ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հայտարարության տեքստը:
2. Սույն հայտարարության տեքստն ուղարկել ՄԱԿ, Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհուրդ, ԱՊՀ պետությունների խորհրդարաններ և նախագահներին, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներին:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ հայ բնակչության դեմ Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի գործողությունները 1992 թվականի փետրվար ամսից վերաճել են լայնածավալ հարձակումների և ընդունել առանձնակի դաժան բնույթ: «Գրադ» հրթիռային կայանքներից և հրետանուց կատարվող անընդմեջ ռմբակոծումների հետևանքով ավերվում են մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջանային կենտրոնները, տանկերի և զրահատեխնիկայի օժանդակությամբ մշտական հարձակումներ են ծավալվում հանրապետության տասնյակ սահմանամերձ բնակավայրերի դեմ:
Ամեն օր զոհվում են անմեղ մարդիկ, այդ թվում` երեխաներ, կանայք, ծերեր: Միայն Մարաղա գյուղում դաժանաբար սպանվել է 53 մարդ, պատանդ է վերցվել շուրջ 50 մարդ, իսկ գյուղը գրեթե ամբողջովին մատնվել է կրակի:
Միևնույն ժամանակ ավելի հաճախակի և վտանգավոր են դառնում զինված հարձակումները Հայաստանի Հանրապետության սահմանային շրջանների վրա: Այս ամենը ավելի իրական է դարձնում հայ-ադրբեջանական պատերազմի սպառնալիքները, մի պատերազմ, որի մեջ անխուսափելիորեն կներքաշվեն այլ պետություններ և որը կունենա անդառնալի կործանարար հետևանքներ:
Ադրբեջանական Հանրապետության քաղաքական գիծը վտանգավոր է մանավանդ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության պայմաններում, երբ սկսվում են ուրվագծվել դրական տեղաշարժեր հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու ուղղությամբ: Այդ կապակցությամբ, սակայն, զարմանք և վրդովմունք է հարուցում Ռուսաստանի բարձրագույն քաղաքական և զինվորական ղեկավարության դիրքորոշումը: Մարաղա գյուղի վրա կատարված հարձակմանը ակտիվորեն մասնակցել են ԱՊՀ զինված ուժերի սպաներ: Փաստորեն անպատիժ են մնում և յուրովի խրախուսվում ԱՊՀ պատկանող, ինչպես նաև Ռուսաստանի իրավասությանը ենթակա զորամասերի տեխնիկայի, զենքի, զինամթերքի մեծաքանակ հափշտակումները Ադրբեջանական Հանրապետության տարածքում: Բավական է նշել, որ Աղդամ քաղաքի զինապահեստից զինվորականների բացահայտ թողտվությամբ գրավվել է 1000 վագոն զինամթերք` 8 մեգատոննա ընդհանուր հզորությամբ: Բաքվից ոչ հեռու գտնվող ռազմական օդակայանից անարգել հափշտակվել է ՍՈՒ-24 գերձայնային ռմբակոծիչը, մի փաստ, որ վկայում է թե Ադրբեջանի հեռահար ռազմական ծրագրերի, և թե Այսրկովկասի զինվորական օկրուգի ղեկավարության մեղսակցության մասին: Հատկապես մտահոգիչ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կայացած պայմանավորվածությունը Կասպյան նավատորմի մեկ քառորդը Ադրբեջանի իրավազորությանը հանձնելու մասին: Կասկած չկա, որ նավատորմի հրետանին, հրազենն ու ավիացիան տեղափոխվելու են Լեռնային Ղարաբաղ և Հայաստանի Հանրապետության սահմանները` խաղաղ բնակչության դեմ բարբարոսական պատերազմը նոր թափով շարունակելու համար:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարում է, որ Ռուսաստանի քաղաքական և զինվորական ղեկավարության քայլը Կասպյան նավատորմի վերաբերյալ ակնհայտորեն խախտում է ԱՊՀ ձևավորման իրավական սկզբունքները և կտրուկ փոխում է զինված ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում: Ռուսաստանը իրավունք չուներ սեփական հայեցողությամբ Ադրբեջանին հանձնել Համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր տնօրինմանը ենթակա ռազմական ունեցվածքը: Բացի այդ, Ռուսաստանը փաստորեն խախտել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի պաշտոնական մարմնի որոշումը հակամարտության տարածք զենք և զինամթերք տեղափոխելը արգելելու մասին:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարում է, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Ադրբեջանում հափշտակված, Ադրբեջանին հանձնված զինվորական տեխնիկան, զենքն ու զինամթերքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ օգտագործելու համար: Ռուսաստանի ղեկավարության նման կեցվածքն ու գործողությունները Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը գնահատում է որպես խիստ վտանգավոր և ոչ բարեկամական. դրանք անհարիր են 1991 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած միջպետական պայմանագրի, ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի ոգուն և տառին:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հույս է հայտնում, որ Այսրկովկասյան տարածքաշրջանում Ռուսաստանի հետագա քաղաքականությունը չի հակասի հակամարտության քաղաքական լուծմանը նպաստելու մասին Ռուսաստանի բազմաթիվ հավաստիացումներին:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը կարևոր է համարում Հայաստանի և Ռուսաստանի պառլամենտականների անհապաղ խորհրդակցությունները տարածքաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական պայթյունավտանգ իրավիճակը կարգավորելու շուրջ:
22 ապրիլի 1992 թվականի, քաղ. Երևան |
|