Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.06.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/2187/02/18

2024 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/2187/02/18

Նախագահող դատավոր`

 Ն. Կարապետյան

Դատավորներ`

 Կ. Չիլինգարյան

 Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2024 թվականի հունիսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հարություն, Ռուզաննա, Մարինե և Զարինե Ղուկասյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2023 թվականի որոշման դեմ` ըստ Հարություն, Ռուզաննա, Մարինե ու Զարինե Ղուկասյանների (այսուհետ՝ Համահայցվորներ) հայցի ընդդեմ Այվազ և Դուխիկ Ղուկասյանների, Արարատի մարզի Շահումյանի գյուղապետի (այսուհետ նաև՝ Համապատասխանողներ), երրորդ անձինք Կադաստրի պետական կոմիտեի ու «Արտաշատ» նոտարական տարածքի նոտար Ռ. Հարությունյանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու, քաղվածքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքն Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակելի տան, տնամերձ հողի և օժանդակ շինությունների նկատմամբ, անվավեր ճանաչել Շահումյան գյուղի ղեկավարի կողմից 1999 թվականին տրված թիվ 139 քաղվածքն ու որպես հետևանքներ` մասնակիորեն անվավեր ճանաչել անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, «Արտաշատ» նոտարական տարածքի նոտար Ռ. Հարությունյանի կողմից 24.11.2015 թվականին կազմված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը:

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 05.09.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթն ըստ Համահայցվորների հայցի ընդդեմ Համապատասխանողների, երրորդ անձինք Կադաստրի պետական կոմիտեի ու «Արտաշատ» նոտարական տարածքի նոտար Ռ. Հարությունյանի՝ բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, համայնքի ղեկավարի թիվ 139 քաղվածքն անվավեր ճանաչելու և որպես հետևանք պետական գրանցումներն անվավեր ճանաչելու ու նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.02.2023 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.09.2022 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համահայցվորները (ներկայացուցիչ Հայկազ Գալստյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ և 81-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, նույն կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ, 163-րդ ու 273-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 109-րդ և 110-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ ու 439-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն քաղաքացիական գործը քննվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքով (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) սահմանված կարգով։

Նախկին օրենսգիրքը դատարան դիմելու չարաշահում չի գնահատել և հայցվոր կողմին իրավունք է վերապահել նույն հարցով նույն անձի դեմ դատարան դիմելու բացառապես այն դեպքում, երբ հայցից հրաժարվելը տեղի է ունեցել դատաքննության նախապատրաստական փուլում, ինչը տվյալ դեպքում սույն գործով իրենց մոտ պահպանվել է։ Տվյալ իրավիճակում իրենք ի վիճակի չեն եղել կանխատեսելու իրենց վարքագծի հետևանքները, քանի որ Նախկին օրենսգրքի դատավարական կանոնները որոշակիորեն հնարավորություն են տվել դատաքննության նախապատրաստական փուլում հայցից հրաժարվելու դեպքում չզրկվել նույնական գործի քննության իրավունքից։

Նախկին օրենսգրքի կանոնակարգումների շրջանակներում հայցից դատաքննության նախապատրաստական փուլում հրաժարվելը հայցվորին իրավունք է վերապահել կրկին դիմելու դատարան և հետևաբար նոր՝ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնակարգումներն ու մասնավորապես այս օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը չէր կարող հիմք հանդիսանալ գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու համար, քանզի առկա չի եղել վեճն ըստ էության լուծող ուժի մեջ մտած դատական ակտ։

Վերաքննիչ դատարանն առհասարակ քննարկման առարկա չի դարձրել բողոքի այն փաստարկը, որ քաղվածքն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով՝ դրանով իսկ թույլ տալով պատճառաբանված դատական ակտ կայացնելու կանոնի խախտում։

Իրենց հիմնական պահանջը եղել է սեփականության իրավունքի ճանաչումը, որին զուգահեռ նաև ներկայացվել է սխալ տրված քաղվածքի անվավերության պահանջ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ նույնական չեն սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասով հայցի առարկաները։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «վերացնել» Վերաքննիչ դատարանի 28.02.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Համահայցվորները հայց են ներկայացրել Դատարան ընդդեմ Այվազ և Դուխիկ Ղուկասյանների, Արարատի մարզի Շահումյանի գյուղապետի, երրորդ անձինք Կադաստրի պետական կոմիտեի ու «Արտաշատ» նոտարական տարածքի նոտար Ռ. Հարությունյանի՝ պահանջելով ճանաչել իրենց սեփականության իրավունքն Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակելի տան, տնամերձ հողի և օժանդակ շինությունների նկատմամբ ու որպես հետևանքներ` մասնակիորեն անվավեր ճանաչել անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, «Արտաշատ» նոտարական տարածքի նոտար Ռ. Հարությունյանի կողմից 24.11.2015 թվականին կազմված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը։

Դատարանի 05112018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 2-րդ, գթ 1-13)

2) Համահայցվորները ներկայացրել են «Հայցադիմումի լրացում» վերնագիրը կրող գրավոր փաստաթուղթ, որով, ըստ էության, միջնորդել են թույլատրել հայցի առարկայի և հիմքի փոփոխություն՝ Համապատասխանողներին ուղղված նյութաիրավական պահանջը լրացնել «Շահումյան գյուղի ղեկավարի կողմից 1999 թվականին տրված թիվ 139 քաղվածքն անվավեր ճանաչելու մասին» պահանջով, որը թույլատրվել է (հատոր 3-րդ, գթ 55, 56).

3) Դատարանի 05.09.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը՝ բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք՝ պետական գրանցումներն անվավեր ճանաչելու ու նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասով, կարճվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, իսկ Շահումյան գյուղի ղեկավարի կողմից 1999 թվականին տրված թիվ 139 քաղվածքն անվավեր ճանաչելու պահանջի մասով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հատոր 5-րդ, գթ 127-133)

4) Վերաքննիչ դատարանի 28.02.2023 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.09.2022 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 6-րդ, գթ 67-70)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ՝

1 ստորադաս դատարանում գործի վարույթը կարճելու հիմք առկա լինելու պատճառաբանությամբ դատական ակտի անվերապահ բեկանմանը՝ անկախ այդ հիմքի մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից

2 գործով մի քանի հայցապահանջ ներկայացված լինելու պայմաններում դրանցից հիմնական պահանջը որոշելու առանձնահատկություններին՝ միաժամանակ վկայակոչելով «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկնաբանության և վարչական դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումները։

 

1 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

Նույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի (...) 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և այն բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ և հեղինակավոր ու պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք:

Գործի քննության ժամանակ կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի դատավարական իրավունքի նորմի խախտումներ։ Ընդ որում, նման խախտումները հնարավոր է լինեն ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի ոչ իրավաչափ վարքագծի հետևանք, որոնք գործի ելքի վրա ունենում են տարբեր ազդեցություն: Օրենսդիրը, ՀՀ վճռաբեկ դատարանի համար սահմանելով պարտականություն բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, միևնույն ժամանակ ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը։ Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ: Ընդ որում, այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձևական (տե՛ս ըստ «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումի թիվ ԱՐԱԴ/0006/16/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդպիսի խախտում կարող է լինել նաև այն դեպքը, երբ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք։ Նշված դեպքն օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք՝ անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից։

Այսինքն, եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը` ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, ապա անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ։

 

2 Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում:

Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նաև դատավարական նորմերով սահմանված այն դատարանի և այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանն այն օրենքով վերապահված է: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը:

Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության միջոցի արդյունավետության հարցին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տե՛ս Սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշումը):

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`

1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.

2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.

3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (այսուհետ՝ սահմանադրական դատարան) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։

Այսինքն՝ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանելով վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր շրջանակը, և նույն օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական դատարանին ընդդատյա գործերի շրջանակից բացառելով այն գործերը, որոնք ընդդատյա են այլ դատարանների, հստակ տարանջատել է այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկնաբանությանը և, վերլուծելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, արձանագրել է, որ վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առնչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմանն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հանրային իրավահարաբերություններն այն հարաբերություններն են, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերություններում (տե՛ս Գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների հիման վրա նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարևոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ և հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտմանը (տե՛ս Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերտ Հակոբյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի՝ վարչական դատարան դիմելու իրավունքին և հանրային իրավահարաբերությունների հասկացությանն ու արձանագրել է, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները և ազատությունները, կամ երբ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, կամ երբ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից անձի իրավունքների և ազատությունների խախտման փաստը միայն դեռևս բավարար չէ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետևանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային իրավահարաբերությունից: Արձանագրել է նաև, որ հանրային իրավահարաբերություններն այն իրավահարաբերություններն են, որոնք ծագում են պետական մարմինների իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում: Այսինքն` այդպիսի իրավահարաբերությունները և դրանց արդյունքները պետք է ունենան հանրային` համընդհանուր բնույթ, ի տարբերություն մասնավոր` կոնկրետ անձին վերաբերող, իրավահարաբերության: Նշել է նաև, որ միմյանց հետ կապված մի քանի պահանջներով դատարան դիմելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս դատարանը պետք է պարզի հիմնական պահանջի բնույթը (տե´ս Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով նախկին դիրքորոշումները, մեկ այլ որոշմամբ հավելել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,

3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը՝ հաշվի առնելով նաև այն կարևոր հանգամանքը, որ հանրային հարաբերություններից բխող բոլոր վեճերը չեն, որ վերապահված են վարչական դատարանի քննությանը, քանի որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը (տե՛ս Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, երրորդ անձ Հռիփսիմե Իշիկյանի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավահարաբերության բնույթը պարզելու համար հարկավոր է այն դիտարկել շահերի տեսության, ենթակարգության տեսության և հատուկ իրավունքի տեսության համատեքստում։

Ըստ շահերի տեսության` հանրային իրավունքը մասնավորից տարբերվում է այն շահի տեսակով, որոնք պաշտպանվում են առանձին իրավանորմով։ Այն իրավանորմերը, որոնք ծառայում են հանրային կամ ընդհանուր շահին, պատկանում են հանրային իրավունքին։ Մինչդեռ, մասնավոր իրավանորմերը ծառայում են մասնավոր կամ անհատական շահերին։

Ենթակարգության տեսությունը ելնում է մասնակիցների հարաբերությունների բնույթից և կիրառվում է միայն այն դեպքում, երբ հարաբերության մասնակիցներն են մի կողմից պետությունը, իսկ մյուս կողմից քաղաքացին։ Ըստ այս տեսության՝ այն իրավանորմերը, որոնք կարգավորում են հանրային իշխանությունը կրողների գործողությունները, համարվում են հանրային-իրավական, երբ դրանք վերաբերում են վերադասության-ենթակայության հարաբերությանը։ Եթե մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն, ապա իրավահարաբերությունը հանրային է, իսկ եթե իրավունքի երկու սուբյեկտները միմյանց առջև հանդես են գալիս իրավահավասար կերպով, ապա առկա են մասնավոր-իրավական հարաբերություններ։

Հատուկ իրավունքի տեսությունն իր հերթին նույնպես կոչված է պարզելու վեճի հանրային-իրավական բնույթը։ Այն ելնում է վեճը լուծող իրավանորմերի իրավական բնույթից։ Ըստ այս տեսության՝ եթե վեճը լուծվում է հանրային-իրավական նորմերի միջոցով, ապա առկա է հանրային-իրավական վեճ, իսկ եթե վեճը լուծում են մասնավոր-իրավական նորմերը, ապա կունենանք մասնավոր-իրավական վեճ։

Վերոնշյալ տեսությունների հիմքում դրված չափանիշներից ելնելով՝ անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցերին.

- որ նորմերն են լուծում վեճը,

- արդյո՞ք դրանք հանրային-իրավական նորմեր են (ինչ շահերի պաշտպանությանն են ուղղված այդ նորմերը),

- արդյո՞ք իրավահարաբերության մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն (տե՛ս Լուսինե Սահակյանն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի թիվ ԵԴ/38635/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2022 թվականի որոշումը)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է առաջին ատյանի դատարանին, իսկ մյուսը` վարչական դատարանին, քննում է այն դատարանը, որին ենթակա է հիմնական պահանջը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական է այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը։

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ գործով միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջների առկայության դեպքում, որոնցից մեկը ենթակա է քննության առաջին ատյանի դատարանում, իսկ մյուսը` վարչական դատարանում, ապա այդ գործը քննում է այն դատարանը, որին ենթակա է հիմնական պահանջը։ Ընդ որում, հիմնական է այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է հիմնական պահանջից ածանցվող մնացյալ պահանջների լուծումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մի քանի փոխկապակցված հայցապահանջների հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության որոշման խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու և ավելի հայցապահանջ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա գործը պետք է քննվի այն դատարանում, որին ընդդատյա է ներկայացված հիմնական պահանջը (տե՛ս Ռուբեն Միրաքյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի և մյուսների թիվ ՎԴ/0476/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ բացահայտելով հիմնական պահանջի հասկացությունը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միմյանց հետ փոխկապակցված մի քանի հայցապահանջներից հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է մյուս պահանջների լուծումը (տե՛ս Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Համահայցվորները հայց են ներկայացրել Դատարան ընդդեմ Այվազ և Դուխիկ Ղուկասյանների, Արարատի մարզի Շահումյանի գյուղապետի, երրորդ անձինք Կադաստրի պետական կոմիտեի ու «Արտաշատ» նոտարական տարածքի նոտար Ռ. Հարությունյանի՝ պահանջելով ճանաչել իրենց սեփականության իրավունքն Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակելի տան, տնամերձ հողի և օժանդակ շինությունների նկատմամբ ու որպես հետևանքներ` մասնակիորեն անվավեր ճանաչել անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, «Արտաշատ» նոտարական տարածքի նոտար Ռ. Հարությունյանի կողմից 24.11.2015 թվականին կազմված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը։

Դատարանի 05112018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։

Այնուհետև Համահայցվորները ներկայացրել են «Հայցադիմումի լրացում» վերնագիրը կրող գրավոր փաստաթուղթ, որով, ըստ էության, միջնորդել են թույլատրել հայցի առարկայի և հիմքի փոփոխություն՝ Համապատասխանողներին ուղղված նյութաիրավական պահանջը լրացնել «Շահումյան գյուղի ղեկավարի կողմից 1999 թվականին տրված թիվ 139 քաղվածքն անվավեր ճանաչելու մասին» պահանջով, որը Դատարանը թույլատրել է։

Դատարանի 05.09.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը՝ բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք՝ պետական գրանցումներն անվավեր ճանաչելու ու նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասով, կարճվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, իսկ Շահումյան գյուղի ղեկավարի կողմից 1999 թվականին տրված թիվ 139 քաղվածքն անվավեր ճանաչելու պահանջի մասով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։ Այսինքն՝ սույն քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարճվել է բացառապես Շահումյան գյուղի ղեկավարի կողմից 1999 թվականին տրված թիվ 139 քաղվածքն անվավեր ճանաչելու պահանջի մասով։

Վերաքննիչ դատարանի 28.02.2023 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.09.2022 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը մյուս՝ բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք՝ պետական գրանցումներն անվավեր ճանաչելու ու նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասով ևս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու հիմք, հետևյալ պատճառաբանությամբ։

Սույն գործի փաստերի համաձայն` Համահայցվորների կողմից ներկայացվել են միմյանց հետ փոխկապակցված հետևյալ պահանջները.

1) ճանաչել իրենց սեփականության իրավունքն Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակելի տան, տնամերձ հողի և օժանդակ շինությունների նկատմամբ,

2) անվավեր ճանաչել Շահումյան գյուղի ղեկավարի կողմից 1999 թվականին տրված թիվ 139 քաղվածքը,

3) որպես հետևանքներ` մասնակիորեն անվավեր ճանաչել անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, «Արտաշատ» նոտարական տարածքի նոտար Ռ. Հարությունյանի կողմից 24.11.2015 թվականին կազմված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը:

Հիմք ընդունելով հայցի փաստական և իրավական հիմքերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հիմնական է Շահումյան գյուղի ղեկավարի կողմից 1999 թվականին տրված թիվ 139 քաղվածքն անվավեր ճանաչելու մասին պահանջը, իսկ մյուս պահանջներն ածանցյալ են, քանի որ հենց այդ պահանջի բավարարումը կամ մերժումն է կանխորոշում մյուս պահանջների լուծումը, այսինքն՝ վերջիններս ածանցվում են հիմնական՝ Շահումյան գյուղի ղեկավարի կողմից 1999 թվականին տրված թիվ 139 քաղվածքն անվավեր ճանաչելու մասին պահանջից:

Սույն գործի ընդդատության հարցը լուծելու համար անհրաժեշտ է պարզել վերը նշված հիմնական պահանջի ընդդատությունը:

Համահայցվորների կողմից ներկայացված՝ վերը նշված փոխկապակցված հայցապահանջները թեև առանձին-առանձին վերցված ունեն տարբեր առարկայական ընդդատություն, մինչդեռ հիմնական՝ Շահումյան գյուղի ղեկավարի կողմից 1999 թվականին տրված թիվ 139 քաղվածքն անվավեր ճանաչելու մասին պահանջը, վկայակոչված իրավական նորմերի և դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն, բխում է հանրային իրավահարաբերություններից ծագած վեճից, այդ վարչական ակտի վիճարկման հիմքում Համահայցվորները դրել են համայնքի ղեկավարի գործողության ոչ իրավաչափ լինելը, մասնավորապես՝ որ նշված քաղվածքը պարունակել է ոչ իրավաչափ տեղեկություններ, ու այն ներկայացվելով Կադաստրի կոմիտեի Արարատի մարզային ստորաբաժանում՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում կատարելու համար, հիմք է հանդիսացել իրավունքի համապատասխան պետական գրանցում կատարելու համար։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը նաև մյուս պահանջների մասով վերը նշված պատճառաբանությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճելու հիմք, որպիսի հանգամանքից ելնելով՝ Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի ըստ էության քննությունն այդ մասով իրավաչափ համարվել չի կարող՝ նկատի ունենալով, որ հայցի առարկայի ու հիմքի լրացում կատարելու արդյունքում սույն գործն այլևս ենթակա չի եղել քննության քաղաքացիական դատավարության կարգով։

Հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է Վերաքննիչ դատարանի դատական ակտի անվերապահ բեկանման հիմք՝ անկախ վճռաբեկ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, որը տվյալ դեպքում պայմանավորված է նրանով, որ վերը նշված պահանջների մասով ևս ստորադաս դատարանում առկա է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու հիմք:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի, նույն հոդվածի 3-րդ մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործի վարույթը կարճելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը դատավարական իրավունքի նորմերի վերը նշված խախտման պայմաններում հնարավոր չի համարում վճռաբեկ բողոքի հիմքերին անդրադառնալը։

 

5 Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Մինչև 30102021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` գործը կարճելու (․․․) մասին դատարանի որոշումը բեկանելու (․․․) վերաբերյալ հայցերով։

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ գործի վարույթը Դատարանի կողմից կարճվել է և դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվել է հայցվորի վրա, իսկ մինչև 30102021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի բովանդակությունից բխում է, որ ֆիզիկական անձինք ազատվում են գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրքից, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։

Միաժամանակ նկատի ունենալով նաև այն, որ այլ դատական ծախսերի պահանջ չի ներկայացվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ, 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2023 թվականի որոշումը մասնակիորեն՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2022 թվականի որոշումը՝ բնակելի տան ու տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք պետական գրանցումները և նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասով, քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով, անփոփոխ թողնելու մասով, բեկանել ու այդ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով մնացած մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2023 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։

3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան