ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշումներ |
ԵԱԴԴ/0004/11/12 |
Գործ թիվ ԵԱԴԴ/0004/11/12 |
|
Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան | |
Գործ թիվ ԵԿԴ/0039/11/12 |
|
Նախագահող դատավոր՝ Մ. Ռեհանյան |
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Օհանյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Կ. Աբրահամյանի | |
| ||
մասնակցությամբ | ||
դիմողների ներկայացուցիչ |
Ռ. Ռևազյանի |
2012 թվականի նոյեմբերի 1-ին |
Երևան քաղաքում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արման Վահանի Դավթյանի և Սոնա Ռուբենի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հունիսի 4-ի և հունիսի 12-ի որոշումների դեմ դիմողներ Ա.Դավթյանի և Ս.Մկրտչյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Վ.Մելքոնյանը 2011 թվականի հոկտեմբերի 31-ին որոշում է կայացրել Արման Վահանի Դավթյանի ստացած մարմնական վնասվածքների փաստով քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
2012 թվականի մարտի 30-ին Արման Դավթյանի և Սոնա Մկրտչյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով բողոքարկման բաց թողնված ժամկետը համարել հարգելի և վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Վ.Մելքոնյանի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը:
2. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ փաստաբան Ռ.Ռևազյանի բողոքը մերժվել է:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ Ա.Դավթյանի և Ս.Մկրտչյանի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի բողոքը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 4-ի որոշմամբ մերժվել է, իսկ որոշումը` թողնվել անփոփոխ:
3. 2012 թվականի փետրվարի 21-ին Ռ.Ռևազյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից Արման Դավթյանի և մյուսների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Գրիգորյանը 2012 թվականի մարտի 2-ին որոշում է կայացրել փաստաբան Ռ.Ռևազյանի հողորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` նույն անձանց նկատմամբ նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին քննիչի չվերացված որոշման առկայության պատճառաբանությամբ:
Նույն որոշմամբ մերժվել է նաև սպառնալիքներով Սոնա Մկրտչյանից սուտ ցուցմունքներ վերցնելու վերաբերյալ վերջինիս բացատրության հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
Ա.Դավթյանի և Ս.Մկրտչյանի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ խնդրելով վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Գրիգորյանի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2012 թվականի մարտի 2-ի որոշումը:
4. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012 թվականի մայիսի 8-ին որոշում է կայացրել 2012 թվականի մարտի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Գրիգորյանի կողմից կայացված որոշումը վերացնելու պահանջը մերժելու մասին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 8-ի որոշման դեմ Ա.Դավթյանի և Ս.Մկրտչյանի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի բողոքը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 12-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել անփոփոխ:
5. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 4-ի և հունիսի 12-ի որոշումների դեմ դիմողներ Ա.Դավթյանի և Ս.Մկրտչյանի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանը բերել է վճռաբեկ բողոքներ:
2012 թվականի օգոստոսի 10-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 4-ի թիվ ԵԱԴԴ/0004/11/12 որոշման դեմ բերված բողոքը վարույթ ընդունելու մասին:
2012 թվականի օգոստոսի 17-ին Վճռաբեկ դատարանը որոշել է Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 12-ի թիվ ԵԿԴ/0039/11/12 որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, թիվ ԵԱԴԴ/0004/11/12 և ԵԿԴ/0039/11/12 գործերը միացնել մեկ վարույթում` ԵԱԴԴ/0004/11/12 համարի տակ` նկատի ունենալով, որ այդ երկու գործերը վերաբերում են նույն անձանց և նույն հանգամանքներին, իսկ վճռաբեկ բողոքները բերել է նույն անձը:
Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Արման Վահանի Դավթյանի ստացած մարմնական վնասվածքների փաստով քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Վ.Մելքոնյանի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը չի բովանդակում նշում այն մասին, թե ինչ կարգով և ինչ ժամկետում է այն ենթակա բողոքարկման (տե՛ս թիվ ԵԱԴԴ/0004/11/12 Նյութեր, թերթ 16-21):
Քննիչի վերոնշյալ որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2012 թվականի ապրիլի 20-ին կայացված որոշման համաձայն՝ «(…) Ռ.Ռևազյանի կողմից չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգը, համաձայն որի` քննիչի որոշումը նախ պետք է բողոքարկվեր դատախազին, ապա նոր միայն դատարան: Բացի այդ, Ռ.Ռևազյանի բողոքը ժամկետանց է: Ս.Մկրտչյանի մասով բողոքը նույնպես ենթակա է մերժման ոչ միայն այն հիմքով, որ վերջինս բողոքարկման սահմանված ընթացակարգը չի պահպանել, այլև այն պատճառաբանությամբ, որ վերջինս օժտված չէ իրավասությամբ բողոքարկել քննիչի 31.10.2011 թվականի որոշումը, քանզի այդ որոշմամբ Ս.Մկրտչյանի իրավունքները և օրինական շահերը չեն խախտվել և ընդհանրապես քննիչի որոշումը վերաբերում է Ա.Դավթյանի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ հետապնդում չիրականացնելուն» (տե՛ս թիվ ԵԱԴԴ/0004/11/12 գործի նյութեր, թերթ 39-40):
7. ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից Արման Դավթյանի և մյուսների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն 2012 թվականի փետրվարի 21-ին Ռ.Ռևազյանի ներկայացրած հաղորդման կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Գրիգորյանի` 2012 թվականի մարտի 2-ին կայացված որոշման մեջ որևէ պարզաբանում չկա այն մասին, թե ինչ կարգով և ինչ ժամկետում է այն ենթակա բողոքարկման: Փոխարենը, որոշման եզրափակիչ մասում առկա է հետևյալ նախադասությունը. «Որոշման մասին հայտնել Արման Դավթյանին, Սոնա Մկրտչյանին, փաստաբան Ռուբեն Ռևազյանին և Վահագն Պողոսյանին ու նրանց բացատրել սույն որոշումը բողոքարկելու կարգը» (տե՛ս թիվ ԵԿԴ/0039/11/12 Նյութեր, թերթեր 20-21):
ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Գրիգորյանի 2012 թվականի մարտի 2-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012 թվականի մայիսի 8-ին կայացրել է որոշում, որի համաձայն՝ «(…) բողոքարկվող գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն» (տե՛ս թիվ ԵԿԴ/0039/11/12 գործի նյութեր, թերթ 75-83):
3. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքների հեղինակը նշել է, որ սույն գործով ստորադաս դատարանները չեն անդրադարձել այն հարցին, թե մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշման բողոքարկման կարգը և ժամկետները չպարզաբանելը չէ՞ր կարող արդյոք վերոնշյալ որոշումը ոչ պատշաճ ժամկետում և ոչ ճիշտ ընթացակարգով բողոքարկելու պատճառ հանդիսանալ:
9. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի` 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման մեջ որևէ հիշատակում չկա այն մասին, թե հիշյալ որոշումը որ մարմին, ինչ ժամկետներում և ինչ կարգով կարող է բողոքարկվել:
Անդրադառնալով մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների բովանդակությանը՝ բողոքաբերը նշել է, որ ոստիկանների կողմից Ա.Դավթյանի և Ս.Մկրտչյանի նկատմամբ բռնություն կիրառելու, վերջիններիս նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորելու, նրանց ազատությունից ապօրինի զրկելու և ցուցմունքներ տալուն հարկադրելու վերաբերյալ իր կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ներկայացված հաղորդման շուրջ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի կատարվել:
Բողոքաբերը նշել է նաև, որ Մաշտոցի քննչական բաժնի քննիչի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը վերաբերում է ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից Ա.Դավթյանին ծեծի ենթարկելու հանգամանքը պարզելուն, այսինքն` քննիչը քննել է մի գործ, որը վերաբերել է իր գործընկերներին, հետևաբար, նա ի սկզբանե եղել է գործով շահագրգռված անձ և հնարավորություն չի ունեցել իրականացնելու օբյեկտիվ քննություն:
10. Բողոքաբերի պնդմամբ՝ անհիմն է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշման մեջ տեղ գտած այն պատճառաբանությունը, թե Ս.Մկրտչյանն օժտված չէ քննիչի` 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը բողոքարկելու իրավասությամբ, քանի որ այդ որոշմամբ Ս.Մկրտչյանի իրավունքները և օրինական շահերը չեն խախտվել:
Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ թեև քննիչի` 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման եզրափակիչ մասը վերաբերում է միայն Ա.Դավթյանին, սակայն նույն որոշման մեջ տեղ գտած՝ «(...) չի ապացուցվել և հիմնավորվել Սոնա Մկրտչյանին և Արթուր Մանուկյանին ոստիկանության Մաշտոցի բաժնում ծեծի ենթարկելու դեպքերը (...)» արտահայտությունն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ հիշյալ որոշմամբ շոշափվել են նաև Սոնա Մկրտչյանի իրավունքները, ուստի նա նույնպես իրավունք ուներ բողոքարկելու քննիչի` 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը:
11. Վերոշարադրյալի հիման վրա վճռաբեկ բողոքների հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունիսի 4-ի և հունիսի 12-ի որոշումները և գործն ուղարկել նոր քննության:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հիմքը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իր գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման կարգն ու ժամկետները պարզաբանելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հարցերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
I. Վարույթն իրականացնող մարմնի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման կարգն ու ժամկետները պարզաբանելը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք փաստաբան Ռ.Ռևազյանի բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 8-ի որոշումներն այն պարագայում, երբ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների մեջ պարզաբանված չեն եղել այդ որոշումների բողոքարկման կարգն ու ժամկետները:
14. ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, սահմանադրությամբ կամ օրենքով իրեն վերապահված հիմնական իրավունքների խախտման դեպքում, ունի ներպետական իրավասու ատյանների կողմից արդյունավետ պաշտպանության իրավունք»:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.
ա) ցանկացած այն անձի համար, որի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիսկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.
բ) ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.
գ) ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը, դրանք տրամադրելու դեպքում»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, նույնիսկ, եթե նման խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` « (...) Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: (...)»:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: (...)»:
Մեջբերված դրույթների համակարգային վերլուծությունից երևում է, որ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ դատական պաշտպանության իրավունքը սուբյեկտիվ իրավունք է, որին ուղիղ համեմատական է այդ իրավունքները և ազատությունները ճանաչելուն և պաշտպանելուն, ինչպես նաև դրանց իրացումն ապահովելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելուն ուղղված՝ պետության պոզիտիվ պարտականությունը: Նշված կառուցակարգերի թվին է դասվում նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը, որին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Լ.Զարյանի գործով կայացված որոշման մեջ և իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը մինչդատական վարույթում անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է և (…) կոչված է ապահովելու նախաքննության մարմնի գործողությունների ու որոշումների օրինականությունը և հիմնավորվածությունը» (տե՛ս Լաուրա Գարեգինի Զարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 որոշման 13-րդ կետը):
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իմանալ իր իրավունքները և պարտականությունները (…)»:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ապահովել սույն օրենսգրքով սահմանված կարգով դրանց իրականացման հնարավորությունը»:
Մեջբերված քրեադատավարական դրույթի վերլուծությունից երևում է, որ քրեադատավարական հարաբերություններում, ելնելով քրեական դատավարության հանրային բնույթից, դատավարության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի իմանալ իր կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների, այդ թվում՝ քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշումների, գործողությունների և անգործության դեմ բողոք ներկայացնելու իրավունքի մասին: Նշված իրավունքին համապատասխանում է քրեական վարույթն իրականացնող մարմինների պարտականությունը դատավարության յուրաքանչյուր մասնակցին պարզաբանելու նրա իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմինների որոշումների, գործողությունների և անգործության դեմ բողոք ներկայացնելու իրավունքը:
16. Սույն որոշման 14-րդ և 15-րդ կետերում շարադրված վերլուծության համադրման հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական դատավարության ընթացքում դատավարության մասնակցի վերաբերյալ համապատասխան դատավարական փաստաթղթեր կազմելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է դրանցում պարզաբանի նաև, թե որ մարմին, ինչ ժամկետում և ինչ կարգով կարող են բողոքարկվել այդ փաստաթղթերը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարության մասնակցին վերոնշյալ պարզաբանումները չտրամադրելը հանգեցնում է վերջինիս իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի կողմից 2011 թվականի հոկտեմբերի 31-ին կայացվել է Ա.Դավթյանի ստացած մարմնական վնասվածքների փաստով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում, որտեղ պարզաբանված չեն նշված որոշման բողոքարկման կարգն ու ժամկետները: Նախաքննության մարմնի վերոնշյալ որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012 թվականի ապրիլի 20-ին կայացրել է դիմողների ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի բողոքը մերժելու մասին որոշում՝ պատճառաբանելով, որ բողոքաբերի կողմից պահպանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգը, ինչպես նաև բողոքը ժամկետանց է: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ Ա.Դավթյանի և Ս.Մկրտչյանի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի բողոքը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 4-ի որոշմամբ մերժվել է, իսկ որոշումը` թողնվել անփոփոխ (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):
2012 թվականի փետրվարի 21-ին Ռ.Ռևազյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից Ա.Դավթյանի և մյուսների նկատմամբ բռնություն է գործադրվել: Նշված հաղորդման կապակցությամբ 2012 թվականի մարտի 2-ին կայացված որոշման մեջ ևս որևէ պարզաբանում չկա այն մասին, թե ինչ կարգով և ինչ ժամկետում է այն ենթակա բողոքարկման: Փոխարենը, որոշման եզրափակիչ մասում առկա է հետևյալ նախադասությունը. «Որոշման մասին հայտնել Արման Դավթյանին, Սոնա Մկրտչյանին, փաստաբան Ռուբեն Ռևազյանին և Վահագն Պողոսյանին ու նրանց բացատրել սույն որոշումը բողոքարկելու կարգը»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Գրիգորյանի 2012 թվականի մարտի 2-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012 թվականի մայիսի 8-ի որոշմամբ բողոքը մերժել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողել անփոփոխ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 8-ի որոշման դեմ Ա.Դավթյանի և Ս.Մկրտչյանի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի բողոքը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հունիսի 12-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել անփոփոխ (տե՛ս սույն որոշման 3-4-րդ և 7-րդ կետերը):
18. Սույն որոշման 14-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաբան Ռ.Ռևազյանի բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 8-ի որոշումները հիմնավոր չեն, քանի որ դրանք կայացնելիս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված վերոնշյալ որոշումներում պարզաբանված չեն եղել դրանց բողոքարկման կարգն ու ժամկետները:
Ինչ վերաբերում է քննիչ Ա.Գրիգորյանի որոշման մեջ առկա հետևյալ ձևակերպմանը՝ «(…) Արման Դավթյանին, Սոնա Մկրտչյանին, փաստաբան Ռուբեն Ռևազյանին և Վահագն Պողոսյանին (…) բացատրել սույն որոշումը բողոքարկելու կարգը», ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերջինիս առկայությունը դեռևս չի նշանակում, որ համապատասխան անձանց բացատրվել են որոշման բողոքարկման կարգն ու ժամկետները: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քննիչի վերոնշյալ նախադասության փոխարեն որոշման մեջ պետք է՝
ա) նշվեր, որ որոշումը հանձնվելու է դիմողին, ինչպես նաև բոլոր այն անձանց, ում իրավունքներին և պարտականություններին այն առնչվում է,
բ) պարզաբանվեին որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները՝ որոշման մեջ համապատասխան օրենսդրական դրույթների վրա հղում կատարելու և դրանց բովանդակությունը մեջբերելու միջոցով:
19. Հիմք ընդունելով սույն որոշման 14-18-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները պետք է յուրաքանչյուրի համար արդյունավետ իրավական պաշտպանություն ապահովելու` պետության պարտավորության լույսի ներքո քննության առնեին մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների դեմ բերված բողոքները և պատշաճ գնահատական տային մինչդատական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրենց պարտականությունները չկատարելու, այն է` որոշման բողոքարկման կարգն ու ժամկետը չպարզաբանելու վերաբերյալ:
II. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու իրավունք ունեցող անձինք.
20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշման մեջ առկա մոտեցումն այն մասին, որ Ս.Մկրտչյանն իրավունք չուներ բողոքարկել Արման Վահանի Դավթյանի ստացած մարմնական վնասվածքների փաստով քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը:
21. Բողոքարկման իրավունք ունեցող անձանց շրջանակի հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Մարատ և Կարեն Սարգսյանների գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձին մասնակցել քրեադատավարական իրավահարաբերություններին, եթե վերջիններս առնչվում են այդ անձի իրավունքներին և օրինական շահերին (…):
(…) եթե անձը դատավարության մասնակից չէ, սակայն վարույթն իրականացնող մարմնի ընդունած ակտով խախտվում են նրա իրավունքներն ու օրինական շահերը կամ այդ ակտն առնչվում է նրա իրավունքներին և օրինական շահերին, ապա անձն իրավունք ունի դիմել թե՛ դատարան և թե՛ վերադասության կարգով բողոքարկել դատական ակտը` իր իրավունքների պաշտպանության կամ խախտված իրավունքները վերականգնելու համար, իսկ դատարանները պարտավոր են քննության առնել նրանց դիմումները և բողոքները:
(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության հիմնարար իրավունքը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր դատավարության մասնակից չեն, սակայն վարույթն իրականացնող մարմինների ընդունած որոշումն առնչվում է նրանց օրինական շահերին, ենթադրաբար խախտում է նրանց իրավունքներն ու ազատությունները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատավարության մասնակից չհանդիսացող անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացումը պետք է լինի իրական, այսինքն՝ անձն իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ենթադրյալ խախտման յուրաքանչյուր դեպքում պետք է դատարան դիմելու և իր խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա» (տե՛ս Մարատ և Կարեն Սարգսյանների գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0282/01/09 որոշման 21-23-րդ կետերը):
22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր 2012 թվականի ապրիլի 20-ի որոշման մեջ նշել է, որ Սոնա Մկրտչյանի մասով բողոքը նույնպես ենթակա է մերժման նաև այն պատճառաբանությամբ, որ վերջինս օժտված չէ քննիչի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը բողոքարկելու իրավասությամբ, քանի որ այդ որոշմամբ նրա իրավունքները և օրինական շահերը չեն խախտվել և, ընդհանրապես, քննիչի որոշումը վերաբերում է Ա.Դավթյանի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ հետապնդում չիրականացնելուն (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
23. Սույն որոշման 21-րդ կետում մեջբերված և, համապատասխանաբար, Մարատ և Կարեն Սարգսյանների գործով կայացված որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշման լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 22-րդ կետում շարադրված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չէ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշման մեջ առկա մոտեցումն այն մասին, որ Ս.Մկրտչյանն իրավունք չուներ բողոքարկել Արման Վահանի Դավթյանի ստացած մարմնական վնասվածքների փաստով քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ թեև քննիչի` 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման եզրափակիչ մասը վերաբերում է միայն Ա.Դավթյանին, սակայն նույն որոշման մեջ տեղ գտած այն արտահայտությունը, որ «(...) չի ապացուցվել և հիմնավորվել Սոնա Մկրտչյանին (...) ոստիկանության Մաշտոցի բաժնում ծեծի ենթարկելու դեպքերը (...)», ակնհայտորեն վկայում է այն մասին, որ հիշյալ որոշմամբ շոշափվել են նաև Սոնա Մկրտչյանի իրավունքները, ուստի նա նույնպես իրավունք ուներ բողոքարկելու քննիչի որոշումը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):
24. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Մաշտոցի քննչական բաժնի քննիչի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը վերաբերում է ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից Ա.Դավթյանին ծեծի ենթարկելու հանգամանքը պարզելուն, այսինքն` քննիչը քննել է մի գործ, որը վերաբերել է իր գործընկերներին, հետևաբար, նա ի սկզբանե եղել է գործով շահագրգռված անձ և հնարավորություն չի ունեցել իրականացնելու օբյեկտիվ քննություն (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է, որ «(…) նախաքննության մարմնի դեմ ներկայացված բողոքները պետք է քննվեն անկախ մարմնի կողմից, որը չպետք է կապված լինի նախաքննության մարմնի հետ և պետք է առանձնացված լինի վերջինից (տե՛ս Արայիկ Էդուարդի Գզոյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի ԵԱՔԴ/0049/01/09 որոշման 32-րդ կետը):
Վերահաստատելով Ա.Գզոյանի գործով որոշման մեջ արտահայտված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն վերաբերելի է ոչ միայն նախաքննության, այլ նաև հետաքննության մարմինների դեմ բերված բողոքների քննությանը: Հետևաբար, հիմնավոր է բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ քննիչը քննել է մի գործ, որը վերաբերել է իր գործընկերներին, ուստի` նա ի սկզբանե հնարավորություն չի ունեցել իրականացնելու օբյեկտիվ քննություն:
25. Հիմք ընդունելով սույն որոշման 13-24-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք հիմք են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշումը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 8-ի որոշումը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունիսի 4-ի և հունիսի 12-ի որոշումները բեկանելու և մեկ վարույթում միացված գործը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք (…) խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»: Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, սույն գործով ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Դիմողներ Արման Վահանի Դավթյանի և Սոնա Ռուբենի Մկրտչյանի վերաբերյալ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշումը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 8-ի որոշումը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հունիսի 4-ի և հունիսի 12-ի որոշումները բեկանել և մեկ վարույթում միացված գործն ուղարկել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ս. Օհանյան | |
Հ. Ասատրյան | ||
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան |