ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0369/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0369/02/10 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան | |
Դատավորներ` Ն. Տավարացյան |
|
Կ. Չիլինգարյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի հունիսի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ակնալիճ» ջրօգտագործողների ընկերության (այսուհետ` Ընկերություն) գործադիր տնօրեն Սիմոն Աբգարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Նշան Ստեփանյանի ընդդեմ Ընկերության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` 3.479.000 ՀՀ դրամ պատճառված վնասը հատուցելու և 36.000 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության արժեքի գումար, բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Նշան Ստեփանյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 3.479.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, և 36.000 ՀՀ դրամ` որպես փորձաքննության արժեքի գումար:
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Հովսեփյան) (այսուհետ՝ Դատարան) 23.11.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.03.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի 23.11.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության գործադիր տնօրենը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 132-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի արժանացրել Մեծամոր համայնքի հանձնաժողովի 30.04.2010 թվականի և 03.09.2010 թվականի ակտերը, որոնք միմյանց հակասում են:
Վերաքննիչ դատարանը չի գնահատել ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի 22.04.2011 թվականի թիվ 06-135 գրությունը, որի համաձայն` տեղումների քանակը 2010 թվականին նորմայից գերազանցվել է մոտ 4 անգամ, այսինքն` չի բացառվում, որ գերխոնավության պատճառ կարող էին լինել նաև տեղումները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի կողմից կազմված արձանագրությունը հիմնված է միայն Նշան Ստեփանյանի հայտնած տվյալների վրա, որն իրականությանը չի համապատասխանում. առկա չէ որևէ ապացույց, որ հողատարածքի վրա ծախսվել է 724.000 ՀՀ դրամ, վարձու բանվորների հետ չկա որևէ աշխատանքային պայմանագիր և չկա որևէ ապացույց, որ բանվորներին 240.000 ՀՀ դրամ աշխատավարձ է տրվել, եզրակացությունը կազմվել է 0,13 հա մակերեսով հողատարածքի վերաբերյալ, իսկ Նշան Ստեփանյանը նշել է, որ վնասվել է 0,10 հա մակերեսով հողատարածք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.03.2012 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Նշան Ստեփանյանը Մեծամոր համայնքում գտնվող 0,13 հա տնամերձ հողամասի սեփականատերն է (հատոր 1, գ.թ. 21-22 , Հատոր 2, գ.թ. 59-61):
2. Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի հանձնաժողովի 30.04.2010 թվականի ակտի համաձայն` Նշան Ստեփանյանի հողամասին հարող տարածքում ջրատարի քանդված լինելու և Ընկերության կողմից մաքրված և վերանորոգված չլինելու պատճառով ջրահոսք է տեղի ունեցել համայնքի բնակիչ Նշան Ստեփանյանին պատկանող հողատարածք` վնասելով այնտեղ առկա բանջարաբոստանային կուլտուրաները (հատոր 1, գ.թ. 7):
3. ՀՀ Արդյունաբերական պալատ «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի գույքի գնահատման թիվ 13/194 հաշվետվության համաձայն` գնահատվող սածիլներին հասցված վնասի չափը 10.06.2010 թվականի դրությամբ կազմում է 3.479.000 ՀՀ դրամ (հատոր 3, գ. թ. 395-405):
4. ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից Նշան Ստեփանյանի, Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալի, Ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Նշան Ստեփանյանի 0,13 հա տնամերձ հողամասի ու դրան հարող տարածքով անցնող ջրատարի տեղազննման 02.02.2011 թվականի արձանագրության համաձայն` «ջրատարի պատերի երեսպատումը հողամասի հարակից հատվածում քայքայված է, սակայն ջրատարի ափից ջուրը դուրս հոսելու դեպքում այն չէր կարող հոսել հողամասի աջ ափի` հայցվոր Ն. Ստեփանյանի ուղղությամբ, քանի որ այդ ափը զգալի բարձր է, քան ջրատարի ձախ ափը», և «ըստ չափման արդյունքների` հողատարածքն ունի 16 մ ջրապաշտպան հողաշերտ, և ջերմոցի հողատարածքը գտնվում է ջրատարից 16-57 մ հեռավորության վրա», և «քանի որ վնասը տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլ ամսին, ապա հնարավոր չէ պարզել, թե վնասը եղել է ջրատարի պատճառով, թե ոչ» (հատոր 2, գ. թ. 144-145):
5. ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի 22.04.2011 թվականի թիվ 06-135 գրության համաձայն` ապրիլ ամսին տեղումների քանակը գերազանցել է նորման 388 տոկոսով, մայիս ամիսին` 224 տոկոսով (հատոր 2, գ. թ. 220):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Այդ տեղեկությունները հաստատվում են՝ 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը)։
Սույն գործով Դատարանը, հայցի բավարարման հիմքում դնելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի հանձնաժողովի 30.04.2010 թվականի ակտը և ՀՀ Արդյունաբերական պալատ «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի գույքի գնահատման թիվ 13/194 հաշվետվությունը, գտել է, որ «Գործի փաստերով և ձեռք բերված ապացույցներով, մասնավորապես` 30.04.2010 թվականի հանձնաժողովի կողմից կազմված ակտով փաստվում է, որ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի բնակիչ Նշան Ստեփանյանի հողամասին հարող տարածքում ջրատարի քանդված լինելու և Ակնալիճ ՋՕԸ կողմից մաքրված և վերանորոգված չլինելու պատճառով ջրահոսք է տեղի ունեցել համայնքի բնակիչ Նշան Ստեփանյանին պատկանող հողատարածք` վնասելով այնտեղ առկա բանջարաբոստանային կուլտուրաները (լոլիկ, վարունգ, պղպեղ և այլն), իսկ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմված թիվ 13/194 գույքի գնահատման հաշվետվությամբ վնասի չափը 10.06.2010 թվականի դրությամբ կազմում է 3.479.000 ՀՀ դրամ»:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում նույնպես դրել է այն հանգամանքը, որ «ջրահոսքի և արդյունքում ջրատարի քանդված լինելու և «Ակնալիճ» ՋՕ ընկերության կողմից մաքրված և վերանորոգված չլինելու պատճառով ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի բնակիչ Նշան Ստեփանյանին պատկանող հողատարածքում տեղի ունեցած ջրահոսքի պատճառով վնասվել է այնտեղ առկա բանջարաբոստանային կուլտուրաները (լոլիկ, վարունգ, պղպեղ և այլն): Նշված հանգամանքը հաստատվել է 30.04.2010 թվականի հանձնաժողովի կողմից կազմված ակտով: Ընդ որում, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմված թիվ 13/194 գույքի գնահատման հաշվետվության համաձայն՝ հասցված վնասի չափը 10.06.2010 թվականի դրությամբ կազմում է 3.479.000 ՀՀ դրամ»:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես` ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից Նշան Ստեփանյանի, Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալի, Ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Նշան Ստեփանյանի 0,13 հա տնամերձ հողամասի ու դրան հարող տարածքով անցնող ջրատարի տեղազննման 02.02.2011 թվականի արձանագրությունը, որի համաձայն` «ջրատարի պատերի երեսպատումը հողամասի հարակից հատվածում քայքայված է, սակայն ջրատարի ափից ջուրը դուրս հոսելու դեպքում այն չէր կարող հոսել հողամասի աջ ափի` հայցվոր Ն. Ստեփանյանի ուղղությամբ, քանի որ այդ ափը զգալի բարձր է, քան ջրատարի ձախ ափը», և «ըստ չափման արդյունքների` հողատարածքն ունի 16 մ ջրապաշտպան հողաշերտ, և ջերմոցի հողատարածքը գտնվում է ջրատարից 16-57 մ հեռավորության վրա», և «քանի որ վնասը տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլ ամսին, ապա հնարավոր չէ պարզել, թե վնասը եղել է ջրատարի պատճառով, թե ոչ», ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի 22.04.2011 թվականի թիվ 06-135 գրությունը, որի համաձայն` ապրիլ ամսին տեղումների քանակը գերազանցել է նորման 388 տոկոսով, մայիս ամսին` 224, Մեծամոր համայնքի ղեկավարի 14.07.2010 թվականի թիվ 295 տեղեկանքը, որի համաձայն` Նշան Ստեփանյանը դեռ 2009 թվականին մշակել է վիճելի հողատարածքը և ստացել է որոշակի բերք: Վերաքննիչ դատարանը նաև չի հիմնավորել, թե ինչով է հիմնավորվում այն փաստը, որ վիճելի հողամասին վնաս է պատճառվել հենց ջրատարի քանդված կամ չմաքրված լինելու պատճառով, կամ արդյոք Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի հանձնաժողովի 30.04.2010 թվականի ակտը կազմվել է մասնագետների կողմից, որոնք կարող են եզրակացություն տալ այն մասին, որ Նշան Ստեփանյանին վնաս է պատճառվել հենց ջրատարի անսարքության կամ չմաքրված լինելու պատճառով:
Վերոգրյալներից ելնելով և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, այն է` ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից Նշան Ստեփանյանի, Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալի, Ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Նշան Ստեփանյանի 0,13 հա տնամերձ հողամասի ու դրան հարող տարածքով անցնող ջրատարի տեղազննման 02.02.2011 թվականի արձանագրությունը և ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի 22.04.2011 թվականի թիվ 06-135 գրությունը, ինչպես նաև չի պատճառաբանել, թե ինչու է այդ ապացույցները մերժում: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը համոզիչ և հիմնավոր չէ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |