Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.12.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Վ. Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ս. Մարաբյան

ԵԴ/0023/15/20

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`
մասնակցությամբ դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

 

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

     
 

 քարտուղարությամբ`
մասնակցությամբ մեղադրող` 

 ԱՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Վ. ՌՈւՍՏԱՄՅԱՆԻ

22 դեկտեմբերի 2023 թվական

ք. Երևան

դռնփակ դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 5-ի որոշման դեմ մեղադրյալ Ալֆրեդ Դավիթի Ավագյանի պաշտպան Ս.Ջաղինյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի հունվարի 24-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 17157419 քրեական գործը:

2019 թվականի հունվարի 25-ից թիվ 17157419 քրեական գործի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մարտի 5-ի որոշմամբ Ալֆրեդ Դավիթի Ավագյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 137-րդ հոդվածի 1-ին մասով:

2019 թվականի օգոստոսի 14-ի ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության թիվ 301/19 եզրակացությամբ Ալֆրեդ Ավագյանն իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է անմեղսունակ։

2019 թվականի դեկտեմբերի 19-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել ստացիոնար դատահոգեբուժական կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին։

2020 թվականի փետրվարի 6-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն կատարելու նպատակով Ալֆրեդ Ավագյանին ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում տեղավորելու թույլտվություն ստանալու վերաբերյալ։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է։

3. Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ Մ.Արամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի մարտի 5-ի որոշմամբ բողոքը բավարարել է. Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել է, նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարել՝ թույլատրելով Ա.Ավագյանին տեղավորել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նպատակով:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ա.Ավագյանի պաշտպան Ս.Ջաղինյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:

5. Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: 2023 թվականի դեկտեմբերի 18-ին վճռաբեկ բողոքի քննության ընթացակարգը վերանայվել է, և որոշում է կայացվել բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

6. Ներկայացված վճռաբեկ բողոքում պաշտպան Ս.Ջաղինյանը նշել է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական նորմերի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը: Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանի թույլ տված դատական սխալը հանգեցրել է Ա.Ավագյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) երաշխավորված իրավունքների ոտնահարման։ Բողոքաբերը նշել է, որ առանց մեղադրյալի կարծիքը լսելու և անորոշ ժամկետով վերջինիս հոգեբուժական հաստատությունում տեղավորելու իրավաչափության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր:

7. Բողոքաբերը, մասնավորապես, վճռաբեկ բողոքում նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը, քանի որ բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, որոշում է կայացրել Ալֆրեդ Ավագյանին տեղավորել հոգեբուժական հաստատությունում, այն դեպքում, երբ բացակայում է նրա ազատ և հստակ արտահայտած համաձայնությունն իրեն փորձաքննության ենթարկելու վերաբերյալ։ Բացի այդ, բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Ա.Ավագյանին հոգեբուժական հաստատությունում անորոշ ժամկետով տեղավորելու վերաբերյալ՝ հակասելով Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով արտահայտված դիրքորոշումներին։ Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և ստուգման է ենթարկել նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի՝ ստացիոնար դատահոգեբուժական կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին որոշումը։ Միևնույն ժամանակ, բողոքաբերի կարծիքով, Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ա.Ավագյանին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու վերաբերյալ, իրավաչափ չէ, քանի որ որոշումը կայացվել է առանց Ալֆրեդ Ավագյանի՝ նիստերին մասնակցության։

7.1. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020 թվականի մարտի 5-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 7-ի որոշմանը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/1150/02/19 քաղաքացիական գործով 2019 թվականի հունվարի 30-ին որոշում է կայացրել Ալֆրեդ Ավագյանին ենթարկել ոչ հոժարակամ հոսպիտալացման՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում2։

9. 2019 թվականի հունվարի 19-ից մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը Ալֆրեդ Ավագյանը բուժում է ստացել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում՝ «Սուր պոլիմորֆ փսիխոտիկ խանգարում, առանց շիզոֆրենային ախտանիշների» ախտորոշմամբ։ Ըստ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնից ստացված գրության՝ Ա.Ավագյանը կենտրոնում հաշվառված է 2019 թվականի մարտի 11-ից3։

10. Ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի N301/19 եզրակացության համաձայն՝ Ալֆրեդ Ավագյանը «(…) իրեն մեղսագրվող արարքի կատարման պահին չէր կարող իր գործողությունների համար իրեն հաշիվ տալ և ղեկավարել դրանք։ Ուստի, Ալֆրեդ Ավագյանին հարկ է իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչել անմեղսունակ։ Հետազոտվող իրավիճակից հետո Ալֆրեդ Ավագյանը դատարանի որոշմամբ ստացել է ոչ հոժարակամ ստացիոնար բուժում։ Արդյունքում, բժշկական հանձնաժողովի կողմից եզրակացվել է, որ նա դուրս է եկել հոգեկան գործունեության փսիխոտիկ մակարդակի խանգարման վիճակից, դադարել է սոցիալապես վտանգ ներկայացնել իր և շրջապատի համար, ինչը ֆիքսվել է «Ավան» ՀԱԿ-ի թիվ 150 պատմագրում, և Ալֆրեդ Ավագյանը դուրս է գրվել ստացիոնարից։ Ներկայիս հոգեվիճակով ևս նա սոցիալապես վտանգ չի ներկայացնում, ունակ է իր գործողությունների համար իրեն հաշիվ տալ և ղեկավարել դրանք, ուստի անհրաժեշտ է նրա նկատմամբ կիրառել արտահիվանդանոցային հարկադիր հսկողություն և բուժում՝ տարածքային հոգեբույժի հսկողության տակ, որի համար հակացուցումներ չկան։ Ալֆրեդ Ավագյանն իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և այլ դատավարական գործողություններին, կարող է կանգնել քննության և դատարանի առաջ»4։

11. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի փետրվարի 6-ի՝ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն կատարելու նպատակով Ա.Ավագյանին ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում տեղավորելու մասին միջնորդության համաձայն՝ «Նկատի ունենալով, որ 16.12.2019թ. ստացված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը կասկած է հարուցում և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության ստացիոնար հոգեբուժական բաժանմունքի փորձագետներին։ (…) Ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության կասկած հարուցելը պայմանավորված է այն հանգամանքի հետ, որ սույն քրեական գործով մեղադրյալ Ալֆրեդ Ավագյանը նախքան դեպքը երբևէ հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված չի եղել, չի դիմել, այլ դեպքից հետո է դիմել բուժօգնության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում։ Նախաքննության ընթացքում դրսևորել է ադեկվատ վարքագիծ, այդ թվում նաև փորձաքննության կատարման օրը՝ փորձագիտական հանձնաժողովի անդամների հարցերին տալով ադեկվատ պատասխաններ։ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ գործով մեղադրյալներ Ալֆրեդ Ավագյանը և Վաչիկ Սահակյանը պլանավորել և առևանգել են Մանե Խաչիբյանին՝ կտրելով նրան իր միկրոսոցիալական միջավայրից, տեղափոխել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից որոշակի հեռավորության վրա, ամայի վայրում գտնվող մի տուն և վերջինիս պահել այնտեղ, և այդպիսի արարք կատարելու պահին իր գործողությունների համար հաշիվ տալու և դրանք ղեկավարելու անկարողությունն ուղղակի կասկածելի է։ Նման պայմաններում հիմնվել միայն ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության վրա և լուծել քրեական գործի վերջնական ընթացքը, գտնում եմ, որ անթույլատրելի է, ապահովված չէ սույն քրեական գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվություն[ը] (…)։ Տվյալ պարագայում սույն քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ ստացիոնար դատահոգեբուժական կրկնակի փորձաքննության կատարումն ուղղակի անհրաժեշտ է (…)»5:

 

Ստորադաս դատարանների հետևությունները.

12. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ արձանագրել է, որ «(…) ստացիոնար դատահոգեբուժական կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ բացակայում է պատճառաբանությունը, թե ինչու է 16.12.2019թ. ստացված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը կասկած հարուցում։ Կասկած հարուցելու պատճառների մասին նշումներ պարունակում է սույն՝ բժշկական հաստատությունում տեղավորելու թույլտվություն ստանալու միջնորդությունը, ըստ որի նման կասկածը կայանում է նրանում, որ ԱԱվագյանը նախքան դեպքը երբևէ հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված չի եղել, դեպքից հետո դիմել է բուժօգնության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, նախաքննության ընթացքում դրսևորել է ադեկվատ վարքագիծ, փորձագիտական հանձնաժողովի անդամների հարցերին տվել է ադեկվատ պատասխաններ։

(…) [Հ]արկ է փաստել, որ անձի ադեկվատ վարքագիծ դրսևորելը դեռևս բավարար չէ փորձագետի եզրակացությունը՝ դեպքի ժամանակահատվածի վերաբերյալ կասկածի տակ դնելու համար, քանի որ անձը դեպքից հետո բուժում է ստացել, ինչից էլ ողջամտորեն կարելի էր ակնկալել, որ անձը գործի քննության ժամանակ կարող է ադեկվատ վարքագիծ դրսևորել։

Հարկ է նկատել նաև, որ ներկայացված նյութերից որևէ կերպ չի երևում, թե կրկնակի փորձաքննություն կատարելու անհրաժեշտություն լինելու նույնիսկ բավարար հիմքեր լինելու պայմաններում, ինչ պատճառով պետք է այդ փորձաքննությունն իրականացվի ստացիոնար և որոշակի ժամանակով անձը զրկվի ազատությունից, հետևաբար, դատարանը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման (…)»6:

13. Վերաքննիչ դատարանը 2020 թվականի մարտի 5-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Առաջին ատյանի] դատարանը ոչ թե քննության առարկա է դարձրել փորձաքննություն կատարելու նպատակով անձին հոգեբուժական հաստատությունում տեղավորելու հիմքերի և պայմանների առկայության հարցը, այլ քննիչի կայացրած «ստացիոնար դատահոգեբուժական կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին» 16.12.2019թ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, որը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից»7։

13.1. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, որ ներկայացված նյութերից որևէ կերպ չի երևում, թե ինչ պատճառով պետք է փորձաքննությունն իրականացվի ստացիոնար, և որոշակի ժամանակով անձը զրկվի ազատությունից՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «(…) ինքնին այն փաստը, որ արդեն իսկ նշանակված է եղել ամբուլատոր փորձաքննություն և հենց դրա արդյունքում ստացված եզրակացությունն է կասկածի տակ դրվել քննիչի կողմից, երբ որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին, բավարար է փաստելու, որ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր չեն։

Բացի այդ, դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ստացիոնար փորձաքննության ընթացքում փորձագետներին հնարավորություն է ընձեռվում առավել խորազնին հետազոտել փորձաքննվողին, շուրջօրյա, ինչպես նաև նրա վերաբերյալ կազմակերպել անհրաժեշտ լաբորատոր և հնարավոր է նաև գործիքային հետազոտություններ։ (…) [Թ]եև [ՀՀ քրեական օ]րենսգրքում հստակ թվարկված չեն փորձաքննություն կատարելու նպատակով անձին հոգեբուժական հաստատությունում տեղավորելու հիմքերն ու պայմանները, սակայն նկատի ունենալով, որ գործ ունենք անձի ազատությունը սահմանափակելու հետ, ուստի դատարանները պետք է վերաբերելի մասով կիրառեն որպես խափանման միջոց կալանավորման կիրառման հարցը քննարկելիս հիմք ընդունվող հանգամանքները: Դրանք են, մասնավորապես՝ հիմնավոր կասկածի առկայությունը, փորձաքննվողի դատավարական կարգավիճակը հաստատող որոշման կամ այլ դատավարական փաստաթղթի առկայությունը, հարուցված քրեական գործի առկայությունը, քննիչի միջնորդությունը և փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, այն հիմնարկը, որին հանձնարարվում է կատարել փորձաքննությունը, անձին հոգեբուժական հաստատությունում տեղավորելու անհրաժեշտության հիմնավորումը փորձաքննության կատարման նպատակով և այլն։ (…)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնավոր են քննիչի այն պատճառաբանությունները, որ մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցագործության հանգամանքները, մասնավորապես` նրա դրսևորած վարքագիծը դեպքի պահին և դրանից հետո նախաքննության փուլում և փորձաքննություն կատարելիս, ողջամիտ կասկածներ են առաջացնում, որ ամբուլատոր փորձաքննության եզրակացությունը կասկածելի է, քանի որ իրականում, արժանահավատ չէ այն պնդումը, որ երբևէ հոգեկան հիվանդությամբ չտառապած անձը, որը պլանավորել է կատարել ամուսնության նպատակով առևանգում (ենթադրյալ հանցագործություն), որից հետո ներգրավել է այլ անձի և տևական ժամանակով իրականացրել այն, գտնվել է անմեղսունակության վիճակում հենց ենթադրյալ հանցանքը կատարելու պահին, իսկ դրանից հետո՝ գործի նախաքննության փուլում առողջացել է, դեռ ավելին այլևս վտանգ չի ներկայացնում, թե իր, թե հասարակության համար: Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանի մոտ ևս հավատ չի ներշնչում ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության թիվ 301/19 եզրակացության հետևությունն առ այն, որ Ալֆրեդ Ավագյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս նույնպես չի տառապում, սակայն անմեղսունակության վիճակի հասցնող հիվանդությամբ է տառապել զուտ ենթադրյալ հանցանքը կատարելու պահին և առողջացել է։ [Հ]ոգեբուժական հաստատությունում տեղավորելով փորձաքննության անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ ամբուլատոր փորձաքննությունը չի ենթադրում խոր և ամբողջական հետազոտություն, ի տարբերություն ստացիոնար փորձաքննության, որի դեպքում փորձաքննվողը ամբողջ փորձաքննության ընթացքում մշտապես, շուրջօրյա գտնվելու է հոգեբույժների հսկողության տակ, որը բնականաբար առավել խոր և հանգամանալից հետազոտության իրականացման անհրաժեշտ պայմաններից է։

Բացի այդ, ինքնին այն փաստը, որ ԱԱվագյանը մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ, իսկ ամբուլատոր փորձաքննության եզրակացությունը հիմք ընդունելու դեպքում սույն քրեական գործի վարույթը կարճվելու է և քրեական հետապնդումը դադարեցվելու, ընդ որում՝ անգամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ չի կիրառվելու, քանի որ այդ եզրակացությամբ նշված է, որ նա վտանգ չի ներկայացնում ինչպես իր, այնպես էլ հասարակության համար, ուստի քննիչի կողմից նոր ապացույց ձեռք բերելուն ուղղված ջանքերը հիմնավորված են և բխում են [ՀՀ քրեական օ]րենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից։ Վերաքննիչ դատարանը նաև փաստում է, որ օրենքում սահմանված չէ, թե ինչքան ժամանակով պետք է անձը տեղավորվի համապատասխան հոգեբուժական հաստատությունում, ինչը կարող է վտանգել անձի ազատության իրավունքը, ուստի գտնում է, որ անձին պետք է տեղավորել հոգեբուժական հաստատությունում այնքան ժամանակով, որն անհրաժեշտ է զուտ փորձաքննության կատարման համար»8:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. կրկնակի փորձաքննություն կատարելու համար Ալֆրեդ Ավագյանին ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նպատակով բժշկական հաստատությունում տեղավորելու թույլտվություն ստանալու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելու մասին որոշում կայացնելու արդյունքում Վերաքննիչ դատարանի կողմից արդյո՞ք ապահովվել են անձի ազատության իրավունքի պաշտպանության անհրաժեշտ իրավական երաշխիքները։

15. ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:

2. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով (…)»: 

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(…)

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

(…)

5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է (…)»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 251-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը համաձայն չեն փորձագետի եզրակացության հետ` վերջինիս ոչ բավարար չափով պարզ կամ լրիվ լինելու պատճառաբանությամբ, կարող են նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով նույն կամ մեկ ուրիշ փորձագետի:

2. Կրկնակի փորձաքննությունը կատարվում է, երբ փորձագետի եզրակացությունը հիմնավորված չէ կամ կասկած է հարուցում, կամ ապացույցները, որոնց վրա հիմնված է եզրակացությունը, ճանաչվել է ոչ հավաստի կամ խախտվել են փորձաքննության կատարման դատավարական կանոնները (…)»

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն՝ «Միայն դատարանի որոշման հիման վրա են կիրառվում քրեադատավարական հարկադրանքի հետևյալ միջոցները` (…) կասկածյալներին, մեղադրյալներին և այն անձանց, որոնց հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրանց ներգրավել որպես մեղադրյալ, բժշկական հաստատությունում տեղավորումը` դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար»։

16. Սույն գործի փաստական հանգամանքներից երևում է, որ նախաքննության մարմինը, 2019 թվականի դեկտեմբերի 19-ին որոշում է կայացրել Ա.Ավագյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին, որի հիման վրա 2020 թվականի փետրվարի 6-ին ներկայացրել է միջնորդություն՝ Ա.Ավագյանին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու թույլտվություն ստանալու համար։ Ներկայացված միջնորդության մեջ նախաքննության մարմինը ներկայացրել է հիմնավորումներ առ այն, որ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը կասկած է հարուցել9, որոնք և հիմք են հանդիսացել կրկնակի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար։ Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախաքննության մարմինը ներկայացրել է բավարար հիմնավորումներ՝ ստացիոնար փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության վերաբերյալ, իսկ նշված հիմնավորումները Վերաքննիչ դատարանը ենթարկել է պատշաճ ստուգման և իրավացիորեն հանգել հետևության, որ քննիչի միջնորդության մեջ ներկայացված՝ Ա.Ավագյանին վերագրվող ենթադրյալ հանցագործության հանգամանքները, ինչպես նաև վերջինիս վերաբերյալ առկա տվյալները ողջամիտ կասկած են հարուցում ամբուլատոր փորձաքննության եզրակացության վերաբերյալ։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում բողոքաբերի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, և արձանագրում է, որ ստորադաս դատարանը ստուգման ենթարկելով նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի՝ ստացիոնար դատահոգեբուժական կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, պատշաճ վերլուծության է ենթարկել նախաքննության մարմնի հիմնավորումները։

17. Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Ալֆրեդ Ավագյանին բժշկական հաստատությունում տեղավորելու ժամկետների կապակցությամբ բողոքաբերի կողմից բարձրացված փաստարկին։ Այդ համատեքստում, նախևառաջ, հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անձի «վտանգավորության» հիմքով անժամկետ, առանց ազատազրկման օրինականության պարբերական դատական ստուգման անձին անազատության մեջ պահելն անհամատեղելի է համարում Եվրոպական կոնվենցիայի պահանջների հետ10:

Անվտանգության միջոցի կիրառման շրջանակներում անձին բժշկական հաստատությունում տեղավորելիս ժամկետային սահմանափակման անհրաժեշտության խնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արթուր Մնացականյանի գործով 2022 թվականի մարտի 29-ի որոշման մեջ՝ ընդգծելով բժշկական հաստատությունում անձին տեղավորելու ժամկետների սահմանման, ինչպես նաև անձի ազատության սահմանափակման անհրաժեշտության պարբերական վերանայման կարևորությունը։ Մասնավորապես, վկայակոչված որոշմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «ազատությունից զրկելու հետ կապված բժշկական հսկողություն անվտանգության միջոցի կիրառման ընթացակարգի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) պետք է կիրառելի լինեն կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման կանոնները։ Այլ կերպ, այն պետք է ենթակա լինի պարբերական վերանայման և սահմանափակված լինի երկամսյա ժամկետով»11։ Անձի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված բժշկական հսկողություն անվտանգության միջոցի կիրառման համատեքստում, նշված խնդրին անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և նշել, որ օրենսդրական կարգավորման նման թերությունները հանգեցնում են այս անվտանգության միջոցի հիման վրա անձանց երկար ժամանակ հոգեբուժական կազմակերպությունում պահելուն12:

Զարգացնելով Արթուր Մնացականյանի որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համապատասխան ընթացակարգ պետք է գործի նաև փորձաքննության ենթարկելու նպատակով անձին բժշկական հաստատությունում տեղավորելիս, որպեսզի բացառվեն ազատության իրավունքի սահմանափակման չարաշահումները։ Ազատության իրավունքի արդյունավետ երաշխավորման տեսանկյունից` անձի՝ փորձաքննության ենթարկվելու պարտականության ապահովումը չպետք է խաթարի ազատության իրավունքի էությունը, ուստի փորձաքննության ենթարկելու նպատակով անձին բժշկական հաստատությունում տեղավորելը ևս պետք է սահմանափակված լինի որոշակի ժամկետով։ Ժամկետային սահմանափակման օրենսդրական կարգավորումների բացակայության պայմաններում անձանց երկար ժամանակ հոգեբուժական կազմակերպությունում պահելը կարող է հանգեցնել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների խախտման:

18. Ստորադաս դատարանի որոշման կայացման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, սահմանելով, որ դատահոգեբուժական փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում անձի տեղավորումը կարող էր կիրառվել միայն դատարանի որոշման հիման վրա, միևնույն ժամանակ չէր պարունակում որևէ դրույթ՝ բժշկական հաստատությունում անձին տեղավորելու ժամկետների վերաբերյալ։ Այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից երևում է, որ Ալֆրեդ Ավագյանին բժշկական հաստատությունում տեղավորելու ժամկետները Վերաքննիչ դատարանը սահմանափակել է փորձաքննության ավարտով, իրավացիորեն նշելով, որ օրենքում համապատասխան հոգեբուժական հաստատությունում անձին տեղավորելու հստակ ժամկետների վերաբերյալ կարգավորումների բացակայությունը կարող է վտանգել անձի ազատության իրավունքը13։ Այսինքն, Ալֆրեդ Ավագյանին փորձաքննության ենթարկելու համար բժշկական հաստատությունում տեղավորելը սահմանափակված է եղել որոշակի ժամանակահատվածով, որպիսի մոտեցումը բխում է Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած նախադեպային դիրքորոշումներից։

19. Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ հետագայում կատարված օրենսդրական փոփոխություններով սահմանվել են անձին բժշկական հաստատությունում տեղավորելու հստակ ժամկետներ։ Մասնավորապես, «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում 2020 թվականի հունիսի 18-ին լրացված 25-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Հիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է մինչև 45-օրյա ժամկետում, իսկ արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է 25-օրյա ժամկետում (…)»։

Ավելին, փորձաքննության նպատակով անձին բժշկական հաստատությունում տեղավորելու կարգը և ժամկետները հստակեցվել են նաև 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներով։ Մասնավորապես, նշված օրենսգրքի 137-րդ հոդվածով սահմանվել է, որ «1. Հոգեկան առողջության խնդիր ունենալու հիմնավոր ենթադրության առկայության դեպքում մեղադրյալը դատարանի որոշմամբ մինչև մեկ ամիս ժամկետով կարող է տեղավորվել բժշկական հաստատությունում՝ դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար, եթե նա խուսափում է փորձաքննության ենթարկվելուց կամ վտանգ է ներկայացնում հանրության կամ իր համար:

2. Փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել է հարկադրանքի այդ միջոցի կիրառման անհրաժեշտությունը: Դատական վարույթում բավարար է դատարանի կողմից հարկադրանքի այս միջոցի կիրառման անհրաժեշտության պատճառաբանված հաստատումը։

3. Փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելու հարկադրանքի միջոցի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման համար սույն օրենսգրքով սահմանված կանոնները»։

20. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ ստորադաս դատարանը որոշում է կայացրել Ա.Ավագյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին՝ առանց վերջինիս համաձայնության, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ «4. Մեղադրյալը պարտավոր է` (…)

4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման և փորձաքննության (…)»։

Մեջբերված օրենսդրական դրույթից բխում է, որ օրենսդիրը հստակ ամրագրել է քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով փորձաքննության ենթարկվելու՝ մեղադրյալի պարտականությունը, և սահմանել դրա ապահովմանն ուղղված հարկադրական կառուցակարգ, որն ինքնին խնդրահարույց չէ։ Իսկ բողոքաբերի կողմից վկայակոչված սահմանադրական այն նորմը, որ ոչ ոք չի կարող առանց իր համաձայնության ենթարկվել բժշկական կամ այլ փորձերի՝ քննարկվող՝ անձանց դատահոգեբուժական փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելու դեպքերին վերաբերելի չէ, և բողոքաբերի պնդումը՝ ստորադաս դատարանի կողմից նշված հոդվածի պահանջների խախտման վերաբերյալ, հիմնավոր չէ։

21. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող Ալֆրեդ Ավագյանին բժշկական հաստատությունում տեղավորելու մասին որոշում կայացնել առանց վերջինին տեսնելու, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ալֆրեդ Ավագյանը գտնվել է ազատության մեջ, դատական նիստի տեղի և ժամի մասին պատշաճ ծանուցված են եղել ինչպես նրա պաշտպանը, ով նաև մասնակցել է դատական նիստին, այնպես էլ Ա.Ավագյանը, սակայն նրա ծանուցման հասցեով ուղարկված դատական նիստի ծանուցագիրը վերադարձվել է՝ «չպահանջված» նշումով։

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 7-ի թիվ ԵԴ/0023/15/20 որոշումը բեկանելով և թույլատրելով Ալֆրեդ Ավագյանին տեղավորել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ ստացիոնար դատահոգեբուժական կրկնակի փորձաքննության ենթարկելու նպատակով, Վերաքննիչ դատարանը գործով կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ և թույլ չի տվել դատական սխալ, այդ թվում նաև՝ նյութական կամ քրեադատավարական օրենքի այնպիսի խախտում, որը կարող էր խաթարել արդարադատության բուն էությունը։ 

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կրկնակի փորձաքննություն կատարելու համար Ալֆրեդ Ավագյանին ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նպատակով բժշկական հաստատությունում տեղավորելու թույլտվություն ստանալու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելու մասին որոշում կայացնելու արդյունքում Վերաքննիչ դատարանի կողմից ապահովվել են անձի ազատության իրավունքի պաշտպանության անհրաժեշտ իրավական երաշխիքները։ Հետևաբար, վճռաբեկ բողոքը պետք է մերժել՝ Վերաքննիչ դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, 1998 թվականի հուլիսի  1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Ալֆրեդ Դավիթի Ավագյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մարտի 5-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

______________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի` սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս թիվ ԵԴ/0023/15/20 դատական գործը, հատոր 1, թերթ 40:

3 Տե՛ս թիվ ԵԴ/0023/15/20 դատական գործը, հատոր 1, թերթ 37:

4 Տե՛ս թիվ ԵԴ/0023/15/20 դատական գործը, հատոր 1, թերթ 4:

5 Տե՛ս թիվ ԵԴ/0023/15/20 դատական գործը, հատոր 1, թերթ 5:

6 Տե՛ս թիվ ԵԴ/0023/15/20 դատական գործը, հատոր 1, թերթ 58:

7 Տե՛ս թիվ ԵԴ/0023/15/20 դատական գործը, հատոր 2, թերթ 26:

8 Տե՛ս թիվ ԵԴ/0023/15/20 դատական գործը, հատոր 2, թերթեր 26-28:

9 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` M. v. Germany գործով 2009 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 19359/04, Storck v. Germany գործով 2005 թվականի հունիսի 16-ի վճիռը, գանգատ թիվ 61603/00, O.H. v. Germany գործով 2011 թվականի նոյեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 4646/08, Kronfeldner v. Germany գործով 2012 թվականի հունվարի 19-ի վճիռը, գանգատ թիվ 21906/09։

11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Մնացականյանի գործով 2022 թվականի մարտի 29-ի թիվ ԱՐԱԴ1/0001/14/18 ԱՐԱԴ1/0001/15/18 որոշման 35-րդ կետը։

12 Տե՛ս Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` հոգեկան կազմակերպություններում հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ 2018 թվականի արտահերթ զեկույցը, էջ 28, ինչպես նաև 2022 թվականի արտահերթ զեկույցը, էջ 26։

13 Տե'ս սույն որոշման 13.1. կետը։

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. Ասատրյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան