ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/7479/05/16 |
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
|
զեկուցող |
Մ. Դրմեյան |
|
|
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
|
|
Ե. Խունդկարյան |
|
|
Գ. Հակոբյան |
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
|
|
Ն. Տավարացյան |
2019 թվականի մարտի 13-ին
քննելով ըստ հայցի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշումն անվավեր ճանաչելու, և (կամ) Հանձնաժողովին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու, և (կամ) Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշումը, ինչպես նաև նշված հանձնաժողովներին ներկայացված դիմում-բողոքներում հիշատակված տեղամասերի տեղամասային հանձնաժողով(ներ)ի գործողությունները և (կամ) անգործությունն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.05.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Կազմակերպության և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վճռաբեկ բողոքը
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կազմակերպությունը և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանը պահանջել են անվավեր ճանաչել Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա և թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշումները, և (կամ) պարտավորեցնել վերջինիս ընդունել բարենպաստ վարչական ակտ, որով կբավարարվեն հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների պահանջները, և (կամ) ոչ իրավաչափ ճանաչել Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը, թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշումը, ինչպես նաև նշված հանձնաժողովներին ներկայացված դիմում-բողոքներում հիշատակված տեղամասերի տեղամասային հանձնաժողով(ներ)ի գործողությունները և (կամ) անգործությունը, որոնց հետևանքով խախտվել են հայցվորների իրավունքները:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Սոսյան) 28.10.2016 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Սոսյան) 04.11.2016 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավոր՝ Ք. Մկոյան) 23.12.2016 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 04.11.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Սոսյան) 13.02.2017 թվականի որոշմամբ Կազմակերպության և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանի միջնորդությունը՝ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ մերժվել է և հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 13.03.2017 թվականի որոշմամբ կրկին ներկայացված հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.05.2017 թվականի որոշմամբ հայցվորների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.03.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ներկայացված են եղել վիճարկման, պարտավորեցման և ճանաչման հայցատեսակներ: Ընդ որում, վիճարկվել են Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշումը, որոնցից առաջինը կայացվել է երկրորդը վերադասության կարգով բողոքարկելու արդյունքում: Հետևաբար թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշման վիճարկման պահանջն իր մեջ ներառում է նաև Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը վիճարկելու պահանջը: Այսինքն՝ ստացվում է, որ հայցվորները ներկայացրել են երեք ոչ գույքային պահանջ, որոնց համար պետք է վճարվեր 12.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, ինչն էլ հավաստող ապացույցները՝ բանկային անդորրագրերը, ներկայացվել են դատարան:
Մինչդեռ Դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ հայցադիմումը վերադարձնելու հիմք առկա չի եղել, կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, ինչը հաշվի չի առել Վերաքննիչ դատարանը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 10.05.2017 թվականի թիվ ՎԴ/7479/05/16 վարչական գործով վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշումը»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է մինչև 09.04.2018 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ պարտավորեցման հայցում իրավունքի ուժով ներառվող պահանջի համար դատական ծախսերի գանձման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է մինչև 09.04.2018 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք պարտավորեցման հայցով դատարան դիմելիս առկա է պետական տուրքի վճարման պարտականություն նաև այն վարչական ակտի վիճարկման պահանջի համար, որով մերժվել է բարենպաստ վարչական ակտի ընդունումը, եթե այդ պահանջն իրավունքի ուժով ներառված է պարտավորեցման հայցում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների (...) համար (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. հայցադիմումների (...) համար` ոչ գույքային պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ բազային տուրքի չափ է սահմանվում 1.000 դրամը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ։
Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատավարության շրջանակներում հայցադիմում ներկայացնելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է վճարել պետական տուրք, որի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 9-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը դատարան ներկայացվող հայցադիմումների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափը որոշելիս ելակետային է համարել հայցապահանջների բնույթը, այսինքն` պետական տուրքի դրույքաչափը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք ներկայացված հայցապահանջը գույքային բնույթի է, թե` ոչ գույքային (ոչ դրամական): Այսպես, ոչ գույքային բնույթի պահանջների հիման վրա հարուցված գործերով դատարան ներկայացվող հայցադիմումների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափը սահմանված է կայուն դրամական միավորի տեսքով, որը հաշվարկվում է բազային տուրքի (1.000 ՀՀ դրամ) հիման վրա և գանձվում է յուրաքանչյուր ոչ գույքային պահանջի համար առանձին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ուժով հայցադիմումում պետք է նշվի հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան և որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում (տե՛ս, Արթուր Ավթանդիլյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/1707/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով փաստել է, որ վարչական գործի հարուցման հիմք հանդիսացող հայցի առարկան երբեմն կարող է իրավունքի ուժով իր մեջ ներառել այնպիսի հայցապահանջ, որը հայցվորի կողմից չի ներկայացվել դատարան: Այսպես, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի բովանդակությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք, վիճարկման հայցով դիմելով վարչական դատարան, հայցում են իրենց իրավունքներին ու օրինական շահերին միջամտող վարչական ակտի վերացում: Ընդ որում, եթե նախքան տվյալ վարչական ակտի վիճարկման հայցով վարչական դատարան դիմելն այն բողոքարկվել է նաև վարչական կարգով, ապա ներկայացված հայցն օրենքի ուժով ներառում է նաև այդ վարչական ակտի՝ վարչական կարգով բողոքարկման արդյունքում կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ (տե՛ս, Լուսինե Ավագյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/2191/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.06.2017 թվականի որոշումը):
Փաստորեն, միջամտող վարչական ակտի բողոքարկման արդյունքում կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջն իրավունքի ուժով ներառվում է սկզբնական վարչական ակտի վիճարկման հայցում՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք միջամտող վարչական ակտի վերացման պահանջով դատարան դիմած հայցվորի կողմից այդ վարչական ակտի բողոքարկման արդյունքում կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ ներկայացված է, թե՝ ոչ: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով և այդ բողոքարկման արդյունքում ևս կայացվել է միջամտող վարչական ակտ, ապա սկզբնական միջամտող վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործով դատարանը պարտավոր է սկզբնական վարչական ակտի իրավաչափության հարցի հետ մեկտեղ քննել և լուծել նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի իրավաչափության հարցը:
Զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված կառուցակարգը գործում է նաև այն դեպքում, երբ հայցորի կողմից ներկայացվել է պարտավորեցման հայցատեսակ: Մասնավորապես՝
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
Վերոգրյալից հետևում է, որ այն դեպքում, երբ ներկայացվել է պարտավորեցման հայցատեսակ, ապա այն ներառում է նաև վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունելը մերժելու մասին վարչական ակտի վիճարկման պահանջը: Այսինքն՝ պարտավորեցման հայցատեսակն իր բովանդակությամբ ներառում է նաև վիճարկման պահանջ, ընդ որում, անկախ նրանից՝ հայցվորը ներկայացրել է նմանաբնույթ պահանջ, թե՝ ոչ: Այլ կերպ ասած՝ վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունելը մերժելու մասին վարչական ակտի վիճարկման պահանջն օրենքի ուժով ներառված է պարտավորեցման հայցապահանջի մեջ:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայցով դատարան դիմելիս վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջի՝ որպես ոչ գույքային պահանջի համար պետական տուրք վճարելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ այդ պահանջն իրավունքի ուժով ներառված է վիճարկման հայցում՝ անկախ հայցվորի կողմից ներկայացված լինելու կամ չլինելու հանգամանքից: Նշված կառուցակարգը կիրառելի է նաև այն դեպքերում, երբ հայցվորի կողմից ներկայացվել է պարտավորեցման հայցատեսակ: Այս դեպքում վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունելը մերժելու մասին վարչական ակտի վիճարկման պահանջն օրենքի ուժով ներառված է պարտավորեցման հայցապահանջի մեջ: Հետևաբար այս դեպքում նույնպես բացակայում է անհրաժեշտությունը՝ վճարել պետական տուրքի գումար պարտավորեցման հայցատեսակում ներառված վիճարկման հայցի մասով:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կազմակերպությունը և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանը հայցադիմում են ներկայացրել դատարան՝ պահանջելով.
ա) անվավեր ճանաչել Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշումը,
բ) և (կամ) պարտավորեցնել Հանձնաժողովին ընդունել բարենպաստ վարչական ակտ, որով կբավարարվեն հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների պահանջները,
գ) և (կամ) ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշումը,
դ) ինչպես նաև ոչ իրավաչափ ճանաչել նշված հանձնաժողովներին ներկայացված դիմում-բողոքներում հիշատակված տեղամասերի տեղամասային հանձնաժողովների գործողությունները և (կամ) անգործությունը (հատոր 1-ին, գ.թ. 21-29):
Դատարանի 13.02.2017 թվականի որոշմամբ հայցվորների կողմից ներկայացված միջնորդությունը` պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ, մերժվել է, իսկ հայցադիմումը՝ վերադարձվել: Նույն որոշմամբ Դատարանն արձանագրել է, որ ներկայացվել են թվով չորս ոչ գույքային պահանջներ, որոնց մասով անհրաժեշտ է վճարել սահմանված չափով պետական տուրքի գումար (հատոր 3-րդ, գ.թ. 3-6)։
Կազմակերպության և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումին կից ներկայացվել են 12.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող բանկային անդորրագրեր (հատոր 3-րդ, գ.թ. 23-27):
Դատարանի 13.03.2017 որոշմամբ կրկին ներկայացված հայցադիմումը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ դատական ակտով արձանագրված են եղել թվով չորս ոչ գույքային պահանջներ, սակայն վճարվել է միայն թվով երեք ոչ գույքային պահանջների մասով պետական տուրքի գումարը, իսկ մյուս պահանջի մասով չի ներկայացվել պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն (հատոր 3-րդ, գ.թ. 29-31):
Վերաքննիչ դատարանը, մերժելով Կազմակերպության և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանի վերաքննիչ բողոքը, նշել է, որ «ներկայացվել է 4 ոչ գույքային պահանջ, հետևաբար պետական տուրքի գանձման համար որոշիչ նշանակություն ունի այն խնդրի պարզումը, թե պահանջներից յուրաքանչյուրը կարող է այլ լուծում ստանալ, քան մյուսը, այսինքն, որ դրանցից մեկի լուծումը ինքնաբերաբար չի բերում մյուսի նմանօրինակ լուծմանը։ Տվյալ դեպքում ներկայացված հայցադիմումի ուսումնասիրությունից պարզվել է, որ թիվ 85-Ա որոշման և թիվ 201-Ա որոշման վիճարկման հիմքում հայցվոր կողմը դրել է նաև վիճարկման այլ` ինքնուրույն հիմնավորումներ, որի պարագայում, վեճի` ըստ էության քննության արդյունքում, հնարավոր են այդ որոշումների վերաբերյալ տարբեր` միմյանցից անկախ լուծումներ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ ներկայացված որոշումների անվավերության պահանջներն իրենցից ներկայացնում են ինքնուրույն պահանջներ, որոնցից յուրաքանչյուրի համար ենթակա է վճարման պետական տուրք` բազային տուրքի քառապատիկի չափով» (հատոր 4-րդ, գ.թ. 25-31):
Համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով Կազմակերպությունը և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանը դատարան ներկայացրած հայցադիմումով վիճարկման պահանջի շրջանակներում վիճարկել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշումը, ընդ որում, Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը կայացվել է վերադասության կարգով ներկայացված վարչական բողոքի արդյունքում, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշման վիճարկման հայցն իր մեջ ներառում է Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշման վիճարկման պահանջը։
Բացի այդ, Կազմակերպությունը և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանը ներկայացրել են պարտավորեցման հայց, որով պահանջել են պարտավորեցնել Հանձնաժողովին ընդունել բարենպաստ վարչական ակտ, որով կբավարարվեն հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների պահանջները: Հետևաբար հայցվոր կողմի ներկայացված վիճարկման պահանջն իր հերթին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ներառվում է պարտավորեցման հայցի մեջ: Հետևաբար նշված երկու հայցատեսակների մասով ենթակա էր վճարման պետական տուրքի գումար միայն մեկ ոչ գույքային պահանջի չափով:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով նաև իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի պահանջը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված հայցադիմումի համար վճարման ենթակա պետական տուրքի չափը կազմում է 12.000 ՀՀ դրամ. մասնավորապես՝ պարտավորեցման հայցապահանջի համար՝ 4.000 ՀՀ դրամ, որը ներառում է նաև Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշման և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշման վիճարկման պահանջները, ինչպես նաև ճանաչման պահանջների համար` 4.000-ական ՀՀ դրամ: Ուստի Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում ստորադաս դատարանների այն եզրահանգումը, որ Կազմակերպությունը և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանը սույն գործով հայցադիմում ներկայացնելու համար պարտավոր էին վճարել 4 ոչ գույքային պահանջների համար պետական տուրքի գումար բազային տուրքի քառապատիկի չափով՝ յուրաքանչյուր հայցապահանջի համար առանձին-առանձին (16.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար):
Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով հայցվորների կողմից ներկայացված հայցադիմումը ենթակա չէր վերադարձման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով, քանի որ վերջիններիս կողմից ներկայացվել են համապատասխան չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցները: Հետևաբար Վերաքննիչ դատարանի 10.05.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.05.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 13.03.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Մ. Դրմեյան Ե. Խունդկարյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Ս. Միքայելյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան