ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2021 թվականի N 1386-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց N 103 հասցեում գտնվող 951.4 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ՝ գույք) և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.396 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականի մայիսի 25-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 63 539 680 դրամ.
2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 63 539 680 դրամ.
3) որ աճուրդի հաղթողը (այսուհետ` գնորդ) պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը` 17 590 320 դրամ.
4) աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից վճարված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3. Կոմիտեի նախագահին՝
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսել, որ գնորդը վճարումները կատարում է աճուրդի արձանագրությունը ստորագրելու օրվանից՝ տասնօրյա ժամկետում.
4) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով.
5) գնորդի կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի արժեքի՝ 114 168 դրամի (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո 30 օրվա ընթացքում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդի կողմից սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում՝ վճարված նախավճարը չի վերադարձվում, աճուրդը համարվում է չկայացած, և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով։
5. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |