ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ |
Վարչական գործ թիվ ՎԴ/4571/05/13 |
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան |
Դատավորներ՝ Ա. Աբովյան Ք. Մկոյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
|
զեկուցող |
Տ. Պետրոսյան |
|
|
Ա. Բարսեղյան |
|
|
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
|
|
Վ. Ավանեսյան |
|
|
Մ. Դրմեյան |
|
|
Գ. Հակոբյան |
|
|
Ս. Միքայելյան |
Է. Սեդրակյան | ||
|
|
Ն. Տավարացյան |
2019 թվականի օգոստոսի 01-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Դի ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.10.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նազելի Նահատակյանի և Գրիշա Չաումյանի ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձ Ընկերության` Նազելի Նահատակյանի և Գրիշա Չաումյանի մասով ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի «Երևան քաղաքի Արամի թիվ 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումների և ծրագիրը հաստատելու մասին» թիվ 342-Ա որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթակետի, «գ» ենթակետում նախատեսված անձանց համար ծրագրով կարգավորումներ սահմանող կետերի (11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ), ինչպես նաև որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «ծրագրի 8-րդ կետի 1-ին մասի «գ» ենթակետում նշված շահառուներ» նախադասության մասով Որոշումը վերացնելու և Նազելի Նահատակյանի ու Գրիշա Չաումյանի` որպես Որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված անձանց համար պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա նույնական իրավունքներ, պարտականություններ կամ այլ կանոններ (իրավակարգավորում), ինչ 8-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված անձանց համար, սահմանելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Նազելի Նահատակյանը և Գրիշա Չաումյանը պահանջել են իրենց մասով վերացնել Որոշումը՝ Որոշմամբ հաստատված ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթակետի, «գ» ենթակետում նախատեսված անձանց համար ծրագրով կարգավորումներ սահմանող կետերի (11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ), ինչպես նաև որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «ծրագրի 8-րդ կետի 1-ին մասի «գ» ենթակետում նշված շահառուներ» նախադասության մասով, և պարտավորեցնել ՀՀ կառավարությանն իրենց` որպես Որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված անձանց համար սահմանել պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա նույնական իրավունքներ, պարտականություններ կամ այլ կանոններ (իրավակարգավորում), ինչ 8-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված անձանց համար։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) 19.12.2013 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ա. Առաքելյան, Ք. Մկոյան, Գ. Ղարիբյան) 19.06.2014 թվականի որոշմամբ Նազելի Նահատակյանի և Գրիշա Չաումյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և ՀՀ վարչական դատարանի 19.12.2013 թվականի վճիռը բեկանվել է ու գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) 02.04.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը (դատավորներ` Ա. Առաքելյան, Ք. Մկոյան, Գ. Ղարիբյան), Ընկերության վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարելով, իսկ ՀՀ կառավարության կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ մասնակիորեն բավարարելով, 20.11.2015 թվականի որոշմամբ բեկանել է ՀՀ վարչական դատարանի 02.04.2015 թվականի վճիռը և գործն ուղարկել է ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ալ. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 18.11.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.10.2017 թվականի որոշմամբ Նազելի Նահատակյանի և Գրիշա Չաումյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Դատարանի 18.11.2016 թվականի վճիռը բեկանվել է ու գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ, 399-րդ և 566-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ, 66-րդ, 67-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Նազելի Նահատակյանին և Գրիշա Չաումյանին փոխանցվել են չկնքված՝ առոչինչ պայմանագրերից ծագած անվավեր իրավունքներ: Ընդ որում, հենց նման գործարքների անվավեր լինելու հատկանիշները հաշվի առնելով է ՀՀ կառավարությունը Որոշմամբ հաստատված ծրագրով շահառուներին առանձնացրել առանձին խմբերի: Այդպիսի դասակարգումն իրավաչափ է, քանի որ պետությունը որևէ պարտավորություն չունի այն անձանց նկատմամբ, ովքեր սեփական կամքով, առանց որևէ պետական հարկադրանքի գումար են վճարել «Գապբնակշին» ՍՊԸ-ին կամ սկզբնական գնորդներին կամ իրացված գույքերի նախկին սեփականատերերին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Նազելի Նահատակյանի՝ որպես Որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետի «գ» ենթակետի խմբում ընդգրկված շահառուի, իրավունքներն ամբողջությամբ Պատրիկ Աճեմյանին զիջած լինելու պարագայում Նազելի Նահատակյանը սույն գործով ներկայացված հայցապահանջներով այլևս չունի իրավական շահագրգռվածություն:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գրիշա Չաումյանի կողմից չեն ներկայացվել այնպիսի վերաբերելի և թույլատրելի ապացույցներ, որոնցով կհիմնավորվեին վերջինիս սուբյեկտիվ իրավունքների խախտման փաստի կամ խախտման առաջացման վտանգի առկայությունը՝ ներկայացված հայցի առումով իր իրավական շահագրգռվածությունը, դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ հանդիսանալը: Հետևաբար Գրիշա Չաումյանը սույն գործով դատարան դիմելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքը կրող սուբյեկտ չէ: Ավելին՝ ակնհայտ է, որ Գրիշա Չաումյանը սույն գործով պարտավորեցման հայց հարուցելու շահագրգիռ անձ չէ, և այդ հայցապահանջի մասով գործի վարույթը ենթակա է կարճման, կամ այդ պահանջը ենթակա է մերժման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.10.2017 թվականի որոշումը «և փոփոխել այն՝ Գրիշա Չաումյանի և Նազելի Նահատակյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 17.06.2005 թվականին Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Երևանի քաղաքապետի, որի լիազորված անձն է հանդիսացել «ԳԱՊԲՆԱԿՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Աղազարյանը, և Վարդուհի, Միհրան, Անի Անթոսյանների, Նարինե Խաչատրյանի միջև կնքվել է «Պետության կարիքների համար անշարժ գույքի սեփականության, օգտագործման իրավունքներից, տնօրինումից տիրապետումից և օգտագործումից հրաժարվելու, անձանց հաշվառումից հանելու, դրա դիմաց փոխհատուցման կարգով բնակելի մակերես հատկացնելու մասին» թիվ 120 պայմանագիրը, որի 1.2-րդ կետի համաձայն՝ համասեփականատերեր Միհրան և Անի Անթոսյանները, Նարինե Խաչատրյանը ՀՀ կառավարության 01.08.2002 թվականի թիվ 1151 և 17.08.2004 թվականի թիվ 909-Ն որոշումներով նախանշված՝ Երևան քաղաքի գլխավոր պողոտայում պետական քաղաքաշինական ծրագրերի իրականացման նպատակով ի օգուտ Հայաստանի Հանրապետության հրաժարվում են սեփականության իրավունքով իրենց պատկանող Երևան քաղաքի Արամի թիվ 78 հասցեում գտնվող 62,3քմ ընդհանուր մակերեսով շինությունից և դրա նկատմամբ ունեցած սեփականության՝ տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներից, իրենք և իրենց ընտանիքի անդամները դուրս են գրվում նշված հասցեի հաշվառումից և պարտավորվում են ՀՀ կառավարության 17.06.2004 թվականի թիվ 909-Ն որոշման հիման վրա Երևան քաղաքի կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի օտարման գոտում ընդգրկված՝ Երևան քաղաքի Արամի թիվ 78 հասցեում գտնվող վերոնշյալ շինությունը հանձնել կառուցապատողի տնօրինմանը՝ վերջինիս կողմից հետագայում շինությունը քանդելու, հողամասը ըստ Երևան քաղաքի գլխավոր պողոտայում պետական քաղաքաշինական ծրագրերի իրականացման նպատակային նշանակության օգտագործելու համար: Նույն պայմանագրի 1.3-րդ կետի համաձայն՝ կառուցապատողը պարտավորվել է իր տնօրինմանը հանձնված պայմանագրի 1.2-րդ կետում նշված շինության դիմաց Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրի 1.2-րդ կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ունեցած բոլոր իրավունքներից ամբողջությամբ հրաժարվելու և շինությունը քանդելու դիմաց տրվելիք հատուցագնի փոխարեն համասեփականատերեր Վարդուհի, Միհրան և Անի Անթոսյաններին ու Նարինե Խաչատրյանին հատկացնել կառուցապատման հատվածում Երևան քաղաքի Արամի թիվ 72-80 հասցեներում կառուցվող 12 հարկանի արևմտյան բնակելի շենքի 10-րդ հարկի հարավ-արևմտյան հատվածից 125քմ ընդհանուր մակերեսով տարածք (բնակարան) և նույն շենքի նույն հատվածի 11-րդ հարկից 125քմ ընդհանուր մակերեսով տարածք (բնակարան) (հատոր 1-ին, գ.թ. 78-82).
2) Վարդուհի, Միհրան, Անի Անթոսյանների, Նարինե Խաչատրյանի (Վաճառողներ) և Գրիշա Չաումյանի (Գնորդ) ու Հայաստանի Հանրապետության, ի դեմս «ԳԱՊԲՆԱԿՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Աղազարյանի միջև 09.07.2005 թվականին կնքվել և նոտարական կարգով վավերացվել է «Սեփականության իրավունքի առուվաճառքի» թիվ 11129 պայմանագիրը, որի 1.1-ին կետի համաձայն՝ Գրիշա Չաումյանը 17.606.400 ՀՀ դրամ (40.000 ԱՄՆ դոլար) գումարով գնել է 17.06.2005 թվականին կնքված թիվ 120 պայմանագրի 1.3-րդ կետով Վարդուհի, Միհրան, Անի Անթոսյաններին և Նարինե Խաչատրյանին հատկացվող, Երևան քաղաքի Արամի թիվ 72-80 հասցեներում կառուցվող 12 հարկանի արևմտյան բնակելի շենքի 10-րդ հարկի հարավ-արևելյան հատվածից 125քմ ընդհանուր մակերեսով և նույն շենքի նույն հատվածի 11-րդ հարկից 125քմ ընդհանուր մակերեսով տարածքների (բնակարանների) նկատմամբ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 83-85).
3) 11.06.2010 թվականին նոտարական կարգով վավերացված «Սեփականության իրավունքի առուվաճառքի» պայմանագրի 2-րդ կետի համաձայն` Գրիշա Չաումյանը վաճառել է, իսկ Նազելի Նահատակյանը գնել է Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 72-80 հասցեներում կառուցվող 12 հարկանի արևմտյան բնակելի շենքի 10-րդ հարկի հարավ արևելյան հատվածից 125քմ ընդհանուր մակերեսով տարածքի 114,3քմ մակերեսով տարածքի նկատմամբ 09.02.2005 թվականին ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից 09.07.2005 թվականին վավերացված թիվ 11129 առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 86-87).
4) ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի թիվ 342-Ա որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետով սահմանվել է Ծրագրի շահառուների կազմը, ըստ որի՝ Ծրագրի շահառուներ են հանդիսանում անձանց հետևյալ խմբերը.
ա. Արամի թիվ 72-80 հասցեներում իրացման գոտում իրացված գույքերի նախկին սեփականատերերը, օգտագործողները կամ սեփականատիրոջ, օգտագործողի ժառանգները` իրացման պայմանագրով որպես հատուցում նախատեսված` ապագայում տրամադրվելիք տարածքի մակերեսի չափով, նվազեցրած հետագայում ստացած գումարային հատուցումները և այլ անձի փոխանցված (զիջված) իրավունքի մակերեսները, անկախ ապագա գույքի հանձնման մասով իրացման պայմանագրի անվավերության իրավական հիմքերի առկայությունից, իրացված գույքի պայմանագրային արժեքից և օգտագործողի անձնագրային հաշվառումը (գրանցումը) տարածքը պետության կարիքների համար վերցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա կադաստրում սահմանափակումների գրանցումից հետո կատարված լինելու հանգամանքից (...),
գ. Արամի թիվ 72-80 հասցեներում իրացման գոտում իրացված գույքերի նախկին սեփականատիրոջից կամ օգտագործողից իրավունքի զիջման գործարքով բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման համար վճարում կատարած անձինք` այդ վճարման չվերադարձված մնացորդի չափով, անկախ իրավունքի զիջման գործարքի անվավերության իրավական հիմքերի առկայությունից, բացառությամբ նրանց, ովքեր իրավունքը զիջած անձի դեմ շարունակվող հայցային պահանջատիրություն ունեն վճարած գումարի վերադարձման պահանջով (...) (հատոր 1-ին, գ.թ. 15-45).
5) Նազելի Նահատակյանը 09.04.2013 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ խնդրելով «ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցները և Երևան քաղաքի Արամի թիվ 72-80 հասցեներում իրացման գոտում իրացված գույքերի նախկին սեփականատերերի, օգտագործողների կամ սեփականատիրոջ, օգտագործողի ժառանգների և Երևան քաղաքի Արամի թիվ 72-80 հասցեներում իրացման գոտում իրացված գույքերի նախկին սեփականատիրոջից կամ օգտագործողից իրավունքի զիջման գործարքով բնակարանի գնման իրավունքի ձեռք բերման համար վճարում կատարած անձանց համար «Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրերից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումների ծրագրի մասին» որոշման ընդունման դեպքում նախատեսել նույն իրավակարգավորումը» (հատոր 7-րդ, գ.թ. 118-120).
6) Ընկերության՝ որպես Ծրագիրն իրականացնող սուբյեկտի, կողմից 25.05.2013 թվականին Նազելի Նահատակյանը ճանաչվել է Արամի փողոցի թիվ 72 շենքի 10-րդ հարկի 114,3քմ մակերեսով տարածքի 95.097 ԱՄՆ դոլարի պահանջատիրության չափով Ծրագրի 8-րդ կետի 1-ին մասի «գ» ենթակետի շահառու: Միաժամանակ սահմանվել է շահառուի 30.050 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ելակետային պահանջի չափ (հատոր 7-րդ, գ.թ. 25-26).
7) 07.05.2014 թվականին Նազելի Նահատակյանի (Ցեդենտ) և Պատրիկ Աճեմյանի (Ցեսիոների) միջև կնքվել է «Շահառուի գույքային իրավունքների զիջման մասին» պայմանագիր, որի համաձայն՝ Ցեդենտը հատուցմամբ զիջել, իսկ Ցեսիոները ձեռք է բերել Ծրագրի իրականացման հետ կապված գործընթացում Ցեդենտին՝ որպես Ծրագրի 8-րդ կետի 1-ին մասի «գ» ենթակետի խմբում ընդգրկված Շահառուի, տրամադրված իրավունքները, այն է՝ Ծրագրի համաձայն հաշվարկված Շահառուի 95.097 ԱՄՆ դոլար պահանջատիրության չափը և 30.050 ԱՄՆ դոլար ելակետային պահանջի չափն ամբողջությամբ։ Պայմանագրի 1.3-րդ կետի համաձայն՝ Ցեդենտի՝ որպես Ծրագրի շահառուի, պահանջի իրավունքն անցնում է Ցեսիոներին՝ նույն պայմանագիրը ստորագրելու պահին առկա ծավալով և պայմաններով (հատոր 7-րդ, գ.թ. 40):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` բացառիկ` գերակա հանրային շահի հիմքով հասարակության և պետության կարիքների համար պետական արտաքին հարկադրանքի ներքո իրենց գույքն օտարած անձանց և վերջիններիս հետ իրենց կամքով և ռիսկով, առանց պետական հարկադրանքի քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքած անձանց հատուցումներ տրամադրելու տարբեր իրավակարգավորումների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
- արդյո՞ք կոնկրետ հարաբերությունները կարգավորող իրավական ակտով նախատեսված որոշակի խմբի մեջ չմտնող անձինք հանդիսանում են այդ իրավական ակտը վիճարկելու «իրական (ռեալ)» իրավունք ունեցող սուբյեկտներ,
- արդյո՞ք կոնկրետ հարաբերությունները կարգավորող իրավական ակտով նախատեսված որոշակի խմբի մեջ մտնող անձի կողմից իր իրավունքներն այլ անձի փոխանցելու պարագայում տվյալ խմբի համար սահմանված իրավակարգավորումների մասով սկզբնական իրավատերը պահպանում է իրավական ակտը վիճարկելու շահագրգիռ անձի կարգավիճակը,
- արդյո՞ք պարտավորեցման հայցը ենթակա է դատարանում քննության, եթե մինչև ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելը հայցվորը չի դիմել վարչական մարմնին՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելու պահանջով:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու ժամանակահատվածում գործել է 28.11.2007 թվականին ընդունված, 01.01.2008 թվականից ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Նախկին օրենսգիրք), իսկ գործով վճիռը կայացվել է 07.01.2014 թվականից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի գործողության ժամանակահատվածում:
Նախկին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով։
Համանման իրավակարգավորում է սահմանված նաև 07.01.2014 թվականից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` ՄԻԵԴ) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե´ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի վճիռը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի վճիռը, պարբ. 32):
Վկայակոչված իրավանորմերը սահմանում են, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան: Այսինքն` սկզբունքորեն ենթադրվում է, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի և իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան:
Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն` դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե´ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:
Մեկ այլ՝ 17.04.2012 թվականի թիվ ՍԴՈ-1022 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, նախատեսելով վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը, նրանց՝ դատարան դիմելու իրավունքի իրականացումը յուրաքանչյուր դեպքում պայմանավորել է որոշակի իրավական նախադրյալների, այն է՝ «իրավական շահի» առկայությամբ։ Ընդ որում, յուրաքանչյուր դատավարական սուբյեկտի պարագայում այն կրում է իրեն ներհատուկ բնույթ։ Նրանց «իրավական շահը», կախված գործի փաստական հանգամանքներից, ինչպես նաև կոնկրետ սուբյեկտի իրավական կարգավիճակից, կրում է անհատականացված, կոնկրետ հասցեավորված բնույթ, և դրա առկայությունը յուրաքանչյուր դեպքում ենթակա է պարտադիր բացահայտման վարչական դատավարության՝ հայցադիմումի ընդունելիության փուլում։ Արդյունքում սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը։ Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու նկատմամբ իրավական շահի առկայության համատեքստում՝ ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները։
Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ (տե´ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով խնդրո առարկա հարցի վերաբերյալ իր ձևավորած իրավական դիրքորոշումը, ևս մեկ անգամ փաստում է, որ անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը վարչական դատավարության կարգով վիճարկելու դեպքում անձը պետք է հիմնավորի, որ այդ վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը: Եթե գործի քննության ընթացքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` վարչական դատարանը հանգում է այն եզրակացության, որ վիճարկվող վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ հայցով դատարան դիմած անձի որևէ իրավունք չի խախտվել, կամ վիճարկվող վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը որևէ կերպ չեն առնչվում տվյալ անձի ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, ապա գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն պետք է վճիռ կայացնի վերջինիս հայցը մերժելու վերաբերյալ:
Օրենսդիրը, ինչպես նախկին, այնպես էլ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, նշված օրենսգրքերի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից են նաև Նախկին օրենսգրքի 65-66-րդ հոդվածներով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-67-րդ հոդվածներով սահմանված վիճարկման ու պարտավորեցման հայցերը, որոնցով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը կամ պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է։ Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է՝ հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը։ Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է։ Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը)։
Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի, դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե′ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Այսպես. Նախկին օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող էր պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը։ ՀՀ վարչական դատավարության գործող օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ oրենսդրի կողմից անձին իրավունք է վերապահվել հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտով խախտվում են կամ կարող են խախտվել իր իրավունքները։ Այսինքն՝ դատարան վիճարկման հայց ներկայացնելու համար պարտադիր պայման է հանդիսանում վարչական ակտի առկայությունը, որն այն վիճարկող անձի համար պետք է ունենա միջամտող ազդեցություն։
Նախկին օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող էր պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել։ Որոշ փոփոխություններով համանման կարգավորում է նախատեսվել նաև 07.01.2014 թվականից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով:
Միաժամանակ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող Նախկին օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված էր պարտավորեցման հայցով դատարան դիմելու ժամկետներ, որի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հայցը դատարան կարող էր ներկայացվել՝ պարտավորեցման հայցի դեպքում՝
ա. մեկամսյա ժամկետում այն պահից, երբ մերժվել է տվյալ վարչական ակտի ընդունումը,
բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է վարչական ակտ ընդունելու համար սահմանված առավելագույն ժամկետը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ իրավակարգավորումներից բխում է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին։ Ընդ որում պարտավորեցման հայց ներկայացնելու ժամկետների հաշվարկը ևս օրենսդիրը պայմանավորել է դիմում ներկայացնելու և դրա առնչությամբ վարչական մարմնի դրսևորած վարքագծով:
Այսինքն` պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ մասի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե բացահայտվել են նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնին ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած չլինելու հանգամանքով պայմանավորված անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը: Այսինքն՝ պարտավորեցման հայցի մասով հայցվորի և պատասխանողի միջև պետք է առկա լինի վեճ, որը ենթակա կլինի ՀՀ վարչական դատարանի քննությանը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Նազելի Նահատակյանի և Գրիշա Չաումյանի վիճարկման և պարտավորեցման հայցերի հիման վրա, որոնցով վերջիններս պահանջել են վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի թիվ 342-Ա որոշմամբ հաստատված Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթակետը, այդ ենթակետում նախատեսված անձանց համար Ծրագրով կարգավորումներ սահմանող կետերը (11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ), ինչպես նաև որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը՝ «Ծրագրի 8-րդ կետի 1-ին մասի «գ» ենթակետում նշված շահառուներ» նախադասության մասով, և պարտավորեցնել ՀՀ կառավարությանը սահմանելու Նազելի Նահատակյանի ու Գրիշա Չաումյանի` որպես Ծրագրի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված անձանց, համար պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա նույնական իրավունքներ, պարտականություններ կամ այլ կանոններ (իրավակարգավորում), ինչ 8-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված անձանց համար:
Դատարանը մերժել է Նազելի Նահատակյանի և Գրիշա Չաումյանի հայցը: Դատարանը Նազելի Նահատակյանի մասով իր վճռի հիմքում դրել է այն հանգամանքը, որ Նազելի Նահատակյանը Ծրագրի իրականացման հետ կապված գործընթացում իրեն՝ որպես Ծրագրի 8-րդ կետի «գ» ենթակետի խմբում ընդգրկված Շահառուի, տրամադրված իրավունքները, այն է՝ Ծրագրի համաձայն հաշվարկված 95.097 ԱՄՆ դոլար պահանջատիրության չափը և 30.050 ԱՄՆ դոլար ելակետային պահանջի չափը, «Շահառուի գույքային իրավունքների զիջման մասին» 07.05.2014 թվականի պայմանագրով զիջել է Պատրիկ Աճեմյանին: Ուստի, ըստ Դատարանի, Նազելի Նահատակյանն այլևս նշված պահանջի իրավատեր չէ, սույն գործով ներկայացված հայցապահանջներով չունի իրավական որևէ շահագրգռվածություն, այսինքն՝ չի հանդիսանում իր առերևույթ խախտված իրավունքների պաշտպանության նպատակով ներկայացված հայցապահանջներով «իրական (ռեալ)» իրավունք ունեցող շահագրգիռ անձ:
Պարտավորեցման հայցի մասով Գրիշա Չաումյանի հայցը մերժելը Դատարանը պատճառաբանել է այն հանգամանքով, որ մինչև նշված հայցապահանջով դատարան դիմելը հայցվորն այդ պահանջով վարչական մարմնին դիմում չի ներկայացրել, մինչդեռ ինչպես հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, այնպես էլ 07.01.2014 թվականից ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կանոնակարգումներից բխում է, որ պարտավորեցման հայց կարող է ներկայացվել վարչական մարմնին դիմելուց և վերջինիս կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելուց հետո, իսկ մինչև 07.01.2014 թվականը գործող կարգավորմամբ նաև սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելուց հետո:
Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ նման պայմաններում հայցվորի կողմից ներկայացված վիճարկման հայցապահանջով դատական պաշտպանությունը տվյալ դեպքում հանդիսանում է ինքնանպատակ, քանի որ այն ուղղված չէ հայցվորի կողմից հետապնդվող հիմնական նպատակի՝ իր ենթադրյալ խախտված իրավունքի վերականգնմանը։
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Նազելի Նահատակյանի և Գրիշա Չաումյանի վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 09.07.2005 թվականի պայմանագրով Միհրան, Անի, Վարդուհի Անթոսյանների և Նարինե Խաչատրյանի` 17.06.2005 թվականի թիվ 120 պայմանագրի առարկայի նկատմամբ ունեցած իրավունքը փոխանցվել է Գրիշա Չաումյանին, իսկ 11.06.2010 թվականի պայմանագրով Գրիշա Չաումյանն է իր իրավունքը` պայմանագրում նշված մասով, փոխանցել Նազելի Նահատակյանին: Հետևաբար Ծրագրի՝ «Ծրագրի շահառուների կազմը» վերտառությամբ 2-րդ բաժնում առանձնացված բոլոր չորս խմբերի շահառուների նկատմամբ պետք է դրսևորվեր միատեսակ մոտեցում, մինչդեռ դրսևորվել է տարբերակված մոտեցում, ինչը Վերաքննիչ դատարանը դիտել է ոչ իրավաչափ:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Պատրիկ Աճեմյանի հետ կնքած ցեսիայի պայմանագրով Նազելի Նահատակյանն օտարել է տվյալ պահին իր ունեցած` Ծրագրի 8-րդ կետի «գ» ենթակետով սահմանված պահանջի իրավունքը, մինչդեռ սույն հայցի առարկան հանդիսանում է այն հանգամանքը, որ հայցվորը ևս պետք է ունենա հատուցման այն նույն իրավունքը, որով օժտված են Ծրագրի 8-րդ կետի «ա» ենթակետով սահմանված շահառուները։ Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն անհիմն է գնահատել Դատարանի պատճառաբանությունները` պահանջի իրավունքն այլ անձի զիջելու պայմաններում դատարան դիմելու իրավունքը կորցրած լինելու մասին։
Գրիշա Չաումյանի մասով պարտավորեցման հայցը մերժելու Դատարանի պատճառաբանությունների առնչությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում Գրիշա Չաումյանի կողմից համապատասխան բարենպաստ վարչական ակտ կայացնելու պահանջ ՀՀ կառավարությանը չի ներկայացվել, տվյալ պահանջը քննության առարկա չի դարձվել, հետևաբար հայցվոր Գրիշա Չաումյանի և պատասխանող ՀՀ կառավարության միջև այդ մասով բացակայում է վեճը: Նշվածի հիմքով Վերաքննիչ դատարանը գտել է, որ պարտավորեցման հայցի` Դատարանում քննության ենթակա լինելու հանգամանքն անհրաժեշտ է պարզել գործի նոր քննության արդյունքում` գնահատելու նշված մասով գործի վարույթը կարճելու հարցը, ուստի տվյալ դեպքում առկա է հայցվոր Գրիշա Չաումյանի կողմից ներկայացված հայցը հարուցելու իրավունքի նախադրյալի բացակայությունը կամ առկայությունը պարզելու անհրաժեշտություն, որը կարող է տեղի ունենալ գործի նոր քննության արդյունքում։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Նախ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ներկայացված վիճարկման հայցով հայցվորների շահագրգիռ անձ լինելու հարցին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի թիվ 342-Ա որոշմամբ հաստատված Ծրագրի 2-րդ բաժնով սահմանվել է Ծրագրի շահառուների կազմը, ըստ որի՝ Ծրագրի շահառուներ են հանդիսանում անձանց հետևյալ խմբերը.
ա. Արամի թիվ 72-80 հասցեներում իրացման գոտում իրացված գույքերի նախկին սեփականատերերը, օգտագործողները կամ սեփականատիրոջ, օգտագործողի ժառանգները` իրացման պայմանագրով որպես հատուցում նախատեսված` ապագայում տրամադրվելիք տարածքի մակերեսի չափով, նվազեցրած հետագայում ստացած գումարային հատուցումները և այլ անձի փոխանցված (զիջված) իրավունքի մակերեսները, անկախ ապագա գույքի հանձնման մասով իրացման պայմանագրի անվավերության իրավական հիմքերի առկայությունից, իրացված գույքի պայմանագրային արժեքից և օգտագործողի անձնագրային հաշվառումը (գրանցումը) տարածքը պետության կարիքների համար վերցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա կադաստրում սահմանափակումների գրանցումից հետո կատարված լինելու հանգամանքից,
բ. (...),
գ. Արամի թիվ 72-80 հասցեներում իրացման գոտում իրացված գույքերի նախկին սեփականատիրոջից կամ օգտագործողից իրավունքի զիջման գործարքով բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման համար վճարում կատարած անձինք` այդ վճարման չվերադարձված մնացորդի չափով, անկախ իրավունքի զիջման գործարքի անվավերության իրավական հիմքերի առկայությունից, բացառությամբ նրանց, ովքեր իրավունքը զիջած անձի դեմ շարունակվող հայցային պահանջատիրություն ունեն վճարած գումարի վերադարձման պահանջով,
դ. (...),
ե. (...):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը թվարկված «ա» խմբի համար (որպես ուղղակիորեն պետության հետ գույքային հարաբերությունների մեջ գտնվողների) Ծրագիրը նախատեսել է իրենց իրավական կարգավիճակից բխող մոտեցումներ և մեթոդաբանություն, այդ թվում համապատասխան հարկային ռեժիմ: Վերը թվարկված մյուս խմբերի, այդ թվում նաև՝ «գ» ենթակետում նշված անձանց, համար (որպես սեփական կամքով, առանց որևէ պետական հարկադրանքի մասնավոր հարաբերությունների մեջ գտնվողների) Ծրագիրը նախատեսել է միասնական մոտեցում և կորուստների վերականգնման միասնական մեթոդաբանություն: Մասնավորապես, անձի կորցրած գումարը հաշվարկվում է ԱՄՆ դոլարով, հաշվեգրվում են տոկոսներ և ստացվող պահանջատիրության չափից ելնելով՝ հաստատուն լրավճարների գանձմամբ տրամադրվում են համապատասխան տարածքներ Արամի փողոցի շենքից կամ Ծիծեռնակաբերդի խճուղում կառուցվող շենքից: Այսպիսով, Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «ա» խմբի համար սահմանվել է առանձնահատուկ կարգավորում, իսկ մնացած խմբերի համար՝ մեկ միասնական, իրարից չտարբերվող կարգավորում, որը Վճռաբեկ դատարանը գտնում է իրավաչափ հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Երևանի քաղաքապետի, որի լիազորված անձն է հանդիսացել «ԳԱՊԲՆԱԿՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Աղազարյանը, և Վարդուհի, Միհրան, Անի Անթոսյանների, Նարինե Խաչատրյանի միջև 17.06.2005 թվականին կնքվել է «Պետության կարիքների համար անհրաժեշտ գույքի սեփականության, օգտագործման իրավունքներից, տնօրինումից տիրապետումից և օգտագործումից հրաժարվելու, անձանց հաշվառումից հանելու, դրա դիմաց փոխհատուցման կարգով բնակելի մակերես հատկացնելու մասին» թիվ 120 պայմանագիրը, որի 1.2-րդ կետի համաձայն՝ վերջիններս ի օգուտ Հայաստանի Հանրապետության հրաժարվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող Երևան քաղաքի Արամի թիվ 78 հասցեում գտնվող 62,3քմ ընդհանուր մակերեսով շինությունից և դրանց նկատմամբ ունեցած սեփականության՝ տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներից, իրենք և իրենց ընտանիքի անդամները և նույն կետում նշված մյուս հասցեի բնակիչները պարտավորվել են դուրս գրվել նշված հասցեի հաշվառումից և պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի օտարման գոտում ընդգրկված՝ Երևան քաղաքի Արամի 78 հասցեում գտնվող վերոնշյալ շինությունը հանձնել կառուցապատողի տնօրինմանը: Նույն պայմանագրի 1.3-րդ կետի համաձայն՝ կառուցապատողը պարտավորվել է իր տնօրինմանը հանձնված պայմանագրի 1.2-րդ կետում նշված շինության դիմաց Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրի 1.2-րդ կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ունեցած բոլոր իրավունքներից ամբողջությամբ հրաժարվելու և շինությունը քանդելու դիմաց տրվելիք հատուցագնի փոխարեն համասեփականատերեր Վարդուհի, Միհրան և Անի Անթոսյաններին ու Նարինե Խաչատրյանին հատկացնել կառուցապատման հատվածում Երևան քաղաքի Արամի թիվ 72-80 հասցեներում կառուցվող 12 հարկանի արևմտյան բնակելի շենքի 10-րդ հարկի հարավ-արևմտյան հատվածից 125քմ ընդհանուր մակերեսով տարածք (բնակարան) և նույն շենքի նույն հատվածի 11-րդ հարկից 125քմ ընդհանուր մակերեսով տարածք (բնակարան):
Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության և Վարդուհի, Միհրան, Անի Անթոսյանների, Նարինե Խաչատրյանի միջև ծագել են պարտավորական հարաբերություններ, որի համաձայն՝ Վարդուհի, Միհրան և Անի Անթոսյաններն ու Նարինե Խաչատրյանը հրաժարվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող Երևան քաղաքի Արամի 78 հասցեում գտնվող 62,3քմ ընդհանուր մակերեսով շինությունից և դրանց նկատմամբ ունեցած սեփականության՝ տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներից՝ պարտավորվելով դուրս գրվել նշված հասցեի հաշվառումից և պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի օտարման գոտում ընդգրկված Երևան քաղաքի Արամի 78 հասցեում գտնվող վերոնշյալ շինությունը հանձնել կառուցապատողի տնօրինմանը, իսկ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է հատուցել դրա դիմաց պայմանագրում նշված կարգով:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վարդուհի, Միհրան և Անի Անթոսյաններն ու Նարինե Խաչատրյանը համապատասխանում են Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետով սահմանված «ա» խմբին, քանի որ նրանք պետական արտաքին հարկադրանքի ներքո պետությանն են օտարել իրենց սեփականությունը, իսկ պետությունը պարտավորվել է հատուցել դրա դիմաց: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը 17.06.2005 թվականին կնքված թիվ 120 պայմանագրի հիմքով պարտավոր է հատուցել Վարդուհի, Միհրան և Անի Անթոսյաններին ու Նարինե Խաչատրյանին՝ Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «ա» խմբի համար սահմանված հատուկ կանոններով:
Ինչ վերաբերում է սույն գործով հայցվորներ Նազելի Նահատակյանին և Գրիշա Չաումյանին, ապա պետությունը նրանց հետ պարտավորական հարաբերությունների մեջ չի մտել ու որևէ պարտավորություն նրանց հանդեպ չի ստանձնել:
Այսպես՝ Գրիշա Չաումյանը, առանց որևէ արտաքին հարկադրանքի, իր կամքով և ռիսկով 09.07.2005 թվականին նոտարական կարգով վավերացված «Սեփականության իրավունքի առուվաճառքի» պայմանագրով 17.606.400 ՀՀ դրամ (40.000 ԱՄՆ դոլար) գումարով Վարդուհի, Միհրան և Անի Անթոսյաններից ու Նարինե Խաչատրյանից գնել է 17.06.2005 թվականին կնքված թիվ 120 պայմանագրի 1.3-րդ կետով վերջիններիս հատկացվող, Երևան քաղաքի Արամի թիվ 72-80 հասցեներում կառուցվող 12 հարկանի արևմտյան բնակելի շենքի 10-րդ հարկի հարավ-արևելյան հատվածից 125քմ ընդհանուր մակերեսով և նույն շենքի նույն հատվածի 11-րդ հարկից 125քմ ընդհանուր մակերեսով տարածքների (բնակարանների) նկատմամբ սեփականության իրավունքը:
Վարդուհի, Միհրան և Անի Անթոսյանների ու Նարինե Խաչատրյանի հետ 09.07.2005 թվականի պայմանագրի կնքման հիմքով Գրիշա Չաումյանը չի համապատասխանում Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետով սահմանված խմբերից՝
- «ա»-ին, քանի որ նա պետական արտաքին հարկադրանքի ներքո պետությանը չի օտարել իր սեփականությունը,
- «բ»-ին, քանի որ նա առուվաճառքի նախնական պայմանագրի հիմքով «Գապբնակշին» ՍՊԸ-ին գումար վճարած անձ չէ,
- «դ»-ին, քանի որ նա այլ կառուցապատող կամ կապալառու հանդիսացող իրավունքի սուբյեկտի հետ անշարժ գույքի նախնական առուվաճառքի պայմանագրեր կնքած և տվյալ կառուցապատողին գումար վճարած կամ այլ կառուցապատողին տարածք իրացրած, սակայն հետագայում «Գապբնակշին» ՍՊԸ-ին իրականում որոշակի լրավճարի կատարմամբ Արամի թիվ 72-80 շենքում տարածքի նախնական առուվաճառքի պայմանագրեր կնքած անձ չէ,
- «ե»-ին, քանի որ նա 15.03.2013 թվականից հետո «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված շահառու անձանցից իրավունքի զիջման գործարքով, ժառանգությամբ կամ ամուսնալուծության հետևանքով իրավունք ձեռք բերած անձ չէ:
Նշված պայմանագրի մասով առերևույթ համապատասխանություն կարող է լինել Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետով սահմանված «գ» ենթակետի հետ, որում ընդգրկված են իրացված գույքերի նախկին սեփականատիրոջից կամ օգտագործողից իրավունքի զիջման գործարքով, այսինքն՝ ցեսիայի պայմանագրով բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման համար վճարում կատարած անձինք, քանի որ Գրիշա Չաումյանը պետության կարիքների համար իրենց սեփականությունն օտարած անձանց վճարել է գումար: Սակայն Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված խմբի հետ իրական համապատասխանություն առկա չէ, քանի որ Գրիշա Չաումյանը Վարդուհի, Միհրան և Անի Անթոսյանների ու Նարինե Խաչատրյանի հետ 09.07.2005 թվականին կնքել է ոչ թե ցեսիայի պայմանագիր՝ ձեռք բերելով «Գապբնակշին» ՍՊԸ-ի հետ վերջինիս կնքած առուվաճառքի նախնական պայմանագրից ծագած իրավունքները, այլ՝ «Սեփականության իրավունքի առուվաճառքի» պայմանագիր, որով 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք 17.606.400 գումարի դիմաց գնել է Երևան քաղաքի Արամի թիվ 72-80 հասցեներում կառուցվող 12 հարկանի արևմտյան բնակելի շենքի 10-րդ հարկի հարավ-արևելյան հատվածից 125քմ ընդհանուր մակերեսով և նույն շենքի նույն հատվածի 11-րդ հարկից 125քմ ընդհանուր մակերեսով տարածքների (բնակարանների) նկատմամբ սեփականության իրավունքը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գրիշա Չաումյանը չի համապատասխանում Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետով սահմանված «ա-ե» ենթակետերից որևէ մեկին:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով հայցվորներից Նազելի Նահատակյանը ևս չի համապատասխանում Ծրագրի 8-րդ կետում թվարկված ենթակետերից և ոչ մեկին:
Այսպես, Նազելի Նահատակյանը, առանց որևէ արտաքին հարկադրանքի, իր կամքով և ռիսկով, 11.06.2010 թվականին նոտարական կարգով վավերացված «Սեփականության իրավունքի առուվաճառքի» պայմանագրով Գրիշա Չաումյանից գնել է Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 72-80 հասցեներում կառուցվող 12 հարկանի արևմտյան բնակելի շենքի տասներորդ հարկի հարավ արևելյան հատվածից 125քմ ընդհանուր մակերեսով տարածքի 114.3քմ մակերեսով տարածքի նկատմամբ 09.02.2005 թվականին ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից 09.07.2005 թվականին վավերացված թիվ 11129 առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը, այն է՝ նշված տարածքի մասով թիվ 120 պայմանագրի 1.3-րդ կետով Վարդուհի, Միհրան և Անի Անթոսյաններին ու Նարինե Խաչատրյանին հատկացվող սեփականության իրավունքը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նազելի Նահատակյանը չի համապատասխանում Ծրագրի 8-րդ կետում թվարկված ենթակետերից՝
- «ա»-ին, քանի որ նա պետական արտաքին հարկադրանքի ներքո պետությանը չի օտարել իր սեփականությունը,
- «բ»-ին, քանի որ նա առուվաճառքի նախնական պայմանագրի հիմքով «Գապբնակշին» ՍՊԸ-ին գումար վճարած անձ չէ,
- «գ»-ին, քանի որ նա Արամի թիվ 72-80 հասցեներում իրացման գոտում իրացված գույքերի նախկին սեփականատիրոջից կամ օգտագործողից իրավունքի զիջման գործարքով բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման համար վճարում կատարած անձ չէ,
- «դ»-ին, քանի որ նա այլ կառուցապատող կամ կապալառու հանդիսացող իրավունքի սուբյեկտի հետ անշարժ գույքի նախնական առուվաճառքի պայմանագրեր կնքած և տվյալ կառուցապատողին գումար վճարած կամ այլ կառուցապատողին տարածք իրացրած, սակայն հետագայում «Գապբնակշին» ՍՊԸ-ին իրականում որոշակի լրավճարի կատարմամբ Արամի թիվ 72-80 շենքում տարածքի նախնական առուվաճառքի պայմանագրեր կնքած անձ չէ,
- «ե»-ին, քանի որ նա 15.03.2013 թվականից հետո «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված շահառու անձանցից իրավունքի զիջման գործարքով, ժառանգությամբ կամ ամուսնալուծության հետևանքով իրավունք ձեռք բերած անձ չէ:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած նրան, որ Նազելի Նահատակյանը չի համապատասխանել Ծրագրի 8-րդ կետում թվարկված ենթակետերից և ոչ մեկին, այդուհանդերձ Ծրագիրն իրականացնող Ընկերության կողմից 25.05.2013 թվականին նա ճանաչվել է Արամի փողոցի թիվ 72 շենքի 10-րդ հարկի 114,3քմ մակերեսով տարածքի 95.097 ԱՄՆ դոլարի պահանջատիրության չափով Ծրագրի 8-րդ կետի «գ» ենթակետի շահառու: Միաժամանակ սահմանվել է շահառուի 30.050 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ելակետային պահանջի չափ: Նշված իրավունքը, սակայն, 07.05.2014 թվականին կնքված «Շահառուի գույքային իրավունքների զիջման մասին» պայմանագրով Նազելի Նահատակյանը (Ցեդենտ) հատուցմամբ զիջել է Պատրիկ Աճեմյանին (Ցեսիոներ), ինչի հիման վրա վերջինս ձեռք է բերել Ծրագրի իրականացման հետ կապված գործընթացում Ցեդենտին, որպես Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթակետի խմբում ընդգրկված շահառուի տրամադրված իրավունքները, այն է՝ Ծրագրի համար հաշվարկված շահառուի 95.097 ԱՄՆ դոլար պահանջատիրության չափը և 30.050 ԱՄՆ դոլար ելակետային պահանջի չափը, ամբողջությամբ: Այսինքն՝ 07.05.2014 թվականի «Շահառուի գույքային իրավունքների զիջման մասին» պայմանագրի կնքման փաստով Նազելի Նահատակյանը դադարել է հանդիսանալ Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթակետի խմբում ընդգրկված Շահառուի իրավունքների կրողը, հետևաբար Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթակետի կարգավորումների առնչությամբ ներկայացված հայցապահանջներով վերջինս այլևս չունի իրավական շահագրգռվածություն, այսինքն՝ իր առերևույթ խախտված իրավունքների պաշտպանության նպատակով ներկայացված հայցապահանջներով «իրական (ռեալ)» իրավունք ունեցող շահագրգիռ անձ չի հանդիսանում, որպիսի պարագայում Դատարանը իրավացիորեն մերժել է Նազելի Նահատակյանի կողմից ներկայացված հայցը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետում թվարկված «բ-ե» ենթախմբերի անձանց հետ պետությունը պարտավորական հարաբերությունների մեջ չի մտել և նրանց հանդեպ պետությունը որևէ պարտավորություն չունի, այդուհանդերձ այդ խմբի անձինք ևս դիտվել են շահառու, որոնց համար նախատեսվել է կորուստների վերականգնման միասնական, պետության հետ ուղղակի պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող առաջին ենթախմբից տարբերվող մեթոդաբանություն:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նազելի Նահատակյանն ու Գրիշա Չաումյանն իրենց առերևույթ խախտված իրավունքների պաշտպանության նպատակով ներկայացված հայցապահանջներով «իրական (ռեալ)» իրավունք ունեցող շահագրգիռ անձ չեն հանդիսանում, քանի որ չեն համապատասխանում Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթախմբին, ուստի նշված խմբի կարգավորումների առնչությամբ ներկայացված հայցապահանջներով վերջիններս չունեն իրավական շահագրգռվածություն: Այսպես՝
ա) Գրիշա Չաումյանը Վարդուհի, Միհրան և Անի Անթոսյանների ու Նարինե Խաչատրյանի հետ 09.07.2005 թվականին կնքել է ոչ թե իրավունքի զիջման (ցեսիայի) պայմանագիր, այլ «Սեփականության իրավունքի առուվաճառքի» պայմանագիր, որով 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք 17.606.400 գումարի դիմաց գնել է Երևան քաղաքի Արամի թիվ 72-80 հասցեներում կառուցվող 12 հարկանի արևմտյան բնակելի շենքի 10-րդ հարկի հարավ-արևելյան հատվածից 125քմ ընդհանուր մակերեսով և նույն շենքի նույն հատվածի 11-րդ հարկից 125քմ ընդհանուր մակերեսով տարածքների (բնակարանների) նկատմամբ սեփականության իրավունքը: Մինչդեռ, Գրիշա Չաումյանը կարող էր ակնկալել Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթախմբում ընդգրկվելու հնարավորություն, եթե Վարդուհի, Միհրան և Անի Անթոսյանների ու Նարինե Խաչատրյանի հետ կնքեր ոչ թե «Սեփականության իրավունքի առուվաճառքի» պայմանագիր, այլ՝ իրավունքի զիջման գործարք, այսինքն՝ «ցեսիայի» պայմանագիր, պահպանելով այդ պայմանագրի կնքման համար օրենքով սահմանված բոլոր պահանջները,
բ) Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթախմբում ընդգրկվելու ակնկալիք Նազելի Նահատակյանը կարող էր ունենալ միայն այն դեպքում, եթե Արամի թիվ 72-80 հասցեներում իրացման գոտում իրացված գույքերի նախկին սեփականատիրոջ կամ օգտագործողի հետ կնքած լիներ իրավունքի զիջման գործարք, այսինքն՝ ցեսիայի պայմանագիր, պահպանելով այդ պայմանագրի կնքման համար օրենքով սահմանված բոլոր պահանջները: Մինչդեռ Նազելի Նահատակյանը 11.06.2010 թվականի պայմանագիրը կնքել է ոչ թե Արամի թիվ 72-80 հասցեներում իրացման գոտում իրացված գույքերի նախկին սեփականատիրոջ կամ օգտագործողի հետ, այլ իրացված գույքի նախկին սեփականատեր չհանդիսացող անձի՝ Գրիշա Չաումյանի հետ: Ընդ որում, կնքվել է ոչ թե ցեսիայի պայմանագիր, այլ՝ «Սեփականության իրավունքի առուվաճառքի» պայմանագիր, որով Նազելի Նահատակյանը գնել է Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 72-80 հասցեներում կառուցվող 12 հարկանի արևմտյան բնակելի շենքի տասներորդ հարկի հարավ-արևելյան հատվածից 125քմ ընդհանուր մակերեսով տարածքի 114,3քմ մակերեսով տարածքի նկատմամբ 09.02.2005 թվականին ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից 09.07.2005 թվականին վավերացված թիվ 11129 առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարդուհի, Միհրան, Անի Անթոսյանների, Նարինե Խաչատրյանի և Գրիշա Չաումյանի միջև, ինչպես նաև Գրիշա Չաումյանի և Նազելի Նահատակյանի միջև կնքվել են ոչ թե իրավունքի զիջման գործարքներ («ցեսիայի» պայմանագրեր), այլ՝ «Սեփականության իրավունքի առուվաճառքի» պայմանագիր, որպիսիք Ծրագրով նախատեսված չեն: Ավելին, Ծրագիրն իրականացնող Ընկերության կողմից ճանաչված Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթախմբի շահառուի իրավունքները 07.05.2014 թվականին կնքված «Շահառուի գույքային իրավունքների զիջման մասին» պայմանագրով Նազելի Նահատակյանը (Ցեդենտ) հատուցմամբ զիջել է Պատրիկ Աճեմյանին (Ցեսիոներ)՝ դադարելով հանդիսանալ այդ իրավունքների կրողը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթախմբի կարգավորումների առնչությամբ ներկայացված հայցապահանջով սույն գործով հայցվորների պարագայում բացակայում է իրավական շահագրգռվածությունը, քանի որ իրենց առերևույթ խախտված իրավունքների պաշտպանության նպատակով ներկայացված հայցապահանջներով «իրական (ռեալ)» իրավունք ունեցող շահագրգիռ անձ հայցվորները չեն հանդիսանում, որպիսի պարագայում Դատարանն իրավացիորեն մերժել է հայցը, կայացնելով վեճն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Հաջորդիվ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ներկայացված պարտավորեցման հայցով հայցվորների՝ իրավական շահագրգռվածություն ունենալու հարցին:
Ինչպես նշվել է, պարտավորեցման հայցով հայցվորները խնդրել են պարտավորեցնել պատասխանողին սահմանելու Նազելի Նահատակյանի ու Գրիշա Չաումյանի` որպես ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի թիվ 342-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված անձանց համար պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա նույնական իրավունքներ, պարտականություններ կամ այլ կանոններ (իրավակարգավորում), ինչ 8-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված անձանց համար:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Նազելի Նահատակյանի կողմից պահպանվել է պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու նախապայմանը: Մասնավորապես՝ վերջինս մինչև սույն գործով հայցադիմումը ՀՀ վարչական դատարան ներկայացնելը՝ 09.04.2013 թվականին, դիմում է ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ խնդրելով ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցները և Երևան քաղաքի Արամի թիվ 72-80 հասցեներում իրացման գոտում իրացված գույքերի նախկին սեփականատերերի, օգտագործողների կամ սեփականատիրոջ, օգտագործողի ժառանգների և Երևան քաղաքի Արամի թիվ 72-80 հասցեներում իրացման գոտում իրացված գույքերի նախկին սեփականատիրոջից կամ օգտագործողից իրավունքի զիջման գործարքով բնակարանի գնման իրավունքի ձեռք բերման համար վճարում կատարած անձանց «Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրերից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումների ծրագրի մասին» որոշման ընդունման դեպքում նախատեսել նույն կարգավորումը: Այդուհանդերձ, նշված հանգամանքն ինքնին հիմք չէ Նազելի Նահատակյանի հայցը բավարարելու համար, քանի որ հայցադիմումը դատարան ներկայացնելուց հետո, 07.05.2014 թվականին կնքված «Շահառուի գույքային իրավունքների զիջման մասին» պայմանագրով Նազելի Նահատակյանը Ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթախմբի շահառուի իրավունքները հատուցմամբ զիջել է Պատրիկ Աճեմյանին՝ դադարելով հանդիսանալ այդ իրավունքների կրողը, ուստի սույն գործով պարտավորեցման հայցի մասով ևս Նազելի Նահատակյանը այլևս չունի «իրական (ռեալ)» այնպիսի իրավունքներ, որոնք ենթակա են դատական պաշտպանության:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն իրավաչափ է գնահատում Դատարանի եզրահանգումն այն մասին, որ Ծրագրի 8-րդ կետի «գ» ենթախմբում ընդգրկված շահառուի իրավունքներն ամբողջությամբ Պատրիկ Աճեմյանին զիջած լինելու պարագայում Նազելի Նահատակյանն այլևս նշված պահանջի իրավատեր չէ, ուստի սույն գործով ներկայացված պարտավորեցման հայցով ևս չունի իրավական շահագրգռվածություն: Այսինքն՝ իր առերևույթ խախտված իրավունքների պաշտպանության նպատակով ներկայացված հայցապահանջներով Նազելի Նահատակյանն «իրական (ռեալ)» իրավունք ունեցող շահագրգիռ անձ չի հանդիսանում, հետևաբար նշված պահանջի մասով ևս մերժելով Նազելի Նահատակյանի հայցը՝ Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Ինչ վերաբերում է պարտավորեցման հայցով Գրիշա Չաումյանի իրավական շահագրգռվածությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ մինչև ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելը բարենպաստ վարչական ակտ ընդունելու պահանջով Գրիշա Չաումյանը ՀՀ կառավարությանը չի դիմել:
Վերոգրյալ փաստական հանգամանքների և իրավական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնին ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած չլինելու հանգամանքով պայմանավորված՝ Գրիշա Չաումյանի մոտ չի ծագել սույն գործով պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը: Այսինքն՝ պարտավորեցման հայցի մասով Գրիշա Չաումյանի և սույն գործով պատասխանողի միջև որևէ վեճ առկա չի եղել, հետևաբար այդ պահանջի մասով Գրիշա Չաումյանի ներկայացրած հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա է եղել մերժման: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումի ընդունումը մերժելու վերոգրյալ հիմքի առկայությունն ինքնին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն, հիմք է հանդիսանում գործի վարույթը կարճելու համար: Մինչդեռ Դատարանը նշված պահանջի մասով գործի վարույթը կարճելու փոխարեն կայացրել է Գրիշա Չաումյանի հայցը մերժելու մասին վճիռ, իսկ Վերաքննիչ դատարանն այդ մասով գործի վարույթը կարճելու փոխարեն Դատարանի վճիռը բեկանել է և ուղարկել նոր քննության՝ անտեսելով այն հանգամանքը, որ ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով սույն գործով պատասխանողին Գրիշա Չաումյանի դիմած չլինելու փաստն անվիճելի լինելու պարագայում բացակայում է նաև այդ մասով գործը լրացուցիչ քննության ուղարկելու և Գրիշա Չաումյանի մոտ պարտավորեցման հայց ներկայացնելու իրավական նախադրյալների, այդ թվում՝ դատարան դիմելու իրավունքի ծագման հարցերը պարզելու անհրաժեշտությունը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետով սահմանված` Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործի վարույթը մասնակիորեն կարճելու, ինչպես նաև մյուս մասով Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և գործի վարույթը մասնակիորեն կարճելը, իսկ մյուս մասով Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում են արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելիս և գործի վարույթը մասնակիորեն կարճելիս, իսկ մյուս մասով Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Դատարանի՝ գործը մասամբ ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դատական ակտին պետք է մասամբ օրինական ուժ տալ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, արձանագրում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 40.000 ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, գտնում է, որ Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ենթակա է հատուցման հայցվորներ Նազելի Նահատակյանի և Գրիշա Չաումյանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.10.2017 թվականի որոշման՝ ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի «Երևան քաղաքի Արամի թիվ 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումների և ծրագիրը հաստատելու մասին» թիվ 342-Ա որոշումը մասնակիորեն՝ այդ որոշմամբ հաստատված ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթակետի, «գ» ենթակետում նախատեսված անձանց համար ծրագրով կարգավորումներ սահմանող կետերի (11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ), ինչպես նաև որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «ծրագրի 8-րդ կետի 1-ին մասի «գ» ենթակետում նշված շահառուներ» նախադասության մասով, վերացնելու պահանջի, ինչպես նաև Նազելի Նահատակյանի` որպես ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի թիվ 342-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված անձի, համար պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա նույնական իրավունքներ, պարտականություններ կամ այլ կանոններ (իրավակարգավորում), ինչ 8-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված անձանց համար, սահմանելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործը նոր քննության ուղարկելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 18.11.2016 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:
Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.10.2017 թվականի որոշման՝ Գրիշա Չաումյանի՝ որպես ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի թիվ 342-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված անձի, համար պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա նույնական իրավունքներ, պարտականություններ կամ այլ կանոններ (իրավակարգավորում), ինչ 8-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված անձանց համար, սահմանելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործը նոր քննության ուղարկելու մասը, և այդ մասով սույն գործի վարույթը կարճել:
2. Նազելի Նահատակյանից և Գրիշա Չաումյանից համապարտության կարգով հօգուտ «Դի ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Տ. Պետրոսյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Է. Սեդրակյան