Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.03.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2023

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0092/02/19

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0092/02/19

Նախագահող դատավոր` 

 Կ Չիլինգարյան

Դատավորներ`

 Ա Պետրոսյան

 Լ․ Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող
զեկուցող

Գ. Հակոբյան
Ա. Բարսեղյան
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

ԱՄկրտչյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2023 թվականի մարտի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով Լևոն Մեծիկյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լևոն Մեծիկյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ընդդեմ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձ` Լևոն Մեծիկյանի` պարտավորությունների մարման նպատակով ստացված գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին փոխանցել պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է պարտավորեցնել Բանկին պարտավորությունների մարման նպատակով ստացված գումարը փոխանցել սնանկության հատուկ հաշվեհամարին։

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 10.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Դատարանի 07.04.2020 թվականի լրացուցիչ վճռով Կառավարչի միջնորդությունը բավարարվել է՝ վճռվել է Բանկից հօգուտ Կառավարչի բռնագանձել 300000 ՀՀ դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.09.2020 թվականի որոշմամբ Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 10.03.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հենրիկ Մարտիկյանը (ներկայացուցիչ` Յուրի Դոլուխանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, 379-րդ հոդվածի 5-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանություններում դրել է այնպիսի հիմնավորումներ, որոնք չեն վկայակոչվել առաջին ատյանի դատարանում։ Ավելին, Բանկը, պատշաճ կարգով ծանուցված լինելով դատական նիստերի մասին, չի ներկայացել, ինչպես նաև չի ներկայացրել հայցադիմումի պատասխան կամ որևէ դիրքորոշում։ Վերաքննիչ դատարանը որպես Բանկի դիրքորոշում հիմք է ընդունել հայցվորի կողմից ներկայացված ապացույցը, այն է՝ ի պատասխան հայցվորի արտադատական կարգով ներկայացրած պահանջին ուղղված Բանկի 2019 թվականի հունիս ամսվա գրությունը, որի պայմաններում այն չի կարող գնահատվել որպես հայցադիմումին ուղղված առարկություն։ Վերաքննիչ դատարանը գնահատել է անթույլատրելի և սույն դատական գործին ոչ վերաբերելի ապացույց։

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.09.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.03.2020 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի և Լևոն Մեծիկյանի միջև 26.08.2011 թվականին կնքվել է թիվ V11-019574 վարկային պայմանագիրը, որի ուժով Բանկը պարտավորվել է պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել 6.000.000 ՀՀ դրամ վարկ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչև 20.08.2015 թվականը վերադարձնել ստացված վարկը և տարեկան 10 տոկոս վճարել դրանից։ Նշված վարկային պայմանագրով ծագած պարտավորությունների կատարումն ապահովվել է գրավով, այն է Բանկի՝ որպես գրավառու, Լևոն Մեծիկյանի՝ որպես վարկառու-գրավատու և Զենֆերա Կարապետյանի՝ որպես գրավատու, միջև 26.08.2011 թվականին կնքվել է անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, որով գրավատուները գրավ են դրել ՀՀ Արմավիրի մարզի, Նոր Արմավիր գյուղի թիվ 30 փողոցի 7-րդ հասցեում գտնվող 124,3 քմ մակերեսով բնակելի տունը, 480 քմ մակերեսով կիսակառույց ջերմատունը, 18,5 քմ մակերեսով թոնրատունը, 13,1 քմ մակերեսով անասնաշենքը, 20,1 քմ բաց պատշգամբը և 0,383 հա մակերեսով տնամերձ հողամասը։ 26.08.2011 թվականին կնքված անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագրի 3.1. կետի համաձայն՝ գրավատուները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար, թեկուզև դրանք տեղի են ունեցել իրենց կամքից անկախ պատճառներով։

Վարկառու Լևոն Մեծիկյանը 26.08.2011 թվականի վարկային պայմանագրի հիման վրա ստանալով 6.000.000 ՀՀ դրամ գումարը, պատշաճ ձևով պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ չի կատարել, ինչի հետևանքով պայմանագրի վերը նշված կետերի կիրառմամբ հաշվեգրվել և ձևավորվել են ժամկետանց պարտավորություններ, ուստի Բանկը դիմել է դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով։

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.06.2014 թվականի թիվ ԱՐԴ/0239/02/14 վճռով Բանկի հայցը բավարարվել է, վճիռն ստացել է օրինական ուժ։

Այսպիսով Լևոն Մեծիկյանը խախտել է իր վարկային պարտավորությունները, ինչի արդյունքում Բանկը դիմել է դատարան՝ Լևոն Մեծիկյանին սնանկ ճանաչելու պահանջով (հատոր 1-ին, գ.թ. 47-51):

2) Հայցվորը սույն քաղաքացիական գործով ներկայացրած հայցադիմումով պատճառաբանել է, որ թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով ըստ Բանկի դիմումի՝ Լևոն Մեծիկյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.10.2016 թվականի վճռով սնանկ ճանաչվելուց և նույն դատարանի 06.03.2017 թվականի որոշմամբ տվյալ սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատվելուց հետո այդ ցուցակում 3.657.568,7 ՀՀ դրամի չափով ընդգրկված իր պահանջից պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու հիմքով 18.03.2019 թվականին թիվ 586-32 գրությամբ հրաժարված Բանկը չի կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ իրեն վճարված գումարը սնանկության գործով բացված հատուկ հաշվին փոխանցելու վերաբերյալ իր 22.04.2019 թվականի գրությամբ ներկայացված պահանջը, խնդրել է պարտավորեցնել Բանկին կատարելու իր պահանջը` վերը նշված սնանկության գործով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված հատուկ հաշվին փոխանցել պարտապանի պարտավորությունների մարման նպատակով ստացած գումարը (հատոր 1-ին, գ.թ. 5-8):

3) Թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով Բանկը 18.03.2019 թվականի թիվ 586-32 գրությամբ հայտնել է, որ պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու հիմքով հրաժարվում է սնանկության գործով Լևոն Մեծիկյանի նկատմամբ պահանջից (հատոր 1-ին, գ.թ. 53):

4) Սույն գործում առկա է Բանկի՝ Կառավարչի 22.04.2019 թվականի գրությանն ուղղված 26.06.2019 թվականի թիվ 4158-02 պատասխան գրությունը, որով հայտնվել է, որ Բանկը մերժում է սնանկության հատուկ հաշվին փոխանցել գումարը (հատոր 1-ին, գ.թ. 44):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման խնդրին՝ վերահաստատելով նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները։

 

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը` արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, (...):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, եթե ապահովված պարտատերն ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում, ապա նա իր ապահովված պահանջների բավարարումը ստանում է նույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը (տե՛ս, օրինակ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի թիվ 3-1717(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով, սնանկության նպատակներով պայմանավորված՝ պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ՝ սկսած պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից: Մասնավորապես՝ արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և 2-րդ մասի 2-րդ կետեր), պարտապանի գույքը տնօրինելը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ), պարտատիրոջն արգելվում է մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ) և այլն: Նշված սահմանափակումներն ինքնանպատակ չեն, այլ ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գույքի ամբողջականության ապահովմանը՝ նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների՝ օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը միաժամանակ ուղղված է նաև պարտապանի շահերի բավարարմանը՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է դատարանի հսկողությամբ, մասնավորապես՝ միջանկյալ բաշխման ծրագրին կամ ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան: Այսպես, օրինակ, ֆինանսական առողջացման ծրագրով սահմանվում է պարտատերերի պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումներ կատարելու կարգը, ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող է իրականացվել պարտապանի ամբողջ գույքի կամ դրա մի մասի վաճառք կամ պարտապանի գույքը պարտատերերին հաշվանցով փոխանցում և այլն: Այսինքն՝ ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է այնպես, որ հնարավոր լինի ֆինանսապես առողջացնել սնանկ ճանաչված պարտապանին: Հետևաբար պարտատերերի պահանջների բավարարման սառեցման նպատակը մի կողմից բոլոր պարտատերերի շահերի ապահովումն է, որպեսզի որևէ պարտատեր օրենքով սահմանված առաջնահերթության խախտմամբ բավարարում չստանա, մյուս կողմից պարտապանի շահերի ապահովումն է՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգի հստակ պահպանմամբ՝ նպատակ ունենալով հնարավորինս ապահովելու նաև պարտապանի գործունեությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու պահից պարտապանի պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալու արգելքը վերաբերում է ոչ միայն ուղղակիորեն սնանկ ճանաչված պարտապանի կողմից, այլ նաև վերջինիս պարտապան հանդիսացող անձանց կողմից, ի կատարումն սնանկ ճանաչված պարտապանի հանդեպ ունեցած պարտավորության, սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալուն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունները կենտրոնանում են սնանկության վարույթում: Այդ իսկ նկատառումով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում 17.06.2016 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում: Նույն տրամաբանությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում: Բացի այդ, նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի կողմից սնանկությունը ճանաչելու դիմումին կից ներկայացվում է նաև վերջինիս պարտատերերի և պարտապանների ցուցակը: Սնանկության վարույթում սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունների կենտրոնացմամբ հնարավորություն է ստեղծվում ապահովելու վերջինիս ակտիվների հավաքագրումը և դրանց հիման վրա բոլոր պարտատերերի շահերի ապահովումը՝ օրենքով սահմանված առաջնահերթությամբ վերջիններիս պահանջների բավարարմամբ: Հետևաբար, եթե սնանկ ճանաչված պարտապանն ունի իր օգտին կատարման ենթակա պարտավորություններ, այսինքն՝ տվյալ պարտավորություններով պարտատեր է, ապա պարտավորությունների կատարումը հնարավոր է միայն սնանկության վարույթի շրջանակներում, այլ կերպ ասած՝ պարտավորության կատարման արդյունքը պետք է կենտրոնանա սնանկության վարույթում, որպեսզի հետագայում բաշխվի պարտատերերի միջև: Նույն տրամաբանությամբ սնանկ ճանաչված պարտապանի պարտապաններն իրենց պարտավորությունները չեն կարող կատարել հօգուտ սնանկ ճանաչված պարտապանի պարտատերերի՝ շրջանցելով սնանկության վարույթը: Այլ կերպ ասած՝ չի թույլատրվում սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջն անմիջականորեն բավարարում տալը սնանկ ճանաչված պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող պարտապանի կողմից:

Այնուհետև ՀՀ վճռաբեկ դատարանը եկել է այն եզրահանգման, որ պարտատերերի պահանջների բավարարման սառեցման (մորատորիումի) ընթացքում պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալու արգելքը վերաբերում է նաև պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող այլ անձանց՝ սնանկ ճանաչված պարտապանի պարտապան հանդիսացող անձանց կողմից սնանկության վարույթը շրջանցելով սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալուն (տե՛ս, օրինակ, «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2017 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի և Լևոն Մեծիկյանի միջև 26.08.2011 թվականին կնքվել է թիվ V11-019574 վարկային պայմանագիրը։ Նշված վարկային պայմանագրով ծագած պարտավորությունների կատարումն ապահովվել է գրավով։ Բանկը որպես գրավառու, Լևոն Մեծիկյանը որպես վարկառու-գրավատու և Զենֆերա Կարապետյանը որպես գրավատու 26.08.2011 թվականին կնքել են անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր։

Թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով ըստ Բանկի դիմումի՝ Լևոն Մեծիկյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.10.2016 թվականի վճռով Լևոն Մեծիկյանը սնանկ է ճանաչվել։ Նույն դատարանի 06.03.2017 թվականի որոշմամբ սնանկության գործով հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը և այդ ցուցակում 3.657.568,7 ՀՀ դրամի չափով ընդգրկվել է Բանկի պահանջը։ Հետագայում Բանկը 18.03.2019 թվականի թիվ 586-32 գրությամբ պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու հիմքով հրաժարվել է պահանջից։

Սույն քաղաքացիական գործով Կառավարիչը պահանջել է, որ Բանկը կատարի իր պահանջը` վերը նշված սնանկության գործով սնանկության հատուկ հաշվին փոխանցի պարտապանի պարտավորությունների մարման նպատակով ստացած գումարը։

Սույն գործում առկա՝ Բանկի 26.06.2019 թվականի թիվ 4158-02 գրությամբ հայտնվել է, որ Բանկը մերժում է սնանկության հատուկ հաշվին փոխանցել վերոնշյալ գումարը, որի հիմքով Բանկը հրաժարվել է իր պահանջից։

Դատարանը, բավարարելով Կառավարչի հայցը, արձանագրել է, որ պարտապանի հանդեպ Բանկի ունեցած պահանջը բավարարվել է սնանկության վարույթը շրջանցելով, այսինքն՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ, հետևաբար գտել է, որ անկախ այն հանգամանքից, թե որ սուբյեկտի կողմից է կատարվել պարտատիրոջ պահանջի բավարարումը՝ պարտապան, գրավատու, երաշխավոր, թե այլ անձ, պարտատիրոջ պահանջի բավարարումը սնանկության վարույթից դուրս չի կարող իրավաչափ համարվել։

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Բանկի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով պարտապան Լևոն Մեծիկյանի հանդեպ Բանկի ունեցած դրամական պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտմամբ բավարարված լինելու փաստ վկայակոչած և պարտավորության մարված գումարի` այդ փաստի հիմքով սնանկության հատուկ հաշվին փոխանցում ակնկալող Կառավարիչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի և ապացուցման պարտականությունը բաշխելու մասին Դատարանի 03.12.2019 թվականի որոշման հիման վրա կրել է այդ փաստն ապացուցելու պարտականությունը, բայց այն չի կատարել։ Նրա կողմից Դատարան է ներկայացվել ընդամենը երեք փաստաթուղթ, որոնցից երկուսը` իր պահանջը 3.657.568,7 դրամի չափ գրանցելու մասին Բանկի դիմումի լուսապատճենը և թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով պահանջների վերջական ցուցակը հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.03.2017 թվականի որոշման բնօրինակը, ծառայել են մեկ այլ` բողոք բերած Բանկի կողմից բողոքում չվիճարկված փաստի (Բանկի կողմից սնանկության վարույթում 3.657.568,7 ՀՀ դրամի չափ պահանջ ներկայացված լինելու փաստի), հաստատմանը, իսկ երրորդը` պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու հիմքով պահանջից հրաժարվելու մասին Բանկի 18.03.2019 թվականի թիվ 586-32 գրության լուսապատճենը, չի պարունակում տեղեկություններ այն մասին, թե ում կողմից, երբ և ինչ եղանակով է կատարվել պարտավորությունը։ Այդ տեղեկությունների բացակայությունը բացառում է պարտավորության մարումը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտմամբ կատարված լինելու փաստը հաստատված համարելու իրավաչափ հնարավորությունը, մինչդեռ Դատարանը տվյալ փաստը հաստատված է համարել ու հայցը բավարարել է։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորը պետք է ապացուցեր, որ Բանկի պահանջը բավարարվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո, առանց դատարանի որոշման և պարտապանի, ինչպես նաև պետք է ապացուցեր, որ պարտավորությունը մարվել է պարտապանի հետ պարտավորական իրավահարաբերությունների մեջ գտնվող անձի (պարտապանի համար պարտապան հանդիսացող անձի) կողմից, մինչդեռ Բանկի 18.03.2019 թվականի թիվ 586-32 գրությունը թվարկված հանգամանքներից որևէ մեկին վերաբերելի տեղեկություններ չի պարունակում, հետևաբար այդ փաստը որպես վիճելի փաստ մնացած լինելու պարագայում դրա բացասական հետևանքները պետք է կրեր հենց հայցվորը, ինչն անտեսվել է Դատարանի կողմից, ուստի վճիռը պետք է բեկանել և փոփոխել՝ հայցը մերժել։

Վճռաբեկ դատարանն անդրադառնալով վերաքննիչ դատարանի արտահայտած դիրքորոշումների հիմնավորվածությանը` արձանագրում է, որ այն անհիմն է չի բխում սույն գործի փաստերից հետևյալ պատճառաբանությամբ

Վերաքննիչ դատարանն արձանագրել է որ սույն գործով հայցվորը չի ապացուցել, որ Բանկի պահանջը բավարարվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո, առանց դատարանի որոշման, մինչդեռ սույն գործում առկա են ապացույցներն այն մասին, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով 10.10.2016 թվականի վճռով Լևոն Մեծիկյանը սնանկ է ճանաչվել, որից հետո նույն դատարանի 06.03.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը և այդ ցուցակում 3.657.568,7 ՀՀ դրամի չափով ընդգրկվել է Բանկի պահանջը։ Իսկ Բանկը միայն 18.03.2019 թվականի թիվ 586-32 գրությամբ է հրաժարվել այդ նույն պահանջից պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու հիմքով։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ Բանկի պահանջը բավարարվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, առանց դատարանի համապատասխան որոշման, ուստիև Վերաքննիչ դատարանի վերագրյալ եզրահանգումն իրավաչափ չէ։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի մյուս եզրահանգմանը, որ հայցվորի կողմից այդպես էլ չի ապացուցվել գործով պարտապան Լևոն Մեծիկյանի հանդեպ Բանկի ունեցած դրամական պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտմամբ բավարարված լինելու փաստը, քանի որ գործով չի բացահայտվել, թե ում կողմից է կատարվել պարտավորության մարումը, որի ապացուցման բեռը Դատարանի որոշմամբ դրված է եղել հայցվորի վրա, հետևաբար դրա վիճելի լինելու բացասական հետևանքը պետք է կրի հայցվորը, նույնպես անհիմն է՝ հետևյալ պատճառաբանությամբ

սույն գործով Բանկի որպես պարտատիրոջ իրավունքն ապահովված է եղել գրավով, այն է՝ Բանկը որպես գրավառու, Լևոն Մեծիկյանը որպես վարկառու-գրավատու և Զենֆերա Կարապետյանը որպես գրավատու, 26.08.2011 թվականին կնքել են անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, որով գրավատուները գրավ են դրել անշարժ գույքեր։ Այսինքն՝ եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ Բանկի նկատմամբ պարտավորության մարումը կատարվել է գրավատուի կողմից, ապա այդ անձն իրավունք կունենար դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով վճարման ենթակա գումարը։ Նշված իրավակարգավորումը բխում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջից։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու ապահովված իրավունքի առարկան` փոխհատուցելով այդ ապահովված իրավունքի առարկայի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գնի երեք տոկոսի, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում ապահովված իրավունքի առարկայի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և իրացման համար հաշվարկված ծախսերը.

 2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

Վճռաբեկ դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 43-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ հոդվածների վերլուծության արդյունքում արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը։ Պարտատիրոջ այն պահանջը, որն ապահովված է երրորդ անձի գույքով, ում օրենսդրի կողմից հնարավորություն է ընձեռված դադարեցնելու իր գույքով ապահովված պահանջը՝ սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ պարտավորվում է փոխանցել օրենքով սահմանված համապատասխան գումարը։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի հիմնական նպատակը սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունների կենտրոնացումն է սնանկության վարույթում՝ բացառության օրենքով նախատեսված դեպքերի։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքը բացառություն է նախատեսել միայն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի այն պարտավորությունների կատարման համար՝ եթե ի ապահովումն պարտավորության առկա է երաշխիքի կամ երաշխավորության պայմանագիր։

Այսպես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի համաձայն՝ մորատորիումի գործողությունը չի տարածվում ի ապահովումն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի պարտավորությունների կատարման՝ երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա: Ընդ որում, պարտապանի սնանկության գործընթացը չի ազդում ի ապահովումն պարտապանի պարտավորությունների կատարման երաշխիք կամ երաշխավորություն տված անձի՝ երաշխիքով կամ երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա:

«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը երաշխավորությամբ ապահովված պահանջը դիտարկել է որպես ապահովված պահանջ: Նկատի ունենալով, որ օրենսդիրն ապահովված պահանջների համար նախատեսել է հատուկ կարգավորում, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ըստ վերոնշյալ կարգավորման՝ մասնավորապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ երաշխավորությամբ ապահովված պարտատերը կարող է երաշխավորությամբ ապահովված իր պահանջն ուղղակիորեն ներկայացնել երաշխավորին սնանկության վարույթից առանձին, իսկ նման պահանջ չներկայացնելու կամ պահանջը լրիվ չբավարարվելու դեպքում այդ պահանջը ներկայացնել սնանկության վարույթում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործով առկա չէ պարտատիրոջ և պարտապանի միջև կնքված երաշխիքի կամ երաշխավորության պայմանագիր, ուստի Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ հայցվորի կողմից չի ապացուցվել, թե որ սուբյեկտի կողմից է կատարվել պարտավորության մարումը, սույն գործի շրջանակներում էական նշանակություն ունենալ չի կարող ունենալ, քանի որ պարտատիրոջ պահանջի կատարումը ամեն դեպքում պետք է կատարվեր սնանկության վարույթում՝ ստացված գումարը հատուկ սնանկության հաշվին փոխանցելու եղանակով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) գործողության ժամանակ ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է համանման ու հավասարազոր իրավական կարգավորումներ, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի նկատմամբ:

Վերաքննիչ դատարանն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում եզրահանգել է, որ պարտատերը չի խախտել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջը՝ բեկանել և փոփոխել է Դատարանի 10.03.2020 թվականի վճիռը և հայցը մերժել է։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա.1» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վերոնշյալ իրավակարգավորումներից ելնելով՝ սույն գործով բողոք բերած անձը վճռաբեկ բողոք ներկայացնելիս ազատված է եղել վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված պետական տուրքի գումարը վճարելու պարտականությունից:

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարը վճարելու պարտականությունը պետք է կրի պատասխանող կողմը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 10.03.2020 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Զեկուցող

Գ. Հակոբյան
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՍնԴ/0092/02/19 քաղաքացիական գործով 02․03․2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

02․03․2023 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի մարտի 02-ին գրավոր ընթացակարգով քննելով Լևոն Մեծիկյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09092020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Լևոն Մեծիկյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ընդդեմ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձ Լևոն Մեծիկյանի` պարտավորությունների մարման նպատակով ստացված գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին փոխանցել պարտավորեցնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է Վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 10.03.2020 թվականի վճռին՝ որոշման մեջ նշված պատճառաբանություններով:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

 «Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է պարտավորեցնել Բանկին պարտավորությունների մարման նպատակով ստացված գումարը փոխանցել սնանկության հատուկ հաշվեհամարին։

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 10.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Դատարանի 07.04.2020 թվականի լրացուցիչ վճռով Կառավարչի միջնորդությունը բավարարվել է՝ վճռվել է Բանկից հօգուտ Կառավարչի բռնագանձել 300000 ՀՀ դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.09.2020 թվականի որոշմամբ Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 10.03.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հենրիկ Մարտիկյանը (ներկայացուցիչ` Յուրի Դոլուխանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, 379-րդ հոդվածի 5-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանություններում դրել է այնպիսի հիմնավորումներ, որոնք չեն վկայակոչվել առաջին ատյանի դատարանում։ Ավելին, Բանկը, պատշաճ կարգով ծանուցված լինելով դատական նիստերի մասին, չի ներկայացել, ինչպես նաև չի ներկայացրել հայցադիմումի պատասխան կամ որևէ դիրքորոշում։ Վերաքննիչ դատարանը որպես Բանկի դիրքորոշում հիմք է ընդունել հայցվորի կողմից ներկայացված ապացույցը, այն է՝ ի պատասխան հայցվորի արտադատական կարգով ներկայացրած պահանջին ուղղված Բանկի 2019 թվականի հունիս ամսվա գրությունը, որի պայմաններում այն չի կարող գնահատվել որպես հայցադիմումին ուղղված առարկություն։ Վերաքննիչ դատարանը գնահատել է անթույլատրելի և սույն դատական գործին ոչ վերաբերելի ապացույց։

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.09.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.03.2020 թվականի վճռին»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի և Լևոն Մեծիկյանի միջև 26.08.2011 թվականին կնքվել է թիվ V11-019574 վարկային պայմանագիրը, որի ուժով Բանկը պարտավորվել է պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել 6.000.000 ՀՀ դրամ վարկ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչև 20.08.2015 թվականը վերադարձնել ստացված վարկը և տարեկան 10 տոկոս վճարել դրանից։ Նշված վարկային պայմանագրով ծագած պարտավորությունների կատարումն ապահովվել է գրավով, այն է Բանկի՝ որպես գրավառու, Լևոն Մեծիկյանի՝ որպես վարկառու-գրավատու և Զենֆերա Կարապետյանի՝ որպես գրավատու, միջև 26.08.2011 թվականին կնքվել է անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, որով գրավատուները գրավ են դրել ՀՀ Արմավիրի մարզի, Նոր Արմավիր գյուղի թիվ 30 փողոցի 7-րդ հասցեում գտնվող 124,3 քմ մակերեսով բնակելի տունը, 480 քմ մակերեսով կիսակառույց ջերմատունը, 18,5 քմ մակերեսով թոնրատունը, 13,1 քմ մակերեսով անասնաշենքը, 20,1 քմ բաց պատշգամբը և 0,383 հա մակերեսով տնամերձ հողամասը։ 26.08.2011 թվականին կնքված անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագրի 3.1. կետի համաձայն՝ գրավատուները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար, թեկուզև դրանք տեղի են ունեցել իրենց կամքից անկախ պատճառներով։

Վարկառու Լևոն Մեծիկյանը 26.08.2011 թվականի վարկային պայմանագրի հիման վրա ստանալով 6.000.000 ՀՀ դրամ գումարը, պատշաճ ձևով պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ չի կատարել, ինչի հետևանքով պայմանագրի վերը նշված կետերի կիրառմամբ հաշվեգրվել և ձևավորվել են ժամկետանց պարտավորություններ, ուստի Բանկը դիմել է դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով։

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.06.2014 թվականի թիվ ԱՐԴ/0239/02/14 վճռով Բանկի հայցը բավարարվել է, վճիռն ստացել է օրինական ուժ։

Այսպիսով Լևոն Մեծիկյանը խախտել է իր վարկային պարտավորությունները, ինչի արդյունքում Բանկը դիմել է դատարան՝ Լևոն Մեծիկյանին սնանկ ճանաչելու պահանջով (հատոր 1-ին, գ.թ. 47-51):

2) Հայցվորը սույն քաղաքացիական գործով ներկայացրած հայցադիմումով պատճառաբանել է, որ թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով ըստ Բանկի դիմումի՝ Լևոն Մեծիկյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.10.2016 թվականի վճռով սնանկ ճանաչվելուց և նույն դատարանի 06.03.2017 թվականի որոշմամբ տվյալ սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատվելուց հետո այդ ցուցակում 3.657.568,7 ՀՀ դրամի չափով ընդգրկված իր պահանջից պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու հիմքով 18.03.2019 թվականին թիվ 586-32 գրությամբ հրաժարված Բանկը չի կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ իրեն վճարված գումարը սնանկության գործով բացված հատուկ հաշվին փոխանցելու վերաբերյալ իր 22.04.2019 թվականի գրությամբ ներկայացված պահանջը, խնդրել է պարտավորեցնել Բանկին կատարելու իր պահանջը` վերը նշված սնանկության գործով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված հատուկ հաշվին փոխանցել պարտապանի պարտավորությունների մարման նպատակով ստացած գումարը (հատոր 1-ին, գ.թ. 5-8):

3) Թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով Բանկը 18.03.2019 թվականի թիվ 586-32 գրությամբ հայտնել է, որ պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու հիմքով հրաժարվում է սնանկության գործով Լևոն Մեծիկյանի նկատմամբ պահանջից (հատոր 1-ին, գ.թ. 53):

4) Սույն գործում առկա է Բանկի՝ Կառավարչի 22.04.2019 թվականի գրությանն ուղղված 26.06.2019 թվականի թիվ 4158-02 պատասխան գրությունը, որով հայտնվել է, որ Բանկը մերժում է սնանկության հատուկ հաշվին փոխանցել գումարը (հատոր 1-ին, գ.թ. 44)»

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման խնդրին՝ վերահաստատելով նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը` արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, (...):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, եթե ապահովված պարտատերն ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում, ապա նա իր ապահովված պահանջների բավարարումը ստանում է նույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը (տե՛ս, օրինակ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի թիվ 3-1717(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով, սնանկության նպատակներով պայմանավորված՝ պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ՝ սկսած պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից: Մասնավորապես՝ արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և 2-րդ մասի 2-րդ կետեր), պարտապանի գույքը տնօրինելը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ), պարտատիրոջն արգելվում է մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ) և այլն: Նշված սահմանափակումներն ինքնանպատակ չեն, այլ ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գույքի ամբողջականության ապահովմանը՝ նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների՝ օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը միաժամանակ ուղղված է նաև պարտապանի շահերի բավարարմանը՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է դատարանի հսկողությամբ, մասնավորապես՝ միջանկյալ բաշխման ծրագրին կամ ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան: Այսպես, օրինակ, ֆինանսական առողջացման ծրագրով սահմանվում է պարտատերերի պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումներ կատարելու կարգը, ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող է իրականացվել պարտապանի ամբողջ գույքի կամ դրա մի մասի վաճառք կամ պարտապանի գույքը պարտատերերին հաշվանցով փոխանցում և այլն: Այսինքն՝ ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է այնպես, որ հնարավոր լինի ֆինանսապես առողջացնել սնանկ ճանաչված պարտապանին: Հետևաբար պարտատերերի պահանջների բավարարման սառեցման նպատակը մի կողմից բոլոր պարտատերերի շահերի ապահովումն է, որպեսզի որևէ պարտատեր օրենքով սահմանված առաջնահերթության խախտմամբ բավարարում չստանա, մյուս կողմից պարտապանի շահերի ապահովումն է՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգի հստակ պահպանմամբ՝ նպատակ ունենալով հնարավորինս ապահովելու նաև պարտապանի գործունեությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու պահից պարտապանի պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալու արգելքը վերաբերում է ոչ միայն ուղղակիորեն սնանկ ճանաչված պարտապանի կողմից, այլ նաև վերջինիս պարտապան հանդիսացող անձանց կողմից, ի կատարումն սնանկ ճանաչված պարտապանի հանդեպ ունեցած պարտավորության, սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալուն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունները կենտրոնանում են սնանկության վարույթում: Այդ իսկ նկատառումով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում 17.06.2016 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում: Նույն տրամաբանությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում: Բացի այդ, նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի կողմից սնանկությունը ճանաչելու դիմումին կից ներկայացվում է նաև վերջինիս պարտատերերի և պարտապանների ցուցակը: Սնանկության վարույթում սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունների կենտրոնացմամբ հնարավորություն է ստեղծվում ապահովելու վերջինիս ակտիվների հավաքագրումը և դրանց հիման վրա բոլոր պարտատերերի շահերի ապահովումը՝ օրենքով սահմանված առաջնահերթությամբ վերջիններիս պահանջների բավարարմամբ: Հետևաբար, եթե սնանկ ճանաչված պարտապանն ունի իր օգտին կատարման ենթակա պարտավորություններ, այսինքն՝ տվյալ պարտավորություններով պարտատեր է, ապա պարտավորությունների կատարումը հնարավոր է միայն սնանկության վարույթի շրջանակներում, այլ կերպ ասած՝ պարտավորության կատարման արդյունքը պետք է կենտրոնանա սնանկության վարույթում, որպեսզի հետագայում բաշխվի պարտատերերի միջև: Նույն տրամաբանությամբ սնանկ ճանաչված պարտապանի պարտապաններն իրենց պարտավորությունները չեն կարող կատարել հօգուտ սնանկ ճանաչված պարտապանի պարտատերերի՝ շրջանցելով սնանկության վարույթը: Այլ կերպ ասած՝ չի թույլատրվում սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջն անմիջականորեն բավարարում տալը սնանկ ճանաչված պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող պարտապանի կողմից:

Այնուհետև ՀՀ վճռաբեկ դատարանը եկել է այն եզրահանգման, որ պարտատերերի պահանջների բավարարման սառեցման (մորատորիումի) ընթացքում պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալու արգելքը վերաբերում է նաև պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող այլ անձանց՝ սնանկ ճանաչված պարտապանի պարտապան հանդիսացող անձանց կողմից սնանկության վարույթը շրջանցելով սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալուն (տե՛ս, օրինակ, «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2017 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի և Լևոն Մեծիկյանի միջև 26.08.2011 թվականին կնքվել է թիվ V11-019574 վարկային պայմանագիրը։ Նշված վարկային պայմանագրով ծագած պարտավորությունների կատարումն ապահովվել է գրավով։ Բանկը որպես գրավառու, Լևոն Մեծիկյանը որպես վարկառու-գրավատու և Զենֆերա Կարապետյանը որպես գրավատու 26.08.2011 թվականին կնքել են անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր։

Թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով ըստ Բանկի դիմումի՝ Լևոն Մեծիկյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.10.2016 թվականի վճռով Լևոն Մեծիկյանը սնանկ է ճանաչվել։ Նույն դատարանի 06.03.2017 թվականի որոշմամբ սնանկության գործով հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը և այդ ցուցակում 3.657.568,7 ՀՀ դրամի չափով ընդգրկվել է Բանկի պահանջը։ Հետագայում Բանկը 18.03.2019 թվականի թիվ 586-32 գրությամբ պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու հիմքով հրաժարվել է պահանջից։

Սույն քաղաքացիական գործով Կառավարիչը պահանջել է, որ Բանկը կատարի իր պահանջը` վերը նշված սնանկության գործով սնանկության հատուկ հաշվին փոխանցի պարտապանի պարտավորությունների մարման նպատակով ստացած գումարը։

Սույն գործում առկա՝ Բանկի 26.06.2019 թվականի թիվ 4158-02 գրությամբ հայտնվել է, որ Բանկը մերժում է սնանկության հատուկ հաշվին փոխանցել վերոնշյալ գումարը, որի հիմքով Բանկը հրաժարվել է իր պահանջից։

Դատարանը, բավարարելով Կառավարչի հայցը, արձանագրել է, որ պարտապանի հանդեպ Բանկի ունեցած պահանջը բավարարվել է սնանկության վարույթը շրջանցելով, այսինքն՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ, հետևաբար գտել է, որ անկախ այն հանգամանքից, թե որ սուբյեկտի կողմից է կատարվել պարտատիրոջ պահանջի բավարարումը՝ պարտապան, գրավատու, երաշխավոր, թե այլ անձ, պարտատիրոջ պահանջի բավարարումը սնանկության վարույթից դուրս չի կարող իրավաչափ համարվել։

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Բանկի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով պարտապան Լևոն Մեծիկյանի հանդեպ Բանկի ունեցած դրամական պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտմամբ բավարարված լինելու փաստ վկայակոչած և պարտավորության մարված գումարի` այդ փաստի հիմքով սնանկության հատուկ հաշվին փոխանցում ակնկալող Կառավարիչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի և ապացուցման պարտականությունը բաշխելու մասին Դատարանի 03.12.2019 թվականի որոշման հիման վրա կրել է այդ փաստն ապացուցելու պարտականությունը, բայց այն չի կատարել։ Նրա կողմից Դատարան է ներկայացվել ընդամենը երեք փաստաթուղթ, որոնցից երկուսը` իր պահանջը 3.657.568,7 դրամի չափ գրանցելու մասին Բանկի դիմումի լուսապատճենը և թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով պահանջների վերջական ցուցակը հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.03.2017 թվականի որոշման բնօրինակը, ծառայել են մեկ այլ` բողոք բերած Բանկի կողմից բողոքում չվիճարկված փաստի (Բանկի կողմից սնանկության վարույթում 3.657.568,7 ՀՀ դրամի չափ պահանջ ներկայացված լինելու փաստի), հաստատմանը, իսկ երրորդը` պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու հիմքով պահանջից հրաժարվելու մասին Բանկի 18.03.2019 թվականի թիվ 586-32 գրության լուսապատճենը, չի պարունակում տեղեկություններ այն մասին, թե ում կողմից, երբ և ինչ եղանակով է կատարվել պարտավորությունը։ Այդ տեղեկությունների բացակայությունը բացառում է պարտավորության մարումը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտմամբ կատարված լինելու փաստը հաստատված համարելու իրավաչափ հնարավորությունը, մինչդեռ Դատարանը տվյալ փաստը հաստատված է համարել ու հայցը բավարարել է։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորը պետք է ապացուցեր, որ Բանկի պահանջը բավարարվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո, առանց դատարանի որոշման և պարտապանի, ինչպես նաև պետք է ապացուցեր, որ պարտավորությունը մարվել է պարտապանի հետ պարտավորական իրավահարաբերությունների մեջ գտնվող անձի (պարտապանի համար պարտապան հանդիսացող անձի) կողմից, մինչդեռ Բանկի 18.03.2019 թվականի թիվ 586-32 գրությունը թվարկված հանգամանքներից որևէ մեկին վերաբերելի տեղեկություններ չի պարունակում, հետևաբար այդ փաստը որպես վիճելի փաստ մնացած լինելու պարագայում դրա բացասական հետևանքները պետք է կրեր հենց հայցվորը, ինչն անտեսվել է Դատարանի կողմից, ուստի վճիռը պետք է բեկանել և փոփոխել՝ հայցը մերժել։

Վճռաբեկ դատարանն անդրադառնալով վերաքննիչ դատարանի արտահայտած դիրքորոշումների հիմնավորվածությանը` արձանագրում է, որ այն անհիմն է չի բխում սույն գործի փաստերից հետևյալ պատճառաբանությամբ

Վերաքննիչ դատարանն արձանագրել է որ սույն գործով հայցվորը չի ապացուցել, որ Բանկի պահանջը բավարարվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո, առանց դատարանի որոշման, մինչդեռ սույն գործում առկա են ապացույցներն այն մասին, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով 10.10.2016 թվականի վճռով Լևոն Մեծիկյանը սնանկ է ճանաչվել, որից հետո նույն դատարանի 06.03.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը և այդ ցուցակում 3.657.568,7 ՀՀ դրամի չափով ընդգրկվել է Բանկի պահանջը։ Իսկ Բանկը միայն 18.03.2019 թվականի թիվ 586-32 գրությամբ է հրաժարվել այդ նույն պահանջից պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու հիմքով։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ Բանկի պահանջը բավարարվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, առանց դատարանի համապատասխան որոշման, ուստիև Վերաքննիչ դատարանի վերագրյալ եզրահանգումն իրավաչափ չէ։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի մյուս եզրահանգմանը, որ հայցվորի կողմից այդպես էլ չի ապացուցվել գործով պարտապան Լևոն Մեծիկյանի հանդեպ Բանկի ունեցած դրամական պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտմամբ բավարարված լինելու փաստը, քանի որ գործով չի բացահայտվել, թե ում կողմից է կատարվել պարտավորության մարումը, որի ապացուցման բեռը Դատարանի որոշմամբ դրված է եղել հայցվորի վրա, հետևաբար դրա վիճելի լինելու բացասական հետևանքը պետք է կրի հայցվորը, նույնպես անհիմն է՝ հետևյալ պատճառաբանությամբ

սույն գործով Բանկի որպես պարտատիրոջ իրավունքն ապահովված է եղել գրավով, այն է՝ Բանկը որպես գրավառու, Լևոն Մեծիկյանը որպես վարկառու-գրավատու և Զենֆերա Կարապետյանը որպես գրավատու, 26.08.2011 թվականին կնքել են անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, որով գրավատուները գրավ են դրել անշարժ գույքեր։ Այսինքն՝ եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ Բանկի նկատմամբ պարտավորության մարումը կատարվել է գրավատուի կողմից, ապա այդ անձն իրավունք կունենար դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով վճարման ենթակա գումարը։ Նշված իրավակարգավորումը բխում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջից։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու ապահովված իրավունքի առարկան` փոխհատուցելով այդ ապահովված իրավունքի առարկայի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գնի երեք տոկոսի, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում ապահովված իրավունքի առարկայի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և իրացման համար հաշվարկված ծախսերը.

 2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

Վճռաբեկ դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 43-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ հոդվածների վերլուծության արդյունքում արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը։ Պարտատիրոջ այն պահանջը, որն ապահովված է երրորդ անձի գույքով, ում օրենսդրի կողմից հնարավորություն է ընձեռված դադարեցնելու իր գույքով ապահովված պահանջը՝ սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ պարտավորվում է փոխանցել օրենքով սահմանված համապատասխան գումարը։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի հիմնական նպատակը սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունների կենտրոնացումն է սնանկության վարույթում՝ բացառության օրենքով նախատեսված դեպքերի։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքը բացառություն է նախատեսել միայն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի այն պարտավորությունների կատարման համար՝ եթե ի ապահովումն պարտավորության առկա է երաշխիքի կամ երաշխավորության պայմանագիր։

Այսպես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի համաձայն՝ մորատորիումի գործողությունը չի տարածվում ի ապահովումն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի պարտավորությունների կատարման՝ երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա: Ընդ որում, պարտապանի սնանկության գործընթացը չի ազդում ի ապահովումն պարտապանի պարտավորությունների կատարման երաշխիք կամ երաշխավորություն տված անձի՝ երաշխիքով կամ երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա:

«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը երաշխավորությամբ ապահովված պահանջը դիտարկել է որպես ապահովված պահանջ: Նկատի ունենալով, որ օրենսդիրն ապահովված պահանջների համար նախատեսել է հատուկ կարգավորում, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ըստ վերոնշյալ կարգավորման՝ մասնավորապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ երաշխավորությամբ ապահովված պարտատերը կարող է երաշխավորությամբ ապահովված իր պահանջն ուղղակիորեն ներկայացնել երաշխավորին սնանկության վարույթից առանձին, իսկ նման պահանջ չներկայացնելու կամ պահանջը լրիվ չբավարարվելու դեպքում այդ պահանջը ներկայացնել սնանկության վարույթում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործով առկա չէ պարտատիրոջ և պարտապանի միջև կնքված երաշխիքի կամ երաշխավորության պայմանագիր, ուստի Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ հայցվորի կողմից չի ապացուցվել, թե որ սուբյեկտի կողմից է կատարվել պարտավորության մարումը, սույն գործի շրջանակներում էական նշանակություն ունենալ չի կարող ունենալ, քանի որ պարտատիրոջ պահանջի կատարումը ամեն դեպքում պետք է կատարվեր սնանկության վարույթում՝ ստացված գումարը հատուկ սնանկության հաշվին փոխանցելու եղանակով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) գործողության ժամանակ ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է համանման ու հավասարազոր իրավական կարգավորումներ, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի նկատմամբ:

Վերաքննիչ դատարանն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում եզրահանգել է, որ պարտատերը չի խախտել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջը՝ բեկանել և փոփոխել է Դատարանի 10.03.2020 թվականի վճիռը և հայցը մերժել է։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:

 

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

Տվյալ դեպքում բողոք բերած անձը, բողոքը բաժանելով առանձին բաժինների և դրանցից մեկը վերնագրելով «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը», դրանում որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում նշել է հետևյալը.

«Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի՝ «1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`

1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

3. Սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝

1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:...»

Սույն բողոքով բարձրացված խնդիրները վերաբերվում են արդարադատության բուն էությանը: Բողոքարկվող դատական ակտով հայցվորի կողմից փաստի ապացուցման նպատակով ներկայացված ապացույցը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից գնահատվել է որպես պատասխանողի կողմից ոչ առաջին ատյանում, ոչ էլ վերաքննիչ բողոքում նույնիսկ չվկայակոչած մեկ այլ փաստի հաստատման հիմք: Նման մոտեցումը վկայում է Դատարանի կողմնակալ վերաբերմունքի մասին:

Բողոքում հիշատակված գրությունը, ինչպես արդեն նշվեց, ներկայացվել է մեր կողմից, որպես արտադատական կարգով հարցի լուծման համար մեր կողմից գործողություններ կատարելու հիմք: Այն ուղարկվել է մինչև հայցադիմում ներկայացնելը և պարունակում է մեր 22.04.2020թ-ին ուղարկված հարցման պատասխանը: Նման պայմաններում գրության դիտարկումը որպես գործի քննության ընթացքում պատասխանողի ներկայացված դիրքորոշում, առնվազն անհասկանալի է: Իր այս գործողությամբ ՀՀ վերաքննիչ դատարանը կոպտորեն խախտել է կողմերի իրավահավասարության սկզբունքը և դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից:

Գտնում ենք, որ նշված հիմքերի առկայությունը վկայում է այն մասին, որ ՀՀ վերաքննիչ դատարանը խախտել է արդարադատության բուն էությունը՝ չապահովելով կողմերի իրավահավասարությունը և զրկելով հայցվորին արդար դատաքննության իրավունքից, ինչը հիմք է վճռաբեկ բողոքն ընդունելու համար:

Բացի այդ կարիք ենք տեսնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքերի պարզաբանման համար, մասնավորապես՝ արդյ՞ոք Վերաքննիչ դատարանը կարող է իր նախաձեռնությամբ գնահատել հայցվորի կողմից ներկայացված ապացույցները, դրանք մեկնաբանելով ի օգուտ պատասխանողի այն պայմաններում, երբ վերաքննիչ բողոքով այդ ապացույցը չի հիշատակվում»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, թե իբրև առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, այն առումով, որ թեկուզև վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքի հիմքերում որպես Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը այն վկայակոչել է, սակայն դրանով չի պայմանավորել Վերաքննիչ դատարանի կողմից արդարադատության բուն էության խաթարումը։

Ավելին՝ կարծում եմ, որ նկատի ունենալով այն, թե ինչ հիմքով է որոշում կայացվել առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին, կրկին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, հիմք ընդունելով դրա բովանդակությունը, լավագույն դեպքում կարող էր պայմանավորվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ (չնայած նշված հիմքի առումով, իմ կարծիքով, վճռաբեկ բողոքը բավարար հիմք և հիմնավորում չի պարունակում), քանի որ բողոքը վարույթ ընդունելու մյուս՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում առերևույթ առկայության հիմքերի և հիմնավորումների առումով ևս վճռաբեկ բողոքը բավարար նշում չի պարունակում։

 

Վերոգրյալի հիման վրա՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0092/02/19

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0092/02/19

Նախագահող դատավոր 

 Կ Չիլինգարյան

Դատավորներ

 Ա Բարսեղյան

 Լ․ Գրիգորյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՍնԴ/0092/02/19 քաղաքացիական գործով 02.03.2023 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

«02» մարտի, 2023 թ.

 ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 02.03.2023 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Լևոն Մեծիկյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.09.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լևոն Մեծիկյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի ընդդեմ «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձ Լևոն Մեծիկյանի` պարտավորությունների մարման նպատակով ստացված գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին փոխանցել պարտավորեցնելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 09.09.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 10.03.2020 թվականի վճռին՝ նույն որոշման պատճառաբանություններով:

ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով 02.03.2023 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և դրանով պայմանավորված՝ եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիք այդ մասերի վերաբերյալ:

 

1. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Հիմք ընդունելով որոշման մեջ ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները՝ բողոք բերած անձի համոզմամբ Վերաքննիչ դատարանը «խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, 379-րդ հոդվածի 5-րդ մասը», որպիսի պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

«Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանություններում դրել է այնպիսի հիմնավորումներ, որոնք չեն վկայակոչվել առաջին ատյանի դատարանում։ Ավելին, Բանկը, պատշաճ կարգով ծանուցված լինելով դատական նիստերի մասին, չի ներկայացել, ինչպես նաև չի ներկայացրել հայցադիմումի պատասխան կամ որևէ դիրքորոշում։ Վերաքննիչ դատարանը որպես Բանկի դիրքորոշում հիմք է ընդունել հայցվորի կողմից ներկայացված ապացույցը, այն է՝ ի պատասխան հայցվորի արտադատական կարգով ներկայացրած պահանջին ուղղված Բանկի 2019 թվականի հունիս ամսվա գրությունը, որի պայմաններում այն չի կարող գնահատվել որպես հայցադիմումին ուղղված առարկություն։ Վերաքննիչ դատարանը գնահատել է անթույլատրելի և սույն դատական գործին ոչ վերաբերելի ապացույց»։

Նշվածից հետևում է, որ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանին վերագրել է միայն դատավարական իրավունքի նորմերի խախտումներ՝ այն հիմնավորումներով, որ Վերաքննիչ դատարանը Բանկի 2019 թվականի հունիս ամսվա գրությունը հանիրավի դիտարկել է որպես հայցի դեմ ուղղված առարկություն, որպիսի պատճառաբանությամբ անդրադարձել է Բանկի վերաքննիչ բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց կապակցությամբ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ Բանկն ըստ էության դիրքորոշում չի հայտնել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Դատական ակտը միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորման պայմաններում Վճռաբեկ դատարանը բողոքի քննությամբ պետք է անդրադառնար միայն դրա սահմաններում առաջ քաշված հարցերին՝ արդյո՞ք Բանկի 2019 թվականի հունիս ամսվա գրությունը հայցի դեմ ուղղված առարկություն է, թե ոչ, և արդյո՞ք վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում:

Մինչդեռ Որոշմամբ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է հայցվորի կողմից ապացուցման ենթակա հարցերի շրջանակը և դրանց վիճելի մնալու հետևանքները Վերաքննիչ դատարանի կողմից սխալ որոշված լինելու հարցերին: Մասնավորապես, գործում առկա՝ թիվ ԱՐԴ/0042/04/15 սնանկության գործով ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.10.2016 թվականի վճռի, 06.03.2017 թվականի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման և Բանկի 18.03.2019 թվականի թիվ 586-32 գրության վկայակոչմամբ Վճռաբեկ դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ «Բանկի պահանջը բավարարվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, առանց դատարանի համապատասխան որոշման»՝ ոչ իրավաչափ գնահատելով այդ փաստը հայցվորի կողից ապացուցման ենթակա լինելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը:

Ավելին՝ Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է գնահատել նաև Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Բանկի դրամական պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտմամբ բավարարված լինելու փաստի վիճելի մնալու հետևանքը պետք է կրի հայցվորը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը վկայակոչել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածն ու մեջբերել այդ նորմի կապակցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումները՝ արձանագրելով, որ սույն գործի շրջանակներում էական նշանակություն ունենալ չի կարող ունենալ այն հանգամանքը, թե «որ սուբյեկտի կողմից է կատարվել պարտավորության մարումը, քանի որ պարտատիրոջ պահանջի կատարումը ամեն դեպքում պետք է կատարվեր սնանկության վարույթում՝ ստացված գումարը հատուկ սնանկության հաշվին փոխանցելու եղանակով»։

Վերոգրյալից հետևում է, որ Վճռաբեկ դատարանը դուրս է եկել վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակից՝ քննարկման առարկա դարձնելով այնպիսի հարցեր, որոնք բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքում նշված չեն եղել, ի վերջո չանդրադառնալով Բանկի 2019 թվականի հունիս ամսվա գրությունը հայցի դեմ ուղղված առարկություն համարելու և դրա հիման վրա Բանկի վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու իրավաչափության մասին Վերաքննիչ դատարանի եզրակացությանը:

Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում ըստ էության արձանագրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջի խախտման փաստը հաստատող ապացույցները Վերաքննիչ դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չհետազոտելու տեսանկյունից: Վճռաբեկ դատարանն անտեսել է, որ նշված հոդվածի խախտման մասին բողոք բերած անձի փաստարկները վերաբերում են միայն Բանկի 2019 թվականի հունիս ամսվա գրությանը, քանի որ ըստ բողոք բերած անձի՝ հայցի դեմ Բանկի կողմից առարկություն ներկայացված լինելու հանգամանքը Վերաքննիչ դատարանը հաստատել է այդ «անթույլատրելի և սույն դատական գործին ոչ վերաբերելի» ապացույցի գնահատմամբ:

Կարծում եմ՝ հայցվորի կողմից ապացուցման ենթակա հարցերի շրջանակը և դրանց վիճելի մնալու հետևանքները Վերաքննիչ դատարանի կողմից սխալ որոշված լինելու հարցերին անդրադառնալով Վճռաբեկ դատարանը դուրս է եկել վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մաս):

Վճռաբեկ բողոքի սահմաններից դուրս գալու պայմաններում անհրաժեշտ չեմ համարում անդրադառնալ պատճառաբանական մասում արված վերլուծություններին:

 

Դատավոր`

Ա. Մկրտչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: