմարության վերաբերյալ։ Այս համատեքստում հարկ է նշել, որ վկայակոչված հանգամանքն անհրաժեշտաբար գնահատման է ենթակա նաև առողջության դեմ ուղղված հանցագործության կատարման համար դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկելիս, քանզի դրանց իրականացման արդյունքում բացասական ազդեցություն է թողնվում տուժողի օրգանիզմի կենսաբանական ամբողջականության և վիճակի վրա։

Տվյալ դեպքում, ինչպես արդեն նշվեց, տուժողի իրավահաջորդը դեմ է արտահայտվել դատապարտյալ ԱԿախյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելուն, իսկ առկա փաստակազմը բավարար հիմք չէ արձանագրելու, որ դատապարտյալը միջոցներ է ձեռնարկել տուժող կողմի հետ հաշտվելու ուղղությամբ։

Արձանագրված փաստական տվյալի հետ մեկտեղ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության՝ որպես պատժի ենթարկված անձի վերասոցիալականացման գործընթացն իրականացնող մարմնի, զեկույցը բացասական է13։ Թեև այս զեկույցն ունի խորհրդատվական բնույթ, սակայն յուրաքանչյուր դեպքում պատժի հետագա կրման նպատակահարմարությունը որոշելիս, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնվի դատարանների կողմից14։

Վերոգրյալից բացի, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զեկույցների ուսումնասիրությունը, ի թիվս այլնի, ցույց է տալիս, որ դատապարտյալ ԱԿախյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածում չի խրախուսվել, միևնույն ժամանակ, երկու անգամ ենթարկվել է կարգապահական տույժի։ Ընդ որում, դատապարտյալը կարգապահական տույժի է ենթարկվել նաև խաղաթղթեր պահելու համար։

Պատժի հետագա կրման նպատակահարմարությունը որոշելու չափանիշների գնահատման տեսանկյունից նշանակություն ունեցող վերոգրյալ հանգամանքի հետ մեկտեղ ուշադրության է արժանի որպես դատական ծախս բռնագանձման ենթակա գումարը վճարված չլինելը։ Այս համատեքստում հատկանշական է, որ գույքային պարտավորություններ ունեցող դատապարտյալին օրենսդիրը տրամադրել է աշխատանքով ապահովելու նախապատվություն15։ Տվյալ դեպքում, դատապարտյալ ԱԿախյանը 2022 թվականի հունիսի 23-ից մինչև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելն աշխատել է «Անամել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, այսինքն, ուղղիչ հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում աշխատելով մասնավոր կազմակերպությունում ԱԿախյանը միջոցներ չի ձեռնարկել գույքային պարտավորությունը թեկուզև մասնակիորեն կատարելու ուղղությամբ։

Անդրադարձ կատարելով դատապարտյալի առկա առողջական վիճակը հիմք ընդունելուն, հարկ է ընդգծել, որ թեև դատապարտյալի առողջական վիճակի գնահատումը ևս նշանակություն ունի քննարկվող ինստիտուտի գործադրման հարցում16, սակայն ստորադաս դատարանները սահմանափակվել են համապատասխան տեղեկատվության մատնանշմամբ՝ առանց վերլուծելու և գնահատելու անազատության մեջ գտնվելու պայմաններում հնարավոր անհրաժեշտ բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու հնարավորությունը17։ Տվյալ դեպքում, որևէ հիմնավորում չի ներկայացվել պատիժը կրելուն զուգընթաց դատապարտյալ ԱԿախյանի ֆիզիկական առողջությունը պատշաճ պահպանելու հնարավոր խոչընդոտների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ներկայացված նյութերում առկա փաստական հանգամանքները ևս հիմք չեն տալիս եզրահանգելու, որ դատապարտյալ ԱԿախյանին անհրաժեշտ բուժօգնությունը չի կարող պատշաճ կազմակերպվել անազատության մեջ գտնվելու պայմաններում։

Ինչ վերաբերում է բնակության վայրի ոստիկանության և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների կողմից դատապարտյալ ԱԿախյանին դրական բնութագրելուն, հարկ է նշել, որ վերջինս շուրջ յոթ տարի բացակայել է բնակության վայրից։ Այս կապակցությամբ պետք է նկատել նաև, որ մեկնումներով պայմանավորված ԱԿախյանի՝ բնակության վայրում ժամանակավորապես բնակվելը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ինքնին բավարար չէ մարդու անհատական կայուն հատկությունների իրական պատկերը բնութագրելու համար։

Անդրադառնալով առանց պատժի մնացած մասը կրելու ԱԿախյանի վերասոցիալականացման հնարավորության վերաբերյալ ստարադաս դատարանների համոզմունքի հիմքում դրված աշխատանքային, մշակութային ու մարզական միջոցառումներին մասնակցությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքների համատեքստում, ուղղիչ հիմնարկում դատապարտյալ ԱԿախյանի զբաղվածության վերաբերյալ ստորադաս դատարանների արձանագրած տեղեկատվությունը սույն վարույթով էական գործոն համարվել չի կարող։

13 Այսպիսով, օրենքով նախատեսված և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում մեկնաբանված չափանիշների լույսի ներքո գնահատելով սույն որոշմամբ մեջբերված և վերլուծված փաստական տվյալների համակցությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի փաստական տվյալները բավարար չեն հիմնավորված համոզմունք ձևավորելու, որ դատապարտյալ ԱԿախյանի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու։ Տվյալ դեպքում, ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված հանգամանքները ողջամտորեն չեն կարող դիտարկվել որպես բավարար հակակշռող գործոններ՝ արձանագրելու, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատապարտյալ ԱԿախյանի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է՝ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, իսկ պատժի համակցված նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել՝ համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում։ Ուստի, ստորադաս դատարանների եզրահանգումն առ այն, որ ուղղվելու համար դատապարտյալ ԱԿախյանն ազատազրկման ձևով պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, հիմնավոր չէ և չի բխում ներկայացված նյութերում առկա փաստական տվյալներից:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Ա.Կախյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։

14 Ինչ վերաբերում է 2022 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգումը հետադարձ ուժով կիրառելու հնարավորության հարցի կապակցությամբ բողոքաբերի դիրքորոշմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանափակված լինելով վիճարկվող դատական ակտում քննարկված հարցերի շրջանակով18, չի կարող իր վերստուգիչ լիազորությունն իրացնելիս անդրադառնալ վերաքննիչ բողոքում չբարձրացված19 և Վերաքննիչ դատարանում քննարկման առարկա չդարձած այդ փաստարկին։ Հետևաբար բողոքաբերի հիշյալ փաստարկը տվյալ պարագայում չի կարող բովանդակային քննարկման առարկա դառնալ, այդ թվում՝ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթի շրջանակներում։

15 Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Ա.Կախյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշում կայացնելիս՝ Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն անփոփոխ թողնելիս՝ նաև Վերաքննիչ դատարանը, պատշաճ չեն գնահատել սույն վարույթի փաստական հանգամանքները, արդյունքում թույլ են տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս փոփոխելու կայացված դատական ակտերը, այն է` դատապարտյալ Ա.Կախյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը՝ մերժելու։

Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Դատապարտյալ Արմեն Սերոժի Կախյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 10-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի փետրվարի 9-ի որոշումները փոփոխել ու ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժել։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

___________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 15-16:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 6-11:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 5:

4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 37-42:

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 127-146:

6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գարիկ Դավթյանի գործով 2022 թվականի մարտի 23-ի թիվ ՇԴ/0021/15/20 որոշումը։

7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 72-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

12 Պատժի հետագա կրման նպատակահարմարությունը որոշելու հարցում արարքի բնույթը և հանրային վտանգավորությունը հաշվի առնելու վերաբերյալ մասնրամասն տեʹս, Վճռաբեկ դատարանի` Արմեն Ղազարյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0002/12/16 որոշման 21-րդ կետը։

13 Տե՛ս սույն որոշման 71-րդ կետը:

14 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գարիկ Դավթյանի գործով 2022 թվականի մարտի 23-ի թիվ ՇԴ/0021/15/20 որոշումը։

15 Տե՛ս ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 108-րդ հոդվածի 4-րդ կետը։

16 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Ղազարյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0002/12/16 որոշման 20-րդ կետը։

17 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արթուր Օսիպյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԿԴ/0046/13/16 որոշումը:

18 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ռուբիկ Արշալույսյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԱՐԱԴ/0021/01/08 որոշումը և «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԳԴ3/0001/11/14 որոշումը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասը։

19 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 78-96:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Լ. Թադևոսյան

Դ. խաչատուրյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան