ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1575/02/14
Քաղաքացիական գործ
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան
Դատավորներ՝ |
Ա. Մկրտչյան |
Ա. Սմբատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
|
զեկուցող |
Վ. Ավանեսյան |
|
|
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
|
|
Ե. Խունդկարյան |
|
|
Գ. Հակոբյան |
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
|
|
Ն. Տավարացյան |
2019 թվականի մարտի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Վարդան Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Դիդաս Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` 258.693 ԱՄՆ դոլարը Բանկում գործող թիվ 2080000469600101 դոլարային հաշվեհամարին վերականգնելուն պարտավորեցնելու, վնասի հատուցման և հաշվեգրվող տոկոսների, տույժերի բռնագանձման պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով Դատարան` Ընկերությունը պահանջել է Բանկին պարտավորեցնել վերականգնելու 258.693 ԱՄՆ դոլարը Բանկում գործող թիվ 2080000469600101 դոլարային հաշվեհամարին և Բանկից բռնագանձել 50.000.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի փոխհատուցում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) 15.12.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Հ. Ենոքյան, Ս. Միքայելյան, Ա. Սմբատյան) 13.04.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Գործի նոր քննության ընթացքում լրացնելով հայցի առարկան` Ընկերությունը պահանջել է նաև Բանկից բռնագանձել (1) 258.693 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 924-րդ հոդվածի հիմքով ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով սահմանված տույժ` սկսած 14.05.2014 թվականից, (2) 258.693 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 920-րդ հոդվածի և 906-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով տոկոսներ, (3) վերոգրյալ երկրորդ պահանջում նշված գումարի նկատմամբ 14.05.2014 թվականից սկսած յուրաքանչյուր եռամսյակի համար չվճարված տոկոսի նկատմամբ հաշվարկված ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով տույժ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Է. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 07.03.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Բանկին պարտավորեցնել վերականգնելու Ընկերության` Բանկում գործող թիվ 2080000469600101 դոլարային հաշվեհամարին մուտքագրված 258.693 ԱՄՆ դոլարը` համաչափ գումար մուտքագրելով այդ հաշվեհամարին, Բանկից հօգուտ Ընկերության սկսած 14.05.2014 թվականից բռնագանձել 258.693 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 924-րդ հոդվածով սահմանված տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով: Մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ Դատարան) 16.07.2018 թվականի որոշմամբ Ընկերության և Բանկի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 07.03.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 17-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Պարտավորեցնելով Բանկին Ընկերության հաշվին վերականգնել 258.693 ԱՄՆ դոլարը` ստորադաս դատարաններն անտեսել են, որ եթե անգամ Բանկը վճարման հանձնարարականի հետ կապված թույլ է տվել խախտումներ, ապա Ընկերությունը չի կարող համարվել շահագրգիռ անձ, քանի որ վճարման հանձնարարականով գումարը փոխանցվել է «Արիան Մոթորս» ՍՊԸ-ին` Բանկի հանդեպ ունեցած պարտքի մարման նպատակով: Այսինքն` Բանկը, հաշվի առնելով, որ վճարման հանձնարարականի նպատակը «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի` Բանկի հանդեպ ունեցած պարտքի մարումն է եղել, վճարման հանձնարարականի հիման վրա փոխանցված գումարը փոխանցել է «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի հաշվեհամարին և այդ գումարի չափով նվազեցրել է պարտքի գումարը: Արդյունքում վճարման հանձնարարականի հիման վրա փոխանցված գումարը Բանկի կողմից ուղղվել է իր նպատակային նշանակությանը:
Վերոնշյալ հանգամանքը հաստատվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.06.2017 թվականի թիվ ԵԿԴ/3366/02/14 քաղաքացիական գործով կայացված վճռով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 16.07.2018 թվականի որոշումը` ամբողջությամբ մերժելով հայցը»:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.04.2017 թվականի որոշմամբ հաստատվել է այն փաստը, որ քանի դեռ գործում առկա չէ այլ ապացույց, ապա առկա ապացույցների պայմաններում բանկի կողմից վճարման հանձնարարականի չեղարկումը համարվում է ոչ իրավաչափ: Նոր քննության ընթացքում կողմերը որևէ ապացույց չեն ներկայացրել: Վճարման հանձնարարականը չեղարկելու իրավաչափության ապացուցման պարտականությունը կրում էր Բանկը, ով չի կատարել իր պարտականությունը և պետք է կրի դրա բացասական հետևանքները:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Բանկի և Ընկերության միջև 20.11.2007 թվականին կնքվել է թիվ 1959 բանկային (ցպահանջ ավանդային) հաշվի սպասարկման պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 33-34).
2) 14.05.2014 թվականի թիվ 500072 միջազգային վճարման հանձնարարագրի (էլեկտրոնային համար` 0369/93/85) համաձայն` «Դիդաս Կո» իրանական կազմակերպության կողմից Բանկում Ընկերության թիվ 2080000469600101 հաշվին փոխանցվել է 258.693 ԱՄՆ դոլար: Նշված վճարման հանձնարարագրում որպես շահառու նշվել է Ընկերությունը, իսկ որպես նպատակ` ««Արիան Մոթորս» ընկերության վարկի մարման դիմաց»: Նշված գումարը փոխանցվել է «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի հաշվին (հատոր 1-ին, գ.թ. 36, 92).
3) 19.05.2014 թվականի թիվ 14-500072 ազատ ֆորմատով հաղորդագրության համաձայն` Բանկը, հղում տալով 14.05.2014 թվականի վճարման հանձնարարականով կատարված փոխանցմանը, նշված վճարման հանձնարարագիրը կատարելու համար Թեհրանում գտնվող Մելլաթ բանկին խնդրել է «72 դաշտում նշված հրահանգի փոխարեն 52 դաշտում նշել «Արիան Մոթորս» ՍՊԸ»: Խնդրել է նաև շտապ կատարել վերը նշված փոփոխությունները` հնարավորություն տալով ի կատար ածելու տվյալ փոխանցումը (հատոր 1-ին, գ.թ. 37).
4) 20.05.2014 թվականին Իրանի Մելլաթ բանկի արտարժութային բաժնի կողմից «ՇՏԱՊ» վերտառությամբ գրություն է ուղարկվել Բանկին, որում նշված է «Խնդրում ենք 14.05.2014 թվականին ուղարկված վճարման հանձնարարականով (համար 0369/93/85) 258.693.00 ԱՄՆ դոլարի փոխանցումը համարել չեղյալ» (հատոր 1-ին, գ.թ. 40).
5) 21.05.2014 թվականին Ընկերությանն ուղղված գրությամբ Բանկը հայտնել է, որ հաշվի առնելով Ընկերության բողոքը` կապված «Դիդաս Կո» իրանական կազմակերպության միջոցներով «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի` Բանկում ունեցած վարկի պարտքի մարման հետ` Բանկը հարցում է կատարել փոխանցում կատարող բանկին, և հարցումից հետո փոխանցող բանկը դիմել է փոխանցումը չեղյալ համարելու համար: Հաղորդագրությունը ստանալուց հետո փոխանցումը չեղյալ է համարվել, իսկ գումարը վերադարձվել է փոխանցող բանկին (հատոր 1-ին, գ.թ. 47):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 17-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն գործով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վճարման հանձնարարականը չեղյալ համարելու դեպքում հնարավոր վնասների հատուցման հարցին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 931-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճարման հանձնարարականներով հաշվարկներ կատարելիս բանկը պարտավորվում է վճարողի հանձնարարությամբ նրա հաշվում եղած միջոցներից որոշակի գումարը, օրենքով կամ դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով նախատեսված ժամկետում, փոխանցել նույն կամ այլ բանկում վճարողի նշած անձի հաշվին, եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով կամ սահմանված չէ բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումը (այսուհետ` միջոցների փոխանցում) վճարողի կողմից վճարման հանձնարարականի ներկայացմամբ սկսվող` դրանում նշված շահառուին նախատեսված գումարը վճարելու նպատակով իրականացվող հաջորդական գործողությունների համակցություն է:
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճարման հանձնարարականը (բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) բանկին տրված հանձնարարությունն է` վճարել կամ հանձնարարել այլ բանկի` վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար, եթե`
ա) հանձնարարականը վճարման ժամկետից բացի, շահառուին վճարելու այլ պայման չի սահմանում, և
բ) ստացող բանկը հատուցում է ստանում ուղարկողից` դեբետագրելով ուղարկողի հաշիվը կամ այլ ձևով, և
գ) ուղարկողը ստացող բանկին է հաղորդում հանձնարարությունն ուղղակիորեն կամ միջնորդավորված եղանակով` գործակալի, միջոցների փոխանցման կամ հեռահաղորդակցման համակարգի միջոցով:
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` միջոցների փոխանցման գործարքի մասնակիցները միջոցների փոխանցումն իրականացնելու համար անհրաժեշտ գործարքների կողմերն են` ուղարկողը, ստացող բանկը և շահառուն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ուղարկողը վճարման հանձնարարականը ստացող բանկին ուղարկող (հաղորդող) անձն է: Ուղարկող կարող են լինել վճարողը, վճարողի բանկը և միջնորդ բանկը (բանկերը): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճարողը միջոցների փոխանցման առաջին վճարման հանձնարարականը ներկայացնողն է: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճարողի բանկը վճարողից վճարման հանձնարարական ստացող բանկն է: Եթե վճարողը բանկ է, ապա այն նաև վճարողի բանկն է: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ստացող բանկն այն բանկն է, որին հասցեագրված է ուղարկողի վճարման հանձնարարականը (վճարողի բանկը, միջնորդ բանկը (բանկերը) և շահառուի բանկը): Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` շահառուն վճարողի վճարման հանձնարարականի գումարի փոխանցման վերջնական հասցեատերն է: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` շահառուի բանկը վճարողի վճարման հանձնարարականում նշված այն բանկն է`
ա) որում գտնվում է շահառուի` վճարողի վճարման հանձնարարականի համաձայն կրեդիտագրման ենթակա հաշիվը, կամ
բ) որը վճարողի վճարման հանձնարարականին համապատասխան պետք է վճարման հանձնարարականի գումարը վճարի շահառուին:
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճարման հանձնարարականը չեղյալ համարելը տվյալ վճարման հանձնարարականի գումարի փոխանցումը դադարեցնելն է` ուղարկողին տվյալ գումարն անմիջապես վերադարձնելու պայմանով: Վճարման հանձնարարականը չեղյալ համարելու դեպքում դրա ակցեպտավորումը վերացվում է, իսկ ակցեպտավորումից բխող միջոցների փոխանցման կողմերի իրավունքներն ու պարտականությունները դադարում են:
Վերոնշյալ հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վճարման հանձնարարականներով հաշվարկներ կատարելիս վճարողին (ուղարկողին) սպասարկող բանկը պարտավորվում է վճարողի (ուղարկողի) հանձնարարությամբ նրա հաշվում եղած միջոցներից որոշակի գումարը համապատասխան ժամկետում փոխանցել վճարողի նշած անձի հաշվին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի իմաստով ուղարկողը վճարման հանձնարարականը ստացող բանկին ուղարկող (հաղորդող) անձն է: Ընդ որում` ուղարկող կարող են լինել ինչպես վճարողը` միջոցների փոխանցման առաջին վճարման հանձնարարականը ներկայացնողը, այնպես էլ վճարողի բանկը` վճարողից վճարման հանձնարարական ստացող բանկը: Նույն օրենքի իմաստով շահառուն վճարողի վճարման հանձնարարականի գումարի փոխանցման վերջնական հասցեատերն է, իսկ շահառուի բանկը վճարողի վճարման հանձնարարականում նշված այն բանկն է, որում, մասնավորապես, գտնվում է շահառուի` վճարողի վճարման հանձնարարականի համաձայն կրեդիտագրման ենթակա հաշիվը: Այսինքն` շահառուի բանկը գործում է վճարողի վճարման հանձնարարականին համապատասխան և պարտավոր է կատարել վճարման հանձնարարականով իրեն տրված հանձնարարությունը` մասնավորապես վճարման հանձնարարականում նշված գումարը փոխանցելով վերջնական հասցեատիրոջը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 14.05.2014 թվականի թիվ 500072 միջազգային վճարման հանձնարարագրի համաձայն` «Դիդաս Կո» իրանական կազմակերպության կողմից Բանկում Ընկերության հաշվին փոխանցվել է 258.693 ԱՄՆ դոլար, որը նույն հանձնարարականի հիման վրա ուղղվել է «Արիան Մոթորս» ընկերության վարկի մարմանը: 20.05.2014 թվականին, գործելով Իրանի Մելլաթ բանկի հանձնարարությամբ, Բանկը վերոնշյալ գումարը հետ է փոխանցել Իրանի Մելլաթ բանկին:
Դատարանը հայցի մասնակի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Բանկի կողմից չի հիմնավորվել վճարման հանձնարարագրի չեղարկելու իրավաչափությունը, ինչից հետևում է, որ չեն պահպանվել «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի պահանջները: Ընդ որում, Դատարանը հաստատված է համարել, որ Բանկը վճարման հանձնարարականով ստացված գումարն ուղղել է «Արիան Մոթորս» ընկերության վարկի մարմանը, ինչպես նաև արձանագրել է, որ Բանկը չեղյալ է համարել վճարման հանձնարարականը` առանց ուղարկողի հանձնարարականի:
Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճիռը, հիմնավոր է համարել Դատարանի եզրահանգումը և նշել է, որ սույն գործով չի հաստատվել այն հանգամանքը, որ առկա են եղել վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հիմքերը, ուստի նման պայմաններում Բանկը պետք է գործեր ի շահ Ընկերության:
Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով քննության առարկա է դարձվել վճարման հանձնարարականի չեղարկման իրավաչափությունը, ուստի առաջին հերթին պարզաբանման է ենթակա այն հարցը, թե արդյոք «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի վարկի մարմանն ուղղված դրամական միջոցները դրանք ուղարկող բանկին վերադարձնելը կարող է դիտվել Ընկերության գույքի կորուստ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս ատյանները քննարկել են վճարման հանձնարարականի չեղարկման իրավաչափությունը` անտեսելով, որ փոխանցված գումարը Բանկի կողմից արդեն իսկ ուղղվել էր «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի վարկի մարմանը։ Հետևաբար վճարման հանձնարարականը չեղյալ համարելու վերաբերյալ հանձնարարության և դրա կատարման արդյունքում դրամական միջոցները վճարողին վերադարձնելու գործողության իրավաչափությունը վիճարկելու մասով շահագրգիռ անձ կարող էր հանդիսանալ «Արիան Մոթորս» ՍՊԸ-ն, քանի որ Բանկի գործողություններն անդրադարձել են Բանկի հանդեպ «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի ունեցած վարկային պարտավորությունների ծավալին։ Այլ կերպ ասած` Բանկի կողմից դրամական միջոցներն ուղղվել են «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի վարկի մարմանը, այնուհետև հետ փոխանցվել վճարողի բանկին:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճարման հանձարարականը չեղյալ համարելը չէր կարող ազդել Ընկերության գույքի ծավալի վրա, քանի որ փաստորեն վերադարձվել են «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի պարտավորությունների մարմանն ուղղված միջոցները։ Մինչդեռ սույն հայցապահանջով չեն վիճարկվել «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի վարկի մարմանն ուղղված գործողությունները:
Նման պայմաններում առարկայազուրկ են Դատարանի և Վերաքննիչ դատարանի հետևությունները` կապված վճարման հանձնարարականի չեղարկման իրավաչափության հետ, քանի որ դրա արդյունքում ըստ էության չեղարկվել է «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի վարկի մարմանն ուղղված փոխանցումը «Դիդաս Կո» կազմակերպության կողմից փոխանցված գումարի չափով, որն այլևս Ընկերությանը չէր պատկանում։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ներկայացված հայցապահանջը ենթակա չէր բավարարման, որպիսի հանգամանքն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքին կից ներկայացված թիվ ԵԿԴ/3366/02/14 քաղաքացիական գործով դատական ակտերով հաստատված հանգամանքների վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հիմքը բողոքաբերի կողմից չի ներկայացվել վերաքննիչ բողոքում, այսինքն՝ Վերաքննիչ դատարանը նշված հիմքով Դատարանի 07.03.2018 թվականի վճիռը չի վերանայել: Ուստի հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումն այն մասին, որ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտն անձը չի կարող բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում, Վճռաբեկ դատարանը բողոքի նշված փաստարկին չի անդրադառնում:
Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայում է միայն Բանկի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի վճիռը հայցը մասնակի բավարարելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասով` նկատի ունենալով, որ մնացած մասով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Ընկերության վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցագնի մեջ մտնում են նաև պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, (...) դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. հայցադիմումների (...) համար՝
ա) դրամական պահանջով՝ հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից,
բ) ոչ դրամական պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով (...),
6. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար՝
ա) դրամական պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով,
բ) ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի տասնապատիկի չափով (...),
7. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`
ա) դրամական պահանջի գործերով՝ հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից,
բ) ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 924-րդ հոդվածի համաձայն` հաճախորդի անունով մուտք եղած դրամական միջոցները նրա հաշվին ժամանակին չմուտքագրելու կամ դրանք բանկի կողմից հաշվից անհիմն դուրս գրելու, ինչպես նաև դրամական միջոցները փոխանցելու կամ դրանք վճարելու մասին հաճախորդի ցուցումները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում բանկը պարտավոր է այդ գումարից տոկոսներ վճարել նույն օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգով և չափով:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և փոփոխման, իսկ Ընկերության հայցը՝ մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 258.693 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ 14.05.2014 թվականից մինչև 13.11.2017 թվականը (հայցի առարկայի լրացման դիմումի ներկայացման օրը) հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի երկու տոկոսը` որպես ավելացված հայցապահանջի համար նախատեսված պետական տուրքի գումար: Ընկերությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման նաև 7.760,79 (258.693*3%) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 258.693 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ 14.05.2014 թվականից մինչև 13.11.2017 թվականը հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի երեք տոկոսը` որպես Ընկերության կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.02.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Միաժամանակ Ընկերությունից հօգուտ Բանկի ենթակա է բռնագանձման 3.760.945 ՀՀ դրամ (3.750.945+10.000)` որպես Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի հատուցման գումար, ինչպես նաև 1.000.000 ՀՀ դրամ` որպես Բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հատուցման գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2018 թվականի որոշման` «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը մերժելու և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2018 թվականի վճիռը` հայցը մասնակիորեն բավարարելու մասով, օրինական ուժի մեջ թողնելու մասը, և այդ մասով այն փոփոխել` «Դիդաս Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի` «Դիդաս Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի թիվ 2080000469600101 դոլարային հաշվեհամարին մուտքագրված 258.693 ԱՄՆ դոլարը վերականգնելուն պարտավորեցնելու և սկսած 14.05.2014 թվականից 258.693 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 924-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջների մասին, մերժել:
2. «Դիդաս Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 258.693 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ 14.05.2014 թվականից մինչև 13.11.2017 թվականը հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի երկու տոկոսը` որպես ավելացված հայցապահանջի համար նախատեսված պետական տուրքի գումար:
«Դիդաս Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 7.760,79 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 258.693 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ 14.05.2014 թվականից մինչև 13.11.2017 թվականը հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի երեք տոկոսը` որպես «Դիդաս Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.02.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
«Դիդաս Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ից հօգուտ «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 3.760.945 ՀՀ դրամ` որպես «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի հատուցման գումար, ինչպես նաև 1.000.000 ՀՀ դրամ` որպես «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հատուցման գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան
Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Ե. Խունդկարյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան