ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0882/04/21 2023 թ. | ||||||
Սնանկության Գործ թիվ ՍնԴ/0882/04/21 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2023 թվականի փետրվարի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով Լևոն Մանասերյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24․12․2021 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի՝ Լևոն Մանասերյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը պահանջել է Լևոն Մանասերյանին ճանաչել սնանկ։
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա․ Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 12.07.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2021 թվականի որոշմամբ Լևոն Մանասերյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 12.07.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Մանասերյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 378-րդ և 379-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ բողոքի պատասխանի բացակայության պայմաններում Դատարանը պարտավոր էր անդրադառնալ միայն այն հիմքերին, որոնք նշվել են վերաքննիչ բողոքում և իրավասություն չուներ քննության առարկա դարձնելու այն փաստերը, որոնք չեն դրվել բողոքի հիմքում, առավել ևս, երբ բողոքում ուղղակի նշված է փաստը քննության առարկա չդարձնելու ցանկության արտահայտումը:
Դատարանում և Վերաքննիչ դատարանում բողոքաբերի պնդումները հիմնվել են այն փաստի վրա, որ որպես սնանկության հիմք ներկայացված փաստաթղթի շուրջ ծավալվել է դատական վեճ, որը գտնվում է նախնական քննության փուլում:Ստացվում է, որ Դատարանի կողմից բողոքաբերին որպես սնանկ ճանաչելու հիմք ընդունվել է այնպիսի ապացույց, որով հնարավոր է ոչ միայն պահանջի հաշվանցում, այլ նաև պարտավորության դադարում՝ հայցապահանջի մերժման հետևանքով: Իր հերթին Վերաքննիչ դատարանը չի արձանագրել իրավունքի խախտումը և վճիռը թողել է անփոփոխ:
Բացի այդ, Դատարանի կողմից վկայակոչված և Վերաքննիչ դատարանի կողմից հաստատված այն դիրքորոշումը, որ թիվ ԵԴ/21441/02/18 գործով հակընդդեմ հայց կամ հայցադիմումի պատասխան ներկայացված չլինելը վկայում է պահանջի անվիճելի լինելու մասին, հակասում է ձևավորված դատավարական պրակտիկային և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքի իրականացմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը և այն փոփոխել՝ վերաքննիչ բողոքը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1․ Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը 23.04.2021 թվականին Լևոն Մանասերյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմում է ներկայացրել Դատարան:
Դիմումին կից ներկայացրել է Ստեփան Դանիելյանի և Լևոն Մանասերյանի կողմից 02․02․2016 թվականին ստորագրված պարտավորագիր՝ հետևյալ բովանդակությամբ. «Ես՝ Լևոն Մանասերյանս, պարտավորվում եմ ԴԱՀԿ-ից ստացված, գնված շորերի վաճառքից առաջացած գումարը, որից հանելով դրա համար մուծված 2238925 դրամ գումարը, իսկ մնացած գումարի կես (50%-ը) տալ Ստեփան Դանիելյանին, իսկ 50%-ը պահել ինձ, որի վերաբերյալ ստորագրում ենք՝ ստորագրություն Լ.Մանասերյան, ստորագրություն Ս.Դանիելյան, 02.02.2016թ.
Հագուստեղենի վերը նշված 2238925 դր. գումարը պետք է հանձնեմ Ս.Դանիելյանին ստորագրություն Լ.Մանասերյան 02.02.2016թ.» (հավելված հատոր 1-ին, գ․թ․ 6-10, 17)։
2. Լևոն Մանասերյանը Դատարան է ներկայացրել առարկություն, որով հայտնել է, որ դիմողը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում Լևոն Մանասերյանի դեմ, իսկ հայցի առարկան նույն գումարն է, որի վերաբերյալ ներկայացվել է սնանկության դիմում, թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործը դեռևս քննության փուլում է և առանց նշված գործի ավարտի՝ հնարավոր չէ որոշել իր գումարային պարտավորության առկայությունը կամ բացակայությունը, տվյալ գործով ինքը ներկայացրել է ապացույցներ, որոնցով հերքվում է գումարային պահանջի իրավունքը: Հայտնել է, որ դիմողի ներկայացրած պարտավորագիրը երկկողմանի պայմանագիր է՝ կնքված նախապայմանով, նախապայմանը՝ գնված շորերի վաճառքը, չի կատարվել, քանի որ աճուրդից հետո պարտապանը հագուստը թողել է Ստեփան Դանիելյանի տնօրինմանը, ով դրա մի մասը միայնակ է վաճառել, իսկ ստացված գումարը՝ իրացրել, մնացած՝ իրացման ոչ ենթակա մասը, թափվել է, այսինքն՝ վնաս կրել է պարտապանը, քանի որ աճուրդի գումարը ինքն է վճարել: Առարկությանը կից ներկայացրել է ստացական, որի համաձայն՝ Լևոն Մանասերյանը հարկադիր կատարողից ստացել է հագուստեղենը (հավելված հատոր 1-ին, գ․թ․ 48-50, 53)։
3. Ստեփան Դանիելյանը 03.10.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Լևոն Մանասերյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Դատարանի 15.10.2018 թվականի թիվ ԵԴ/21441/02/18 որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, հիմք՝ www.datalex.am կայքից արտատպված քաղվածքը (հավելված հատոր 1-ին, գ․թ․ 39):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը՝ սնանկ ճանաչելու մասին դիմումի փաստական հիմքով դրամական պահանջի վերաբերյալ հայցային վարույթի առկայությունն արդյո՞ք ազդում է սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ պարտավորության անվիճելիության վավերապայմանի վրա։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
ՀՀ սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արձանագրել է, որ եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: ՀՀ սահմանադրական դատարանը նաև նշել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերվում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:
ՀՀ վճռաբեկ դատարանը «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն ընդդեմ «Սիփան 1» ՍՊԸ-ի գործով արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում։
Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև այն հանգամանքը, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հետևում է, որ սնանկ ճանաչելու հիմք է ոչ թե վճարային պարտավորության, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլ նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը (տե՛ս, թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված «անվիճելի վճարային պարտավորությունն» առկա է, մասնավորապես, այն դեպքում, երբ պարտապանն առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հետևաբար, օրենսդիրը կարևորել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունը կասկածի տակ դնելու համար պարտապանը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ իր առարկության հիմնավորման համար:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման ապացույցը պետք է լինի այնպիսին, որ առերևույթ կասկածի տակ դնի պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը, անվիճելիությունը: Ընդ որում, եթե անգամ առարկությունը հիմնավոր լինելու պայմաններում այդուհանդերձ առկա է լինում նաև չվիճարկվող պահանջ, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա պարտապանին սնանկ ճանաչելը չի բացառվում:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պահանջի դեմ առարկություն ներկայացնելը կարող է վերաբերել պարտավորության հիմքերին, պահանջն արդեն կատարված լինելուն, պահանջի չափին և այլն: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութաիրավական վեճի առկայությունը, որը խոչընդոտ չի հանդիսանալու սնանկության վարույթում ներկայացված և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջի բավարարմանը, այլ կերպ ասած՝ ամեն դեպքում առկա է լինելու նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջ՝ անկախ նյութաիրավական վեճի ելքից, չի կարող արգելք հանդիսանալ պարտավորությունն անվիճելի դիտելու համար: Նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ օրենսդրի կողմից պարտավորության անվիճելիությունն ինքնանպատակ չի սահմանվել, և ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է՝ բացառել անձին սնանկ ճանաչելը, մասնավորապես, այնպիսի պարտավորությունների վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված ակտի հիման վրա: Այսինքն՝ նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ նյութաիրավական վեճի հիմքից (տե՛ս, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Գամմա Կրեդիտ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Դատարանը 12.07.2021 թվականի վճռով դիմումը բավարարելով արձանագրել է, որ պարտապան Լևոն Մանասերյանը առարկել է սնանկության դիմումի դեմ այն պատճառաբանությամբ, որ կողմերի միջև առկա է նյութաիրավական վեճ, որը քննվում է թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում։
Դատարանը գտել է, որ թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործի առկայությունը չի կարող ինքնին հիմք հանդիսանալ սնանկության դիմումը՝ նյութաիրավական վեճի առկայության պատճառաբանությամբ մերժելու համար, քանի որ քաղաքացիական գործով հայցադիմումը ներկայացվել է Ստեփան Դանիելյանի կողմից գումարի բռնագանձման պահանջով, իսկ Լևոն Մանասերյանը չի ներկայացրել այդ քաղաքացիական գործի պահանջը իր կողմից վիճարկելու մասին ապացույցներ (հայցադիմումի պատասխան, հակընդդեմ հայց)։ Արդյունքում սույն սնանկության գործում բացակայում են պարտապանի կողմից հայցադիմումի հիմքում դրված հանգամանքները վիճարկելու վերաբերյալ ապացույցները, ուստիև բացակայում է նյութաիրավական վեճը։
Լևոն Մանասերյանը առարկել է սնանկության դիմումի դեմ՝ նաև այն պատճառաբանությամբ, որ իր և Ստեփան Դանիելյանի միջև կնքված պարտավորագիրը կնքված է եղել նախապայմանով (շորերի վաճառք), իսկ այդ նախապայմանը չի իրագործվել։
Ստեփան Դանիելյանի և Լևոն Մանասերյանի միջև 02․02․2016 թվականին կնքվել է պարտավորագիր, որի բովանդակությունից ակնհայտ է, որ այն պարունակում է երկու պարտավորություն։ Ըստ առաջին պարբերության՝ Լևոն Մանասերյանը պարտավորվել է հագուստի վաճառքից առաջացած գումարից հանել վճարված 2․238․925 ՀՀ դրամը, իսկ մնացած գումարի կեսը հանձնել Ստեփան Դանիելյանին։ Ըստ նույն պարտավորագրի երկրորդ պարբերության՝ Լևոն Մանասերյանը պարտավորվել է Ստեփան Դանիելյանին վճարել 2․238․925 ՀՀ դրամ գումար։
Արդյունքում Դատարանը գտել է, որ պարտապանի վճարային պարտավորության փաստն արձանագրված է պարտավորագրի երկրորդ պարբերությամբ, որտեղ բացակայում են գումարը վճարելու նախապայմանները։
Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, արձանագրել է, որ չի վիճարկվում, որ թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործով ներկայացված հայցի փաստական հիմքը սնանկության դիմումի հիմքում վկայակոչված պարտավորագիրն է: Այդուհանդերձ, թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործի առկայությունը հիմք չէ եզրահանգելու, որ առկա են պարտապանի՝ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերը, այսինքն՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերը:
Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է եկել՝ հաշվի առնելով, որ քաղաքացիական գործը հարուցվել է Ստեփան Դանիելյանի հայցի հիման վրա, պարտավորագիրը պարտապանի կողմից վիճարկելու վերաբերյալ հակընդդեմ հայց չի հարուցվել, պարտավորագիրը Ստեփան Դանիելյանի կողմից այլ վարույթով վիճարկվելու վերաբերյալ ապացույց նույնպես առկա չէ, ինչով հերքվում է նաև պարտավորագիրը դատարանում վիճարկվելու վերաբերյալ բողոքի փաստարկը: Ավելին, պարտապանը սնանկության գործի քննության ընթացքում հայտնել է, որ թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործով ներկայացրել է հայցադիմումի պատասխան, մինչդեռ այն Դատարանին չի ներկայացրել:
Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործի հարուցումը, այն վարույթ ընդունելու մասին դատական ակտն առերևույթ կասկածի տակ չեն դնում պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը, անվիճելիությունը, պարտապանը չի ներկայացրել պահանջի անհիմն լինելը կամ պարտավորության վիճելիությունը հիմնավորող որևէ ապացույց: Հետևաբար բացակայում են պարտապանի՝ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերը, այսինքն՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերը: Վերոգրյալի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սնանկության վճռի կայացման դրությամբ դատարանում քննվող քաղաքացիական գործի առկայությունը սույն սնանկության գործով չի բացառել պարտավորության անվիճելիության հատկանիշը:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի փաստական հիմքում դրված է եղել Ստեփան Դանիելյանի և Լևոն Մանասերյանի կողմից 02․02․2016 թվականին ստորագրված պարտավորագիրը:
Միաժամանակ գործի փաստերից երևում է, որ Ստեփան Դանիելյանը 03.10.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Լևոն Մանասերյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, և որպես հայցի փաստական հիմք վկայակոչել է սնանկության դիմումի հիմքում դրված պարտավորագիրը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 15.10.2018 թվականի թիվ ԵԴ/21441/02/18 որոշմամբ Ստեփան Դանիելյանի հայցադիմումն ընդունել է վարույթ։
Սույն գործով պարտապանն առարկել է սնանկության դիմումի դեմ այն պատճառաբանությամբ, որ կողմերի միջև առկա է նյութաիրավական վեճ, որը քննվում է թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում, ինչպես նաև, որ իր և Ստեփան Դանիելյանի միջև կնքված պարտավորագիրը կնքված է եղել նախապայմանով (շորերի վաճառք), իսկ այդ նախապայմանը չի իրագործվել։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներով իրավական դիրքորոշումներ է արտահայտել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված պարտավորության անվիճելիության հատկանիշի վերաբերյալ, սակայն բոլոր դեպքերում այդ դիքորոշումները կապված են եղել պարտապանի կողմից դրամական պարտավորությունները վիճարկելու հետ, մինչդեռ սույն սնանկության գործով պարտապանի առարկությունները պայմանավորված են դիմողի կողմից գումարի բռնագանձման հայցի հարուցման և գործը ավարտված չլինելու հանգամանքով։
Վճռաբեկ դատարանը սույն բողոքի քննության շրջանակում վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և արձանագրելով իրավունքի զարգացման անհրաժեշտություննը, հարկ է համարում անդրադառնալ չավարտված վարույթի հիմքում դրված պարտավորության անվիճելությանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից է խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելը։
Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը դատարանում իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հայց հարուցելով կամ դիմում ներկայացնելով։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնակարգումներով հարուցված քաղաքացիական գործի վարույթը կարող է ավարտվել եզրափակիչ դատական ակտի կայացումով։
Այսինքն, մինչև եզրափակիչ դատական ակտի կայացումը հայցային վարույթով քաղաքացիական գործի առկայությունն ուղղակի վկայում է վեճի առկայության մասին, հակառակ դեպքում կբացառվեր հայցային վարույթով գործի քննությունը։ Հետևաբար նման պայմաններում քննվող հայցի փաստական հիմքով սնանկ ճանաչելու դիմումի ներկայացումը չի կարող վկայել պահանջի անվիճելիության մասին, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկ ճանաչելու մասին դիմումի ներկայացումը խոչընդոտ չէ դատարանում հարուցված քաղաքացիական գործի ընթացքի համար։
Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի իրավակարգավորմանը, ըստ որի՝ պարտապանին սնանկ ճանաչելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում սնանկության մասին օրենքով սահմանված ժամկետներում և կարգով։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված տնօրինչականության սկզբունքի կիրառման հաշվառմամբ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սնանկ ճանաչելու համար պարտավորության անվիճելիության հատկանիշի առկայությունը չի կարող հաստատված համարվել ոչ միայն պարտավորությունը պարտապանի կողմից վիճարկված լինելու, այլ նաև պարտատիրոջ կողմից նույն պարտավորության հիմքով դատարանում հարուցված և չավարտված քաղաքացիական գործի առկայության դեպքում, որպիսի հանգամանքն արդեն իսկ ենթադրում է նյութաիրավական վեճ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բովանդակային առումով սնանկության դիմումի բավարարումն, ըստ էության, անվիճելի վճարային պարտավորության փաստի ճանաչումն է, որի չափը և կետանցը բավարար են պարտապանին սնանկ ճանաչելու համար, սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված վճարային պարտավորության կապակցությամբ հայցային վարույթով քննվող քաղաքացիական գործի առկայությունը փաստում է նյութաիրավական վեճի մասին՝ անկախ պարտապանի կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու հանգամանքից։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ տվյալ քաղաքացիական գործի շրջանակներում վճարային պարտավորությունների վերաբերյալ քննվող գործի առկայության պայմաններում այդ վեճի լիարժեք դատական քննության առարկա դառնալուց հետո միայն կարող էր պարտապանի մոտ անվիճելի վճարային պարտավորությունների առկայության մասին հետևություն արվել:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա.1» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը՝ պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար կառավարիչն ազատվում է պետական տուրքի վճարումներից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:
Անդրադառնալով վկայակոչված իրավակարգավորումների վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից դատարան հայց ներկայացնելու իրավունքն իրացնում է վերջինիս կառավարիչը, որը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ազատված է դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի վճարումներից: Օրենսդրական նման կարգավորման հիմքում, ըստ էության, ընկած է այն տրամաբանությունը, որ կառավարիչը հայց հարուցում կամ պարտապանի մասնակցությամբ դատավարություններին ներգրավվում է պարտապանի անունից, հետևաբար՝ նրա վրա պետական տուրքի վճարման պարտականություն չի կարող դրվել այլ անձի իրավունքներն ու օրինական շահերն ի պաշտոնե իրականացնելու համար:
Նման եզրահանգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ պետությունը, որպես անձի հիմնարար իրավունք հռչակելով դատական պաշտպանության իրավունքը, կոնկրետ երաշխիքներ է նախատեսում այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար՝ ընդ որում, որոշակի խումբ անձանց համար սահմանելով նաև հավելյալ երաշխիքներ, ինչպես օրինակ՝ պետական տուրքի վճարումից ազատումն է: Այդուհանդերձ, քննարկվող իրավակարգավորումը վերաբերում է միայն պետության հանդեպ պետական տուրքի գծով պարտավորությունների բացակայությանը և չի կարող մեկնաբանվել որպես մյուս կողմի կրած դատական ծախսերի փոխհատուցման պարտականության բացակայություն: (…) Նման մոտեցումը բխում է կողմերի իրավահավասարության սկզբունքից և կոչված է կանխելու պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտի կողմից իր դատավարական իրավունքների անբարեխիղճ իրականացման արդյունքում մյուս կողմին հնարավոր պատճառվելիք վնասները: Ավելին, կառավարչի պարագայում նշված եզրահանգումը հիմնավորվում է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորմամբ, ըստ որի՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ: Հետևաբար թեև կառավարիչը հայցը հարուցում է պարտապանի անունից, այնուամենայնիվ, նման հայց հարուցելու կամ այլ դատավարական գործողություններ իրականացնելու հիմքերն ու անհրաժեշտությունը գնահատում է իր իսկ հայեցողությամբ, ուստիև պետք է պատասխանատվություն կրի դրանց արդյունքում այլ անձանց կրած դատական ծախսերի փոխհատուցման համար (տե՛ս, Գևորգ Աֆանդյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանն ընդդեմ Վահե Աֆանդյանի թիվ ԵԿԴ/0298/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2018 թվականի որոշումը):
Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի դիմումը` մերժման, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարը փոխհատուցելու պարտականությունը պետք է կրի հայցվոր կողմը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանից հօգուտ Լևոն Մանասարյանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում: Մինչդեռ նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11․05․2022 թվականի որոշմամբ Լևոն Մանասարյանի միջնորդությունը բավարարվել է և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի վճարումը հետաձգվել է, իսկ վճռաբեկ բողոքի բվարարման արդյունքում պետական տուրքի վճարման պարտավորությունն ընկել է սնանկության գործով կառավարչի վրա, վերջինս էլ իր հերթին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա.1» կետի հիմքով ազատված է դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարման ենթակա պետական տուրքի վճարումից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարի հետ կապված հարցը պետք է համարել լուծված:
Սույն գործով առկա է նաև ժամանակավոր կառավարչի վարձատրություն:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե`
1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով.
2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, և դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը.
3) դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ (…) ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են սնանկության գործի վարույթը կարճվելու և սնանկության դիմումը մերժվելու դեպքերում: (…):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ (…), սնանկության դիմումը մերժվելու, (…) դեպքերում ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի` վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չունենալու դեպքում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի և 29-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը (ժամանակավոր կառավարիչը) վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, (...):
Նկատի ունենալով, որ սնանկության գործում առկա չէ պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը, որի հիման վրա հնարավոր կլինել պարզել պարտապան Լևոն Մանասարյանի տարեկան եկամտի չափն ու ըստ այդմ սահմանել սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արարատ Վահագնի Վարդանյանի վարձատրության չափը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս ամսական վարձատրությունը պետք է սահմանել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, որը սույն որոշումը կայացնելու պահին կազմում է՝ 68․000 ՀՀ դրամ:
Նկատի ունենալով, որ սնանկության ժամանակավոր կառավարիչը նշանակվել է ՀՀ Սնանկության դատարանի 27.04.2021 թվականի որոշմամբ և սնանկ ճանաչելու դիմումը մերժվում է սույն որոշմամբ, որպիսի պահից էլ վերջինիս լիազորությունները դադարում են, դիմող Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արարատ Վահագնի Վարդանյանի պետք է բռնագանձել ամսական վարձատրությունը՝ ժամանակավոր կառավարչի պարտականությունը ստանձնելու պահից՝ 27.04.2021 թվականից, մինչև սույն որոշումը կայացնելու պահը՝ 1․428․000 ՀՀ դրամի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24․12․2021 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի դիմումը՝ Լևոն Մանասերյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել:
2. Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանից հօգուտ Լևոն Մանասարյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Լևոն Մանասարյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում:
Դատական ծախսերի հարցը` վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարի հետ կապված, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա.1» կետի հիմքով համարել լուծված:
Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արարատ Վահագնի Վարդանյանի բռնագանձել 1․428․000 ՀՀ դրամ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Մ. Դրմեյան |
Զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ |
Ա. Բարսեղյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՍնԴ/0882/04/21 սնանկության գործով 03․02․2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
03․02․2023 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի փետրվարի 03-ին գրավոր ընթացակարգով քննելով Լևոն Մանասերյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի՝ Լևոն Մանասերյանին սնանկ ճանաչելու պահանջի պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24․12․2021 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի դիմումը՝ Լևոն Մանասերյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան՝ Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը պահանջել է Լևոն Մանասերյանին ճանաչել սնանկ։
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա․ Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 12.07.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2021 թվականի որոշմամբ Լևոն Մանասերյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 12.07.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Մանասերյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 378-րդ և 379-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ բողոքի պատասխանի բացակայության պայմաններում Դատարանը պարտավոր էր անդրադառնալ միայն այն հիմքերին, որոնք նշվել են վերաքննիչ բողոքում և իրավասություն չուներ քննության առարկա դարձնելու այն փաստերը, որոնք չեն դրվել բողոքի հիմքում, առավել ևս, երբ բողոքում ուղղակի նշված է փաստը քննության առարկա չդարձնելու ցանկության արտահայտումը:
Դատարանում և Վերաքննիչ դատարանում բողոքաբերի պնդումները հիմնվել են այն փաստի վրա, որ որպես սնանկության հիմք ներկայացված փաստաթղթի շուրջ ծավալվել է դատական վեճ, որը գտնվում է նախնական քննության փուլում:Ստացվում է, որ Դատարանի կողմից բողոքաբերին որպես սնանկ ճանաչելու հիմք ընդունվել է այնպիսի ապացույց, որով հնարավոր է ոչ միայն պահանջի հաշվանցում, այլ նաև պարտավորության դադարում՝ հայցապահանջի մերժման հետևանքով: Իր հերթին Վերաքննիչ դատարանը չի արձանագրել իրավունքի խախտումը և վճիռը թողել է անփոփոխ:
Բացի այդ, Դատարանի կողմից վկայակոչված և Վերաքննիչ դատարանի կողմից հաստատված այն դիրքորոշումը, որ թիվ ԵԴ/21441/02/18 գործով հակընդդեմ հայց կամ հայցադիմումի պատասխան ներկայացված չլինելը վկայում է պահանջի անվիճելի լինելու մասին, հակասում է ձևավորված դատավարական պրակտիկային և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքի իրականացմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը և այն փոփոխել՝ վերաքննիչ բողոքը բավարարել»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1․ Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը 23.04.2021 թվականին Լևոն Մանասերյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմում է ներկայացրել Դատարան:
Դիմումին կից ներկայացրել է Ստեփան Դանիելյանի և Լևոն Մանասերյանի կողմից 02․02․2016 թվականին ստորագրված պարտավորագիր՝ հետևյալ բովանդակությամբ. «Ես՝ Լևոն Մանասերյանս, պարտավորվում եմ ԴԱՀԿ-ից ստացված, գնված շորերի վաճառքից առաջացած գումարը, որից հանելով դրա համար մուծված 2238925 դրամ գումարը, իսկ մնացած գումարի կես (50%-ը) տալ Ստեփան Դանիելյանին, իսկ 50%-ը պահել ինձ, որի վերաբերյալ ստորագրում ենք՝ ստորագրություն Լ.Մանասերյան, ստորագրություն Ս.Դանիելյան, 02.02.2016թ.
Հագուստեղենի վերը նշված 2238925 դր. գումարը պետք է հանձնեմ Ս.Դանիելյանին ստորագրություն Լ.Մանասերյան 02.02.2016թ.» (հավելված հատոր 1-ին, գ․թ․ 6-10, 17)։
2. Լևոն Մանասերյանը Դատարան է ներկայացրել առարկություն, որով հայտնել է, որ դիմողը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում Լևոն Մանասերյանի դեմ, իսկ հայցի առարկան նույն գումարն է, որի վերաբերյալ ներկայացվել է սնանկության դիմում, թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործը դեռևս քննության փուլում է և առանց նշված գործի ավարտի՝ հնարավոր չէ որոշել իր գումարային պարտավորության առկայությունը կամ բացակայությունը, տվյալ գործով ինքը ներկայացրել է ապացույցներ, որոնցով հերքվում է գումարային պահանջի իրավունքը: Հայտնել է, որ դիմողի ներկայացրած պարտավորագիրը երկկողմանի պայմանագիր է՝ կնքված նախապայմանով, նախապայմանը՝ գնված շորերի վաճառքը, չի կատարվել, քանի որ աճուրդից հետո պարտապանը հագուստը թողել է Ստեփան Դանիելյանի տնօրինմանը, ով դրա մի մասը միայնակ է վաճառել, իսկ ստացված գումարը՝ իրացրել, մնացած՝ իրացման ոչ ենթակա մասը, թափվել է, այսինքն՝ վնաս կրել է պարտապանը, քանի որ աճուրդի գումարը ինքն է վճարել: Առարկությանը կից ներկայացրել է ստացական, որի համաձայն՝ Լևոն Մանասերյանը հարկադիր կատարողից ստացել է հագուստեղենը (հավելված հատոր 1-ին, գ․թ․ 48-50, 53)։
3. Ստեփան Դանիելյանը 03.10.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Լևոն Մանասերյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Դատարանի 15.10.2018 թվականի թիվ ԵԴ/21441/02/18 որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, հիմք՝ www.datalex.am կայքից արտատպված քաղվածքը (հավելված հատոր 1-ին, գ․թ․ 39)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը՝ սնանկ ճանաչելու մասին դիմումի փաստական հիմքով դրամական պահանջի վերաբերյալ հայցային վարույթի առկայությունն արդյո՞ք ազդում է սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ պարտավորության անվիճելիության վավերապայմանի վրա։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
ՀՀ սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արձանագրել է, որ եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: ՀՀ սահմանադրական դատարանը նաև նշել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերվում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:
ՀՀ վճռաբեկ դատարանը «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն ընդդեմ «Սիփան 1» ՍՊԸ-ի գործով արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում։
Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև այն հանգամանքը, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հետևում է, որ սնանկ ճանաչելու հիմք է ոչ թե վճարային պարտավորության, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլ նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը (տե՛ս, թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված «անվիճելի վճարային պարտավորությունն» առկա է, մասնավորապես, այն դեպքում, երբ պարտապանն առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հետևաբար, օրենսդիրը կարևորել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունը կասկածի տակ դնելու համար պարտապանը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ իր առարկության հիմնավորման համար:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման ապացույցը պետք է լինի այնպիսին, որ առերևույթ կասկածի տակ դնի պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը, անվիճելիությունը: Ընդ որում, եթե անգամ առարկությունը հիմնավոր լինելու պայմաններում այդուհանդերձ առկա է լինում նաև չվիճարկվող պահանջ, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա պարտապանին սնանկ ճանաչելը չի բացառվում:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պահանջի դեմ առարկություն ներկայացնելը կարող է վերաբերել պարտավորության հիմքերին, պահանջն արդեն կատարված լինելուն, պահանջի չափին և այլն: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութաիրավական վեճի առկայությունը, որը խոչընդոտ չի հանդիսանալու սնանկության վարույթում ներկայացված և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջի բավարարմանը, այլ կերպ ասած՝ ամեն դեպքում առկա է լինելու նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջ՝ անկախ նյութաիրավական վեճի ելքից, չի կարող արգելք հանդիսանալ պարտավորությունն անվիճելի դիտելու համար: Նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ օրենսդրի կողմից պարտավորության անվիճելիությունն ինքնանպատակ չի սահմանվել, և ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է՝ բացառել անձին սնանկ ճանաչելը, մասնավորապես, այնպիսի պարտավորությունների վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված ակտի հիման վրա: Այսինքն՝ նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ նյութաիրավական վեճի հիմքից (տե՛ս, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Գամմա Կրեդիտ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Դատարանը 12.07.2021 թվականի վճռով դիմումը բավարարելով արձանագրել է, որ պարտապան Լևոն Մանասերյանը առարկել է սնանկության դիմումի դեմ այն պատճառաբանությամբ, որ կողմերի միջև առկա է նյութաիրավական վեճ, որը քննվում է թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում։
Դատարանը գտել է, որ թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործի առկայությունը չի կարող ինքնին հիմք հանդիսանալ սնանկության դիմումը՝ նյութաիրավական վեճի առկայության պատճառաբանությամբ մերժելու համար, քանի որ քաղաքացիական գործով հայցադիմումը ներկայացվել է Ստեփան Դանիելյանի կողմից գումարի բռնագանձման պահանջով, իսկ Լևոն Մանասերյանը չի ներկայացրել այդ քաղաքացիական գործի պահանջը իր կողմից վիճարկելու մասին ապացույցներ (հայցադիմումի պատասխան, հակընդդեմ հայց)։ Արդյունքում սույն սնանկության գործում բացակայում են պարտապանի կողմից հայցադիմումի հիմքում դրված հանգամանքները վիճարկելու վերաբերյալ ապացույցները, ուստիև բացակայում է նյութաիրավական վեճը։
Լևոն Մանասերյանը առարկել է սնանկության դիմումի դեմ՝ նաև այն պատճառաբանությամբ, որ իր և Ստեփան Դանիելյանի միջև կնքված պարտավորագիրը կնքված է եղել նախապայմանով (շորերի վաճառք), իսկ այդ նախապայմանը չի իրագործվել։
Ստեփան Դանիելյանի և Լևոն Մանասերյանի միջև 02․02․2016 թվականին կնքվել է պարտավորագիր, որի բովանդակությունից ակնհայտ է, որ այն պարունակում է երկու պարտավորություն։ Ըստ առաջին պարբերության՝ Լևոն Մանասերյանը պարտավորվել է հագուստի վաճառքից առաջացած գումարից հանել վճարված 2․238․925 ՀՀ դրամը, իսկ մնացած գումարի կեսը հանձնել Ստեփան Դանիելյանին։ Ըստ նույն պարտավորագրի երկրորդ պարբերության՝ Լևոն Մանասերյանը պարտավորվել է Ստեփան Դանիելյանին վճարել 2․238․925 ՀՀ դրամ գումար։
Արդյունքում Դատարանը գտել է, որ պարտապանի վճարային պարտավորության փաստն արձանագրված է պարտավորագրի երկրորդ պարբերությամբ, որտեղ բացակայում են գումարը վճարելու նախապայմանները։
Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, արձանագրել է, որ չի վիճարկվում, որ թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործով ներկայացված հայցի փաստական հիմքը սնանկության դիմումի հիմքում վկայակոչված պարտավորագիրն է: Այդուհանդերձ, թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործի առկայությունը հիմք չէ եզրահանգելու, որ առկա են պարտապանի՝ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերը, այսինքն՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերը:
Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է եկել՝ հաշվի առնելով, որ քաղաքացիական գործը հարուցվել է Ստեփան Դանիելյանի հայցի հիման վրա, պարտավորագիրը պարտապանի կողմից վիճարկելու վերաբերյալ հակընդդեմ հայց չի հարուցվել, պարտավորագիրը Ստեփան Դանիելյանի կողմից այլ վարույթով վիճարկվելու վերաբերյալ ապացույց նույնպես առկա չէ, ինչով հերքվում է նաև պարտավորագիրը դատարանում վիճարկվելու վերաբերյալ բողոքի փաստարկը: Ավելին, պարտապանը սնանկության գործի քննության ընթացքում հայտնել է, որ թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործով ներկայացրել է հայցադիմումի պատասխան, մինչդեռ այն Դատարանին չի ներկայացրել:
Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործի հարուցումը, այն վարույթ ընդունելու մասին դատական ակտն առերևույթ կասկածի տակ չեն դնում պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը, անվիճելիությունը, պարտապանը չի ներկայացրել պահանջի անհիմն լինելը կամ պարտավորության վիճելիությունը հիմնավորող որևէ ապացույց: Հետևաբար բացակայում են պարտապանի՝ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերը, այսինքն՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերը: Վերոգրյալի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սնանկության վճռի կայացման դրությամբ դատարանում քննվող քաղաքացիական գործի առկայությունը սույն սնանկության գործով չի բացառել պարտավորության անվիճելիության հատկանիշը:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի փաստական հիմքում դրված է եղել Ստեփան Դանիելյանի և Լևոն Մանասերյանի կողմից 02․02․2016 թվականին ստորագրված պարտավորագիրը:
Միաժամանակ գործի փաստերից երևում է, որ Ստեփան Դանիելյանը 03.10.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Լևոն Մանասերյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, և որպես հայցի փաստական հիմք վկայակոչել է սնանկության դիմումի հիմքում դրված պարտավորագիրը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 15.10.2018 թվականի թիվ ԵԴ/21441/02/18 որոշմամբ Ստեփան Դանիելյանի հայցադիմումն ընդունել է վարույթ։
Սույն գործով պարտապանն առարկել է սնանկության դիմումի դեմ այն պատճառաբանությամբ, որ կողմերի միջև առկա է նյութաիրավական վեճ, որը քննվում է թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում, ինչպես նաև, որ իր և Ստեփան Դանիելյանի միջև կնքված պարտավորագիրը կնքված է եղել նախապայմանով (շորերի վաճառք), իսկ այդ նախապայմանը չի իրագործվել։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներով իրավական դիրքորոշումներ է արտահայտել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված պարտավորության անվիճելիության հատկանիշի վերաբերյալ, սակայն բոլոր դեպքերում այդ դիքորոշումները կապված են եղել պարտապանի կողմից դրամական պարտավորությունները վիճարկելու հետ, մինչդեռ սույն սնանկության գործով պարտապանի առարկությունները պայմանավորված են դիմողի կողմից գումարի բռնագանձման հայցի հարուցման և գործը ավարտված չլինելու հանգամանքով։
Վճռաբեկ դատարանը սույն բողոքի քննության շրջանակում վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և արձանագրելով իրավունքի զարգացման անհրաժեշտություննը, հարկ է համարում անդրադառնալ չավարտված վարույթի հիմքում դրված պարտավորության անվիճելությանը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից է խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելը։
Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը դատարանում իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հայց հարուցելով կամ դիմում ներկայացնելով։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնակարգումներով հարուցված քաղաքացիական գործի վարույթը կարող է ավարտվել եզրափակիչ դատական ակտի կայացումով։
Այսինքն, մինչև եզրափակիչ դատական ակտի կայացումը հայցային վարույթով քաղաքացիական գործի առկայությունն ուղղակի վկայում է վեճի առկայության մասին, հակառակ դեպքում կբացառվեր հայցային վարույթով գործի քննությունը։ Հետևաբար նման պայմաններում քննվող հայցի փաստական հիմքով սնանկ ճանաչելու դիմումի ներկայացումը չի կարող վկայել պահանջի անվիճելիության մասին, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկ ճանաչելու մասին դիմումի ներկայացումը խոչընդոտ չէ դատարանում հարուցված քաղաքացիական գործի ընթացքի համար։
Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի իրավակարգավորմանը, ըստ որի՝ պարտապանին սնանկ ճանաչելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում սնանկության մասին օրենքով սահմանված ժամկետներում և կարգով։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված տնօրինչականության սկզբունքի կիրառման հաշվառմամբ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սնանկ ճանաչելու համար պարտավորության անվիճելիության հատկանիշի առկայությունը չի կարող հաստատված համարվել ոչ միայն պարտավորությունը պարտապանի կողմից վիճարկված լինելու, այլ նաև պարտատիրոջ կողմից նույն պարտավորության հիմքով դատարանում հարուցված և չավարտված քաղաքացիական գործի առկայության դեպքում, որպիսի հանգամանքն արդեն իսկ ենթադրում է նյութաիրավական վեճ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բովանդակային առումով սնանկության դիմումի բավարարումն, ըստ էության, անվիճելի վճարային պարտավորության փաստի ճանաչումն է, որի չափը և կետանցը բավարար են պարտապանին սնանկ ճանաչելու համար, սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված վճարային պարտավորության կապակցությամբ հայցային վարույթով քննվող քաղաքացիական գործի առկայությունը փաստում է նյութաիրավական վեճի մասին՝ անկախ պարտապանի կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու հանգամանքից։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ տվյալ քաղաքացիական գործի շրջանակներում վճարային պարտավորությունների վերաբերյալ քննվող գործի առկայության պայմաններում այդ վեճի լիարժեք դատական քննության առարկա դառնալուց հետո միայն կարող էր պարտապանի մոտ անվիճելի վճարային պարտավորությունների առկայության մասին հետևություն արվել:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրանց վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում վճռաբեկ բողոքում նշել է հետևյալը.
«ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի՝
«1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝
1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։ Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց այն կայացնելու պահից երկշաբաթյա ժամկետում:
6. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել դատական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»
Սույն բողոքով բարձրացված խնդիրները վերաբերվում են արդարադատության բուն էության խաթարմանը և իրավունքի զարգացման խնդրի առկայությանը:
Բողոքարկվող դատական ակտով փաստացի խախտվել է արդար դատաքննության իրավունքը: Վերաքննիչ դատարանը, ստանձնելով օրենքով չվերապահված իրավունք, հետազոտել է չվիճարկված ապացույցները և, խեղաթյուրելով դրանք, ապացուցված է համարել դրանցով չհաստատված փաստերը:
Արդյունքում ինձ ճանաչել են սնանկ այնպիսի պարտավորության դիմաց, որը վիճարկվում է այլ գործի շրջանակներում:
Բացի այդ իրավունքի զարգացման անհրաժեշտություն ենք տեսնում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի՝ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների տեսանկյունից: Մասնավորապես՝ արդյոք պահանջի վիճարկվող լինելու պարտադիր նախապայման է, որ այն վիճարկելու հայցը պետք է ներկայացված լինի պարտապանի կողմից, թե կարող են լինել դեպքեր, երբ հայցը ներկայացվել է դիմումատուի կողմից, իսկ պարտապանը, օգտվելով իր դատավարական իրավունքներից, դատական պաշտպանությունը իրականացնում է հայցի դեմ առարկելու եղանակով կամ այլ նախապայմանների դեպքում:
Միաժամանակ իրավունքի զարգացման խնդիր ենք տեսնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ և 379-րդ հոդվածների իմաստով վերաքննության սահմանափակումների ապացույցների հետազոտման տեսանկյունից: Մասնավորապես արդյոք կարող է վերաքննիչ դատարանը հետազոտել ապացույցը և դրա հետևանքները դնել որոշման հիմքում այն պայմաններում, երբ բողոք բերող անձն ուղղակի նշում է, որ չի ցանկանում այդ ապացույցը դարձնել քննության առարկա և եթե այո, ապա որ նախապայմանների առկայության դեպքում: Բացի այդ, արդյոք վերաբերելի են նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները գործի վերաքննության փուլում, այսինքն՝ կարող է արդյոք Վերաքննիչ դատարանը հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցներից մեկը, առանց մյուս ապացույցների հետ համադրման:
Որպես իրավունքի զարգացման խնդիր տեսնում ենք նաև օրենքի այն բացը, թե ինչպեսի ընթացք պետք է ստանա գործը այն պայմաններում, երբ դատավորի բացարկի հիմքերը կողմին հայտնի են դարձել դատական ակտի կայացումից հետո և դրանք հավաստող ապացույցները անհնար է ձեռք բերել առանց համապատասխան դատական ակտի:
Ցանկանում եմ ընդգծել, որ սույն բողոքի ներկայացումը ինքնանպատակ չէ և բողոքով նշված նյութական և դատավարական խախտումները հանգեցրել են հարցի սխալ լուծմանը:
Գտնում ենք, որ նշված հիմնավորումների առկայությամբ վճռաբեկ բողոքը ենթակա է ընդունման»:
Վերոգրյալից բխում է, որ բողոք բերած անձը, վճռաբեկ բողոքը բաժանելով առանձին բաժինների, վճռաբեկ բողոքում որպես այն վարույթ ընդունելու հիմք, ըստ էության, նշել է՝
- բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման՝ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալը՝ պայմանավորված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ և 379-րդ հոդվածների կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ, ու
- առերևույթ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայությունը՝ պայմանավորված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, սակայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համապատասխան բաժնում չի նշել, թե Վերաքննիչ դատարանը նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմերի խախտում է թույլ տվել, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև այդ հիմքի հիմնավորումը:
Նման պայմաննեում կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը պարտավոր էր 09․03․2022 թվականին որոշում կայացնելով առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքն այլ հիմքով վերադարձնելու մասին, այն վերադարձնել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով՝ բողոք բերած անձին հնարավորություն տալով շտկելու այդ թերությունը, իսկ նշված թերությունը չշտկվելու դեպքում վճռաբեկ բողոքը քններ բացառապես բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման՝ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու՝ պայմանավորված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ և 379-րդ հոդվածների կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ, հիմքով։
Հիմք ընդունելով վերոգրյալը կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը տվյալ դեպքում չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ Վերաքննիչ դատարանին վերագրելով դատական ակտը կայացնելիս «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի այնպիսի խախտում թույլ տալը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Չնայած վերոգրյալը բավարար է այլևս չանդրադառնալու համար Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման պատճառաբանություններին, այդուհանդերձ ցանկանում եմ անդրադառնալ նաև դրանց։ Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի իմաստով՝ նյութական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ «Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»։
Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վերաքննիչ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը բեկանել է և փոփոխել այն՝ Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի դիմումը մերժել է։
Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ բողոքի քննության արդյունքներով նման եզրահանգման գալու համար։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես այդպիսի շարժառիթներ, ըստ էության, նշել է, որ՝
- «պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի փաստական հիմքում դրված է եղել Ստեփան Դանիելյանի և Լևոն Մանասերյանի կողմից 02․02․2016 թվականին ստորագրված պարտավորագիրը»,
- «Ստեփան Դանիելյանը 03.10.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Լևոն Մանասերյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, և որպես հայցի փաստական հիմք վկայակոչել է սնանկության դիմումի հիմքում դրված պարտավորագիրը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 15.10.2018 թվականի թիվ ԵԴ/21441/02/18 որոշմամբ Ստեփան Դանիելյանի հայցադիմումն ընդունել է վարույթ»,
- «Սույն գործով պարտապանն առարկել է սնանկության դիմումի դեմ այն պատճառաբանությամբ, որ կողմերի միջև առկա է նյութաիրավական վեճ, որը քննվում է թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում, ինչպես նաև, որ իր և Ստեփան Դանիելյանի միջև կնքված պարտավորագիրը կնքված է եղել նախապայմանով (շորերի վաճառք), իսկ այդ նախապայմանը չի իրագործվել»,
- «մինչև եզրափակիչ դատական ակտի կայացումը հայցային վարույթով քաղաքացիական գործի առկայությունն ուղղակի վկայում է վեճի առկայության մասին, հակառակ դեպքում կբացառվեր հայցային վարույթով գործի քննությունը։ Հետևաբար նման պայմաններում քննվող հայցի փաստական հիմքով սնանկ ճանաչելու դիմումի ներկայացումը չի կարող վկայել պահանջի անվիճելիության մասին, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկ ճանաչելու մասին դիմումի ներկայացումը խոչընդոտ չէ դատարանում հարուցված քաղաքացիական գործի ընթացքի համար»,
- «բովանդակային առումով սնանկության դիմումի բավարարումն, ըստ էության, անվիճելի վճարային պարտավորության փաստի ճանաչումն է, որի չափը և կետանցը բավարար են պարտապանին սնանկ ճանաչելու համար, սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված վճարային պարտավորության կապակցությամբ հայցային վարույթով քննվող քաղաքացիական գործի առկայությունը փաստում է նյութաիրավական վեճի մասին՝ անկախ պարտապանի կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու հանգամանքից»:
Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «տվյալ քաղաքացիական գործի շրջանակներում վճարային պարտավորությունների վերաբերյալ քննվող գործի առկայության պայմաններում այդ վեճի լիարժեք դատական քննության առարկա դառնալուց հետո միայն կարող էր պարտապանի մոտ անվիճելի վճարային պարտավորությունների առկայության մասին հետևություն արվել»։
Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտում վերագրելու համար հետևյալ պատճառաբանությամբ․
Վերոգրյալ շարժառիթների բովանդակությունից բխում է, որ Վճռաբեկ դատարանը Լևոն Մանասերյանի վճարային պարտավորությունը, ըստ էության, դիտելի վիճելի է։ Մինչդեռ կարծում եմ, Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը չի բխում ինչպես իր իսկ կողմից վկայակոչված նախադեպային իրավունքի բովանդակությունից, այնպես էլ՝ սույն գործի փաստերից, քանի որ Վճռաբեկ դատարանի վկայակոչած քաղաքացիական գործի առկայությունը դեռևս բավարար չէ հաստատված համարելու նյութաիրավական վեճի առկայությունը՝ նկատի ունենալով այն հանգամանքները, որ՝
- այդ գործով կողմերի միջև առկա չէ վեճ համապատասխան պարտավորության հիմքերի հետ կապված՝ նշված գործով հայցվորը սույն գործով դիմողն է, և ոչ թե պարտապանը, ով և ներկայացրել է սույն գործով պարտապան Լևոն Մանասերյանից գումար բռնագանձելու պահանջ․
- Լևոն Մանասերյանը տվյալ քաղաքացիական գործով ո՛չ առարկել է այդ պարտավորության դեմ, ո՛չ էլ կասկածի տակ է դրել պահանջի հիմնավորվածությունը՝ չներկայացնելով ինչպես հայցադիմումի պատասխան առարկության ձևով, այնպես էլ՝ հակընդդեմ հայց, որում նշված հակընդդեմ պահանջն ուղղված լիներ սկզբնական պահանջի հաշվանցմանը կամ հակընդդեմ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառեր սկզբնական հայցի բավարարումը։
Վերոգրյալի հիման վրա՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։
Դատավոր` |
Գ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: