ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2011 թվականի N 794-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1024-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր Կյուրինի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից 1.35 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատման համար:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին`
1) համայնքի ղեկավարի միջոցով ապահովել Նոր Կյուրինի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող բնակավայրի մեկ հեկտար հողամասի` անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրումը «Մոնթե Մելքոնյան թանգարան» հիմնադրամին` Մոնթե Մելքոնյանի տուն-թանգարանի կառուցման համար.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
(2-րդ կետը փոփ. 23.08.12 N 1072-Ն)
3. Սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Մոնթե Մելքոնյան թանգարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 23.08.12 N 1072-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 15
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԿՅՈՒՐԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |