Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.05.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/7629/05/19

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/7629/05/19

Նախագահող դատավոր՝

Կ. Մաթևոսյան

Դատավորներ՝

Ա. Առաքելյան
Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

  զեկուցող

Ք. Մկոյան

Հ. Բեդևյան
 

Ա. Թովմասյան

 

2023 թվականի մայիսի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09062021 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Սերյոժա Խաչիկյանի ընդդեմ Ծառայության` 05.08.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909819131 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սերյոժա Խաչիկյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 05.08.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909819131 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Լ Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 06.122019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09062021 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.122019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Հ Կյուրեղյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բավարար չափով չի հետազոտել գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ որոշման հիմքում դրված լուսանկարը։ Նշված լուսանկարը պարունակում է տեղեկատվություն արագության սահմանաչափի վերաբերյալ, մասնավորապես լուսանկարի ձախ վերևի անկյունում նշված է «Лимит 060 км/ч», այսինքն՝ ճանապարհի տվյալ հատվածում սահմանված է եղել երթևեկության առավելագույն արագությունը 60կմ/ժ։ Հետևաբար անկախ այն հանգամանքից, որ Իսակովի պողոտայում տվյալ ժամանակահատվածում առկա է եղել արագության 3 տարբեր ռեժիմներ, թիվ 1909819131 որոշման հիմքում դրված լուսանկարում առկա տվյալների համաձայն ակնհայտ է, որ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության առավելագույն արագությունը եղել է 60կմ/ժ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09062021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

1) Ծառայության 05.08.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909819131 որոշմամբ Սերյոժա Խաչիկյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով՝ 14.07.2019 թվականին ժամը 01:14-ին ք. Երևան, Իսակովի պողոտայում երթևեկության սահմանված արագությունը 5 կմ/ժ-ով գերազանցելու եղանակով ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված 1-ի 68-րդ կետի պահանջները խախտելու համար և նշանակվել է տուգանք՝ 5.000 դրամի չափով (գ.թ. 14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածների խախտում թույլ տալու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման որոշ առանձնահատկություններին։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով::

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը, որը պարունակում է նաև տեխնիկական միջոցով արձանագրված տվյալները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես իրավախախտումը հիմնավորող ապացույց վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում կարող են օգտագործվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված ապացույցները:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (...) (գ) հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները (...):

Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնները սահմանելու լիազորությունն օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթով իրեն վերապահված լիազորությունը, 28.06.2007 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը, որի թիվ 1 հավելվածով հաստատվել են Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները: Ընդ որում, երթևեկության արագության վերաբերյալ կանոնները նախատեսված են նշված որոշման թիվ 1 հավելվածի՝ «Երթևեկության արագությունը» վերտառությամբ VII բաժնի 65-72-րդ կետերով:

Այսպես, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի VII բաժնի 65-րդ կետի համաձայն՝ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ (...):

ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի VII բաժնի 68-րդ կետի համաձայն՝ բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ այն տարածքներում, որոնց մուտքն ու ելքը նշված են 5.21` «Բնակելի գոտի» և 5.22` «Բնակելի գոտու վերջ» նշաններով, ինչպես նաև բակային տարածքներում` 20 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

Նշված որոշման թիվ 1 հավելվածի թիվ 1 Ձևի 3-րդ գլխի համաձայն` արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումներ. դրանցից է թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» նշանը, որը նշանակում է, որ արգելվում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը:

Նույն գլխի համաձայն` թիվ 3.24 նշանի ազդեցությունը տարածվում է նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն:

Բացի այդ, ՀՀ կառավարությունը 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշման թիվ 3 հավելվածով հաստատել է ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները:

Այսպես, նշված որոշման թիվ 3 հավելվածի I բաժնի 3-րդ կետի համաձայն՝ ճանապարհային նշանը ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց է, որն ունի վահանակի տեսք ու որոշակի ձև և որի վրա կատարված են այնպիսի նշումներ ու մակագրություններ, որոնք ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկացնում են ճանապարհային պայմանների և երթևեկության ռեժիմների, բնակավայրերի ու այլ օբյեկտների գտնվելու վայրի մասին:

Նույն որոշման թիվ 3 հավելվածի՝ «Նշանների կիրառման և տեղակայման կանոնները» վերտառությամբ III բաժնի 50.24-րդ կետի համաձայն՝ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» նշանը կիրառվում է ճանապարհի տեղամասում` նախորդ տեղամասում սահմանվածից տարբեր առավելագույն արագություն սահմանելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում` բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը նշանի վրա նշվածից ավելի արագությամբ (կմ/ժ) արգելելու համար: (...) Եթե տվյալ տեղամասում սահմանվում է այնպիսի առավելագույն արագություն, որը նախորդ տեղամասի առավելագույն արագությունից տարբերվում է 20 կմ/ժ և ավելի արագությամբ, ապա կիրառվում է ոչ ավելի քան 20 կմ/ժ քայլով արագության աստիճանական սահմանափակում` իրարից 100-150 մ հեռավորության վրա 3.24 նշաններ հաջորդաբար տեղակայելու ճանապարհով:

Վերոգրյալ իրավանորմերի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված արգելող ճանապարհային նշաններից մեկը թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» նշանն է, որը սահմանում է երթևեկության որոշակի սահմանափակում, այն է` արգելում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը: Հետևաբար, տրանսպորտային միջոցների վարորդները կարող են պատասխանատվության ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նաև թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ նշանի գործողության տարածքում գերազանցել են սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ տեխնիկական միջոցով տրանսպորտային միջոցի արագության գերազանցումը ֆիքսելու դեպքում, այդ հանգամանքը հաստատելու համար, լուսանկարում համապատասխան ճանապարհային նշանի առկայությունը կամ բացակայությունը չունի էական նշանակություն։ Սակայն դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ արագաչափ սարքով տրանսպորտային միջոցի արագության վերաբերյալ տվյալը կարող է հիմք հանդիսանալ վարչական պատասխանատվության համար, եթե չեն խախտվել տվյալ սարքի տեխնիկական և շահագործման պայմանները, որոնք սահմանված են տվյալ սարքի արտադրողի կողմից և ստուգաչափված են չափագիտության լիազոր մարմնի կողմից։

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտել է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու փաստը վիճելի կհամարվի այն պարագայում, եթե ապացուցվի, որ խախտվել են արագաչափ սարքի տեխնիկական շահագործման պայմանները, այլ ոչ թե լուսանկարում թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի բացակայությունը (տե՛ս, Տիգրան Գեղամյան ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ թիվ ՎԴ/8980/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10122021 թվականի որոշումը):

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանված արագությունը գերազանցելու համար բոլոր դեպքերում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար բավարար է արագաչափ սարքով տրանսպորտային միջոցի արագության վերաբերյալ տվյալը, քանի դեռ որևէ այլ ապացույցով չի հաստատվել տվյալ սարքի տեխնիկական և շահագործման պայմանների վերաբերյալ խախտումներ։ Նման խախտումների բացակայության դեպքում արագաչափ սարքով տրանսպորտային միջոցի արագության վերաբերյալ ֆիքսված տվյալը համարվում է բավարար ապացույց՝ անձին սահմանված արագությունը գերազանցելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու համար և չի հարուցում որևէ կասկած՝ կապված անձի կողմից նշված իրավախախտումը թույլ տալու հետ։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Սերյոժա Խաչիկյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) Ծառայության 05.08.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909819131 որոշումը: Նշված վարչական ակտով Սերյոժա Խաչիկյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինս 14.07.2019 թվականին ժամը 01:14-ին ք. Երևան, Իսակովի պողոտայում, երթևեկել է 75կմ/ժ արագությամբ` գերազանցելով երթևեկության սահմանված արագությունը 5կմ/ժ-ով, չկատարելով թիվ 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի պահանջը:

Դատարանը 06.122019 թվականի վճռով հայցը բավարարել է պատճառաբանելով, որ «լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների ու իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած է հարուցում, որպիսի պայմաններում լուսանկարով առանց որևէ կասկածի չի հաստատվում հայցվորի կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստը: Դատարանը, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, տվյալ կասկածը մեկնաբանելով հօգուտ հայցվորի՝ գտնում է, որ ապացուցված չէ հայցվորի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանք կատարելու փաստը»։

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Ծառայության վերաքննիչ բողոքը՝ արձանագրելով, որ «վիճարկվող որոշման հիմքում ընկած լուսանկարով չի հաստատվում այն փաստը, որ հայցվորը 75 կմ/ժ արագությամբ երթևեկել է Երևան քաղաքի Իսակով պողոտայի այն հատվածում, որտեղ սահմանված առավելագույն արագությունը եղել է 60 կմ/ժ: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ լուսանկարով չի հաստատվում թե ենթադրյալ իրավախախտումը Երևան քաղաքի Իսակովի պողոտայի որ հատվածում է տեղի ունեցել: Իսկ այն պայմաններում, երբ վարչական մարմնի ներկայացված ապացույցով հաստատվում է, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում առկա է առավելագույն արագության երեք ռեժիմ, իրավախախտման փաստի կասկած չհարուցելու համար պետք է առնվազն հստակ լինի ճանապարհի այն հատվածը, որտեղ կատարվել է ենթադրյալ իրավախախտումը: Մինչդեռ, սույն դեպքում վիճարկվող որոշման հիմքում ընկած լուսանկարով չի հաստատվում այն փաստը, որ հայցվորը 75 կմ/ժ արագությամբ երթևեկել է հենց 60 կմ/ժ առավելագույն արագության ռեժիմի պայմաններում»։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստին և ստորադաս դատարանների եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը դրանք գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ սույն գործով առկա չէ որևէ ապացույց, որով կհիմնավորվի, որ ք. Երևան, Իսակովի պողոտայում տեղադրված լուսանկարահանող արագաչափ սարքի տեխնիկական շահագործման պայմանները խախտվել են: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավախախտումն արձանագրած լուսանկարը, որպես թույլատրելի ապացույց, բավարար չափով ուսումնասիրելու դեպքում Վերաքննիչ դատարանը կեզրահանգեր, որ լուսանկարահանող արագաչափ սարքից ստացված լուսանկարը պարունակում է հայցվորին վերագրվող իրավախախտման փաստը հաստատող բավարար տեղեկություններ: Մասնավորապես, քննարկվող վարչական վարույթում միակ թույլատրելի ապացույց հանդիսացող լուսանկարը պարունակող տեսաերիզի հետազոտմամբ ակնհայտ է դառնում, որ իրավախախտման պահին իրավախախտման վայրում թույլատրելի առավելագույն արագությունը եղել է 60կմ/ժ, իսկ հայցվորը լուսանկարում պատկերված իրեն պատկանող 71FO001 հաշվառման համարանիշի MERCEDES-BENZ մակնիշի կապտասև մետալիկ գույնի տրանսպորտային միջոցով 14.07.2019 թվականին ժամը 01:14-ին երթևեկել է 75կմ/ժ արագությամբ, այսինքն՝ գերազանցել է թույլատրելի առավելագույն արագությունը 5կմ/ժ-ով: Ընդ որում, տվյալ լուսանկարում առկա արարքի հատկանիշները իրավախախտման հատկանիշների հետ համադրելու արդյունքում թույլատրելի առավելագույն արագության ռեժիմի խախտման վերաբերյալ որևէ ողջամիտ կասկած չի կարող առաջանալ:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում առկա չի եղել Ծառայության 05.08.2019 թվականի թիվ 1909819131 որոշումն անվավեր ճանաչելու որևէ հիմք, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշում, որ եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն (տե՛ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը)։

Հաշվի առնելով, որ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վճռաբեկ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանման և փոփոխման արդյունքում մերժվում է վճռաբեկ դատարանի կողմից։ Այլ կերպ ասած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից:

Հաշվի առնելով, որ Սերյոժա Խաչիկյանը, հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, նրա կողմից ներկայացված հայցը ենթակա է մերժման, իսկ սույն գործով վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար Ծառայության կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Սերյոժա Խաչիկյանի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09062021 թվականի որոշումը և այն փոփոխել. Սերյոժա Խաչիկյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 0508.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1909819131 որոշումն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ք. Մկոյան

Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: