ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2357/02/17
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2357/02/17
Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան
Դատավորներ՝ |
Կ. Չիլինգարյան |
Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
զեկուցող |
Ս. Միքայելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. բԱՐՍԵՂՅԱՆ | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի մարտի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով Օվսաննա Մեսրոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Քրիստինե Տոնոյանից և Օվսաննա Մեսրոբյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 85.784 ԱՄՆ դոլար` որպես պարտքի գումար, և 68.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև` սկսած 01.06.2017 թվականից մինչև պայմանագրով վարկի մնացորդի գումարը` 41.601,10 ԱՄՆ դոլարը, վերադարձնելու օրը հաշվարկել և վերջիններից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել պայմանագրի 1.1.2 կետով նախատեսված տարեկան տոկոսադրույքը` ԿԲՀՏ+5.5% տոկոսի չափով, իսկ սկսած 01.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել և Քրիստինե Տոնոյանից ու Օվսաննա Մեսրոբյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել պայմանագրի 1.1.12.1. և 1.1.12.2. կետերով նախատեսված տույժերի գումարը` հաշվարկված վարկի մնացորդի` 41.601,10 ԱՄՆ դոլարի ժամկետանց մասի և 41.601,10 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի ժամկետանց մասի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար համապատասխանաբար ժամկետանց վարկի 0.15 տոկոսի չափով և ժամկետանց տոկոսագումարի 0.4 տոկոսի չափով։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 17.05.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է` Քրիստինե Տոնոյանից և Օվսաննա Մեսրոբյանից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել` 85.784 ԱՄՆ դոլարին` բռնագանձման պահին համարժեք, ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, սկսած 01.06.2017 թվականից մինչև պայմանագրով վարկի մնացորդի գումարը` 41.601,10 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամը, Բանկին վերադարձնելու օրը, պայմանագրի 1.1.2 կետով նախատեսված հաշվեգրվող տարեկան տոկոսադրույքը` ԿԲՀՏ+5.5% տոկոսի չափով, սկսած 01.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը պայմանագրի 1.1.12.1. և 1.1.12.2. կետերով նախատեսված հաշվեգրվող տույժերի գումարը` հաշվարկված վարկի մնացորդի` 41.601,10 ԱՄՆ դոլարի ժամկետանց մասի և 41.601,10 ԱՄՆ դոլարին` բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի ժամկետանց մասի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար համապատասխանաբար ժամկետանց վարկի 0.15 տոկոսի չափով և ժամկետանց տոկոսագումարի 0.4 տոկոսի չափով, ինչպես նաև` 68.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Դատարանի 30.07.2018 թվականի լրացուցիչ վճռով լրացվել է 17.05.2018 թվականին կայացված վճիռը: Վճռվել է Քրիստինե Տոնոյանից և Օվսաննա Մեսրոբյանից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել նաև 68.000 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Մ. Հարթենյան, դատավորներ` Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան) 02.08.2018 թվականի որոշմամբ Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.03.2019 թվականի որոշմամբ Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարվել է` վերացվել է Վերաքննիչ դատարանի 02.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.07.2019 թվականի որոշմամբ Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.05.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վերաքննիչ դատարանի դատավոր Կ. Չիլինգարյանը ներկայացրել է հատուկ կարծիք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Օվսաննա Մեսրոբյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը և 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գործի քննության ընթացքում Օվսաննա Մեսրոբյանին պատշաճ չի ծանուցել դատական նիստի տեղի, ժամանակի և վայրի մասին, որպիսի պայմաններում վերջինս հնարավորություն չի ունեցել հայցապահանջի դեմ ներկայացնել առարկություն: Օվսաննա Մեսրոբյանը դատական նիստերին ներկա չի գտնվել, պատշաճ ծանուցված չի եղել, չի ունեցել հնարավորություն Բանկի հետ իր ունեցած բանակցությունների մասին հայտնելու, հայցապահանջի դեմ մասամբ առարկելու: Հաշվի առնելով այդ հանգամանքը` Օվսաննա Մեսրոբյանը Դատարանի վճռի դեմ օրենքով սահմանված կարգով վերաքննիչ բողոք է ներկայացրել` խնդրելով ամբողջությամբ բեկանել 17.05.2018 թվականի վճիռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության: Վերաքննիչ դատարանը, սակայն 03.07.2019 թվականի որոշմամբ մերժել է բողոքը:
Վերաքննիչ դատարանը յուրովի է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, անտեսել է օրենքի այն դրույթը, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար վճարվում է գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափը: Մինչդեռ` բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանը նախատեսված և հետաձգված պետական տուրքի գումարի վճարման չափը սահմանել է ոչ թե վիճարկվող գումարի 3 տոկոսի, այլ վիճարկվող գումարի 6 տոկոսի չափը: Նույն` մեկ բողոքի շրջանակում բողոքաբերներից յուրաքանչյուրից Վերաքննիչ դատարանը բռնագանձել է վիճարկվող գումարի 3 տոկոսը, այն դեպքում, երբ բողոքը ներկայացվել է երկու պատասխանողի կողմից, սակայն ըստ էության հանդիսանում է մեկ վերաքննիչ բողոք: Հետևաբար` Վերաքննիչ դատարանը պարտավոր էր պետական տուրքի հարցին անդրադառնալիս ոչ թե յուրաքանչյուրից առանձին-առանձին պետական բյուջե բռնագանձել պետական տուրքի գումարը, այլ պարտավոր էր որոշում կայացնել պետական տուրքի համար նախատեսված վիճարկվող գումարի 3 տոկոսի բռնագանձման պարտականությունը բողոքաբերների նկատմամբ կիրառել համապարտության կարգով:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.07.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Բանկը, որպես Օվսաննա Մեսրոբյանի հասցե, հայցադիմումով Դատարանին հայտնել է ‹‹ք. Երևան, Պրահայի փ., տուն 40›› հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 04-07):
2) Համաձայն 19.06.2017 թվականի թիվ Ե-31979 գրության` Դատարանը 25.10.2017 թվականին, ժամը 11:40-ին նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկել է Օվսաննա Մեսրոբյանին ‹‹ք. Երևան, Պրահայի փող., տուն 40›› հասցեով (հատոր 1-ին, գ.թ. 48-56):
3) Թիվ RL004168284AM փոստային ծրարի համաձայն` Օվսաննա Մեսրոբյանին ուղարկված ծրարը վերադարձվել է «Չպահանջված» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 55-56):
4) Օվսաննա Մեսրոբյանը 24.10.2017 թվականին Դատարան մուտքագրված դիմումով միջնորդել է հետաձգել 25.10.2017 թվականին նշանակված դատական նիստը: Դիմումում, որպես իր հասցե, նշել է հայցադիմումում նշված` «ք. Երևան, Պրահայի փ., տուն 40» հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 57):
5) Դատարանը 25.10.2017 թվականի դատական ծանուցագրով 13.02.2018 թվականին, ժամը 14:30-ի նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկել է Օվսաննա Մեսրոբյանին ‹‹ք. Երևան, Պրահայի փող., տուն 40›› հասցեով (հատոր 1-ին, գ.թ. 63-66):
6) Թիվ RL08705332AM փոստային ծրարի համաձայն` Օվսաննա Մեսրոբյանին ուղարկված ծրարը վերադարձվել է «Տեղափոխված» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 65-66):
7) Դատարանն Օվսաննա Մեսրոբյանի` 13.02.2018 թվականին, ժամը 14:30-ին կայացվելիք դատական նիստի մասին ծանուցումն ապահովել է իրավահարաբերության ծագման պահին գործած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխան` վարչական շրջանի ղեկավարին գրություն ուղարկելու ու հրապարակային ծանուցման միջոցով (հատոր 1-ին, գ.թ. 67-71):
8) Դատարանը 13.02.2018 թվականի դատական ծանուցագրով 08.05.2018 թվականին, ժամը 14:30-ին նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկել է Օվսաննա Մեսրոբյանին ‹‹ք. Երևան, Պրահայի փող., տուն 40›› հասցեով (հատոր 1-ին, գ.թ. 77-80):
9) Թիվ RL013292571M փոստային ծրարի համաձայն` Օվսաննա Մեսրոբյանին ուղարկված ծրարը վերադարձվել է «Տեղափոխված» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 79-80):
10) Դատարանն Օվսաննա Մեսրոբյանի` 08.05.2018 թվականին, ժամը 14:30-ին կայացվելիք դատական նիստի մասին ծանուցումն ապահովել է իրավահարաբերության ծագման պահին գործած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխան` վարչական շրջանի ղեկավարին գրություն ուղարկելու ու հրապարակային ծանուցման միջոցով (հատոր 1-ին, գ.թ. 81-85):
11) Օվսաննա Մեսրոբյանի և Քրիստինե Տոնոյանի ներկայացուցչի կողմից 18.06.2018 թվականին և 24.07.2018 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքներում, կից միջնորդություններում, ինչպես նաև 29.08.2018 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքում որպես Օվսաննա Մեսրոբյանի հասցե նշվել է ‹‹ք. Երևան, Պրահայի փող., տուն 40›› հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 117-121, 135-139, 159-164):
12) Վերաքննիչ դատարանը 06.07.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ բավարարել է Օվսաննա Մեսրոբյանի և Քրիստինե Տոնոյանի ներկայացուցչի կողմից ներկայացված պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդությունը, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձրել (հատոր 1-ին, գ.թ. 128-130):
13) Վերաքննիչ դատարանը 02.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Օվսաննա Մեսրոբյանի և Քրիստինե Տոնոյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է (հատոր 1-ին, գ.թ. 147-148):
14) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.03.2019 թվականի որոշմամբ Օվսաննա Մեսրոբյանի և Քրիստինե Տոնոյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է` վերացվել է Վերաքննիչ դատարանի 02.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 188-194):
15) Վերաքննիչ դատարանը, 03.07.2019 թվականի որոշմամբ մերժելով Օվսաննա Մեսրոբյանի և Քրիստինե Տոնոյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը և անդրադառնալով դատական ծախսերի հարցին, արձանագրել է, որ «նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումար չի վճարվել, պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգվել է Վերաքննիչ դատարանի 06.07.2018 թվականի որոշմամբ, վերաքննիչ բողոքը մերժվել է, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Քրիստինե Տոնոյանից և Օվսաննա Մեսրոբյանից յուրաքանչյուրից առանձին ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 1.241.955,02 ՀՀ դրամ (85.784 ԱՄՆ դոլար * 482,59 ՀՀ դրամ` 18.06.2018 թվականին (վերաքննիչ բողոքը ներկայացնելու օր) ՀՀ ԿԲ փոխարժեքը * 3%), ինչպես նաև 01.06.2017 թվականից մինչև 08.06.2017 թվականը (հայցադիմումը փոստային կապի ծառայությանը հանձնելու օր) վարկի մնացորդի 41.601,10 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ անշարժ գույքի ձեռքբերման 16.08.2013 թվականի թիվ 408618 վարկային պայմանագրի 1.1.2 կետով նախատեսված ԿԲՀՏ+5.5% տոկոսի չափով հաշվեգրվող տարեկան տոկոսադրույքի 3%-ը, վարկի մնացորդի` 41.601,10 ԱՄՆ դոլարի ժամկետանց մասի և 41.601,10 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի ժամկետանց մասի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար անշարժ գույքի ձեռքբերման 16.08.2013 թվականի թիվ 408618 վարկային պայմանագրի 1.1.12.1. և 1.1.12.2. կետերով նախատեսված համապատասխանաբար ժամկետանց վարկի 0.15 տոկոսի չափով և ժամկետանց տոկոսագումարի 0.4 տոկոսի չափով հաշվեգրվող տույժերի գումարի 3%-ը` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար (հատոր 2-րդ, գ.թ. 33-41):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում համապարտություն ենթադրող վիճելի իրավահարաբերության պարագայում պետական տուրքի բաշխման առանձնահատկությունների վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտում, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
- արդյոք հասցեն փոփոխելու վերաբերյալ հաղորդման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է հանձնված հասցեատիրոջը` անկախ հասցեատիրոջ` այդ հասցեում բնակվելու հանգամանքից,
- գործով մի քանի անձանց կողմից մեկ բողոք ներկայացնելու դեպքում, երբ վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է համապարտություն, արդյոք նրանցից յուրաքանչյուրից պետք է գանձվի պետական տուրքի ամբողջ գումարը:
4.1. Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
Նախկին օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության համաձայն` գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով:
Նախկին օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում իրավահավասարության և մրցակցության սկզբունքների, անձի լսված լինելու իրավունքի համատեքստում բազմիցս անդրադարձել է վկայակոչված հոդվածների վերլուծությանը:
Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի բովանդակությանը, նշել է, որ դրանով նախատեսված նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե՛ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի և մյուսների թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 6-րդ, 28-րդ և 80-րդ հոդվածներին, գտել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: Նշված սկզբունքը դրսևորվում է նաև դատարանին և գործին մասնակցող մյուս անձանց հասցեի փոփոխության վերաբերյալ գործին մասնակցող անձի կողմից ծանուցելով: Նման կերպ պաշտպանվում է ոչ միայն հասցեն փոխած անձի իրավունքը, այլև դատավարության մյուս մասնակիցների իրավունքները, քանի որ դատարանը, ծանուցագրերն ուղարկելով փոխված հասցեով, ըստ էության ապահովում է գործի ողջամիտ ժամկետում քննությունը մի կողմից և դատավարության մասնակիցների` դատական նիստին ներկա գտնվելու հնարավորությունը մյուս կողմից: Դրանով է պայմանավորված նաև այն, որ օրենսդիրն իր դատավարական իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվող կողմի վրա է թողնում հետևանքները կրելու ռիսկը, այն է` հասցեն փոփոխելու վերաբերյալ հաղորդման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է հանձնված` անկախ հասցեատիրոջ` այդ հասցեում բնակվելու հանգամանքից (տե՛ս, Արամ Մակարյանն ընդդեմ Խաչիկ Մանուկյանի թիվ ԵԱՆԴ/0326/02/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հասցեն փոփոխելու վերաբերյալ հաղորդման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է հանձնված` անկախ հասցեատիրոջ` այդ հասցեում բնակվելու հանգամանքից:
Անդրադառնալով Օվսաննա Մեսրոբյանի պատշաճ ծանուցված չլինելու հանգամանքին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն այդ հիմքով ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով Բանկը, որպես Օվսաննա Մեսրոբյանի հասցե, հայցադիմումով Դատարանին հայտնել է ‹‹ք. Երևան, Պրահայի փ., տուն 40›› հասցեն:
Համաձայն 19.06.2017 թվականի թիվ Ե-31979 գրության` Դատարանը 25.10.2017 թվականին, ժամը 11:40-ին նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկել է Օվսաննա Մեսրոբյանին ‹‹ք. Երևան, Պրահայի փող., տուն 40›› հասցեով: Թիվ RL004168284AM փոստային ծրարի համաձայն` Օվսաննա Մեսրոբյանին ուղարկված ծրարը վերադարձվել է «Չպահանջված» նշումով:
Օվսաննա Մեսրոբյանը 24.10.2017 թվականին Դատարան մուտքագրված դիմումով միջնորդել է հետաձգել 25.10.2017 թվականին նշանակված դատական նիստը: Դիմումում, որպես իր հասցե, նշել է հայցադիմումում նշված` «ք. Երևան, Պրահայի փ., տուն 40» հասցեն:
Դատարանը 25.10.2017 թվականի դատական ծանուցագրով 13.02.2018 թվականին, ժամը 14:30-ին նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկել է Օվսաննա Մեսրոբյանին ‹‹ք. Երևան, Պրահայի փող., տուն 40›› հասցեով: Թիվ RL08705332AM փոստային ծրարի համաձայն` Օվսաննա Մեսրոբյանին ուղարկված ծրարը վերադարձվել է «Տեղափոխված» նշումով:
Դատարանն Օվսաննա Մեսրոբյանի` 13.02.2018 թվականին, ժամը 14:30-ին կայացվելիք դատական նիստի մասին ծանուցումն ապահովել է իրավահարաբերության ծագման պահին գործած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխան` վարչական շրջանի ղեկավարին գրություն ուղարկելու ու հրապարակային ծանուցման միջոցով:
Դատարանը 13.02.2018 թվականի դատական ծանուցագրով 08.05.2018 թվականին, ժամը 14:30-ին նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ ծանուցումը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկել է Օվսաննա Մեսրոբյանին ‹‹ք. Երևան, Պրահայի փող., տուն 40›› հասցեով: Թիվ RL013292571M փոստային ծրարի համաձայն` Օվսաննա Մեսրոբյանին ուղարկված ծրարը վերադարձվել է «Տեղափոխված» նշումով:
Դատարանն Օվսաննա Մեսրոբյանի` 08.05.2018 թվականին, ժամը 14:30-ին կայացվելիք դատական նիստի մասին ծանուցումն ապահովել է իրավահարաբերության ծագման պահին գործած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխան` վարչական շրջանի ղեկավարին գրություն ուղարկելու ու հրապարակային ծանուցման միջոցով:
Օվսաննա Մեսրոբյանի և Քրիստինե Տոնոյանի ներկայացուցչի կողմից 18.06.2018 թվականին և 24.07.2018 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքներում, կից միջնորդություններում, ինչպես նաև 29.08.2018 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքում որպես Օվսաննա Մեսրոբյանի հասցե նշվել է ‹‹ք. Երևան, Պրահայի փող., տուն 40›› հասցեն:
Վերաքննիչ դատարանը, 03.07.2019 թվականին մերժելով վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ «(...) Օվսաննա Մեսրոբյանին հասցեագրված բոլոր ծանուցումներն իրականացվել են հայցադիմումում նշված հասցեով, որպիսին իր բնակության վայրի կամ հաշվառման վայրի հասցեն հանդիսանալու հանգամանքը բողոք ներկայացրած անձի կողմից չի վիճարկվում: (...): Այլ կերպ ասած` Դատարանը կատարել է պատասխանող Օվսաննա Մեսրոբյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և ձեռնարկել է օրենսդրությամբ նախատեսված ծանուցման հնարավոր բոլոր միջոցներն ու եղանակները»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով Օվսաննա Մեսրոբյանի պատշաճ ծանուցման հարցը պարզելիս նախ պետք է գնահատման առարկա դարձնել վերջինիս կողմից իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու փաստը:
Տվյալ դեպքում, հիմնավորվում է, որ Դատարանն Օվսաննա Մեսրոբյանին հասցեագրված բոլոր ծանուցումներն իրականացրել է հայցադիմումում նշված հասցեով: Թեև, գործի նյութերից երևում է, որ փոստային ծրարները հետ են վերադարձել դատարան, այդուհանդերձ` հիմնավորվում է նաև, որ Օվսաննա Մեսրոբյանը տեղեկացված է եղել իր դեմ ներկայացված հայցի մասին: Ավելին` Օվսաննա Մեսրոբյանը 24.10.2017 թվականին Դատարան մուտքագրված դիմումով միջնորդել է հետաձգել 25.10.2017 թվականին նշանակված դատական նիստը: Ընդ որում, դիմումում, որպես իր հասցե, ևս նշել է հայցադիմումում նշված` «ք. Երևան, Պրահայի փ., տուն 40» հասցեն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օվսաննա Մեսրոբյանը, խախտելով Նախկին օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները, չի օգտվել իր դատավարական իրավունքներից և բարեխղճորեն չի կատարել իր դատավարական պարտականությունները, արդյունքում կիրառելի են դարձել Նախկին օրենսգրքի 80-րդ հոդվածի դրույթներն այն մասին, որ հասցեն փոփոխելու վերաբերյալ հաղորդման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է հանձնված` անկախ հասցեատիրոջ` այդ հասցեում բնակվելու հանգամանքից:
Նման պայմաններում Օվսաննա Մեսրոբյանի բողոքն այս հիմքով անհիմն է և ենթակա է մերժման:
4.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, (...):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ նույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ: Նույն օրենքի 9-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործով մի քանի հայցվորների կամ բողոք բերողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, իսկ մի քանի պատասխանողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, բացառությամբ այն դեպքի, երբ վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է համապարտություն։ Այդ դեպքում պատասխանողները կրում են դատական ծախսերի փոխհատուցման համապարտ պարտականություն: Մասնաբաժինները որոշելու անհնարինության դեպքում դատական ծախսերը նրանց միջև բաշխվում են հավասարաչափ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման պարտականությանը, արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար։ Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած` որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե´ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը: Մասնավորապես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սպառիչ ամրագրվել են ինչպես դատարան դիմելու համար պետական տուրքի գանձման օբյեկտները, այնպես էլ` գանձվող պետական տուրքի դրույքաչափերը: Ընդ որում օրենսդիրը վերը նշվածը սահմանելիս որոշակի տարբերակված մոտեցում է ցուցաբերել դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են` ներկայացված հայցապահանջի տեսակը, քննվող գործով վարույթի տեսակը, բողոքարկման ենթակա ակտը և դրա բողոքարկման ծավալը (տե´ս, ըստ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի դիմումի թիվ ԱՎԴ2/1116/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.07.2019 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձն իր իրավունքների դատական պաշտպանության համար պետք է կատարի օրենքով սահմանված դատական ծախսեր, որոնք իրենց մեջ ներառում են նաև հայցադիմումի, դիմումի, ինչպես նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական բյուջե վճարվող պետական տուրքի գումարները: Ընդ որում, պետական տուրքի գանձման օբյեկտների ցանկը և դրույքաչափերը` ըստ պահանջների ու գործը քննող ատյանների, ամրագրված են ու կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:
Դատական ծախսերի բաշխման հարցը լուծելիս` դատարանը պարտավոր է պարզել, թե
գործին մասնակցող անձանցից ով և ինչ ծավալով է կատարելու դատական ծախսերը փոխհատուցելու պարտականությունը: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով: Ընդ որում, որպես ընդհանուր կանոն, դատական ծախսերն ամբողջ ծավալով դրվում են դրանց փոխհատուցման համար պատասխանատու անձի վրա: Առանձին իրավիճակների համար օրենսդիրը նախատեսել է դատական ծախսերի բաշխման հատուկ կանոններ: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործով մի քանի հայցվորների կամ մի քանի բողոք բերողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, իսկ մի քանի պատասխանողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, բացառությամբ այն դեպքի, երբ վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է համապարտություն։ Այդ դեպքում պատասխանողները կրում են դատական ծախսերի փոխհատուցման համապարտ պարտականություն: Մասնաբաժինները որոշելու անհնարինության դեպքում դատական ծախսերը նրանց միջև բաշխվում են հավասարաչափ:
Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ`
- նորմը վերաբերում է դատակիցներին, այսինքն` միևնույն կողմում հանդես եկող այն անձանց, որոնց շահերն իրար չեն հակասում, նրանց պահանջները միշտ համատեղելի են և միմյանց չեն բացառում,
- դատակիցները կրում են իրենց գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, իսկ դրա չափերի (բաժինների) որոշման անհնարինության դեպքում` դատական ծախսերը նրանց միջև բաշխվում են հավասարաչափ,
- դատակիցները կրում են դատական ծախսերի փոխհատուցման համապարտ պարտականություն, եթե վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է համապարտություն։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: Համապարտ պարտապաններից մեկից լրիվ բավարարում չստացած պարտատերն իրավունք ունի չստացած մասը պահանջել մյուս համապարտ պարտապաններից: Համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորությունների համապարտությունն առաջացնում է համապարտ պատասխանատվություն, որպիսի պարագայում դատական ծախսերը փոխհատուցելու պահանջ կարող է ներկայացվել ինչպես բոլոր դատակիցներին համատեղ, այնպես էլ` նրանցից յուրաքանչյուրին` ինչպես ամբողջ ծավալով, այնպես էլ` մի մասով: Դատական ծախսերի փոխհատուցման համապարտ պատասխանատվությունը նաև հնարավորություն է ընձեռում պահանջ ներկայացնել այն պատասխանողին, ով ի վիճակի է փոխհատուցել դատական ծախսերը:
Սույն գործի փաստերի համաձայն` դիմելով դատարան` Բանկը պահանջել է Քրիստինե Տոնոյանից և Օվսաննա Մեսրոբյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 85.784 ԱՄՆ դոլար և 68.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, բռնագանձել նաև սկսած 01.06.2017 թվականից մինչև պայմանագրով վարկի մնացորդի գումարը` 41.601,10 ԱՄՆ դոլարը, վերադարձնելու օրը հաշվարկել և վերջիններից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել պայմանագրի 1.1.2 կետով նախատեսված տարեկան տոկոսադրույքը` ԿԲՀՏ+5.5% տոկոսի չափով, իսկ սկսած 01.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել և Քրիստինե Տոնոյանից ու Օվսաննա Մեսրոբյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել պայմանագրի 1.1.12.1. և 1.1.12.2. կետերով նախատեսված տույժերի գումարը` հաշվարկված վարկի մնացորդի` 41.601,10 ԱՄՆ դոլարի ժամկետանց մասի և 41.601,10 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի ժամկետանց մասի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար համապատասխանաբար ժամկետանց վարկի 0.15 տոկոսի չափով և ժամկետանց տոկոսագումարի 0.4 տոկոսի չափով։
Դատարանը 17.05.2018 թվականի վճռով հայցը բավարարել է:
Վերաքննիչ դատարանը 03.07.2019 թվականի որոշմամբ Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 17.05.2018 թվականի վճիռը թողել է անփոփոխ: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարը չի վճարվել, պետական տուրքի վճարման ժամկետը 06.07.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ հետաձգվել է, միաժամանակ նշել է, որ «(...) Քրիստինե Տոնոյանից և Օվսաննա Մեսրոբյանից յուրաքանչյուրից առանձին ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 1241955.02 ՀՀ դրամ (85784 ԱՄՆ դոլար * 482.59 ՀՀ դրամ` 18.06.2018 թվականին (վերաքննիչ բողոքը ներկայացնելու օր) ՀՀ ԿԲ փոխարժեքը * 3%), ինչպես նաև 01.06.2017 թվականից մինչև 08.06.2017 թվականը (հայցադիմումը փոստային կապի ծառայությանը հանձնելու օր) վարկի մնացորդի 41601.10 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ անշարժ գույքի ձեռքբերման 16.08.2013 թվականի թիվ 408618 վարկային պայմանագրի 1.1.2 կետով նախատեսված ԿԲՀՏ+5.5% տոկոսի չափով հաշվեգրվող տարեկան տոկոսադրույքի 3%-ը, վարկի մնացորդի` 41601.10 ԱՄՆ դոլարի ժամկետանց մասի և 41601.10 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի ժամկետանց մասի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար անշարժ գույքի ձեռքբերման 16.08.2013 թվականի թիվ 408618 վարկային պայմանագրի 1.1.12.1. և 1.1.12.2. կետերով նախատեսված համապատասխանաբար ժամկետանց վարկի 0.15 տոկոսի չափով և ժամկետանց տոկոսագումարի 0.4 տոկոսի չափով հաշվեգրվող տույժերի գումարի 3%-ը` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Քրիստինե Տոնոյանը և Օվսաննա Մեսրոբյանը, որպես համապարտ պատասխանողներ, Դատարանի 17.05.2018 թվականի վճռի դեմ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով ներկայացրել են վերաքննիչ բողոք` պահանջելով ամբողջությամբ բեկանել Դատարանի 17.05.2018 թվականի վճիռը` գործն ուղարկելով ստորադաս դատարան` ամբողջ ծավալով նոր քննության: Քրիստինե Տոնոյանը և Օվսաննա Մեսրոբյանը հանդիսացել են համապարտ պատասխանողներ, նրանց շահերն իրար չեն հակասել և վերջիններս կրում են դատական ծախսերի փոխհատուցման համապարտ պարտականություն։ Հետևաբար` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի գումարը վերջիններից պետք է գանձվեր վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով` համապարտության կարգով, այլ ոչ թե յուրաքանչյուրից 3 տոկոսի չափով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները` արդյունքում թույլ տալով այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` Վերաքննիչ դատարանի դատական ակտի մասնակիորեն բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելը և փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցագնի մեջ մտնում են նաև պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարները` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցագնի մեջ չի ներառվում դատական ծախսերի գումարը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործով մի քանի հայցվորների կամ բողոք բերողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, իսկ մի քանի պատասխանողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, բացառությամբ այն դեպքի, երբ վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է համապարտություն։ Այդ դեպքում պատասխանողները կրում են դատական ծախսերի փոխհատուցման համապարտ պարտականություն: Մասնաբաժինները որոշելու անհնարինության դեպքում դատական ծախսերը նրանց միջև բաշխվում են հավասարաչափ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով (...) դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` դրամական պահանջի գործերով` հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից (...):
Նկատի ունենալով, որ դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում և սույն դեպքում վճռաբեկ բողոքը բավարարվում է միայն դատական ծախսերի` պետական տուրքի մասով, իսկ մնացած մասով բողոքը մերժվում է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օվսաննա Մեսրոբյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 85.784 ԱՄՆ դոլարի 3 տոկոսին` 2.573,52 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 01.06.2017 թվականից մինչև 08.06.2017 թվականը վարկի մնացորդի` 41.601,10 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ անշարժ գույքի ձեռքբերման 16.08.2013 թվականի թիվ 408618 վարկային պայմանագրի 1.1.2 կետով նախատեսված ԿԲՀՏ+5.5% տոկոսի չափով հաշվեգրվող տարեկան տոկոսադրույքի 3 տոկոսի չափով գումար, վարկի մնացորդի` 41.601,10 ԱՄՆ դոլարի ժամկետանց մասի և 41.601,10 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի ժամկետանց մասի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար մինչև 08.06.2017 թվականը (հայցադիմումը ներկայացնելու օրը) անշարժ գույքի ձեռքբերման 16.08.2013 թվականի թիվ 408618 վարկային պայմանագրի 1.1.12.1. և 1.1.12.2. կետերով նախատեսված համապատասխանաբար ժամկետանց վարկի 0.15 տոկոսի չափով և ժամկետանց տոկոսագումարի 0.4 տոկոսի չափով հաշվեգրվող տույժերի գումարի 3 տոկոսի չափով գումար, բայց ոչ ավելի, քան 1.000.000 ՀՀ դրամ (նշված պետական տուրքերի հանրագումարը)` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և Վճռաբեկ դատարանի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2019 թվականի որոշումը` պետական տուրքի բաշխման մասով, և այն փոփոխել հետևյալ կերպ.
«Քրիստինե Տոնոյանից և Օվսաննա Մեսրոբյանից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 1.241.955,02 ՀՀ դրամ, ինչպես նաև 01.06.2017 թվականից մինչև 08.06.2017 թվականը վարկի մնացորդի` 41.601,10 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ անշարժ գույքի ձեռքբերման 16.08.2013 թվականի թիվ 408618 վարկային պայմանագրի 1.1.2 կետով նախատեսված ԿԲՀՏ+5.5% տոկոսի չափով հաշվեգրվող տարեկան տոկոսադրույքի 3 տոկոսի չափով գումար, վարկի մնացորդի` 41.601,10 ԱՄՆ դոլարի ժամկետանց մասի և 41.601,10 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի ժամկետանց մասի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար անշարժ գույքի ձեռքբերման 16.08.2013 թվականի թիվ 408618 վարկային պայմանագրի 1.1.12.1. և 1.1.12.2. կետերով նախատեսված համապատասխանաբար ժամկետանց վարկի 0.15 տոկոսի չափով և ժամկետանց տոկոսագումարի 0.4 տոկոսի չափով հաշվեգրվող տույժերի գումարի 3 տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2019 թվականի որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:
2. Օվսաննա Մեսրոբյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.11.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ս. Միքայելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. բԱՐՍԵՂՅԱՆ | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական: