ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2021 թվականի N 219-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 23-րդ մասի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, N 6 հավելվածի N 1 աղյուսակում փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Սահմանել, որ սույն որոշման N 5 հավելվածով 1230. Ռազմական դրության պայմաններում քաղաքացիների կյանքի ու անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագրով նախատեսված տրանսպորտային փոխադրման ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Հակոբ Վարդանյան» անհատ ձեռնարկատիրոջից, ճաշարանային և որոշակի հաճախորդների համար նախատեսված այլ հանրային սննդի օբյեկտների մատուցած ծառայությունները՝ «Վալենսիա ՀՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, իսկ այլ հյուրանոցային ծառայությունները՝ «ՍՊ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, չկիրառելով ինչպես նույն պարբերությամբ սահմանված՝ գնման առարկայի ամբողջ ծավալով ձեռքբերման ժամկետային սահմանափակման (երեսուն օրացուցային օր), այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ», «ը» և 3-րդ ենթակետի պահանջները:
3. Սահմանել, որ սույն որոշման N 5 հավելվածով 1224. «Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագրի» 11001 «Կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված մեկուսացված անձանց կեցության ապահովում» միջոցառման շրջանակներում նախատեսված գնումներն իրականացվում, իսկ վճարումները կատարվում են հաշիվ-ապրանքագրերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 296-Ա որոշմամբ նախատեսված կարգով, հաշվի առնելով նաև, որ սույն կետով նախատեսված գործարքների նկատմամբ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
(հավելվածը փոփ. 23.12.21 N 2172-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2021 թվական: