ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 6-ին
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ՀՕ-54-Ն ՕՐԵՆՔԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`
1) «մեքենայացված խաղ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«մեքենայացված խաղ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղերի անցկացման համար սարքեր (այդ թվում` լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով անցկացվող խաղերի ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ.».
2) «խաղատուն» հասկացության պարբերությունից հանել «և (կամ) շահագործվում է քսանից ավելի մեքենայացված խաղ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) «ինտերնետ շահումով խաղ» բառերից հետո լրացնել «մինչև 2014 թվականի հունվարի 1-ը», իսկ «սահմաններից դուրս» բառերից հետո` «, ինչպես նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«2014 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել`
ա) Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում.
բ) Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան» ազատ տնտեսական գոտու» տարածքներում.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում և չափանիշներին համապատասխան:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասության «խաղատուն կազմակերպել» բառերը փոխարինել «կենդանի շահումով խաղ կազմակերպել» բառերով:
Հոդված 4. Չեղյալ ճանաչել «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հոդված 6. Սույն օրենքի 1-ին հոդվածի երկրորդ կետի գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հոդված 7. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը տրված շահումով խաղի կամ խաղատան լիցենզիաներն ուժի մեջ են մինչև 2014 թվականի հունվարի 1-ը:
Հայաստանի Հանրապետության 2012 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-231-Ն
ՆախագահՍ. Սարգսյան