Գլխավոր տեղեկություն
Номер
N 1815-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.11.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.11.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.11.2024
Дата вступления в силу
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2024 թվականի N 1815-Ն

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԸՆՏԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈԶԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) ժամանակավոր քանակական սահմանափակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող 50 կգ կամ ավելի զանգվածով՝ ընտանի տեսակների կենդանի խոզերի (այսուհետ՝ ապրանք)՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նկատմամբ, բացառությամբ առնվազն մեկ ծին ունեցող խոզամայրերի՝ 160 կգ-ից ոչ պակաս զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 110 0 ծածկագիր), ոչ ավելի, քան 25,0 հազար հատ քանակով՝ 6 ամիս ժամկետով․

2) որ սույն որոշմամբ նախատեսված ծավալով ապրանքի ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը տարածվում է «Բացթողում՝ ներքին սպառման համար» կամ փոխադարձ առևտրով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգերով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ։

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին լիազոր մարմին՝ սույն որոշման կիրարկման իմաստով:

3. Հաստատել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 3 օրացուցային օր առաջ ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցների ժամանակավոր կիրառման մասին։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և գործում է 6 ամիս ժամկետով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


21.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 21-ի N 1815-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԸՆՏԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈԶԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի (այսուհետ՝ ապրանք) ներմուծման ժամանակ ծագող հարաբերությունները:

2. Երրորդ երկրներից ապրանքի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակ հայտատուն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետին համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում ապրանքի մաքսային հայտարարագիրը:

3. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում նշված ընթացակարգի գործողությունը ավարտելու նպատակով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով «Մաքսային տարանցում» ընթացակարգի գործողության ավարտի ձևակերպումը դիտվում է որպես լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվություն` սույն որոշման կիրառման մասով:

4. Սույն ընթացակարգի 2-րդ կետով նախատեսված հայտարարագրի` մաքսային մարմինների կողմից հայտարարագրման ավտոմատ համակարգում գրանցումը դիտվում է որպես լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվություն` սույն որոշման կիրառման իմաստով:

5. Սույն որոշմամբ նախատեսված նպատակների կիրառման համար նախնական մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների (փոփոխությունների, լրացումների), ապրանքների հայտարարագրում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության բացակայության մասին ծանուցման գրանցումը։

6. Սույն ընթացակարգին համապատասխան լրացված ապրանքների մաքսային հայտարարագրի գրանցումը կամ սույն ընթացակարգի 3-րդ և 5-րդ կետերում նշված գործողությունների իրականացումը մերժվում է, եթե որոշմամբ նախատեսված ապրանքի քանակը սպառվել է նշված փաստաթղթերի գրանցման կամ բացթողման պահի դրությամբ:

7. Սույն որոշման կիրառման իմաստով մաքսային մարմինների կողմից թույլտվության տրամադրումն իրականացվում է ժամանակագրական սկզբունքով, հերթականությամբ՝ հիմք ընդունելով մաքսային հայտարարագրերի գրանցման կամ սույն ընթացակարգի 3-րդ և 5-րդ կետերում նշված գործողությունների իրականացման պահը, իսկ դրանց քանակական հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտարարագրման համակարգի կիրառմամբ։ Սույն ընթացակարգի 2-րդ և 5-րդ կետերով նշված փաստաթղթերի միաժամանակ գրանցման և 3-րդ կետում նշված գործողությունների միաժամանակ իրականացման պարագայում սակագնային արտոնությունը տրամադրվում է առավել վաղ գրանցված համապատասխան փաստաթղթերով կամ առավել վաղ կատարված գործողություններով ապրանքների ներմուծմանը:

8. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամսական պարբերականությամբ՝ յուրաքանչյուր ամսվա համար Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքի ներմուծման մասին տեղեկատվություն՝ մինչև հաջորդող ամսվա 15-ը, ինչպես նաև պաշտոնական կայքում տեղադրում է տեղեկատվություն՝ յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներմուծված ապրանքի քանակի վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


21.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2024 թվական: