ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ3/0011/05/10 |
Վարչական գործ թիվ ՎԴ3/0011/05/10 |
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2011 թվականի հուլիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 31.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ Տեսչության հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Արթուր Հովսեփյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` ակտը և որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է արձակել Արթուր Հովսեփյանից 165.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն:
ՀՀ վարչական դատարանը 17.12.2009 թվականին արձակել է վճարման կարգադրություն:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արթուր Հովսեփյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 31.07.2009 թվականի թիվ 2311343 ակտը և Տեսչության պետի 03.09.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 106558 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի 02.03.2010 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 31.05.2010 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը որպես հսկիչ գնում է որակել վիճարկվող ակտով արձանագրված գնումը: Մինչդեռ, Դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում կատարվել է ոչ թե հսկիչ գնում, այլ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգում: Նշված ստուգմամբ արձանագրվել է, որ Արթուր Հովսեփյանի առևտրի կետում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենան կապարակնքված չէ: Որպես ապացույց Տեսչությունը Դատարան է ներկայացրել Արթուր Հովսեփյանի կողմից Տեսչություն ներկայացված 19.05.2009 թվականի և 20.08.2009 թվականի հայտարարությունները, որոնցից առաջինով Արթուր Հովսեփյանը հայտնել է, որ իր առևտրի կետում տեղակայված հսկիչ-դրամարկղային մեքենան խափանվել է, այն տանում է վերանորոգման և պարտավորվում է առևտրի կետը չշահագործել մինչև դրա վերանորոգումից վերադարձնելը, իսկ երկրորդով տեղեկացրել է, որ հսկիչ-դրամարկղային մեքենան վերադարձրել է վերանորոգումից և խնդրել է այն կապարակնքել:
Դատարանը հաշվի չի առել, որ Արթուր Հովսեփյանը ստուգման պահին առևտրի կետում չի եղել, և այդ մասին արձանագրվել է վիճարկվող ակտում, իսկ խախտման փաստն արձանագրվելուց հետո վերջինս չի ցանկացել ծանոթանալ հանձնարարագրին և վիճարկվող ակտին, ինչպես նաև տալ բացատրություններ:
Դատարանն անտեսել է նաև, որ վիճարկվող ակտն Արթուր Հովսեփյանին է ուղարկվել պատվիրված նամակով, և վերջինս այն ստացել է 05.08.2009 թվականին: Այսինքն` վիճարկվող ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի ուժով 06.08.2009 թվականին մտել է ուժի մեջ:
Դատարանն ընդհանրապես գնահատական չի տվել այն հանգամանքին, թե ինչու Արթուր Հովսեփյանն անմիջապես ստուգողներին չի ներկայացրել «կապարակնքված» հսկիչ-դրամարկղային մեքենան:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 31.05.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Տեսչության պետի 15.05.2009 թվականի թիվ 2311343 հանձնարարագրի հիման վրա Արթուր Հովսեփյանի մոտ կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և դրանց շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգում (գ.թ. 4):
2) Նշված ստուգման արդյունքում Տեսչությունը 31.07.2009 թվականին կազմել է թիվ 2311343 ակտը, որով արձանագրվել է, որ Վայքի Ջերմուկի խճուղի թիվ 15 հասցեի հարևանությամբ գտնվող Արթուր Հովսեփյանին պատկանող առևտրի կետից 28.07.2009 թվականին ժամը 17:52-ին իրականացվել է 8.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ զույգ տղամարդու կոշիկի գնում: Վաճառողը տրամադրել է հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն: Միաժամանակ պարզվել է, որ Արթուր Հովսեփյանի խանութում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենան ՀՀ Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի կողմից կապարակնքված չէ: Նույն ակտում նշվել է, որ այն ներկայացվել է Արթուր Հովսեփյանին` ծանոթանալու և ստորագրելու համար, սակայն վերջինս հրաժարվել է ստորագրելուց և բացատրություն տալուց` չնշելով շարժառիթները: Ակտով առաջադրվել է 75.000 ՀՀ դրամի տուգանք (գ.թ. 5-7):
3) Տեսչության պետի 03.09.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 106558 որոշմամբ Արթուր Հովսեփյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.1-րդ հոդվածով ենթարկվել է 15.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 10):
4) Արթուր Հովսեփյանը Տեսչության պետին հասցեագրված 19.05.2009 թվականի հայտարարությամբ խնդրել է թույլտվություն` Վայքի Ջերմուկի խճուղի թիվ 14 հասցեում գտնվող հսկիչ-դրամարկղային մեքենան վերանորոգելու համար, և պարտավորվել է մինչև դրա վերանորոգումը դադարեցնել առևտրի կետի գործունեությունը (գ.թ. 78):
5) Արթուր Հովսեփյանը Տեսչության պետին հասցեագրված 20.08.2009 թվականի հայտարարությամբ հայտնել է, որ Վայքի Ջերմուկի խճուղի թիվ 14 հասցեում գտնվող հսկիչ-դրամարկղային մեքենան տարել է վերանորոգման, այն վերանորոգված է և գտնվում է սարքին վիճակում, ուստի խնդրել է նշված հսկիչ-դրամարկղային մեքենան կապարակնքել (գ.թ. 79):
6) Գործում առկա երկու լուսանկարից երևում է, որ որպես դրանցում պատկերված հսկիչ-դրամարկղային մեքենայի կապարակնքելու ամսաթիվ է նշված 21.06.2009 թվականը (գ.թ. 80-81):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր ...:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի «Հսկիչ գնումների անցկացման» կարգի 1.2-րդ կետի համաձայն` հսկիչ գնում է համարվում հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների, Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների վերահսկողության և հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուսումնասիրությունը ...:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի «Հսկիչ գնումների անցկացման» կարգի 1.4-րդ կետի համաձայն` հսկիչ գնումն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա …:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հսկիչ գնումը ստուգումից տարբերվում է ինչպես հետապնդվող նպատակով, այնպես էլ այն իրականացնելու համար անհրաժեշտ իրավական հիմքով: Մասնավորապես` ստուգումը համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին: Իսկ հսկիչ գնումը հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի գրավոր հանձնարարագրի հիման վրա հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով իրականացվող ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների, Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների վերահսկողության և հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուսումնասիրություն է: Այսինքն` հսկիչ գնում իրականացնելու համար դրա վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից պարտադիր կերպով պետք է տրվի գրավոր հանձնարարագիր, որի բացակայության դեպքում հարկային մարմնի կողմից իրականացվող որևէ գործողություն, այդ թվում նաև` համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա իրականացվող ստուգումը որևէ դեպքում չի կարող համարվել հսկիչ գնում:
Սույն գործով Դատարանը պատճառաբանել է, որ Տեսչության պետի 15.05.2009 թվականի թիվ 2311343 հանձնարարագրի վերջնամասում նշվել է, որ Արթուր Հովսեփյանը 28.07.2009 թվականին հրաժարվել է այն ստորագրելուց և բացատրություն տալուց` չնշելով շարժառիթները, ինչը չի համապատասխանում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի «Հսկիչ գնումների անցկացման» կարգի 1.5-րդ կետի պահանջին, քանի որ հանձնարարագիրը չի ներկայացվում տնտեսվարող սուբյեկտին` ծանոթանալու և ստորագրելու համար, այլ միայն ներկայացվում է դրա երկրորդ օրինակը: Նշված հանձնարարագրում բացակայում են նաև նույն կարգի 1.4-րդ կետով նախատեսված պարտադիր վավերապայմանները: Բացի այդ, ո'չ հանձնարարագրում և ո'չ էլ վիճարկվող ակտում չի նշվել հսկիչ գնում իրականացնողի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը կամ անձնագրային տվյալները և այլն):
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Տեսչության պետի 15.05.2009 թվականի թիվ 2311343 հանձնարարագրի հիման վրա Արթուր Հովսեփյանի մոտ կատարվել է ոչ թե հսկիչ գնում, այլ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և դրանց շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգում: Այսինքն` տվյալ դեպքում Արթուր Հովսեփյանի մոտ հսկիչ գնում չի իրականացվել: Հետևաբար, Դատարանի կիրառած «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի «Հսկիչ գնումների անցկացման» կարգը սույն գործով կիրառելի չէ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հսկիչ գնում կատարելու վերաբերյալ Դատարանի հետևությունները և եզրահանգումները սույն գործի ճիշտ լուծման համար չունեն որևէ իրավական նշանակություն և չեն կարող իրավական հիմք հանդիսանալ` Տեսչության 31.07.2009 թվականի թիվ 2311343 ակտի իրավաչափության ստուգման համար:
Վիճելի իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կանխիկ դրամով դրամական հաշվարկները պետք է իրականացնեն Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի գրանցած և կապարակնքած հսկիչ-դրամարկղային մեքենայով:
Վիճելի իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և/կամ շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում են յոթանասունհինգ հազար դրամի չափով:
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերության համաձայն` նույն հոդվածով սահմանված տուգանքը, Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո երկամսյա ժամկետում չմուծելու դեպքում, կրկնապատկվում է:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վիճելի իրավահարաբերության պահին հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը կանխիկ դրամով դրամական հաշվարկները ՀՀ Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի գրանցած և կապարակնքած հսկիչ-դրամարկղային մեքենայով չիրականացնելու համար տուգանվում էին 75.000 ՀՀ դրամի չափով: Միաժամանակ, հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար նշանակված տուգանքը խախտման փաստն արձանագրվելուց հետո երկամսյա ժամկետում չմուծելու հետևանքով կրկնապատկվում է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.
4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը որևէ փաստի հաստատված լինելու հարցը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ որոշելու համար պարտավոր է գործում եղած բոլոր ապացույցները հետազոտել և գնահատել անմիջականորեն, դրա միջոցով պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, պատճառաբանել նման համոզմունքի ձևավորումը և միայն այդ բոլոր պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Սույն գործով Դատարանը հայցը մերժելիս, իսկ հակընդդեմ հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ գործում առկա երկու լուսանկարների զննությունից պարզվել է այն փաստական հանգամանքը, որ Արթուր Հովսեփյանի կողմից շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենայի վրա առկա երկու կապարակնիքները հարկային մարմնի կողմից դրվել են դեռևս 21.06.2009 թվականին և առ այսօր չեն փոխարինվել: Մինչդեռ, վիճելի ակտով արձանագրվել է, որ 28.07.2009 թվականի դրությամբ վերջինիս կողմից շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենան կապարակնքված չէ: Ինչ վերաբերում է Արթուր Հովսեփյանի 19.05.2009 թվականի և 20.08.2009 թվականի հայտարարություններին, ապա առաջին հայտարարությամբ նա խնդրել է թույլտվություն` իր հսկիչ-դրամարկղային մեքենան վերանորոգելու համար, ինչից հետո այն կապարակնքվել է 21.06.2009 թվականին, իսկ երկրորդ հայտարարությամբ խնդրել է վերանորոգված հսկիչ-դրամարկղային մեքենան կապարակնքել, որպիսի գործողությունն այդպես էլ չի կատարվել, քանի որ վերջին կապարակնիքները թվագրված են 21.06.2009 թվականով:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հաստատված համարելով այն փաստը, որ Արթուր Հովսեփյանի կողմից շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենայի վրա առկա երկու կապարակնիքները հարկային մարմնի կողմից դրվել են դեռևս 21.06.2009 թվականին, անտեսել է, որ հսկիչ-դրամարկղային մեքենայի կապարակնքման ամսաթվի հետ կապված առկա է հակասություն, իսկ նշված ամսաթվի պարզումը սույն գործի լուծման համար ունի էական նշանակություն:
Մասնավորապես` սույն գործում առկա երկու լուսանկարներից երևում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենան կապարակնքվել է 21.06.2009 թվականին, որպիսի փաստը գործի քննության ընթացքում ընդունել է նաև Տեսչության ներկայացուցիչը (գ.թ. 80-81), սակայն 20.08.2009 թվականի հայտարարությամբ իր հերթին հաստատվում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենան կապարակնքելու պահանջը ներկայացվել է միայն 20.08.2009 թվականին, որպիսի փաստն էլ հաստատվում է Տեսչության 31.07.2009 թվականի թիվ 2311343 ակտով, որում որպես խախտման ամսաթիվ է արձանագրված 28.07.2009 թվականը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության, քանի որ Դատարանի հետևությունն այն մասին, որ հսկիչ-դրամարկղային մեքենան կապարակնքվել է 21.06.2009 թվականին, իսկ 20.08.2009 թվականի հայտարարությամբ պահանջված գործողությունն այդպես էլ չի կատարվել, չի կարող նշված ապացույցների միջև հակասությունների պայմաններում համարվել հաստատված:
Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ սույն գործով վիճելի են մնում Տեսչության 31.07.2009 թվականի թիվ 2311343 ակտն Արթուր Հովսեփյանի կողմից ստանալու, հետևաբար նաև դրա ուժի մեջ մտնելու փաստերը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ մասով Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և չի գնահատել Տեսչության 31.07.2009 թվականի թիվ 2311343 ակտում կատարված նշումն այն մասին, որ նշված ակտը ներկայացվել է Արթուր Հովսեփյանին` ծանոթանալու և ստորագրելու համար, սակայն վերջինս հրաժարվել է այն ստորագրելուց և բացատրություն տալուց, ինչպես նաև գործում առկա է փոստային հետստացման ծանուցագիրը, որով հաստատվում է, որ Տեսչության 31.07.2009 թվականի թիվ 2311343 ակտն Արթուր Հովսեփյանը ստացել է 05.08.2009 թվականին:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության 31.07.2009 թվականի թիվ 2311343 ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքի վերաբերյալ սույն գործով որևէ վիճելի փաստ առկա չէ, քանի որ այն ուժի մեջ մտած վարչական ակտ է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 31.05.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
|
Վ. Աբելյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան |