ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
|
ԵԿԴ/0013/01/13 |
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի Ս. Ավետիսյանի Ե. Դանիելյանի ա. պողոսՅԱՆԻ
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ`
Մ. Ավագյանի
2019 թվականի փետրվարի 7-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մինաս Հովհաննեսի Ասատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի ապրիլի 18-ի որոշման դեմ Մ.Ասատրյանի պաշտպան Տ.Ղազարյանի` հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2014 թվականի հունվարի 17-ի դատավճռով Մինաս Ասատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով՝ նշանակված պատժին հաշվակցել է Մ.Ասատրյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ 6 (վեց) ամիս 27 (քսանյոթ) օրը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 3 (երեք) օր ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Մ.Ասատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ` Մ.Ասատրյանն ազատվել է պատժից։
2. Մ.Ասատրյանի պաշտպան Տ.Աբրահամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունվարի 17-ի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:
Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Մ.Ասատրյանի պաշտպան Տ.Աբրահամյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հունիսի 16-ի որոշմամբ վերադարձվել է:
3. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի ապրիլի 18-ի որոշման դեմ հիմնարար խախտման հիմքով բողոք է ներկայացրել Մ.Ասատրյանի պաշտպան Տ.Ղազարյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
4. Մ.Ասատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(…) [«Իրեն պատկանող Երևան քաղաքի Բուդապեշտ փողոցի 73-րդ տան հարակից հողակտորում ապօրինի աճեցրել է մշակումն արգելված 10.5կգ ընդհանուր քաշով առանձնապես խոշոր չափերի հասնող կանեփի թուփ, որը 10.08.2012թ ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավել է (…)»1:
5. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն, գնահատելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, բազմակողմանի և օբյեկտիվ ստուգված յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ներքին համոզմամբ, ապացուցված համարեց, որ (…) Մինաս Ասատրյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, և նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի վերը նշված հոդվածով (…)»2:
6. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(…)
[Մեղադրական դատավճռի հիմքում դրված բոլոր ապացույցները գնահատվել են վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից և մեղադրանքի հիմնավորվածությունը հաստատվել է հետազոտված ապացույցները վերլուծելու և միմյանց համադրելու միջոցով, հետևաբար, օբյեկտիվ հետազոտման վրա ձևավորված համոզմամբ հանգում է հետևության, որ ամբաստանյալը կատարել է հանցագործություն՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (…)»3:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Մասնավորապես, խախտվել են ՀՀ Սահմանադրության (2005թ. խմբագրությամբ) 22-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 18-րդ, 273-րդ հոդվածների պահանջները:
Բողոքաբերը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի դիսպոզիցիան, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի համապատասխան դրույթները, նշել է, որ մի կողմից քրեական պատասխանատվություն է նախատեսված օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված կարգի խախտմամբ համապատասխան բույսեր ցանելու կամ աճեցնելու համար, մյուս կողմից՝ որևէ կարգ նախատեսված չէ: Այսպես` քրեական պատասխանատվություն նախատեսելով թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու համար` օրենսդիրը նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ նշված գործողություններն իրականացնելն իրավաչափորեն դիտարկել է որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության ձև, սակայն, չնախատեսելով համապատասխան կարգ` ըստ էության հետևողական չի եղել խնդրի համապարփակ օրենսդրական կարգավորման հարցում:
Նշվածից բողոքաբերը եզրահանգել է, որ չնայած ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի, այսինքն` նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների խախտմամբ ցանելու կամ աճեցնելու համար, սակայն թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը կանոնակարգող օրենսդրությամբ սահմանված չէ նշված բույսերը ցանելու կամ աճեցնելու որևէ կարգ:
Հետևաբար, ըստ բողոքի հեղինակի, առկա է օրենսդրական բաց այն առումով, որ սահմանված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների իրականացման կարգը: Իսկ նման պայմաններում, իրավակիրառողը զրկված է համապատասխան բույսեր ցանելու կամ աճեցնելու դեպքում անձի գործողությունների հակաօրինականությունը գնահատելու, ուստիև, նրա արարքում տվյալ հանցակազմի առկայությունը հաստատելու օբյեկտիվ հնարավորությունից: Արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով նախատեսված նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար, դրա հիման վրա Մ.Ասատրյանին դատապարտելը հանգեցրել է «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» կանոնի խախտման:
8. Արդյունքում, բողոքաբերը խնդրել է բողոքն ընդունել վարույթ, հիմնարար խախտման հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունվարի 17-ի և Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի ապրիլի 18-ի դատական ակտերը, հռչակել Մ.Ասատրյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում և ճանաչել նրան անպարտ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Մ.Ասատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու արդյունքում թույլ է տրվել արդյո՞ք այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը օրենքին համապատասխան, եթե առկա են նոր, կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ` Կոնվենցիա) կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր, կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար:
2. Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու, կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում:
(…)
6. Սույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:
10. Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը Մկրտիչ Սարգսյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «(…) [Ի]րավական որոշակիության (res jսdicata) և կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքները մարդու իրավունքները երաշխավորող հիմնարար դրույթներ են: Միևնույն ժամանակ այնպիսի բացառիկ դեպքերում, երբ ի հայտ են եկել նոր, կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա, իրավական որոշակիության և կրկին անգամ դատվելու անթույլատրելիության հիմնարար պահանջներից շեղումը թույլատրելի է (Կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ կետ) (… ):
(…)
[Ի] տարբերություն օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով: Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն:
Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ): Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը` դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին (…)»4:
10.1. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել (…)»:
ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել: (…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:
2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է»:
Մեջբերված նորմերի համակարգված վերլուծության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը Դ.Սիմիդյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է. «(…) [Մ]իայն օրենքը կարող է սահմանել հանցանքը և նախատեսել պատիժը (…): Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով: Այս առումով Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է «օրենք» հասկացությանն առաջադրվող այնպիսի որակական չափանիշներ, ինչպիսիք են հասանելիությունը և կանխատեսելիությունը (…): Անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար (…):
(…) օրենքի` իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: Օրենսդրի խնդիրն է հնարավորինս հստակ և որոշակի սահմանել հանցավոր համարվող արարքը և դրա համար պատիժը, իսկ դատարանների խնդիրն է` օրենսդրի կողմից սահմանված արարքի էությանը համապատասխան մեկնաբանել նորմերը` ապահովելով դրանց համապատասխանությունը զարգացող հասարակական հարաբերություններին:
(…) ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Հետևաբար, նման իրավիճակն օրենսդրական կարգավորման խնդիր է: (…)»5:
11. Վճռաբեկ դատարանը Հ.Գրիգորյանի և Է.Սարիբեկյանի, ինչպես նաև Գ.Սարգսյանի վերաբերյալ գործերով որոշումներում արձանագրել է. «[Ա]րարքի հանցավորությունն ու պատժելիությունն իրավական որոշակիության չափանիշին համապատասխանող «օրենքով» նախատեսելու պահանջն իրավունքի գերակայության առանցքային բաղադրիչներից է, որն ունի հիմնարար նշանակություն` անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս օրինականության սկզբունքն ապահովելու համար: Հստակ կարգադրագրեր (վարքագծի կանոններ) ամրագրող այդպիսի օրենքը մի կողմից ապահովում է դրանում ամրագրված պահանջների հասցեագրումը համապատասխան վարքագծի դրսևորման ակնկալիք ունեցող անձանց, մյուս կողմից` բացառում է կամայականորեն քրեական հետապնդման ենթարկվելու ցանկացած հնարավորություն` երաշխավորելով օրենքի միատեսակ կիրառությունը սահմանված նորմատիվ պահանջներին հակասող վարքագիծ դրսևորող անձի նկատմամբ:
Այսինքն` նշված սկզբունքի ներքո իրավական պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել որդեգրած քրեական քաղաքականության արտացոլումն այնպիսի «օրենքում», որում նկարագրված կանոնները և դրանց խախտման դեպքում վրա հասնող իրավական հետևանքները բովանդակային առումով այնքան որոշակի կլինեն, որ հնարավորություն կտան իրավունքի հիմնական կրողին դրսևորելու սահմանված պահանջներին համապատասխանող վարքագիծ: Վերջինս կարող է ապահովված լինել «իրավական որոշակիության» երկու բաղադրիչներին, այն է` «հասանելիության» և «կանխատեսելիությազ» չափանիշներին համապատասխանող «օրենքի» առկայության պարագայում (…):
(…)
«Օրենքի» համապատասխանությունը «կանխատեսելիության» չափանիշին պարզելիս անհրաժեշտ է գնահատել, թե այն օրենքը, որով սահմանված պահանջների խախտումը մեղսագրվում է անձին, արդյո՞ք բովանդակային առումով ողջամտորեն ընկալելի է եղել անձանց համար: Այլ կերպ` արդյո՞ք քրեական պատասխանատվության ենթարկվող սուբյեկտը, տեղեկանալով «օրենքով» նախատեսված պահանջների մասին, ծանոթանալով դրանց վերաբերյալ նորմատիվ վարքագծի կանոնների բովանդակությանը, դրանց վերաբերյալ տրված դատական մեկնաբանություններին և անհրաժեշտության դեպքում` ստանալով համապատասխան իրավական խորհրդատվություն, կարող էր կանխատեսել, թե որ գործողության/անգործության դրսևորումը կհանգեցնի քրեական պատասխանատվության և պատժի նշանակմանը: (…)»6:
12. Նախքան 2017 թվականի դեկտեմբերի 6-ին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-241-Ն օրենքի ընդունումը, ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասը ձևակերպված էր հետևյալ կերպ. «Մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով (…)»:
2017 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-241-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասը ձևակերպվել է հետևյալ կերպ. «Շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը (նախքան 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-241-Ն օրենքի ընդունումը գործող խմբագրությամբ) Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Վարդան Ղազարյանի վերաբերյալ որոշման շրջանակներում` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`
ա) անձը ցանել կամ աճեցրել է մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր՝ խոշոր, կամ առանձնապես խոշոր չափերով,
բ) (ա) կետում նշված չափերով համապատասխան բույսերը անձը ցանել կամ աճեցրել է ապօրինի:
Վերոնշյալ (ա) կետում շարադրված պայմանը կարգավորված է ՀՀ քրեական օրենսգրքին կից թիվ 5 hավելվածով (այսուհետ նաև` Հավելված 5), որը սահմանում է մշակումն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը: Ինչ վերաբերում է (բ) կետում նշված պայմանին, այն է` համապատասխան բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը, ապա կոնկրետ դեպքում «ապօրինի» եզրույթը ենթադրում է, որ պետք է առկա լինի քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող համապատասխան գործողություններն իրականացնելու (ցանելու կամ աճեցնելու)` նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգ, իսկ իրավակիրառողը այդ կարգի հաշվառմամբ պետք է քննություն իրականացնի և գնահատման ենթարկի այդ բույսերը ցանելու կամ աճեցնելու օրինականությունը (…)»7:
Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածն ունի բլանկետային բնույթ, և կոնկրետ չափերով համապատասխան բույսեր ցանելու կամ աճեցնելու ապօրինի լինելը որոշելու համար անհրաժեշտ է դիմել նորմատիվ իրավական այլ ակտի (ակտերի) օգնությանը` Վճռաբեկ դատարանը, համակարգված վերլուծության ենթարկելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության` 2010 թվականի մարտի 18-ի՝ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 270-Ն որոշման և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, հանգել է այն հետևության, որ «(…) [Մ]ի կողմից նախատեսված է քրեական պատասխանատվություն օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված կարգի խախտմամբ համապատասխան բույսեր ցանելու կամ աճեցնելու համար, մյուս կողմից՝ որևէ կարգ նախատեսված չէ: Նախատեսելով քրեական պատասխանատվություն թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու համար` օրենսդիրը նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ նշված գործողություններն իրականացնելն իրավաչափորեն դիտարկել է որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության ձև, սակայն չնախատեսելով համապատասխան կարգ` ըստ էության, հետևողական չի եղել խնդրի համապարփակ օրենսդրական կարգավորման հարցում:
(…)
(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նորմի որոշակի լինելու պահանջը հատուկ նշանակություն ունի քրեական օրենքի համար` հաշվի առնելով այն իրավական հետևանքների առանձնահատուկ բնույթը, որոնք առաջանում են քրեաիրավական նորմի պահանջների խախտման պարագայում: Այս պահանջի խախտումը արժեզրկում է ոչ միայն օրինականության, այլ նաև քրեական իրավունքի մյուս սկզբունքները: Քրեաիրավական նորմը պետք է պարունակի հստակ կարգադրագրեր (վարքագծի կանոններ), հակառակ պարագայում՝ այդ նորմի հասցեատերը զրկվում է իր վարքագիծը դրա պահանջներին համապատասխանեցնելու և համապատասխան իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից: Անձին քրեական պատասխանատվության ենթարկելը նման դեպքում հանգեցնում է նաև օբյեկտիվ մեղսայնացման` խախտելով ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը:
(…) Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի դիսպոզիցիան նկարագրված է բլանկետային դիսպոզիցիայով` վերոհիշյալ նորմը պետք է դիտարկել և դրա որոշակիությունը գնահատել համապատասխան ճյուղային օրենսդրության նորմերի հետ ունեցած համակարգային կապերի լույսի ներքո: ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը, պատասխանատվություն նախատեսելով թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի, այլ կերպ` նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների խախտմամբ ցանելու կամ աճեցնելու համար, ինքնին համապատասխան գործողությունների իրականացման կարգ չի սահմանում՝ թողնելով դա այլ իրավական ակտերի կարգավորմանը: Մինչդեռ, թմրանյութերի շրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերի վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրորեն կանոնակարգված չէ համապատասխան բույսեր ցանելու կամ աճեցնելու կարգը: Այսպիսով, առկա է օրենսդրական բաց այն առումով, որ սահմանված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների իրականացման կարգը: Իսկ նման պայմաններում իրավակիրառողը զրկված է համապատասխան բույսեր ցանելու կամ աճեցնելու դեպքում անձի գործողությունների հակաօրինականությունը գնահատելու, ուստիև, նրա արարքում տվյալ հանցակազմի առկայությունը հաստատելու օբյեկտիվ հնարավորությունից: Արդյունքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածով նախատեսված նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար, դրա հիման վրա անձին դատապարտելը կհանգեցնի «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնի խախտման: (…)»8:
13. Այսպիսով, Վ.Ղազարյանի վերաբերյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածը (նախքան 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՕ-241-Ն օրենքի ընդունումը գործող խմբագրությամբ) չէր բավարարում «օրենքի»` իրավական որոշակիության սկզբունքին: Մասնավորապես, այն պատասխանատվություն էր սահմանում թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու համար, մինչդեռ, իրավական որևէ ակտով համապատասխան գործողություններն իրականացնելու որևէ կարգ սահմանված չէր: Այլ կերպ` առկա էր օրենսդրական բաց, ինչի հետևանքով անհնար էր դառնում գնահատել անձի գործողությունների հակաօրինականությունը և նրան մեղսագրել համապատասխան հոդվածով արգելված արարքի կատարումը:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ որակական չափանիշին չբավարարող օրենքով անձին պատասխանատվության ենթարկելու պարագայում թույլ կտրվի օրինականության սկզբունքի ու դրա բաղադրատարր հանդիսացող` «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» կանոնի խախտում: Այդպիսի խախտումն իր բնույթով հիմնարար է և ի սկզբանե վկայում է կայացված դատական ակտի անօրինական ու չհիմնավորված լինելու մասին, ուստի, դրա հիման վրա անձին դատապարտելու և նրա նկատմամբ պատիժ նշանակելու արդյունքում՝ կխաթարվի արդարադատության բուն էությունը, և կխախտվի սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Հարկ է փաստել, որ 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-241-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդված 1-ին մասը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, ինչի արդյունքում՝ պատասխանատվություն է նախատեսվել ոչ թե համապատասխան նյութեր պարունակող բույսերն ապօրինի ցանելու կամ աճեցնելու համար, այլ շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերը պարզապես ցանելու կամ աճեցնելու համար` խոշոր չափերով9:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Ասատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր տան հարակից հողակտորում ապօրինի աճեցրել է մշակումն արգելված 10.5կգ ընդհանուր քաշով առանձնապես խոշոր չափերի հասնող կանեփի թուփ10:
Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Մ.Ասատրյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներին, և նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի վերը նշված հոդվածով11:
Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Մ.Ասատրյանի մեղավորության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության, ինչը հիմնավորվել է դատաքննության ժամանակ հետազոտված և դատավճռում շարադրված ապացույցներով12:
15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Ասատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղավոր ճանաչելու արդյունքում՝ դատարանների կողմից թույլ է տրվել նյութական իրավունքի նորմերի հիմնարար խախտում, քանի որ վերոնշյալ նորմը չի բավարարել «օրենքի»` իրավական որոշակիության և կանխատեսելիության չափանիշներին: Մասնավորապես, այն պատասխանատվություն էր սահմանում թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու համար, մինչդեռ, իրավական որևէ ակտով համապատասխան գործողություններն իրականացնելու որևէ կարգ սահմանված չէր, հետևաբար, առկա է եղել օրենսդրական բաց: Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Ասատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղավոր ճանաչելու արդյունքում թույլ է տրվել օրինականության սկզբունքի և դրա բաղադրատարր հանդիսացող «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնի խախտում:
16. Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Ասատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու արդյունքում թույլ է տրվել այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Այսպիսով, թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 5-րդ և 273-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով հիմնարար են և հիմք են Մ.Ասատրյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունվարի 17-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի ապրիլի 18-ի որոշումը բեկանելու և փոփոխելու` Մ.Ասատրյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում ճանաչելու և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ նրան արդարացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 412-րդ հոդվածի 2-րդ մասով, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մինաս Հովհաննեսի Ասատրյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հունիսի 16-ի որոշումը վերանայել:
2. Մինաս Հովհաննեսի Ասատրյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունվարի 17-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի ապրիլի 18-ի որոշումը բեկանել ու փոփոխել, Մինաս Հովհաննեսի Ասատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործով վարույթը կարճել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 74:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 65-67:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 99-110:
4 Տե՛ս Մկրտիչ Սարգսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 18-19-րդ կետերը:
5 Տե՛ս Դավիթ Սիմիդյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԵԴ/0122/01/13 որոշման 16-18-րդ կետերը:
6 Տե՛ս Հասմիկ Գրիգորյանի և Էդուարդ Սարիբեկյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵՇԴ/0131/01/15 որոշման 14-15-րդ կետերը, Գագիկ Սարգսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0258/01/16 որոշման 12.1-րդ կետը:
7 Տե՛ս Վարդան Ղազարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշման 13-րդ կետը:
8 Տե՛ս Վարդան Ղազարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշման 13-21-րդ կետերը:
9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Կամո Շահինյանի վերաբերյալ գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԱՐԴ/0056/01/13 որոշումը:
10 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան